ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2011-03-19 | #6, 2011-04-02 | #7, 2011-04-23


ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՂՈՂԱՆՋՆԵՐ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Պատմական հիշողությունը մարդկային քաղաքակրթության հիմնաքարն է, ընթացող կյանքը` դրանից ճառագայթվող, տարածվող: Հազարամյակների մարդկային փորձը ժամանակի արժեքներն «ի պահ տալու» տարբեր միջոցներ է հորինելՙ ժայռապատկերներից ու սեպագիր արձանագրություններից մինչեւ ձեռագիր մատյաններ ու տպագիր գրքեր, մինչեւ էլեկտրոնային գրադարաններ:

Ապրիլյան այս օրերը տասնամյակներ արդեն մեզ վերադարձնում են մեր պատմական անցյալի ամենաեղերական շրջանը, անցյալ դարասկիզբը, երբ գործի դրվեց աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկիՙ հայերի բնաջնջման օսմանյան ծրագիրը, նրանց տեղահանումը Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի իրենց բնօրրանից, որտեղ տրոփում էր հնամենի քաղաքակրթության խաղաղ ու շինարար մի կյանք: Այդ կյանքի բաբախը իսպառ լռեցնելու թուրքական կառավարության մտադրությունը` որքան էլ ճիվաղային ու հրեշավոր այդ ծրագրերի կատարյալ լինելուն, իրագործել չհաջողվեց: Սիրիական անապատները մաշած ու արյունած հայության փրկված բեկորները կարողացան դիմադրել, վերընձյուղվեցին, կյանք առան, տարածվեցին աշխարհով մեկ: Ասես առեղծվածային մի ուժ, միստիկ մի խորհուրդ այս ամենի խորքում գործում է, կաՙ մարդկության հիշողությունն ու խիղճը մշտապես ասեղնահարող:

Արեւմտահայության հետեղեռնյան ճակատագիրը անպատկերելի ծանր էր, վերապրելու ճիգերըՙ զարմանալի կենսունակ, տոկուն: Եվ որքան էլ` ժամանակների անկանխատեսելի փոփոխություններին, վերակառուցեցին նրանք իրենց բեկված կյանքըՙ աշխարհը ակամա նոր բնակավայր-հայրենիք դարձրած: Եվ որտեղ նա կա, կան եւ իր մշակույթը, իր գիրն ու հիշողությունըՙ ամենուր 1915-ի հետքը դրոշմած:

Ի հեճուկս անցնող ժամանակի, մեր հիշողության ծառն ավելի է արմատակալում, չնայած ականատես վերապրողներից շատ քչերն են մնացել, բայց այդ եւ եղած այլ վկայությունները իրական փաստերի այնպիսի պատկառելի քանակ են գոյացրել, որի խլացնելու փորձերը, որքան էլ դիմակա-դիվանագիտական խաղերի վարպետության, ի վերջո, դատապարտված են:

Հիշողության այդ հետքերը բազմաթիվ են ու բազմամիջոց, բայց որ հուշակոթողները կարող են այդքան տպավորիչ լինել, վկայում է վերջերս տպագրված «Ցավի, հիշողության եւ պայքարի կոթողներ» ալբոմըՙ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված: Հայերն ուր գնացին, վաղ թե ուշ իրենց բնակավայրերում մի քարարձան, մի խաչքար կանգնեցրին եւ հնարավոր չէ աչք փակել աշխարհով մեկ տարածված այդպիսի վկայությունների վրա: Իրոք, բացառիկ մտահղացում եւ նախաձեռնություն` ՀՀ Սփյուռքի նախարարության իրագործմամբ: Ալբոմի հեղինակները հայության տարագիր ճակատագիրն ու պատմությունը ներկայացնելու առանձնահատուկ ձեւ են ընտրելՙ կոթողների աշխարհագրությունն ընդգրկում է բոլոր մայրցամաքները, առանց բացառության. 288 հուշակոթող աշխարհի տարբեր երկրներում վկայում է 1915 -ի հայոց մեծ արհավիրքի` ցեղասպանության իրողությունը: Հետաքրքրական է ալբոմի թվային պատկերի «քարտեզագրությունը», ներկայացված ըստ այբբենական կարգի:

Հարավային Ամերիկա (Արգենտինա, Բրազիլիա, Չիլի, Վենեսուելա, Ուրուգվայ)- 13 հուշակոթող:

Հյուսիսային Ամերիկաՙ (Միացյալ Նահագներ- 18, Կանադա- 9)-27

Ավստրալիա- 2

Ասիա (Իրան, ԱՄԷ, Սիրիա, Լիբանան, Հորդանան, Հնդկաստան) -50

Աֆրիկա (Եգիպտոս, Եթովպիա, Սուդան)-5

Եվրոպա (Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Էստոնիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մեծ Բրիտանիա եւ Հյուսիսային Իռլանդիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Մալթա, Ֆրանսիա, Չեխիա, Շվեյցարիա)-100

ԱՊՀ երկրներ` Ռուսաստանի Դաշնություն- 20, Ուկրաինա-5, Վրաստան-8

Հայաստանի Հանրապետություն-57,

Արցախ-1

Ուշագրավ է, որ Հայաստանից հետո հուշակոթողների բազմաքանակությամբ առաջինը Ֆրանսիան է (43):

Ալբոմը բացվում է Արարատի եւ Ծիծեռնակաբերդի խորհրդանշական համայնապատկերով: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախաբանից հետո (հայերեն, անգլերեն) ներկայացված է հուշակոթողների ցանկն ըստ երկրների, որին հաջորդում է բուն պատկերանյութը: Առաջինը Բուենոս-Այրեսում (Արգենտինա) հայ համայնքի միջոցներով 1985-ին կառուցված, արտաքինից եկեղեցի հիշեցնող հուշակոթողն է, վերջինը` Բերձորում (Արցախ), 2005-ին տեղադրված խաչքարը: Չնայած ուղեկցող տեքստերի բացակայությանը, կոթողների այս համախումբը ստեղծում է իսկապես ցավի, հիշողության ու պայքարի խոսուն տրամադրությունՙ մարմնացյալ վիշտ ու արժանապատվություն: Տեքստային միակ տեղեկությունները լուսանկարների մակագրություններն են, կոթողների տեղադրման վայրը, տարեթիվը, հեղինակի , բարեգործ-նվիրատուի անձը (անհատ, համայնք եւ այլ) նշող:

Աշխարհասփյուռ քարե վկաներն այսՙ որպես բաց գիրք եղելությանց, լուռ թարգմանն են ցավի հիշողության ու բողոքի ճիչ: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում դրանք անկասկած իրենց դերն ունեցել եւՙ ունեն: Կոթողային այս համապատկերը մեր ժողովրդի նկարագրի, նաեւ նրա հավաքական հիշողության դրսեւորումն է, անցյալին խոնարհում, հավատարմություն այդ ժառանգությանը, ավանդույթներին ու մշակույթին:

Ներկայացված թվային տվյալների ցանկը նույնպես ուշադրություն է գրավում. հետաքրքրական է առաջին հուշակոթողի ծննդյան վայրն ու տարեթիվըՙ 1932 թվական, Նիկոսիա (Կիպրոս), ճերմակ քարի` վեր բարձրացող եկեղեցատիպ սլացիկ հուշակոթող: Դրան անմիջապես հաջորդող տարիներին հուշակոթողներ են տեղադրվում 1934-ին Սան Ֆրանցիսկոյում, 1935-ին Պլովդիվում, 1938-ին Անթիլիասում (մատուռ), 1939-ին Բեյրութում եւ Թավրիզում: Ապա միառժամանակյա դադարից հետո հիշողության այս ձեւը շարունակվում է 60-ականների սկզբիցՙ Զմմառում` 1960 թ., Բուենոս-Այրեսում`1961 թ., Օնտարիոյում (Տորոնտո), Դամասկոսում, Քեսապում` 1964թ., Մոնտեբելլոյում, Կալկաթայում, Ալեքսանդրիայում, Կահիրեում, Բիկֆայայում (Լիբանան)` 1965 թ., վերջիններս Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին նվիրված:

Խորհրդային տարածքի երկրներում դրանք հիմնականում երեւացին հետանկախության տարիներիՙ 1988-90-ից հետո, բացառությամբ Նինոծմինդայի (Վրաստան, 1975 թ.): Իսկ ի՞նչ էր կատարվում հայության հայրենիքումՙ Հայաստանում-լռությո՞ւն: Նույնՙ 1965 թվականին Երեւանում (Օպերայի հրապարակ) տեղի ունեցած բազմահազարանոց ցույցը ազգային զարթոնքի հրապարակային առաջին մեծ ընդվզումն էր: Երկու տարի անց, 1967-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում (հրաշալի ընտրված վայր) վեր խոյացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրըՙ ճարտարապետներ Արթուր Թարխանյանի եւ Սաշուր Քալաշյանի հեղինակությամբ: 1995-ին այս նույն վայրում կառուցվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (հեղինակներՙ Ս. Քալաշյան եւ Լ. Մկրտչյան): Մինչ այդ, 1965-ին Նոր Խարբերդում կառուցված ամուր, հաստատակամ բաց կարմրավուն տուֆի հուշակոթողը, փաստորեն, առաջինն էր: Մնացածը (թվով 55) հետանկախության ծնունդ են:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն, անկասկած, գլուխգործոց է, անհամեմատելի, ամբողջականՙ թե՛ գաղափարական, թե՛ խորհրդանշական առումներով եւ թե՛ իբրեւ ճարտարապետական հղացք: Այն բազմանշանակ էՙ որպես անցյալը ներկայացնող պատմություն, իսկ գեղագիտական իմաստովՙ կատարյալ: Սա մի սրբավայր-ուխտավայր էՙ երկրի ու երկնքի հետ երկխոսության մեջ մտած, քարի վերսլաց եւ միաժամանակ խոնարհված ձեւերով: Երկխոսություն, որ Ծիծեռնակաբերդին անմատչելիություն է հաղորդում, անծանոթ սարսուռ ու խորհրդավորության զգացում տարածում շուրջը:

Հուշակոթողների բազմաձեւության մեջ նկատելի են հայ եկեղեցական ճարտարապետության տարրեր, երբեմն ակնհայտ նմանություններ: Իսկ հիմնականումՙ երկնիստ կամ բազմանիստ քարերի բարձրացող հարթ մակերեսներ, սլացիկ սյուներ, կամարներ, տապանաքարերՙ զարդամոտիվների ու մանրաքանդակների հարուստ կիրառմամբ (արծիվներ, աղավնիներ, նռներ, զանգեր, այլ զարդապատկերներ): Հանդիպում են նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ճարտարապետական որոշ ձեւերի նմանություններ: Զուսպ, կոկիկ ձեւերի մեջ ազդեցիկ են Կահիրեում տեղադրված հուշակոթողներըՙ արտակարգ խնամված: Տպավորիչ է Պլովդիվի 1965-ի խոշոր հուշահամալիրըՙ վեր բարձրացող մոնումենտալ կառույցՙ արձաններով. շուրջըՙ ուղղահայաց տապանաքարեր: Ողբերգական, ծանր մթնոլորտ ունի Մարսելում տեղադրված սեւ-ճերմակի հակադրության խմբային հուշակոթողը, հեղինակՙ Թ. Ռաստքելենյան: Ճարտարապետական- քանդակային ձեւերի ինքնատիպ մտահղացում է նույն հեղինակի Սեն Մարտին դ՛Հերի «1915 ապրիլ 24» հրապարակում տեղադրված խորհրդանիշ-կոթողը: Նմանապես զուսպ արտահայտչականությամբ աչքի է ընկնում Վիեննայում 1985-ին տեղադրված հուշակոթողը (Բերանժ Հարությունյան-Թահմասյանց): Խորապես ազդեցիկ է Այնթուրայի (Լիբանան) որբանոցում մահացած հայ որբերի հիշատակի կոթողը: Ավելի քիչ են ֆիգուրատիվ արձանները, հազվադեպ են մարդկային ֆիգուրներով արտահայտություններ. այդպիսիներից են Փենսիլվանիայում (2008 թ., հեղինակՙ Ա. Գորդոն), Մոնտեվիդեոյում (1975 թ., հեղինակՙ Կ. Վարդանյան, ճարտարապետՙ Ն. Հունանյան) տեղադրված արձանները:

Կոմիտասի տպավորիչ արձանը` Արտո Չաքմաքչյանի հեղինակությամբ, տեղադրվեց 1980-ին Դետրոյթում: 2003-ին Փարիզի կենտրոնում վեր բարձրացավ Դավիթ Երեւանցուՙ Կոմիտասի քանդակը: Խորհրդանշական ու ազդեցիկ է Արտո Չաքմաքչյանիՙ մեկ այլ արձանի` ազատության ձգտողի թեւատարած ցասումը (Տորոնտո, 1990), նաեւՙ դեպի երկինք աղերսող կանացի ֆիգուրատիպ արձանը Բիկֆայայում (հեղինակՙ Զավեն Խտըշյան):

Գողտրիկ մի հուշաքար տեղադրված է Պոտսդամում (2008 թ., հեղինակՙ Ա. Կունո, նախագիծըՙ Լ. Գրամբախի եւ Հ. Գոլցի)ՙ բնական, չհղկված քարին ճերմակերիզ խաչապատկերով: Ժնեւում 1975-ին տեղադրված Նոր Ջուղայից բերված 16-րդ դարի խաչքարը, լրացված հարակից տարրերով, հուշակոթողի է վերածված: Այս բազմաքանակ-բազմազանությունների մեջ հայկական խաչքարային արվեստը ներկա է հարուստ արտահայտություններով, ամենանուրբ ժանյակազարդումներով, զարդապատկերներով ագուցված, որ քարի մակերեսներին հաղորդում է թեթեւություն, թափանցիկ ու փխրուն դարձնում ծավալները: Խաչքարային արվեստը կատարելության է հասցված, ձեռքի յուրաքանչյուր հպում շնչող տարածք է ստեղծում` զգացումի, ապրումի ու վերհուշի ասեղնագործ նրբապատկեր:

Քարի գունային համանվագում աչքի է ընկնում ճերմակը:

Վերջում վերհիշենք 1913-16 թթ. Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուի խոսքերը. «Այդ տեղահանությունների հրամանն արձակելովՙ թուրքական իշխանությունները միմիայն ստորագրում էին մի ամբողջ ցեղի մահվան վճիռը: Նրանք դա լավ էին գիտակցում եւ ինձ հետ խոսակցությունների ժամանակ նույնիսկ չէին փորձում [այդ] փաստը քողարկել: Համոզված եմ, որ մարդկության պատմությանն այսօրինակ սարսափելի դեպք հայտնի չէ: Անցյալում տեղի ունեցած մեծ կոտորածներն ու հալածանքները գրեթե աննշան են թվում` հայ ժողովրդի 1915 թվականին կրած տառապանքների հետ համեմատելիս» :

Անհերքելի վկայություն:


Նկար 2. Զմմառ, 1960

Նկար 3. Սեն Մարտին դ,Հեր, 2007: Հեղինակՙ Թ. Ռաստքելենյան

Նկար 4. Մոնտեբելլո, Կալիֆոռնիա, 1965 թ.: Հեղինակՙ Ա. Աղաբաբյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4