ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2011-03-19 | #6, 2011-04-02 | #7, 2011-04-23


ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱԿԱՆԱՏԵՍ ՎԵՐԱՊՐՈՂՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

Երկրորդ, համալրված հրատարակություն, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, «Էդիթ Պրինտ» հրատարակչության տպարան, Երեւան, 2011, 880 էջ (Ա-4)

Երբ 2000 թվականին լույս տեսավ այս աշխատության առաջին հրատարակությունը, պարզապես շշմել էի. մեկ անհատի ուժերով տասնամյակների ընթացքում հավաքված, դասակարգված եւ գիտականորեն ուսումնասիրելուց հետո հայ ընթերցողին ներկայացված պատկառելի բովանդակությամբ հատոր էր իմ առջեւ: Ինչպիսի՜ որակում գտնենք հապա հիմա, երբ աշխատությունը տպագրվել է երկրորդ անգամ, բարելավվել նյութերի քանակով եւ որակով, գիտական ապարատի անհամեմատ համալրումով (միայն թեմատիկ ցանկի կազմումը բավարար պիտի լիներ, որ հիացմունքս արտահայտեի եւ գլուխս խոնարհեի), այլեւ միանգամից լույս աշխարհ է գալիս զուգահեռաբար երեք լեզուներով` հայերեն, անգլերեն (Ա-4, 850 էջ) եւ թուրքերեն: Առաջին երկու լեզուներով լույս ընծայվեց Երեւանում, իսկ թուրքերեն հրատարակությունը օրերս սպասվում է հենց Թուրքիայում` Ստամբուլում, բոլորիս քաջածանոթ խիզախ մտավորական Ռագըբ Զարաքոլուի «Բելգե» հրատարակչությունից, ինչը, մեր համոզումով, քաղաքական աննախընթաց ցունամի է առաջացնելու թուրքական հասարակության մեջ:

Սույն գրախոսությունը կենտրոնանալու է հայերեն տարբերակի վրա, ուստի հայտնում եմ մյուս լեզուներով հրատարակմանը նպաստողների անունները. անգլերենի թարգմանել են Տիգրան Ծուլիկյանն ու Անահիտ Բողիկյան-Դարբինյանը, թուրքերենի` Տիգրան Տեր-Ողորմիաջյանը (նա նաեւ թուրքերեն տարբերակի խմբագիրն է) եւ Պետրոս Չավիկյանը: Անգլերեն հրատարակությունը հովանավորել են ԱՄՆ-ից ութ ազգայիններ կամ նրանց հիմնադրամները եւ Միացյալ Թագավորությունից տեր եւ տիկին Անդրեաս եւ Մարի Ծուլիկյանները: Հայերեն եւ անգլերեն հատորները կրում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի միանգամից երկու ինստիտուտների` Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերտառությունը եւ տպագրվել են դրանց գիտական խորհուրդների որոշումներով (տիկ. Սվազլյանը այս երկու ինստիտուտների առաջատար գիտաշխատող է): Աշխատության տարալեզու տարբերակները նվիրվել են «Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին»: Հայերեն հատորի խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Հարությունյանը: Բոլոր աշխատանքներում, նույն նվիրվածությամբ մորը սատարել է արժանավոր դուստրը` պատմ. գիտ. թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Քնարիկ Ավագյանը, ում անունը որեւէ տեղ չի երեւում: Համեստությունը` համեստություն, բայց պատմության համար հարկավոր է սա՛ եւս արձանագրել...

Բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը Հայոց ցեղասպանությանն առնչված բազմաթիվ մենագրությունների, գիտական հոդվածների եւ գիտական զեկուցումների հեղինակ է: Դրանք ՀՀ-ում եւ արտերկրում լույս են տեսել մի քանի լեզուներով եւ իրենց ներդրումն են ունեցել ու շարունակում են ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային եւ թուրքական ճանաչման համազգային պայքարում:

Անոտացիան հայտնում է, որ «աշխատությունն ընդգրկում է Արեւմտյան Հայաստանից, Կիլիկիայից, Անատոլիայից տարագրված, Հայաստանում, նաեւ` Սփյուռքում, բնակություն հաստատած Հայոց ցեղասպանության ականատես-վկա վերապրողներից հեղինակի գրի առած, ձայնագրած ու տեսագրած ժողովրդական պատմական բնույթի սկզբնաղբյուրային բանավոր վկայությունները` հուշերը, զրույցները եւ հայերեն ու թուրքալեզու երգերը (700 միավոր): Բարբառային ու թուրքալեզու բնագրերին կցված են գրական հայերեն թարգմանություններ»: Իսկ գիտական օժանդակ ապարատի մասին ասվում է. «Ժողովածուն ունի նաեւ պատմական երգերի նոտագրություններ, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, ռուսերեն, հայերեն ամփոփումներ, վերապրողների եւ նրանց հաղորդած վկայությունների մասին փաստագրական տվյալներ, բառարան, տեղեկատվական ծանոթագրություններ, թեմատիկ, անձնանունների, տեղանունների եւ էթնոանունների ցուցիչներ, լուսանկարներ, քարտեզ Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության եւ ցեղասպանության մասին (1915-1923 թթ.)»: Իբրեւ հետաքրքրական եւ լրացուցիչ նորույթ, «հատորի վերջում տեղադրված է «Սվազլյան գերդաստանի հավատամքը» վավերագրական ֆիլմը, որտեղ ներկայացվում է 20-րդ դարի ընթացքում հեղինակի գերդաստանի իրար հաջորդող երեք սերունդների ազգանպաստ եւ հայրենանպաստ գործունեությունը» (էջ 4), այդ թվում` Հայոց ցեղասպանությունից եւ ականատես վերապրողներից փաստագրական նյութեր:

Հատորը բացվում է խմբագիր Ս. Հարությունյանի խոսքով: Նա հատկապես շեշտում է, որ «աշխատությունն ունի հույժ պատմական, անգամ քաղաքական արժեք ու նշանակություն» (էջ 5): Կավելացնեի` նաեւ իրավական, բանասիրական (հատկապես` բարբառագիտական), հայրենագիտական-բնօրրանագիտական եւ հարակից հումանիտար ուղղությունների համար նույնպիսի կարեւոր արժեք ու նշանակություն, քանի որ տվյալ ուղղություններին առնչվող հսկայական նյութ է ամբարված աշխատության նյութերում: Խմբագիրը նշում է նաեւ վաստակաշատ ուսումնասիրողի մեկ ուրիշ ներդրումը. նրա աշխատանքի շնորհիվ սույն նյութերը առաջին անգամ են դրվում գիտական շրջանառության մեջ: Պր. Հարությունյանը առանձնահատուկ նշում է ականատեսների հուշերի եւ մանավանդ թուրքալեզու երգերի պատմական վավերագրային արժեքը: Կավելացնեի, որ դրանցից յուրաքանչյուրը թուրքերիՙ մարդկության դեմ ծանրագույն հանցագործության մեղադրական հավաստի վկայություն է, անհերքելի ապացույց այդ իրողության, ինչը տքնաջանորեն մինչեւ օրս փորձում են հերքել կամ առնվազն կասկածի տակ դնել Թուրքիայի իրարահաջորդ իշխանություններն ու քաղաքական-հասարակական շրջանակները:

Ապա հեղինակը խորին երախտագիտություն է հայտնում «Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված այն սերունդներին, որոնք հերոսաբար դիմագրավելով կյանքի դաժան պայմաններին, իրենց հիշողության խորխորատներում անթեղած պահել, պահպանել ու իմ միջոցով սերունդներին են փոխանցել իրենց տեսածն ու հիշածը» (էջ 6):

Հատորի «Ներածության» մեջ հեղինակը մանրամասնություններ է հաղորդում գրառած նյութերի ժամանակի, պայմանների եւ այլ երեսակների մասին: Հենց սկզբում նա կատարում է հույժ կարեւոր մի հաստատում` հանցագործության քաղաքական բնույթը, ինչի մասին լռում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին գործերի գերակա ուղղություն հայտարարած ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում, որպեսզի հանկարծ չլինի թե թուրքերը նեղսրտեն ու հետս կոչեն ՀՀ-Թուրքիաՙ չարաբաստիկ ու ազգի ջախջախիչ մեծամասնության մերժած «պրոտոկոլները»: «Հայոց ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ ուղղված միջազգային քաղաքական ոճրագործություն, պատմության դաժան պարտադրանքով դարձել է հայ ժողովրդի ազգային ինքնության, մտածողության եւ հոգեգիտակցական ներաշխարհի անբաժանելի մասը » (էջ 7, ընդգծումը իմն է - Գ. Յ.): Ասել կուզի` հայի միջից փորձել ջնջել այս հիշողությունը` նշանակում է խեղել հայի ազգային էությունը, փաստորեն` փորձել կերտել մի «նոր հայ», անհնարին մի առաջադրանք, որին ձգտում են միջազգային որոշ ուժեր` հայկական միջավայրում իրենց հինգերորդ զորասյուների միջոցով...

Սվազլյանը հայտնում է, որ այս նյութերն սկսել է հավաքել դեռեւս ուսանողական տարիներից` 1955 թվականից, երբ նման թեմայի մասին ակնարկներն անգամ փորձանքների դուռ կարող էին բացել: Նա հայտնում է, որ աշխատության մեջ ընդգրկել է նաեւ ուրիշների (ՀՑԹԻ-ի արխիվ, սփյուռքահայեր եւ այլք) արձանագրած նյութեր: Այնուհետեւ մեկ առ մեկ նշում է վերջին 15 տարիներին տարբեր գիտաժողովների համար արտասահմանյան ուղեւորությունների ընթացքում արձանագրած իր նոր վկայությունները: Տողերս ստորագրողը 2005 թ. ամռանը ականատես է եղել, երբ նա դստեր հետ մի քանի տասնյակ ժամով եկել էր Քեսապ ու հանկարծ ... անհետացան` մտահոգելով ինձ. մի քանի ժամ անց վերադարձան մեծ գոհունակությամբ, քանի որ գտել էին մի վերապրողի ու արձանագրել նրա վկայությունը... Ստամբուլում գտնվելիս, տիկ. Սվազլյանը նույնիսկ դիմել է խորամանկության. հիվանդ է ձեւացել, իբրեւ այդպիսին «բուժվել» Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցի ծերանոցում` միայն մեկ նպատակով` այնտեղ ծվարած վերապրողներից արձանագրել պատմական-քաղաքական մեծարժեք վկայություններ, որոնք այլապես գերեզման պիտի իջնեին իրենց տերերի հետ...

«Ներածականում» հեղինակը եւս մեկ կարեւոր հաստատում է անում. «Ավելի քան կեսդարյա` 55 տարիների ժողովրդագիտական գործունեության ընթացքում, եկել եմ այն համոզման, որ սկսված այս աշխատանքը վերջ չունի, եւ եթե այն շարունակվի, ապա այդ թիվն ավելի եւ ավելի կստվարանա, քանի որ սա անվերջանալի գործընթաց է» (էջ 9):

Տիկ. Սվազլյանի` համեստ, բայց նպատակային աշխատողի բարձր հատկանիշներից մեկն էլ այն է, որ ողջ կյանքի ընթացքում Հայոց ցեղասպանությանը վերաբերող իր արձանագրած եւ ոչ մի նյութ չի պահել անձնական արխիվում, այլ` պահպանման է հանձնել ՀՑԹԻ-ին:

Կառուցվածքային առումով աշխատությունը բաժանված է երկու բաժինների, որոնց հաջորդում են օժանդակ եւ լրացուցիչ ցանկերը եւ ցուցիչները:

«Պատմաբանագիտական ուսումնասիրություն» վերնագրված առաջին բաժինն (էջ 11-66) իր հերթին բաղկացած է երկու մասերից.

