ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2011-03-19 | #6, 2011-04-02 | #7, 2011-04-23


ԱՎԱՐՏԻ ՍԿԻԶԲԸ

Համաշխարհային ազգ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

Մենքՙ հայերս, սիրում ենք հիշել եւ մանավանդ գլուխ գովել, որ հին ազգ ենք եւ գերազանցՙ շատ նշանավոր ազգերից, որոնք մի ժամանակ եղել են Երկիր մոլորակի վրա, պետություններ ստեղծել, քաղաքներ կառուցել, հուշարձաններ թողել ապագա սերունդներինՙ արձանագրություններովՙ իրենց թագավորների քաջագործությունների հիշատակը հավերժացնող, եւ այսօր, երեւի, այդ ազգերու գեները կան միայն խառնված ուրիշ ազգերու գեներուն...

Մենքՙ հայերս, հպարտանում ենք, որ այդ նշանավոր ազգերը չկան, իսկ մենքՙ հայերս, կանք: Ճիշտն ասածՙ չեմ հասկանում, թե հայերուս համար հպարտանալու ի՞նչ բան կա, որ մենք եղել ենք եւ կանք: Բայց վա՛յ այդ ըլլալուն, չես ըսերՙ ինչպե՞ս կանք, եւ այդ ըլլալն էլ ինչի՞ է նման... Ահավասիկ մեծագույն հայը ժամանակին գրել է, որ հայերը «փոքր ածու» են: Էհ, հարցնում եմ, չե՞ք մտածում, որ 1500 տարի առաջ փոքր էինք, հիմա էլ: Այդ ինչպե՞ս է լինում, հապա մենք ե՞րբ պիտի մեծանանք:

Ճիշտ եք... Բայց փոխարենը որոշ հայրենասերներ պնդում են, որ Հայկական բարձրավանդակը մարդկության օրրանն է, եւ ժամանակ առ ժամանակ բնակչությունը (իմաՙ հայերը) բազմանում են եւ հորդելով Հայկական բարձրավանդակ կոչվող առատության եղջուրենՙ դուրս են գալիս եւ սկսում տարածվել Երկիր մոլորակով մեկ: Օրինակ, շատ հեռու չգնանք, Եգիպտոսի բուրգերը այդ նույն եղջյուրեն դուրս եկածներն են կառուցել (հայերը անշուշտ): Հայերը կառուցել են նաեւ Սթոունհենջը: Այդ ժամանակ հայերը կոչվում էին բրիտներ: Ասում ենՙ Զանգեզուրում հիմա էլ կա Բրիտ գյուղը...

Չուզողը մենք ըլլանք: Չեմ ուզում խորանալ այդ մարդոց պատմություններուն մեջ: Ամեն մարդ ազատ է մտածելու ինչպես որ կամենում է, եւ եթե օժտված էՙ հեքիաթներ հորինելու կարողությամբ... Վերջը, մարդս որքան ալ որ մեծանում է, մի տեղ իր մեջ մանուկը շարունակում է մնալ: Այնպես որ հեքիաթասացների կարիքը միշտ էլ լինելու է...

Սիրում եմ հայոց պատմությունը, մանավանդՙ եթե շատ բան չեմ իմանում, ուզում եմ գոնե իմացածներս հավաստի ըլլան եւ ճշմարտությունից ոչ շատ հեռու... Օրինակ, վերջերս ձեռքս անցավ մեր ազգի հանճար Հրաչյա Աճառյանին 2004 թվականին հրատարակված գիրքը, որ շատ օգտակար կրնար ըլլալ ամեն հայու, որ այդ գիրքը ունենար եւ թղթատեր... Այդ գրքի խորագիրը ձեզի ասեմՙ «Հայոց պատմություն»ՙ հյուսված ընդհանուր պատմության հետ (մարդկության պատմության): Այդ գրքին պիտի անդրադառնամ, միայն նախ ասեմ, որ ըստ Աճառյանի, հայերը Հայկական բարձրավանդակի վրա հայտնվել են Քրիստոսից առաջ երկրորդից առաջին հազարամյակներուն...

Ես պատմաբան չեմ, բայց ուզեցի գրել հայոց դարավոր պատմության վերջինՙ 20-21-րդ դարերու պատմության մասին, պատահարները, քանի որ ինքս ծնվել եմ 20-րդ դարուն եւ անցել 21-րդ դար... Որը, ըստ իս, հազարամյա հայ ժողովուրդին պատմության ամենասարսափելի ժամանակն է, երբ վճռվեց հայ ազգի բնաջնջումը... անտարբեր մարդկության աչքերուն առաջ:

Պրոֆ. Հրաչյա Աճառյանի գրքից իմանում ենք, որ երբ նույնիսկ հայերը թագավոր ունեին, իրենք դաշնակից եւ վասալ էին ուրիշ թագավորության, եւ այս հարաբերությունը հայերին հարեւան երկրների հետՙ պիտի շարունակվեր մինչեւ 20-րդ դար: Բայց նաեւ մանավանդՙ ոչ բարեկամական: Մարերը գնալու էին, հայերըՙ մնալու, բայց մարերին տեղը պիտի վերցնեին պարսիկները, եւ հաջորդաբար հայերը վասալ պիտի մնային իրար հաջորդող օտար իշխանություններու: Եվ այսպես, ինչպես ասացի, Հայաստանը շրջապատված, թշնամի եւ հակառակորդ պետություններու արանքում, լինելու է պատերազմներու թատերաբեմ: Ինչպես հայերը երգում ենՙ «Մեր հայրենիք թշվառ, անտեր, մեր թշնամյաց ոտնակոխ...»: Անդադար կռիվներՙ իրարու դեմ հայ իշխաններու կռիվներ, օտար պետություններու կռիվներ Հայաստանի հողին վրա: Եվ այսպեսՙ դարեր... Այդ ընթացքին միայն մի քանի տասնամյակ հայկական հողի վրա հայտնվել է մի թագավորՙ Տիգրան Մեծ արքայից արքան, որ ստեղծել է մի պետություն, որը նաեւ կոչել են հելլենիստական, որ դուրս է եկել բնօրրանից եւ ստեղծել մի պետությունՙ ծովից ծով... Հետո Տիգրանի ստեղծած պետությունը քայքայվել է, հիմնականում Հռովմեական կայսրության կողմիցՙ դրսի հարվածներից, իսկ ներսում ալ իր դավաճան որդու ձեռքով, որ շատ անհամբեր էր հոր թագը իր գլխուն ունենալու: Վերջը, համենայն դեպս, մեր իմաստուն արքան ձեւը գտնում է գործը անուշի կապելու եւ դաշինք է կնքում հռովմեացիներու հետ եւ կարողանում է պաշտպանել հայկական պետությունըՙ իր Մեծ եւ Փոքր Հայքերով: Դրանից հետո, մինչեւ 20 տարի առաջ, երբ հայերը ունեցան իրենց անկախ պետությունը, եղել են կա՛մ վասալ եւ հարկատու պետություն, կա՛մ էլ հայկական պետություն գոյություն չի ունեցել:

Մեր ազգի պատմությունը չեմ գրում, չեմ էլ կարող: Պարզապես ուզում եմ թռիչք կատարել դարերի վրայով եւ հասնել մեր օրերըՙ 19-րդ դարից 21-րդ դար, երբ կատարվեցավ հայ ազգի հանդեպ ամենասոսկալի ոճիրը, երբ Օսմանյան կայսրության մի խումբ գործիչներ, իթթիհատական կուսակցության անդամներ մարդկության դեմ հրեշային ոճիրը հղացան: Իրենց հպատակ հայ ազգին, որ նստակյաց, ստեղծագործ ժողովուրդ էր եղել եւ ապրում էր իր բնօրրանում, իրենց իսկՙ այդ հողերուն վրա հայտնվելուց դարեր առաջ, եւ ահավասիկ մի խումբ վիժվածքներ որոշեցին Առաջին համաշխարհային պատերազմի օրերուն արմատախիլ անել հայ ազգը իր բնօրրանեն եւ քշելով Տեր-Զորի անապատներըՙ անխնա ոչնչացնել, եւ հաջողացնում են հրեշային այդ ծրագիրը իրականացնել: Այսօր արդեն 95 տարի է անցել այդ մեծագույն ոճիրից: Արեւմտահայութենեն հազիվ թե մնացողներ ըլլան...

Ենթադրվում է, որ մեր հայրենակիցները այսքանից տեղյակ են: Իմ գրելուս նպատակը այն է, որ ես իմ հայրենակիցներու ուշադրությունը ուղղել եմ ուզում հարցի մը: Կարծեք, հայերու հիշողության մեջ տեղավորված է թյուրիմացություն մը, որուն կուզեի անդրադառնալ: Հաճախ, երբ խոսք է գնում ցեղասպանության մասին, հայերը հիշում են 1915 թվականը: 1915 թվականին նախորդել էին 1894-ի ջարդերը, 1909-ինՙ Ադանայի ջարդը տասնյակ հազար զոհերով: Այս մասը վերաբերում է արեւմտահայության: Բայց սարսափելին այն է, որ 1915 թվականի ցեղասպանությունը չավարտվեց: 1915 թվականից հետո էլ հայերուս ցեղասպանությունը շարունակվեց եւ շարունակվում է մինչ այսօր: Այս կողմն էի ուզում ձեր ուշադրությունը ուղղել... Եվ ահավասիկ, թե պատմությունը ինչպես շարունակվեց:

1917 թվականին մարդկության գլխին նոր աղետ պայթեց: Ռուսաստանում ոճրագործներու մի խումբ գրավեց արքայական պալատը Սանկտ Պետերբուրգում եւ Ռոմանովներու 300 տարվա արքայական տոհմը անխնա ոչնչացուցՙ գնդակահարեց: Այդ ոճրագործներու ամենասիրած բանը դա էրՙ գնդակահարել, հազարներով... հազարը ի՞նչ է, տասնյակ հազարներով: Աշխարհի մեկ վեցերորդին վրա տարածված կայսրությունը տակնուվրա եղավ: Պատերազմը նոր էր ավարտվել Եվրոպայում եւ Ռուսաստանում նոր պատերազմ էր սկսվումՙ քաղաքացիական պատերազմ: Եվ ահավասիկ այդ օրերուն արյունի հոտին քաջածանոթ Քեմալը վազեց եկավ Լենինին եւ Ստալինին հանդիպելու: Գործ կար: Մի տարի առաջվա մահացու թշնամիները անմիջապես եղբայրացան: Ի՞նչ կա որ... Քեմալը պարզ աչքով տեսավ, որ իր նախկին թշնամիներըՙ դաշնակիցները եւ ռուսները դարձել էին մահացու թշնամիներ, ուզում են իրար հոշոտել: Ավելի լավ առի՞թ: Եթե ռուսները զենք եւ ոսկի տալիս էին, անգլիացիները, ֆրանսացիները, հույները ծով թափելը Քեմալը անձնվիրաբար ինքն իր վրա էր վերցնում: Այն ատեն նույն ռուսները հիշեցին հայերին, որոնք Արարատի ստորոտին, առանց ժամանակ կորցնելու, ծովից ծով Հայաստան էին ստեղծել: Ռուսները (բոլշեւիկները) Քեմալին հարցուցին, թեՙ ինչո՞ւ ինքըՙ Քեմալը, Թալեաթին կիսատ թողած գործը չի ավարտում, ինչո՞ւ Կարսը չի գրավում: Քեմալին մի րոպե պետք էրՙ մտնելու 30 ամսական մանուկ Առաջին Հանրապետության սահմանները եւ սկսելու կոտորածը 1920-ին:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որուն ծննդյան վկայականի վրա նշված էՙ 1918, մայիսի 28, Սարդարապատ, խեղդամահ եղած էր օրորոցին մեջ: Տասնյակ նոր հազարներ պիտի գային ավելանալու 1915 թվականի զոհերու ցանկին... Մնացած բուռ մը հայերը նորից վերադարձան իրենց ճորտի վիճակին... Ռուսաստանում, այսինքնՙ աշխարհի մեկ վեցերորդում, արդեն հաստատվել էր բոլշեւիզմը: Երկիրը կործանման եզրին էր հասել Առաջին համաշխարհային պատերազմի վերջին, պետք էր երկիրը վերակառուցել... Բայց ինչպե՞ս վերակառուցել... Նախՙ պետք է երկրին մեջ տիրեր կարգ ու կանոն, այսինքն 60-70 միլիոն մարդ պետք էր գնդակահարել: Մի քանի բառը հերիք էր, որ մարդիկ հասկանան, թե իրենք ի՞նչ պիտի անեին: Առաջինՙ ատելություն, երկրորդՙ ատելություն եւ մատնիչություն, երրորդՙ ատելություն եւ ժողովուրդի թշնամիների ոչնչացում, չորրորդՙ կապիտալիզմի ագենտները բավական չէ՞ր գնդակահարելը: Մարդկանց սպանելը պետք էր, պետք էր նաեւ կառուցել... Կառուցել երկաթե վարագույրը: Մարդկության պատմության մեծագույն կառույցը: Չինական պարիսպները խաղալիք են երկաթե վարագույրի կողքին:

Եվ ահավասիկ մարդկության գլխին եկավ նոր աղետըՙ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Այդ պատերազմն ալ պիտի ըլլար բոլշեւիզմի գերեզմանափորը: Երկրորդ համաշխարհային պատերազմը ֆաշիզմին, նացիզմին եւ բոլշեւիզմին ծրարելու էր եւ հետը տանելու էր: Ամեն ինչ սահման մը ունի: Եվ նորից միլիոնավոր զոհեր, եւ ահավասիկ մեր խեղճ ու կրակ հայ ազգն ալ. համարյա իր ունեցած տղամարդկանց կեսը դարձավ թնդանոթի միս. 300.000 հայեր եկան ավելնալու 1915 թվականի ցեղասպանության զոհերուն թիվին վրա: Հայրենական պատերազմ. հայուն հայրենիքը ո՞ւր է այնտեղ: Չէ՞ր բավեր 1937 թվականին հայ մտավորականներու ողջակիզումը, հետն ալ, ո՞վ իմանա, քանի հազար անմեղ հայեր:

Եթե այս եղածները ցեղասպանության շարունակություն չեն, հապա ի՞նչ են: «Հայաստան առանց հայի». սա էր ռուսներուն ուզածը... Ի՞նչ ըսեմ քեզի, ողորմելի հայ ժողովուրդ, ինչո՞ւ փոքր ես, չե՞ս գիտեր, որ փոքրին չեն սիրում, փոքրին գլխուն կուտան, մի օր էլ փոքրին գլուխը կկտրեն...

Սովետական իշխանության ժամանակ, չմոռնամ, ժողովուրդներու հայր Ստալինի (անիծվի) հայասիրությունը որտեղից բռնեց, որ հիշեց հայերը եւ որոշեց երկաթե վարագույրը բաց անել, որպեսզի հայերը գան իրենց «հայրենիքըՙ Սովետական Հայաստան»: Չհաշվելով 1920 թվականից արեւմտահայերու ներգաղթը, 1946-48 թվականներուն 100.000 հայեր ներգաղթեցին Հայաստանՙ տասնամյակներու իրենց քրտնաջան աշխատանքով կառուցած տուները քանդելով: Ի՞նչ էիք ուզում այդ խեղճ (անխելք) հայերից, որոնք արդեն սկսել էին տեղավորվել իրենց «նոր հայրենիքներու» մեջ: Ավելի զազրելի բան չկա, քան մարդուն խաբելը. եթե նա ինքնախաբեության մեջ է, դա արդարացում չէ. քանի-քանի տարբեր երկրներից «հավատացյալ կոմունիստներ» իրենց կյանքը վտանգելե վերջ սովետական ռեժիմին համար, հավատալով սովետական ոճրագործ ռեժիմին, եկան ապաստան փնտրելու Սովետական Միությունում եւ իրենց կյանքն ավարտեցին Սիբիրի գուլագներում...

Եվ վերջապես, կներես, շոկի մեջ մի ըլլար, հարգելի ընթերցող, որ հազարավոր տարիներ օտարներու կրունկներուն տակ ճզմվող հայ մարդը, երբ ունեցավ իր անկախ պետությունը, կարծես դարերով սպասել էր այդ պահուն, ու առաջին բանը, որ մտածեց, հեռանալն էր հայրենի հողիցՙ հնարավորին չափ հեռու... Պատմության հեգնանքը ըսեմ, ի՞նչ ըսեմ... Եվ ահավասիկ հայ ազգի կորուստը գլեց-անցավ նախկին կորուստները: Անկախության տարիներուն հայության համար կորսվածներուն թիվը ավելի է, քան թե 1915 թվականին թուրքերու սպանածները... Չէ՞ որ թուրքերը տեսնում են եւ գիտեն... Նրանց մնում է ձեռքերը ծալած դիտել ինքնասպան եղող Հայաստանը, չէ՞ որ գնացողը հետ չի գալու... Եվ գնալը շարունակվում է... Թուրքերից հող ես ուզում ի՞նչ անելու համար. որ այդ հողերն ալ ծախե՞ս. ի՞նչ կա որ, հիմա կծախես, հետոՙ աստված մեծ է... Ջանդ սաղ ըլլա, հիմա որքան կարող ես, «կեր, արբ, ուրախ լեր»...

Իսկ հիմա արդեն վերջաբանը... Հիմա սկսում են նոր, ամբողջովին նոր ժամանակներ ցեղասպանության շարունակության...

***

Տարիքս լավ առաջացել է: Ես երկար ապրեցի, ուրախ եմ, որ երկար ապրեցի: Եթե մի տասը տարի առաջ մահանայի, այնքան բաներ, որ ես արել եմ, պիտի արած չըլլայի: Ես նկարիչ եմ, արեցի նաեւ քանդակներ, ունեմ ուրիշ ծրագիրներ ալ, որոնք կուզեի իրականացնել եւ տեսնել կայացած: Հետո, չեմ գիտեր, տակավին ի՞նչ բաներ կան մեջս, որոնք մինչեւ այսօր կրնան ըլլալ, որ սպասում են առիթի երեւան գալուն: Բայց նաեւ երկար ապրելովՙ ես սկսեցի նկատել բաներ, որոնց չպիտի ուզեի ականատես ըլլալ: Կկարծեմ, որ մարդը երիտասարդության սկզբին սկսում է դատողություններ անել կյանքի մասին, սկսում է իրեն համար ճշտել տեսակետներ, համոզմունքներ, որոնք զինքը դարձնում են ավելի կայունՙ հոգով իր նմաններուն հետ հարաբերելիս: Այդ հիման վրա ստեղծվում են հարաբերություններ, երբ անհատը ներկայանում է իբրեւ ճանաչելի անձնավորություն, մարդ, որին գիտես, որ այսինչ-այնինչ հարցերու մասին ունի իր տեսակետը եւ վերաբերմունքը: Գրեթե վստահ ես, որ գիտես ում հետ գործ ունես, ինչ կարող ես սպասել կամ ծրագիրներ մշակել այդ անձի հետ... Մեկ խոսքով, մարդը միայն ֆիզիկական վիճակ մը չէ, այլ նաեւ հոգեւոր վիճակ նույնպես: Դուն գործ ունիս դավանանքի եւ համոզմունքներու հետ... Եվ ահավասիկ, վերջերս նկատեցի, որ համոզմունքները, առանց որոնց քեզ թվում էր, որ չես կարող ապրել, համոզմունքները, որոնք քու հոգիիդ հենարաններն էին, կրնան փոխարինվիլ... Լեզունՙ մոր նման սրբություն, մարդուն ստեղծած ամենահոգեւոր արժեքը, պարզվում է, որ փոխարինելի է... Եթե հայերեն ասում եսՙ «Քեզ սիրում եմ», կրնաս այդ զգացումը արտահայտել անգլերենՙ «Այ լավ յու»: Հայերեն հասկանում են երկու միլիոն մարդիկ, անգլերենՙ 1 միլիարդից ավելի: Վերջը, պարզվում է, որ լեզուն մանավանդ հաղորդակցության միջոց է եւ նույն բանը կարող ես ասել բազմահազար լեզուներով, եւ այստեղ ալՙ մարդկության առեղծվածներեն մեկը: Ո՞ւմ են պետք այդքան տարբեր ձեւեր նույն բանը ասելու համար: Լեզուներու բազմությունը օգնո՞ւմ, թե՞ խանգարում է մարդկանց զիրար հասկանալու:

Հայրենիք: Որքան մարդիկ իրենց արյունը թափած են հայրենիքը պաշտպանելու համար... Էհ, մոլորակի վրա շատ տեղեր կան, ուր քեզի չեն հարցնում հայրենիքիդ մասին: Իրենց պետք չէ: Բայց ասում ենՙ բարի եկար, արի միասին ապրինք... Սիրիր այս երկիրը: Եթե չես կարողՙ վեր կաց ու գնա: Ազգությունդ կարո՞ղ ես մոռանալ... Չես կարող... Հեռացիր հայրենիքեդ, գնա օտար երկիր, դուն ազգությունդ չես մոռանա, բայց զավակներդ երկու տարի վերջ արդեն մոռացած կլինեն... Երբ այս բաներուն մասին մտածում եմ, հիշում եմ անկախության օրերից, երբ նոր քաղաքական գործիչներ հայտնվեցին հայոց մեջ: Խելացի, ինքնավստահ: Անմիջապես մի քանի բաներ մեզի սորվեցուցին: Որ չկան հավիտենական բարեկամներ, չկան հավիտենական թշնամիներ... Սորվեցուցին, որ կան «խաղի կանոններ» եւ այնքան օգտագործեցին այդ խաղի կանոնները, որ այսօր մարդիկ կարծում են պետական գործը խաղ է, խաղի կանոններ... Մարդը ուզում է պատկերավոր խոսիլ... Երեւի մարդը ռուսական կրթություն ունի:

Ինչ անենք, հիմա այսպես է...

Այդ ատենները արդեն ամեն ինչ պարզ էր, ես էի անխելքը, որ չէի անդրադարձել, որ ընթացքին հայ ազգը մի նոր թռիչք էր կատարել կամ կատարելու էր, որ հայը, եթե դարերով եղել էր կամ կոչվել էր հայ, հիմա արդեն հայերը «համաշխարհային ազգ» են: Ունին համաշխարհային լեզու (?), ունին համաշխարհային հայրենիք: Ղարաբաղի հարցն էլ արդեն միջազգային է...

Թող մեզանից օրինակ վերցնեն, թող սովորեն... Չինացիները, հնդիկները ինչ ուզում են, թող մտածեն... Հաղթանակը համաշխարհային ազգին է պատկանում: Նոր տեսակ ազգ մը ծնվեց. մենք ի՞նչ անենք, թող Միացյալ ազգերու կազմակերպությունը մտածի, որ այդ համաշխարհային ազգին ուր տեղավորի...

Մինչ այդ... հայերը էլի առաջին տեղում են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4