ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2011-03-05 | #5, 2011-03-19 | #6, 2011-04-02


ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈՆ-ՔԻՇՈՏԸ

(Գուրգեն Մահարի-Արշակ Չոպանյան)

Զանգահարեց 83-ամյա բարեկամ-ազգակիցս Վանիկ Աճեմյանը, որի փաղաքուշ անունը ոչ մի կապ չունի Հովհաննեսի կամ Իվանի հետ, այլ` ուրարտա-հայկական հինավուրց քաղաքի:

Նա շնորհավորեց Գուրգեն Մահարու հոր սպանության մասին հոդվածի համար, համարելով այն կարեւոր Աճեմյանների տոհմաբանությունում: Խոսքի մեջ հայտնեցի, որ պատրաստ են «Գուրգեն Մահարին եւ ռուս գրականությունը» եւ «Մահարի-Սեւակ» հոդվածները:

- Իսկ կարո՞ղ ես գրել.- նա մի պահ լռեց եւ վրա բերեց,- «Մահարի-Չոպանյան»...

- Ոչ,- հանկարծակիի եկա ես:

Նա մի «հը՜մ» բաց թողեց, որի իմաստը կհասկանայի, եթե այդ պահին տեսնեի դեմքը, եւ մի քանի ընդհանուր խոսքերից հետո «բարի գիշեր» մաղթելով ավարտեց հեռախոսազրույցը:

Թե ինչու` Արշակ Չոպանյան, չգիտեմ եւ երեւի չհարցնեմ: Գիտեմ միայն, որ ողջ գիշերը մտքիս ծալքերում քանդում էի Մահարի-Չոպանյան կապերի կծիկը, իսկ առավոտյան վեր կացա հաստատ որոշմամբ, որ այդ հոդվածը ոչ թե կարելի է գրել, այլ անհրաժեշտ է:

Այդպես եղավ, որ «Մահարի-Չոպանյան» հոդվածն առաջ ընկավ թվարկվածներից: Այն գրվեց մեկ շնչով, հաշված օրերում...

Հեշտացել, շատ է հեշտացել մեր օրերում «հոդված գրելը», եթե ունես տվյալների հավաքածոն: Դա նման է լավաշ թխելուն: «Բացում» ես խմորը, այսինքն պետքական տվյալները, կցում-կցմցում, իջեցնում «թոնիր», վերջում, ինչպես հացթուխների մոտ եւ գրականությունում, ավելացնում ես ջուր, որ «փափկի», եւ «լավաշը», որ թարգմանի` հոդված, պատրաստ է: Չգիտես ցավակցես, թե ուրախացնես խմբագրին:

***

Մահարի Չոպանյան: Ի՞նչ ընդհանուր բան կարող էր լինել սփյուռքահայ գրող, քննադատ, բանասեր, խմբագիր, հասարակական գործիչ Չոպանյանի եւ խորհրդահայ գրող Մահարու միջեւ: Արշակ Չոպանյանը երեսունից անց էր, երբ ծնվեց Մահարին: Մեծ պայմանականությամբ նրանց կարելի է համարել ժամանակակիցներ, քանի որ Մահարու ստեղծագործական կյանքի մի քանի տարիներն են միայն եղել ընդհանուր նրանց մեջ` այն էլ բաժանված երկաթե վարագույրի միջնորմով: Հետագայում դրան գումարվել են «ծաղկած փշալարերը»: Մահացավ Արշակ Չոպանյանը ճիշտ այն օրերին, երբ տասնութ տարվա բռնադատությունից հետո արդարացվում էր Մահարին...

Այնուամենայնիվ կապը կա, եւ առաջին քայլն Արշակ Չոպանյանինն էր: 1929 թ. նա ընթերցողին ներկայացրեց Մահարու բանաստեղծությունները. «Կ՛արտատպենք Հայաստանի երիտասարդ բանաստեղծներէն մէկուն` Գուրգէն Մահարիի երեք երգերը, ձեւով դեռ ոչ բոլորովին անթերի, բայց ուր հայրենի հողի սերն ու անոր վրայ կատարուող վերաշինական բեղմնաւոր եւ խրոխտ աշխատանքին հրճուանքը կ՛արտահատուին զգայուն տողերով» : [1]

Ո՞վ չի շոյվի նման տողերից: Սակայն խորհրդահայ բանաստեղծները պարտավոր էին հպարտությունը քողարկել բողոքով: Հետեւեց Վ. Նորենցի հետ համայնավար թերթին ուղղված համատեղ «Նամակ խմբագրության»ը.

«Հարգելի ընկ. խմբագիր.

Թույլ տվեք Ձեր թերթում տպագրել հետեւյալը.

Գրականագետ Արշակ Չոպանյանն իր «Անահիտ» ամսաթերթում, «երկրի գրողներու ձայնն ալ խառնած ըլլալու համար պանդուխտ հայութեան ձայնին», «Նոր ուղի» [2] ամսագրի էջերից արտատպել է մեր բանաստեղծությունները:

«Երկրի գրողները» երբեք դեմ չեն եղել «իրենց ձայնը խառնելու» արտասահմանյան աշխատավորության ձայնին, բայց հրաժարվելով հրաժարվում են ձայնակցելու մի այնպիսի «պանդուխտ հայի», որպիսին է տխրահռչակ Կ. Զարյանը, որը նույնպես մեծահոգաբար հյուրընկալվել է «Անահիտի» էջերում: [3]

Կ. Զարյանի հերթական խուլիգանական ելույթը «Անահիտի» էջերում Խորհրդային Հայաստանի դեմ` ամենեւին չի ապահովում «երկրի գրողների» բարեկամական հարաբերություններն այդ ամսաթերթի հետ, որն ստանձնել է անհաջող միջնորդի դեր «երկրի գրողների» եւ «պանդուխտ հայության» անվան տակ արտասահմանյան հայ բուրժուազիայի լակեյ Կ. Զարյանի միջեւ: Մի ժամանակ իր բութ գրչով Խորհրդային Հայաստանի անունով երդվող, իսկ այժմ արտասահմանյան հայկական դեղին մամուլի շուկաներում նո՛ւյն այդ գրչի վաճառքով զբաղված Կոստան Զարյանի անունը չի կարող համատեղվել եւ ոչ մի մամուլում:

«Անահիտին» եւ նրա խմբագրին մի բան է մնում, կամ երկրի գրողների, կամ Կոստան Զարյանի հետ. կեղծ, արհեստական կամուրջները միանգամայն ավելորդ են:

Գ. Մահարի, Վ. Նորենց

Հ. Գ. «Երեւան» եւ «Նոր աշխարհ»# թերթերին խնդրում ենք արտատպել»: [5]

Նման բողոքներ հնչում էին բավական հաճախ: Արշակ Չոպանյանը չտպագրեց նամակը եւ չպատասխանեց դրան: Բայց հաջորդ անգամ նա թվարկեց երկու տասնյակ անուններ «Երեւանում ապրող հետեւեալ արժէքաւոր գրողների»` ի բաց առնելով Մահարուն եւ Նորենցին: [6]

Մահարու 1930 թ. էպիգրամների շարքում իր «բաժինն» ուներ Արշակ Չոպանյանը. «/Կոստան Զարյանը /Իր ուղին ունի, /Նորենցըՙ ի՛ր, /Ալեհեր պատանի, /Դու էլ քո՛ ուղին: /Լավ է տգետ լինել, /Լինել անմիտ, /Անուս, Քան փոթորկոտ /Մեր այս դարումՙ /Գիտնական Յանուս» : [7]

1932 թ. Արշակ Չոպանյանը եղավ Բուխարեստում: Նրան ընդունեց երկրի թագավորը: Ռումինիան այդ տարիներին ԽՍՀՄ-ին բարեկամ չէր, եւ Չոպանյանի այցը չքաջալերվեց մեր մոտ: Լույս տեսավ նրա ծաղրանկարը` Մահարու նոր էպիգրամով. «/Դոն-քիշոտատիպ այս կերպարանքը /ոչ մի կապ չունի այն ասպետի հետ, /որը խենթություն դարձրեց իր կյանքը: /Հայ «մտքի», «խղճի» այս մոհիկանը /կախաղանների ու մահի երկրում` /մութ Ռումինիայում, /սեղաններ նստեց թագավորական, /բարբառեց հայոց հանճարից, փառքից, /ու թագավորից ստացավ նշան» : [8]

Դաշնակցական «Հայրենիք» թերթը, որի համար անընդունելի էր ե՛ւ խորհրդային Մահարին, ե՛ւ ռամկավար Չոպանյանը, չարախնդաց «Փոխադարձաբար կը պատուեն...» խմբագրականում.

«Խորհրդային Հայաստան-ի մայիսի 9-ի համարը հրատարակած է ծաղրանկարը Արշակ Չօպանեանի` վերջինիս կարգ մը դասախօսութիւններ տալու համար Պուքրէշ քաղաքը տուած այցելութեան առթիւ:

Ծաղրանկարի մէջ Չօպանեան բռնած է իր ձեռքին հասակէն բարձր գրիչ մը: Վիզէն խաչ մը կը կախէ Ռումինիոյ Կարոլ թագաւորը, որուն մէկ ձեռքէն արիւն կը կաթի, իսկ միւս ձեռքէն վար կը թափուին արեամբ թաթխուած ոսկիներ:

Նկարին մէջ Չօպանեան իր աջ ձեռքը դարձուցած է թագաւորին` թափած արիւնոտ ոսկիները ստանալու համար:

Ի՜նչ խանդավառ տողեր շնորհեց Չօպանեան բանաստեղծ Գուրգէն Մահարիներուն, որոնք ասես ի փոխարինութիւն, իւղ ու մեղր կը լեցնեն իր գլխուն:

Զանազան մութ հաշիւներով իրար միացած բարեկամներու «սէրը» տարբեր պիտի չկրնար ըլլալ»: [9]

Էպիգրամին անդրադարձավ եւ Արշակ Չոպանյանը. «...եւ երբ կը տեսնէք, որ իմ Ռումանիա այցիս առթիւ ոչ միայն «Գրական թերթ» անուն խմբական մասնաւոր օրկանի մը մէջ կը հրապարակուի Ալազանի ցաւագար ու զզուելի յօդուած մը, այլ նոյն իսկ «Խորհ. Հայաստան» պաշտօնաթերթին մէջ կերեւայ ապուշ, տգեղ ծաղրանկար մը` Գ. Մահարիի միջակօրեն չար ոտանաւորով մը... Այսպիսի սխալներ հեռու են արտասահմանի Հայութեան եւ Խորհ. Հայաստանի յարաբերութեանց սերտացման նպաստելէ» : [10]

Չնայած այս ամենին, նույն 1932-ում Արշակ Չոպանյանը ողջունեց Մահարու նոր գիրքը. «Գուրգէն Մահարի ի լոյս ընծայած է «Մանկութիւն եւ Պատանեկութիւն» հատորիկը, զմայլելի գործ մը, հոսուն, թրթռուն արձակով, ուր յուզմունք, խանդաղատանք ու չարաճճի սիրուն սրամտութիւն մը իրարու կը խառնուին, եւ որուն մէջ երիտասարդ գրողը պատմած է Վանի մէջ իր մանկութեան տեսիլները, պատերազմի շրջանին Կովկաս փախուստի ու յետոյ Ալեքսանդրապօլի Ամերիկեան որբանոցին մէջ անցած պատանեկան կեանքի յիշատակները» : [11]

Ավելի խանդավառ էր նա հաջորդ գրքով. «Պետհրատը ի լոյս ընծայած է նաեւ սիրուն տպագրութեամբ հատոր մը, «Մրգահաս» տիտղոսով, որուն մէջ ամփոփուած են Գուրգէն Մահարիի բանաստեղծութիւնները: Մահարի Հայաստանի երիտասարդ սերունդին ամենէն օժտուած գրողներէն մէկն է: Ես կը կարծէի թէ իր արձակով յօրինած արտադրութիւնները աւելի ուժեղ են քան իր ոտանաւոր գրուածքները. այս հատորը, որու մէջ բազմաթիւ գեղեցիկ տաղեր կան, համոզեց զիս թէ ան այնքան լաւ կարտայայտէ ինքզինքը ոտանաւորով որքան արձակով` որուն մէջ ալ արդէն էապէս բանաստեղծ է: Անհաւասար են էջերը զոր այս հատորին մէջ համախմբած է, կան հոն հապճեպով գրուած, չյղկուած կտորներ. կան գեղեցիկ կտորներ ուր անխնամ մասեր կը նկատուին, իր ներշնչման յորդութեան եւ գրելու դիւրութեան ձիրքերը շփացուցած ըլլալ կը թուին զինքը, որով եւ թուղթին վրայ կը թափէ ինչ որ կուգայ ներսէն, առանց միշտ քննադատի աչքով մը տեսիլներուն առաջին արտայայտութիւնը վերամշակելու եւ ներշնչման մաքրութեան համապատասխան ձեւի կատարելիութեան մը հասցնելու: Բայց երբ ձեւն ալ կատարեալ է, ի՜նչքան հմայիչ են իր բանաստեղծութիւնները. գեղեցկագոյն էջերը տաղերն են, ժողովրդական երգերու մօտիկ գնացքով մը եւ գոյնով մը. զիգզագաձեւ երկար քերթուածները նուազ կը սիրեմ. տաղերուն մէջ երիտասարդ, վճիտ, լուսաւոր սիրտ մը կը գտնենք, որ թարմ, պայծառ շեշտերով կերգե իր կեանքին գարունը եւ իր երկրին- մեր նորափետուր Հայաստանին- գարունը» : [12]

Այդ նույն տարվա մեջ նա դասախոսեց Հայաստանի գրականության մասին, որի մասին Ունկնդիրը [Թորգոմյան Վահան] գրեց. «Յիշեց մի առ մի Հայաստանի հին ու նոր բանաստեղծների անունները, Ե. Չարենց, Գ. Մահարի, Ա. Վշտունի, Նորենց, Ալազան, եւ անոնց կարեւորագոյն գործերը» : [13]

Սփյուռքը եւս ուներ իր «խոռոչները», եւ միշտ չէ, որ ողջունվում էին Արշակ Չոպանյանի գնահատականները: Հայր Եղիա Փեչիկյանը «Բազմավէպ»ում մեղադրեց նրան գնահատականների շռայլման մեջ: Արշակ Չոպանյանը պատասխանեց. «Այո՛, ես կը սիրեմ նոր յայտնուող, յուսատու սկսնակներ` որոնց մէջ կը նկատեմ ինքնատիպ տաղանդ եւ անկեղծ ներշնչում լոյսի մէջ դնել, խրախուսել. բայց ոչ մէկ «գրչակի» ածականներ չեմ շռայլած. կը կարծեմ նոր յայտնուող ուժերու գնահատմանցս մէջ ցարդ սխալած չըլլալ, սկսեալ... մինչեւ այս վերջերս ի յայտ եկած նորերը Ն. Պէշիկթաշլեան, Շահնուր, Մահարի եւ այլն» : [14]

Մինչ այդ Հայր Փեչիկյանին ձայնակցել էր «Յուսաբեր»ը: Հակոբ Օշականը, օգտագործելով Չարենցի «արխադաշը», համայնավար մի եռյակի մեղադրել էր գռեհկության մեջ: «Յուսաբեր»ը լայնացրեց մեղադրվող գաղափարական հակառակորդների կազմը «Երկու երրորդութիւններ» խմբագրական նշմարում. «Յ. Օշականը «անապատի օրկանին»` «Արեւ»ի ղրկած իր երէկուան «Անապատի քարոզ» յօդուածին մէջ... կը հարցնէ զարմանալի միամտութեամբ. «Ինչո՞ւ խանդավառուիլ անուններով, որոնք ոչինչ ունին գռեհկութեան այս հերոսներուն հետ: Ինչո՞ւ սրբապղծել Պլօքն ու Հանրի Պարպիւսը` Մահարիի մը, Ալազանի մը կամ Չարենցի մը արգատաշութեան մէջ». Տարօրինակ հարցում: «Գռեհկութիւնները» ե՞րբ սահմաններ կրցեր են գծել: Եւ արդեօք «գռեհկութեան հերոս» Մահարիի, Ալազանի կամ Չարենցի արգատաշութենէն վա՞ր կը մնայ Փարիզի «գռեհկութեան հերոսներ»` Չօպանեանի, Մալէզեանի կամ Եսայեանի մը արգատաշութիւնը» : [15]

Դարեհ Վշտասպյանը «Հոգիով աղքատները» հոդվածում քննադատել էր Մարսելի հայ ակումբը եւ նույնպես մերձեցրել Մահարուն Չոպանյանի հետ` կտրելով նրանց այլ անուններից. «Կոստան Զարեանին չեն հաւնիր. կամայ ակամայ Վարուժանը կընդունին «բանաստեղծամերձ» գրող մը, Համաստեղը կը թաղեն առանց մահազդի ու ծաղկեպսակի, Սիամանթօն սրբած են մատենագրական ցուցակէն, մեր բանաստեղծութիւնը կը հաստատեն երկու լայնանիստ «սիւն»երու վրայ, Թէքէեան եւ Չօպանեան, Օշականը բառամթերք է անոնց համար: Ահարոնեանը վաղուց հինցած է, կը հիանան Մահարիի վրայ» : [16]

1933 թ. Արշակ Չոպանյանը եղավ Խորհրդային Հայաստանումՙ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության մասնակցելու համար: Հայտնի չէ, հանդիպե՞ց նա գրողների հետ, թե՞ միայն վարչարարների: Բայց անվիճելի է, որ նա կազմեց ճիշտ պատկերացում գրական կյանքի մասին: «Տպաւորութիւններ եւ յիշատակներ Խորհրդային Հայաստանէն» հոդվածում նա գրեց. «Մերթ Չարենց մը, Մկրտիչ Արմէն մը, Մահարի մը, Թոթովենց մը` իմաստակութեան հասնող հաւատաքննական խստութիւններն ու ծայրայեղ բծախնդրութիւնները յիշեցնող մարքսամոլութիւնով մը կը դատափետուին» : Կար եւ դրականը. «Իսկ նորայայտ երիտասարդ մտաւորականներու կացութիւնը նախանձելի է պարզապէս. ահա Նորենց մը, Մահարի մը, Ալազան մը... աղքատ տղաք կամ պատերազմի որբեր, որոնք մէկ օրէն միւսը` Խորհրդային րեժիմի պաշտպանութեամբ զօրացած, իրենց կարողութիւնները զարգացնելու միջոցները կը գտնեն...» : Օրինակ էր բերվում «Մրգահաս»ը, որի հրատարակությունը «պատիւ պիտի կարենար բերել եւրոպական մեծ հրատարակչական տան մը» : Տրվում էր նաեւ Փանոս Թերլեմեզյանի վրձնին պատկանող Մահարու դիմանկարը: [17]

1935 թ. «Վանեցի Մահարին» նշվեց «Խորհ. Հայաստանի լաւագոյն բանաստեղծների» շարքում: [18]

Սփյուռքահայ գրողներից միայն Արշակ Չոպանյանն էր, որ ձայն բարձրացրեց ի պաշտպանություն բռնադատված հայ գրողների: «Խորհրդային Հայաստանի գրողներու տրամը» հոդվածում նա գրեց. «Կարդացինք զարհուրանքով` տեղեկատւութիւնը Գրողների Միութեան այն նիստին, ուր ոչ միայն Ն. Զարեան, այլ անհաւատալի՜, անկարելի՜ բան, մեծ տաղանդով գրողներ, հին եւ նոր, Դերենիկ Դեմիրջեան, Ստեփան Զօրեան, տիկին Զապէլ Եսայեան, Գեղամ Սարեան, Տարօնցի, որոնք, նուազ ծանօթ քանի մը ուրիշներու հետ, կամբաստանէին իրենց հանրածանօթ եւ ցարդ ամենքէն սիրուած, գնահատուած, յարգուած պաշտօնակիցները` Բակունց, Դրաստամատ Սիմոնեան, Գուրգէն Մահարի, Վաղարշակ Նորենց, Ալազան, Վահան Թոթովենց... իբր դաւադիր եւ հակայեղափոխական խմբակ մը (!!)... Ինծի համար անկարելի է ընդունիլ որ Գեղամ Սարեան եւ Տարօնցի, երկու երիտասարդ զմայլելի բանաստեղծները Գրողներու Միութենէն որոշեն իբր յանցաւոր արտաքսել իրենց թանկագին քնարակից Նորենցը, Մահարին, Ալազանը, երեքն ալ պատերազմի ատեն թրքական արհաւիրքէն ճողոպրած...» : [19] Նույն այդ համարում հանձնարարվում էր կարդալ Մահարու «Վայր ընկնող աստղեր» մահախոսականը դերասան Աբելյանի մասին «Խորհրդային արվեստի» էջերում:

Հոդվածն արտատպվեց Բոստոնի «Պայքար»ում: [20]

Չոպանյանին գաղտնիք չէր, որ ձերբակալված գրողներին եւ պետական գործիչներին ներկայացվող մեղադրանքներից մեկն էլ իր հետ ունեցած կապերն էին: Նա գիտեր, թե որքան երկար են ՊԱԿ-ի ձեռքերը: Մեկ ուրիշը Պիղատոսի նման ձեռքերը կլվանար եւ կքաշվեր մի կողմ: Բայց Դոն-Քիշոտները ձեռքերը եթե լվանում են` ապա մարտի նետվելու համար: Չոպանյանը չլռեց անգամ այն ժամանակ. երբ մնացած թերթերը հոգնեցին այդ թեմայից: Մեկ տարի անց նա գրեց. «Հայաստանի մտաւոր ու քաղաքական ուժերուն մէջ անկարելի կը գտնէք որ տրոցքիստներ ու մանաւանդ օտար թշնամի տէրութեանց գործիք դաւադիրներ գտնուին: Անկարելի է մանաւանդ, որ այն անձնաւորութիւնները, որոնք սոսկալի ամբաստանութեանց տակ դրուած ու գործունէութենէն հեռացուած են եւ զոր մեծ մասամբ մօտէն ու մասամբ հեռուէն իրենց գործերով ճանչցեր ենք իբր ուղղամիտ մարդիկ ու անձնուեր գործիչներ կամ տաղանդաւոր գրողներ, բոլորն ալ նոր րեժիմին հոգեւին յարած, այդպիսի զզուելի դեր մը կատարելու ո եւ է չափով տրամադիր եւ կարող եղած ըլլան» : [21]

