ՄԵԼԻՍԱ ՔԵՐ
Ավարտելով Մելիսա Քերի բծախնդրորեն պատրաստած ժամանակագրական տվյալները Արշիլ Գորկու կյանքի եւ ստեղծագործության հիմնական տարեթվերի, այս համարում եզրափակում ենք 2009-2010 թվերին Ֆիլադելֆիայում, Լոնդոնում եւ Լոս Անջելեսում Գորկու հետահայաց ցուցահանդեսի առթիվ հրատարակված շքեղ ալբոմից մեր կատարած երեք հոդվածների թարգմանությունների հրապարակումը:
Հ. Ծ.
1936: Գարուն: «Նկարիչների միությունում» կայացած դասախոսության ժամանակ Գորկին խիստ քննադատության է ենթարկում սոցիալ-ռեալիստներինՙ նրանց քարոզչական նկարազարդումները որակելով «աղքատիկ արվեստ աղքատ մարդկանց համար»: (Հ. Հերրերա: «Արշիլ Գորկի: Կյանքն ու ստեղծագործությունները», էջ 258):
Մայիս-սեպտեմբեր: «Նյու Յորքի արվեստի հանձնաժողովը» նախնական հավանություն է տալիս նրա ավիացիոն թեմայով որմնանկարների շարքին, սակայն ծրագրի էությունը ժամանակի ընթացքում փոխվում է, եւ քաղաքապետը նախընտրությունը տալիս է Յուջին Զոդորովի նախագծին, որն ավելի «պահպանողական» մոտեցում էր ցուցաբերել եւ ավելի հարմար էր Նյուարք օդանավակայանի վարչական շենքին:
Մոդեռնիստական ուղղությանը հետեւող արվեստագետների հանդեպ նկատվող անտարբերությանն ընդառաջ «Ամերիկացի աբստրակտ նկարիչների խմբակցությունն» են հիմնում Ջոզեֆ Ալբերսն ու Ա. Գալատինը: Գորկին մի քանի հավաքների մասնակցում է, բայց երբեք չի միանում նրանց (ըստ Կ. Մուրադյանի «Արշիլ Գորկու բազմազան աշխարհները» գրքի, էջ 109-110):
Ժյուլիեն Լեւին հրատարակում է իր «Սյուրռեալիզմ» գիրքը: Հետագայում նա իր հիշողություններում պատմում է, որ Գորկին անմիջապես ընթերցել էր ամբողջ գիրքը իր արվեստանոցի ետնասենյակում:
Սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 12: Գորկու Նյուարք օդանավակայանի որմնանկարներից (նա մոտ 10 հատ էր պատրաստել) մեկըՙ «Գործողություններ բաց տարածությունում» խորագրով, իր ուրույն տեղն է զբաղեցնում Արդի արվեստի թանգարանում բացված «Ամերիկյան արվեստի նոր հորիզոնները» ցուցահանդեսում: Կատալոգում որմնանկարների ամբողջական ցիկլը ներկայացված է մեկ ընդհանուր «Ավիացիա: Ձեւերի էվոլյուցիան աէրոդինամիկայի սահմանափակումների պայմաններում» խորագրի ներքո:
Նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 10: Գորկու «Կազմակերպվածություն» («Հորինվածք») կտավը ցուցադրվում է Ուիթնիում բացված «Ժամանակակից ամերիկյան նկարչության երրորդ բիենալեում», որից հետո նա կանոնավորապես ընդգրկվում է Ուիթնիի տարեկան բոլոր ցուցահանդեսներում:
Նոյեմբերի ընթացքում Մուրադյանները տեղափոխվում են Չիկագո:
Դեկտեմբերի 11: Գորկին «FAP/WPA»-ի վաշինգտոնյան գրասենյակին է հանձնում «Նյուարքի» որմնանկարների վերաբերյալ իր էսսեն, որը նախատեսված էր ընդգրկել ազգային նկարազարդ մի զեկուցագրի էջերում, այլոց էսսեների շարքում: Ծրագիրը չի իրականացվել, բայց հատկանշական են Գորկու դատողությունները: Բացի իր որմնանկարների վերլուծությունը ներկայացնելուց, նա էսսեում քննարկում է ընդհանրապես որմնանկարների ուսուցողական-դաստիարակչական նպատակները: «Քանի որ բանվորները, աշակերտներն ու հիվանդանոցում գտնվող հիվանդները... քիչ կամ համարյա ոչ մի հնարավորություն չունեն թանգարաններն այցելելու, որմնանկարները կարող են նոր հորիզոններ բացել շատ քիչ ժողովրդականություն վայելող արվեստի մասին իրենց արհամարհված գիտելիքների առաջ», գրում է նա: Վարչական վերակազմավորման հետեւանքով «FAP/WPA»-ն (Ուորքս պրոգրես ադմինիստրեյշըն) օրակարգից հանում է զեկուցագիրը հրատարակելու ծրագիրը, սակայն Գորկու ձեռագիրը հետագայում տեղ է գտել Ֆրենսիս Օ՛Կոննորի «Արվեստը միլիոնավոր մարդկանց համար» (Art for the Millions») հատորումՙ հրատարակված 1973 թվին Նյու Յորքի «Գրեֆիկ» ընկերության կողմից:
Դեկտեմբերի 18: Ճարտարապետ եւ դիզայներ Ֆրեդերիկ Քիսլերը «Արտ Ֆրոնտ» պարբերականում հրատարակում է իր «Որմնանկարներ առանց պատերի: Գորկու Նյուարքյան ծրագրի մասին» հոդվածը, որն առաջինն է արվեստագետի մասին պարբերական մամուլում գրված հոդվածներից:
1937 Մայիսի 12: Գորկին Վարդուշին նամակ է գրում Վաշինգտոնում տեղակայված «Ուորդման պարկ» հյուրանոցից, նշելով, որ մայրաքաղաքում է գտնվում դասախոսություն կարդալու «Արվեստի Ամերիկյան դաշնության» անդամների առաջ: Ըստ Վարդուշի, դասախոսության թեման եղել է «քողարկումը» (camouflage): Այս մասին գրում է Կ. Մուրադյանը իր «Արշիլ Գորկու բազմազան աշխարհները» գրքում:
Հունիսի 9-ին բացվում են Նյուարք օդանավակայանի որմնանկարները: Հաջորդ օրը «Նյուարք լեջըր» պարբերականում Ջերալդ Սուլիվանը գրում է, որ դրանք «նման են Ատլանտիկ Սիթիի համագումարից հետո առաջացած խումարային (գլխացավային) իրավիճակին»: Բայց հակառակ հանրության բացասական վերաբերմունքին, որմնանկարները պաշտոնապես ընդունվում են Նյուարքի արվեստի հանձնախմբի կողմից, հունիսի 24-ին:
Ամառվա ընթացքում եւ մինչեւ 1941-ի ամառը Գորկին շարունակում է աշխատել FAP/WPA ընկերության որմնանկարների բաժնում, բայց նրան է՛լ երբեք որմնանկարային ծրագրերում չեն ընդգրկում: Փոխարենը թույլ են տալիս վրձնել նկարակալային կտավներ:
Օգոստոսին Գորկին սկսում է էտյուդներ պատրաստել 1939-40 թթ, Նյու Յորքի Ծովային փոխադրումների եւ Ավիացիոն շենքերի համաշխարհային տոնավաճառի համար նախատեսված որմնանկարների համար: Հոկտեմբերին Ավիացիոն շենքի իր կտավները հավանության արժանանում են, բայց Ծովային փոխադրումների շենքի համար իր ներկայացրած էտյուդները մերժվում են հօգուտ Լայոնել Ֆեյնինգերի:
Ուիթնիի տարեկան աշնանային ցուցահանդեսում ընդգրկվելուց հետո, թանգարանը Գորկուց գնում է նրա «Նկար»ՙ պարզ խորագրով կտավը: Դա որեւէ թանգարանի վաճառված նրա առաջին կտավն է լինում:
Ջոն Գրեհեմը հրապարակում է իր «Արվեստի համակարգումն ու դիալեկտիկան» գիրքը, որի «Լավ ճաշակ» գլխում Անդրե Բրետոնի, Պոլ Էլյուարի, Տրիստան Ցարայի (1896-1963) եւ Քրիստիան Զերվոսի անունների կողքին հիշատակում է նաեւ Գորկուն:
1938-ի սկզբներին Գորկին հարաբերություններ է հաստատում ջութակահարուհի Լիոնորե Գալեյի (հետագայումՙ Պորտնով) հետ, որին նվիրում է մի քանի գծանկարներ: Երբ Գալեն հետագայում վաճառում է իր հավաքածոյից Գորկու մի քանի կտավներ, նա տրամադրում է նաեւ մեքենագրված եւ իր կողմից ստորագրված մի փաստաթուղթ, որտեղ գրված է «Ես Գորկու ուսանողուհին եւ ընկերուհին էի 1938-40 թվերին եւ այդ ժամանակ եմ ձեռք բերել այս գծանկարները»:
Նրանց հարաբերությունները պետք է սկսած լինեին 1938-ի սկզբներին, որովհետեւ փետրվարին, Սուրբ Վալենտինի տոնի առթիվ Գորկին Գալեյին է նվիրում մակագրված մի գծանկար: (Գրեհեմ: «Գորկին, Սմիթը եւ Դեյվիսը 30-ական թվերին» կատալոգում գրված հոդվածից: Կատալոգը հրատարակվել է 1977 թվին Բրաուն համալսարանի կողմից):
Գորկին նկարիչներ Ռոզալին Բենգելսդորֆի եւ Բայրոն Բրաունիի հետ մեկնում է Փրովինսթաուն (Մասաչուսեթս):
Մայիս-հուլիս: Ուիթնի թանգարանը Գորկու «Նկարչություն» կտավը փոխ է տալիս Փարիզում «Երեքհարյուրամյա արվեստը Մ. Նահանգներում» խորագրով բացված ցուցահանդեսին: «Արդի արվեստի թանգարանի» (Նյու Յորք) կազմակերպած այս ցուցահանդեսը տեղի է ունեցել «Jeu de Paume» թանգարանում: Գորկու կտավը տպագրվել է «Cahiers d՛Art» պարբերականի 1938-ի համարում տեղ գտած Ջեյմս Ջոնսոն Սուինիի հոդվածի հետ:
1939 թվի հունվարի 16: Գորկին ժամանակավորապես դադարեցնում է իր աշխատանքը «FAP/WPA»-ում, որպեսզի ավարտին հասցնի Նյու Յորքի համաշխարհային տոնավաճառում «Ուիլյամ Լեսկազեյի Ավիացիոն շենքը» տաղավարի իր ծրագիրը: «Տիեզերքի նվաճումը մարդու կողմից» կտավը (չի պահպանված) ցուցադրվում է ապրիլի 30-ից, տոնավաճառի բացման օրվանից:
Մայիսի 5-27-ը Նյու Յորքի «Վալենտայն» պատկերասրահում առաջին անգամ Մ. Նահանգներում ցուցադրվում է Պիկասոյի «Գեռնիկա» կտավը: Գորկին մասնակցում է այդ առիթով կազմակերպված բանավեճինՙ այլ արվեստագետների (Լեո Քացի եւ Ուոլտեր Պախի) թվում: Ներկաներից սյուրռեալիստ նկարչուհի Դորոթեա Տանինգը հետագայում հիշելու էր, որ «Ձայնի հավասարակշռված կրքոտությամբ Գորկին կարողացավ նորացող բռնկումով լուսաբանել կտավը» (Հերրերա: Արշիլ Գորկի: Կյանքն ու ստեղծագործությունները», էջ 308):
Մայիսի 20-ին Գորկին ստանում է ամերիկյան քաղաքացիություն:
Հունիսի 9-ին վերստանձնում է աշխատանքը FAP / WPA-ում:
Սեպտեմբերին Եվրոպայում բռնկված պատերազմի պատճառով շատ արվեստագետներ հաստատվում են Մ. Նահանգներում: Նրանց թվում է նաեւ չիլիացի նկարիչ Ռոբերտո Մատտան, ով 1940-ի գարնանը հավանաբար Ժյուլիեն Լեւիի պատկերասրահում բացված ցուցահանդեսի առիթով հանդիպում է Գորկուն:
Տարվա վերջերին նա կրթաթոշակի հայցով դիմում է «Ջոն Սիմոն Գուգենհայմ հիմնադրամին»ՙ վկայակոչելով Հոլգեր Կահիլի եւ Մաքս Ուեբերի բնութագրերը իր մասին, բայց մերժվում է:
1940-ին սկսում է աշխատել «Պարտեզ Սոչիում » կտավների շարքի վրա:
Էբի Օլդրիչ Ռոքֆելերը Գորկուՙ 1931-ին ստեղծած «Մանեկեն» վիմագրությունը հանձնում է «Արդի արվեստի թանգարանին» (Նյու Յորք): Դա թանգարանում Գորկու առաջին գործն է լինում: Հետագայում թանգարանը ձեռք է բերում նաեւ նրա «Արգուլա» (Յարգյուլե, 1938 թ.), «Իրեր» (1932 թ.) եւ «Պարտեզ Սոչիում» կտավները:
Սեպտեմբերի 3-ին Մուրադյաններին գրած իր նամակում Գորկին նշում է, որ դիմել է «Արվեստի Գրանդ Սենտրալ դպրոցի» տնօրենությանը, «Քողարկում» (Camouflage) թեմայի շուրջ դասախոսությունների շարք կարդալու խնդրանքով: Զորակոչային շրջանի պատճառով նրան պատասխանում են, որ մի քանի ամիս պետք է սպասի մինչեւ պարզ կդառնա, թե քանի հոգի է դիմում այդ դասընթացի համար:
Աշնանը Իսամու Նոգուչիի եւ ճարտարապետ Վիլյամ Մուսխենհայմի հորդորներով Գորկուն է հանձնարարվում որմնանկարներ պատրաստել (ափսոս չեն պահպանվել) Բեն Մարդենին պատկանող Ֆորտ Լիում գտնվող (Նյու Ջերսի) «Ռիվիերա Կլաբի» թեք պատերին: Որմնանկարները ավարտվում են առաջիկա ամռանը եւ «Նյու Յորք Սան» պարբերականում հրատարակված հոդվածում մեջբերված էր Գորկու բացատրությունը. «Ես այս որմնանկարները կանվանեի ոչ-առարկայական արվեստ, բայց եթե պիտակներ պետք է կպցնել, ապա կբնութագրեի դրանք սյուրռեալիստական»: (Տեսՙ Մալկոլմ Ջոնսոնի «Սրճարանային կյանքը Նյու Յորքում» հոդվածը «Նյու Յորք Սան» պարբերականի օգոստոսի 22-ի (1941 թ.) համարում: Նույնի մասին նաեւ Հերրերայի «Արշիլ Գորկի: Կյանքն ու ստեղծագործությունները» գրքի 317 էջում է նշված):
Դեկտեմբերի 9-ին համապատասխան գործող նոր օրենքի, նա ազատվում է WPA-ում իր աշխատանքից. քանի որ 18-ամսյա իր պայմանագիրը ավարտվում էր եւ վերստին դիմելովՙ դեկտեմբերի 17-ին աշխատանքի է ընդունվում նորից նույն ծրագիրը շարունակելու:
1941-ի հունվարին կայացած մի հավաքույթի ընթացքում Էլեն Ֆրիդի (հետագայում դը Քունինգ) միջոցով Գորկին ծանոթանում է իր ապագա (երկրորդ) կնոջըՙ տասնիննամյա Ագնես Մագրուդերի հետ, որին շուտով «Մուկուչ» մականունն էր տալու:
Հունվար-փետրվար ամիսներին նա ներկա է գտնվում «Նյու Սքուլ Ֆոր Սոշըլ Ռիսըրչ» (Սոցիալական հետազոտությունների նոր դպրոց) հաստատությունում սյուրռեալիստ նկարիչ Գորդոն Օնսլոու Ֆորդի դասախոսություններին: Նաեւ այցելում է Ֆորդի բնակարանՙ ավելի մոտիկից խորանալու սյուրռեալիզմի էության մեջ:
Ապրիլի 19-ից 27-ը: Գորկու «Արգուլա» կտավը (ներկայիս Արդի արվեստի թանգարանի սեփականություն) ընդգրկվում է Արվեստի Մետրոպոլիտեն թանգարանի կազմակերպած «Մ. Նահանգների ժամանակակից նկարչության հատուկ ցուցահանդեսի» ցուցանմուշների շարքում: Հունիսին նույն ցուցահանդեսը շրջագայում է նաեւ Հարավային Ամերիկայումՙ կազմակերպությամբ Նյու Յորքի Արդի արվեստի, Մետրոպոլիտեն, Բրուքլին, Ուիթնի թանգարանների եւ ամերիկյան նահանգների միջեւ առեւտրական եւ մշակութային հարաբերությունները համակարգող մարմնի:
Հուլիսի 2-ին այն բանից հետո, երբ իր ընկերներից Ջին Ռեյնալը կազմակերպում է Գորկու կտավների ցուցադրությունը Սան Ֆրանցիսկոյում, Գորկին հրաժարվում է WPA-ի իր աշխատանքից եւ Մուկուչի, Իսամու Նոգուչիի, վերջինիս քրոջ եւ երկու այլ ընկերների հետ ճանապարհ ընկնում դեպի Սան Ֆրանցիսկո, ուր հասնում է հուլիսի 17-ին:
Օգոստոսի 9-24-ը բացվում է նրա առաջին անհատական ցուցահանդեսը Սան Ֆրանցիսկոյի Արվեստի թանգարանում: Ցուցադրվում են նրա 21 աշխատանքները, որոնց թվում Ռեյնալի անձնական հավաքածոյից «Առեղծվածային պայքար» կտավը (1936-37), որը հետագայում (տարվա վերջին) Ռեյնալը նվիրում է թանգարանին:
Նույն տարվա վերջերին Էդմունդ Գրիսենը հավանություն է տալիս Գորկու «Քողարկում» թեմայի շուրջ դասախոսությունների շարք կարդալու խնդրանքին: Այդ առթիվ «Արվեստի Գրանդ Սենտրալ դպրոցի» հայտարարության մեջ կարդում ենք. «Ավերելու համաճարակն է մոլեգնում աշխարհով մեկ այսօր: Քաղաքակիրթ մարդու միտքը պատրաստ է կանգնեցնելու այդ գործընթացը: Թշնամին պետք է նախ տեսնի այն, ինչ ցանկանում է ոչնչացնել: Նրան խանգարելու եւ տեսողությունը խաթարելու դերը վերապահված է քողարկմանը, որի միջոցով արվեստագետը եւ ի մասնավորի արդի ժամանակների արվեստագետը կարող է կենսական գործունեություն ծավալելՙ ցույց տալով, որ ի հակադրություն ավերելու մտայնությանը, գոյություն ունի նաեւ արարելու տեսլականը»: Հայտարարության մեջ (բրոշյուրի տեսքով) դասախոսինՙ Գորկուն ներկայացնելու բաժինը դարձյալ լի է կենսագրական աղավաղումներով (ծնվել է Ռուսաստանում, սովորել է Փարիզում, Բոստոնում եւ Նյու Յորքում եւ այլն): Այդ կուրսի դասախոսություններին հաճախած պատկերասրահի սեփականատեր Բեթի Պարսոնսը հետագայում խոստովանում է, որ Գորկին «որպես «Քողարկում» առարկայի դասախոս, սրամիտ էր եւ փայլուն... կարծում եմ Գորկին էսթետիկայի մասին հավանաբար ավելի շատ բան գիտեր, քան որեւէ ուրիշ մեկը, որին երբեւէ ճանաչել եմ»:
Սեպտեմբերի 15-ին ՙ Կալիֆոռնիայից վերադարձին Գորկին եւ Մուկուչը ամուսնանում են Վիրջինիայում (Նեւադա): Սեպտեմբերի 26-ին նրանք այցելում են Մուրադյաններինՙ Չիկագոյում եւ հոկտեմբերի սկզբներին վերադառնում են Նյու Յորք:
Նոյեմբերի 12-ից դեկտեմբերի 30-ը Ուիթնի թանգարանում բացված «Կտավներ 40 տարեկանից ցածր նկարիչների կողմից» ցուցահանդեսին Գորկին մասնակցում է երկու ստեղծագործությամբ:
Դեկտեմբերի 28-ին Վարդուշին գրած նամակում անդրադառնում է «Քողարկում» դասընթացներին եւ զորակոչվելու հնարավորություններին: «Երեւում է, ինձ էլ են զորակոչելու: Նկարիչներս հիմա փորձում ենք կազմակերպվել, որպեսզի զորակոչվելու դեպքում որպես նկարիչ ծառայենք, եւ ոչ որպես զինվոր»: Բայց նրա տարիքը հաշվի առնելովՙ չեն զորակոչում:
1942-ի ամռանը Գորկին եւ Մուկուչը հանգստանում են Սոլ Սքարիի տանը, Նյու Միլֆորդում (Կոնեկտիկուտ): Մուկուչը հետագայում գրելու է Նաթալի Քեմպբելին (1943-ի փետրվարին). «Անցյալ ամառ մենք երկու շաբաթ անցկացրինք գյուղումՙ Նյու Յորքից հեռու, եւ այդ ընթացքում Գորկին բնությունից չափազանց ոգեւորիչ գծանկարներ կատարեց, որոնք մեծ խթան են իր հետագա ստեղծագործությունների համար: Դրանք խոստանում են լինել բոլորովին նոր եւ հրաշալի»: (Հ. Հերրերա: «Արշիլ Գորկի: Կյանքն ու ստեղծագործությունները», էջ 394): Գյուղական բնության ազդեցությունը մենք կարող ենք տեսնել «Ջրվեժ», «Ջրվեժներ» եւ «Սքարիի պտղատու այգին» կտավներում:
Հունիսին , ի պատասխան Դորոթի Միլլերի խնդրանքին, Գորկին ազատ ոճի բանաստեղծություն է գրում իր «Պարտեզ Սոչիում» կտավների համար: Դրանցից մեկը «Արդի արվեստի թանգարանը» ձեռք է բերում հուլիսի 1-ին: Բանաստեղծության մեջ Գորկին նկարագրում է իր մանկության հիշողություններից «մի հսկայական ծառ, մի սուրբ ծառ», որի վրա անցորդներն իրենց հագուստներից պատռված ժապավենանման կտորներ էին կապում:
Հունիսի 30-ից օգոստոսի 9-ը «Արդի արվեստի թանգարանում» բացված «Նոր գորգերՙ պատրաստված ամերիկացի նկարիչների կողմից» ցուցահանդեսում Գորկին ներկայացնում է իր պատվերով նյույորքյան «Վ՛ Սոսկե» ընկերության գործած «Ցուլը արեւում» գորգը, երկու հարակից նախնական գծանկար եւ մեկ գուաշանկար:
Դեկտեմբերին իր քրոջՙ Ագապիի դիմանկարներից մեկը ցուցադրվում է «Արդի արվեստի թանգարանում» բացված «20-րդ դարի դիմանկարներ» ցուցահանդեսում: Հրատարակված կատալոգում կտավը ներկայացված է «Քույրսՙ Այկոն» անունով, իսկ կատարման թվականը սխալմամբ նշված է 1917-ը:
1942-1943 թթ.-ի ձմռանը Գորկին այցելում է իր ազգականներին Ուոթերթաունում: Դա փաստորեն նրա վերջին այցելությունն է լինում նրանց:
1943-ի փետրվարին Գորկիները ճաշի են հրավիրում Ֆերնան Լեժեինՙ իրենց տանը: Հետագայում նկարիչ Դեյվիդ Բուրլյուքի կինըՙ Մերին հավաստելու է, որ Գորկին «ցնցված էր» նման մեծ նկարչին իր տանը հյուրընկալելու առթիվ:
Մարտի 20-ին Ջոզեֆ Հիրշհոռնը 17 կտավ է գնում Գորկուց: Հաջորդող տարիներին նա 13 կտավ եւս ավելացնում է իր հավաքածոյին:
Ապրիլի 5-ին ծնվում է Գորկու առաջին դուստրըՙ Մարոն:
Հունիսի 17-ից հուլիսի 25-ը Գորկու «Պարտեզ Սոչիում» կտավը (1941 թ.) ներկայացվում է Արդի արվեստի թանգարանի «Նոր ձեռքբերումներ: Երիտասարդ ամերիկացիների գործերը» ցուցահանդեսում:
Ամռանն իր ընտանիքի հետ Գորկին մեկնում է Լինկոլն (Վիրջինիա) եւ հյուրընկալվում Մուկուչի ծնողներիՙ վերջերս ձեռք բերած «Քրուքիդ Ռան ֆարմ» ագարակում, որտեղ մնում է մինչեւ նոյեմբեր եւ կատարում ավելի քան հարյուր գծանկարներ:
Մուկուչն այս առթիվ հետագայում գրում է. «Նա երբեք լուսատտիկներ չէր տեսել, ոչ էլ կաթնախոտ: Մենք մնացինք այնտեղ մինչեւ աշուն, բերքահավաք: Գորկին սիրում էր դիտել, թե ինչպես են տարվա եղանակները փոփոխվում: Նա սիրում էր գարունը: Չէր սիրում ձմեռը: Սիրում էր մայրամուտն ու արեւածագը դիտել: Նա Վիրջինիան շատ տարբեր գտավ Նյու Յորքից: Բնությունն այնտեղ խայտաբղետ էր, բազմազան: Նա սիրում էր փոփոխություններ տեսնել: Չէր սիրում միօրինակ բնություն»: (Հ. Հերրերա: Արշիլ Գորկի: Կյանքն ու ստեղծագործությունները», Էջ 414):
1944 թվականի սկզբներին Նոգուչին Գորկուն ներկայացնում է սյուրռեալիզմի ջատագով Անդրե Բրետոնին, ով դառնում է Գորկու լավ ընկերն ու գլխավոր աջակիցը:
Ապրիլին «Հարպըրզ բազար» պարբերականում տպագրվում է Ջեյմս Ջոնսոն Սուինիի «Հինգ ամերիկացի նկարիչներ» հոդվածը, որտեղ հեղինակը քննարկում է Միլտոն Էյվըրիի, Մորիս Գրեյվզի, Ռոբերտո Մատտայի, Ջեկսոն Պոլոքի եւ Արշիլ Գորկու ստեղծագործությունները: Գորկու «Վերջին կտավը, գրում է նա, բառացիորեն երկրինՙ հողին վերադառնալու արժեքը վերահաստատելու նրա ունակությունն է ցույց տալիս»:
Այդ տարվա ապրիլին Գորկին ավարտում է իր գլուխգործոցըՙ «Լյարդը աքլորի կատորն է» կտավը, որի հիմքում «Քրուքիդ Ռան Ֆարմում» նախորդ տարվա կատարած իր գծանկարներն են ընկած:
Մուկուչին ուղղված իր նամակում Ջին Ռեյնալը գրում. «Այս խոշոր կտավի ավարտին Արշիլը բավականություն զգո՞ւմ էր: Աստծուն է հայտնի, թերեւս, որ նա պետք է որ բավականություն զգացած լիներ: Ուրախ եմ, որ կտավն այդքան հաջող է ստացվել: Իսկապե՞ս նա մեկ շաբաթից ավարտեց այն»:
Իր հերթին Սիդնի Ջենիսը այդ կտավի պատճենն ընդգրկում է իր «Աբստրակտ եւ սյուրռեալիստական արվեստն Ամերիկայում» գրքում, որը հրատարակվում է տարվա վերջում:
Գարնանը Գորկին, դարձյալ իր ընտանիքի հետ, «Քրուքիդ Ռան Ֆարմ» է վերադառնում, որտեղ ինը ամիս շարունակ նկարում է: Նյու Յորք վերադարձին (տարվա վերջերին) Պեգգի Գուգենհայմն իրենից գնում է պարզապես «Նկար» վերտառությամբ մի կտավ եւս:
Դեկտեմբերին համաձայնություն է կնքում Ժյուլիեն Լեւիի հետ (պաշտոնական գրությունը կրում է դեկտեմբերի 20 ամսաթիվը) նրա պատկերասրահին տարեկան 12 կտավ եւ 30 գծանկար հանձնել, փոխարենը ստանալով 175 դոլար ամսական կրթաթոշակ: Լեւին նաեւ պարտավորվում է տարեկան մեկ անհատական ցուցահանդես կազմակերպել, ինչը նա կատարում է մինչեւ Գորկու ողբերգական մահը:
1945-ի հունվարին Գորկիները տեղափոխվում են Ռոքսբերի (Կոնեկտիկուտ), որտեղ մնում են Դեյվիդ Հերի տանը, վերջինիս բացակայության ընթացքում: Այս նոր միջավայրի նրանց հարեւաններն են լինում քանդակագործ Ալեքսանդր Կալդերը, ֆրանսիացի սյուրռեալիստ նկարիչներ Իվ Թանգուին եւ Անդրե Մասոնը, ինչպես նաեւ վերջիններիս կանայքՙ Քեյ Սեյջը (ամերիկացի սյուրռեալիստ) եւ Ռոզ Մասոնը:
Մարտի 6-ին Ժյուլիեն Լեւիի թանգարանում բացվում է «Արշիլ Գորկի» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվում են նախորդ տարվա նրա կտավները, ներառյալ «Կանկառի (արտիճուկ) տերեւը բու է» (Նյու Յորքի Արդի արվեստի թանգարան), «Մեկ տարեկան կաթնախոտը», «Ծաղկավետ ջրաղացի ջուրը» եւ «Ինչպես է մայրիկիս ասեղնագործած գոգնոցը բացահայտվում իմ կյանքում» ստեղծագործությունները: Անդրե Բրետոնը, ով նախապես օգնել էր Գորկուն կտավների վերնագրերի ընտրության հարցում, այդ առթիվ տպագրված կատալոգի առաջաբանում (վերնագրվածՙ «Աչքիՙ տեսողության զսպանակը: Արշիլ Գորկի») նկարագրում է Գորկուն որպես «առաջին նկարիչը, որն ամբողջությամբ բացահայտել է (աչքիՙ տեսողության զսպանակի) գաղտնիքը... Այստեղ մենք բոլորովին նոր արվեստ ենք տեսնում... ցատկ սովորականից եւ մեր գիտեցածից այն կողմՙ նշելու լույսի անբասիր շողով ազատության իսկական զգացումը»: Դժբախտաբար ցուցահանդեսի բացմանը շատ քիչ մարդ է ներկա լինում, որովհետեւ Լեւին մոռանում է ժամանակին ուղարկել հայտարարությունները: Կատալոգն էլ քիչ քանակով է տպագրված լինում, բայց մի օրինակ վերոնշյալ Բրետոնի հոդվածից պահպանված է Էթել Շվաբախերի թղթապանակում (1940-1975, N 69-64) Սմիթսոնյան հաստատությունում (Վաշինգտոն):
Մարտի 24-ին լույս է տեսնում Կլեմենտ Գրինբերգի հոդվածը «Նեյշըն» պարբերականում, որտեղ Գորկու ցուցահանդեսի վերաբերյալ հեղինակը գրում է. «Մի կարճ ժամանակ առաջ նա պայքարում էրՙ գտնվելով Պիկասոյի եւ Միրոյի ազդեցությունների ներքո: 10 տարի առաջ նրա այդ ազդեցությունների տակ ընկնելը, ապացույց էր նրա լրջության եւ զգոնության, բայց որ այդքան երկար մնաց, արդեն վհատեցնող է»:
Գորկու մահվանից հետո, սակայն, Վուլֆգանգ Շվաբախերին գրած իր նամակում (1948 թ. դեկտեմբերի 17) Գրինբերգն անդրադառնում է վերոնշյալ հոդվածինՙ նշելով. «Ես չեմ գրախոսել Գորկու 1947 թվի գծանկարների ցուցահանդեսը, բայց «Նեյշըն» պարբերականում լուսաբանել եմ նրա 1945-ի ցուցահանդեսը եւ այժմ ափսոսում եմ այնտեղ նշածս (մեծ մասամբ մանրախնդրությունից դրդված) շատ տողերի համար»: Նույն տարվա օգոստոսի 25-ին Հ. Բրեդբերիին գրած իր նամակում Գրինբերգը խոստովանում է. «Գորկին այս երկրում ապրող 4 թե 5 խոշորագույն նկարիչներից մեկն էր: Ավելին, նա իր սերնդիՙ աշխարհի նկարիչների մեջ կարեւորագույններից մեկն էր եւ կարող էր Փարիզում, Լոնդոնում, թե Հռոմում ավելի քան ինքնուրույն լինել»: Այս երկու նամակները պահպանված են Նյու Յորքի «Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի Ֆրենսիս Մուլհոլ Աքիլլես գրադարանում» («Արշիլ Գորկու ուսումնասիրությունների հավաքածոն» բաժնում):
Վերահրատարակվում է Բրետոնի «Սյուրռեալիզմն ու նկարչութունը» ուսումնասիրությունը (առաջին անգամ տպագրված 1928-ին), որտեղ հեղինակն ընդգրկում է նաեւ իր «Աչքիՙ տեսողության զսպանակը: Արշիլ Գորկի» հոդվածը:
Մայիսի 14-ից հուլիսի 7-ը Գորկու կտավները ընդգրկվում են «Խնդիրՙ քննադատների համար» խորագրով Նյու Յորքի «Պատկերասրահ 67-ում» բացված ցուցահանդեսում, որտեղ ներկայացված են լինում նաեւ Ադոլֆ Գոթլիբի, Լի Կրասների, Պոլոքի, Ռոտկոյի եւ այլոց կտավները: Ցուցահանդեսի առթիվ արտասանած իր խոսքում պատկերասրահի սեփականատեր Հոուարդ Պուտցելըՙ Պեգգի Գուգենհայմի նախկին օգնականն ու խորհրդատուն, հայտարարում է. «Հավատացած եմ, որ մենք այժմ ականատես ենք լինում նոր ամերիկյան նկարչության ծնունդին»:
Հուլիսի 4-ին Գորկին Վարդուշին հասցեագրած իր նամակում (Ռոքսբերիից) նշում է, որ առաջին անգամ ֆինանսական հոգսեր չունի:
Օգոստոսի 8-ին ծնվում է Գորկու երկրորդ դուստրըՙ Յալդան, որին հետագայում վերանվանում են Նատաշա:
Սեպտեմբերին , երբ Դեյվիդ Հերը վերադառնում է Ռոքսբերի, Գորկին իր ընտանիքի հետ տեղափոխվում է Շերման (Կոնեկտիկուտ), որտեղ ապրում է ընկերոջՙ ճարտարապետ Հենրի Հեբբելնի եւ նրա կնոջՙ Ջինի հետ: Վերջիններս իրենց նկուղը բարեկարգում են, որպեսզի Գորկին որպես արվեստանոց օգտագործի:
Հոկտեմբերի 11-ից դեկտեմբերի 9-ը Գորկու «Ինչպես է մայրիկիս...» կտավը ցուցադրվում է «Կառնեգի ինտերնեշնլ»-ում (Պիտսբուրգ):
Նոյեմբերի վերջերին Մուկուչի հետ Նյու Յորք է մեկնումՙ ներկա գտնվելու Ուիթնի թանգարանում ամսի 27-ին բացվող տարեկան ցուցահանդեսին, որտեղ ներկայացված է լինում իր «Գայթակղեցնողի օրագիրը» կտավը եւ նաեւ Բրետոնի պատվին տրված ճաշկերույթին: Բրետոնը շուտով մեկնելու էր Հաիթի: Ճաշկերույթին ներկա են լինում նաեւ Էնրիկո Դոնատին, Մարսել Դյուշանը, Մաքս Էռնստը, Էստեւ Ֆրանսեզը, Ֆրեդերիկ Քիզլերը եւ ուրիշներ:
1946-ի հունվարի 26-ին Շերմանում գտնվող Գորկու արվեստանոցում բռնկված հրդեհը ոչնչացնում է ավելի քան քսան կտավ (ներառյալ երկու կտավ «Գութանն ու երգը» թեմայով), Մուկուչի մի քանի դիմանկարները եւ «Նրանք հափշտակելու են իմ կղզյակը» թեմայի ոճով արված Գորկու այլ աշխատանքները: Գծանկարներից եւ իր փայփայած գրքերից շատերը նույնպես հրո ճարակ են դառնում:
Մարտի 5-ին ենթարկվում է հաստ աղիքի քաղցկեղի վիրահատության Նյու Յորքի «Մաունթ Սինայ» հիվանդանոցում:
Մարտի 19-ին Նյու Յորքի «Նյու լենդ ֆաունդեյշն» հիմնարկությունը նրան է շնորհում հազար դոլարի արվեստի ընկերակցության կրթաթոշակը: Դրանում իր դերակատարությունն է ունենում հիմնարկության տնօրեն եւ Գորկու հովանավորներից Վուլֆգանգ Շվաբախերը: «Նյու լենդ ֆաունդեյշնը» հիմնադրվել էրՙ օժանդակելու նացիստական երկրներից գաղթած արվեստագետներին եւ փախստականներին:
Ապրիլի 9-ից մայիսի 4-ը Ժյուլիեն Լեւիի պատկերասրահում բացվում է «Արշիլ Գորկու կտավները» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են լինում նրա «Ածխացած սիրելիներ II» (1946 թ.) աշխատանքը, որը նվիրված է հրո ճարակ դարձած իր կտավների հիշատակին, ինչպես նաեւ «Անհասանելին» (1945 թ.) եւ «Մերկ» ստեղծագործությունները: Կլիմենտ Գրինբերգն այս անգամ իր վերլուծական հոդվածում գրում է «Nation» (Նեյշըն) պարբերականի մայիսի 4-ի համարում. «Գորկու տասնմեկ յուղաներկ կտավների այս ներկա ցուցահանդեսը... վկայում է ոչ միայն նրա ինքնահաստատման մասին, այլեւ մեզ տալիս է ժամանակակից կտավների լավագույն նմուշներՙ երբեւէ նկարված որեւէ ամերիկացու կողմից»:
Ամառվանից մինչեւ նոյեմբեր Գորկին, իր ընտանիքի հետ դարձյալ «Քրուքիդ Ռան ֆարմում» է, որտեղից վերադառնալուց մի քանի օր առաջ նա Վարդուշին գրում է. «Այս ամառ շատ նկարներ ավարտեցիՙ 292 հատ: Ոչ մի ուրիշ ժամանակ ինձ երբեւիցե չի հաջողվել այսքան շատ նկարել, եւ դրանք իսկապես գերազանց են»:
Սեպտեմբերի 10-ից դեկտեմբերի 8-ը «Արդի արվեստի թանգարանում» բացվում է Դորոթի Միլերի կազմակերպած «14 ամերիկացիներ» ցուցահանդեսը: Գորկուն նվիրված սրահում ներկայացվում են վաղ շրջանի գլուխգործոցըՙ «Նկարիչը եւ իր մայրը» (1926-36 թթ.), ինչպես նաեւ նախորդ տարվա իր կտավներիցՙ «Գայթակղեցնողի օրագիրը», «Անհասանելին» եւ «Բնանկարի սեղանը»: Ներկայացված մյուս նկարիչների թվում են եղել Դեյվիդ Հերը, Ռոբերտ Մաթերուելը, Իսամու Նոգուչին, Թեոդոր Ռոսզաքը, Սոլ Սթայնբերգը եւ Մարկ Թոբին:
Անդրե Բրետոնը հրապարակում է անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով իր բանաստեղծությունների հատորըՙ վերնագրված «Young Cherry Trees Secured against Hares/Jeunes Cerisiers garantis contre les lievres» («Նապաստակներից պաշտպանված մատղաշ կեռասենիները»), որտեղ տեղ են գտնում Գորկու գծանկարների վերատպությունները: Իսկ ընդամենը 25 օրինակով հրատարակված «Լյուքս» հատորներումՙ Գորկու 2 գծանկարները:
1947-ի փետրվարի 15-ից 28-ը Նյու Յորքի Հյուգո պատկերասրահում բացված «Արյան բոցեր» ցուցահանդեսում (կազմակերպված արվեստաբան եւ սյուրռեալիստական ոճի բանաստեղծ Նիկոլաս Կալասի կողմից) Դեյվիդ Հերի, Ուիֆրեդո Լեմի, Ռոբերտո Մատտայի, Իսամու Նոգուչիի եւ այլոց թվում ներկայացված են լինում նաեւ Գորկու կտավները:
Փետրվարի 18-ին Ժյուլիեն Լեւhի պատկերասրահում բացվում է «Արշիլ Գորկի: Գունավոր գծանկարներ» ցուցահանդեսը: «Արտնյուզ 46» N1-ում (մարտ, 1947) տպագրված նյութը այնքան էլ դրական չի լինում:
Խուան Միրոն ժամանում է Նյու Յորքՙ աշխատելու Ցինցինատիում (Օհայո) «Տերաս Պալաս հոթելի» որմնանկարների վրա: Գորկի ամուսինները նրա պատվին ճաշկերույթ են տալիս «36 Յունիոն սքուերում»:
Ամռանը Մուկուչն ու երեխաները գնում են Կաստին (Մեյն), Մուկուչի մեծ մորաքրոջ (կամ հորաքրոջ) Մերիոն Հոսմերի մոտ: Օգոստոսին շատ կարճ ժամանակով Գորկին այցելում է նրանց: Մնացյալ ժամանակը նա աշխատում է Նյու Յորքումՙ ավարտին հասցնելով իր գլուխգործոցներից «Նշանդրեք», «Հոգեվարք» եւ «Ամփոփում» կտավները:
Դեկտեմբերին ընտանիքը վերադառնում է Շերման (Կոնեկտիկուտ) եւ մնում Հեբբելնսների վերանորոգված ագարակում, որը ծանոթ է «Ապակյա տուն» անունով: Գորկին ծանրագույն հուսահատության նշաններ է ցույց տալիս եւ սկսում խոսել ինքնասպանության մասին:
Դեկտեմբերի վերջերին հայրը մահանում է Փրովիդենսում: Գորկին չի մասնակցում թաղմանը: Ենթադրյալ վարկածներից մեկն այն է, որ նրան չէին տեղեկացրել այդ մասին: 1955-ի փետրվարի 8-ին Էթել Շվաբախերին գրած նամակում Վարդուշը հիշատակում է. «Մեր հայրը Գորկուց մոտ 6 ամիս առաջ մահացավ, բայց Գորկին այդ մասին չգիտեր, որովհետեւ ես նրան չէի ասելՙ հաշվի առնելով նրա հոգեվիճակը»:
1948-ի փետրվարին «Ապակյա տունը» դառնում է «Լայֆ» պարբերականի նյութերից մեկը, որին կից ներկայացվում է նաեւ Գորկու եւ իր ընտանիքի լուսանկարները:
Փետրվարի 29-ից մարտի 20-ը Ժյուլիեն Լեւիի պատկերասրահում տեղի է ունենում Գորկու 4-րդ անհատական ցուցահանդեսը: Գրինբերգը «Նեյշընում» գրում է. «Գորկին վերջապես գտել է իրեն եւ իր ուրույն տեղն է զբաղեցնում ժամանակակից Ամերիկայի հազվագյուտ նկարիչների շարքում, որոնց աշխատանքներն ունեն ավելի քան ազգային կարեւորություն»: («Նեյշըն», մարտի 20, 1948 թ., էջ 331):
Հունիսի 17-ին ամուսնական դժգոհություններից դրդված Մուկուչը մի քանի օրով հեռանում է Շերմանից: Հարաբերություններ ունենում Մատտայի հետ: Վերադարձին, Մարոյի եւ Նատաշայի հետ «Քրուքիդ Ռան ֆարմ» մեկնում:
Հունիսի 26-ին Գորկին օրն անցկացնում է Ժյուլիեն Լեւիի եւ նրա կնոջ հետ: Վերադարձինՙ ղեկին նստած Լեւին անձրեւի պատճառով կորցնում է ավտոմեքենայի տիրապետումը, եւ մեքենան գլորվում է բլուրն ի վար: Գորկու պարանոցն ու անրակն են վնասվում, նա մեկ շաբաթ հիվանդանոցում է մնումՙ ցավերի մեջ:
Հուլիսի 5-ին դուրս է գրվում հիվանդանոցից, վզին կաշվից ու մետաղից հատուկ սարքավորումով, ձեռքը անշարժացած, նկարելու կարողությունը կորցրած: Մուկուչի հետ առանձին մի շաբաթ է անցկացնում, որից հետո երեխաները միանում են նրանց:
Հուլիսի կեսերին ընկճվածության հոգեվիճակը խորանում է եւ Մուկուչի հետ հարաբերությունները վատթարանում:
Հուլիսի 16-ին Մուկուչը հեռանում է նրանիցՙ իր հետ տանելով երեխաներին: Շվաբախերներին ամսի 18-ին գրած նամակում նա նշում է.«Իրավիճակն անտանելի է, այլեւս տանել չեմ կարող»:
Հուլիսի 21-ին ձերբազատվելուց հետո վզի կապանքից, Գորկին իրեն կախում է «Ապակյա տան» մոտ գտնվող չարդախում, թողնելով կարճ մի գրությունՙ «Մնաք բարով, սիրելիներ»: Նրան այդ վիճակում հայտնաբերում են Փիթեր Բլումը եւ Մալկոլմ Քոուլին:
Նրան թաղում են Շերմանում կանաչապատ բլրի վրա գտնվող մի եկեղեցու հարեւանությամբ գործող փոքրիկ գերեզմանատանը:
Թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Նկար 1. Գորկին ուսանողների հետ
Նկար 2. Գորկին քրոջՙ Վարդուշի եւ նրա ամուսնուՙ Մուրադ Մուրադյանի հետ: