ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2010-12-04 | #20, 2010-12-18 | #1, 2011-01-22


ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Կամ հիացմունք առ Ճապոնիա

Մուտքՙ թանկա-հոքուներով

Ճապոնիայի մասին այս ուղեգրության մեջ

չեն լինի ոչ մի հովանոց, հովհար ու կիմոնո

ոչ մի սամուրայ, կարատե ու սումո

ոչ մի սակուրա, սակե, սուշի ու սաշիմի

ոչ մի կաբուկի ու գեյշա

ոչ մի իկեբանա ու օրիգամի

նույնիսկ ոչ մի «Տոյոտա» եւ «Պանասոնիկ»

Միայն կհիշեմ Ֆուձիյաման, որի տեսիլքը վայրկենապես ժպտաց գնացքի պատուհանից.

Ես էլ տեսա Ֆուձի-սանըՙ

փոքր Մասիսը մի քիչ մեծացրած:

Ողջույն, Ճապոնիա:

Սակայն Ճապոնիայում ապրածս իմ առաջին հիացումը գեղագիտական չէր: Բազմության մեջ մեծ թվով մարդկանց դեմքերին սպիտակ «դնչկալներ» են: Ինձ բացատրեցին, որ այդպես վարվում են հարբուխ ու գրիպ ունեցողները եւ կամ այդ հիվանդություններից խուսափողները: Ինչպիսի՛ հարգանք դիմացինի հանդեպ: Բացի այդ, հասարակական վայրերում ամենուրեք դրված են մանրէազերծող լուծույթների շշեր, որոնցով մարդիկ ազատորեն ախտահանում են ձեռքերը... Համաճարակները որքանո՞վ կկրճատվեին, եթե մարդկությունը որդեգրեր գրիպից պաշտպանվելու այդ ճապոնական ձեւերը...

Զարմանք առաջին

Ճապոնիան դեսպանատուն չունի Հայաստանում: Կունենա՞ մի օր: Թիֆլիսում եւ Բաքվում ունի, իսկ մեզ մո՞տ ինչ կարիք կա, մենք ո՛չ ծով ունենք, ոչ նավթ: Իսկ Թիֆլիսի ճապոնական դեսպանատունը հայաստանցիներին մուտքի արտոնագիր չի տալիս: Ստիպված ես նորից գնալ Մոսկվա եւ առնվազն չորս օր սպասելՙ վայելելով երբեմնի խորհդրային մայրաքաղաքի սառնամանիքը, նյարդային մթնոլորտը եւ մոսկովյան ավանդական կոշտուկոպտությունը: Լավ էր, որ Մոսկվայի հակակովկասյան հերթական հիստերիան ինձնից հետո եղավ (թեեւ երբեք խնդիր չեմ ունեցել այդ առումովՙ չունենալով տիպիկ «կովկասյան ազգության դեմք»):

Ճապոնական առաջին զարմանքս եղավ Մոսկվայում. ճապոնական վիզան տրվում է անվճար: Պարզապես իրենցՙ երբեմնի շատ փակ երկիր մուտք գործելու համար պետք է խիստ պայմաններ բավարարել: Հրավիրող կողմը պաշտոնական հրավերից («սյոտայձյո») բացի պետք է ուղարկի նաեւ երաշխավորման փաստաթուղթ («միմոտո հոշոշո»), որտեղ օր առ օր պետք է գրվի, թե ինչ է անելու հյուրը Ճապոնիայում... Այդ իսկ պատճառով Ճապոնիայում գրեթե չկան անօրինական մնացողներ: Միակ երկիրը, որտեղ չհանդիպեցի ոչ մի սեւամորթի...

Գիտաժողովը եւ ճապոնական բազմահետաքրքրասիրությունը

Ընդամենը վեցօրյա այցիս ընթացքում երջանիկ բարեբախտություն էր լինել ճապոնական երեք կարեւորագույն քաղաքներումՙ Օսակայում, Կիոտոյում եւ Տոկիոյում: Հրավիրվել էի մասնակցելու Օսակայի համալսարանի աշխարհի լեզուների հետազոտական ինստիտուտի կազմակերպած միջազգային գիտաժողովին, որը վերնագրված էր «Տարածքային ուղիներ, տարածքային արմատնե՞ր. Եվրասիայում մարդկային շարժունության արտասահմանյան օրինակներ»: Այսպիսով, ճապոնացի, ամերիկացի, կանադացի, չինացի, ռուս, ղազախ, հնդիկ եւ թայլանդցի գիտնականների հետ միասին առկա էր եւ հայկական ներկայությունը: Եվրասիայում մարդկային շարժունության խիստ հարմար օրինակ է ուշ միջնադարում հայ առեւտրականների գործունեությունը, որը ձգվում էր Հոլանդիայից մինչեւ Չինաստան: Այս երեւույթին էր նվիրված իմ զեկուցումը, որն առաջացրեց բազմազգ հանդիսասրահի ուշադրությունը: Անգամ Հայաստանի հետ սերտ կապեր չունեցող այդ երկրի գիտական հասարակությանն անծանոթ չէր Հայաստանն ու հայ ժողովուրդը, որոնք բազմիցս հնչեցին նաեւ երկու այլ զեկուցումներում: Գիտնականներն ինձ ուղղած բազմաթիվ հարցերից բացի հիշում էին իրենց հայ ծանոթներին, որոնց բոլորին պատահաբար թե օրինաչափորեն, անձնամբ ճանաչում էի: Չինացի պրոֆեսոր Ցուի Յանհուն ինձ ասաց. «Հայերը շատ լավ են լեզուների մեջ: Համաձայն չե՞ք: Մի անգամ մեր հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ մի հայ աղջիկ, որը խոսեց եւ երգեց անթերի չինական առոգանությամբ»: Ասացի, որ նա իմ ընկերուհի, չինական ֆիլմերում նկարահանված երեւանցի Լիանա Եդիգարյանն է, որի մասին բազմիցս գրել եմ ամենատարբեր տեղերում: «Դե ուրեմն կհայտնես Լիանային, որ նա մի երկրպագու ունի Սինծյան քաղաքում», ասաց չինացի պրոֆեսորը:

Հայաստանի անունը հնչեց նաեւ գիտաժողովի փակմանը, երբ հայտարարվեց, որ հաջորդ օրը հայ Սփյուռքին նվիրված առանձին զեկուցումով համալսարանում հանդես կգա Ցուկուբա քաղաքի համալսարանի դասախոս Ցըպըլմա Դարիեւան: Ցավոք, անհնար էր ներկա գտնվել այդ բանախոսությանը, քանի որ մեզ արդեն տանելու էին Տոկիո, այլապես շատ կցանկանայի լսել այդ ընկերուհուսՙ գերմանական մարդաբան, հայկական հետաքրքրություներ ունեցող բուրյաթուհի Ցըպըլմային, որն այժմ աշխատում է Ճապոնիայում եւ որին շատերն են ճանաչում Երեւանի գիտական շրջանակներում...

Իսկ առհասարակ ճապոնացի գիտնականները զարմացնում էին իրենց ուսումնասիրած թեմաների լայն ընդգրկմամբ եւ խիստ մասնավոր բնույթ ունեցող նյութերի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությամբ: Մեծ ժողովուրդ, որը հետաքրքրություններ է գտնում այլ մշակույթների, այլ ազգերի պատմության մեջ: Ուստիեւ բնավ ճիշտ չէ այն կարծիքը, թե ճապոնացիներն ինքնաբավ են եւ իրենցից բացի ուրիշներով չեն հետաքրքրվում: Ես ծանոթացա գիտնականների հետ, ովքեր զբավում էին հունգարացի, հնդիկ, քուրդ, աֆղան, թաթար, ղազախ, բութանցի եւ այլ ժողովուրդներով: Հայերո՞վ: Այո, նույնպես զբաղվում են: Պատմաբան Տակայուկի Յոշիմուրան, որին շատերն են ճանաչում Երեւանում, ուսանել է մեզ մոտ, տիրապետում է հայոց լեզվին եւ ուսումնասիրության առարկա է դարձրել Խորհրդային Հայաստանի պատմության վաղ շրջանը եւ սփյուռքահայերիՙ 1940-ական թվականների հայրենադարձությունը: Նա Տոկիոյի արտասահմանյան ուսումնասիրությունների Ասիայի եւ Աֆրիկայի լեզուների եւ մշակույթների հետազոտական ինստիտուտում դասավանդում է հայոց լեզու եւ Հայաստանի պատմությունՙ որպես նախկին ԽՍՀՄ ազգություների պատմության մաս: Ճապոներեն հրատարակել է «Հայկական հարցը Փարիզի խաղաղության համաժողովում», «Միջազգային քաղաքականությունը հայկական ջարդերի մասին» աշխատությունները, առանձին գրքովՙ «Հայ ժամանակակից պատմությունը»: Տակայուկի Յոշիմուրան ծանոթացրեց իր մի ուսանողի հետ: Մոդեռն արեւմտյան ոճով երիտասարդ Դաիսակու Վատանաբեն դեռեւս չի խոսում հայերեն, բայց կարդում է: Այն էլ ի՞նչ: Րաֆֆու «Պարույր Հայկազնը» զորօրինակ: Զարմանքիս չափ չկար: Հայաստանում քանի՞ հոգի է այսօր կարդացել Րաֆֆու այդ վիպակը: Դաիսակուն կարդացել է նաեւ Րաֆֆու եւ Նալբանդյանի հոդվածներն ու նամակները: Նա մտադիր է ուսումնասիրել Իրանի հայերի պատմության ներկա փուլը եւ արդեն երկու անգամ հասցրել է լինել Հայաստանում եւ Իրանում:

Մեկ այլ երիտասարդ ճապոնացիՙ Շինոնսուկե Մաթսուին, հետաքրքրվում է ֆրանսահայ համայնքի պատմությամբ, թեզ է գրել ֆրանսահայ կրթօջախների մասին: Կարդալով կրծքիս ամրացված ազգանունսՙ նա անմիջապես հայերեն բարեւեց ինձ: Տարիներ առաջ եղել է Հայաստանում: Երբ նա պատրաստվում էր մեկնել իր բնակավայրըՙ Կոբե քաղաքը, հարցրի, թե որքա՞ն է հեռավորությունը Օսակայից Կոբե: Պատասխանն անսպասելի էր. «Որքան որ Երեւանից Վաղարշապատ: Ես վաղարշապատցի եմ»: Իսկ երբ հարցրի, թե ի՞նչ է նշանակում իր անունը, Շինոնսուկեն նույնպես հայերեն պատասխանեց. «Ճշմարտախոս»: Հիմա այդպես էլ ստորագրում է իր էլեկտրոնային նամակներըՙ «Shinnosuke Matsui, Djchmardaghos»:

Պատմաբան Շինոնսուկե Մաթսուին նաեւ սիրողական նվագախմբի դիրիժոր է: Նա իր սիրած կոմպոզիտորների մեջ հիշեց նաեւ «Կոմիտաս» անունը եւ նույնիսկ ավելացրեցՙ Սողոմոն Սողոմոնյան: Լավ է, չէ՞: Իսկ շատ երեւանցիներ կարծում են, թե Կոմիտասը միայն փողոցի անուն է:

22-րդ դար, մոնղոլոիդ Արեւմուտքը

Շատերն են ասում, թե Ճապոնիան կարծես ուրիշ մոլորակ լինի: Իսկ Վիմ Վենդերսն իր «Տոկիո-Գա» ուղեգրական ֆիլմում նշում է, որ երբ ինքն առաջին անգամ պառկել է քնելու Ճապոնիայում, մտքով անցել է, թե գտնվում է տիեզերքի կենտրոնում:

Նման մտքեր ես չունեցա: Բայցեւ չէի կարող չզգալ, որ Ճապոնիայում արդեն 22-րդ դարն է: Սակայն բարձր քաղաքակրթությունը, գերզարգացած տեխնիկան եւ նորագույն տեխնոլոգիաները չեն վերացրել մարդկայինը, չեն ռոբոտացրել հանրությանը: Մարդիկ սիրալիր են, ծայրաստիճան քաղաքավարի ու կարգապահ: Գիտաժողովի նիստերի ընթացքում գոնե մեկ անգամ որեւէ ձեռքի հեռախոս չծլնգաց:

Մեր դարը տակավին դուրս չի մղել ճապոնական բնորոշ սովորությունըՙ քաղաքավարական խոնարհումները: Ճապոնացիներին խիստ բնորոշ վարվելակերպ է, երբ խանութում դրամի մանրը ոչ թե դնում են վաճառասեղանին կամ տալիս են մեկ ձեռքով, այլ վերադարձնում են երկու ձեռքով բռնած:

Ճապոնիան Արեւմուտք է, միայն թեՙ մոնղոլոիդ: Այո, տեսնում ես բուդդայական շինություններ, երբեմնՙ տարազով տարեց կանանց, խոհանոցն ազգային է եւ դանակ-պատառաքաղի փոխարեն փայտիկներ են գործածում, բայց մնացած գրեթե ամեն ինչով Արեւմուտք է: Մեծ քաղաքները ամերիկյան մեգապոլիսներն են հիշեցնում: Եվ ոչ միայն հսկա երկնաքերներով, որոնց վրա ցոլցլում են հսկա գովազդներ, զանազան տեսահոլովակներ: Գույների եւ լույսերի օվկիանոս է Տոկիոն: Դեկտեմբերի սկզբին ողջ երկիրը հեղեղված է Ծննդյան տոների խորհրդանշաններով: Հնչում են հանրահայտ արեւմտյան Կաղանդի երգեր, երբեմնՙ ճապոներեն թարգմանությամբ: Տոնածառերն ու թաղարներով կարմիր Կաղանդի ծաղիկները ամենուրեք են: Զարդարված եղեւնին վաղուց դադարել է քրիստոնեական խորհրդանիշ լինել: Ինչպե՞ս դարձյալ արգահատանքով չհիշես ֆրանսիական այն դպրոցի ղեկավարությանը, որը տոնածառը հանել էր տվելՙ չվիրավորելու համար ոչ քրիստոնյա աշակերտների կրոնական զգացումները...

Ճապոնիայում քրիստոնյաներ, անշուշտ, կան, բայց կազմում են երկրի բնակչության մեկ տոկոսը: Այսինքնՙ մոտ միլիոնուկես մարդ: Կա մի ճապոնական առասպել, ըստ որի իրականում Գողգոթայի վրա խաչվածը եղել է ոչ թե Հիսուս Քրիստոսը, այլ նրա եղբայրը, իսկ իրական Հիսուսը շարունակել է իր երկրային ուղին, քարոզելով հասել Հնդկաստան, Չինաստան, ապա Ճապոնիա, որտեղ էլ մահացել ու թաղվել է հարավում: Գեղեցիկ առասպել է...

Գլոբալիզացիան ակնհայտ է Ճապոնիայում (թեեւ ճապոներենից ու անգլերենից բացի քիչ չեն նաեւ չինարեն ու կորեերեն գրությունները): Կաղանդից բացի բուդդիստ-սինտոիստ ճապոնացին հաճույքով նշում է Հալոուինն ու այլ արեւմտյան տոներ: Մաքդոնալդսների «ոսկե» կամարներն ամենուրեք են: Սակայն անգլիագիտությունը տարածված չէ: Անգամ հուշանվերներ վաճառող խանութների մշտաժպիտ աշխատողները տարրական անգլերեն չգիտեն: Այդ լեզուն գրեթե չգիտեր նաեւ երկրի նախկին վարչապետ Մորին, որի հետ կատարված զավեշտալի դեպքը վերջին շրջանում ճապոնացիների սիրած պատմելիքն է:

...Ճապոնիա է այցելում Բիլ Քլինթոնը: Վարչապետ Մորին, ողջունելով նրան, «How are you?» («ինչպե՞ս ես»)-ի փոխարեն հարցնում է. «Who are you?» («Ո՞վ ես դու»): Քլինթոնը, կարծելով, թե վարչապետը կատակում է, նույն ոգով պատասխանում է.

- I am Hillarys husband («Ես Հիլարիի ամուսինն եմ»):

- Me too («Ես նույնպես»),- պատասխանում է Մորին` երեւի մտածելով, որ Քլինթոնն ասել է «լավ եմ, իսկ դո՞ւք»...

Ինձ հաճախ են հարցնումՙ ճապոնացիները սիրո՞ւն են: Միանշանակ կարող եմ ասել, որ իրենց երեխաները հատուկ անուշիկություն ունեն: Ինչպես բոլոր ազգերի մեջՙ գեղեցիկները համեմատաբար քիչ են: Բայց մի բան նկատելի է, որ գեր մարդիկ գրեթե չկան: Ասում ենՙ գիրությունը հաճախ պատճառ է դառնում աշխատանքից հեռացվելուն: Շատ-շատ են ակնոցավորները: Տղամարդիկ, անկախ տարիքից, մեծ մասամբ սեւ պիջակով ու փողկապով են: Սակայն երիտասարդները հատուկ ուշադրություն են դարձնում սանրվածքինՙ մազերը կտրելով ամենավերջին նորաձեւությամբ, հաճախ ընդօրինակելով կանացի մազահարդարման ոճը: Անշուշտ, հատկապես դեռահասների շրջանում իշխողն արեւմտյան, ամերիկյան հագուստն է, հատկապես ծակ ջինսերը: Ի դեպ, զվարճալի էր տեսնել, թե ինչպես են ճապոնացի տղամարդիկ հանգիստ սեքս ամսագրեր թերթում «7-11»ՙ «Սեւըն-իլեվըն» ցանցի խանութներում:

Իսկ կանանց մեջ տարածված է երկարաճիտ կոշիկների եւ շատ կարճ շրջազգեստների համադրությունը: Անգամ ցրտին շատերը փողոց են դուրս գալիս բաց սրունքներով: Ինչը հատկապես ինձ դուր եկավ ճապոնացիների մեջ այն էր, որ դպրոցականները միանման համազգեստ են կրում: Քաղաքների մաքրությունը նման մեծաքանակ բնակչության դեպքում անհավատալի է թվում: Գեղագետ ճապոնացին կյանքը զարդարում է ակնահաճո առարկաներով, հատկապես ծաղիկներով, որոնք քաղաքում մնում են ողջ ձմեռվա ընթացքում: Ամենուրեք ֆանտաստիկ տեսակի խոլորձներ են, բնության իսկական հրաշալիքներ...

Ճապոնիայում հաճախ էի հիշում իմ առաջին արտասահմանյան փորձառությունըՙ Շվեդիան: Իզուր չեն ճապոնացիներին համարում Ասիայի շվեդներ: Երկու ժողովրդին էլ հատուկ են խիստ կարգապահությունը, ծայրահեղ մաքրասիրությունը եւ պրագմատիկ մտածողությունը: Երկուսին էլ հատուկ են չափազանց զսպվածությունը եւ ժամանակ առ ժամանակ հանրային վայրերում բղավելով լիցքաթափվելու սովորությունը: Երկուսն էլ բնութենապաշտ են, արդիական կյանքը հաջողապես զուգակցել են բնության հետ: Երկու ժողովրդին էլ հատուկ է... խմելը: Այո, փողոցում քիչ չէին հանդիպում երկու սեռի մարդիկ, որոնք քայլելով ութ (ավելի շուտՙ հիերոգլիֆ) էին գրում...

Ճապոնահայե՞ր

Ճապոնիայում, ասում են, մոտ 100 հայ է ապրումՙ հայաստանցիներ եւ իրանցիներ, բայց որքանո՞վ է ճիշտ ճապոնահայ արտահայտությունը...

Օսակայում հյուրընկալվեցի այնտեղ հաստատված մի բարեկամիսՙ Վազգեն Էքսերճյանի մոտ, որի հետ ծանոթացել էի տարիներ առաջ համացանցով եւ մեկ անգամ հանդիպել նրա հայաստանյան առայժմ միակ ուղեւորության ժամանակ: Ճապոնական ոճի իր փոքրիկ բնակարանում ընթրիքի ենք նստած գետնին, իսկ սենյակում հնչում է (որտեղի՜ց որտեղ) Վաղարշակ Սահակյանի խմբի Սայաթ-Նովայի կատարումները: Մեղմ, բարեհամբույր Վազգենը, որ ծնունդով եգիպտահայ է (նա մեզանում ճանաչված դերասանուհի Նորա Արմանիի եղբայրն է) յոգայի եւ անգլերենի ուսուցիչ է, նաեւՙ ինքնուս նկարիչ: Հուզիչ էր տեսնել, որ հեռավոր Ճապոնիայում կարծես կղզիացած կյանքով ապրող այդ նվիրյալ յոգը ազատ ժամերին երփնագրեր է ստեղծում Հովհաննես Թումանյանի քառյակների ներշնչմամբՙ գեղագրելով չափածո շարադրանքը եւ պատկերելով տվյալ քառյակի տրամադրությանը համապատասխան նկար...

Տոկիոյում Տակայուկի Յոշիմուրայի հետ մեկնեցինք քաղաքի հին թաղամասերից մեկում գտնվող մի փոքր բալետային ստուդիա, որտեղ ծանոթացա հինգ տարի այնտեղ դասավանդող Ժաննա Մուրադյանի հետ: Տիկին Ժաննան հայ բալետի երախտավոր Զարեհ Մուրադյանի դուստրն է, մեր օպերայի եւ բալետի թատրոնի երբեմնի մենապարուհի, որին ճակատագիրը հասցրել է նախ Ուկրաինա, ապաՙ Ճապոնիա: Եվ այսօր տասնյակ ճապոնացի դեռատի աղջիկներ հայ պարուսույցի միջոցով հաղորդակից են դառնում դասական բալետի այբ ու բենին ... Վերջին օրս է Ճապոնիայում: Տոկիոյի մի տայվանական ռեստորանում հրաժեշտի ընթրիքի ենք հավաքվել հայերով եւ հայագետ ճապոնացիներով: Վարժ հայերեն խոսող Ակիկո Հիկին ինձ նման հինգ տարի սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության բաժնում, բացառիկ ջերմությամբ է հիշում հայերենի իր առաջին ուսուցչուհունՙ Սոֆյա Բաղումյանին: Ակիկոն դիպլոմային աշխատանքը գրեց բնականաբար հայոց լեզվով, այն էլՙ «Պատմականությունը Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպում» թեմայով: Այդ ճապոնուհին հայ գրականագիտության մեջ փորձեց նոր խոսք ասել: Հայաստանի պետական արխիվից, հայկական եւ ռուսական աղբյուրներից նա փորձեց պարզել, թե ով կարող էր եղած լինել «Նավը լեռան վրա» վեպի գլխավոր հերոս Արա Հերյանի նախատիպը: Այդ թեմայով գրված Ակիկոյի հայերեն ուսումնասիրությունը լույս տեսավ Բեյրութի «Հայկազեան հայագիտական հանդէսում»: (Ի դեպ, ոմանք, տեսնելով այդ հայալեզու հոդվածը, ենթադրել էին, թե այն գրել է զարյանագետ Վարդան Մատթեոսյանը եւ տպագրել... Ակիկո Հիկի ծածկանունով): Այնքան քաջահմուտ է հայոց լեզվին Ակիկոն, որ անգամ թարգմանում էր ճապոներենից հայերեն, ժամանակին բանաստեղծական թարգմանական մի շարք է հրատարակել «Գարուն» ամսագրում:

Հաջորդ կյանքումՙ ճապոնացի

Հիացած Ճապոնիայով եւ ճապոնացիներովՙ մի անգամ ասացի.

- Ուզում եմ հաջորդ կյանքում ճապոնացի ծնվել:

- Համեցեք,- ասաց Տակայուկին հայերեն եւ ժպտաց:

Այդ հաջորդ կյանքում... իսկ ա՛յս կյանքում կուզեի ապրել որպես արժանապատիվ հայ, որը քաղաքակիրթ ճապոնացիների հետաքրքրասեր հարցերին պատասխանելիս հպարտությամբ կխոսեր իր երկրի ու մշակույթի ոչ միայն անցյալի, այլեւ ներկայի մասին...

Տոկիո-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4