ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2011-02-05 | #3, 2011-02-19 | #4, 2011-03-05


ՍՐԲԱԶԱՆ ԿԻՈՏՈՆ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Անցած տարվա վերջին երջանիկ առիթ ունեցա մասնակցել Ճապոնիայի Օսակա քաղաքում տեղի ունեցած միջազգային մի գիտաժողովի (տեսՙ «Ազգ-Մշակույթ-Հավելված», 22.01.2011): Գիտաժողովի կազմակերպիչները մասնակիցներին մի քանի օր շահել-պահելուց բացի մի շռայլ նվեր էլ մատուցեցինՙ էքսկուրսիա տանելով երկրի հին մայրաքաղաքըՙ Կիոտո: Այն Ճապոնիայի Էջմիածինն էՙ հայտնի իր հին վանական շինություններով...

Առաջին անգամ էի այցելում պագոդաներՙ բուդդայական տաճարներ: Եվ ժպիտով հիշում, որ բուդդայական ճարտարապետության հետ առաջին ծանոթությունս կայացել է... Երեւանում: Մինչեւ հիմա էլ անցնելով մեր մայրաքաղաքի ամենից չսիրածս շինություններից մեկիՙ երբեմնի կինո «Ռոսիայի» մոտով, քմծիծաղով եմ հիշում, թե ինչպես դպրոցական տարիներին այդ շենքը կատակով անվանում էինք կինո «Կիտայ» (Չինաստան)...

Զուլալ ջրի տաճարը

Աշնան վառվռուն գույները (թեեւ արդեն դեկտեմբեր ամիսն էր) եւ բարակ մաղող անձրեւն ասես մի կատարյալ մթնոլորտ ստեղծեցինՙ Կիոտոյի բուդդայական տաճարների յուրօրինակ հմայքն ամբողջական դարձնելու համար...

Ամենից առաջ մեզ տանում են Կիյոմիձու-դերա (պաշտոնական անունըՙ Օտովա-սան Կիյոմիձու-դերա) տաճարը...

Բուդդայական մշակույթըՙ հիմնականում Արեւմուտք եւ մի քիչ էլ մահմեդական Արեւելք տեսածիս համար ավելի քան տարաշխարհիկ է: Հայտնի է, որ ճապոնական քաղաքակրթությունը համարվում է չինականից ածանցված: Բուդդայականությունն այստեղ եկել է մեր թվականության վեցերորդ դարում, դարձյալ Չինաստանից, սակայն ճապոնացիներն ունեն նաեւ միայն իրենց բնորոշ կրոնըՙ սինտոն (սինտոյականություն): Այս երկու հիմնական կրոնական ուղղությունները դաշն են ճապոնական այլազան կրոնական հավատալիքների եւ օտարամուտ վարդապետությունների, նաեւ քրիստոնեության հետ: Ճապոնացին իր կյանքի ընթացքում կարող է լինել բուդդայական, ապա քրիստոնյա եւ վերջումՙ սինտոիստ, եւ դա բնավ էլ որպես արտառոցություն չի ընկալվում...

Կիյոմիձու-դերա տաճարախումբը գտնվում է ծառածածկ բլրի վրա: Անունը ծագում է մոտակա բլրից հոսող ջրվեժից (Կիյոմիձու բառացի նշանակում է զուլալ ջուր): Վանական այս համալիրը հիմնվել է դեռեւս 8-րդ դարում, սակայն ներկա շինությունները 17-րդ դարից են: Այս տաճարների ամենաբնորոշ կողմն այն է, որ դրանց շինարարության ընթացքում ոչ մի հատիկ մեխ չի գործածվել: Գլխավոր սրահում գտնվում է ողորմածության աստվածուհի Կաննոն Բոդհիսատտվայի արձանը, որի առջեւ ճապոնացիները կանգնում են եւ գլուխ տալիսՙ ինչ-որ բաներ մրմնջալով: Ինձ բացատրեցին, որ բուդդայականության մեջ չկան կանոնիկ աղոթքներ, ինչպես քրիստոնեության եւ մահմեդականության մեջ: Շատերը ձեռք են տալիս բուդդայի արձանինՙ ուսին եւ մտքում ցանկություն են պահում: Տաճարներում կատարվում են տարբեր տեսակի ժամերգություններ: Մարդիկ խոնարհվում են բեմի կամ բուդդայի արձանի առաջ, ծափ զարկում, մետաղադրամ գցում հատուկ արկղի մեջ: Հետաքրքրական էր նաեւ տեսնել ճիշտ մեր եկեղեցիների պես մոմավառության, ինչպես նաեւ անուշաբուրություն ծխեցնելու եւ թալիսմաններ վաճառելու սովորույթները: Կիյոմիձու-դերայի մոտ կա նաեւ ցանկություններն իրականացնող մի աղբյուր: Մարդիկ հերթ են կանգնում, ջուր վերցնում հատուկ երկար շերեփներով (որոնք կողք-կողք դրվածՙ չորանում եւ ախտահանվում են գազի կրակի վրա) եւ խմելովՙ մտքում երկու ցանկություն են պահում: Երկու, ոչ ավելի...

Տաճարների շրջակա տարածքներում կան պաշտամունքային նշանակություն ունեցող այլ, ավելի փոքր առարկաներ, օրինակՙ բուդդայի մի քանդակ, որի կողքին թարմ ծաղիկների փնջեր են դնում եւ կամ հողի մեջ խրված հղկված քարի երեք կտորներ, որոնց վրա մեկական դեմք է քանդակված, իսկ նրանց վրա ամրացված են կարմիր գոգնոցներ: Ասես ինչ-որ երեխաներ կատակ արած լինեին այդ փոքրիկ քարե կուռքերի հետ...

Հազար ու մեկ արձան

Կիոտոյի մյուս նշանավոր տաճարՙ Սանձուսանգենդո (պաշտոնական անունըՙ Ռենգեո-ին), մուտք ենք գործում կոշիկները հանած: Ճար չկա, պիտի դիմանաս հատակի սառնությանը, սուրբ տեղ ես մտել: Այստեղ արգելված է լուսանկարելը: Տաճարը 1164 թվականին հիմնել է հզոր քաղաքական գործիչ Տաիրա-նո-Կիյոմորին: Ինչպես բուդդայական շատ տաճարների պարագայում, նախնական շինությունը չի պահպանվելՙ դառնալով հրդեհի ճարակ: Բայց էլի լավ է, որ մեկ դար անցՙ 1266-ին վերակառուցվել է եւ անխաթար հասել մեր օրերը:

Սանձուսանգենդո նշանակում է «սյուների միջեւ երեսուներեք տարածքներով սրահ»: Այս տաճարը, որին անվանում են նաեւ Լոտոս արքայի սրահ, հայտնի է հատկապես 1001 բուդդաների արձանախմբով: Հիրավի ավելի քան տպավորիչ է 120 մետր երկարությամբ սրահում, պատի տակ շարված, նոճու փայտից պատրաստված մարդաբոյ միանման արձանների այդ ողջ համր զորքը: Թվում է, թե գործարանային արտադրության է, այնքան միանման են, գրեթե աննշան տարբերություններով: Արձաններից 124-ը կերտվել են 12-րդ դարում, իսկ մնացած 876-ըՙ 13-րդ դարում, տաճարի վերաշինությունից հետո...

Հազար ու մեկ արձանների դիմաց գտնվում են բուդդայականության տարբեր աստվածությունների 28 փայտակերտ քանդակներՙ լաքապատ եւ ներկված: Եթե բուդդաները միանման ենՙ ոչինչ չարտահայտող դեմքերով, ապա այս աստվածությունների առասպելական կերպարները պատկերված են խիստ բնութագրական վիճակներումՙ ցասման, խռովքի... Նրանց մեծ մասի ծագումը սկիզբ է առնում անտիկ Հնդկաստանից:

Արձանախմբի մեջտեղում տաճարի գլխավոր աստվածությանՙ հազարաձեռք Ձուիչիմեն-սենջու-սենգեն Կանձեոնի կամ պարզապես Կաննոնի վիթխարածավալ քանդակն է, որը համարվում է Ճապոնիայի ազգային գանձերից մեկը: Նույնպես պատրաստված է ճապոնական նոճու փայտից: Բայց այդ ամեհի քանդակը սոսկում չի առաջացնում: Կաննոնից ասես տիեզերական հանգստություն է ճառագում...

Կինկակուի օսկե պատերը

Սակայն Կիոտոյի գլուխգործոցն, անշուշտ, հռչակավոր Կինկակուն էՙ Ոսկե տաճարը, որի պաշտոնական անունը Ռոկուոն-ջի է: Այն կառուցել է կայսր Յոշիմիցուն 1397 թվականինՙ որպես գեղեցիկ մի պալատ: Նա իր խաղաղ կյանքն անց է կացրել այդ հանգստավետ վայրում: Յոշիմիցուի մահից հետո, նրա կտակի համաձայն, պալատը վերածվել է ձենական տաճարի:

...Երբ հինգ տարի առաջ կարդում էի Յուկիո Միսիմայի «Ոսկե տաճար» վեպը, մտքովս, անշուշտ, չէր անցնում, որ մոտ ապագայում անձամբ կտեսնեմ այդ ճարտարապետական հրաշքը: Վեպը հիմնված էր իրական փաստի վրա, թե ինչպես ճապոնական մի Հերոստրատ, չդիմանալով տաճարի գեղեցկությանը, այրում է այն: Բարեբախտաբար, տաճարը վերաշինվել է եւ այն էլ ինչպես: Պատկերացրեք արբշիռ բնության մեջ մի զուլալ լիճՙ Կյոկո-չին (բառացիՙ Հայելու լճակ), մեջըՙ մի շարք մեծ ու փոքր կղզյակներ, որոնց վրա աճում են թզուկ ծառեր: Եվ այս լճի ափինՙ ոսկեգույն եռահարկ մի նրբագեղ պագոդա, որի երկրորդ եւ երրորդ հարկերի պատերը ծածկված են ոսկու բարակ շերտովՙ ճապոնական լաքի վրա: Բաց օդում այդ ոսկու շերտը ժամանակի ընթացքում սկսել է փչանալ, եւ 1987-ին տաճարի պատերը երեսպատել են ոսկու ավելի հաստ կտորներով: Լավ է, որ զբոսաշրջիկներին ներս չեն թողնում, այլապես շատերը կուզեին ոսկե պատերից մի քիչ պոկել եւ որպես հիշատակ հետը տուն տանել... ճիշտ ինչպես մարդիկ եգիպտական բուրգերից կամ հունական տաճարներից փրցված քարի կտորիկներ են վերցնում...

Կինկակուի (որը նախկինում կոչվել է Շարիդեն) ներդաշնակ շինությունները ճարտարապետական երեք տարբեր ոճերի համադրություն են: Առաջին հարկը Շինդեն-ձուկուրիՙ պալատական ոճի է: Երկրորդ հարկը Բուկե-ձուկուրիՙ սամուրայական տան ոճի է եւ կոչվում է Չո-օն-դո: Իսկ երրորդ հարկը Կարայոն էՙ ձենական տաճարի ոճը, որն էլ կոչվում է Կուկկյո-չո: Կարմրավուն տանիքը ծածկված է կավարներով, որի մեջտեղում հաղթական կանգնած է չինական փյունիկ թռչունի ոսկե արձանըՙ ասես թռիչքի պատրաստ...Ամեն, ամեն ինչ գեղագիտական տեսակետից թվում է այնքա՜ն կատարյալ, առկա է գույների, համամասնությունների այնպիսի՜ ներդաշնակություն, որը չի համեմատվում աշխարհի ոչ մի տեսարժան վայրի հետ:

Կինկակուի ողջ հարակից տարածքը ճապոնական պարտիզապուրակային արվեստի գլուխգործոց է: Հայելու լճակից քիչ վերեւ գտնվում է մեկ այլ փոքր լճակՙ Ան-մին-տակուն: Ջրի մեջ լող են տալիս «ճապոնացի» բադերը եւ կարմրադեղին տերեւներ: Այս եղանակին դեռեւս ծաղկած են դեղին քրիզանթեմները: Դրանցից, ի դեպ, ճապոնական խոհանոցում հարյուրից ավելի ուտեստներ են պատրաստում: Ան-մին-տակուի կղզյակներից մեկի վրա կանգնած է մի փոքր գողտրիկ քարե պագոդաՙ Հակուջա-նո-ցուկան (դամբարանՙ ի պատիվ սպիտակ օձի): Այո, օձը ճապոնական հավատալիքներում կարեւոր տեղ է գրավել, ինչպես նաեւ աղվեսը, գայլը, կրիան, շնաձուկը, ծովախեցգետինը, մինչեւ անգամՙ ճպուռը: Ի դեպ, ժամանակին Ճապոնիան անվանել են «ճպուռի երկիր»...

Կատարյալ հանդարտություն

Ի՞նչն է ամենից բնորոշ բուդդայական եկեղեցական ճարտարապետությանը: Այս մասին շատ է գրվել, եւ մասնագիտական խոսք ասելու հավակնություն չունեմ, պարզապես որոշ ժամանակ անց ամփոփելով տպավորություններս եւ համեմատելով տեսածս քրիստոնեական եւ մահմեդական տաճարների հետՙ կարող եմ ասել, որ բուդդայական տաճարներն առավել, քան մյուս կրոնների սրբավայրերը, մարդուն պարուրում են ներդաշնակության եւ հանգստավետության զգացումով: Միահարկ, երկհարկ կամ եռահարկ այդ շինություններն իրենց բնորոշ տանիքների երկթռիչ քիվերով, ներքին պարզությամբ եւ անպաճույճ գեղեցկությամբ զուրկ են ավելորդ փայլ ու շքեղությունից, չեն առաջացնում ճնշող խորհրդավորության եւ անորոշ անդրիմացության զգացողություն... Հիրավի նախընտրելի է գերագույնի հետ առնչվել կատարյալ հանդարտության նման մթնոլորտում: Ասելիք չունեմ, մեր եկեղեցիներն էլ դարեր հաստատված իրենց կարգ ու սարքով շոյում եւ խաղաղեցնում են հավատացյալի զգայարաններն ու հոգին: Սակայն բուդդայական սրբավայրերի պարգեւած հանդարտությունն ինձ բոլորովին այլ որակի եւ աստիճանի թվաց: Պատճառը, միգուցե, տարաշխարհիկության մեծ չափաբաժինն էր, որ միաձուլվել էր դեղնակարմիր անձրեւոտ Կիոտոյի սրբազան աուրային...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4