ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2011-04-02 | #7, 2011-04-23 | #8, 2011-05-07


ՎՇՏԻ ՈՒ ՏԱՌԱՊԱՆՔԻ ԿՐՈՂԸՙ ԱՇՈՏ ԶՈՐՅԱՆ

Եգիպտահայ հաջորդ նկարիչը, որի հոբելյանին անդրադարձել էր արվեստագետ Հրանտ Քեշիշյանը արաբերեն լեզվով Կահիրեում հրատարակվող «Արեգ» պարբերականում, Աշոտ Զորյանն է: 2010 թվին լրացած նրա ծննդյան 105 եւ մահվան 40-ամյակների զույգ առիթներով ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք տարբեր աղբյուրներից քաղած մեր տեղեկությունները:

Բայց նախ տեսնենք, թե ինչպես է բնութագրել անվանի հայ նկարչին ճանաչված մտավորական Երվանդ Ազատյանը Կալիֆոռնիայում 1988-ին հրատարակված իր «Գրական գեղարուեստական սեւեռումներ» գրքում:

«Բոլոր ճշմարիտ տաղանդներու նման տառապանքն է կոփած Զորեանի հոգին, եւ անոր միտքերը կեանքի բոլոր դառնութիւնները առատօրէն ճաշակած մարդուն իմաստութեան բիւրեղացումներն են: Իր պարագային, անհատական տառապանքը չէ, որ եկած է պատուհասելու զինք, այլ ամբողջ մեր ժողովուրդինը: Ան քալած է արիւնի ճամբաներէն, ոտքերը զարնուած են հայ դիակներու, գլխուն վերեւ շաչած են թուրք ոստիկաններու մտրակները եւ դամոկլեան սուրի նման կախուած է թրքական եաթաղանըՙ լինել-չլինելու ահեղ հարցումին հետ»:

Աշոտ Զորյանը ծնվել է Թուրքիայի ծովեզրյա Կիրասոն քաղաքում 1905-ին փաստաբան Աբիկ Զորյանի ընտանիքում: Պատանի էր, որ վրա հասավ Եղեռնը, եւ սկսվեց նրա կյանքի ոդիսականը: «Հայրը վերջինը կ՛ըլլայ իրենց քաղաքին ձերբակալուողներէն իբր մեծարուած փաստաբան, թուրքերը ձի մը կուտան անոր եւ իբր թե յարգանքներով կ՛անջատեն զայն ընտանիքէն, քիչ ետք գազանաբար սպաննելու համար լեռներուն մէջ»: [1]

Հազարավոր աքսորյալների թվում Աշոտն իր ընտանիքի այլ անդամների հետ քշվում է Շապին-Գարահիսար, որտեղ նրան եւ քույրերից մեկին լեռնական թուրքերը գնում ենՙ իրեն որպես հովիվ, իսկ քրոջը որպես աղախին ծառայեցնելու համար: Մայրը, մյուս քույրը եւ փոքր եղբայրները շարունակում են իրենց ճանապարհը դեպի Թուրքիայի խորքերը, որտեղից այլեւս ետ չեն վերադառնա:

Հովվի իր աշխատանքը հնարավորություն կընձեռի առնչվելու բնության հետ, որն էլ կդառնա նրա մշտական «ուսուցիչը»: Սակայն իրեն «որդեգրած» այդ ընտանիքի հոր անակնկալ մահը ստիպում է մյուս անդամներինՙ նրան վաճառել մեկ ուրիշ թուրք անզավակ ընտանիքի, որտեղ թրքացնելով «Հուսեյն» անունն են տալիս նրան:

Այստեղ էլ նա երկար չի մնում, որովհետեւ Կիրասոնից թուրք մի երիտասարդ գալիս է ու նրան եւ քրոջը գնելով տանում է ետՙ ծննդավայրը: Հետագայում պարզվում է, որ այդ երիտասարդի ձեռքն էր ընկել այն բարձը, որն Աշոտի մայրը որպես «վերջին տուրք» վճարել էր թուրք զինվորներին: Այդ բարձի մեջ պահված են եղել ընտանիքի մուրհակներն ու կալվածաթղթերը: Թուրք երիտասարդը, Աշոտին եւ քրոջը «որդեգրելով», նպատակ է ունեցել նրանց ստորագրությամբ տիրանալ ընտանեկան ամբողջ ժառանգությանը:

Կիրասոնում Աշոտն ու քույրը վերագտնում են իրենց զարմուհուն, որ բաղդադցի մի սպայի հետ էր ամուսնացել: Նրանց ընկերակցությամբ Աշոտը փոխադրվում է Կեսարիա, որտեղ ընդօրինակելու համար շուկայից պոլսական տեսարաններ պատկերող բացիկներ է գնում: Նաեւ որպես թուղթ վաճառվող հայկական գրքերՙ Րաֆֆու, Ծերենցի եւ այլ գրողների երկերը, որոնց ընթերցումը նպաստում էՙ վերագտնելու հայկական ոգին եւ այն փոխանցելու իր արվեստինՙ նկարներին:

Այնուհետեւ, շարունակելով արաբ սպայի ընտանիքի հետ իր բարեկամությունը, Պոլիս է տեղափոխվում, որտեղ վարժարանի տնօրեն Հինդլյանը խորհուրդ է տալիս մեկնել Եվրոպաՙ կատարելագործվելու արվեստի ասպարեզում: Բայց հանգամանքների բերումով մինչ այդ փոխադրվում է Բաթումի, որտեղից անցնում է Սուխումիՙ մորեղբոր մոտ եւ մեկ տարի այնտեղ մնալուց հետո դարձյալ գնում է Բաթումի: Այստեղ որոշ ժամանակ առեւտրական գործունեություն ծավալելուց եւ սնանկանալուց հետո մորեղբոր օժանդակությամբ փոխադրվում է Պոլիս, մտնում Եսայան որբանոց եւ այնտեղ ծանոթանում ու մտերմանում Օննիկ եւ Զավեն Սյուրմելյան արվեստագետ եղբայրների հետ:

Որբանոցում բացահայտվում են Զորյանի նկարչական հակումներն ու տաղանդը, եւ երբ գրող Լեւոն Մեսրոպը Բաղդադից Պոլիս է գալիսՙ «Մասիս» Տիկնանց միության առաքելությամբ որբանոցից երաժշտական հակումներ ցուցաբերող պատանիներ որոնելու, նա Օննիկ Սյուրմելյանի հետ նաեւ Աշոտ Զորյանին (համապատասխանաբար ջութակ նվագելու եւ նկարելու ձիրքերով) է որպես «սան» ընտրում Վիեննայում կատարելագործվելու համար:

«Մի օր մեր որբանոցը մի մարդ մտավՙ սիգարը շրթներին, գրում է «Ձեզ եմ դիմում տիկիններ ու պարոններ» ինքնակենսագրական վեպի հեղինակ Լեւոն-Զավեն Սյուրմելյանը, բաղդադցի վաճառական եմ, ասաց նա: Բաղդադի Հայուհիների ակումբը հիմնադրամ է ստեղծել գեղարվեստական ձիրք ունեցող երկու որբ տղաների կրթության համար: Փափագում են նրանց ուղարկել Եվրոպայի լավագույն դպրոցները, որպեսզի կատարելագործեն իրենց արվեստը: Եկել եմ ձեր միջից ընտրեմ այդ երկու բախտավոր տղաներին: Մենք ապշել էինք: Բաղդա՜դ... Ո՜րտեղից ուր: Դե՜, հայուհիներից կսպասվեր: Սակայն այդ հայրենասեր տիկիններն ինձ հաշվից դուրս էին գցել, արվեստներից ոչ մեկում ձիրք չունեի: Չգիտեի՜ն, որ մեր ազգային փրկությունը գիտությունն ու տեխնիկան որդեգրելու մեջ է:

...Մեր միջի երաժիշտները վերցրին իրենց ջութակները, ֆլեյտաները, շեփորները եւ բուռն թափով վարժություններ սկսեցին: Ուրիշներ կատաղորեն նկարում էին: Մի տղա թրքուհիների սիրուն գլուխներ գծեց: Նորից եկավ վաճառականը, միշտ սիգարը շրթներին, անգլիացու լորդավայել հովերով, մեծահարուստի եւ բարերարի տեսքով: Նա բանաստեղծ էլ էր ու բանասեր, եւ տեղական մի թերթ հրատարակում էր Օմար Խայամի քառյակների նրա թարգմանությունները պարսկերեն բնագրից:

- Արվեստը միակ բանն է, որ իմաստ ունի կյանքում, ասաց նա: Ապա ականջ դրեց մեր երաժիշտների փորձերին, դիտեց նկարներն ու գծագրությունները, մի քանի մասնագիտական խորհուրդ հարցրեց ու հայտարարեց որոշումը. Վիեննա ուղարկել թրքուհիների գլուխներ նկարող տղայինՙ նկարչություն եւ եղբորսՙ ջութակ սովորելու»:

Երեք տարի Վիեննայում հետեւելով նկարչական ակադեմիական դասընթացներիՙ Զորյանն այնուհետեւ անցնում է Հռոմ եւ 1925-28 թթ. շարունակում է իր ունակությունների կատարելագործումը Գեղարվեստի ակադեմիայում (Academie des Beaux-Arts)ՙ միաժամանակ հետեւելով Վիլլա Մեդիչիների (Villa Me՛dicis) դասընթացներին եւ մասնակցում Հռոմի Բիենալեյին եւ Արվեստագիտական խմբակի ցուցահանդեսներին:

Իտալիայում քաղաքական մթնոլորտի շիկացման եւ Հայաստանի դռները այդ ժամանակ փակ գտնելու պատճառով 1929-ի աշնանը նա տեղափոխվում է Եգիպտոսի Ալեքսանդրիա ծովափնյա քաղաքը «ըստ երեւույթին, ինչպես Հրանտ Քեշիշյանն է նշում, միանալու իր մօրեղբօր ընտանիքին» [2]: Այստեղ նա ակտիվ մասնակցություն է ունենում Ալեքսանդրիայի Սալոնի ցուցահանդեսներին եւ 1937-ին արժանանում բրոնզե մեդալի: Միաժամանակ սկսում է դասավանդել գծագրությունՙ տեղի Պողոսյան ազգային վարժարանում: Ամառային արձակուրդներին ճանապարհորդում է եվրոպական եւ Միջերկրական ավազանի երկրներ (Կիպրոս)ՙ բնությունը ուսումնասիրելու եւ հետագայում կտավին փոխանցելու համար: Սկսում է հայ եւ օտար քննադատների ուշադրությանը արժանանալ: Նրա մասին գրում են Եգիպտոսում 30-ական թվականներից ապրող ֆրանսիացի արվեստաբան Էթիեն Մերիելը (վախճանվել է Փարիզում 1957-ին) եւ Հովսեփ Թգըրյանը, որ անգլերեն է դասավանդել այդ նույն Պողոսյան վարժարանում: Ըստ արվեստաբան-նկարիչ Հրանտ Քեշիշյանիՙ «Դա գուցե առաջին հոդվածն էր Զորյանի մասին, որտեղ նշվում էր, որ արվեստագետը խմբակային ցուցահանդեսի մասնակցել Ալեքսանդրիայում եւ ներկայացրել 5 կտավ, այդ թվում «Միջագետքի լեռները» կտավը» [3]:

Զորյանի անհատական առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1939 թվի փետրվարի 6-16-ը «Գրեգուար» պատկերասրահում, որի հիմնադիրըՙ Գրեգուար Մկրտչյանը (1902-1948) շատ վաղ է մահացել եւ թեեւ Զորյանից արվեստի դասեր առել է, բայց հետեւողական չի եղել: Անհատական այս ցուցահանդեսում, դարձյալ ըստ Հրանտ Քեշիշյանի, Զորյանը 60 կտավ է ցուցադրել, որոնց մեջ եղել են լիբանանյան, սիրիական, կիպրական եւ չորսՙ «վարդերի» տեսարաններ [4]:

Ցուցահանդեսը շրջադարձային է եղել, որից հետո նա սկսել է համարվել երկրի կարեւորագույն նկարիչներից մեկը: Սակայն 1940 թվականին քաղաքական երկնակամարի վրա կուտակված սեւ ամպերի ու Ալեքսանդրիայի վրա նացիստական Իտալիայի հավանական հարձակման հետեւանքով Զորյանը 1941 թվին տեղափոխվել է Կահիրե, որտեղ էլ անցկացրել է իր ստեղծագործական գործունեության երրորդ փուլը:

Մինչեւ 1952 թվականը պաշտոնավարել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում: Դրանից հետո բացել է նկարչության իր անձնական արվեստանոցը, որտեղ շարունակել է նկարչություն դասավանդել մինչեւ 1969 թվականը, երբ կայացավ նրա վերջին անհատական ցուցահանդեսըՙ փետրվարին, Կահիրեի ֆրանսիական մշակույթի կենտրոնում:

Ըստ Հրանտ Քեշիշյանի, Զորյանի աշակերտներին կարելի է երկու սերնդի բաժանել:

«Զորեանի յիշատակը այսպէս կամ այնպէս կ՛ապրի նաեւ իր մեծաթիւ աշակերտներուն ստեղծագործութիւններուն մէջ, որոնք գիտակցաբար թէ անգիտակցաբար շարունակեցին իրենց «վարպետի» գործը: Արդարեւ կարելի է ըսել, որ Զորեան դպրոց մը ստեղծած է (թէեւ միայն «տեղական» արժէքով ու մակարդակով): Այս տեսակէտով անիկա իր հաւասարը չունի աւելի քան մէկ դար պատմութիւն ունեցող եգիպտահայ արուեստի պատմության մէջ: Առաջին սերունդի (40-50-ական թուականներ) աշակերտներէն կարելի է յիշել Յասմիկ Պալլարեանին, Նորա Ազատեանին, Արմենուհի Ժամկոչեանին, Էլիզ Փարթամեանին, Անժել Կարինեանին, Յովսեփ եւ Շուշան Եղոյեաններին, Լիւսի Թիւթիւնճեանին եւ Ռոզ Բաբազեանին: Իսկ երկրորդ սերունդէնՙ (50-60-ական թուականներ) Սերժ Սէտեֆճեանին, Շանթ Աւետիսեանին եւ Վահե Վարժապետեանին», գրում է Հրանտ Քեշիշյանը «Արեւ» թերթի 2006 թվի հունվարի 18-ի համարում, ավելացնելով, որ տարբեր ժամանակներում Զորյանի արվեստանոց-դպրոցից օգտվել են նաեւ Հրանտ Անդրանիկյանը, Էդմոն Քիրազը, Թագուհի Ֆարիդան (Ֆարուք թագավորի կինըՙ 50-ականների սկզբներին), Մերվաթ Ռեֆաաթը եւ Լայլա Էզզադը (Եգիպտոսի նկարչուհիներ):

Արվեստի քննադատներից «ոմանք իրապաշտ կը նկատեն զինք, ուրիշներՙ տպաւորապաշտ, կան նաեւ, որ վերացական արդի արուեստագէտներու կարգին կը դասեն զինք: Զորեան այդ որակումներուն բոլորն է, բայց ո՛չ մէկը նոյն ատեն: Անոր արուեստը հին է ու նոր միանգամայն. հինՙ այնքան որքան եգիպտական արուեստը եւ նորՙ այնքան, որքան ապագային տիեզերական թռիչքները: Այսուհանդերձ ոչ մէկ նկարչական դպրոց կը թերագնահատէ ան, կը բացատրէ իւրաքանչիւր ուղղութեան առաւելութիւններն ու թերութիւնները եւ կ՛օգտուի իւրաքանչիւրին ընծայած նոր հնարաւորութիւններէն», գրում է Երվանդ Ազատյանն իր «Գրական գեղարուեստական սեւեռումներ» գրքում:

Զորյանը մասնակցել է Փարիզի, Վենետիկի, Հռոմի, Կահիրեի, Ալեքսանդրիայի, Բեյրութի եւ Հալեպի ցուցահանդեսներին եւ արժանացել ճանաչման ու բազմաթիվ պատվո նշանների, հետո տեղափոխվել է Կահիրեի իտալական հիվանդանոց, իսկ այնուհետեւ հայկական «Այծեմնիկ» հանգստյան տուն, որտեղ էլ 1970-ի մայիսին վախճանվել է:

«Զորեան ընդհանրապէս հանդարտ բնաւորութեան տէր ու քչախօս ըլլալով, շատ քիչ անգամներ յիշած է (կամ ուզած է յիշել) իր պատանեկութեան արհաւիրքի օրերու մասին: Նաեւ իր արուեստի մէջ արտայայտուած է շատ հազուադէպ: Բայց ժամանակակիցները կը պատմեն, թէ երբ կեանքի վերջաւորութեան կը տառապէր ուղեղային խանգարումէ մը, սկսած էր երեւակայել, որ «պատերը իր վրայ կը փլչին»: Իսկ անոնք, որոնք հերթապահած են հիւանդանոցը... կը պատմեն, թե երբեմն անիկա կը զառանցէր «հրդե՜հը, մո՜ւխը» գոռալով», գրում է Հրանտ Քեշիշյանը «Արեւ» թերթի նույն համարում եւ եզրակացնում. «Մարդկային վիշտն ու տառապանքը որքան էլ ծածկենք ու գիտակցաբար մոռացության մատնենք, այնուամենայնիւ բոլորովին ջնջելու անկարող ենք»:

Նա սկսել է նկարել ավանդական ակադեմիական ոճով, որն աստիճանաբար փոխարինվել ու վերաճել է ոճական ռեալիզմիՙ ընդհուպ մոտենալով մինչեւ ֆովիզմին: «Զորյանն ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, նաեւ ձեւավորել է գրքեր: Նրա արվեստին բնորոշ է հնչեղ գույների համադրումով ստեղծված քնարականությունը, ընդհանրացված ձեւերի կառուցիկությունը», տեղեկացնում է Շահեն Խաչատրյանը Հայկական սովետական հանրագիտարանի 3-րդ հատորում:

Թող այս հոդվածը հարգանքի տուրք համարվիՙ վարպետի ծննդյան եւ մահվան ամյակներին:

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Ծանոթագրություն

1. Երուանդ Ազատեան: «Գրական գեղարուեստական սեւեռումներ». Հրատ. Ամերիկահայ միջազգային գոլէճի, Կալիֆորնիա, 1988

2. Հրանտ Քեշիշյան: «Աշոտ Զօրեանի յիշատակին», հոդված «Արեւ» օրաթերթում, 18 հունվար 2006 թ. Կահիրե:

3. Հրանտ Քեշիշյան: Զորյանի հարյուրամյակին նվիրված հոդված արաբերեն «Արեւ» հավելվածում, դեկտեմբեր 2005 թ.

4. Նույն տեղում:


Նկար 1. Աշոտ Զորյան, 1960 թ.

Նկար 2. «Բամբակ հավաքողները», 1968թ.

Նկար 3. «Հրե ծառեր», յուղաներկ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4