(Երեւան, «Ամարաս» հրատ., 2010 թ.)
ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
«Քանի պետությունն ինձ ճնշեՙ ժողովուրդն այնքան իր գնահատանքն ու սէրը կավելցնե իմ նկատմամբ, շնորհակալ եմ այդ կողմանե: Սակայն, ի՞նչ ժողովուրդ մնաց, որու գնահատականը լսելով հպարտանամ ես: Այն մարդիկ, որոց գնահատականն լսել կուզէի, հիմա չկան, ավա՜ղ. մեռան բոլշեւիկյան բանտերում, աքսորներում եւ կառափնարանում: Մնացին մարդիկ, որոց երեսի մասը եթէ քիչ մը քերես, տակէն խուժան կամ գրպանահատ դուրս կելնէ:
Իսկ այն կոմունիստ քննադատները, որք ծածուկ բանավոր կգովաբանեն զիս, բան մը չարժեն, վասնզի անոնք նույն բերանով կգովեն նաեւ սովետական գրողներուն:
Գէթ իմ մասին խոսած ատեննին բերանները ողողեին մաքուր ջուրով...»
Լեռ Կամսար 1947 թ.
Իրոք ժողովուրդը սիրեց եւ գնահատեց իրեն երբեք չդավաճանած հանդուգն զավակին: Ճիշտ է նրա մահից հետո, բայց դե ժողովուրդս ի՞նչ մեղք ունի, որ «շնորհիվ» կոմունիստական վարչակարգի համառ կեցվածքի, նոր-նոր է սկսում ճանաչել Լեռ Կամսարին: Լավ է ուշ, քան ավելի ուշ:
Ահա այդ անկեղծ սիրուց էլ ծնվեց եւս մեկ գիրքՙ «Բանտիս օրագիրը», որի հրատարակման համար շնորհակալ պետք է լինենք հայ ազգի երախտավորներ փարիզաբնակ Կարպիս Ջրբաշեանին եւ նյույորքաբնակ Ռուբէն Պարսումեանին:
Գիրքը փաստավավերագրական էՙ ներառել է 1931 թ. Լեռ Կամսարի զտման պատմությունը, 1935 թ. բռնադատման հույժ գաղտնի եւ հավերժ պահպանման ենթակա Չեկայի թղթապանակը եւ բանտային օրագրությունը: Ժողովածուն կենսագրական է:
Ընթերցողը կծանոթանա երգիծաբանի տխուր կյանքի ոդիսականի հետ սկզբից մինչեւ Սիբիր տարագրվելը: Թուրքական երկու կոտորած, գաղթ, բռնադատում, բանտ եւ աքսոր:
Լեռ Կամսարն իր կյանքում երկու անգամ է տեսել «արեւի խավարում»:
Առաջինը, երբ թուրքերը զրկեցին նրան հայրենիքից եւ երկրորդը, երբ բոլշեւիկները խլեցին նրա ազատությունը: Գիրքը երգիծաբանի երկրորդ «խավարման» մասին է:
Այն կազմվել է ՊԱԿ-ի կողմից պատճենահանված վարույթի թղթապանակի ոչ լրիվ էջերի հիման վրա: Ամբողջ արխիվը չի տրամադրվել այն պատճառաբանությամբ, որ 1946 թ. երեւանյան հեղեղը վնասել էր թղթապանակի պարունակությունը: Այդ իսկ պատճառով ոչնչացել են նաեւ Լեռ Կամսարից բռնագրաված գրականությունը, նամակները, իրանական անձնագիրը եւ այլն: Իրոք, պատճենահանված էջերը հազիվ ընթեռնելի են, իսկ դատավարության արձանագրությունը եւ որոշ մասեր ընդհանրապես վերականգնել հնարավոր չեղավ:
Գրքում ներկայացվածը 1935 թ. բռնադատման իրողությունն է: Դժվար թե միայն դրանով է սահմանափակվել ՊԱԿ- ի առնչությունը Լեռ Կամսարին: Փակ դռների ետեւում գտնվող ամբողջ արխիվը կարոտ է հիմնավոր ուսումնասիրման եւ հրատարակման:
Չեկայի նկուղում եւ կենտրոնական բանտում Լեռ Կամսարն օրագրում էր: Բոլոր բռնադատվածներն ունեին թուղթ եւ գրիչ, որպեսզի խոստովանեին չգործած մեղքերը եւ մեղայականով խնդրագրեր հղեին պատժիչ օրգաններին: Բանտում գրելու հնարավորությունը երգիծաբանն օգտագործել է, որ ապագա սերունդներին ներկայացնի մեր պատմության այդ նողկալի ամոթանքը:
«Բանտիս օրագիրը» կազմված էր երեք տետրերից: Բանտից դրանք դուրս են բերվել կեղտոտ փոխնորդների հետ միասին: Կնոջը հուշել էր.
- Զգո՛ւյշ, փոխնորդներիս մեջ ոջիլներ կան:
Բանտապետը գլխի չի ընկել, որովհետեւ տետրի կազմերի վրա գրված է եղելՙ առաջինի վրա « 1-ին կամեր*, Լեռ Կամսարենՙ հանձնել ընկ. Սարաֆյանին», երկրորդի վրաՙ«Հանրապետական դատախազ ընկ. Պետիկ Թորոսյանին», իսկ երրորդ տետրը կազմ չուներ:
Օրագիրն ավարտված է 1936 թ. հունիսի 5-ինՙ երբ բանտային վարչությունը հավաքել էր այլեւս գրիչներն ու մատիտները, արգելելով գրագրությունը:
«Բանտիս օրագրի» բանտարկյալի հետագա ճակատագիրն ընթերցողներին պարզաբանելու համար գիրքն ամբողջացված է հետագա տարիների օրագրային պատառիկներով:
ՎԱՆՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հատվածներ «Բանտիս օրագրից»
Նոյեմբերի 27 . - Այսօր արդեն բանտ եմ նստած: Բայց ո՜չ, ի՞նչ կխոսիմՙ բանտ եմ կանգնած:
Բանտարկյալը երբ չի գիտեր, թե ի՞նչ է իր մեղքըՙ նստիլ չի կրնար: Անիկա կանգնել իսկ անկարող է: Անիկա կքալե, անիկա կվազե բանտին մեկ անկյունեն մյուսը:
Երբ Օթելլոյին քայլերով հեւասպառ կքալեմ ու կձայնեմՙ «ի՜նչ է հանցանքս», կնայիմ շուրջս` իմ ընկերներս, իմ բարի եւ սիրող ընկերներս կարեկից ինծի այնքան, որ օգնել չկրնալուն ինքզինքնին կորսնցուցեր են, «հանգստացիր,- կըսեն,- առանց հանցանքի չես մնար»:
Ու Մակարը, բանտակիցներես այդ ամենանվիրվածը, ինծի համար իր կյանքը չխնայող տղան, կըսե վերջապես.
- Հանգստացիր, սիրելիս, եթե հանցանք չունեցար, կրնաս իմ մեղադրանքես օգտվիլ: Կմեղադրվեմ երկու հոդվածովՙ մեկը քեզի, մյուսն ինծի:
- Բոլորս մեկանց կխնդանք:
Ա՜խ, բանտին մեջ որքան կից կապրին սա լացն ու ծիծաղը: Այնքան, որ հաճախ կփոխարինեն իրարու...
Դեկտեմբերի 21 . - Այսօր կռիվ: Քննիչս վիրավորեց ինծի մահացու: Ան ըսավ.
- Իբրեւ գրող ի՞նչ ես դունՙ փոշի, կատարյալ ոչնչություն: Դուն քեզի կերեւակայես միայն, դու երես ես առեր...
Ինչ խոսք, որ պատիվս պաշտպանելու համար հարձակվեի պիտի: Չափեցի նախ իմ, ապա հակառակորդիս ուժերը: Սենյակին մեջ երեք հոգի էին անոնք, երեքն ալ ատրճանակավորներ: Ատրճանակ, յուրաքանչյուրի մեջ հինգական փամփուշտՙ տասնհինգ փամփուշտ, որոնցով, հարկավ, կարելի էր սպաննել ինծի, ինչքան ալ «անմահ» ըլլայի: Չէ՛, հոս կռիվը հաղթանակ չէր խոստանար ինծի: Իբրեւ ստրատեգ, ավելի հարմար տեսաՙ վարը, կամերիս մեջ, երբ կլյուչնիկը դուռը պինդ կփակե վրաս, պառկիլ մահճիս վրա եւ սկսիլ կռիվը...
Բայց, փա՜ռք Աստծո, ազատվեցի ավելորդ տեղ արյուն թափելու հարկեն: Հինգ վայրկյան ետքը քննիչն ինքն արդեն ինքնասպան եղավ:
Երբ անցավ Փարիզի իմ բարեկամին ղրկածս նամակի քննությանըՙ ըսավ.
- Դուն հայտնի, մեծ գրող ես, քո ամեն մեկ բառ արտասահման պատգամի տեղ կընդունվի. չէ՞ որ յուրաքանչյուր գանգատդ վատ վիճակիդ մասին կանդրադառնա դուրսի հայության մտայնությանը վրաՙ հանդեպ մեր կառավարության: Նամակդ գրելուն մտածեցի՞ր այն հետեւանքներուն վրա, որ կրնար առաջ գալ, եթե հանկարծ Փարիզի բարեկամդ նամակդ միամտաբար մամուլին հանձներ...
Այսպես, ուրեմն, ինծի «մեծ» համարող ներկա քննիչս զարկավ սպաննեց հինգ րոպե առաջ «փոշի» համարող քննիչիս:
Ի՜նչ լավ է խաղաղ նստիլ եւ դիտել, թե ինչպե՜ս մեկ ուրիշը թշնամուդ կջարդե...
Երբ կռիվն ավարտվեց ու դիակները հավաքված էին ռազմադաշտեն, քննիչս իր խաղաղ քննությանն անցավ:
Բայց քննիչս, եթե համետագործ ծնված ըլլարՙ տարեկան մեկ համետ չէր ծախի: Առանց ձիու հասակին ու ծավալին նայելու, համետներ կպատրաստե եւ կստիպե, որ գրաստները հարմարվեն իր ձեռագործին:
«Փոշիեն» ետքը, երբ ինծի «մեծ», «հայտնի» կանվաներ, ես պահ մը իրապես մեծ համարեցի ինծի. դուն մի՛ ըսեր, քննիչս կմեծցնե ինծի, որ իր նախապես պատրաստած մեծ հանցանքը տեղավորե կռնակիս...
Որ կտանիմ լռությամբ իմ հանդեպ ցույց տրված բոլոր անարդարություններն այդ անկե է, որ կուզեմ չափել թե մարդ արարածը որքան է «գայլ»: Ես անընդհատ խորացող ջրհոր մըն եմ, որ թույլ կուտամ թշնամիիս անվերջ իջեցնել իր դույլն, անոր պարանի ողջ երկարությունն ստուգելու համար: Չէ՞ ես աշխարհ եմ եկել հանդիսատեսի, եւ ոչ դերակատարի մտքով:
Երկուշաբթի 23 . - Դատաստանիս օրը խնդրեցի դատավորիս մեղադրական ակտիս պատճենն ինծի հանձնել, չտվավ: Իսկ ես սաստիկ պետք կզգամ հանցանքներուս ցանկինՙ մեկ-մեկ ուղղվելու համար:
Կհիշեմ: Փարիզի բարեկամիս նամակով գանգատեր եմ վիճակես: Դուրս գալուս պիտի գրեմ, թե շատ երջանիկ կապրիմ: Այդ հեշտ է:
Հետո: 1921 թվին, ուրեմն ասկե 15 տարի առաջ, Թավրիզ եմ գացեր: Այլեւս չեմ երթար:
Բարեկամիս տունը այցի եկած տիկնոջ մը պատմությանը այն մասին, որ այս տարի շինարարությունը թույլ կընթանա, լսած ու հակահարված չեմ տված: Դուրս ելլելուս պիտի լսեմ ու հակահարված տամ:
Չորրորդ հանցանքս... չորրորդ հանցանքս... չորրորդ հանցանքս:
Տեր Աստված, ո՞ւր կորավ սա չորրորդ հանցանքս... հա՛, ես կապ ունիմ դաշնակցական Տերոյանի հետ: Տերոյանը, թեեւ դաշնակցական չեմՙ կըսե, բայց կարելի է ինքը չի գիտերՙ կապերս կտրեմ պիտի:
Հինգերորդ հանցանքս... հիշեցի: Տասը տարի առաջ անտիպ հոդված մըն եմ գրեր, որու մեջ չեմ հիշեր, ինչը սխալ է գրված: Կելլեմ դուրս, գիծ կքաշեմ սխալիս վրա, վերը ճիշտը կը գրեմ:
Վեցերորդ սխալս...
Տե՜ր Աստված, վեցերորդ սխալս... Չէ, չեմ հիշեր, պետք է դատարանն անպատճառ մեղադրանաց պատճենը մեղադրյալին հանձնե, որպեսզի ան նայեՙ ուղղվե:
1936 թ.
Երեքշաբթի 17 . - Այսօր լրացավ իմ աքսորանքին 12-րդ տարին: Տասներկու տարի առաջ, ճիշտ այս օր ինծի բանտիս կամերայեն հանեցին, բերին հատուկ տեսակցության հարմարցուցած այն սենյակը, ուր «հանցավորները» Սիպիր աքսորելե առաջ վերջին տեսակցությունը կուտան իրենց հարազատներուն:
Կինս, երեք փոքրիկ երեխաներս սպռած կեցած են բարձր ու լայն սեղանի այն կողմը: Ես «օրինական» հեռավորության վրա աչքերս կրցածիս չափ կճոռթեմ նայելու այն փոքրիկներիս, որոց գուցե հավիտյանս չտեսնեմ: Կինս բան մը կուզե ըսել, բայց չի կրնար: Անիկա գրպանեն կհանե 50 ռուբլի դրամ եւ կմեկնե տեսակցության հսկիչին, որ ինծի տա:
- Վերջին խնայողությունս, - հազիվ կարտասանե կինս սեղանի մյուս ծայրեն եւ կուլա:
Հսկիչն ըստ ձեւի գազան, բայց ըստ էության «մարդ» կերեւա ինծի: Կդառնամ իրեն շատ անվստահ.
- Ընկե՛ր, գուցե թույլ տաք վերջին անգամ համբուրել փոքրիկներիս...
Անիկա պահ մը մտածեց, ապա զգուշության համար շրջապատը եւ դռնեն դուրս նայեց ու ըսավ.
- Պայմանով միայն, որ յուրաքանչյուրին մեկ անգամ միայն համբուրես, եւ այդ բոլորը ակնթարթ մը քաշե. այլապես եթե բռնվեմՙ այլեւս փրկություն չկա ինծի:
Այնպես ըրե, որ պետությունն ալ չտուժե:
Ու սաստիկ վախով ճամբա տվավ, որ ընտանիքիս մոտենամ:
Երբ գրկեցի առաջին փոքրիկիս, մոռնալով խոստումս, աշխարհի բոլոր օրենքներն ու պետությունները, սկսեցի տեղատարափ համբուրել:
- Բավ է, բավ է, խղճա ինծի, ես ալ երեխայի տեր եմ, - կձայնե հսկիչս սարսափի ու հուզմունքի մեջ ալեկոծ:
Բայց իզուր, հրացանեն դուրս թռած գնդակն այլեւս ետ չի դառնար...
Վերջեն, երբ պետական բոլոր օրենքներն խախտելով կարոտս առեր էի, նայեցաՙ հսկիչիս երեսը գույն չէր մնացեր, հազիվ ուժ ունեցավ արտասանելու.
- Քաղաքացի՛ կալանավոր, ինքդ դատե, եթե ամեն աքսորական իր ընտանիքին այսպես անխնա համբուրե, մեր պետությունը կրնա՞ դիմանալ:
Վերջն, ի՞նչ երկարացունեմՙ եղածն եղած էր:
Ես երեք տարի «հեռավոր աքսոր» գացի: Երբ հեռավորն ավարտեցի, անկե վերջ բերին ու հիմա «մոտավոր աքսոր» ղրկեցին: Հիմա «մոտավոր աքսորիս» իններորդ դասարանն եմ, տասնամյակն ավարտեմ, նայինք վերջըՙ կառավարությունը աքսորի ո՞ր կուրսերը կղրկեՙ «մշտական աքսորականի» կոչում տալու համար:
Պարտքս կհամարեմ ըսել, որ ներկա աքսորիս հսկիչս, նորեն մարդկային բաներ ունի մեջը: Տարին անգամ մը թույլ կուտա, որ տունս երթամ եւ տեսնեմ ընտանիքիս, պատվիրելով, սակայն, որ կարճ, շատ կարճ տեսնվեմ:
Կպատահի, որ երբեմն անսաստելով հսկիչիս պատվերըՙ երկար կտեսնվեմ ու երբ աքսորավայրս վերադառնալով կտեսնեմ, որ պետությունը չի կործանվեր տակավին, գոհունակությամբ կըսեմ ինքս ինծի.
- Չէ՜, մեր պետությունը արդեն ամրացեր է, կարելի է անխնա տեսնվել ընտանիքի հետ...
1947 թ.