Նա ճիգ ու ջանք չէր խնայում երկրից լուրեր եւ տեղեկություններ հայթայթելու համար, երբ դադարեցվել էր թերթերի առաքումը, եւ իջել երկաթե վարագույրը. «...երիտասարդ ճարտարապետ մը, որուն վերջերս Մարսէյլէն Փարիզ դարձած միջոցին հանդիպեցայ, ըսաւ. Ձերբակալուածներէն ոչ մէկը գնդակահարուած է, ամենքը բանտն են ու կը սպասեն մեծ դատին որ Երեւանի մէջ տեղի պիտի ունենայ եւ պիտի վճռէ իրենց բախտը: Ու Երեւանի մէջ տիրող կարծիքն այն է, աւելցուց, թէ մեծ մասը անպարտ պիտի արձակուին» [22], «Երիտասարդ մը, որ այնտեղէն եկած էր Փարիզ ութը-իննը ամիս առաջ, ըսաւ թէ անոնք բոլորն ալ «մաքրուած էին». ճի՞շդ էր սակայն, կէտ առ կէտ ամբողջութեա՞մբ. ճիշդ էր, ինչ որ Երեւան գտնուած միջոցին լրոյ իմացած էր...» [23], «Երկու հայրենակիցներ, որ վերջերս եկեր են Խորհ. Հայաստանէն եւ փարիզեան սրահի մը մէջ բանախօսեր են, անոնց (գէթ անոնց մեծ մասին) համար ըսեր են եղեր` «նստած են», ի՞նչ պոլշեւիկահայ ժառկօն-ով կը նշանակէ` բանտն են...» : [24]

Ժամանակն անցնում էր, բայց հարցը չէր «սառչում»: Նա տեսնում էր նաեւ մեր այն գրողներին, որոնք ցնծում էին գրական դաշտի «մաքրվելուց». «Անասելի ցաւը զոր կը զգամ մանաւանդ Նորենցի, Մահարիի, Բակունցի պէս զմայլելի տաղանդով գրողներու եղերական խորտակումէն... Անոնք, որ Խորհ. Հայաստան կը կարդան, չեն մոռցած այն զզուելի ընդարձակ յօդուածները զոր հոն հրատարակած էր Նաիրի Զարեան ըսուած միջակ գրողը, եւ ուր Բակունցի, Նորենցի, Ալազանի, Մահարիի դէմ թոյն ու ամբաստանութիւններ որ անհիմն էին անշուշտ, բայց զանոնք կը վտանգէին: Այդ գրողներուն նահատակման պատճառը` Յուդայի հոգիներով Նաիրիներն են» : [25]

1937 թ. գրած «Հայ բանաստեղծութիւնը» հոդվածում Մահարին թվարկվեց Չարենցի բանաստեղծության «զօրեղ շունչով» վերջին տարիներին ի հայտ եկած բանաստեղծների շարքում: [26]

Անցավ տաս տարի: Խորհուրդների երկիրը հաղթանակով դուրս եկավ երկրորդ համաշխարհայինից: Պատերազմը խթանեց հայրենասիրական պոեզիայի եւ վեպերի ստեղծումը: Արշակ Չոպանյանն իր նուրբ զգայարաններով զգաց այդ շունչը. «...Թուրք եղեռնէն ճողոպրած թանկարժէք երիտասարդ ուժեր, Սասունցի Նորենցը, Վանեցի Մահարին եւ Ալազանը, Խարբերդցի Թոթովենցը եւ դեռ ուրիշներ, խզումի օրերէն քիչ առաջ օր մը յանկարծ արտաքսուեցան Երեւանի Գրողների Ընկերութիւնէն եւ անկէ ի վեր անոնց անունը չէ երեւցած ո եւ է թերթի մէջ, անոնցմէ այլեւս ո եւ է գործ լոյս չէ տեսած. բա՞նտն են, աքսորուա՞ծ են, որոշ չենք գիտեր: Եւ ատոնք արտաքսուելէ առաջ Գրողների Ընկերութիւնէն, Խորհ. Հայաստանի պաշտօնաթերթին մէջ Նայիրի Զարեան հրատարակեց թերթօնաձեւ երկար յօդուած մը, ուր այդ ամբողջ խումբը կը դատափետէր իբր «ազգայնական», ջերմ ազգասիրութիւնը համարելով հակայեղափոխական ուղղութիւն մը: Այժմ որ Խորհրդային հանրապետութիւններու բոլոր բանաստեղծներն ու վիպագիրները, Նայիրի Զարեանն ալ մէջն ըլլալով, իրենց ազգին ու հայրենիքին սէրը միաձայն փողա[հա]րող տաղեր ու վէպեր արտադրելու մէջ մրցման ելած են, պարտականութիւն մը չէ՞ խնդրելու Խ. Հայաստանի կառավարութիւնէն, որ վերջ դնէ այդ խումբ մը հայրենասէր, տաղանդաւոր ու ազնիւ Հայերուն անգործ եւ ամուլ մնալու տառապանքին եւ հրաւիրէ զանոնք գալու իրենց տաղանդը, եռանդը, հմտութիւնը նորէն ի սպաս դնելու հայ մշակոյթի զարգացմանը: Խնդրանքը զոր կը ներկայացնեմ Խ. Հայաստանի կառավարութեան, վստահ եմ որ կը ցոլացնէ բովանդակ Գաղթահայութեան զգացումը...» : [27]

Դոն-Քիշոտները հավատում են իրենց ցնորալի քայլերին: Նա իսկապես սպասում էր «Հայաստանի կառավարության» արձագանքին եւ մեկ տարի անց վերադարձավ հարցին. «...Ցաւալի կը գտնեմ նաեւ որ կոչը զոր ուղղեցի «Անահիտ»ի նախորդ թիւի քրոնիկիս մէջ Խորհ. Հայաստանի կառավարութեան ի նպաստ տասը տարի մը առաջ օր մը յանկարծ աքսորուած հայ արժէքաւոր մտաւորականներու խումբի մը եւ որ կը թարգմանէր, վստահ եմ, արտասահմանի բովանդակ հայ մտաւորականութեան զգացումը, չունեցաւ այն արդիւնքը զոր կը բաղձայի եւ կը յուսայի: Ըսուեցաւ մեզի թէ այդ մտաւորականներէն երկուքը կամ երեքը արդէն դարձեր են, ո՛չ Երեւան, այլ Խ. Հայաստանի մէկ ուրիշ` աւելի փոքր` քաղաքը. բայց ատոնցմէ ո եւ է մէկուն անունը դեռ չերեւցաւ Երեւանի թերթերուն մէջ, ատոնցմէ ոչ մէկը դեռ իր մէկ գործը գրքի ձեւով հրատարակեց: Ատոնցմէ որո՞նք ողջ են, որո՞նք մեռած, չենք գիտեր... Ազգայնականութիւնը այսօր յանցանք ըլլալէ դադրած է խորհրդային երկրներու մէջ... Ինչո՞ւ ուրեմն մեր կառավարութիւնը չի փութար ընդհանուր ներումի ժեսթով մը մտաւորական այդ բոլոր ուժերը արտոնել Երեւան դառնալու, որպէս զի վերսկսին իրենց գրական, բանասիրական կամ հանրային վաստակը, որմէ օգուտ միայն կրնայ գալ հայ ժողովրդին եւ հայ մշակոյթին...» : [28]

Չոպանյանը մահացավ այդպես էլ չիմանալով, որ Մահարին վերադարձել էր 1947-ին եւ մեկ տարի անց նորից ձերբակալվել: Եվ երբ փակում էր աչքերը, չէր կարող իմանալ, որ Մահարին իր արդարացման գործով աքսորից կանչվել է Մոսկվա: Բայց նա հասցրել էր Մառի Աթմաճյանին հայտնել մարգարեական իր կարծիքը. «Արշակ Չօպանեանը քու մասին միշտ ներբողալից շեշտերով կը խօսէր եւ կ՚ըսէր, որ եթէ Սթալինի թաթը եւ ճիրանը դադրին գոյութիւն ունենալէ, հսկայ գործ կրնայ տալ բանաստեղծ Մահարին» (15 փետրվարի 1965 թ.):

Հայաստանում այդպես էլ մնաց չգնահատված Արշակ Չոպանյանի հետեւողական պայքարը ստալինյան «մաքրագործումների» դեմ: Բայց Սփյուռքում Պողոս Սնապյանը «Արշակ Չօպանեանի մահուան առթիւ» հոդվածում նշեց գրողի ներդրումը բռնադատության դեմ պայքարում, որը «Մարքս-Էնկէլս-Լենին-Սթալինի «ռեւոլուցիոն դենտենցներուն» յագուրդ տալու իր ահաւոր մոլուցքին մէջ ու մոլուցքով Հայաստանի բանտերուն ու հեռաւոր աքսորավայրերուն մէջ յոշոտեց Չարենցը` Բակունցին հետ, Մահարին` Մկրտիչ Արմէնի կողքին, Ալազանը Վաղարշակ Նորենցի կարգին, Եսայեանը` Վանանդեցիի օրով եւ դեռ տասնեակ մը ուրիշներ...» : [29]

Արշակ Չոպանյանի մահվան տասնամյակին գրված Սիմոն Սիմոնյանի խոսքերով` «Չօպանեան ողբաց Խանջեանը, ողբաց մանաւանդ անհետացած գրողներ Չարենց, Բակունց, Զ. Եսայեան, Մահարի, Ալազան, Նորենց, Թոթովենց...» [30], իսկ արդէն հայրենադարձ Գրիգոր Գյուլյանը գրեց` «Չօպանեան մնաց հաւատով` օր մը դարձեալ ցնծագին ոգեւորութեամբ ողջունելու համար մեր գրական կարկտահար անդաստանի նոր վերաբնակեցումը Չարենցի, Բակունցի, Կոստան Զարեանի վիթխարի տաղանդներով եւ նրանց համաստեղութեան մէջ մտնող Շահնուրից մինչեւ Մահարի...» : [31]

Իր գրական գործունեության առաջին շրջանում Մահարին մնաց «պարտք» Արշակ Չոպանյանին: Սիբիրից հետո նա յուրաքանչյուր առիթով ձգտում էր մարել պարտքը: 1967 թ. նա գրեց «Հոբելյանական տարեթվերի մասին» մանրապատումը, որտեղ Ներսես Շնորհալու, Սայաթ-Նովայի, Ծերենցի, Հակոբ Պարոնյանի, Պետրոս Դուրյանի, Եղիշե Չարենցի կողքին չմոռացավ նշել Արշակ Չոպանյանի 95-ամյակը:

Մեծագույն հարգանք կա Չոպանյանի նկատմամբ Մ. Աթմաճյանին նվիրված հումորիստական դիմանկարում. «Երբ ազատն Աստված հաճեցավ շունչ փչել իր հողանյութ շինվածքին, կենդանություն պարգեւեց նրան եւ անունը Սիլվա Կապուտիկյան դրեց, Փարիզում Արշակ Չոպանյանը նույն ոգով գործի անցավ, շո՛ւնչ փչեց իր հողանյութ շինվածքին եւ ստեղծեց Մարի Աթմաճյան» : [32] Նույն այդ շարքին է վերաբերում փարիզահայ դերասանուհի Պերճուհու դիմանկարը: Դերասանուհուն տրված բարձր գնահատականը Մահարին համարում է անվիճելի, որովհետեւ` «Արշակ Չոպանյանին չհավատալՙ մեր ուժերից վեր է...» :

Սակայն ամենամեծ փորձությունը Մահարուն սպասում էր Շահան Շահնուրի հետ նամակագրությունում: 1964 թ. լույս տեսավ Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպի երեւանյան հրատարակության մասին Շահնուրի նամակը «Սփիւռք» շաբաթաթերթի խմբագիր Սիմոն Սիմոնյանին, որտեղ, շեղվելով նյութից, նամակագիրը գրել էր. «Հապա ի՛նչ ըսել Արշակ Չօպանեանի նման վարիչներու, որ գործած են կատարեալ անպատասխանատուութեամբ, ճշմարիտ պաշըպոզուքներու պէս եւ լման կէս դար խաղացած են Հայու ճակատագրին հետ... Սկսեալ Արփիարեան-Բաշալեանէն մինչեւ Օշական-Թէքէեան, այս բաները ըսուած ու կրկնուած են: Բայց դուք ականջ գոցելով այս մտաւորականներու ձայնին, այսօր ելեր էք Չօպանեան կը փառաբանէք ովսաննաներով» : [33]

30-ականները մնացել էին ետեւում, երբ Մահարին ստիպված էր լռել կամ գործել թելադրանքով, եւ նա վիճեց Շահնուրի հետ. «Կարդացի «նամակդ» եւ Սիմոնի պատասխանը: Ինչ խոսք, որ մեր գրողների համակրանքը միշտ քո կողմն է, այս դեպքում նույնպես, եթե հաշվի չառնենք... Չոբանյանի «պարագան» :

Կուզե՞ս իմ կարծիքը. անհետացած դեմքերեն գուցե ոչ մեկին այնքան չի հարմարիր «մեռածների մասին կամ լավ, կամ ոչինչ» ասույթը, որքան Ա. Չոբանյանին: Ինչ խոսք, Սիմոնի այն պնդումը, թե Հայաստանում Խանջյանի եւ Չարենցի անուններից հետո Չոբանյանի անունն է հիշվումՙ մի տխուր եւ անհարկի չափազանցություն է: Բայց որ Խանջյանի ինքնասպանությունից հետո ստալինյան քարոզչությունը Խանջյանին եւ Չոբանյանին նույն խարույկի վրա «այրեց», դա փաստ է: Միայն Չարենցի վարկափրկումից հետո Չոբանյանի անունը դադարեց նշավակության թիրախ լինելուց: Հայտնի է նաեւ Չոբանյանի շիտակ դիրքը անհատի պաշտամունքի մոլեգին միջոցառումների դեմ: Այս հանգամանքները բավական չե՞ն հարգանքով հիշելու համար իր անունը... գոնե Հայաստանում:

Ընդունենք, որ Չոբանյանի քաղաքական գործունեությունն ուներ մեծագույն արատներ, բայց որքա՞ն նրա գործունեությունը (մի մարդու գործունեությունը) կարողացավ ազդել Մեծ Դժբախտության վրա: Մեծ Դժբախտության պատասխանատուն է եւ կմնա դաշնակցության արեւելյան եւ արեւմտյան բյուրոները, իսկ Չոբանյանը միշտ հակադաշնակցական է եղեր, ճիշտ չէ՞» (20 նոյեմբերի 1964 թ.):

Ա. Չոպանեանի գործունեության գնահատման հարցում երկու գրողները տարակարծիք էին: [34] Ըստ Շահնուրի` Չոպանեանի համբավն ուռճացվել էր արհեստականորեն, իր իսկ ջանքերով, քանի որ «աշխարհածանօթ օտարներէն» նամակ-հաճոյախոսականները ձեռք էին բերվել գրական էթիկային ոչ վայել եղանակներով եւ դրանց չէին հաջորդում նամակագրական «սրտաբուխ զրոյցները»: Կրկնելով Մահարու խոսքերը «մի մարդու գործունեության» մասին, նա շարունակեց. «Ո՜հ շատ մեծ պատիւ ըրած պիտի ըլլամ եթէ իրեն վերագրեմ զօրութիւն մը` որ չունէր: Բայց դուք մտաբերեցէք մեր յանկերգը «Խաբուեցանք օտարներէն»: Ո՞վ խաբեց մեզ, եթէ ոչ Չօպանեանի պէս մարդիկ: Անոր «արհեստն» էր երթալ դուռնէ դուռ եւ ֆրանսացի գրագէտները եւ քաղաքական գործիչները վերածել Հայասէրի: Ամբողջ թրքահայութիւնը, որ չէր ճանչնար ո՛չ Ֆրանսան եւ ոչ ալ միջազգային բարքերը, կը հաւատար որ մենք ունինք անթիւ եւ մեծագործ պաշտպաններ: Չօպանեան հաշիւի մարդ էր: Շա՛տ լաւ գիտէր իր ըրածը: Մէկ կողմէն կը շահէր կարող գործիչի համբաւ, միւս կողմէն իր դիրքը կը շինէր ֆրանս. գրական շրջանակներուն մէջ: Իր համբաւը կերտեց այս տեսակ աչքբացութիւններու վրայ: Ան խաբեց եւ խարդախեց» (29 նոյեմբերի, 1964 թ.):

Այո, Չոպանյամը հակադաշնակցական էր, բայց նրա համար նեղ էին եւ ռամկավար շրջանակները: Հայտնի է, որ նա վերջին շրջանում ունեցել է բարդություններ նաեւ պատկան կուսակցության հետ: Հնարավոր է, որ ես ինչ-որ ծալքերի չեմ տիրապետում, թող ինձ ներեն Արփիարյանն ու Բաշալյանը, Օշականն ու Թեքեյանը, ինքը Շահան Շահնուրը, բայց չոպանյանական տողերի ետեւում ես տեսնում եմ բարուն նվիրված եւ չարի հետ անհաշտ տրոփող մի սիրտ, որի կրողն էր հայ գրականության Դոն-Քիշոտը քսաներորդ դարի...

Ծանոթագրություններ

1. «Անահիտ», Փարիզ, 1929, թ. 1, Մայիս, էջ 14-16: Հանդեսն ընդհատումներով լույս է տեսել Փարիզում` 1898-1949 թթ.: Հիմնադիր, խմբագիր եւ հրատարակիչ` Ա. Չոպանյան:

2. «Նոր ուղի», գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիր: Լույս է տեսել Երեւանում 1929-1932 թթ.:

3. Կոստան Զարյան (Եղիազարյան, 1885-1969), արձակագիր, բանաստեղծ, արվեստաբան: 1922-1924 թ. Խորհրդային Հայաստանում ապրելուց հետո, մեկնել է արտասահման: 1961 թ. հրավիրվել է Խորհրդային Հայաստան եւ ցանկություն հայտնել վերադառնալու, ինչ որ վերջնական իրագործել է 1963 թ.։ Հայաստան այցելության օրերին եւ դրանից հետո կատարոված հայտարարություններն ու հետագա կեցվածքը չստացան միանշանակ գնահատական Սփյուռքում, քանի որ գրողը հրաժարվեց նախկինում դավանած դաշնակցության մերձ իր դիրքերից եւ դատապարտեց կուսակցության վարքագիծը:

Ամսագրի այդ համարում տպագրված եր Կ. Զարյանի «Քարը» էսսե-պատմվածքը:

4. Փարիզում եւ Նյու-Յորքում լույս տեսնող կոմունիստական թերթեր:

5. «Խորհրդային Հայաստան», Եր., 1929, 25 հուլիսի, թ. 168, էջ 4:

6. «Անահիտ», Փարիզ, 1930, թ. 6, Ապրիլ, էջ 127:

7. «Արվեստի ֆրոնտում», Եր., 1930, 15 նոյեմբերի, թիվ 1, էջ 3: Հին հռովմեական դիցաբանության աստված Յանուսը պատկերվում է երկու դեմքով մարդու կերպարանքով:

8. Աշխատանքի հերոսը: «Խորհրդային Հայաստան», Երեւան, 1932, 9 մայիսի, թիվ 108։

9. «Հայրենիք», Բոստոն, 1932, 2 Յուլիսի, թիվ 6131:

10. «Անահիտ», Փարիզ, 1932, Յունուար-Յունիս, թ. 5-6, էջ 173:

11. «Անահիտ», Փարիզ, 1932, Նոյեմբեր 1933, ապրիլ, թ. 3-6, էջ 211:

12. «Անահիտ», Փարիզ, 1933, Յուլիս-Սեպտեմբեր, թ. 1-2, էջ 63:

13. «Ապագայ», Փարիզ, 1933, 5 ապրիլի, թ. 41, էջ 3:

14. «Անահիտ», Փարիզ, 1933, Հոկտեմբեր-Դեկտեմբեր, թ. 3-4, էջ 85-86:

15. «Յուսաբեր», Կահիրէ, 1929, 22 Մայիսի, թ. 70:

16. «Յառաջ», Փարիզ, 1930, 2 Դեկտեմբերի, թ. 1432:

17. «Անահիտ», Փարիզ, 1934, Յունուար-Յունիս, թ. 5-6, էջ 57, 59, 64, 69:

18 «Անահիտ», Փարիզ, 1935, Մարտ-Յունիս, թ. 3-4, էջ 80:

19. «Անահիտ», Փարիզ, 1936, Սեպտեմբեր-Հոկտեմբեր, թիվ 5-6, էջ 48:

20. «Պայքար», Բոստոն, 1936, 18 Դեկտեմբերի, թ. 295, էջ 2:

21. «Անահիտ», Փարիզ, 1937, Ապրիլ-Յունիս, թ. 3-4, էջ, էջ 116-117:

22. «Անահիտ», Փարիզ, 1937, Յուլիս-Դեկտեմբեր, թ. 5-6, էջ 80:

23. «Անահիտ», Փարիզ, 1938, Մայիս-Օգոստոս, թ. 4-5, էջ 98:

24. «Անահիտ», Փարիզ, 1938, Սեպտեմբեր-Դեկտեմբեր, թ. 5-6, էջ 89:

25. «Անահիտ», Փարիզ, 1938, Յունուար-ապրիլ, թ. 1-3, էջ 99-100:

26. «Մշակույթ», Փարիզ, 1937, Հոկտեմբեր, թ. 10, էջ 376:

27. «Անահիտ», Փարիզ, 1946, Յունուար-յունիս, թ. 1, էջ 63:

28. «Անահիտ», Փարիզ, 1947, Յունուար-յունիս, թ. 1, էջ 54:

29. «Նայիրի», Պէյրութ, 1954, 20 Յունիսի, թ. 42, էջ 1, 8:

30. «Սփիւռք», Պէյրութ, 1964, 13 Յունիսի, թ. 23, էջ 2:

31. «Սփիւռք», Պէյրութ, 1964, 18 Յուլիսի, թ. 28, էջ 3:

32. «Սովետական Հայաստան», Եր., 1967, հունվար, թ. 1, էջ 20-22:

33. «Սփիւռք», Պէյրութ, 1964 թ., 27 Սեպտեմբերի, թ. 38:

34. Շահնուրը եւ Չոպանյանը նախկինում բախվել էին գրական հողի վրա: Հայտնի է վերջինիս անդրադարձը Շահնուրի գրականության մասին` «Առողջն ու վատառողջը Շահան Շահնուրի գրականութեան մէջ» («Անահիտ», Փարիզ, 1939, Յունուար-Մարտ, թ. 1-2, էջ 79-93) եւ Շահնուրի պատասխանը, որը Չոպանյանը գնահատեց «լակոտավարի» բառով:


Նկար 1. Գործ` Անդրանիկ Քոչարի

Նկար 2. Գործ` Սուքիաս Թորոսյանի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4