ԱՐԹՈՒՐ ԱՎԱՆԵՍՈՎ, Արվեստագիտության թեկնածու
Կոմպոզիտորական արվեստի պատմությունը երաժշտարվեստի համընդհանուր պատմության շրջանակներում համեմատաբար «նոր» երեւույթ է. այն սկսել է ձեւավորվել միայն XIII դարում` վերջնական տեսք ստանալով XVIII դարավերջին, այնինչ երաժշտությունը որպես արվեստ հայտնի է անհիշելի ժամանակներից: Մի շարք ուսումնասիրողներ (Վ. Մարտինով եւ այլք) հակված են այն կարծիքի, որ այն լոկ տեւական մի շրջան է, երբ արվեստագետի նարատիվը, ստեղծագործողի էգո-ն գերիշխող դիրք են ստացել` համընդհանուր երաժշտական իրականության համեմատ. մի շրջան, որը նույնպես անցողիկ է, որը հետզհետե տեղի է տալիս մեր օրերում, երբ աստիճանաբար վերադարձ է կատարվում դեպի ստեղծագործության ավելի հինավուրց ձեւեր` խմբակային ստեղծագործություն, իմպրովիզացիա, սերնդից սերունդ փոխանցվող միեւնույն մոդելների տարբերակում եւ կատարելագործում...
Այս հոդվածը մի համերգի մասին է, որը դժվար թե հնարավոր է դասական իմաստով համերգ համարել. մի համերգի մասին, որտեղ հնչեց այնպիսի մի հեղինակի երաժշտություն, ում անկարելի է համարել դասական իմաստով կոմպոզիտոր: Դժվար է նույնիսկ բնորոշել, արդյո՞ք դա առհասարակ ինչ-որ մի հեղինակի գրչին պատկանող երաժշտություն է, թե՞ կոլեկտիվ աշխատանքի արդյունք, երբ տարբեր սերունդների եւ գեղագիտական տարբեր հայացքների տեր երաժիշտները, անխոնջ շինարարների նման աղյուսը աղյուսի վրա շարելով, կերտում են անանուն երաժշտության տաճարը:
Խոսքը մարտի 30-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցած երաժշտական արարողության մասին է, որտեղ հնչեց հունա-հայկական ծագումով միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիեւի (1866-1949) երաժշտությունը` Լեւոն Իսկենյանի ղեկավարած ժողովրդական գործիքների անսամբլի կատարմամբ: Այս հոդվածը փոքր-ինչ ուշացավ այն պատճառով, որ համերգից անմիջապես հետո երաժիշտները մեկնեցին Ավստրիա` մասնակցելու Կրեմս քաղաքում անցկացվող «Imago Dei» փառատոնին (այդ փառատոնում նրանց հետ նույն համերգում հանդես է եկել նաեւ ճանաչված երգչուհի Աննա Մայիլյանը` Մ. Մաշտոցի, Գ. Նարեկացու եւ Ն. Շնորհալու տաղերի ու շարականների կատարմամբ): Մենք սպասում էինք երաժիշտների վերադարձին` զրույցի միջոցով անհրաժեշտ տեղեկություններ ստանալու:
Գյուրջիեւը հայրենի փիլիսոփայական մտքի այն սակավաթիվ ներկայացուցիչներից է, ում աշխատանքը համաշխարհային ճանաչում է ստացել. արեւմուտքում նա համարվում է XX դարի խոշորագույն հոգեւոր գործիչներից մեկը: Մյուս կողմից, նրա աշխատանքի բուն էությունը շատերի համար անհայտ է, իսկ նրա դրույթների նկատմամբ վերաբերմունքը` ոչ միանշանակ: Ինչ խոսք, անցյալ դարը` իր քաղաքական եւ հոգեւոր աննախանդեպ ցնցումներով հանդերձ, անխուսափելիորեն կյանքի է կոչել գոյության իմաստը որոնող, մարդու, իր ներաշխարհի եւ բնության միջեւ կորսված կապը վերագտնել ջանացող բազմաթիվ նվիրյալների` տեղ տալով նույնպես բավական թվով կեղծ մարգարեների: Այս հոդվածի նպատակը ոչ թե Գյուրջիեւի փիլիսոփայական եւ միստիկական հայացքների քննարկումն ու արժեւորումն է (դրանով պետք է զբաղվեն համապատասխան ոլորտների գիտնականները), այլ նրա երաժշտական ժառանգության դիտարկումը, որը թեեւ սերտ կապի մեջ է նրա փիլիսոփայական պատկերացումների հետ, սակայն հավասարապես հասու է նաեւ նրանց, ովքեր ծանոթ չեն նրա հայացքներին:
Գյուրջիեւի հոգեւոր որոնումները սկսվեցին Հայաստանում` այնուհետեւ տանելով նրան Միջին Արեւելք, Միջին Ասիա, Հնդկաստան, Հյուսիսային Աֆրիկա, որտեղ նա, համաձայն իր պնդումների, հանդիպում էր հոգեւոր պրակտիկայով զբաղվող մարդկանց, կապեր հաստատում հոգեւոր փակ միաբանությունների հետ: Հնարավոր չէ վստահությամբ ասել, արդյոք վերջիններս իրական էին, թե երեւակայական: Մի շարք գիտնականներ (Mark Sedgwick եւ այլք) պնդում են, որ Գյուրջիեւի նկարագրած միաբանությունները լոկ այլաբանական են: Ինչեւէ, նա Արեւելքից վերադառնում է Հայաստան` այնուհետեւ մեկնելով Եվրոպա` արդեն իսկ ունենալով հստակորեն շարադրված «մարդու ներդաշնակ զարգացման» մասին ուսմունք: Այդ ուսմունքը կրոնական չէ, թեպետ եւ ներառել է իր մեջ կրոնական տարբեր ուղղությունների` արեւելյան քրիստոնեության, սուֆիզմի, բուդդիզմի տարրեր:
Գյուրջիեւի առաջարկած համակարգում կարեւորագույն դեր էին խաղում երաժշտությունն ու շարժումը` հատուկ պարերը, որոնց շնորհիվ ենթադրվում էր հասնելու հոգեւոր համերաշխության եւ ներդաշնակության: Դա պատահական չէր. Գյուրջիեւի հայրը աշուղ էր, իսկ իր ճամփորդությունների ընթացքում նա բազմիցս լսել է արեւելյան տարբեր ազգերի ժողովրդական երաժշտություն, ականատես եղել ծիսական պարերի: Լինելով երաժշտական բացառիկ հիշողության տեր` նա մտաբերել է այդ երաժշտությունը: Սակայն, չունենալով երաժշտական կրթություն, նա չէր կարող նոտագրել այդ ամենը` մինչեւ այն օրը, երբ նրա աշակերտների շարքում հայտնվեց ռուսաստանցի կոմպոզիտոր Թոմաս դը Հարթմանը:
Վերջինս շարքային կոմպոզիտոր չէր. ժամանակին նա ուսանել է Ռիմսկի-Կորսակովին, Տանեեւին եւ Արենսկուն, նրա «Վարդագույն ծաղիկը» բալետը` Դյագիլեւի բեմադրությամբ եւ Նիժինսկու մասնակցությամբ, գրավել է լայն լսարանի ուշադրությունը: Ի դեպ, նա առաջիններից էր, ովքեր ըստ արժանվույն գնահատեցին Կոմիտասի արվեստն ու նրա դերը: Մինչեւ կյանքի վերջը նվիրվելով Գյուրջիեւին` դը Հարթմանը եւ նրա կինը ուղեկցեցին նրան իր բոլոր ճամփորդություններում` Ռուսաստան, Եվրոպա, այնուհետեւ` Ամերիկա: Հարթմանի շնորհիվ դաշնամուրային էսքիզների տեսքով մեզ է հասել շուրջ 300 ստեղծագործություն` տարբեր ազգերի հոգեւոր ու աշխարհիկ երգեր եւ պարեր:
Այդ երաժշտությունը հետագայում հրատարակել է գերմանական «Schott» հրատարակչությունը, որից հետո ի հայտ են եկել մի շարք ձայնասկավառակներ: Դրանցից ամենանշանակալիները երկուսն են` մեծանուն ջազային եւ դասական դաշնակահար Քեյթ Ջարեթի (Keith Jarrett) «Sacred Hymns» դիսկը, ինչպես նաեւ գերմանացի թավջութակահարուհի Անյա Լեխների եւ հույն դաշնակահար Վասիլիս Ցաբրոփուլոսի համագործակցությունից ծնված «Chants, Hymns and Dances» ալբոմը: Երկուսն էլ գերմանական ECM ֆիրմայի հրատարակությամբ: Այժմ ECM-ը պատրաստվում է հրատրակել Գյուրջիեւի երաժշտության մի նոր սկավառակ` այս անգամ Լեւոն Իսկենյանի գործիքավորմամբ եւ հայկական ժողգործիքների կատարմամբ:
Լեւոն Իսկենյանը հիրավի հսկայական աշխատանք է կատարել: Կրթությամբ դաշնակահար` նա ուսումնասիրել է ժողովրդական գործիքները, դրանց կատարողական տեխնիկան, դրանց տարբեր համակցությունների գործածությունը, այնուհետեւ` ժողովրդական երաժշտության ոճերը: Նա համագործակցել է Հայաստանի լավագույն երիտասարդ կատարողների հետ եւ նրանց տեւական ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ պատրաստվել է մի ամբողջ համերգային ծրագիր, որը շուտով կհայտնվի նաեւ ձայնասկավառակի տեսքով: Այդ ծրագիրը ներառել է տարբեր ծագում ունեցող եղանակներ` հայկական, հունական, քրդական, ասորական, արաբական... Դրանցից յուրաքանչյուրի համար պետք էր գտնել հատուկ գործիքավորում, հատուկ երանգապնակ, հատուկ արտահայտչամիջոցներ: Այսպիսով, ժողովրդական բնօրինակից բխող երաժշտությունը կրկին վերադարձվել է ժողովրդական գործիքներին:
Լ. Իսկենյանի աշխատանքն արժանի է գովեստի ամենաբարձր խոսքերի: Նրա օգնությամբ կարծես փակվեց մի շրջան` տեղ տալով զարգացման նոր ալիքի: Բխելով տարբեր ազգերի անանուն, անհայտ տեղեկություններից, բանավոր կերպով փոխանցվելով Գյուրջիեւին` այդ եղանակները հիշողությամբ նոտագրվեցին երրորդ անձի` դը Հարթմանի կողմից, որպեսզի գրեթե մեկ դար հետո վերագործիքավորվեն` հնարավորինս մոտենալով բնօրինակին: Արդյո՞ք փոխակերպումների այդ շղթայում չի կորսվել բուն երաժշտությունը, արդյո՞ք այն չի հեռացել սկզբնաղբյուրից: Հնարավոր է. չէ՞ որ, օգտագործելով գրական տերմիններ, կարելի է ասել, որ այստեղ մենք գործ ունենք եռակի թարգմանության` բնօրինակի թարգմանության թարգմանության թարգմանության հետ (էլ չասած, որ յուրաքանչյուր կատարող իր նվագի մեջ է ներդնում նաեւ իր անձնական ողջ փորձը` իր անհատի մասնիկը): Սակայն ամեն անգամ «թարգմանվելիս»` այդ երաժշտությունը ոչ միայն զրկվել է իր որոշ հատկանիշներից, այլ նաեւ ձեռք բերել նոր որակներ. փոխակերպվել, հարստացել տարբեր մշակույթներ ներկայացնող, տարբեր գիտելիքների տեր մարդկանց փորձով: Պիեռ Բուլեզի այն արտահայտությունը, որ երաժշտական ձեւը նման է վերջ չունեցող պարույրի, կարելի է վերագրել նաեւ այդ տեսակի ստեղծագործությանը, որը միանգամից հին եւ նոր է` ոչ կոմպոզիտորական երաժշտաստեղծություն, որտեղ անհատի ներգործությունը հասցված է նվազագույնի, սակայն դրա փոխարեն երաժշտության մեջ նշմարելի են բազմաթիվ անհատների ձայներ, որոնք, անկախ նրանց կյանքի տարեթվերից, հնչում են միառժամանակ` ժամանակից դուրս գտնվելու հատկություն հաղորդելով երաշժտությանը: Ինչպես կասեր գերմանացի մեծ արվեստաբան Թեոդոր Ադոռնոն, դա մի երաժշտություն է, որը դադարել է ասել «ես»` փոխարինելով այն «մենք»-ով:
Հիրավի, համերգի օրը համերգասրահում չկար «ես», կար մի համընդհանուր «մենք»` համափարպակ երաժշտական իրականություն: Բեմում կիսաշրջանաձեւ տեղավորված երաժիշտներից ամեն մեկն այդ իրականությունը կերտող մի մասնիկն էր, իսկ ունկնդրի դերն այստեղ ավելի բարձր էր, քան դասական համերգներում: Երաժիշտներն ու ունկնդիրները հարաբերակցվում էին ոչ թե որպես տեղեկություն հաղորդող եւ ընկալողներ, այլ կարծես որպես մարտկոցի տարբեր բեւեռներ, որտեղ երկուսի պարտադիր առկայությունն է միայն, որ ապահովում է էներգիայի հոսքը: Այդ հոսքը կար, եւ, կարծում եմ, չեմ սխալվի, եթե պնդեմ, որ հանդիսատեսի արձագանքը դրա փայլուն վկայությունն էր: Տարբեր ազգերի մեղեդիները հնչեցին հավասարապես հարազատ եւ հուզիչ` փշրելով աշխարհագրական պայմանական սահմանները:
Հարկ է հատկապես նշել կատարողների բարձր պրոֆեսիոնալիզմը: Նրանց առջեւ դրված էին անսովոր խնդիրներ, որոնց հետ ժողգործիք նվագողները հազվադեպ են առնչվում: Մի կողմից, դա նոտային տեքստի սահմանափակումն է, մյուս կողմից` անծանոթ երաժշտական մշակույթներից բխող եղանակների ելեւէջումը. ինչպե՞ս անել, որպեսզի, օրինակ, ասորական եղանակի գեղգեղանքները տարբերվեն արաբականից եւ այլն: Իհարկե, նկատելի էր երաժիշտների փոքր-ինչ ավելի «դասական» մոտեցումը` զգացմունքային զսպվածությունը, կատարման որոշակի խստությունը, որոնք դժվար թե հատուկ լինեին ժողովրդական բնօրինակին: Սակայն փոխարենը ձեռք էր բերվել յուրաքանչյուր հնչյունը կամ ֆրազը «լսելու», վայելելու, գուրգուրելու հատկությունը, որը, ցավոք, այնքա՜ն հազվագյուտ երեւույթ է մեր օրերում` նույնիսկ դասական երաժշտության կատարողների մոտ, եւ որը երաժշտական կատարման բուն իմաստն է, դրա հոգին: Չեմ կարող հատկապես չնշել, օրինակ, դուդուկի մենանվագները Էմանուել Հովհաննիսյանի կատարմամբ, որոնք իրոք մեծ բավականություն պատճառեցին ունկնդրիս, ինչպես նաեւ Արամ Նիկողոսյանի (ուդ), Ավագ Մարգարյանի (բլուլ), Արմեն Այվազյանի (քամանչա), Մերի Վարդանյանի (քանոն), Արտակ Դավթյանի (թառ, սազ) հրաշալի նվագը: Չցանկանալով առանձնացնել այդ երաժիշտներին մյուսներից, որոնք բոլորն էլ հավասար մասնակցություն ունեցան համերգի կայացման մեջ, թվեմ նաեւ նրանց անունները` Վլադիմիր Պապիկյան (սանթուր), Մեսրոպ Խալաթյան (դափ, դհոլ), Նորայր Գափոյան, Նարեկ Մնացականյան (դուդուկ), եւ, իհարկե, Լեւոն Իսկենյան, որը բացեց համերգըՙ Գյուրջիեւ-դը Հարթմանի դաշնամուրային մանրանվագների կատարումներով:
Նկար 1. Լեւոն Իսկենյան