ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2011-04-02 | #7, 2011-04-23 | #8, 2011-05-07


ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿՅԱՆ-70

ՊՈՂՈՍ ՀԱՅԹԱՅԱՆ

Ժամանակակից հայ կերպարվեստի բազմադեմ համապատկերում նկարիչների Էլիբեկյան ընտանիքը դարձել է մշակութային երեւույթ` որոշակիորեն ընդգծված անհատականություններով, աշխարհայացքային եւ գեղագիտական ուրույն նկարելաձեւերով, ինքնուրույն շեշտված հատկանիշներով եւ որ ամենակարեւորն էՙ ազգային խորքով:

Չնայած ոճաձեւային հատկանիշների ընդգծված տարբերությանը (հայրը, Վաղարշակ, որդիները` Հենրի եւ Ռոբերտ, թոռները` Վահիկ եւ Արեգ) նրանց միավորում է պաշտամունքի հասնող արվեստասիրությունը, տարածության եւ ժամանակի մեջ իմաստավորվում գեղեցիկի հանդեպ անսահման հավատարմությունը, ինքնության եւ եզակիության ձգտող համառ եւ հետեւողական փնտրումներն ու հայտնությունները:

Սակայն իմ խոսքը լինելու է նրանցից մեկի` Ռոբերտ Էլիբեկյանի մասին, որի յոթանասուն տարին լրացավ այս տարի ապրիլի 21-ին: Նկարիչ, որը վաթսունականների սերնդի առաջատար ներկայացուցիչներից է, ում արվեստը լեցուն է ոգեկանությամբ, հումանիզմով, արտիստիկ եւ ազգային խորը նկարագրով: Այս փայլուն արվեստագետը հայկական գեղանկարչությունը հարստացրեց գույնի եւ գունապատկերի այնպիսի առեղծվածային հատկանիշներով, ուր խտանում են աստվածային լույսը, հոգու ջերմությունը, մտքի եւ սրտի զարկերի դաշնությունը:

Նրա անցած հարուստ ստեղծագործական ճանապարհը իր իսկ ինքնանկարն է, հոգեպատկերը, ուր հայոց շարականներից ու աղոթքներից մինչեւ Խաչատրյանական զրնգուն ու լուսավոր հնչյունները միահյուսվում են Վերածննդյան վարպետներին (Ֆրա Անջելիկո, Պյերո դելա Ֆրանչեսկա....), Մոցարտյան նրբահյուս մեղեդիների կախարդող երաժշտությանը:

Ստեղծագործական կյանքի բոլոր փուլերում Ռոբերտ Էլիբեկյանը հարազատ է մնում իր գեղագիտական սկզբունքներին` երեւակայությունն ու գունապաշտությունը միահյուսելով խաղի ու թատերայնության հնարամիջոցներինՙ զերծ պահելով իր արվեստը առօրյա սոցիոլոգիզմից եւ գրապատմողական «շարադրանքից»: Յուրաքանչյուր ժանրի սահմաններում նկարիչը որսում է գույնի, լույսի, տարածության հարաբերումով ստեղծված գունապատկերի առեղծվածային պուլսացիանՙ երկրորդական պլանում թողնելով նկարի բովանդակային բաղադրիչները:

«Վճռորոշ իրադարձություն էր իմ կյանքում Թիֆլիսից Երեւան տեղափոխվելը: Այդ օրից այն դարձավ իմ կյանքի գլխավոր քաղաքը», այս տողերը խոստովանանքի նման են հնչում: Վաթսունականների սկզբի Երեւանը ընկերային եւ մշակութային վերելքի քաղաք էր բոլոր առումներով: Գեղարվեստաթատերական ինստիտուտի ուսանող Ռոբերտ Էլիբեկյանը ողջ ուսումնառության շրջանում եւ հետագայում վայելում էր Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Հարություն Կալենցի, Կոստան Զարյանի ոգեղեն ներկայությունը: Նույն ժամանակներում արդեն հավասարը հավասարի հետ հարաբերվում էր Ադալի, Մինասի, Լեւոն Ներսիսյանի եւ Էդմոն Ավետյանի նման անհատականությունների հետ:

Երեւանի հոգեւոր կյանքը եռում էր բոլոր ասպարեզներում` գրականություն, երաժշտություն, ճարտարապետություն, կերպարվեստ: Ահա այս հրաշալի մթնոլորտում ապագա նկարիչը ինքնադրսեւորման հզոր լիցքեր էր ստանում եւ արդեն առաջին անհատական ցուցահանդեսը, որը կայացավ Ճարտարապետի տանը (1966), Սեյրան Խաթլամաջյանի ընկերակցությամբ եւ Վարպետ Սարյանի ներկայությամբ, հաջողություն բերեց արվեստագետներին:

Հայ կերպարվեստի «թիֆլիսյան» դպրոցի մի շարք արվեստագետների եւ հատկապես Ալեքսանդր Բաժբեուկ Մելիքյանի ստեղծած ավանդույթները, ինչպես նաեւ արդի ֆրանսիական դպրոցի որոշ հեղինակներ միշտ եղել են նրա հայացքի առջեւ եւ հեռահար ձգտումներում:

Եթե Ռոբերտ Էլիբեկյանի անցած ստեղծագործական ուղին փորձենք սեղմագրել, ապա նրա նկարների տարածքներում ամենուր հանդիպող կերպարը կինն է: Սակայն ոչ այն կոնկրետ իրականը, այլ նկարչի երեւակայականի ծնունդՙ եթերային «կին տեսլական»-ը, որը նկարից նկար մտնում է բեմական խաղի մեջ, դառնում հորինվածքային առանցք` աճպարարներ, հտպիտներ, հայելու առջեւ հարդարվողներ, ետնաբեմում, եւ այսպես շարունակ: Խաղը, բեմը, բեմայնացումը եւ կրկեսային տեսարանները` լինեն դրանք միակերպար կամ բազմակերպար, ստեղծում են հրաշապատում, ստատիկ եւ դինամիկ շարժումների տեսիլապատում:

Կինը դառնում է գեղագիտական նշան, իսկ երբ մտնում է այս նշանային համակարգի մեջ, ողջ էությամբ վերակերպավորվում է` դառնալով պատկեր-տեսիլք, պատկեր հրավառություն, պատկեր հանդիսանք: Արտաքին շլացուցիչ փայլերի ետեւում, «էֆեկտ»ից հեռու նկարչի հուզաշխարհն է, խորը մարդկային թախիծը, գունալուսային եթերային մթնոլորտը, որն ապրում է ժամանակից եւ տարածությունից դուրս: Այս բոլորը նկարների խորքում են, ինքնակա եւ ինքնաբավ գեղարվեստական արժեքով: Մենանվագից բազմահնչյուն սիմֆոնիզմի հասնող կտավներում անգամ սյուժեի պարտադրանքով չի փոխվում նկարչի կոլորիստական «ռազմավարությունը», ընդհակառակը, այն դառնում է բազմերանգ ու դինամիկՙ երբեմն հասնելով ողբերգական սահմանների: Գեղանկարչության այդ տարածքում իշխում է բարձր ոգեկանությունը, լուսավոր ու մեղմ թախիծը, անպարագիծ սերը մարդու եւ աշխարհի հանդեպ, նախախնամության աստվածային լույսը, որն առեղծվածային կենսունակությամբ անցնում է նկարից նկար:

2010 թվականին Ժամանակակից արվեստի թանգարանում Մշակույթի նախարարության աջակցկությամբ կազմակերպվեց «Երեքի»` Ռոբերտ Էլիբեկյան, Արա Շիրազ, Էդուարդ Խարազյան հրաշալի ցուցահանդեսը: Վերջինս առիթ հանդիսացավ մեկ անգամ եւս հիանալու եւ ըմբոշխնելու արդեն յոթանասունին մոտեցող, խիստ տարբեր անհատականությունների ինքնատիպ, արդիականությամբ առլեցուն արվեստը: Կասկածից վեր է, որ հայ արվեստ բերած նրանց նոր ձեւերն ու մտածումները տոգորված են սոցռեալիզմի` կենդանությունից զուրկ սկզբունքները պատմության գիրկն ուղարկելու ազնիվ մղումներով:

Վերոհիշյալ ցուցահանդեսում Ռոբերտ Էլիբեկյանը ներկայացրել էր 2000 թվականից հետո ստեղծված երկերը, քանզի այդ տարի նրա հետ պատահած հրաշքը ի զորու էր մեկնաբանել միայն Աստված: Շատերս հետո իմացանք, որ վիրահատության ընթացքում որոշ ժամանակ կանգ էր առել արվեստագետի գերզգայուն սիրտըՙ խուճապի մատնելով բժիշկներին: Աներեւակայելի հրաշքով Տերը նրան երկրորդ կյանք պարգեւեց, եւ այդ կյանքը արվեստագետը վերածեց նոր ձեւերով, սյուժետներով եւ կառուցվածքներով գեղանկարչական երկերի. նկարչական տարածք ներթափանցեցին դրամատիկ շեշտեր եւ ողբերգականի հասնող մոտիվներ: Այդ շրջանի ծնված երկերի գունային կառույցին ինքնին համապատասխանում էր փոքր սեւ բծերի շեշտադրումները:

Արվեստագետի գեղարվեստական տարածք են ներթափանցում այնպիսի ավանդական թեմաներ, ինչպիսիք են Խաչելությունն ու Ողբը` ակադեմիական լուծումներից շատ տարբերՙ շեշտը դնելով մարդկային տառապանքի արդիական ըմբռնումների վրա («Ողբ»): Շքեղ եւ հանդիսանքային պատկերների հեղինակը իր որոշակի վերաբերմունքն ունի մշակութային սրբությունները ոտնահարող բարբարոսական երեւույթների հանդեպՙ այս դեպքում Ջուղայի խաչքարերի ոչնչացման փաստը դարձնելով գեղարվեստական ցնցող երեւույթ («Ճիչ, Ջուղա», 2006): Նոր ձեւերի եւ ձեւագոյացումներին հետամուտ գեղանկարիչը համարձակորեն մոտենում է վերացականության սահմաններին` պահպանելով կերպարների տեսանելի նախնականությունը, ծայրահեղ արտահայտչամիջոցները դարձնելով հիմնանպատակ: Այս տարիների երկերի մեջ պետք է հատկապես առանձնացնել հորինվածքների բազմերանգությամբ եւ էքսպրեսիվ հնչեղությամբ աչքի ընկնող Արշիլ Գորկու եւ ծնողների հիշատակին նվիրված «Ռեքվիեմը», մոցարտյան վեհաշունչ հնչյունների հետ զուգահեռվող «Միրաժ»-ը (2004), գույնի, լույսի, ձեւերի խրախճանքի վերածված «Ջազը»(2005), որոնց մեջ ակնհայտորեն ուրվագծվում են նվաճումների նոր բարձրակետ` նրան դարձնելով ժամանակակից հայ գեղանկարչության փայլուն երեւույթ:

Ռոբերտ Էլիբեկյանի ստեղծագործական դիմանկարը թերի կլիներ, եթե չանդրադառնայինք նրա բեմանկարչական եւ թատերական ձեւավորումներին, որոնց հիմքում բեմական տարածության մեջ գունալուսային պեսպիսությունների մի յուրօրինակ աշխարհի առկայությունն է, բեմական հիմքի էլիբեկյանական «ընթերցումները», կերպարների զգեստավորման անվերջանալի հնարանքները, բեմադրող ռեժիսորի հետ մեկ ամբողջություն կազմելու եւ համահեղինակ դառնալու ունակությունները:

Յուրաքանչյուր բեմանկարչական աշխատանք դառնում է յուրահատուկ անհատական ցուցահանդես` իր անակնկալ գունային լուծումներով, ընդհանուրի եւ մասնավորի հետ անսամբլային միջավայր ստեղծելու վարպետությամբ: Չնայած նկարչի բեմադրական ոչ քիչ աշխատանքների առկայությանը, կարծում եմ, Ռոբերտ Էլիբեկյանի կարողության սահմանները ավելի լայն էին ու հարուստ, որոնք ցավալիորեն մնացին չիրագործված: Թաթուլ Ալթունյանի երգի-պարի համույթի (1970), Կ. Օրբելյանի «Անսահմանություն» բալետի (1975), Արամ Խաչատրյանի «Հավերժություն» (2004) բալետի, Մինկուսի «Դոն Քիշոտ» (1975), Լեոնկովալլոյի «Պայացներ» (1976) օպերայի զգեստների ձեւավորումները եւ այլ բեմանկարչական աշխատանքներ այդ ասպարեզի լավագույն ձեռքբերումներից են:

Չնայած Ռոբերտ Էլիբեկյանի ստեղծագործական համապատկերում դիմանկարի ժանրը սակավ է հանդիպում, սակայն երբեւէ ստեղծված գործերում հիմնական ուշադրությունը կենտրոնանում է մարդու հոգեվիճակի, նրա ոգեկանության ընդհանրական նրբագծերի խտացումների վրա` մարդուն ազատելով առօրեական նյութապաշտական աուրայից, նրա մեջ առավելապես շեշտելով ընդհանրականը, նախնականը, աստվածայինը (տիկնոջ` Մարիի, թոռնուհու` Մարիամի, Նվարդի դիմանկարները):

Ավելորդ չէր լինի բարձրախոսել եւ յոթանասունի շեմին ոտք դրած համբավավոր նկարչի տարեդարձը հիշելիս` մի քանի նրբագծերով բնորոշել նրա մարդկային տեսակը: Մեր մտերմության երկար տարիների ընթացքում ականատես եմ ծնողներից ժառանգված անսահման բարի, կամեցող, լայնսիրտ մի անձնավորության, որ իր շրջապատին հաղորդել է բարություն, իմաստուն համբերատարություն, ընտանեսիրություն, օգտակար լինելու անսահման ձգտում եւ վերջապես ապրելու եւ արարելու անսպառ ուժ, ինչն էլ նրան դարձնում է մեր օրերի մտավորականի տիպար` ազգային եւ մարդկային նկարագրով, աստվածահաճո եւ խորարհ իր լինելիությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4