ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2011-03-19 | #6, 2011-04-02 | #7, 2011-04-23


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Արաբերեն եվս մեկ վկայություն

Անցյալ տարվա մարտ ամսին Բեյրութում հայ կաթողիկե հայտնի ձեռներեց պր Ժոզեֆ Պողոսը մակագրությամբ ինձ նվիրեց իր մորական պապի` Թուֆիք Նուրիի «Աշուաք ուա զուհուր ֆի թարիխ Դեյր-էլ-Զոր» («Փշեր եւ վարդեր Դեյր-էլ-Զորի պատմության մեջ») վերնագրված անտիպ հուշագրության ձեռագրի լուսապատճենը:

Հուշագրողի մասին.

Ասորի կաթոլիկ համայնքի անդամ Թուֆիք որդի Իլիասի որդի Նաամաթալլահի որդի Մահտեսի Ջիբրաիլի որդի Յաակուբի որդի Ջիբրաիլի որդի Աբդել Ազալ Նուրին ծնվել է Դեյր-էլ-Զորում` 1870-ական թվականներին, մահացել Բեյրութում` 1957թ. հոկտեմբերի 2-ին: Դուստրերից Ռոզեթ Նուրին ամուսնացել է Մարդինի հայոց ցեղասպանությունից փրկված, արաբախոս հայ կաթողիկե Յաակուբ Պողոսի հետ: Յաակուբի եւ Ռոզեթի որդիներ Աբբուդն ու Ժոզեֆը այսօր հայտնի գործարարներ են Լիբանանում` ֆինանսական գործառնությունների եւ թանկարժեք մետաղների առեւտրի ոլորտներում, միաժամանակ` հայ կաթողիկե համայնքի ղեկավար մարմինների եռանդուն անդամներ: Ժոզեֆ Պողոսը վերջին տարիներին հովանավորել է Իվ Թեռնոնի «Մարդին-1915 թվականի ցեղասպանության վերլուծական ուսումնասիրություն» խորագիրով գրքի եւ Սիմա Քեշիշյանի «Թիվ 570 գոգնոցը» հուշագրություն-գրքույկի հրատարակությունը, որոնք վերաբերում են Հայկական ցեղասպանությանը («Ազգի» 2009 թ. հունիսի 3-ի, օգոստոսի 25-ի եւ նոյեմբերի 18-ի համարներում անդրադարձել ենք այս հրատարակություններին):

Թուֆիք Նուրին կյանքի մեծագույն մասն ապրել է Դեյր-էլ-Զորում, եւ քաղաքին առնչված հիշատակելի անցքերն ու քաղաքի քրիստոնյաների սովորությունները նկարագրել-ամփոփել է այս հուշագրության մեջ:

Հուշագրության մասին.

Գրված է շատ հավանաբար 1940-ական թվականների վերջին կամ 1950-ականների սկզբին` շատ գեղեցիկ, դյուրընթեռնելի արաբերեն ձեռագրով: Բաղկացած է 94 էջից, որոնց ավարտին կցվել են 5 հավելվածներ` Ա-4 չափի 5 էջերի մեջ: «Մուտքին» (էջ 3) հաջորդում են «Պատմական ակնարկն» (էջ 4-40) ու «Դեյր էլ-Զորը հնի եւ նորի միջեւ» (էջ 41-94) վերնագրված գլուխները: Երկրորդ գլուխը բովանդակում է ազգագրական-բանահյուսական արժեքավոր նյութեր` քաղաքում բնակվող քրիստոնյաների ծննդի, նշանդրեքի, ամուսնության, հուղարկավորության, մահվան, զանազան տոների նշման վերաբերյալ սովորությունների նկարագրություններ, ասացվածքներ եւ այլն: Կարեւոր աղբյուր է «Ընտանիքները» բաժինը, ուր հեղինակը ներկայացնում է քաղաքում տարբեր տեղերից վերաբնակված քրիստոնյա ընտանիքների ցուցակը` տեղափոխման նախնական բնակավայրի նշումով: Ցուցակում հանդիպում են նաեւ հայ ընտանիքների անուններ:

«Պատմական ակնարկ» գլուխը մի քանի բաժիններով ներկայացնում է Դեյր-էլ-Զորի հակիրճ պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ 1940-ականների կեսերը` Սիրիայի անկախացումը: Ակնարկի ծավալի մեծագույն մասը 20-րդ դարի անցքերն են, որոնց, ինչպես նշել ենք, անմիջական ականատեսը, երբեմն էլ մասնակիցն է եղել հուշագրող Թուֆիք Նուրին: Հետեւաբար, նրա վկայություններն ստանում են պատմական սկզբնաղբյուրի նշանակություն: Այս բաժնում եւս հանդիպում են հայերի առնչված զանազան տեղեկություններ, ինչպես քաղաքում հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրման մասին մի քանի տողերը:

Հուշագրության 16-22-րդ էջերը առնչվում են Հայկական ցեղասպանության, նաեւ` սիրիական հողում հայ-չեչենական հարաբերություններին: Դրանք տեղ են գտել «Դեյր-էլ-Զորում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունները» վերնագրված բաժնում (էջ 16-40): Նկատի ունենալով այս վկայության պատմա-քաղաքական մեծ նշանակությունը, ստորեւ «Ազգի» ընթերցողներին ներկայացնում ենք այդ էջերի թարգմանությունը:


1882 թվականին պատերազմ ծագեց Ռուսաստանի եւ Օսմանյան տերության միջեւ, որը ծանոթ դարձավ Կարսի եւ Բաթումի պատերազմ անունով: [1] Թուրքերը նահանջեցին եւ ռուսները տիրեցին նավթով հարուստ այս տարածքներին: [2] Ռուսների` թուրքերին պարտադրած բոլոր պայմաններն ընդունելուց հետո, այդ գրավյալ տարածքների բնակիչների մի մասը գաղթեց, եւ թուրքական կառավարությունը նրանց զանազան վայրեր տեղավորեց: Այսպես, չերքեզները բնակվեցին Հոմսի, Կունեյտրայի եւ Հորդանանի հողերում, իսկ չեչենների ցեղախումբը վերաբնակեցվեց Դեյր-էլ-Զորում եւ Ռաս-ուլ-Այնում (Ջեզիրե), որոնց համար Սալեհ փաշան քաղաքից հազար մետր հեռու նոր բնակարաններ կառուցեց: Վայրին տրվեց ալ-Սալեհիե [3] անունը: Բնակարանները հետագայում վերածվեցին ֆրանսիական բանակի զորանոցների, ապա անցան սիրիական բանակի ձեռքը եւ այդպես էլ մնում են առ այսօր: Քանի որ այս գաղթականներն իրենց երկրում սովոր էին կողոպուտի ու ավազակության եւ իրենց երկիրը ցուրտ կլիմա ուներ, իսկ վերջերս իրենց բնակած երկրի կլիման տաք էր ու չոր [վերջ 16-րդ էջի], չորացան նրանց կողոպուտի աղբյուրները եւ թուլացան նրանց փորերը սաստիկ տաքի եւ մալարիայի նման հիվանդությունների պատճառով, ուստի նրանց մեծ մասը իր բնօրրանը` Կովկաս վերադարձավ: Մահացածների թիվը գնահատվում է ավելի քան տասը հազար մարդ` 25 հազար հոգուց: 150 ընտանիք մնաց Ռաս-ուլ-Այնում, 75 ընտանիք էլ` Դեյր-էլ-Զորում: Թուրքական կառավարությունը Ռաս-ուլ-Այնում նրանց բերրի հողեր հատկացրեց Խաբուր գետի եզերքը, սակայն դա նրանց չգայթակղեցրեց, քանի որ մշտապես փնտրում էին այն, ինչին սովոր էին` կողոպուտը, ավազակությունն ու թշվառությունը: Նրանցից որեւէ մեկը չօգտագործեց այդ բերրի հողերը, եւ դրանք վաճառեցին չնչին գներով` կարիքը նախընտրելով հարստությունից, արժանավայել կյանքից եւ ազնիվ աշխատանքից, որոնք թշվառությունից եկող մի քանի ղուրուշի [4] արժեք իսկ չունեն: Մնացած քչերը գործակցեցին թուրքական կառավարության հետ եւ գործնապես մասնակցեցին 1915 թվականի հայոց կոտորածներին, երբ օսմանյան կառավարությունը որոշեց հայերին հեռացնել իրենց բնօրրաններից` երեւութապես` նրանց սփռելու, սակայն իրականում նրանց սպանելու եւ բնաջնջելու նպատակով:

Հայերի` այս նպատակի համար որոշված վայրը` Դեյր-էլ-Զոր հասած առաջին կարավանը Մարաշի եւ Ուրֆայի միջեւ գտնվող Զեյթունի բնակիչներ էին: Հայերի Դեյր-էլ-Զոր ոտքով գալուստը շարունակվեց մեծ տարողությամբ: Ճանապարհին թուրքերի սպանածների թիվը [վերջ 17-րդ էջի] նվազ չէ Դեյր-էլ-Զոր հասածների թվից: Աստված գիտե, թե սովի, ծարավի եւ սաստիկ տաքի հետեւանքով մահացածների թիվը որքան է: Հասնողների դեմքերին պարզվող թշվառության, տանջանքի, հիվանդությունների եւ սովի տեսքը պատառ-պատառ էր անում տեսնողների սիրտը:

Եվ քանի որ վնասարարը հիշվում է իր վնասով, իսկ բարեսերը` իր բարիքով, ես պարտավոր եմ հիշատակել այն ժամանակվա մութասերիֆ Ալի Սուադ փաշային: Այս անձը իսկական մարդ էր. նրա մարդկայնությունը նրան թույլ չտվեց տեսնել մարդ արարածի տանջանքներն ու այս թշվառ գաղթականներին, որոնք դեռ երեկ տերության որդիներն էին, երկրի արդյունաբերության ու առեւտրի մեքենան, իսկ այսօր հեզ անասունների նման քշվում էին մորթվելու` կարծեք անտեր ոչխարներ լինեին: Փաշան նրանց գթաց եւ հատկացրեց մի ժամանակ չեչենների զբաղեցրած եւ ապա լքած բնակարանները, ինչպես նաեւ նրանց պատսպարելու համար բացեց մի քանի խաներ եւ յուրաքանչյուրին օրական մեկ նկանակ հացի հատկացում սահմանեց: Այս միջոցառումները հակասում էին կառավարության կարծիքին ու նպատակներին, որոնք միտված էին հայոց բնաջնջման եւ մահվան ու ոչ թե տեղավորման ու սնման: Թուրքական կառավարությունն ուղարկեց իր հստակ հրահանգները, որոնցով նրան իմաց էր տալիս, թե ինքը որոշել է ոչ թե հայերին գաղթեցնել, այլ` բնաջնջել ու մեռցնել` նրանցից ազատվելու համար, եւ թե համաձայն չէ Ալի Սուադի` կառավարության ծրագրին հակասող միջոցառումներին: Նահանգապետը հետեւյալ գրությունն ուղարկեց Բարձր դռան. «Խիղճս ինձ չի կարող թույլ տալ մսագործ լինել [վերջ 18-րդ էջի]. այսպիսի պատասխանատվություն չեմ ուզում կրել Աստուծո եւ պատմության առաջ: Իսկ եթե այդպիսի միջոցառումն անխուսափելի է, ապա դա թող արվի մեկ ուրիշի ձեռքով, հետեւաբար ինձ հիմիկվանից հրաժարած նկատեք եւ պաշտոնից զրկեք»: Կառավարությունն անմիջապես ընդառաջեց ու նրան Բաղդադում դեֆթերդար (նահանգի դիվանապետ) նշանակեց, իսկ նրա փոխարեն Զեքի բեկին [5] նշանակեց` հատուկ կերպով` բնաջնջման համար: Այս վայրագ, մարդկային արյան ծարավի գազանը իր խորքերում կրում էր մի սիրտ, որը միայն վայրի գազանները կկրեն: Իր ժամանումից քիչ հետո նա իր մոտ հրավիրեց ցեղախմբերի պարագլուխներին եւ շեյխերին ու քաղաքի մի քանի երեւելիների եւ նրանց հայտնեց այդ ժողովի նպատակը` կառավարությունը որոշել է անհավատ (գյավուր), կրոնի ու պետության թշնամի հայերին ոչնչացնել: Նա հավաքվածներից պահանջեց օժանդակել իր գործին: Այստեղ երեւացին արաբական քաջասրտությունն ու վեհանձնությունը, որոնցով նրանք հատկանշվում են, ինչպես նաեւ նրանց հոգու խորքերում հանգրվանող մարդկային ոգին` իր բոլոր հատկանիշներով: Նրանք խիզախորեն մերժեցին մասնակցել անմեղ հոգիների սպանության, որն Ալլահն իրենց Սուրբ գրքում արգելել է: Երբ ոճրագործը հուսախաբ եղավ, արաբներն իր կոտորածներին ներգրավելուց, ուղղվեց չեչենների բնօրրանը` Ռաս-ուլ-Այն եւ նրանց տեղեկացրեց կառավարության ծրագրածն ու իր որոշածը: Չեչենները տեղվույն վրա հայտնեցին իրենց պատրաստակամությունըՙ գործակցելու նրա հետ ու կատարելու նրա հանձնարարածՙ նույնիսկ ամենաստոր առաջադրանքները: Տեղվույն վրա նրանցից կազմվեց մի մարմին [վերջ 19-րդ էջի]` Դեյր-էլ-Զորի ընդարձակ նահանգում սփռված հայերին հավաքելու եւ նրանց Եփրատի արեւմուտքից այն կողմ, այսինքն` Ջեզիրե քշելու համար: Ջեզիրեում գտնվող երկրորդ մարմինը զբաղելու էր բնաջնջման գործով:

Եվ սկսվեցին տանջելու եւ անարգելու գործողությունները, որոնց հետեւեցին վայրենաբար տարբեր ձեւերով սպանությունները: Հորիզոնի երկարությամբ երեւում էին մարդկային կարավանների կուտակումները` փռված Եփրատից մինչեւ ալ-Բուսեյրա, Շեդդադե ու Մարկադե` սպասելով արագ մահվան, այսինքն` մահվան իրենց հերթին: Մարդասպաններն ուժասպառ էին եղել սպանելուց, եւ նրանց ձեռքերը հոգնել էին զոհերի շատությունից: Որոշ ժամանակ անց նրանց առաջ դեռ գտնվում էին կես միլիոն մարդ արարածներ, որոնց հարկավոր էր վերացնել: Սկսեցին զանգվածային սպանության գործողությունները: Հինգ հարյուր հոգի կապում էին իրար, չոր խոտ լցնում վրաները եւ այրում, մինչ հարյուրական հոգի կապում էին իրար եւ մեկ ժամով գցում Խաբուր գետը, ապա դուրս հանում` նրանց փոխարեն ուրիշ ալիք գցելու համար: Մի՛ հարցրեք այն անամոթությունների մասին, որոնք գործեցին նրանք, ինչպես փորոտիքի դուրսթափումը ոսկի գտնելու նպատակով, վերջույթների կտրատումը, անվախներին ողջ-ողջ կտոր-կտոր անելը: Մարդասպանը [6] վերահսկում էր այդ վայրենական գործերը, քաջալերում նրանց եւ իր ոճրագործ ձեռքերով գործնապես մասնակցում այդ մարդկային կոտորածին: Բռնակալն ու նրա օգնականները վեց ամսվա ընթացքում ավելի քան երեք քառորդ միլիոն անմեղներ բնաջնջեցին: Թուրքական կառավարությունը նրան պարգեւատրեց բարձրագույն շքանշանով եւ ավելի բարձր պաշտոնի նշանակեց: Պատերազմի ավարտից հետո նա սպանվեց մի հայի ձեռքով` իրենց մահվան արժանացած մյուսների` վարչապետ (սադրազամ) Թալեաթ փաշայի, պատերազմական նախարար Էնվեր փաշայի, ծովային նախարար եւ Սիրիայում չորրորդ բանակի ընդհանուր հրամանատար Ջեմալ փաշայի եւ հայոց կոտորածներին մասնակցած եւս 22 հոգու հետ: Սրանք դատապարտվեցին մարդկության խղճի դատարանում. երանի՜ թե սրանք իրենց պատիժն ստացած լինեին իրենց կատարած վայրենի արարքների, ոճիրների ու սպանությունների համար, որոնց համար մարդ կամաչի: Նման արարքներ չի կարող գործել ոչ ոք, բացի թուրք ժողովրդից, որ շուրջ մեկուկես միլիոն անմեղ հոգի բնաջնջեց: Այս կոտորածներին զոհ գնացին նաեւ ասորիներ, քաղդեացիներ, աշուրներ եւ հույներ: Այսպիսով, նրանց երկիրը զրկվեց հառաջադիմության բարձրագույն տարրերից` մտավորականներից, մտքի մարդկանցից, առեւտրականներից, արդյունաբերողներից. ավերումը տիրեց նրանց երկրում` թեեւ կողոպտել էին այդ աղետյալների գումարները` վայրենի ձեւերով նրանց արյունը թափելուց եւ ոչնչացնելուց հետո, որոնց նմանը չի եղել բացի թուրքական պատմության մեջ: Այս բիրտ ու կոպիտ ժողովուրդը շարունակելու է իր հոգում կրել վայրի գազանների բնությունը:

Մեր այս բնութագրման իբրեւ ապացույց, սիրելի՛ ընթերցող, քեզ եմ ներկայացնելու մի հակիրճ ակնարկ, որը ցույց է տալիս թուրք ժողովրդի տածած ոխն ու ատելությունը ոչ-թուրանական բոլոր ժողովուրդների նկատմամբ ընդհանրապես եւ քրիստոնյաների նկատմամբ մասնավորապես: Դա Աստուծո մեկ տաճարի պղծումն է, նկատի ունեմ Դեյր-էլ-Զորի քաղդեացիների եկեղեցու վերածումը պոռնկանոցի:

Այս ողբերգության [վերջ 21-րդ էջի] անցքերը գիտեն Դեյր-էլ-Զորի զավակները, որոնց հոգում դա զզվանք առաջացրեց:

Համաշխարհային պատերազմի ընթացքում, 1917 թվականին, թուրք զինվորներից եւ Ռուշդիե թաղամասի թաղապետից բաղկացած մի պարեկախումբ եկավ քաղդեացիների եկեղեցին` զինվորությունից փախած մի քրիստոնյա որոնելու նպատակով: Խուզարկության ժամանակ հայտնաբերեցին գինիով լի մի քանի շշեր եւ քահանային` հայր Ստեֆանին հարցրեցին եկեղեցում գինու գտնվելու պատճառը: Քահանան հայտնեց, թե ըստ քրիստոնեական ծեսերի, գինին օգտագործվում է աղոթքի ժամանակ: Չհամոզվելով այս պատասխանով, նրանք գրեցին մի զեկուցագիր` լի ստերով եւ վերագրումներով, թե քահանան գինեմոլ է եւ գինու առեւտրով է զբաղվում: Քահանան ստորագրեց թուղթը` առանց ծանոթանալու նրա բովանդակության, քանի որ թուրքերեն չէր իմանում: Զեկուցագիրը ներկայացվեց համապատասխան ատյաններին` բռնագրավված գինու շշերի հետ միասին: Երբ քահանային սկսեցին հարցաքննել, մութասերիֆի առաջ նրա պատասխանները չէին տարբերվում նախապես իր ասածներից: Մութասերիֆը քահանային անակնկալի բերեց` ասելով. «Քանի որ դու գինեմոլ ես, եկեղեցում արգելված նյութեր ես վաճառում ու եկեղեցին մեյխանայի (գինետան) ես վերածել, ես դա քերխանայի (պոռնկատան) պիտի վերածեմ, եւ դու եկեղեցին հենց հիմա թողնելու ես: Մութասերիֆը անմիջապես կիրառեց իր ասածը, եւ եկեղեցին` Աստուծո տաճարը էգ եւ արու անառակների որջի վերածվեց: Այս մութասերիֆը սպանվեց հայերից` մյուսների սպանածների հետ, ինչպես նախապես նշել ենք» [էջ 22]:

Թարգմանեց, ծանոթագրեց եւ նյութը հրատարակության պատրաստեց

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԸ


1. Խոսքը վերաբերում է 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմին, որի ավարտին կնքված Սան Ստեֆանոյի ու դրան հետեւած Բեռլինի 1878թ. պայմանագրերով` Կարսը, Բաթումը եւ հարակից շրջանները կցվեցին Ռուսաստանի կայսրության:։

2. Որքան մեզ հայտնի է` հիշյալ տարածքներում նավթի հանքավայրեր չեն հայտնաբերվել առ այսօր։

3. Թարգմանվում է` Սալեհաշեն, Սալեհի կառուցած:։

4. Մանրադրամ:

5. Ճիշտն է` բեյը:։

6. Նկատի ունի Զեքի բեյին:


Նկար 2. Արաբերեն ձեռագրի մի էջը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4