ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարծում եմ, ի բնե մարդուն հատուկ է հերոսի պաշտամունքը: Հաղթողի, ուժեղագույնին առջեւ խոնարհում: Նաեւ հնուց հայերը կազմակերպել են Նավասարդյան խաղերը: Մարդիկ կազմակերպել են հատուկ մրցումներ հաղթողներին որոշելու համար: Այդ մրցումները եղել են մեծ տոնախմբումներ, որոնց ներկա են եղել արքաները... «Օ՜ տայր ինձ զծուխն ծխանի եւ զառաւօտն Նաւասարդի»... «Աւա՜ղ փառացս անցաւորի...»,- երեւի ծերունի արքայի հառաչանքը...
Հելլադայում մարդկային մարմնի գեղեցկությունը պաշտամունքի էր հասել... Օլիմպիական խաղերը, երբ մրցում էին իրենց ուժը եւ ֆիզիկական կարողությունը ցույց տալու համար, եւ նույն ժամանակ, եթե չեմ սխալվում, բանաստեղծներն էին մրցում: Գիտենք, որ օլիմպիական հաղթողներուն համայնքը հուշարձան էր կանգնեցնում: Նրանք իրենց հերոսներն էին:
Եվ ընդհանրապես, ժողովուրդը, գոնե մենք գիտենք, որ հայերս հպարտանում ենք մեր հաջողակ հայրենակիցներով, եթե նույնիսկ մենք մասնակցություն մը կամ օգնություն մը ցույց չենք տված մեր հերոսին: Քըրք Քըրքորյանը, ասում են, այսօր աշխարհի ամենահարուստներից է, եւ հպարտությամբ ենք հիշում անունը, նաեւ սպասում ենք, որ ինքն ալ իր ժողովուրդին բաժին հանե իր հաջողութենեն... Եվ անշուշտ, Քըրք Քըրքորյանները իրենց ժողովուրդին դժվարության ժամանակ չեն մոռանում... Անշուշտ, ժողովուրդը իր սրտին մեջ պահում է մանավանդ իր հայրենիքին պաշտպանության համար կյանքը տված կամ վտանգած անձանց. «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար, հայրենիքի տեր ու պաշտպան Անդրանիկ»:
Անշուշտ, որեւէ բնագավառում, երբ հայը մրցում է օտարների հետ, մեր ժողովուրդը անտարբեր չի մնում, երբ հայկական Եռագույնը բարձրանում է ի պատիվ հաղթողին եւ հնչում է «Մեր հայրենիքը»... Հաճախ հաղթողը պատվանդանի վրա իր արցունքները չի կարողանում զսպել մեր պետական հիմնը լսելիս...
Դժբախտաբար վերջին հարյուրամյակները, մանավանդ 20-րդ դարը ճակատագրական եղավ հայերուս համար. կործանման դարաշրջանը մեր մտավորականության. մանավանդ մեր հայ գրողները կարծես անիծված ըլլային. եթե ուրիշ ժողովուրդներու մոտ պատահում են «անիծված արվեստագետներ», հայ լավագույն գրողները, մեր ժողովուրդի ընտիր զավակներըՙ «նոր ազնվականությունը», մահանում էին 20 տարեկանինՙ թոքախտով, կամ 40 չհասած մեռնում էին աքսորի ճանապարհներուն, բանտերում, սպանվելով... Էլ չեմ ասում ամբողջ արեւմտահայության սպանդը Օսմանյան կայսրության մեջ: Եվ այսպես, հայ ազգը գոյատեւում է...
Կյանքը ուրախ չէ եղած հայերուս համար, եւ սակայն նկատած եմ, որ հայերը անհասկանալի զուսպ են մանավանդ երբ առիթ է լինում հայրենակիցը գովաբանելու... Ի բնե ըլլալով խելացի, օժտվածՙ տեսնելով հանդերձ իր հայրենակցին հաջողությունը, չի սիրում ցույց տալ ոգեւորություն, կարծես ասում էՙ հերիք չէ հաջողել է, հիմա էլՙ գովասանք, քիչ մը շատ չէ՞: Կարծես թե դա իրեն համար ըլլա նվաստացում, կրնա ըլլալ նաեւ նախանձ... Իսկ ես կարծում էի, որ ուրիշի արժանիքները բացահայտելը նույն ինքը առաքինությունն է, իսկ փառաբանելը սկիզբն է լավին հետ համագործակցելու: Լավը արժեւորելը սկիզբ է դառնում լավ գործը շարունակելու, լավերու ընկերակցության, եղբայրության սկիզբը... Դժբախտաբար, երեւի դարերով օտարին հայոց ճորտացումը հայուն դարձրել է ավելի ինքնամփոփ, կասկածամիտ եւ չվստահող... Իսկ 70 տարվա սովետական ռեժիմը քի՞չ ավերներ գործեց մարդոց հոգում... Փառք Աստուծո, այդ մղձավանջային ժամանակները անցան, հիմա արդեն ժամանակն է, որ ամեն լավ գործ գնահատենք, քաջալերենք, փայփայենք, որպեսզի այդ զարհուրելի ժամանակները իսպառ մոռացվին:
Եվ ահավասիկ ես ուրախությամբ այսօրվա եւ վաղվա ընթերցողին կուզեի ծանոթացնել սքանչելի հայորդիի մը եւ իր ստեղծագործության, որուն մեկ մասին բախտը ունեցանք անցյալ տարի ծանոթանալու: Ինչպես ասում էի քիչ առաջ, գեղեցիկ գործ մը, եթե ունի իր գնահատողը, պատճառ կդառնա նոր գեղեցիկ գործերու ստեղծման: Կարեւոր է, որ նախ գոյություն ունենա այդ ազնվական մարդը, որ ոչ միայն գնահատող է տաղանդավոր գործին, այլեւ ինքն ալ ըլլա գեղեցիկ եւ տաղանդավոր: Եվ ահավասիկ այդ հերոսըՙ տաղանդավոր նկարիչ Հրազդան Թոքմաջյան, որ մի քանի ամիս առաջՙ 2010 թվականին հայրենիք բերավ նվիրաբերելու երկու սքանչելիքՙ գիրք-ալբոմ մը եւ ցուցահանդես մը, որ, կարծում եմ, հայրենիքում 2010 թվականի ամենանշանակալից, անմոռանալի եւ պատմական պահերից եղան: Երկուքն ալ կոթողային գործերՙ Հրազդանի հեղինակած «Մարաշի ասեղնագործություն» հոյակապ աշխատասիրությունը եւ «Մարաշի ասեղնագործություն» ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը բացվեց Երեւան քաղաքի պատմության թանգարանում 2010 թ. նոյեմբերի 3-ին, իսկ գրքի շնորհանդեսըՙ մի օր շուտ, Հայաստանի գիտությունների ակադեմիայում: Ցուցադրվում էին բարձրագույն մակարդակի գործեր, որոնք պատիվ պիտի բերեին աշխարհի լավագույն թանգարաններուն: Դրանք բարձրագույն մակարդակի նկարչական գործեր են հեղինակությամբ հայ տանտիկիններու: Նկարագրելով չի լինի, պետք է տեսնել: Կերպասի վրա ասեղով եւ գունավոր թելերով, բամբակյա եւ ոսկեթելով կատարյալ գծագրություն, կատարյալ կոմպոզիցիա, սքանչելի գունանկարչություն: Եթե կերպարվեստի գործի մը արժանիքներեն մեկն ալ այն է, որ դիտողը որքան ալ որ նայի ցուցադրված ստեղծագործությունը, չձանձրանա, այլ ուրախությամբ լեցվի, հայ կանայք ստեղծել են անզուգական արվեստի գործեր, ամեն ստեղծագործող իրավամբ ինքնատիպ է եւ եզակի... Եվ ցուցահանդեսը միասնական է եւ կատարելապես այլազան: Ամեն հեղինակ որոշակի տարբերվում է մյուսեն:
Գալով Մարաշի ասեղնագործությանը նվիրված աշխատասիրությանՙ գիրքը կոթողական գործ մըն է, բառին բուն իմաստովՙ խելացի, զարգացած, նրբանկատ, գիտուն, ինքնավստահ, մեկ խոսքովՙ տաղանդավոր հայրենակցի մը, որը միայն պատիվ կրնա բերել իր ազգին եւ մարդկության:
Ցուցահանդեսի նմուշները, արվեստի գործերը հավաքված են Սիրիայի Հալեպ քաղաքում եւ տպագրված նույնպես Հալեպ քաղաքում, հրատարակությամբ Մարաշի հայրենակցական միության Գերմանիկ-Վասպուրական մշակութային միության: Սույն հատորը կնվիրվի Ցեղասպանության ու տարագրության տառապալից օրերը իրենց ուսերուն վրա տարած հայ կանանց պայծառ հիշատակին:
Լավ կըլլա, որ նշեմ, որ 1915 թվականի թրքական կոտորածներից մազապուրծ Արեւմտահայաստանի եւ Կիլիկիո քաղաքներուՙ Մարաշ, Հաճըն, Զեյթուն, Այնթապ, Քիլիս, բնակիչները մեծ մասամբ նախ հավաքվեցին Սիրիայում եւ մանավանդ Հալեպ քաղաքում, սիրիական գթասիրտ եւ մարդասեր ժողովուրդի պանծալի եւ հնագույն քաղաքում: Արեւմտահայաստանից, Կիլիկիայից, Տեր Զորից ճողոպրած արեւմտահայության մնացորդացը մնաց Սիրիայում, հիմնականը Հալեպ քաղաքումՙ իբրեւ հյուր արաբ բարեգութ ժողովուրդին:
Հալեպը դարձավ տեսակ մը փոքր Արեւմտահայաստան... Հայերըՙ իրենց դարավոր մշակույթով եւ սովորություններով, հայկական ընտանիքը, եկեղեցին, որոշ ժամանակ կարծեք չէին զգում հարվածի ուժգնությունը, բայց օտարության սառը օդը կամաց-կամաց զգալի պիտի դարձներ մահացու հարվածի ուժը... Հայը արմատախիլ եղած էր իր բնօրրանեն, դատապարտված էր մոռանալու իր լեզուն, իր ինքնությունը, դառնալու նոր մարդու տեսակ, հայու նոր տեսակ... 95 տարի է անցել Եղեռնից, եւ արդեն մի քանի սերունդ ապրում է «նոր հայրենիքի» մեջ: Պետք է նշեմ, որ ամբողջ Սփյուռքի տարածքում սփռված հայ համայնքներուն մեջ Սուրիան եւ մանավանդ Հալեպ քաղաքը ունի իր ինքնուրույն տեղը իբրեւ պահեստը մնացորդացի... վերջնականապես տակավին չխաթարված արեւմտահայության. «Տեսի դաշտերը Սուրիո, Լյառն Լիբանան եւ յուր մայրեր... Կըղզի նման չիք մեր Կիպրիա, Եվ ոչ մեկ վայր է, արդարեւ, Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա, Աշխարհ, որ ինձ ետուր արեւ...»: «Քու հիշատակդ այս գիշեր, զիս լալու չափ կհուզե», Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն...
Այո, անշուշտ Հրազդանը չենք մոռցած: Ո՞վ է Հրազդանը, անշուշտ պիտի հարցնեք: Այո, Հրազդանը այսօր արդեն մոտ քսան տարի է Հալեպ քաղաքում ապրող հայաստանցի նկարիչ մըն է շատ տաղանդավոր: Հրազդանը ի՞նչ կապ ունի Հալեպի հետ... Մի քիչ պատմություն. մոտավորապես 60 տարի առաջ Հալեպ քաղաքի մի քանի արվեստասեր հայերՙ ակնաբույժ տոքթ. Ճեպեճյանը, ճարտարապետ Գաբլանը կորոշեն նկարչական դասարան մը բանալ նկարչություն սիրող եւ ընդունակ հայ պատանիներունՙ քաջալերելու նկարչությամբ զբաղվել: Եվ մի սենյակ կճարվի, ուր մի փոքր վճարումով հայ տղաք եւ աղջիկներ պիտի կարողանային նկարչությամբ զբաղվել եւ սորվել նաեւ: Չեմ գիտեր հիմնադրման օրից ովքեր եղած են նկարչության ուսուցիչները, բայց կարծեմ ոչ մի վկայված մանկավարժ, բարձրագույն կրթությամբ ուսուցիչ չի եղել: Բայց հետագային ՀԲԸՄիության «Սարյան ակադեմիա» կոչված այդ դասարանը բախտը ունեցավ ունենալու իրական տաղանդավոր դասատու մը, որ նաեւ մանկավարժ էր կրթությամբՙ ավարտած Երեւանի մանկավարժական ինստիտուտի նկարչական բաժինը: Ուրեմն սիրիահայ գաղութի բախտավոր ղեկավարները մի օր էլ գաղափարը կունենան իրենց դպրոցին համար արդեն անկախ Հայաստանեն ուսուցիչ հրավիրել, եւ առանց մանրամասնություններուն մեջ մտնելու, այդ ուսուցիչը ընտրվեցավ մեր բարեկամ Հրազդան Թոքմաջյանը: Ասեմ, որ նա սիրելի ընկերս է, տաղանդավոր նկարիչ, բարեկիրթ, խելացի, ազնվագույն անձնավորություն, որ սերում է Էրզրումի նշանավոր Թոքմաջյան ընտանիքից: Թոքմաջյան կնշանակե ձուլող: Ինչպես ամեն հայ ընտանիքի մի անդամ տիրապետում էր արհեստի եւ այդ հայ արհեստավորը ապահովում էր ընտանիքի ապրուստը, այնպես ալ Հրազդանի ծնողները եղել են հնագույն արհեստի տիրապետողներՙ ձուլողներ:
Հրազդանը շնորհիվ իր խելացիության եւ ազնվաբարո նկարագրին կարողացավ մի քանի տարում Հալեպի հայ համայնքին մեջ իրեն ապահովել շատ պատվավոր մի դիրք եւ դարձավ հարազատ, շատ սիրված ու հարգված հալեպահայերից: Անշուշտ նաեւ իբրեւ մեր նորանկախ պետության քաղաքացի շատ հարգված է սիրիական կառավարության կողմից: Հրազդանը լավագույն օրինակն է այն հնարավորության, որ որքան մեծ կրնար ըլլալ օգուտը հայությանՙ ըլլա Սփյուռքում, ըլլա հայրենիքում... Ասում են 15.000 հայ տղամարդիկ եւ կանայք Լոս Անջելեսի բանտերում են ապրում իբրեւ հանցագործներ... Մեկ է, հանցագործն ալ, պատվավորն ալ Միացյալ Նահանգներում ի սկզբանե դատապարտված են հայության համար կորստյան: Ափսոս, հազար ափսոս...
Եվ ահավասիկ, ապրելով օտարության մեջ, բայց իր հայրենակիցների ծոցում, Հրազդանի աչքերը սկսում են ավելի պայծառ տեսնել օտարության մշուշին մեջ, սկսում է նկատել, որ որքան սփռված արժեքներ կան ի պահ սփյուռքահայերուն մոտ, որքան հոգեւոր արժեքներ, որոնք կորչելու են եւ կորչում են: Դրանք հայ ժողովուրդի ստեղծած արժեքներն են, որոնք պատկանում են հայ ազգին: Պետք է փրկել այդ հարստությունները: Եվ Հրազդանը հայտնաբերում է արեւմտահայ տանտիկիններու սքանչելի ասեղնագործությունները, որոնք տակավին պահվում են հայերու տուներուն մեջ: Հրազդանը կայծակի հարվածի ազդեցության տակ է. սիրահարված է հայ տանտիկիններու ասեղնագործություններուն... Ուրախության չափ չկա: Ահավասիկ ինչ է նշանակում ուրիշի ստեղծածովը ուրախանալ, գնահատել, ոգեւորվել: Հրազդանը սիրահարված է Մարաշի ասեղնագործության, եւ գործի է լծվում: Իր ժամանակը թանկագին, եւ իր սուղ միջոցները չխնայելով Հրազդանը որոշում է փնտրել, գտնել, արձանագրել եւ հավաքել Մարաշի հայ տանտիկիններու ասեղնագործությունները: Եվ ահավասիկ մի քանի տարիներու տքնաջան աշխատանքներու արդյունքով Հրազդանը հավաքում է ցուցահանդես մը եւ գրում է աշխատասիրություն մը, որը կրնար գրել միայն օժտված բանասեր մը եւ պատմաբան մը, կարող էր ոգեւորել իր հայրենակիցները, մանավանդ մարաշցիները:
Հրազդանը անշուշտ հերոս մըն է, որ իր կյանքը նվիրել է իր ժողովրդի հոգեւոր արժեքները պաշտպանելուն, եւ ինքնաբերաբար մտածում ես, որ որքան կարեւոր է, որ մեր երկիրը զորանար, մեր պետությունը հասներ պահելու եւ հսկելու իր ժողովուրդին ֆիզիկական եւ հոգեւոր կարիքները: Ախր ինչպե՞ս կարելի է ասել, որ ես ազատ եմՙ ուր ուզեմ կապրիմ, ինչ ուզեմՙ կանեմ եւ իմ կյանքիս պատասխանատուն եմ: Լավ, բայց քու ազգիդ պատի՞վը, անո՞ւնը... Ախր այս տեսակ բան չէր լսված, որ այսքան հայեր կամավոր լքեն իրենց հայրենիքը եւ օտարությունը ընտրեն... Այսքան հայերՙ կին, տղամարդ, օտար բանտերում ըլլան... Ամենայն դեպս, խեղճ հայեր... Ամենայն դեպս, մեր խեղճ եղբայրներ...
ԳԵՂՈՆ ՀԱՅ ԿՆՈՋ
Եվ այսպես խոսքս ուզում եմ շարունակելՙ Հրազդանին շնորհակալություն հայտնելով, որ իր կազմակերպած ցուցահանդեսին առիթովՙ նվիրված Մարաշի հայ կանանց ասեղնագործության, ինծի համար պարզվեց, որ հայ կանայք դարերու ընթացքին ստեղծած են կերպարվեստի գլուխգործոցներՙ իրենց տուներուն մեջ աշխատելով եւ իրենց գիտելիքները փոխանցելով իրենց դուստրերուն: Եվ այսպես դարերով հազարավոր սքանչելիքներ կորած են, մաշված եւ փչացած, բայց բարեբախտաբար Հալեպում, շատ մը տուներում, այդ հայ կանանց ասեղնագործությունները պահվում էին, եւ Հրազդանը սկսեց հավաքել եւ նաեւ ոգեւորել ու սովորեցնել, որ պետք է ամենամեծ հոգածությամբ պահել այդ արվեստի գործերը, հայ մայրերու ասեղնագործությունները, առայժմՙ Մարաշի, բայց կան նաեւ արեւմտահայության մյուս նշանավոր քաղաքներու հայ կանանց ասեղնագործություններըՙ Զեյթուն, Այնթապ, Ուրֆա, Բալու, Վան, Էրզրում եւ ուրիշ քաղաքներու հայ կանանց ձեռագործերը: Այսօր տեխնիկայի զարգացման պատճառով ձեռքի աշխատանքները չեն կարողանում մրցել իրենց իսկ ստեղծած իրական գործերու կեղծերուն հետ: Կեղծն ու էժանը շարքից դուրս են անում իրականը. սա էլ մարդկության «զարգացման» օգուտների շարքին... Այսօր դժվար թե հայ աղջիկներ տանը նստած համբերությամբ ասեղնագործությամբ զբաղվեն...
Բայց այն, ինչի մասին ուզում եմ մանավանդ խոսել, որ ես իմացաՙ դիտելով Հրազդանի կազմակերպած ցուցահանդեսը, եւ իր կազմած գիրքըՙ նվիրված Մարաշի հայ կանանց ասեղնագործություններուն, առաջին անգամ անդրադարձա, որ որքան ես եւ ուրիշ հայեր, մանավանդ արվեստաբաններ չեն նկատել, չեն անդրադարձել հայ կնոջ դերին մեր գեղագիտական դաստիարակության գործում: Չենք անդրադարձել, որ հայ տնից է սկսել հայ մարդու գեղարվեստական դաստիարակությունը, հայ կինը, հայ մայրը, տանտիրուհին որքան մեծ, մեծագույն դերը ունեցած են հայ մարդու կյանքին մեջ: Հիմա նոր հասկանում եմ, որ հայ տունը եղել է նաեւ հայ մարդու գեղագիտական կրթության օջախը: Անդրադառնո՞ւմ եք, որ երբ հայ կինը ստեղծում էր իր ասեղնագործությունները, հյուսում էր իր գորգերը, ստեղծում էր արվեստի գործեր, որոնք ստեղծվում էին ընտանիքի անդամներու ներկայությամբ: Այդ գեղեցկությունները ստեղծվում էին եւ անմիջապես մաս էին կազմում տան բնակիչներուն առօրյա կյանքին, չէ՞ որ այդ սքանչելի արվեստի գործերը ստեղծվում էին տան մեջ, նոր սերունդի աչքի առաջ եւ դառնում էին երախայի առաջին գեղագիտական դասագիրքերը, առաջին հոգեւոր սնունդը աճող սերունդին... Հայ մայրը իր տունը վերածում էր թանգարանի...
Ճաշակ մը տալու համար Հրազդանի աշխատությունիցՙ ահավասիկ հատվածներ իր գիրք-ալբոմիցՙ իմ միջամտություններով:
***
Հայ արվեստին մեջ, մասնավորաբար ասեղնագործությունը, թե կիրառական իմաստով (եկեղեցական եւ աշխարհական գործածությամբ), թե զուտ գեղարվեստական նկատառումով, մեզի կփոխանցե հայ իգական սեռին նրբաճաշակ հորինումները, որոնք մեր ժողովուրդին փառքի լուսապսակը կհանդիսանան: (Շահան եպս. Սարգիսյան, առաջնորդ հայոց Բերիո թեմի)
***
Աշխատանքի արժանիքներից է այն, որ ներկայացված են արխիվային ուշագրավ լուսանկարներ: Մեծ արվեստով են արված գծանկարները եւ գունեղ ու ներկայանալիՙ հեղինակների լուսանկարները եւ հատկապես ասեղնագործության հնամենի եւ ժամանակակից նմուշները: Առանձնապես հիշարժան են եկեղեցական հանդերձանքի տարրերըՙ կատարված Մարաշի անկրկնելի տեխնիկայով: ...Հեղինակը հմտորեն բնութագրել է ասեղնագործման գործընթացը, տեխնիկական հնարքները եւ հմտությունները (Սվետլանա Հայկի Պողոսյան, ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու):
***
Աշխատանքային խումբի մեր վարչական ընկերներու տեւական փնտրտուքի շնորհիվ հավաքվեցան, լուսանկարվեցան ու հրատարակության պատրաստվեցան հարյուրավոր ասեղնագործություններ: (Մարաշի հայրենակցական միության Գերմանիկ-Վասպուրական մշակութային միություն):
***
...Կրնաս տեսնել նաեւ Մարաշի հյուսվածեղեններ, որ կգործվին, եւ աղջիկներ իրենց տարօրինակ ասեղնագործությունը կհյուսեն անոր վրա, տեսակ մը ասեղնագործություն, որ քաղաքին անունովը կկոչվի: Որովհետեւ Մարաշի հայեր տնայնագործությամբ ապրող ժողովուրդ են (W.J. Childs, 1912):
***
Հայ ժողովուրդի մեծամասնությունը նստակյաց (քաղաքակիրթ) եւ տնայնագործ էին մինչեւ 1915 թվականի եղեռնը եւ սովետական ռեժիմը:
1925-ին Հալեպում կայան գտած 50.000 հայերից
8000 գորգագործ եւ ասեղնագործ
50 ոսկերիչ
300 դերձակ
450 կոշկակար
450 ատաղձագործ
300 երկաթագործ
150 թիթեղագործ
1500 որմնադիր
850 ոստայնանկ
12.250:
Հայը չի եղել մինչեւ սովետական իշխանությունը բանվոր պրոլետար: Այստեղ մի անգամ էլ ուզում եմ ձեր ուշադրության հանձնել այն փաստը, որ ամեն ընտանիքի գոնե մի անդամը տիրապետել է արհեստի մը, որ եղել է այդ ընտանիքի անդամներու ապրուստի հիմքը:
Հ. Հ
***
Զարդարվեստին վերաբերող մի կարեւոր հարց կա, որին անդրադարձել են բազմաթիվ գիտնականներ: Օգտագործված զարդերի, գաղափարանշանների իմաստը, նրանց նշանակությունը իմացե՞լ են մեր միջնադարյան վարպետները թեՙ ոչ: Այս հարցը կարեւոր է ոչ միայն ասեղնագործության համար, այլեւ ընդհանրապեսՙ ուր որ հանդիպում ենք նրանց կիրառությանը, լինի դա քանդակ կամ գորգ, խեցեղեն, ոսկերչություն, պղնձագործություն, տարազ եւ այլն: Հարցը հասկանալու համար, մեր կարծիքով, պետք է նկատի ունենալ այն ժամանակը, երբ ձեւավորվել են զարդանախշերի հնագույն ձեւերը: Այսինքն այն ժամանակը, երբ նախամարդը սկսեց նշանների, գաղափարագրերի միջոցով ձեւ տալ որոշ հասկացությունների: Մեզ համար ելակետային է այն դրույթը, որ նախամարդու համար գիտական, կրոնական եւ գեղագիտական ըմբռնումները մեկ ամբողջություն են կազմել: Այլ խոսքովՙ նրա ստեղծած առարկաների մեջ դրսեւորվել են գիտական, կրոնական եւ գեղագիտական իմացություններըՙ միաժամանակ: Ուստի եւ հնադարյան առարկաներին, նրանցում օգտագործված գույներին պետք չէ մոտենալ ժամանակակից գեղագիտության տեսակետից: Անցյալում զարդը ունեցել է ավելի մեծ իմաստ, քան մեր պատկերացմամբ նախշն է: Նախշելու, սոսկ գեղեցկացնելու նշանակությունը զարդին մենք ենք վերագրել, քանի որ նրանից մեր սպասելիքը սոսկ գեղագիտական բավարարվածությունն է, իսկ գեղագիտական ընկալումներից ձեւի առաջացումը անհամեմատ նոր, արդի մտածողության արդյունք է:
***
Մեկ այլ վկայությամբ ձեւաստեղծումը միշտ էլ սահմանափակ թվով մարդկանց մենաշնորհ է եղել: Համայնքի բոլոր անդամների համար կենսական հարցերի համակարգված գիտելիքները փոքրաթիվ կամ եզակի մարդկանցՙ քուրմերին, առաջնորդներին է վերապահված եղել:
...Հազարամյակներ շարունակ կրոնական գաղափարներն են եղել ձեւաստեղծման առանցքում:
...Պալատների, դղյակների ու վանքերի շուրջ են գործել լավագույն վարպետներն ու արվեստագետները:
Ազգային մշակույթի մեջ ժողովուրդի, նրա լայն խավերի դերը ո՛չ պետք է չափազանցել, ո՛չ էլ թերագնահատել: Մեր կարծիքով ժողովուրդի հիմնական դերն ու արժանիքը ավանդապահությունն է: Ժողովրդական վարպետները աշխատել ենՙ նախօրինակներին հետեւելով:
Ասեղնագործությունը եւ գորգագործությունը որպես մայրական գծով շարունակվող արհեստ փոխանցվել է ծնողից դուստր:
Աղջիկ զավակ ծնվելուն պես մայր, մեծ մայր, հորաքույրներ կլծվեին օժիտի պատրաստության, որը կտեւեր 12-15 տարի: Օժիտի համար անհրաժեշտ վեց կտորները պետք է աշխատեր հարսնացուն: Դրանք ենՙ անկողինի (վերմակ) երես, մահճակալի ծածկոց, քառակուսի բարձ, մահճակալի կարպետ, ծրար, մանուկի գոտի:
***
Մեր նախնիներից մնացած ժառանգությունը ուսումնասիրության կարիք ունի: Այն հետաքրքիր է ոչ միայն հայագիտության իմաստով, այլեւ ընդհանրապեսՙ հին մշակույթի ուսումնասիրության տեսակետից... Նշենք միայն այն, որ մեզ հայերիս համար մեր նախնիների աշխատանքը ավելին է, քան ասեղնագործությունը կամ կիրառական արվեստը: Ոչնչացման եզրին հասած ու հարություն առած մեր ժողովրդի համար, մեր ծնողներից մնացած ամեն մի առարկա հիշատակ է ու մասունք, այն մեր նկարագրի մի մասն է ու տեսակի արտահայտությունը, որն էլ մեզ իրավունք է տալիս մյուս ժողովուրդների կողքին ապրելու այս բազմաչարչար մոլորակի վրա:
***
Մայրը հայերեն լեզվի ամենագեղեցիկ բառն է: Ինքը չէ՞ որ մեզ ծնել է, մեզ սնել է, ամեն փորձանքի եւ հիվանդության ժամանակ մեր կողքին է եղել, հապա բաղնիքում մեր կռնակը շփելը. կա՞ ավելի մեծ հաճույք, երբ մայրդ քեզ լողացնում է... հապա տան մաքրության հոտը, որ մոր բուրմունքն է... Ի՞նչ է նշանակում ընտանեկան սրբությունըՙ որ տունը սրբավայր է... Իսկ այդ սրբավայրին մեջ ո՞ւմ եք ուզում, որ պաշտենք, եթե ոչ մեր մորը:
Հ. Հ.
Նկար 1. Լուսին Տեր-Ղազարյանը ասեղնագործելիս, 1920-ականներ, Հալեպ
Նկար 2. Եպիսկոպոսական տարազ, 1980-ականներ, Հալեպ:
Նկար 3. Բարձի երես, 1932, Հալեպ:
Նկար 4. Հարսանեկան պատկեր, 1929, Հալեպ: