ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր
1974 թվից աշխատում էի Գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտի գրական եւ մշակութային կապերի բաժնում: Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի արխիվներում նյութեր էի հավաքում «Ավետիք Իսահակյանի ուսման տարիները Գերմանիայում» աշխատության համար, որը նորովի պիտի արտացոլեր գերմանական պոեզիայի եւ փիլոսփայության (Շոպենհաուեր, Նիցշե) նրա ընկալումերը եւ կրած ազդեցությունները: Այդ ժամանակ էր, որ Իսահակյանի անմշակ արխիվում հանդիպեցի բանաստեղծությունների մի տետրի, որտեղ բանաստեղծությունների արանքում գրված էր. «Ներքեւում երգում էին քո երգը,- սիրտս լցվեց - եւ ես գրեցի հետեւյալ ստիխը.
Որքան գնում այնքան խոնարհ,
Այնքան անհուն եւ այնքան ջերմ
Ես խոնարհում եմ քո առջեւ
Ե՛վ սեր, ե՛ւ սիրտ, ե՛ւ քնար:
Արդեն ցնորք է անհնար
Ունենալ երգ այդքան նայիվ,
Որ հմայե երեխային,
Եվ ծերունու սրտում մնա...
Այստեղ ես ընդհատեցի կնոջս` Ռիմային, որն ինձ համար կարդում էր այս տողերը եւ ասացի շատ վճռական, որ դա Չարենցի գրածն է: Կինս մի անգամ էլ ստուգեց Իսահակյանի ձեռագիրը, որին ինքը լավ ծանոթ էր նախորդ բազմաթիվ վավերագրերից եւ համոզված ասաց, որ դա հենց Իսահակյանի ձեռքով է գրված: Հաջորդ օրը հանրային գրադարանից վերցրինք Չարենցի երկերի 6-րդ հատորը, որ կազմել է բանասիրական գիտությունների դոկտոր Ալմաստ Զաքարյանը եւ այնտեղ գտանք Չարենցի վերջին նամակը Ավետիք Իսահակյանին` գրված բանտից, 1937-ի սեպտեմբերի 27-ին եւ հոկտեմբերի 6-ին, դրա հետ նաեւ 20 տողանոց մի բանաստեղծություն` նվիրված Իսահակյանին: Նամակը եւ բանաստեղծությունը գրված էին եղել թաշկինակի վրա մատիտով, իսկ վերջում Չարենցը ռուսերեն դիմում է իր կնոջը` Իզաբելլա Նիազյանին, որ թաշկինակը զգուշությամբ հանձնի Ավետիքին` «բայց այնպես, որ ոչ ոք բացարձակապես չիմանա եւ չտեսնի: Ասա նրան, որ կարդալուց հետո ոչնչացնի, կամ, եթե ուզենա պահել, պահի այնպես, որ ոչ ոք չիմանա, եւ որ բացարձակապես ոչ ոքի ցույց չտա...»:
Ինչպես պատմել է ինքը` Իզաբելլան, 1968 թվի աշնանը, Երեւանում գտնված ժամանակ, երբ հյուրընկալվել է նկարչուհի Ռեգինա Ղազարյանի տանը (Բարեկամության եւ Պռոշյան փողոցների խաչմերուկում), նամակը ինքը տարել է Իսահակյանի մոտ ցերեկով` ուրիշներից աննկատ, կիսաբաց դռնից հանձնել վարպետին եւ իսկույն հեռացել. նա վախճանվել է Երեւանում, 1969թ. փետրվարին: Թաշկինակը այժմ գտնվում է ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Ավիկ Իսահակյանի անձնական արխիվում: Չարենցի այս վերջին նամակի մասին նա մանրամասն գրել է 2009 թվին «Ազգային գաղափարախոսություն» ամսագրում, որին ափսոս չկարողացա ծանոթանալ:
Բանաստեղծությունների վերոհիշյալ տետրից երեւում է, որ թաշկինակը ստանալուց հետո, վարպետը նամակը եւ բանաստեղծությունը, առանց Չարենցի եւ իր անունը հիշատակելու, գրի է առել իր ոտանավորների արանքում մի առանձին տետրում, որպեսզի թաշկինակը կորցնելու կամ ոչնչացվելու դեպքում գոնե փրկի կորստից Չարենցի վերջին բանաստեղծությունը:
Իսահակյանըՙ մի տասնամյակ առաջ` 1926 թվին, Փարիզից ժամանակավորապես Երեւան վերադառնալով, բարեխոսեց վերադաս անձանց մոտ, որպեսզի մեղմացնեն ուղղիչ տանը գտնվող Եղիշե Չարենցի դատավճիռը եւ ժամանակից շուտ ազատ արձակեն նրան: 1937-ի ապրիլին Գրողների միության նիստում, ընդամենը ամիսներ առաջ վերջնականապես հայրենիք վերադարձած Իսահակյանը կրկին տխուր անհրաժեշտություն ունեցավ հանդես գալու ի պաշտպանություն անողոք հալածանքի ենթարկվող եւ Գրողների միությունից վտարված Ե. Չարենցի: Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Հենրիկ Բախչինյանի հրատարակած չարենցյան վավերագրերի «Չարենցապատում» ժողովածուում զետեղված է Ավետիք Իսահակյանի ելույթը հիշյալ նիստում, որ իսկապես պատիվ է բերում վարպետին. «...Ես, նախ եւ առաջ, բոլշեւիկ չեմ եղել եւ չեմ կարողացել այդ բոլորը յուրացնել, որ իքսին կարելի է բարեւել, իսկ մեկ ուրիշին` ոչ: Եվ, եթե Չարենցը բանտումն էլ լիներ` ես կգնայի տեսնելու...: Այնպես որ գնացել եմ: Նախ եւ առաջ ես նրան շատ մեծ գրող եմ ճանաչում, որպես մարդ` թողնենք մի կողմ, անհավասարակշիռ է եւ այլն, բայց որպես գրող ես գնահատել եմ նրան... Հետո հարցրել եմ` ինչու՞մն են քեզ մեղադրել, եւ նա երդվել է իր կնոջով, իր երեխայով, Հայաստանով, ամեն բանով, որ ինքն անմեղ մարդ է, միակ հանցանքն այն է, որ նա գրել է մի ոտանավոր, որի մասին դուք գիտեք, եւ ասում էր, որ այդ մասին ինքը միայն Ակսելին է ասել, եւ Ակսելն էլ իրեն դավաճանել է...»: Այստեղ խոսքը Ակսել Բակունցի մասին է, որն այդ ժամանակ մեղադրվում էր Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուում (1934թ.) «Պատգամ» բանաստեղծության տողերի երկրորդ տառերով կազմված գաղտնի ակրոստիքոսը մատնելու համար` «Ո՜վ հայ ժողովուրդ քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
Նա իր Պատգամը ազգին պատգամեց`
Դու միշտ իմաստուն, բայց ո՛չ միշտ խելոք,
Թե անգամ ինքը` Փրկիչն էլ գա մեծ,
Միաբանվելը կփրկի քեզ լոկ:
Աստվածաշնչից մինչեւ ձեր ծառան
Գրվել են դարեր բյուր ակրոստիքոս,-
Այս գիրքը միայն չներվեց նրան
Ու այրվեց որպես պիղծ հերետիկոս:
Լուսավորվել է աշխարհը կարծես,
Խավարն էլ ոնց որ շատ չի թանձրանում,
Երբ միջնադարյան տիտանների պես
Գրքերն են արդեն խարույկ բարձրանում:
Թեեւ նամակի վերջում Չարենցը գրում է, թե «Ոգով պայծառ եմ եւ առույգ, ընտանիքի հոգսն է միայն ինձ հոգեպես ընկճում եւ հոշոտում», բայց հասկանալի է, թե «ոգով պայծառ եմ եւ առույգ» բառերը ի՞նչ իմաստ ունեին բանտից գրող մի տանջահար բանաստեղծի համար, որ 1 ամիս 21 օր հետո` նոյեմբերի 27-ին, վախճանվելու էր նույն բանտում եղերական մահով: Այդ բառերը նշանակում էին` «Ես այսպես ասացի, դու այնպես հասկացիր»: Գուցե եւ Չարենցը իր նամակով գաղտնի հույս էր փայփայում, որ Իսահակյանը կարող է այս անգամ էլ, ինչպես 1926-ին, իր հեղինակությամբ փոխել ճակատագրի ընթացքը, բայց ժամանակները առավել քան զարհուրելի էին: Հասկանալի է, թե ինչ մեծ վտանգի էր ենթարկում իրեն Իսահակյանը թե՛ 1937-ի ապրիլին ՀԳՄ-ի նիստում ունեցած ելույթով եւ թե՛ հոկտեմբերին Չարենցի թաշկինակ-նամակը ընդունելով:
1960-80-ական թվերին «Սովետական դպրոց», այնուհետեւ «Դպրություն» վերանվանված շաբաթաթերթի խմբագրությունում աշխատում էր մի շատ ազնիվ եւ համեստ գրական մշակ` Հայկ Մելքումյանը, որը իմ պատանեկության տարիներին ընտանիքով ապրում էր Գետառին առափնյա մեր բակում, այժմյան Գր. Լուսավորչի տաճարի տեղում: Նա եւս երիտասարդ հասակում բանաստեղծություններ էր գրել եւ ցույց էր տվել Եղիշե Չարենցին: Իմ մանկությունն ու պատանեկությունը զուգադիպեցին այն շրջանին, երբ Չարենցը եւ Բակունցը արգելված գրողներ էին: Հ. Մելքումյանը հայրական գորովանքով էր վերաբերվում ինձ ու իմ պատանեկան բանաստեղծություններին եւ առանձնակի վստահելով ինձ` կիսաձայն պատմում էր, թե 1937-ի հունիսի 8-ի լուսաբացին Բակունցին գնդակահարելիս, նրա վերջին խոսքերն են եղել. «Ժողովրդի համար լացող աչքերը բոլորից շուտ են կուրանում»: Իբր այդ խոսքերը հաղորդել է բանտի պահակը, որը ներկա է եղել 38-ամյա տարաբախտ գրողի մահապատժին:
Ինչ հե՜շտ է մեկին դարձընել մատնիչ,
Երբ է՛լ կասկածին չես ընդդիմանում,
Երբ խարդավանող մի դժնի քննիչ
Կորզած ցուցմունք է դեմքիդ դեմ անում:
Ինչ հե՜շտ է դահիճ դարձընել մեկին...
Բայց գիտե՞ս, Չարենց, ո՜վ մեծ Բրահման,
Ի՞նչ ասավ Բակունցն այն օրվա ծեգին,
Երբ տանում էին գնդակահարման:
Իսկ Բակունցն ասավ, երբ եղկ քաջքերը
Մութ խցից մահվան ձորն էին տանում.
«Այս ազգի համար լացող աչքերը,
Ավա՜ղ, բոլորից շուտ են կուրանում»:
Այն լուսադեմին եթերում վերին
Մի աստղ պայծառ ցոլաց ու շիջավ,
Եվ ալպիական մանուշակներին
Այնժամ ցողի տեղ արտասուք իջավ:
Այդ մահապատժին, որն ինքնին իսկական ոճրագործություն էր, արժանանում էր մի գրող, որի «Ալպիական մանուշակ» պատմվածքը հետագա տասնամյակներում դպրոցի շրջանավարտների եւ ԲՈՒՀ-երի դիմորդների համար մշտական քննության թեմա պիտի դառնար: Կարծես հանցապարտ հասարակարգը որոշել էր դրանով քավել իր մեղքը` 1937-ին գործած ամենաանիրավ մահավճռին զոհ գնացած երիտասարդ տաղանդավոր գրողի հիշատակի առաջ:
Իմ ծանոթությունը Չարենցի պոեզիային հենց 1932-ին հրատարակված այն մեծադիր հատորի հետ է կապված, որը մեր հարեւան Հայկ Մելքումյանը եւ նրա կինը` Ելենա Աթոյանը, խնամքով պահում էին իրենց տանը այդ վտանգավոր ժամանակներում: 1956թ-ին, երբ կազմակերպեցի կույրերի համար ուռուցիկ տառերով գրքերի տպարան, որպես գլխավոր խմբագիր առաջինը հրատարակեցի անհիմն բռնադատված եւ հենց նոր արդարացված Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուրը» եւ Եղիշե Չարենցի նոր լույս տեսած «Ընտիր երկեր» ժողովածուն` վերջինիս մեջ մտցնելով նաեւ մի քանի գեղեցիկ բանաստեղծություններ 1932-ի հրատարակությունից:
Դեռ 1987 թվին Չարենցի նահատակման 50-րդ տարելիցին իմ գրած «Եղերերգ Եղիշե Չարենցին» բանաստեղծության մեջ ջանացել եմ պատկերել երկու բանաստեղծների` Չարենցի եւ Բակունցի կյանքի վերջին, եղերական ճակատագրերը` վերջապես ամեն ինչ կոչելով իրենց անուններով: Այդ տարի ասում էին, թե իբր Չարենցի դիակը բանտից տարել են հացի ավտոյով, թե փակ ֆուրգոնով, եւ ոմանք, դա օգտագործելով, բարձր ամբիոնից հայտարարում էին, թե «Չարենցը մեր հացն է»: Բայց թեթեւամտություն կլիներ սոսկալի ողբերգությունը անհամ սրախոսության նյութ դարձնել:
Դեսպոտը փայլ է կորզում հանճարից,
Որ շուք տա իրեն մտքի, արվեստի.
Բայց ծպտյալ անգամ բարուց ու չարից
Թույլ չի տա ոչ մի հանճար ըմբոստի:
Ըմբոստ ես` պիտի ձեռնասուն դառնաս,
Մտքիդ ու լեզվիդ կրես ժանտ շղթան.
Ըմբոստ հանճարին էլ ի՜նչ վեհ Պառնաս-
Նրա բարձունքն է միայն Գողգոթան:
Ու այսպես ելավ վերջին ճանապարհ,
Գիտեր` գնում է դեպի էշաֆոտ.
Թողել էր ետեւ կուռքեր չարափառ,
Թողել անցյալում շորշոփ ու շփոթ:
Եվ ինչո՞ւ իրեն նա կոչեց Չարենց,-
Ո՞ւմ էր սպառնում իր այդ անունով,
Երբ ինքը իրեն խաչին չարչարեց
Ու վերջին երգը գրեց արյունով:
Երգել էր անգամ «Իլյիչ եւ կոշիկ»,
Հեղափոխություն, թշվառին անտուն.
Երազեց, Սոմա՛ հմայքը քո շիկ,
Մեռավ` մարդասեր Սովետի բանտում:
Ինձ թվում է, թե մեր սերունդը դեռեւս լրիվ չի գիտակցել «1937» թվականի ամբողջ ճիվաղային սարսափը. դա մի մահասփյուռ սահմանագիծ է, որից այն կողմ մնացին շատ պայծառ ու հանճարեղ գլուխներ, տարեթվի ձեւ ունեցող մի սարսափելի գիլյոտին, որը պայծառ եւ հանճարեղ գլուխների վիթխարի բուրգեր էր ստեղծում մի անծայրածիր երկրում, որտեղ մարդը ամենաթանկ կապիտալն էր համարվում. կարծես այդ «պայծառ ու հանճարեղ գլուխները» ոչինչ չարժեցող բաներ էին: 1937-ը չխնայեց անգամ ռազմական արվեստի եւ հայրենասիրության խորհրդանիշ դարձած հայ նվիրյաներին` Սարդապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս Մովսես Սիլիկյանին, երիտթուրք մարդակեր Ջեմալ փաշայի կյանքին Թիֆլիսում վերջակետ դրած Արտաշես Գեւորգյանին, Լենինի ծննդավայր Սիմբիրսկը Սպիտակներից ազատագրած, Երկաթե դիվիզիայի հրամանատար Հայկ Բժշկյանցին: Նույն ճակատագրին արժանացան հասարակական մտքի եւ փիլիսոփայության հայ երեւելի գործիչներ` Մարքսի «Կապիտալ»-ը գերմաներենից թարգմանած Թադեւոս Ավդալբեգյանը, Կանտի` «Զուտ բանականության քննադատությունը» փիլիսոփայական գլուխգործոցի եւ Կոմունիստ գրող Անրի Բարբյուսի «Կրակ» վեպի թարգմանիչ Վարազդատ Տերոյանը: Կարող էր թվալ, թե հակահեղափոխական մի գիշատիչ ուժ, իշխանության գալով խժռում է հեղափոխության ու ժողովրդի նվիրյաներին: Իրականում, հեղափոխությունն ինքն էր խժռում իր զավակներին:
1937-ի պատուհասը կորսատբեր եղավ ի մասնավորի, եւ արեւելահայ գրականության համար - Չարենցի, Բակունցի, Թոթովենցի եւ, զարհուրելի է գիտակցել` նույնիսկ «ամենայն հայոց բանաստեղծ» հռչակված Հովհաննես Թումանյանի անհիմն բռնադատված երեք որդիների եւ այլոց եղերական վախճանով: 1937-ը հայ ժողովրդի ծանր փորձությունների օրացույցում անմիջապես հաջորդում է 1915 ին, երբ եղեռնազարկ եղավ արեւմտահայ բանաստեղծների ու գրողների փայլուն պլեադան` Դանիել Վարուժան, Ատոմ Յարճանյան, Ռուբեն Սեւակ եւ ուրիշ շատեր: Նրանց բոլորի գրական մեծ վաստակը հպարտության բերկրանքի հետ դառը կսկիծ է թողնելու երկար դարեր հայ ժողովրդի ապագա սերունդների սրտում: