Անհավատալի է, բայց` փաստ: Ռուս գրականությանը Գուրգեն Աճեմյանն առնչվել է մանկությունից, գավառաքաղաքում, որը հարյուրավոր վերստերով հեռու էր գնացք կամ ավտոմեքենա կոչվող միջոցներից: Այդ է վկայում կյանքի մայրամուտին կատարված գրառումը. «Գորկու անունը ես առաջին անգամ կարդացի մանկությանս տարիներին, Վանում, երեւի Գարեգին Լեւոնյանի «Գեղարվեստ»-ի էջերում: Հետագայում, արդեն Երեւանում, ես կարդացի նրա «Չելկաշ»-ը եւ արտասվելու չափ հուզվեցի: Նա դարձավ սիրված, փնտրված եւ գտնված անուն: Դեռ կենդանի, ապրող մեծություն` նա ինձ համար արդեն լեգենդ էր, մի զարմանալի, կախարդական երեւույթ: Ուստի եւ դժվար չէ երեւակայել իմ հուզմունքը, երբ 1928 թվականին լուսավորության նախարար Ա. Մռավյանը, մի քանի երիտասարդ գրողների հետ` նրան ներկայացրեց նաեւ ինձ: Ես սեղմեցի մեծ գրողի ազնիվ ձեռքը եւ դա մեծ երջանկություն էր ինձ համար» [1]:
Դա միակ հանդիպումը չէր: Գրողների համամիութենական առաջին համագումարի օրերին (1934) Գորկին զբաղվեց Մահարու անձնական հարցով` որպես օրինազանց պատգամավորի, որն իր մանդատը փոխանցել էր ուրիշին: Սովորական «հայկական» խորամանկություն` իր ժամանակի համար տհաճ, բայց որի շնորհիվ նա ունեցավ անձնական շփում Գորկու հետ: Մահարին միջադեպի մասին երկու անգամ գրեց, սակայն «30 տարի առանց Գորկու» հուշագրությունը մնաց անտիպ բռնադատվածության վերհուշների պատճառով, իսկ «Բալլադ գրողների առաջին համագումարի, բռնագրավված մանդատի եւ Մաքսիմ Գորկու աջ ձեռքի մասին» հուշագրությունը լույս տեսավ հետմահու [2]:
Գորկիական խորագիրն էր կրում «Մի անգամ աշնան... (Ոչ Մաքսիմ Գորկու)» վաղ ֆելիետոններից մեկը [3]:
Հետեւելով Գորկու գրական դասերինՙ Մահարին պայքարում էր «կիլոմետրներով բանաստեղծություններ» թխող հայ բանաստեղծների դեմ, որոնց տվեց «կիլոմետրոլոգներ» անունը: Ռուս գրողի գրական գործունեության 40-ամյակին նա գրեց «Բազեի երգը» բանաստեղծությունը [4]:
Մահարին վերհիշում էր Գորկուն տարբեր առիթներով. «...Ինձ տեղափոխեցին այս հյուրանոցի միակ լյուքսը: Սենյակը լուսավոր է, իսկ ամենից կարեւորն այն է, որ Մ. Գորկին եղել է այս հյուրանոցի 110 համարում: Գնացի նայեցի. իմ սենյակը Գորկու սենյակից լավ է: Քի՞չ մխիթարություն է...» (8 հուլիսի 1962 թ.), «Գրում եմ վերանդայից, որը շատ է հիշեցնում Գորկու Կապրի կղզում ունեցած աշխատասենյակը: Նկարից եմ ասում...» (21 մայիսի 1963 թ.):
Հաջորդ գրական կապն ավելի բախտորոշ էր: Սերգեյ Եսենինը Մահարու ներաշխարհում գրավեց Տերյանին, Չարենցին հավասար տեղ:
Նոր իրավակարգում քնարերգակ-բանաստեղծները շատ բան ունեին ընդհանուր: Մահարին ապրեց եսենինյան ծանոթ դրաման, որն արտահայտեց «1920?-1923!» (1923) պոեմում, «Տիտանիկ-I» (1924) ժողովածուում, «Կաբակներ» անտիպ շարքում (Գ. Լեւոնյանի արխիվ, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան - ԳԱԹ):
Եթե Եսենինի «բունտը» հետեւանք էր նահապետական Ռուսիայի անհետացման, ապա Մահարունը` գրական կյանքում իշխող ձախ հայացքների` «Վա՜յ նրան, ով չունի երկաթի տոթ երազ /Ու կարոտում է անցած աշուններին...» : Ունենալով տարբեր մեկնակետեր, երկուսն էլ համակվեցին «վերջինի» զգացումով: «Ես գյուղի վերջին բանաստեղծն եմ» , գրեց Եսենինը, իսկ Մահարին` «Վերջին պոետն եմ, լսեցեք ինձ...» : 20-ամյա Մահարու համար ասես եկել էր «աշխարհի վերջը». «թող գա ահավորը, վերջինը...» , «վերջին տագնապի փոթորկով հարբած...» , «տեսնում եմ դարըդ վերջին...» , «ահա հովիտը վերջին վարանման...» , «վերջին անձրեւն է խենթորեն երգում» , «վերջին մրրկի ամպերն են հսկում...» , «վերջին աշունն եմ ես...» , «վերջին լացը լացեք, կանչեցեք վերջին անգամ...» , «վերջին, վերջին սուլիչներն են ճչում...» :
Փոխկանչը գրական ազդեցություն չէր: Եսենինին նա չէր ճանաչում.
«Մի անգամ Չարենցը կարդաց իմ մի քանի անտիպները եւ նկատեց.
- Եսենինի շունչը խիստ զգալի է: Չե՞ս կարդացել: Զարմանալի է: Կարդա: Շատ կսիրես:
Կարդացի: Սիրեցի: Շատ սիրեցի»: [5]
Եսենինի ինքնասպանությունը ցնցեց Մահարուն. «Եսենինը կախվեց. չգիտեմ Լենինի մահը ավելի ազդեց ինձ վրա թե Եսենինի. ավելի շուտ երկրորդը, որովհետեւ Լենինը իր կյանքի վերջին շրջանում ապրող մի դիակ էր [6], իսկ նրա գործը կայուն եւ կատար. բայց Եսենինը... նա դեռ շատ ճանապարհ ուներ անցնելու: Սիրտս լաց է լինում, երբ հիշում եմ նրան» (26 հունվարի 1926 թ.):
Հետ այդմ Եսենինը հաճախ էր հիշատակվում Մահարու գործերում, որպես հոգեհարազատ հեղինակություն. «Ռուսիայում եղել է մի պոետ ինձ նման. /նրանից, իհարկե, ես փոքր երգահան եմ, / Ա՜խ, մեր մոլորակում մոլորված հոգիներ շատ կան դեռ... /Ես նրան շատ եմ խանդել...» : [7]
Իր օրինակով Մահարին տեսնում էր, որ Եսենինը սոսկ ռուսական երեւույթ չէր, որ` «Հասարակական այն պայմանները, որոնք գոյություն ունեին Ռուսաստանում եւ ստեղծեցին, կերպարանավորեցին Եսենինին, եթե գոյություն ունեն նաեւ մեզ մոտ, ապա ուրեմն Եսենինը գալոց է...» :
20-30-ական թվականների քննադատությունը հաճախ է անդրադարձել Մահարի-Եսենին «հանցավոր» կապին: Ազատ Վշտունին Մահարուն կոչեց «եսենինականության հայկական խրտվիլակ» [8], իսկ Ալազան-Անողոքը գտնվեց ավելի խոսքաշատ.
«Մահարին պահանջում է, որ մեզ մոտ էլ եսենիններ լինեն: Պահանջում է, որ մեզանում զարկ տրվի եսենինաբուծությանը: Եվ ինքն իր անհատական կյանքով, ապրումներով ու ստեղծագործություններով արդեն վաղուց է, ինչ չորեքթաթ է տալիս այդ «ուղիի» վրա: Արդեն վաղուց է, ինչ նա մի քանի հոգեկան հարազատների հետ շշեր է ջարդում այդ ճանապարհին, պոռնոգրաֆիական պոեմներ գրում ու մեքենայի վրա տպագրած` տարածում մեր երիտասարդության շրջաններում... Հարկավոր է եսենինականությանը մի լավ համազարկ տալ, մանավանդ նաիրյան ողորմելի գաճաճ եսենինականությանը»: [9]
Հասկանալով, որ եսենինականությունն իր մեջ հետեւանք էր հասարակական պայմանների` Մահարին, դիմելով հեղինակություններին, պաշտպանվում էր եւ պաշտպանում Եսենինին: «Ընկ. Բուխարինը շատ ճիշտ է որոշել. ուրիշ բան է բանաստեղծ Սերգեյ Եսենինը, ուրիշ` Եսենինից դուրս, հասարակական երեւույթ դարձած «եսենինշչինան»: Կարող էր (?) Ռուսաստանում գոյություն չունենալ Սերգեյ Եսենին եւ այնուամենայնիվ, գոյություն ունենալ եսենինշչինան...» [10]:
Առաջին իսկ մոսկովյան ուղեւորության օրերին, ռուս բանաստեղծի շիրիմի մոտ գրվեց «Սերգեյ Եսենինին» (1928), իսկ ավելի ուշ` լենինգրադյան հյուրանոցի չարագուժ համարում` «Անգլետեր»-ում» (1935) բանաստեղծությունները: Եսենինը դրանցում «սիրելի մի անցորդ» էր, որը շատ անգամ է «ճամփան մոռացել, ծռել» , «խելագար մի նժույգ` ազատ թողած սանձով» :
1955 եւ 1965 թվականներին գրվեցին ռուս բանաստեղծի ծննդյան 60 եւ 70-ամյակներին նվիրված հոդվածները. «Եսենինի մեծությունը այն է, որ նա նախ եւ առաջ ազգային, ռուսական պոետ է, բառիս իսկական իմաստով: Եսենինի մեծությունը նրանումն է, որ նա չտեսնված անկեղծությամբ ու անմիջականությամբ երգեց իր ժամանակը...» [11]:
Եսենինի հակադիր «եղբայրն» էր Մայակովսկին: «Երկվորյակ» բանաստեղծներին շրջանցել հնարավոր չէր: Մի կողմից Մահարին ընդունում էր` «Ես /Աստղերի լեզուն /Եսենինից սովորեցի, /Իսկ երկաթի լեզուն` /Մայակովսկուց...» , մյուսից ճշտում` «/Եղել եմ նրանց դրացի, /Իմ այգում հասել է /Իմ միրգը, /Չեմ եղել երգի մուրացիկ...» :
Ինքնասպանության թեման մեկից ավելի էր հնչում Մահարու վաղ պատմվածքներում, բայց դա նրա ճանապարհը չէր: Երբ Եսենինից հինգ տարի անց ինքնասպան եղավ Մայակովսկին, նա հանդես եկավ մահախոսականով, որն ուներ «Հիմար մահ» խորագիրը [12]: Այն լույս տեսավ «աչքից հեռու» Լենինականի «Բանվոր» թերթում եւ դրա հիշեցումն ավելորդ չէ.
«Սերգեյ Եսենինից հետո, կամավոր կերպով, ինքնասպանությամբ, իր կյանքին վերջ տվեց Վլադիմիր Մայակովսկին:
Եսենին եւ Մայակովսկի:
Այնքան տարբեր, այնքան հեռու են մեկ-մեկուց այս երկու անունները եւ այնքան միանման եղավ երկսի էլ վախճանը:
Որքա՜ն տարբեր ճանապարհներ բռնեցին նրանք իրենց պոետական որոնումների մեջ, իրենց խառնվածքով որքա՜ն տարբեր էին նրանք, բայց ինչպե՞ս, ինչպե՞ս հասան այդ երկու տարբեր ճանապարհների ճամբորդները միեւնույն «Հռոմ»-ը:
Մեկը «ռուսսիայի» «խիժինաների», երկաթակոխ ծաղիկների ու դաշտերի, սրբերի ու սրբապատկերների, լորերի ու լորենիների լիրիքական երգիչը, մյուսը` անխնա թույնով լեցված հանդեպ ամեն մի «զգացմունք», ամպերին վարտիկ հագցնող, սանտիմենտալիզմի կատաղի գայլ եւ առնական իր թեմաների ու նրանց մշակման մեջ, մատոռների եւ պրոպելլերների, սոցիալական բոլոր այրող թեմաների մունետիկ-երգիչ... եւ հանկարծ նրանց վախճանի համա՜յն տարբերությունը կայացավ նրանում, որ մեկը թոկով վերջ տվեց իր կյանքին, իսկ մյուսը ատրճանակով:
...Որքան էլ լուրջ եւ գործնական է նրա վերջին նամակը, որքան էլ հանգուցյալ մեծ պոետը մեզ ցանկանա համոզել, որ ինքը «փոքրոգի» չէ, որքան էլ լուրջ լինի նրա սեփական սրտին ատրճանակից կրակելու պատճառները, մենք չենք կարող ներել մեր օրերի խոշորագույն պոետին, որը հեռացավ մեզնից հիրավի հիմար մահով:
Ցանկանք, որ վերջին, վերջին հիմարը լինի մեծատաղանդ բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին...»:
«Մեծ», «խոշորագույն», «մեծատաղանդ», այսպես էր նա բնորոշում Մայակովսկուն` ռուս բանաստեղծի նկատմամբ սառն այդ օրերին: Կանցնի ընդամենը վեց տարի, եւ ողջ երկիրը կողողվի ստալինյան բնորոշումով. «Հիշողությանս մեջ մնացել է նիստերի դահլիճի բեմի ճակատին ամրացված երկարավուն, կարմիր պաստառը, որը մի քանի տարիների վերապահ լռությունից հետո ամբողջ ձայնով ազդարարում էր թե` «Մայակովսկին մեր դարաշրջանի ամենամեծ պրոլետարական բանաստեղծն է» : [13]
Անգամ ռուսական մասշտաբներով Եսենինն ու Մայակովսկին ունեին իրենց պատվավոր տեղը. «Տխուր եղավ ու հիրավի եղերական չորս մեծ բանաստեղծների վախճանը. Պուշկինն ու Լերմոնտովը մեռան անհեթեթ մահով, մենամարտի կույր գնդակից, նույնքան եւ գուցե ավելի անհեթեթ մահով` ինքնասպանությամբ` հեռացան կյանքից Եսենինն ու Մայակովսկին... Եղերական ու անբասիր` գնացին նրանք ուրիշ մի աշխարհ, որտեղից չի վերադարձել դեռ ոչ մի ճամփորդ» :
Ղեկավարվելով ճշմարիտ գրականության չափանիշներովՙ Մահարուն չէր կարող չզարմացնել դրվածքը, ըստ որի «Բեզիմենսկին ու Ժարովն եղել են «ուղի», իսկ Մայակովսկին, Եսենինն ու Պաստերնակը` ուղեկիցներ...» : Ինքն էլ ընդամենը «ուղեկից» էր` Ալազան-Զարյան «ուղում»...
Ընդհանուրը Մայակովսկու եւ Չարենցի միջեւ Մահարին համարում էր վերջինիս հոկտեմբերյան եւ լենինյան պոեմները. «Մարդիկ կան, որոնք գտնում են, որ Չարենցը գալիս է Մայակովսկուց, առանց հաշվի առնելու այն վիթխարի գրական ժառանգությունը, որտեղ շատ բան ոչ մի կապ չունի Մայակովսկու հետ: Առանց մազաչափ անգամ ցանկանալուՙ հակադրել մեր Չարենցին վիթխարի Մայակովսկուն, պետք է նշել, որ «Չարենցի մայրուղին» ավելի լայն է եւ գայթակղեցուցիչ...» , գրեց Մահարին աքսորից հետո: Պետք է հավատալ նրա գնահատականին, քանի որ աքսորում նա հանգամանորեն ծանոթացավ ռուս բանաստեղծի հետ. «Զբաղված եմ Մայակովսկիով: Մեծ գրող է: Ձեռք եմ գցել ամբողջական Մայակովսկին մի հատորով...» (12 մարտի 1951 թ.):
Այդ օրերին գրվեց «Մայակովսկու հետ» բանաստեղծությունը: [14]
Մայակովսկուն էին նվիրված էլի՛ բանաստեղծություններ: Դրանցից մեկն ամենակարճն էր Մահարու գրական ժառանգությունում: «Վ. Վ. Մայակովսկուն» խորագրին հետեւում էին «(Ոչ հատված)» ենթախորագիրը, երկու հանգավոր բնաբաններ` Մայակովսկու վերջին նամակից եւ... բանաստեղծության միակ տողը.
Յեվ դո՞ւք, Վլադիմիր, երկաթե պոետ... [15]
Գրված` ինքնասպանության հաջորդ օրը` «1930, ապրիլի 16, Լենինական»:
Ինքնասպանության գաղտնիքը սարերի ետեւում չէր: «Գուրգեն Մահարու խոսքը Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկու, Դեմյան Բեդնու մասին, գրի առնված Երեւանում 1930 թ. մայիսին» [16] պոեմում ակնարկվում էր բանաստեղծի դավաճանությունը մուսաներին. «Մեռիր, օ, երգ իմ, /Մեռիր, քնար, /Որպես հետին մի, /Ու շարքային...» : Այս տողերը գալիս էին «Ամբողջ ձայնով» պոեմից. «/...Умри, мой стих, /Умри, как рядовой....»
Եղերական Եսենինին ու Մայակովսկուն հակադրվում էր Դեմյան Բեդնին [17], որի համար այդ տարիներին հարցականներ չկային: Մահարին հետագայում էլ մնաց անհաղորդ նրա պոեզիային: Երբ 1963 թ. մարտի 8-ին Ն. Խրուշչովը գրականության եւ արվեստի գործիչների առջեւ ելույթում որպես գրականության նշանաձողեր նշեց Շոլոխովի արձակը եւ Դեմյան Բեդնու «թարմ ու արդիական» պոեզիան, նա հեգնեց. «Հույս ունեմ, որ ինձնից չեն պահանջի, որ ես բոլոր թվականներին Դեմյան Բեդնու նման գրած լինեմ» (28 մայիսի 1963 թ.):
Շոլոխովի հետ Մահարին ունեցել է անձնական ծանոթություն եւ անգամ մի գիշեր անցկացրել նրա հետ, աչք աչքի մոսկովյան ռեստորանում` գրողների համագումարի օրերին: Սակայն նոր ժամանակներում սպասելիքներն առաջատար գրողից չէին արդարանում. «...Նա լինելով մեծ արվեստագետ` քաղաքացի չէ այս բառի բարձր, гражданский [18] իմաստով: Մի՞թե Ստալինի անկումը նա պիտի նշանավորեր «Մարդու ճակատագիրը» խեղճ, աղքատ գործով... Իհարկե, նա չէր կարող «Իվան Դենիսովիչի մեկ օրը» գրել, բայց... բայց նա պարտավոր էր ստեղծել ավելին, քան «Մարդու ճակատագիրն» էր...» (1 ապրիլի 1964 թ.):
Հիասթափությանը նպաստում էին գրողի պատեհապաշտ ելույթները բարձր ամբիոններից. «Առողջությո՞ւնս: Կլիներ ավելի լավ, եթե չլիներ Միխ. Շոլոխովի «ելույթը»: Ինչպե՞ս մարդիկ չեն զգում պատասխանատվություն ներկայի եւ ապագայի նկատմամբ...» (14 ապրիլի 1966 թ.): Խոսքը ԽՄԿԿ XXIII համագումարում կուսակցության եւ կառավարության հասցեին ներբողական ելույթի մասին էր, որտեղ չէր բարձրացվում գրական ոչ մի հարց:
Բորիս Պաստեռնակի եւ Մահարու ճանապարհները կարող էին հատվել 1935-ին, երբ Մոսկվայում պատրաստվում էր հայ պոեզիայի անթոլոգիայի հրատարակությունը եւ որպես թարգմանիչներ ներգրավվում էին ռուս բանաստեղծներ: Մահարին, իհարկե, սխալվեց, հայ գրականության «մոսկովյան էմիսար» Կարեն Միքայելյանին գրելով. «Ես Պաստեռնակին չկարողացա «բռնել»: Պայման չի: Տուր ուրիշին» (15 մարտի 1936 թ.):
«Դոկտոր Ժիվագոն» ԽՍՀՄ-ում լույս տեսավ շատ ուշ: Մահարին վեպը չկարդաց, սակայն նա չէր կիսում գրողի նկատմամբ պաշտոնական սառը վերաբերմունքը ինչպես նրա կենդանության ժամանակ. այնպես էլ հետմահու. «Մարյենգոֆի մասին մի հազիվ նշմարելի մահազդ կար խ. թ.-ում: Իհարկե, Մարյենգոֆը Պաստեռնակ չէ, բայց մահազդը ինձ հիշեցրեց Պաստեռնակի մահազդը...» [19] (9 հուլիսի 1962 թ.), «Դու կարդացի՞ր Вопросы литературы ամսագրի 11 համարում Պաստեռնակի հիանալի նամակները վրաց բանաստեղծներին: Անպայման կարդա: Ափսո՛ս, ափսոս մեծ մարդուն եւ բանաստեղծին» (20 մարտի 1966 թ.), «Новый мир-ում կարդացի Պաստեռնակի ինքնակենսագրությունը: Եթե դա տպագրվեր նրա կենդանության ժամանակ, դժվար թե այդքան ազդեր... Զարմանալի է, ինչպես են արվեստագետները մահից հետո դառնում լեգենդ եւ նրանց ամեն մի տողը հարբեցնում է ընթերցողին!!!» (11 ապրիլի 1967 թ.):
Պատահական բեկորներ են պահպանվել Մահարու գրական գործունեության վաղ գրառումներից` դժվարացնելով շատ հարցերի, այդ թվում` ռուս գրականության հետ նրա առնչումների ուսումնասիրությունը: Անսպասելիորեն օգնության են հասնում... կինոխոսականները: Այդ հեռավոր օրերի մասին է նրա գրառումը. «Սկսեցի ինձ համար գրել լիրիկական բանաստեղծություններ, պատմվածքներ եւ պահել. տպել ֆելիետոններ, ակնարկներ, կինո-ռեցենզիաներ եւ գլուխ պահել» : Որքան էլ կինոխոսականները լինեին «գլուխ պահելու» միջոց, դրանցով մեկ անգամ եւս համոզվում ես, որ ճշմարիտ գրողը ինչի էլ դիպչի, թողնում է արժեքավոր տողեր: Խորհրդային ֆիլմերն առիթ դարձան դրսեւորելու վերաբերմունք դեպի ռուս դասականները, կատարելու հետաքրքրական զուգահեռներ` կինոյի եւ գրականության միջեւ. «Վերածել գրական գործը կինոֆիլմի, դժվար գործ է: Առավել դժվար է այս փորձը կատարել Չեխովի տիպի հեղինակի վերաբերմամբ, որի խոսքի նուրբ հումորը, չի կարող հասնել էկրանին, որքան էլ ծանրաբեռնված լինի նկարը մակագրություններով: Հանդիսականը նայում է միայն նրա համար, որպեսզի ամեն կադրից հետո համոզվի, որ իզուր ժամանակ եւ ջանք է Չեխովին կինոլեզվի վերածելը» [20], «Նկարը հանված է ըստ Գոգոլի եւ որպես այդպիսին` մի կինոռիսկ է: Տալ Գոգոլին էկրանի վրա, դա այնպիսի մի դժվար փորձ է, որպիսին կլիներ, եթե մենք փորձեինք Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» կամ նման մի երկ էկրան հանել... Կորել է Գոգոլի խոսքի նուրբ հումորը եւ մնացել են մի քանի ծիծաղաշարժ դրություններ, որոնք սակայն չեն արդարացնում իրենց գոգոլյան փայլը» [21], «Ազատամիտ մտավորական գրողների դրությունը որպես գրական մատերիալ Տուրգենեւի մոտ անմիջական է եւ արժեքավոր, բայց էկրանի վրա կորցնում են իրենց ժամանակագրական սրությունը...» [22], «Տոլստոյի «Կազակները» որպես կինոսցենարի նյութ, անշնորհակալ նյութ է: Վերածել «Կազակները» կինոնկարի` նշանակում է էն գլխից գործը մատնել անհաջողության» : [23]
Սիբիրում Մահարին ժամանակ ու հնարավորություն ունեցավ խորացնելու ծանոթությունը ռուս գրողների հետ: Խոսքը ճամբարին հաջորդած աքսորի տարիների մասին է. «Ստացա նամակդ եւ մատիտն ի ձեռիս, թուղթն ի ծունկիս շտապում եմ պատասխանել: Թղթի եւ ծնկիս արանքում Գոգոլն է, «Մեռյալ հոգիները», որը կարդում եմ չորրորդ անգամ եւ պատրաստ եմ կարդալ եւս տասնչորս անգամ: Անմահ Գոգոլ, մեծ Գոգոլ: Զգո՞ւմ ես Գոգոլի շունչը «Երկիր Նաիրի»ի վրա. դա այնքա՜ն զգալի է... Իսկ Գոնչարովի ազդեցությունը Նար-Դոսի վրա՞... Նրա Շահյանը Աբլոմովի քթիցն է թռել [24], եւ ընդհանրապես որքա՜ն նա հիշեցնում է Գոնչարովին իր գրական հունարներով ու հնարքներով... կարդալով նրա բոլոր գործերը (ներառյալ նամակներն ու հոդվածները), ես քառյակեցի,- /Դպրության համար մեր երախտավոր /Մեծ գործ ես արել դու քո հանճարով, /Նար-Դոսին դո՛ւ ես կնքել, մե՛ծ քավոր, /Դարձրել վարպետ ու հայ Գոնչարով...» (15 հուլիսի 1953 թ.):
Ինչպիսի երեւակայություն է պետք ունենա ընթերցողը, պատկերացնելու համար հայ գրողին` Սիբիրի թռչնաբուծական ֆերմայի մի անկյունում, ծնկին դրված գրքի վրա մատիտով նամակ գրելիս` Գոգոլ ու Չարենց, Գոնչարով ու Նար-Դոս...
Սիբիրում կայացավ եւ հիմնական ծանոթությունը ռուս դասական գրաքննադատության հետ. «Վերջերս կարդացի նաեւ Դոբրոլյուբովի մասին մի գիրք: Դոբրոլյուբովը մեռավ 25 տարեկան հասակում: Ես կարդացի նրա 3 մեծ հատորյակները: Այդքան հասուն միտք եւ մեծություն 20-25 տարեկան հասակո՞ւմ, ուղղակի անհավատալի է: Մե՛ծ եռյակ. Բելինսկի, Դոբրոլյուբով, Չերնիշեւսկի: Ավելացրու եւ Գերցենին: Ինչո՞ւ համար մենք, հայերս չունենք մեր գոնե փոքրիկ Բելինսկիներն ու Դոբրոլյուբովները. Միք. Նալբանդյա՞նը. նա ուրիշ կատեգորիա է, Արսեն Տերտերյա՞նը, ծիծաղելի է մտածելն անգամ...» (31 հոկտեմբերի 1953 թ.):
Գրական հնարքներով, հումորով, համառոտ ոճով Մահարուն հարազատ էր Չեխովը. «Եթե Բոգուչանում կա գրադարան, վերցրու Չեխովի նամակները (4-5 հատոր) եւ կարդա անպայման: Ի՜նչ չնաշխարհիկ անձնավորություն է այդ Անտոն Պավլովիչը թե որպես մարդ, թե որպես գրող: Ինձ պես է [25]: Կարդա, անպայման կարդա, շատ գոհ կլինես: Հետաքրքիր է նրա հանդիպումները Այվազովսկու հետ...» (30 հունիսի 1953 թ.):
Վերադարձից հետո Մահարին գրողի հոբելյանական օրերին գրեց. «Մենք շատ բան ունենք սովորելու խոսքի կախարդ վարպետ մեծ Չեխովից: Մենք կարող ենք սովորել նրանից հարգել գեղարվեստական խոսքը, շատ բան ասել քիչ խոսքով: Ուսումնասիրելով նրա գրական վարպետությունը, նրա մտքի գանձարանը, մենք, հաստափոր վեպերի սիրահարներս, պետք է ստեղծենք մեր սեփական ոճը» : [26]
Մահարին նախանձով էր նայում ռուս գրական միջավայրին սկսած 20-30-ական թվականներից. «...Գրական զանազան միություններն ու խմբակցությունները կազմակերպում են իրենց գրողին եւ քննադատին, բանաստեղծին եւ վիպասանին: «Պերեվալ»-ի պոետն այն չէ. ինչ «Վապպ»-ինը, ուրիշ է որպես ֆիգուրա լեֆյան պոետը, ուրիշ` գյուղացիական գրողների միությանը [27] պատկանող գրողը... Այս դրվածքից մենք զուրկ ենք. մեր բոլոր երիտասարդ գրողները վժժում են մի միության չորս պատերի մեջ, գրողներ, որոնք որքան էլ միեւնույն պլատֆորմայի վրա եւ միեւնույն դրոշակի տակ հավաքված, բայց տարբեր իրենց խառնվածքով եւ աշխարհզգացումով» : [28]
Հայ խեղդուկ գրական միջավայրը հետեւանք էր ընդհանուր դրվածքի: Սակայն գրական կյանքի ծամածռությունները Հայաստանում այնքան էին ուժեղ, որ բնական էր դարձնում նախանձը ռուս գրաքննադատության հանդեպ. «...Գեղեցիկ գրականության կողքին նրանք ունեն նաեւ գեղեցիկ գրականությանը քայլ առ քայլ հետեւող քննադատություն. Բուխարինից մինչեւ Տրոցկի, Վորոնսկուց մինչեւ Լելեւիչ [29] - տասնյակ մարքսիստական գրիչներ սպասավորել եւ սպասավորում են, առաջնորդել եւ առաջնորդում են հետհոկտեմբերյան երիտասարդ գրականությանը...» :
Իսկ մեր մո՞տ. «Զարմանալի է, մենք ունենք քննադատներ, բայց չունենք քննադատություն... Մի անհաջող քննադատություն տպող քննադատի քիթն ավելի բարձր է, քան տասը գրական հաջող գործ տվող գրողի... գլուխը: Եվ հաճախ այդ քթերը կարողացել են ծածկել արժեքավոր գլուխներ» : [30]
Գրական գորշությունը տեւել է տասնամյակներ եւ Մահարին չի զլացել անդրադառնալ դրան եւ ուշ շրջանում. «Մեր սեղանի վրա է «Վոպրոսի լիտերատուրի» ամսագրի առաջին համարը, որտեղ հանդես է եկել Նարովչատովը մի ուրիշ քննադատի` Պերցովի դեմ... Ո՞վ է նրանցից ճշմարտացի, այդ չէ, որ հետաքրքրում է մեզ: Մեզ հետաքրքրում է երեւույթը: Նման բանավեճերից միայն շահել կարող են գրականությունն ու գրականագիտությունը: Նման գրական գոտեմարտերը հազվադեպ չեն ռուսական մամուլում եւ կարող են միայն նախանձ շարժել: Մինչեւ ե՞րբ պիտի իշխի մեր մամուլում այս «գավառական անդորրությունը» : [31]
«Գավառական անդորրությունը» մեղմ բառ էր, ինչպես «ճահիճը». «Ճահիճ ասի, հիշեցի. Նագուշ Հարությունյանի հետ երկար զրույց ունեցանք: Ես ասացի, որ հայ գրողների միությունը վերածվել է ճահճի. Նագուշը բողոքեց. ափսոս չի՞ ճահիճը. գրողների միությունը մո՛րգ է, մո՛րգ... մորգը, ինչպես գիտես, մեռելատունն է...» (12 հունիսի 1968 թ.):
Ես առիթ եմ ունեցել վերջերս թերթելու 50-60-ականների ռուսական «հաստ» գրական ամսագրերը: Հայ գրականությունն այնտեղ խաղում է «աղքատ ազգականի» դեր: Տարիներով չես հանդիպի լուրջ հոդվածի եւ հանկարծ... տպագրվում է գրական խորագրի տակ Հր. Քոչարի քաղաքական հոդվածը: Իսկ գրախոսականնե՞րը... Համոզվում ես, որ հանրապետությունում չի տարվել ոչ մի կենդանի աշխատանք երիտգրողների հետ: Նրանցից շնորհալիները իրենց ճանաչումն այստեղ գտնում էին միութենական մամուլում ընդունվելուց հետո:
Նման իրավիճակը ստեղծվել էր շնորհիվ թոփչյանական գրական «քաղաքականության»: Չես կարող չնախանձել «հաստ» ամսագրերում էստոնական, լիտվական, մոլդավական գրական ու գրականագիտական հրապարակումներին...
Ողջ երկրում առկա էր «արգելված թեմաների» հարցը: Սակայն մեր մոտ այն սրվում էր պատեհապաշտ վարչարարների եւ խմբագիրների շնորհիվ. «Սովետական գրականություն» ամսագրում հաճախ երեւում են ժամանակակից ռուս, ինչպես նաեւ եվրոպական առաջավոր գրողները. բայց չգիտես ինչու մինչեւ հիմա Սոլժենիցինից չի թարգմանված ո՛չ մի տող: Ավելի բնորոշ օրինակ. մի քանի տեղով Մոսկվայում լույս տեսավ «Վասիլի Տյորկինն այն աշխարհում» [32] սատիրական պոեմը, որը մեզ մոտ թարգմանվեց եւ առաջարկվեց ամսագրին: Թվում է թե, խմբագիրը [33] ոչ մի պատճառ չպիտի ունենար մերժելու տպագրությունը: Եվ ի՞նչ. պոեմը մերժվեց շատ հետաքրքիր պատճառաբանությամբ. պարզվեց, որ պոեմի (շեշտում ենք, պոեմի՛ եւ ոչ թե թարգմանության) գեղարվեստական մակարդակը չի բավարարում խստապահանջ խմբագրի ճաշակին... Պարզ չէ՞ միթե, որ այստեղ ոչ մի դեր չի խաղացել խմբագրի «ճաշակը», որ խմբագիրը չի քաշվել եւ՛ անճաշակ եւ՛ անշնորհք, բայց «անվնաս» գործեր տպագրելուց: Սոլժենիցինն ու «Տյորկին»-ը տեղ չեն գտել ամսագրի էջերում, որովհետեւ... որովհետեւ` ով գիտե, ի՞նչ կարող է պատահել» : [34]
Մահարին հետեւում էր ռուս գրական կյանքի ներքին հակամարտություններին եւ անսխալ կողմնորոշվում. «Տվարդովսկու մասին վատ շշուկներ կան: Այն փաստը, որ նա համագումարի պատվիրակ չէ, շատ բան է ասում: Իսկ Տվարդովսկին մեծ, առաջադեմ մարդ է...». «Վատ մարդ է այդ Չակովսկին, արձակագիրը (?) եւ քննադատը (??): Իսկ որպես Лит. газета-ի խմբագիր անշնորհք խոտանարար է... Եվ ընդհանրապես Лит. газета-ն դա ի՞նչ лит. газета է, այնտեղ ամեն ինչ կա, բացի գրականությունից...» :
«Ծաղկած փշալարերի» տպագրության հարցով Մահարին նամակներ էր գրում Կենտկոմի եւ գրողների միության ղեկավարներին. «Ուզում եմ քո ուշադրությունը հրավիրել Դյակովի [35] վերջերս լույս տեսած Повесть о пережитом գրքի վրա: Այս գրքի մոտ իմ «Ծաղկած փշալարերը» մանկական թոթովանք է եւ կարելի է տպարան ուղարկել առանց երկնչելու...» (7 մայիսի 1966 թ.), «...Մոռացա ներփակել այս կտրոնը. կարդա, տուր Թոփչյանին [36], գուցե չի՞ հանդիպել... Դյակովի գիրքը ո՛չ Կուրտիկը, ո՛չ «Հայաստանը» չէին տպի... ուզում եմ մի գրախոսական ուղարկել «Գ. Թ.»ին, այն էլ չգիտեմ, Համոն [37] կտպի՞...» (29 ապրիլի 1966 թ.), «Մեծ բան չէ իմ ուզածը. Մոսկվայից ոչ առաջ ընկնել եւ ոչ էլ (մանավանդ) ետ մնալ... Միայն այսքանը» (8 մայիսի 1966 թ.):
Վալերի Բրյուսովի հետ կապը վաղեմությամբ զիջում էր միայն Գորկու կապերին: Սակայն կապն անմիջական չէր, այդ մասին Մահարին վերահասու եղավ տասնամյակներ անց: 1963 թվականին լույս տեսավ "Поэзия Армении в переводах и оценке В. Я. Брюсова" ժողովածուն, որտեղ առաջին անգամ տեղ գտան Մահարու երկու բանաստեղծությունները` Բրյուսովի թարգմանությամբ: Հ. Ղանալանյանը գրքի ծանոթագրություններում գրել էր. «1915 թվականին Կ. Միքայելյանը զեկուցում կարդաց որբանոցներում ապրող հայ երիտասարդ բանաստեղծների մասին: Դրանց թվին էր պատկանում եւ Գուրգեն Մահարին: Հետագայում այդ բանաստեղծների գործերը նա հանձնեց Հովհ. Թումանյանին: Թումանյանը հավանեց Մահարու բանաստեղծությունները եւ առաջարկեց Վ. Բրյուսովին թարգմանել դրանք» :
Ձեռագրերը չեն այրվում: Մոսկվայի ազգային գրադարանում պահպանվող թարգմանությունները, որոնք դուրս էին մնացել նախկին հրատարակությունից, վերջապես լույս տեսան` առաջացնելով օրինական հպարտություն. «Բրյուսովյան օրերը վերջացան: Եղան հանդեսներ եւ հանդիսություններ: Լույս տեսավ նրա "Поэзия Армении"-ին, որի մեջ նաեւ... իմ աշակերտական երկու բանաստեղծություններըՙ թարգմանված Բրյուսովի ձեռքով: Թումանյանն է տվել թարգմանելու, այնպես որ... իմացի թե ինչ ախպեր ունես» (16 դեկտ. 1963 թ.): «Հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերն» ընդգրկված բանաստեղծների ցանկն սպառվում էր Չարենց-Մահարիով...
1933 թվականին Մահարին գրեց Պոլ Վերլենին եւ Բրյուսովին նվիրված «Չորս տողը»` «/Հմայիչ է` որպես քո նուրբ ձեռները, /Պոլ-Վերլենը... /Որպես Մասիսը որ սեպ մորուսով է /Վալերի Բրյուսովը...» [38] , իսկ մեկ տարի անց` ռուս բանաստեղծի մահվան տասնամյակին` «Վալերի Բրյուսով» դիմանկարը: [39]
Բրյուսովի ծննդյան 90-ամյակին լույս տեսավ «Պոետին» բանաստեղծությունը [40]: Այն սկսվում էր «Մեծ էիր դու, իմաստուն ու բանաստեղծ սրատես...» տողով, որը վերհիշեցումն էր, կամ, հետեւելով Վարդան Մատթեոսեանին` «միջգրութենական» վերհուշն էր Չարենցի «Սառն ու հմուտ էիր, խոր ու գիտուն...» տողի:
Ռուսալեզու մամուլում լույս տեսած «Բանաստեղծը եւ բարեկամը» դիմանակարում բացահայտվում էին Բրյուսով-Հայաստան կապի հոգեւոր արմատները. «...Ոչ մի ռուս բանաստեղծ այնպես չի սիրվել մեր կողմից, ինչպես Վալերի Բրյուսովը: Ամենից առաջ այն պատճառով, որ նա մեր հետ էր մեր ամենածանր օրերին: Բրյուսովը մեր երկրին նայեց ոչ զբոսաշրջիկի աչքերով: Նա կապվեց Հայաստանի հետ սրտով ու հոգով եւ հայի նման սիրեց ու զգաց նրա բանաստեղծական արվեստի խորությունը» : [41]
Բրյուսովյան թարգմանությունների փորձը Մահարին համարում էր օրինակելի եւ ուսանելի. «Բրյուսովը, նստել է հայ գրականագետ Պողոս Մակինցյանի կողքին եւ սովորել հայերեն, որպեսզի ավելի խորը հասկանա հայ բանաստեղծներին` Նարեկացուց մինչեւ Սայաթ-Նովա, մինչեւ Տերյան ու Չարենց, տա բնագրին համահունչ հայ պոեզիայի նմուշների թարգմանություններ... Այն օրերից անցել են տասնամյակներ, եւ թվում էր, թե մեր գրականության ծանոթության գործը ռուս հասարակությանը պետք է գնար նրա բացած ուղիով: Սակայն մենք պետք է ափսոսանքով ընդունենք, որ նա չունեցավ հետեւորդներ: Մեր օրերում թարգմանում են հայ բանաստեղծներին, չճանաչելով հայկական տառերը, անգամ երբեք չլինելով Հայաստանում: Հաստատվել է արատավոր մի պրակտիկա` օգտագործել կասկածելի տողացի թարգմանություններ, իսկ դա հանգեցնում է «հրաշքների»: Տողացի թարգմանությունների ասպետների ջանքերով Չարենցը վեր է ածվել միջակ բանաստեղծի, իսկ մի շարք միջակ եւ անարյուն բանաստեղծներ ներկայացված են լուսավոր թագով, որոնք չեն նստում նրանց գլուխներին... Ամո՛թ է Բրյուսովից հետո զբաղվել նման «թարգմանական» սպեկուլյացիաներով» :
Բրյուսովի հայերենի իմացությանն էր նվիրված «Բիլ եւ կապույտ» վերհուշը: [42]
Շատ աղբյուրներից է սնվել Մահարին, սակայն պատմաաշխարհագրական բերումով ռուսականները զբաղեցնում են առանձնակի տեղ: Մեզ շատ հեռու կտանի Պաուստովսկու, Մարշակի, Կազակեւիչի «եւ ուրիշների» հետ կապերի վերլուծությունը: Իր ստեղծագործական դարբնոցում նա հալել, ձուլել ու կռել է հայ, ռուս եւ համաշխարհային դասական ու ժամանակակից գրողների ժառանգությունը եւ ստեղծել մի կուռ համաձուլվածք, որը բնորոշվում է «մահարիական» բառով ...
Ծանոթագրություններ
1. 30 տարի առանց Գորկու: Անտիպ, ԳԱԹ, ԳՄՖ, թ. 99:
2. «Գրական թերթ» («Գ. Թ.»), 1974, 23 օգոստոսի, թ. 34:
3. «Խորհրդային Հայաստան» («Խ. Հ.»), Եր., 1928, 11 սեպտեմբերի, թ. 211:
4. «Խ. Հ.», Եր., 1932, 24 սեպտեմբերի, թ. 224:
5. Չարենց-նամե, Եր., 1968, էջ 59:
6. «Ապրող դիակ» բնորոշումը հիվանդ Լենինի հասցեին նորովի շրջանառության մեջ մտավ «վերակառուցման» տարիներին:
7. «Խ. Հ.», Եր., 1927, թ. 207:
8. «Խ. Հ.», Եր., 1927, 2 օգոստոսի, թ. 175:
9. «Խ. Հ.», Եր., 1927, 21 օգոստոսի, թ. 191:
10. «Խ. Հ.», Եր., 1927, թ. 207:
11. «Գ. Թ.», Եր., 1955, 14 հոկտ., թ. 38:
12. «Բանվոր», Լենինական, 1930, 18 ապրիլի, թ. 89:
13. «Գ. Թ.», Եր., 1967, 13 հոկտեմբերի, թ. 42: Գրվել է որպես հուշագրություն 1936 թ. Մինսկում կայացած բանաստեղծների պլենումի մասին:
14. «Հնձաններ», Եր., 1959, էջ 408:
15. «Գրական շաբաթ», 1930, ապրիլ, թ. 8-9, էջ 103:
16. «Նոր ուղի», Եր., 1931, հունվար-փետրվար, գիրք 1:
17. Դեմյան Բեդնի (1883-1945), ռուս բանաստեղծ, սոցռեալիզմի հիմնադիրներից:
18. …...քաղաքացիական… (ռուս.):
19. Կյանքի վերջին տարիներին Պաստեռնակը հալածվում էր Նոբելյան մրցանակի արժանացած «Դոկտոր Ժիվագո» վեպի համար:
20. «Աստիճաններ եւ մարդիկ»: «Բանվոր», Լ., 1930, 28 մարտի, թ. 71:
21. «Սարոչինի տոնավաճառ»: «Խ. Հ.», Եր., 1928, 25 նոյ., թ. 273:
22. «Ասիա»: «Խ. Հ.», Եր., 1928, 26 դեկտ., թ. 298:
23. «Կազակներ»: «Խ. Հ.», Եր., 1929, 25 ապրիլի, թ. 95:
24. Խոսքը Նար-Դոսի եւ Գոնչարովի հերոսների մասին է:
25. Նամակը հասցեագրված էր Ալազանին, որը կհասկանար ակնարկը, բայց Շահան Շահնուրին Մահարին մանրամասնեց. «Հակոբ Հակոբյան անունով հեղափոխական գրող մ’ունեինք, որ Վերհարնի մասին խոսելով, կըսեր.– «Տաղանդավոր է, ինձ նման է...»:
26. "Коммунист", ժՐ., 1960, 29 ÿվՉՈՐÿ, N 24:
27. Թվարկվում են ռուս գրական խմբակներ եւ ուղղություններ:
28. «Խ. Հ.», Եր., 1927, 31 հուլիսի, թ. 174:
29. Ժամանակին հայտնի քաղաքական գործիչներ եւ քննադատներ` ստալինյան բռնադատության եւ ահաբեկչության զոհեր:
30. «Գ. Թ.», 1932, 10 սեպտ., թ.18։
31. Գրական մեծ վաղվա համար: «Սովետական գրականություն», Եր., 1966, թ. 5, մայիս:
32. Պոեմն է Ալ. Տվարդովսկու:
33. Խմբագիրը Ստ. Կուրտիկյանն էր. «Զզվանքով կարդացի Կուրտիկի «Հերոսական քայլերգը»: Այդքան անճարակություն եւ ճարակություն. այդ մարդը խոտակեր է, խոտակեր` այս բառիս փիս իմաստով, որովհետեւ եղնիկն էլ խոտակեր է...» (16 օգոստոսի 1964 թ.):
34. "Коммунист", Ер., 1964, 8 февраля, N 33.
35. Բորիս Դյակով (1902-?), ռուս գրող: Ժամանակն է Գ. Կուբաթյանի հուշումով ուղղելու վրիպումը, որը թույլ ենք տվել «Սիբիրական» ժողովածուում (2009): Դյակովը եղել է ՊԱԿ-ի կամավոր աշխատակիցը: Նրա մատնագրերով են բռնադատվել տասնյակ գրողներ: Տես` "В. Шестинский. Воскресшее слово. "Новый мир", 1995, N 3:
36. Է. Թոփչյանը Հայաստանի գրողների միության առաջին քարտուղարն էր: Այդ օրերին նրա բազկաթոռը սասանվեց: Մահարին քաղաքում չէր, սակայն իր կարծիքը նա գրավոր ուղարկեց Կենտկոմի երկրորդ քարտուղար Գ. Տեր-Ղազարյանցին եւ հարցին անդրադարձավ ոչ պաշտոնական նամակում. «Ի հարկե, ճիշտ է ասել Թոփչյանը, որ ինքը «զոռով չի դարձել քարտուղար», եւ որ «իրեն ընտրել են»...։ Բայց խի՛ղճը, խի՛ղճը... Չէ՞ որ նրան ընտրողներն ընտրել են, որպեսզի նա շարժվի տեղից եւ աշխատի... իսկ նա 14 տարի խաբել է ե՛ւ վերին ե՛ւ վարին, ու ոչինչ չի արել. դողացել է իր աթոռի վրա, եղել է երկդիմի, բայց ավելիՙ դիմազուրկ, պաշտպան է կանգնել գրական պարազիտներին եւ ստեղծել իր շուրջը խալույների մի դասՙ ինքն էլ վերածվելով մի անընձյուղ, անպտուղ կոճղի...» (12 հունիսի 1968 թ.):
Հայ գրողական «մուբարակը» մնաց «ընտրովի» պաշտոնում եւս յոթ տարի: Մահարին Սիբիրից վերադարձավ, երբ Թոփչյանը քարտուղար էր եւ հեռացավ կյանքից, երբ նա շարունակում էր մնալ «թամբի վրա»: Մի ամբողջ ամոթալի ժամանակաշրջան:…
37. Այդ տարիներին «Գրական թերթ»-ի խմբագիրը Հ. Սահյանն էր:
38. ՀՕԿ, Փարիզ, 1933, օգոստոս, էջ 29
39. «Խ. Հ.», 1934, 18 հոկտեմբերի, թ. 241:
40. «Ս. Հ.», Եր., 1963, 13 դեկտեմբերի, թ. 289:
41. "Коммунист", Ер., 1963, 13 декабря, N 290.
42. «Երեւան», Եր., 1963, 9 դեկտ., թ. 288: