ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2011-04-02 | #7, 2011-04-23 | #8, 2011-05-07


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՐԻՖՅԱՆԻ ՎԵՐՋԻՆՙ «ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ» ԱՌԱՋԻՆ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԲԱԽՏԻԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հայ բեմի խոշորագույն դերասանների թվում իր առանձնահատուկ տեղն ունի լայն առումով թատերական գործիչ Հովհաննես Զարիֆյանը (1879 Ալեքսանդրապոլ-Գյումրի- 1937, Բոստոն):

Զարիֆյանն ինքնատիպ թատերական գործիչ է ոչ միայն իր բեմական-բեղմնավոր գործունությամբՙ դերասանական համակողմանի ընդունակություններով, ռեժիսորական անխոնջ ջանքերով, Րաֆֆու մի քանի վեպի բեմականացումներով ու բեմադրություններով, ազգային եւ թարգմանական դրամատուրգիայում մի քանի հարյուրի հասնող կերպարների սքանչելի կատարումներով, կազմակերպչական հմուտ աշխատանքով (խմբեր, հյուրախաղեր կազմակերպելու), իր մարդկային բարձր առաքինությամբ եւ բազում այլ բարեմասնություններով օժտված անձնավորություն, այլեւ որպես թատրոնն ամենուրեք կանգուն պահող, ամենաչարքաշ աշխատանք կատարող, աշխարհի բազմաթիվ երկրներում (Անդրկովկաս, Միջին Ասիա, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Բալկանյան երկրներ, Ֆրանսիա, Եգիպտոս, Հյուսիսային եւ Լատինական Ամերիկաներ) ծվարած գաղութահայության, պատերազմների եւ կոտորածների սարսափ տեսած ու ապրած հանդիսատեսների շրջաններում թատերական արվեստի արմատավորման ու հարատեւման անհրաժեշտության, օտար միջավայրում ազգային դեմքի պահպանման վսեմ գաղափարի նվիրական կիրառող:

Զարիֆյանն անընդհատ շարժման մեջ է եղել, ամենուրեք ծառայել հարազատ ժողովրդին, սիրվել նրանից: Ունեցել է ուրախ եւ տխուր շատ օրեր, միշտ կարիքի ու զրկանքի մեջ եղել: Այսպիսի ճակատագրով է ապրել փոքր տարիքից ծնողներից զրկվածՙ եկեղեցիներ եւ տներ կառուցող ալեքսանդրապոլցի Գեւորգի եւ նրա կողակից Շողակաթի որդի Հովհաննեսը: Ի դեպ ասենք, որ Զարիֆյանը եղել է Ավետիք Իսահակյանի, գրականագետ Կարապետ եւ բանաստեղծ Հովհաննես Կոստանյանների, վաստակավոր արտիստ Գեղամ Աֆրիկյանի մորաքրոջ զավակը:

Զարիֆյանը սովորել է Սուրբ Փրկիչ եկեղեցու ծխական դպրոցում եւ մի կարճ շրջանՙ Էջմիածին Գեւորգյան ճեմարանում: Կրթության պակասը լրացրել է ինքնակրթությամբ ու աշխատասիրությամբ: Արհեստ սովորելու համար խնամակալ եղբոր հորդորները տեղի են տալիս նրա փախուստին Թիֆլիս, ուր ինքն է կանխորոշել իր զբաղմունքը: 1897-ին նա ոտք է դրել Թիֆլիսի թատրոնի բեմ եւ ուղիղ քառասուն տարի անմնացորդ նվիրվել նրան:

Երիտասարդ Զարիֆյանը ծառաների դերակատարումներից աճել, հասունացել, բարձրացել է մինչեւ թագաժառանգների, զորավարների կերպարների մարմնավորման: Պատահական չէ, որ Սիրանույշը նրան այսպիսի բնութագրություն է տվել. «Զարիֆյանը խելոք դերասան էր: Նա ըմբռնում էր գեղարվեստի պահանջը, եղող աշխատասիրությունը, նույնիսկ անխոս ծառայի դերի մեջ... Իր գլխավոր արժանիքը նրանում է նաեւ, որ ամենաբարեխիղճ կերպով սովորում էր իր դերերը, որով ցույց էր տալիս իր սերը եւ հասկացությունը դեպի գեղարվեստը: Եվ, հետագայում, այդ դերասանը մի պատվավոր տեղ բռնեց հայ բեմի վրա»: Այս գնահատականը տրվել է 1921-ին:

1908-ին, արեւելահայ թատրոնի 50-ամյակի տոնակատարության օրերին, Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերության կողմից, որպես Ադամյանի անվան թոշակառու Ռուսաստան կամ Եվրոպա կատարելագործման ուղարկվելիք հարմարագույն թեկնածուներից մեկը համարվել է Հ. Զարիֆյանը, բայց չի իրականացվել: 1911-ին դեպի Արեւմտյան Հայաստան (մինչեւ Վան) կատարած հյուրախաղերի ընթացքում ձեռք բերած միջոցներով, իր հաշվին, 1911-1912-ին հետեւել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի աշխատանքներին:

Ադամյանից, Աբելյանից եւ Փափազյանից հետո, Զարիֆյանը չորրորդ շեքսպիրյան հայ դերասանն է, որը հավասարապես հանդես է եկել թե՛ ողբերգություններում եւ թե՛ կատակերգություններում: Մի բան էլ ավելին: Նա խաղացել է Շեքսպիրի վեց պիեսի բեմադրության մեջՙ կատարելով քսան դեր: Այս հարցում նա մրցակից չունի: Նրա մարմնավորած կերպարներից են Կասիո, Յագո, Օթելլո («Օթելլո»), Գլոստերի կոմս, Էդգար («Արքա Լիր»), Համլետի հոր ուրվականը, Կլավդիոս, Հորացիո, Համլետ («Համլետ»), Մերկուցիո («Ռոմեո եւ Ջուլիետ»), Անտոնիո («Վենետիկի վաճառականը»), Լուչենցիո, Պետրուչիո («Անսանձի սանձահարումը», ըստ որում, Պետրուչիո է խաղացել իր աղջկաՙ Ցողիկ Զարիֆյանի թարգմանությամբՙ «Կռվարար կինը» վերնագրով ներկայացման մեջ) եւ ուրիշներ:

Մի անգամ չէ, որ մամուլում նշվել է այն միտքըՙ թե Զարիֆյանն իր խաղացած մի շարք դերակատարումներով կարող էր մրցակից լինել եվրոպական եւ ամերիկյան որոշակի անուն հանած դերասանների: Բայց Զարիֆյանը հայ դերասան էր, իր ժողովրդի հարազատ զավակը, հետեւաբար նրա գործունեության շրջանակները հայկական միջավայրն է եղելՙ լինի դա Անդրկովկասում թե Սփյուռքում: Ամենուրեք հարազատ ժողովրդին ծառայելու գաղափարն է, որ Զարիֆյանին դարձրել է լավ իմաստովՙ թափառական դերասան: Միայնակ թե խմբերով, Զարիֆյանը երկրից երկիր, քաղաքից քաղաք է գնացել, որպեսզի թատրոնի միջոցով վառ պահի մայրենի լեզուն, սիրող-դերասանների մոտ արմատավորի արվեստին բնորոշ նվիրական սկզբունքները, բարձրացնի դերասանի եւ թատրոնի հեղինակությունը: Որպես Աբելյանի եւ Սիրանույշի արժանավոր աշակերտ եւ հետեւորդ, նա, որքան էլ որ քիչ հանդիսատես է հավաքվել թատերասրահում, միեւնույն է, ներկայացումը չի հետաձգել, հարգել է հանդիսատեսի իրավունքը: Դա մեծապես բարձրացրել է նաեւ նրա հեղինակությունը:

Իր բազմազբաղ գործունեության մեջ, ստեղծագործական աշխատանքում, Զարիֆյանը միշտ վազքի մեջ է եղել, ֆիզիկապես հոգնել, բայց չի ընկճվել: Վազել է փորձի, շտապել ներկայացման, օրեր-ամիսներ առաջ թատերասրահ վարձելՙ առանց հուսահատվելու, որ կարող է ծախսն ավելի շատ լինել, քան հասույթը: Իսկ պիեսների հայթայթումը, դերեր արտագրելը, բեմական իրեր եւ զգեստներ պատրաստել ու ապահովելը, մամուլում հայտարարություն տալը, չնախատեսված բազմաթիվ դժվարություններ հաղթահարելը, այս բոլորը նրա ուսերին են ծանրացած եղել:

Բայց Զարիֆյանը Զարիֆյան չէր լինի, եթե այդպիսին չլիներ:

Սփյուռքահայ աչքի ընկած ամեն մի դերասան (Միքայել եւ Մարգո Կոստանյաններ, Մկրտիչ Թաշճյան, Մանվել Մարության, Տրդատ Նշանյան եւ ուրիշներ) նույնպես ենթարկված է եղել այդպիսի ճակատագրի: Մինչդեռ Զարիֆյանն իր յուրահատուկ կենսագրությամբ առանձնանում է բոլորից, որոնք չեն ունեցել նրա վարած կյանքն ու հեղինակությունը:

Հայ ժողովրդի գոյության կենաց ու մահվան ծանր օրերին նա անդամագրվել է որպես կամավորական ջոկատի զինվորՙ իր հայրենի Ալեքսանդրապոլ քաղաքի բերդապահ: Ճիշտ է, կամավորականների ջոկատների կռիվներում ամենից շատ գործել է դերասան, ցարական բանակի նախկին սպա Արշավիր Շահխաթունին: Մի այդպիսի փորձ էլ կատարել է Վահրամ Փափազյանը, բայց նա, զենքի մարդ չլինելով, շուտով վերադարձել է բեմ: Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների թվում է եղել Մանվել Մարությանը: Կամավորների հետքերով գնալով, Աբելյանն իր խմբով ներկայացումներ է տվել Երեւանում, Ալեքսանդրապոլում, Կարսումՙ բեմ հանելով հատկապես այդ հարցին նվիրվածՙ Գարեգին Երիցյանի «Կամավորներ» պիեսը:

Իբրեւ հայրենասեր մարդ, հայրենիքի վտանգի ժամին, ինչպես ինքըՙ Զարիֆյանն է բնութագրել, 1918-ին տաճկական սուրն իրեն ստիպել է «մտնել կամավորների շարքերը»: Թուրքերիՙ Ալեքսանդրապոլ ներխուժման ժամանակ, Զարիֆյանը կնոջՙ դերասանուհի Արաքս Զարիֆյանի եւ փոքրիկ դստերՙ Ցողիկի հետ փախել է Համամլու գյուղը: Թուրքերի ձեռքը չընկնելու համար կինը գնացել է Մեծ Ղարաքիլիսա (այժմՙ Վանաձոր), իսկ ինքն ու աղջիկը գերվել են: Ծանր օրեր է ապրել: Երեք անգամ թաքնվելովՙ փրկվել է ստույգ մահից: Վերջապես, դերասանությամբ (ոսկեմազ լինելով իրեն ռուսի տեղ դնելով), թե ինչ հնարքով, հաջողվել է հասնել Երեւան եւ միավորել ընտանիքը:

1919-1920 թթ. Զարիֆյանը մտահոգվել եւ թատերախումբ է կազմել Երեւանում, ներկայացումներ տվել: 1920-ի օգոստոս-սեպտեմբերին գործել է կանոնավոր խումբ, որի մեջ մտել են Հ. Աբելյանը, Օ. Մայսուրյանը, Հ. եւ Մ. Բերոյանները, Մ. եւ Ս. Գարագաշները եւ ուրիշներ: Սակայն երկրի քաղաքական եւ տնտեսական վիճակի վատթարացման պատճառով խումբը քայքայվել է: Երբ 1920-ին թուրքերը նորից են Ալեքսանդրապոլ մտել, Զարիֆյանները (ինչպես նաեւ Աբելյանն ընտանիքով, Անդրանիկն իր ընտանիքով եւ ուրիշ դերասան-դերասանուհիներ) Թիֆլիս-Բաթում ճանապարհով անցել են Պոլիս, մի շարք ներկայացումներ տվել եւ 1921-ին փոխադրվել Ամերիկա:

Տարիներ առաջ, Զարիֆյանի ամերիկյան խմբի դերասան Վահրամ Տեր-Բարսեղյանը պատմում էր, որ Ալեքսանդրապոլում կրած ծանր ապրումների շրջանում իր վարպետը բեմական իրերը, զգեստները, կինոնկարահանումների փորձերը եւ այլ նյութեր թաքցրել է իր բնակարանի մեջ փորած փոսում: Մեր որոնումները ապարդյուն անցան Լենինականում: Ոչ ոք չկարողացավ գոնե ենթադրաբար ասել, թե ո՞ր փողոցում, կամ քաղաքի ո՞ր մասում է ապրել դերասանը: Իսկ ահավոր երկրաշարժը վերջակետ դրեց ամեն ինչին:

Կյանքի այսպիսի դաժան օրեր տեսած ու ապրած կենսագրության տեր մարդը չէր կարող անտարբեր մնալ թուրքական բռնապետական քաղաքականությունը մերկացնող դրամատուրգիայի նկատմամբ եւ նրա արտացոլումը չներկայացնել բեմում: Ճիշտ է, 1910-ական թթ. նա մասնակցել էր Ավետիս Ահարոնյանի, Բագրատ Այվազյանի եւ ուրիշներիՙ հայերի նկատմամբ թուրքերի հալածանքներն ու կոտորածները պատկերող պիեսների բեմադրություններին, բայց այլ էր նրա մոտեցումը 1930-ական թվականներին, քանի որ արյունոտ անցյալը չի մոռացվում:

1935-ին Սոֆիայում հրատարակվել էր ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպըՙ Երվանդ Տեր-Մինասյանի թարգմանությամբ եւ հայերի ուշադրությանն արժանացել: Հայ ժողովրդի մի փոքրիկ հատվածիՙ Կիլիկիայի հայկական մի քանի գյուղերի բնակչության հերոսական պաշտպանությունն էր տրված վեպում, 1915-ի հուլիսի 30-ից մինչեւ սեպտեմբերի տասը ընկած ժամանակահատվածի իրադրություններՙ ականատեսների վկայությամբ ու տվյալներով:

Նույն 1935-ին, 1920-ականների սկզբներից Ամերիկայում հաստատված ագուլիսեցի դերասան Անդրանիկը, որը 1910-ական թվականներին երկու պիես էր գրել ու բեմադրել Անդրկովկասում, Մեծ եղեռնի թեմայով, ձեռնամուխ է եղել «Մուսա լեռան» բեմականացմանն ու բեմադրությանը: Չմոռանալով հին վերքերը, 1919-ին թուրքերի կողմից Ագուլիսի կոտորածները, Անդրանիկը վեպը պիեսի վերածելուց հետո, նրա չորրորդ գործողությունը տպագրել է «Ասպարէզ» թերթում: Անդրանիկի այդ մտահղացումը մերժվել ու արգելվել է հենց առաջին քայլերից: Ամերիկյան իշխանությունները թուրքերի հետ, ինչպես հիմա, հարաբերությունները չփչացնելու համար արգելել են թե՛ պիեսի բեմադրությունը եւ թե՛ կինոֆիլմ ստեղծելու մտահղացումը: Այդ առիթով գրած մի հոդվածում Անդրանիկը զայրույթով նշել է. «Ինչի՞ համար է թուրքին այդ ոտ ու ձեռք իյնալը, կամչնա՞ արդյոք իր արածներեն, թե պատերազմի պատրվակին տակ կուտակված մարդկային արարքները փաթթել կուզե հին թուրքերու շլինքին եւ ինքը անպարտ ու անմեղ կանգնելՙ աշխարհին առջեւ... փոխվա՞ծ է իսկապես թուրքը, այժմյան եւ անցյալ թուրքին մեջ այլեւս նմանություն չկա՞, հրաժարած են իրարմե, հականեխված ու զտված է այժմյան թուրքին արյունը, անոր հրեշային բնազդները, որոնք շարունակ հայուն բնաջնջումը կորոճային...»:

Անդրանիկի նախաձեռնած գործը շարունակել է Զարիֆյանը: 1936-ին Բուենոս Այրես կատարած հյուրախաղերից վերադառնալուց հետո, նա բեմականացրել է «Մուսա լեռը» եւ, բարեբախտաբար, առանց կառավարական արգելքների, անցել բեմադրական աշխատանքների: Այսպիսով, հայ իրականության մեջ, «Մուսա լեռան» առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1937-ի հունվարի 20-ին, Բոստոնի դրամատիկ խմբի կողմից: Պիեսի բեմադրությունն իրականացրել է ինքըՙ Զարիֆյանը, բեմադրական աշխատանքներին մասնակից դարձնելով Բոստոնի ազգային երգչախումբըՙ օր. Ս. Տեր-Մանվելյանի ղեկավարությամբ: Պիեսն ունեցել է վեց գործողություն եւ համարվել դյուցազներգություն: Վերնագրի տակ գրվել է. «1915 թ. Մեծ պատերազմի արհավիրքներեն առնված թրքահայ տեղահանության կյանքե»:

«Մուսա լեռան» գլխավոր դերերի կատարմամբ հանդես են եկելՙ Զարիֆյանը (Գաբրիել Բագրատյան), Է. Պարտիզպանյանը (Ժյուլիետ), Հ. Սողիկյանը (Տեր-Հայկազուն), Նշան Սարգիսյանը (բժիշկ Պետրոս Ալթունի), Միհրան Ջորեպանյանը (ուսուցիչ Հրանտ Ոսկանյան), Վահրամ Տեր-Բարսեղյանը (Արամ Թովմասյան) եւ ուրիշներ: Պիեսը եւ բեմադրությունը լավ ընդունելություն են գտել հանդիսատեսների եւ քննադատության կողմից: Դա եղել է այն բացառիկ ներկայացումը, որի տոմսերը ձեռքի վրա չեն տարածել, այլ գնվել են տոմսարկղից: Շատերն էլ տոմս չճարելով, գլխիկոր հետ են դարձել:

Պիեսի բովանդակությամբ տարված, ժամանակի սղության պատճառով Զարիֆյանը հնարավորություն չի ունեցել տեքստն ավելի սահուն եւ բեմական դարձնել: Վեց գործողությամբ ներկայացումը երեք ու կես ժամ է տեւել: Ստեղծվել է սերտ կապ բեմի եւ դահլիճի միջեւ: Ոմանք պահանջել են բեմից հնչեցնել «Կռվեցե՛ք, տղերք» եւ այլ երգեր, ոմանքՙ բեմադրությունն ավելի առարկայական եւ դինամիկ դարձնելու նպատակով ցանկացել են, որ կռվողների դեմքերը վառոդի ծխից սեւացած լինենՙ առանց հաշվի առնելու բեմի ու բեմական պայմանականության պահանջները:

Նկատի ունենալով այս եւ այլ կարգի դիտողություններ ու պահանջներՙ Զարիֆյանը որոշ փոփոխություններ է կատարել, դերակատարներ փոխել եւ երկրորդ անգամ ներկայացրել փետրվարի 22-ին: Հաշվի առնելով մամուլի այն քաջալերանքը, որ հաճախակի ներկայացվի «ամեն հայի սրտից խոսող» այդ պիեսը, Զարիֆյանը մտադրվել է մի բեմադրություն էլ Դետրոյթում տալ: Իսկ դա նշանակում էր աշխատել նոր խմբի հետ, պիեսի վրա, դերակատարների հետ, մտահոգվել զգեստների եւ բեմական այլ անհրաժեշտ պիտույքների հայթայթման հարցերով:

1937-ի փետրվարից մինչեւ մայիսը Զարիֆյանը լարված աշխատանք է կատարել պիեսի բեմադրությունը գլուխ բերելու վրա: Այդ լարվածությունը երբեմն նեղել է նրան, ազդել առողջության վրա: Նա զուգահեռաբար աշխատել է երկու ուղղությամբՙ Շանթի «Օշին Պայլի» եւ Վերֆելի «Մուսա լեռան» բեմադրությունների վրա: Առաջինի ներկայացումը նախատեսել է ապրիլի 18-ին եւ ի կատար ածել, իսկ երկրորդըՙ մայիսի 9-ին: Մեծ եւ հարմար դահլիճ չգտնելու պատճառով, «Մուսա լեռան» ներկայացումը հետաձգվել է: Վերջապես գտել է 1500 տեղանոց մի ազատ դահլիճՙ Մասոնիկ Թեմպլ թատրոնը եւ սկսել տոմսերի վաճառքը մեկից մինչեւ 150 դոլար: Ապրիլից սկսվել է տոմսերի վաճառքը: Խանդավառված այդ հաջողությունից, կնոջը գրած նամակում գոհունակությամբ նշել է. «Արդեն տոմսերը հրապարակի վրա են եւ «իշխան» ձուկի պես ձեռքե ձեռք կխլեն»:

Դետրոյթում «Մուսա լեռան» փորձերը կատարվել են ապրիլի 26-ից եւ ներկայացվել մայիսի 23-ին: Բեմադրության ձեւավորումն ավելի տպավորիչ դարձնելու նպատակով Զարիֆյանը պատվիրել է կնոջըՙ նաեւ դերձակությամբ զբաղվել, որ ներկայացման որոշ զգեստներ թեթեւ կտորից լինեն, եւ որպեսզի հեշտ կարվեն 20 փամփուշտակալը, ինչպես նաեւ զինվորական գլխարկՙ բաշլուղի պես: «Այդ շուք կտա խաղին», գրել է նա:

Ինչպես ուրիշ բեմադրությունների առիթներով, «Մուսա լեռան» ժամանակ էլ Զարիֆյանը կաշկանդված է եղել միջկուսակցական միջամտությունների պատճառով: Ամեն կուսակցություն (դաշնակցական, ռամկավար եւ այլն), ձգտել է իր ուժերը ներգրավել: Զարիֆյանն ստիպված է եղել որոշ դերակատարների փոփոխություն կատարելՙ խոստանալով մասնակից դարձնել հաջորդ ներկայացումներին: Երկու կրակի մեջ ընկած դերասանը գրել է կնոջը. «Երեւակայիր իմ դրությունը եւ հոգեկան վիճակս: Ստիպված եղա վազ անցնիլ Ռ. եւ Բ. դերակատարներից, միայն պահանջեցի, որ Էքիզյանի «Կոմիտաս» երգչախումբը երգով մասնակցի: Փառք աստծո, այդքանը ընդունեցին, որովհետեւ երգչախումբը չեզոք եւ թեեւ Ռերի (ռամկավարների- Բ.Հ.) հովանավորության տակ կգործե»:

«Մուսա լեռան» նոր բեմադրությանը մասնակցել են 20 դերակատար եւ 40 հոգանոց երգչախումբը: Վաթսուն հոգի բեմի վրա: Այս ահռելի աշխատանքը նորից սրտի տագնապի առաջ է կանգնեցրել Զարիֆյանին: «Գլուխս ուռել է մեկի, մյուսի հարցերին պատասխանելուց», գրել է նա: Այդ ընթացքում նա խնդրել է կնոջըՙ սնդուկի մեջ ուղարկել բոլոր հագուստները, զենքերը, միաժամանակ երգչախմբի աղջիկների համար զգեստ գտնել:

Ներկայացումից երկու օր առաջՙ մայիսի 21-ին Զարիֆյանն ստացել է պահանջած սնդուկը եւ շարունակել վերջին լարված փորձերըՙ զգեստներով: Այդ օրերին այնքան զբաղված է եղել, որ չի կարողացել հեռագրով հայտնել կնոջը ներկայացման մասին: Բեմադրությունը սրտովը չի եղել, բայց եւ դժգոհ չի մնացել: Ներկայացումից հետո էլ Զարիֆյանին հանգիստ չեն տվել կուսակցությունները: Այդ առթիվ նա գրել է. «Զարհուրելի պայմանների մեջ էի թե՛ համակիր եւ թե՛ հակառակ շրջանների կողմից»:

«Մուսա լեռան» բեմադրությունից հետո, մայիսի վերջերին, Զարիֆյանը սնդուկները, մանր իրերը եւ գրքերը փոստով ուղարկել է Բոստոն: Դերասանուհի Մաշա Սուրաբյանը պատմում էր, որ Զարիֆյանը մի հսկայական սնդուկ ուներ բեմական զգեստներով լի, գրքեր, պիեսներ, որոնք մնացել էին աղջկաՙ Ցողիկի մոտ: Մեր բոլոր խնդրանքներըՙ դրանք գրականության եւ արվեստի թանգարանի թատերական բաժին ուղարկելու, անպատասխան մնացին: Դա էլ Զարիֆյանի երկրորդ անվերադարձ կորուստն էր:

«Մուսա լեռան» ներկայացման թատերասրահի ծախքերն ու եկամուտները կարգավորելուց հետո, 1937-ի հունիսի 9-ին Զարիֆյանը հասել է Բոստոն, միացել ընտանիքին: Աստիճանաբար սաստկացել է սրտի հիվանդությունը: Մեկ ամիս անց, հուլիսի 8-ի լույս 9-ի առավոտյան հոգնատանջ Զարիֆյանի սիրտը կանգ է առել:

Զարիֆյանը մեծ շուքով թաղվել է Բոստոնում: Հետագայում, նրա աշակերտներից մեկըՙ Նշան Սարգիսյանը, հողամաս գնելով Բոստոնի շրջակայքում գտնվող Քուինսի քաղաքի գերեզմանատանը, Զարիֆյանի աճյունը վերաթաղվել է այդտեղ, դստեր ամուսնու հետ հուշարձան կանգնեցրել մեծ մարդու, արվեստագետի հիշատակին: Մեծ ճանապարհի եզրին կանգնեցված հուշաքարի մի կողմում, խաչքարի վերին մասում փորագրված է «Հովհաննես Զարիֆյան, ՌՊՀԹ-ՌՋԼԷ», հակառակ կողմումՙ հայերեն եւ անգլերենՙ «1879-1937. Հուշարձանս կանգեցրին տաղանդավոր դերասանապետին գործակիցները եւ բարեկամները»: Նյու Յորքից այդտեղ է բերվել եւ ամփոփվել նաեւ Արաքս Զարիֆյանի աճյունը: Ի սեր իր վարպետի, նրա կողքին են թաղել եւ Նշան Սարգիսյանին:

Հովհաննես Զարիֆյանը հայ թատրոնի մնայուն արժեքներից է եւ պետք է խոնարհումով ընդունել նրա անունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4