I. Ականատես-վկա վերապրողների հաղորդած պատմական վկայությունների ժանրային եւ տիպաբանական առանձնահատկությունները (էջ 13-20): Այստեղ հեղինակը գիտական համակողմանի, բծախնդիր ու խորը ուսումնասիրության է ենթարկել հավաքված նյութերը, կատարել է ընդհանրացումներ:

II. Հայոց ցեղասպանության ընթացքը ըստ ականատես վերապրողների վկայությունների (էջ 21-63): Հեղինակը նշում է, որ ցեղասպանության թուրքական քաղաքականությունն սկզբնապես կիրառվեց բյուզանդացիների նկատմամբ, իսկ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո` արդեն նաեւ հայերի` զանգվածային կերպով: Սվազլյանն առանձնացնում է հայության նկատմամբ ցեղասպանության երեք գլխավոր ժամանակահատված` 1894-1896 թթ.` Արեւմտյան Հայաստան եւ Կ. Պոլիս, 1909 թ.` Ադանայի եւ Հալեպի վիլայեթներ, 1915-1923 թթ.` Արեւմտյան Հայաստան, Կիլիկիա եւ Փոքր Ասիա: Այս հատվածի ավարտին Սվազլյանը մի անգամ եւս շեշտադրում է` «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՃԻՐ Է», ուստի դա «չպետք է անպատիժ մնա, այլ պետք է իրավաբանորեն բացահայտվի նաեւ վերապրողների վկայությունների հիման վրա: Իսկ ամենամեծ վկան ինքը` Ժողովուրդն է ...» (էջ 62, բոլոր մեծատառերն ու ընդգծումը բնագրային են - Գ. Յ): Բաժնի ավարտին բերված է երկու մասերի շարադրման համար օգտագործված գրականության ցանկը` շուրջ 60 անուն հայերեն, ռուսերեն եւ անգլերեն հրատարակություններ (էջ 64-65):

Երկրորդ բաժինը (էջ 67-660) զբաղեցնում է հատորի ծավալի մեծագույն մասը եւ վերնագրված է «Պատմական սկզբնաղբյուրներ (700 միավոր)»: Հեղինակը շատ ճիշտ է վարվելՙ այս բաժնի նյութերը դասակարգելով երեք բաժիններում, վերջինը ներկայացնելով 6 ենթամասերով: Առաջին մասը, որը գրավում է ամբողջ գրքի ծավալի կեսը, «Պատմական հուշ-վկայություններն» են (315 միավոր, էջ 69-524): Սրանք խմբավորված են ըստ Հայոց ցեղասպանության պատմական ընթացքի եւ ականատես-վկաների ծննդավայրերիՙ դասավորված նրանց ծննդյան տարեթվերի հաջորդականությամբ: Երկրորդ մասը «Պատմական զրույց-վկայություններն» են (70 միավոր, էջ 525-568)ՙ ներկայացված ըստ թեմատիկ բովանդակության: Այս մասի վերջին` 70-րդ վկայությունը հեղինակի վկայությունն է հոր` Գառնիկ Սվազլյանի մասին (էջ 566-568): Երրորդի նյութերը` «Պատմական երգ-վկայությունները» (315 միավոր, էջ 569-660) իբրեւ երգ, ունեն առանձնահատուկ կարեւորություն: Արդարեւ, մարդս երբեմն չի կարող իր վիշտը կամ ուրախությունն արտահայտել զրույցի ձեւով, բառերին նա կցում է երաժշտություն` ավելի ազատություն տալով իր զգացմունքներին: Այս երգերը, ըստ թեմատիկ բովանդակության, Սվազլյանը դասավորել է հինգ ենթամասերում (զորահավաքի, զինահավաքի եւ բանտարկյալի երգեր, տեղահանության եւ կոտորածի երգեր, որդեկորույս մայրերի, որբի եւ որբանոցի երգեր, հայրենասիրական եւ հերոսամարտի երգեր, բռնազավթված հայրենիքի եւ պահանջատիրության երգեր): Երգերի մի մասը, ինչպես նշեցի, թուրքերեն են` թշնամուն խարանող ու անիծող ի՛ր իսկ լեզվով: Ավարտին ընթերցողին են ներկայացվում այդ երգերի նոտագրությունները, որոնք ձայնագրություններից վերծանել եւ նոտագրել են արվեստագիտության դոկտոր Ալինա Փահլեւանյանը, արվեստագիտության թեկնածու Մանուկ Մանուկյանը եւ երաժշտագետ Կարո Չալիկյանը:

Ինչպես ասվեց, օժանդակ ցանկերից եւ ցուցիչներից բառացիորեն հիացմունք է առաջացնում այն տիտանական աշխատանքը, որը կատարվել է հատկապես թեմատիկ ցուցիչը (էջ 765-784) կազմելիս: Ուսումնասիրողը, միայն այս ցուցիչով կողմնորոշվելով, կարող է գտնել իրեն հետաքրքրող նյութը վկայություններում: Սա մի գանձ-շտեմարան է հումանիտար ուղղվածության ամենատարբեր բնագավառների հետազոտողների համար:

Բառերը անզոր են արտահայտելու այն զգացմունքները, որ մարդ ունենում է կատարված մեղվաջան, համբերատար եւ վիթխարի այսպիսի աշխատանքի ծավալները պատկերացնելով: Կարելի է անվարան վկայել, որ Վերժինե Սվազլյանը մի ամբողջ կյանք է նվիրել այս աշխատությանը: Եթե հեղինակը ուրիշ որեւէ գիտական աշխատանք կատարած չլիներ (իսկ նա, ի մեծ ուրախություն բոլորիս, նաեւ ուրիշ ուսումնասիրությունների` մուսալեռցիների ազգագրության եւ բանահյուսության, Կ. Պոլսի հայոց բանահյուսության նվիրված եւ այլ արժեքավոր հրատարակությունների հեղինակ է), սույն հատորը միայն բավարար էրՙ նրա անունը անմահացնելու: Սվազլյանը ազատամարտիկ-գիտնական է, այն էլ` պատմաբան-զորահրամանատարի աստիճանով: Նրա արածը մի ամբողջ ինստիտուտի կատարած գործից էլ ավելին է: Գուրգեն Յանիկյանի արտահայտությունը փոխառելով, կարող եմ աներկբա խոստովանել, որ Սվազլյանը հայտարարել է իր` իբրեւ «հայ անհատի պատերազմը թուրքին դեմ», այս պարագային` փաստերի, անհերքելի վկայությունների լեզվով, որին ո՛չ թուրքը, ո՛չ էլ մեկ ուրիշը անկարող է որեւէ բան հակադրել: Ինչպես արտահայտվեց ապրիլի 19-ին Հայաստանի ազգային գրադարանում հայերեն եւ անգլերեն տարբերակների շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցածներից մեկը, Վերժինե Սվազլյանը Հայոց ցեղասպանագիտության բնագավառում դպրոցի հիմնադիր է, եւ, կարող եմ վկայել, թե արդեն ունի իր աշակերտները, հանձինՙ Վ. Սվազլյանի աշխատանքով հիացած բեյրութաբնակ Հարություն Իսկահատյանի, որի կազմած «Վկայարան Հայկական ցեղասպանութեան» մատենաշարի երկրորդ հատորը լույս տեսավ ապրիլի 15-ին, Բեյրութում:

Այս գիրքը պարզապես պե՛տք է կարդալ եւ ամեն կերպ ջանալ մեծ տպաքանակով վերահրատարակել: 500-ական օրինակ տպաքանակը ամոթանքի խարան է այսքան մեծահարուստներ ունեցող մեր ժողովրդի եւ իբր նրա շահերը պաշտպանելու կոչված պետության համար...

Միայն եւ միայն երախտագիտական խորագույն զգացումներով խոնարհվում ենք տասնամյակների այս մեծածավալ եւ տքնաջան աշխատանքի եւ նրա հեղինակի առաջ, որ ահա այսօր մեզ ու ողջ մարդկությանն է ներկայացնում մեր ժողովրդի նահատակման ու վերապրումի վկայագրությունը:

Վարձքդ կատա՛ր, հավերժ համբուրելի հայուհի: Վստահ եմ, որ քեզ օրհնում են նաեւ մեր միլիոնավոր նահատակների հոգիները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4