«Հում» նյութեր «էսքիզների» համար
Նամակը, որը հրապարակում ենք ստորեւ, շուրջ 30 տարվա հնություն ունի: Անշուշտՙ անտիպ: Գրվել է մեր ժողովրդի լավագույն զավակներից մեկի ծննդյան 50-ամյակի առիթով: Հոբելյարը Վարդգես Պետրոսյանն է- գրող, հրապարակախոս, խմբագիր, գրական, մշակութային, ազգային, քաղաքական գործիչՙ օժտված պետական մտածողությամբ, սուր դիտողականությամբ, հակասությունները որոնել-վերլուծելու եւ ընդհանրացումները հնարավորությունների հետ չափակշռելու կարողությամբ: Հայությունը նրա համար մեկ ամբողջություն էրՙ հայաստանակենտրոն: Իսկ հայկական պետությունըՙ Սփյուռքի մեն մի հայի նկատմամբ, անկախ աշխարհագրական, քաղաքական ու գաղափարական տարբերություններից, իրական հոգատարություն ու պատասխանատվություն ունեցող-զգացող ազգային կառույց: Սթափ, իրապաշտ հայրենասիրությունն էր նրա հավատամքը եւ յուրաքանչյւոր հայի ու ողջ հայության ճակատագրով մտահոգությունըՙ նրա էությունը: Ու բոլորովին պատահական չէ, որ նամակագիրը նրան է հասցեագրում այդ օրերին հայահոծ եւ միշտ հայատրոփ Բեյրութի դժնդակ օրերի մասին իր վկայություններըՙ «մարդկային արադարության» վերաբերյալ ընդհանրացումներով:
Իսկ նամակագիրը 1980-ականներին Լիբանանին եւ այնտեղ ապրող հայությանը վիճակված տառապանքները ապրած դիվանագետ է, սովետական դեսպանության մեջ հայկական հարցերի պատասխանատուն, մտավորական հոգեկերտվածք, գրական ճաշակ ու հմտություն էլ ունեցող անձնավորություն, որն այժմ էլ շարունակում է իր ազգանպաստ ծառայությունները Հայաստանին եւ սփյուռքահայությանը:
Խմբ.
Վարդգես, սիրելիս, բարեկամս, հոբելյարս,
Դու 50 տարեկան ես: Զարմանալի է, չէ՞: Եթե ես զարմանքով ու անակնկալ եմ ընդունում այս իրողությունը, պատկերացնում եմ, թե դու ինչ զգացողություններ, մտորումներ ու խոհեր կունենաս հիմա:
Այնքան բան եմ ուզում ասել այս րոպեին, բայց տկար գրիչս ի վիճակի չէ փոխանցելու: «Չէ՞ որ ես գրող չեմ, ես կարդացող եմ»: Դրա փաստն այն է, որ հիմա քար ու քանդ եղած Բեյրութում (շենքս այնպես է ռմբակոծվել ու թալանվել, որ չես ճանաչի) միայնակ նստած կարդում եմ «Զարթօնք»-իՙ քեզ նվիրված համարը:
Կինոժապավենի նման անցնում են դեպքեր, դեմքեր, երեւույթներ, հիշում եմ մեր առաջին հանդիպումը, ապա զանազան դրվագներՙ սկսած համալսարանական երկարաշունչ կոնֆերանսներից, «Պիոներից», «Գարունից», Լենինականից, Մոսկվա, ապա Բեյրութ եւ ոչ մի կերպ ժամանակի կինոժապավենի վրա չեմ կարողանում գտնել այն պահը, երբ 23-25-ամյա Վարդգեսը դարձավ 50 տարեկան:
Չկա ու չկա այդ մասը: Եվ իսկապես, չկա: Ես այսօր էլ, թե «Հիպոկրատի գլխարկը գլխիդ», թե «Դեղատուն Անիի» դռանը, թե «Մենավոր ընկուզենուն» «քար նետելիս», թե հայկական ներկապնակի վրա նոր «Էսքիզներ գծելիս», քեզ տեսնում եմ նույն աչքով, ինչ 27 տարի առաջ: Աշխույժ, կենսուրախ, գործունյա, սրախոս եւ առավելագույն արժանիքովդՙ հումորով:
«- Ճիշտն ասած, առաջին անգամ է, որ ես դառնում եմ 50 տարեկան...»- լա՜վ ես ասել: «Բայց իսկապե՞ս դու ես ասել, թե «արտագրել» ես Հովհաննես Մելքոնյանի անտիպ գործերից»: Գոնե ինձ մի օր կասես, չէ՞:
Երեկ Ծառուկյանի տանն էի: Նա հիվանդությունից նոր է ապաքինվել: Հավաքվել էին Բեյրութի մի քանի «խասփուշ» տղաներ: Խոսակցության նյութը, ինչպես միշտ, Հայաստանն է, Երեւանը, ծանոթները, Գրողների միությունը:
Հիշեցինք շատերին, խոսեցինք, «բամբասեցինք» եւ միահամուռ նշեցինք այն փաստը, որ Գրողների միությունը կորցրել է իր նախկին «խաղաղությունը»: Առաջ սուս ու փուս մի տեղ էր, դասական լռությամբ, դինջ նիրհով:
Հիմա զանգեր, մարդ է գնում, մարդ գալիս, լարվածություն ու աշխուժություն, շարժում եւ նույնիսկ... հերթ:
Գալով Բեյրութին, ասեմ, որ այստեղ կատարվեց վատթարագույնը, պայթեց մի նոր ոճիր, որը քաղաքի ավերման եւ 8-ամյա եղբայրասպան պատերազմի բարբարոսության պսակը դարձավ:
Հրեան մտավ Բեյրութ եւ, օգտվելով Մեծերի կողմից խաբված պաղեստինցի զինյալ ուժերի երկրից դուրս լինելուց, սրի քաշեց խաղաղ ու անմեղ, անայր մնացած մայր ու մանուկ:
Այս նոր եղեռնը կատարվեց քաղաքակիրթ աշխարհի աչքի առջեւ, նրա գիտությամբ ու թողտվությամբ:
Եթե հիշում ես, օդանավակայան տանող ճանապարհի մարզադաշտը, ապա հենց օդանավակայանին հարող թաղամասը (Սաբրա, Շաթիլա) բնաջնջվեց լուսադեմին, առանց բացատրության ու պատճառի: Ոչ ոք չասացՙ ինչո՞ւ, ո՞ր մեղքի համար, ի՜նչ իրավունքով:
Հազարներով դիակներ մնացին կիզիչ արեւի տակ, որոնց գարշահոտը հասնում էր մեզՙ դեսպանատան ներքնահարկում նստածներիս:
Անսանձ իսրայելացին, ջարդելով դեսպանատան դարպասներից մեկը, գրավեց հյուպատոսարանը, դպրոցը, ակումբը եւ հեռացավ միայն 2 օր ու կես հետոՙ «շփոթելով» նշված շենքերի սենյակները զուգարանների հետ:
Չնայած ինձ միշտ խորթ է եղել գռեհկությունը, բայց չեմ կարող չասել, որ այն տպավորությունը ստացա, թե բացի տանկայիններ, օդանավորդներ, հրաձիգներ, հրետանավորներ եւ այլ գումարտակայիններ պատրաստելու դպրոցներից, հրեան ունի նաեւ աղտոտողների դպրոց: (Գռեհիկ ու հայհոյական բառը չեմ գրի, բայց հիանալի է հնչում):
Ուր որ մտանՙ համալսարան, «Կանչ»-ի խմբագրատուն, «Նիդա»-ի խմբագրատուն, Ալժիրի, Եմենի, Իրանի եւ այլ դեսպանատներ, բոլոր սենյակները վերածեցին զուգարանների:
Անչափ ծանր օրեր անցկացրեց Լիբանանը. դեռ որոշ բան առջեւում է: Այս իրադարձությունները ինձ կարծես թե ավելի սրտամոտ էին, քանզի ահաբեկված, դեպի քաղաքի հյուսիսային մասը փախչող կանանց ու երեխաների խմբերը տեսնելիս, այսօրվա կսկիծը թարմացնում էր այն հի՜ն, չսպիացող վերքը: Կարծես թե իրականություն էին դարձել տարիներ շարունակ լսածս ու կարդացածս: Եվ երբ 3 օր ու գիշեր տեւող ռմբակոծությունից հետո առաջին անգամ լուսածագին դուրս եկա դեսպանատան դարպասից, տեսա մի ցնցոտիավոր, հաշմանդամ ծերունի, գավազանով հազիվ քայլող, շրջապատված մի քանի շներով, քարշ է գալիս փողոցով, ամայի, այրված ծառերի ու փլատակների միջով, դժոխային լռության մեջ: Ո՞ւր էր գնում այդ մարդը, որտեղի՞ց էր գալիս, ի՞նչ ընդհանուր բան կար անտեր շների ու քվազիմոտոյատիպ այդ ուրվականի միջեւ, ինձ անհայտ մնաց, բայց պատկե՜րը, պատկե՜րը, փողոցը, լռությունը, հաշմացած ծերունին, ծանրաքայլ շները, այս բոլորն ինձ տարան մինչեւ Տեր-Զոր, Ջեզիրե, մինչեւ Գամիշլի ու Մծբին:
Իսկ դու, սիրելիս, 50 տարեկան ես: Չէի ուզի այդ առիթով նման մի նամակ գրել, բայց այդպես ստացվեց:
Ուշացումով շնորհավորում եմ հոբելյանդ, ցանկանում քաջառողջություն, ուժ, եռանդ, կորով քո շնորհակալ գործունեության մեջ, բեղմնավոր գրիչ եւ մի բոլ մթաա՜...
Համբուրում եմ, սպասում հանդիպման:
ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ, Բեյրութ, 1982 թ.
Հ.Գ. - Չնայած տան թալանին, բարեբախտաբար, ոչ մի գրքի չեն կպել, այդ թվում քո թողածներին, որոնք կուղարկեմ առաջիկա պատեհ առիթով: