ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2011-03-05 | #5, 2011-03-19 | #6, 2011-04-02


ԵՐՎԱՆԴ ՏԵՄԻՐՃՅԱՆՙ ԵԳԻՊՏԱՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՌԱՀՎԻՐԱՆ

«Արեգ» արաբերեն պարբերականի հերթական 6-րդ համարում արվեստագետ Հրանտ Քեշիշյանը անդրադարձել էր եգիպտահայ նկարիչների չորս հոբելյանական տարեդարձների, որոնցից այսօր մեր ընթերցողներին ենք ներկայացնում Հայաստանում քիչ հայտնի, բայց եգիպտահայ նկարչության ռահվիրան համարվող Երվանդ Տեմիրճյանինՙ թարգմանաբար օգտվելով ինչպես արաբերեն պարբերականից, այնպես էլ Հրանդ Քեշիշյանի 1997-ին անգլերեն եւ արաբերեն լեզուներով հրատարակած «Երվանդ Տեմիրճյանՙ եգիպտահայ նկարիչը» ալբոմից:


Երվանդ Տեմիրճյանը իրավամբ համարվում է արդի ժամանակների առաջին արհեստավարժ եգիպտահայ նկարիչը, որ Կոնստանդնուպոլսից գաղթելով, հաստատվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում եւ իր ուրույն տեղը զբաղեցրել ինչպես հայ-արաբական մշակույթների մերձեցման, այնպես էլ զուտ եգիպտական եւ առավել լայն առումով մերձավորարեւելյան մշակույթի եւ միջազգային արեւելագիտական շարժման պատմության զարգացումներում:

Երվանդ Թորոսի Տեմիրճյանը ծնվել է Կոնստանդնուպոլսի Ենի Քապու թաղամասում, 1870 թվի մայիսի 24-ին: Համեմատաբար երջանիկ մանկություն է ունեցելՙ ապրելով իր ծնողների, ավագ եղբոր եւ երեք քույրերի հետ: Հայրն ու ավագ եղբայրը եղել են դերձակներ: Տարրական կրթությունը տեղի հայկական վարժարանում ստանալուց հետո ընդունվել է Կոնսանդնուպոլսի նորաբաց Գեղարվեստի դպրոցը, որն ավարտել է հինգ տարի անց (1895-90 թթ.) փայլուն գնահատականներով: Երեք տարի հետո գրող, հասարակական գործիչ Արշակ Չոպանյանի (1872-1954) հորդորներով մեկ տարով մեկնել է Փարիզ եւ շարունակել ուսումը Ժյուլիեն ակադեմիայումՙ դառնալով նկարիչներ Ժան-Պոլ Լորանսի (1838-1921 թթ.) եւ Բենժամեն Կոնստանի (1845-1902 թթ.) աշակերտը: Միաժամանակ Լուվրում ուսումնասիրություններ է կատարել եւ փորձել կրկնօրինակել դասականներին, հատկապես Դելակրուային:

1894-ի կեսերին նոր հույսերով եւ ոգեւորությամբ վերադարձել է Կոնստադնուպոլիս, բայց քիչ ժամանակ անց հայերի դեմ ուղղված սուլթան Աբդուլ Համիդի հալածանքները խորտակել են նրա երազները եւ 1896-ի սեպտեմբերին, այն բանից հետո, երբ հետապնդումների զոհ են դարձել նաեւ Տեմիրճյան գերդաստանի անդամներից ոմանք, նա հազարավոր այլ հայ գաղթականների հետ, որոնց թվում էին մայրը եւ փոքր քույրը, նավով հասել է Ալեքսանդրիա, հոգեկան եւ մտավոր խիստ ծանր ու լարված վիճակում:

Եգիպտոսում 26-ամյա երիտասարդ արվեստագետը դարձել է երկչոտ, մենակյաց, բայց ոչ երբեք մարդատյացՙ շնորհիվ իր ազնիվ եւ հեզ բնավորության, ինչպես նաեւ ամբողջովին արվեստին նվիրվելու իր պատրաստակամությամբ: Վերջինս դարձել է նրա դառը փորձությունների հոգեւոր մխիթարանքը: Ճիշտ է, նրա արվեստը միշտ չէ, որ լավատեսական է եղել, բայց անտարակույս հագեցած է եղել հասարակ տեղացի մարդկանց նկատմամբ սիրով եւ կարեկցանքով:

Տեղի հայկական համայնքը, Տիգրան փաշա Ապրոյանի նման մարդկանց առաջնորդությամբ, ամեն ջանք գործադրել էՙ թեթեւացնելու ավելի քան երկու հազար հայ գաղթականների կյանքը: Տեմիրճյանն ինքն էլ գործունյա անձնավորություն լինելով, սկսել է ուսումնասիրել երկիրը, մարդկանցՙ փորձելով խորամուխ լինել նրանց կենցաղին ու հոգեբանությանը: Այդ ամենը նա փոխադրել է հետագայում կտավներին:

Այս եռուն շրջանում մասնակցել է Եգիպտոսում առաջին արվեստագիտական խմբավորմանՙ 1891-ին հիմնված «Սերկլ Արտիստիկի» տարեկան ցուցահանդեսներին: 1899-ին արվեստի վերաբերյալ դասախոսության կարդացել եւ 1901-ին արժանացել երկրի ֆրանսիական մամուլի («Ժուռնալ դյու Քեր» եւ «Լը Պրոգրե») գնահատական խոսքերին: Միաժամանակ սկսել է դասավանդել (1902-07 թթ.) հայկական Խորենյան վարժարանում ու մասնավոր դասեր տալ անհատ արվեստագետների, որոնցից ամենատաղանդավորը անկասկած Տիրան Կարապետյանն (1882-1963 թթ.) է եղել, որ շարունակել է իր գործը եւ դարձել Եգիպտոսում առաջին ավանգարդիստական արվեստագետներից մեկը:

Այս շրջանում է նաեւ, որ Տեմիրճյանը ստեղծել է հարյուրավոր էսքիզներ (մեծ մասը մատիտովՙ թղթի վրա), որոնք կարող են համարվել էթնիկ պատկանելության, դեմքի եւ շարժուձեւերի հետաքրքրական ուսումնասիրություններ, ինչպես նաեւ ընտանի կենդանիների էտյուդներ եւ հասարակ մարդկանց պատկերող 30-40 յուղանկարներ, որոնք փոքրիկ գլուխգործոցներ են հիշեցնում: Դրանց մեջ լավագույնը իր ինքնադիմանկարն է (1903-ին արված), որ հստակ ցույց է տալիս իր ներաշխարհը:

1905-ին նա կտավի վրա յուղաներկով վրձնել է մեծադիր նկարը 19-րդ դարի երկրորդ կեսի հայ ամենահայտնի անձնավորություններից մեկիՙ Տիգրան փաշա Ապրոյանի (1846-1904 թթ.), նա 1891-ից 1894-ը եղել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը: Աշխատանքը պատվիրել էր Կահիրեի հայկական եկեղեցու պատրիարքարանըՙ նպատակ ունենալով հավերժացնելու այդ մեծ հայի անունը, ով 1896-ին եւ դրանից հետո հազարավոր հայ գաղթականների (նրանց թվում նաեւ Տեմիրճյաններին) Եգիպտոսում ապաստան տալու հարցում մեծ դերակատարություն էր ունեցել: Այնպես որ դիմանկարը կարելի է համարել նաեւ երախտագիտության մի տուրք հանդեպ իր բարերարին:

Հոգեբանորեն ներփակ բնավորության տեր, այդուհանդերձ, նա խիզախ է եղել եւ արվեստի միջոցով անընդհատ պայքարել էՙ հաղթահարելու իր թախիծն ու իր ժողովրդին պատուհասած ողբերգությունը: Բայց միաժամանակ չափազանց զգայուն է եղել դիմագրավելու այդ ամենը: 1920-ականներին նոր, համեմատաբար խաղաղ շրջան է սկսվել նրա կյանքում: Ապրել եւ ստեղծագործել է Մոհամմեդ Ալի փողոցում գտնվող մի շենքի տանիքումՙ չտառապելով ոչ փառքի տիրանալու, ոչ էլ փող կուտակելու մոլուցքով: Բայց կարիքը ստիպել է նրան դարձյալ զբաղվել ուսուցչությամբ, այս անգամ Գալուստյան ազգային վարժարանում: Երբեմն-երբեմն նաեւ մահացած մարդկանց դիմանկարները լուսանկարներից նկարելու պատվերներ է ստացել: Բայց ամենակարեւոր պատվերները իտալական վերածննդի վարպետների կրոնական թեմաներով կտավների մեծադիր վերարտադրություններն են եղել: Դրանք մինչեւ օրս կախված են Ռամսես գլխավոր պողոտայի վրա գտնվող Հայկական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատերից: Զարմանալ կարելի է միայն, թե ինչպես է նրան հաջողվել 20-ականների վերջերին եւ 30-ականների սկզբներին վրձնել Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքը» կտավի կրկնօրինակը այդքան փայլուն ճշգրտությամբ եւ տեխնիկական վարպետությամբ, առանց ձեռքի տակ ունենալու համապատասխան միջոցներ կամ հանրահայտ կտավի բարձրորակ գունավոր վերատպություններ:

Նրա միայնակ եւ տաղտկալի կյանքը մի փոքր թեթեւացրել են սակավ մտերիմ ընկերներըՙ փորագրանկարիչ Արամ Պերպերյանը (1893-1975) եւ նկարիչ Վահրամ Մանավյանը (1880-1952), որոնք խրախուսել են նրան մասնակցելու արվեստային տարբեր միջոցառումների: Նրանց շնորհիվ իր կտավները տեղ են գտել «Արվեստի բարեկամների ընկերության» կազմակերպած ցուցահանդեսներում: Իսկ Մանավյանի հետ 1933-ի մարտին բացել է համատեղ մի ցուցահանդես, որը արվեստագիտական առումով հաջողություն արձանագրելով, դժբախտաբար քիչ եկամուտ է բերել նկարիչներին: Հարուստներն այլ հոգսերով են ծանրաբեռնված եղել, եւ քիչ նկարներ են վաճառվել:

Տեխնիկական առումով Տեմիրճյանի կոմպոզիցիաները հավասարակշռված են, հստակորեն կառուցված եւ ներկայացված: Նրա ոճը հանդարտ, խաղաղ է, բայց զգայուն եւ զգացմունքային: Օգտագործել է մեծ մասամբ կապույտի եւ սրճագույնի անսահման տոնայնությունները: Վրձնահարվածները խիզախ են, ռեալիզմըՙ առարկայական եւ կյանքին մոտիկ: Իր կերպարներին նա հարգանքով ու սիրով է վերաբերվում եւ մեծ վարպետությամբ կտավին փոխանցում նրանց դեմքի արտահայտություններն ու ձեռքերի շարժուձեւերը:

1930-ականների վերջերին նրա առողջությունը հետզհետե վատթարացել է: Բժիշկները լեզվի տակ ուռուցք են հայտնաբերել: Արամ Պերպերյանի խորհրդով Փարիզ է մեկնել բուժվելու, բայց Կյուրիի անվան հիվանդանոցում անողոք հիվանդությունը խլել է նրա կյանքը 1938-ի սեպտեմբերի 17-ին: Նրա մարմինը հողին են հանձնել այնտեղՙ Փարիզում:

Եգիպտոսում ժառանգներ չի ունեցել, քանի որ իր մահվան ժամանակ երեք քույրերը արտասահմանում են եղել: Նրա ստեղծագործական ժառանգությունը (մոտ 250 կտավ, հիմնականում յուղաներկ) նախ ի պահ է դրվում Հայ եկեղեցու առաջնորդարանում, իսկ ապա վաճառվում աճուրդներում եւ գումարը փոխանցվում հարազատներին արտասահմանում:

Տարիներ անցՙ 1975-ին 82 տարեկանում մահացել է նաեւ նրա մտերիմ ընկերըՙ Արամ Նիկողոսի Պերպերյանը եւ քանի որ նա էլ ժառանգներ չի ունեցել, պետությանն է անցել նրա ունեցվածքը, որը ներառել է նաեւ Տեմիրճյանի սկզբնական շրջանի (մինչեւ 1906-ը) էսքիզների, գծանկարների, պատկերազարդումների եւ մի քանի յուղանկարների ալբոմը: Երբ որոշ ժամանակ անց պետգանձարանը աճուրդի է հանել ալբոմը, մի գրավաճառի ձեռքն է անցել այն, ով վերավաճառել է, եւ ի վերջո, 70-ական թվականներին, հայտնվել է ոսկերիչ Պերճ Հովակիմյանի եւ նրա կնոջՙ Շաքե Մախճյանի ձեռքերում: Այնուհետեւ շնորհիվ Հայաստանից Եգիպտոս վերադարձած նախկին եգիպտահայ արվեստագետ Հրանդ Քեշիշյանի անխոնջ ջանքերի եւ մանրակրկիտ ուսումնասիրությունների, 1997-ին կազմակերպվել է նրա գործերի ցուցահանդեսը, եւ այդ առթիվ հրատարակվել «Երվանդ Տեմիրճյանՙ եգիպտահայ նկարիչը» ալբոմը, կարեւոր հատկապես այն հանգամանքով, որ լրացնում է եգիպտական գեղանկարչության պակասող օղակըՙ 18-րդ դարի վերջերից մինչեւ 20-րդ դարի սկզբիՙ արվեստաբան Էմե Ազարի որակումով, «Ավագների» հայտնությունը («Արդի նկարչությունը Եգիպտոսում» գրքում, 1961 թ.), որոնց թվում են Մ. Նագին, Մ. Մուխթարը, Ռ. Այյադը, Մ. Սաիդը եւ ուրիշներ:

Ալբոմի հեղինակ Հրանտ Քեշիշյանը ծնվել է Գիզեում (Եգիպտոս), 1947-ի ապրիլի 10-ին: Նախնական կրթությունը ստացել է Գալուստյան ազգային վարժարանում: Նկարչություն սովորել է Նորա Իփեքյանի (այժմ Ազատյան) դասարանում: Այնուհետեւ ավարտել է արաբական միջնակարգ դպրոցը եւ 1967-ին ընդունվել Եգիպտական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը, հաջողությամբ ավարտելով ձեռք բերել նկարչի մասնագիտություն: 11 տարեկանում մասնակցելով ՌԱԿ «Յաղուբյան» ակումբի կազմակերպած միջազգային ցուցահանդեսին, շահել է առաջին մրցանակ: Նրա գեղանկարչական աշխատանքները հետագայում ցուցադրվել են Կահիրեում խորհրդային մշակույթի կենտրոնի դալիճում (1973 թ.), ինչպես նաեւ «Գառզու» ցուցասրահում (1969, 1972): Մասնակցել է Երեւանում (1970) եւ Բեյրութում կազմակերպված խմբական ցուցահանդեսների: Նրա մասին արվեստի վաստակավոր գործիչ եւ նկարիչ Վասիլի Վարդանյանը գրել է. «Ուշագրավ է, որ միայն արտաքին ձեւերը չեն, որ հետաքրքրում են նրան, այլեւ մարդու ներաշխարհը եւ հոգեկան վիճակը: Ավելին, նա կարողանում է խորքն ու բովանդակությունը ներդաշնակել նկարչական արվեստի ձեւի հետ»: Նրա լավագույն գործերից են «Տատիկի դիմանկարը», «Ինքնադիմանկարը», «Հայաստան» եւ «Կոմիտասի դիմանկարը» կտավները:

1990-ին Հայաստանում ապրած տարիների իր աշխատանքների ցուցահանդեսի բացումից, ապա 2008-ին հայ արվեստագետներին եւ 2009-ին Ալեքսանդրիայում եւ Կահիրեում Ալ. Սարուխանին նվիրված ցուցահանդեսներից հետո, այս տարվա դեկտեմբերի 4-ին Կահիրեի պետական օպերայի գլխավոր ցուցասրահում բացվել է 63-ամյա արվեստագետի 1955-ից ցայսօր իր ստեղծագործած 2200 աշխատանքներից 63-ի ցուցահանդեսը, կազմակերպությամբ ՀԲԸՄ-ի Կահիրեի մասնաճյուղի: Ցուցահանդեսի առթիվ տպագրվել է կատալոգ:

Նկարչությունից բացի, Հրանտը զբաղվել է նաեւ արվեստի եւ գրականության այլ ճյուղերով: Գրել է ոտանավորներ, հրատարակել մի շարք երաժշտական եւ նկարչական ուսումնասիրություններ: Ունի երաժշտական հորինումներ: Բոլոր գործերին բնորոշ են ազնիվ, մարդկային զգացմունքները: Նրա խոսքերով արվեստը պետք է ծառայի մարդկանց հոգու ազնվացմանը: 1973-ին ներգաղթել է Հայաստան իր ծնողների հետ, բայց 1989-ին դարձյալ վերադարձել Եգիպտոս, որտեղ այժմ մեծ ներդրում ունի եգիպտահայ նկարիչների հայտնագործման եւ արաբական աշխարհին ծանոթացնելու գործում: Հետաքրքրական հոդվածներով հանդես է գալիս «Արեգ» (նախկինում «Արեւ») արաբերեն լեզվով հրատարակվող պարբերականում: Որդին է նկարչուհի Սիրվարդ եւ վաղամեռիկ Մինաս Քեշիշյանների: Տիկին Քեշիշյանի գործերը (ապակու, փայտի թե կտավի վրա) հմայիչ են իրենց գույների վառվռունությամբ, գծերի ճկունությամբ, տեսարանների գեղեցկությամբ: Նրա հրափորագրությունները աշխարհագրական լայն հորիզոններ են ընդգրկումՙ արաբական, ճապոնական, հայկական եւ կատարված են ծաղիկների ու թռչունների տարաբնույթ գույները համադրելու գերազանց վարպետությամբ:

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


Նկար 1. Երվանդ Տեմիրճյանը 30-ական թվականներին

Նկար 2. «Սուդանացին»

Նկար 3. «Նավահանգիստ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4