ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2011-04-02 | #7, 2011-04-23 | #8, 2011-05-07


ՔԵՍԱՊ, ԼԱԹԱՔԻԱ

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Ահավասիկ հուշապատառիկների երկրորդ խումբը նույն հեղինակից, Բեյրութի սովետական դեսպանատանը իր ծառայության տարիներից, 1980-ական թվականներ: Լիբանանի քաղաքացիակա՞ն թե՞ տարածաշրջանային (ոչ ոք դեռ չի կարողացել ճշգրիտ բնորոշել) պատերազմի կրակներից մի քանի օրով փախո՞ւստ, թե՞ աշխատանքային գործուղումՙ դեպի հարեւան Սիրիաՙ Քեսապի եւ Լաթաքիայի հայկական գաղթօջախներ: Քեսապըՙ ավելի քան 1000 տարի հայաբնակ ու հայապատկան մինուճար գյուղավան, որը 1938 թ. Արշակ Չոպանյանի եւ ընկերների ջանքերով փրկվեց Թուրքիային բռնակցվելու դավաճանական ճակատագրից, իսկ Լաթաքիանՙ դեռեւս Ադանայի կոտորածի օրերից ցեղասպանության արհավիրքից փրկված հայերի հանգրվաններից մեկը, Միջերկրականի ափերին: Եկեղեցիներով ու դպրոցներով կազմակերպված գաղթօջախներՙ երկուսն էլ, հայրենամերձ ու հայկականությամբ տրոփող, որտեղ ազգային ղեկավարությունը մեծամասամբ գտնվում է Հայաստանի բուհերից 70-80-ական թթ. շրջանավարտների ձեռքում: Եվ հիմաՙ Սիրիայում ծայր առած անհանգստությունների այս շրջանում, երկուսն էլ տագնապեցնում են նաեւ մեզ, ինչպես հուշերի հեղինակին:

Նույն տագնապը, այս անգամՙ «ոչ արտաքոյ պայմանների» պարտադրանքով, համակել է նաեւ հոդվածագրի քրոջըՙ շնորհալի թարգմանիչ-պարսկագետին, որ հարկ է համարել, իրավացիորեն, անդրադառնալ շուրջ 30 տարի առաջ գրված «Մենավոր ընկուզենու» 20 տարի առաջ տպագրված պարսկերեն թարգմանությանը: Վարդգես Պետրոսյան տեսանող-տագնապող մարդու այդ թեման, այդ գործը, այսօր, գյուղից քաղաք արտահոսքից վերածվել է թե՛ գյուղից թե՛ քաղաքից արտահոսքիՙ դեպի օտար վայրեր, լքելով ոչ միայն հողը, այլեւ հայրենիքը:

Խմբ.


«Ծնողներիս շատ եմ սիրում,

Ընկերներիսՙ ավելի շատ,

Բայց մի սիրուն, սեւուկ աղջկա

Բոլորից էլ, բոլորից էլ շատ...»

Երգում էր բաքվեցի Լեւոնը, որին ձայնակցում էին երեք այլ երաժիշտներ, ռուս երիտասարդներ, բոլոր «ր»-երը «ռ»-ը եւ «ծ»-երը «ց»-ը հնչեցնելով:

«Լեւ Տոլստոյ» ջերմանավի հարյուրավոր մարդիկ գիտեին, որ նոյն ծովի ջրերը Լիբանանի ափերում արյունոտ են, որ ընդամենը 3 միլիոն մի ժողովուրդ, մի բուռ հողի վրա կոտորվում է ու կոտորում: Ոչ միայն նրանք, այլ ողջ աշխարհը գիտեր, բայց աշխարհը պարում էր, երգում, ուրախանում ու զենք արտադրումՙ իր նման երգող ու պարող մարդկանց ոչնչացնելու:

Ի՜նչ լավ է, Լեւոնը գիտե միայն, թե կա մի Լիբանան, ուր կռիվ կա, որ ով ումից ինչ է ուզում, իրեն ի՞նչ:

Թե կա հայ համայնք, սփյուռք իր պրոբլեմներովՙ նա տեղյակ չէ:

Նա երգում է, ուրախացնում մարդկանց եւ դրանով երջանիկ է:

Տախտակամածը խոնավ է, գիշերըՙ մութ: Ծով ու երկինք չեն տարբերվում: Լողում է հզոր նավը իր հետեւում թողնելով լիբանանյան ափամերձ ջրերը, դիմացըՙ Լաթաքիան:

Լաթաքիայի հայ համայնքի ղեկավարների հետ ժամադրությունը նշանակված է երեկոյան: Մի քանի ժամ կա դեռ, իսկ մինչեւ Քեսապ ընդամենը 40 կիլոմետր է: Գնում ենք:

Ահա Թուրքիայի սահմանը: Ծածանվում է մի գունաթափ դրոշ. սահմանապահներ չկան, դարպասներ են, ապա ցանցապատ ավտոկանգառ ու ամայություն:

- Կուզե՞ք նայիլ:

- Ոչ: Ես այդ երկրի սահմանները շատ եմ տեսել, այս մասը ինձ հետաքրքրական չէ:

Ճանապարհը գեղեցիկ է, բայց շարժում չկա, քանզի օրերը լարված են: Իսրայելը մտել է Լիբանան, մարտեր են գնում Բեքաա դաշտավայրումՙ որպես զսպիչ ուժ այնտեղ գտնվող սիրիական զորքերի ու հրեաների միջեւ: Սիրիան զորահավաք է հայտարարել, զգուշանալով հնարավոր հարձակումից:

Չգիտեմ, թե Վանը տեսնելիս, ինչ եմ զգալու, բայց նրա մասին ասված խոսքերը սազում են նաեւ Քեսապին. «Էն կյանքում դրախտ, էս կյանքում Քեսապ»:

Ճարտարապետության վերջին խոսքով կառուցված բազմաթիվ տուն-դղյակների կողքին կան մանր, քարաշեն տներ, գյուղը տեղավորված է բլրաշատ տեղանքի վրա, հարթություններ համարյա չկան: Կանաչ է, լեռնային սուր օդով:

Ո՞ւմ տանը նստեցինք, ո՞ւմ հյուրընկալությունը վայելեցինքՙ կարեւոր չէ: Հիշեմ միայն, որ գեղատեսիլ մի հովվերգական վայրում, քարաշեն, ամեն ինչով ազգային ոճը պահած տունն ու դուռը, ավլած ու ջրջգնած շեմը, տանտերերի ժպտերես ողջույնները եւ գյուղական կոշտ ձեռքերի հերթով սեղմումները միանգամայն անակնկալ էին ալյումին, բետոն, ապակիՙ համակցության ներկայությամբ:

Վախ ունենալով, որ տողերս «կկարդա» ամենազոր ու ամենակործան քիմիան եւ իմանալով, որ աշխարհում դեռ կա անաղարտ մնացած կաթնեղեն, մեղր ու ձու, կշտապի Քեսապ, ես ավելին չեմ ուզում ասել: Միայն ավելացնեմ, որ այդ բոլորը ինձ «տարան» մինչեւ Արագածի փեշերը (նախկին Բլխեր ու Խիրաղալա), ուր երեւանյան տապից պատսպարվում էինք մեր մանկությունը խեղած մալարիայից գոնե առժամանակ փրկվելու համար:

Ասում են, քեսապցիք երկարակյաց են: Նման մանրամասների մեջ մտնելու ժամանակ չեղավ, բայց իմացա, որ բեյրութաբնակ բարեկամներիցս մեկի քեսապցի հայրը 110 տարեկան է, 90-ում ամուսնացել է 3-րդ անգամ, մինչ այդ «դրախտ» ուղարկելով ոչ քեսապցի իր կանանց:

Մեր ժամանակը կարճ է, հետեւաբար պետք է «Մերսեդեսը» խափանվի: Մտնում ենք մետաղամշակման մի արհեստանոց: Վարպետը գործի չէ, կից տանն էլ չկա: Գործնական մեզ են մոտենում երեք մանչուկ, տալիս անհրաժեշտ գործիքն ու վիրավորվում, մինչեւ գործիքը վերադարձնելը դրամ գրավ դնելու մեր առաջարկից: Մենք շոյվում ենք, ուրախանում, ծիծաղում, փոխանակ կարմրելու: (Մի «քիմիա» էլ մենք չե՞նք արդյոք):

***

Քանի անգամ եմ պատմել եւ դեռ որքան եմ պատմելու Լաթաքիայի հայ համայնքի ղեկավարների հետ հանդիպման մանրամասներըՙ չգիտեմ, բայց որքան էլ պերճախոս լինեմ, չեմ կարող ներկայացնել այն հայրենակարոտ, իրենց գործի կարեւորության մեջ համոզված ու հայրենիքի շնչով ապրող մթնոլորտը, որին ականատես եղա:

- Ձեր այսինչ նամակի մեջ մեզ գրած էիք...- սկսում են ու անգիր ասում նամակների տեքստերը:

Լավ անակնկալ է, պատրաստվել են այս հանդիպմանը: Երկու օրը մի քանի կարճ ու գործնական նամակ անգիր անելու համար բավական էր: Մտածում եմ ես, բայց րոպեներ անց ինձ մեղավոր զգում, քանզի որոշ ներկաներ անգիր են հիշում «Հայրենիքի ձայն»-իՙ իրենց դուր եկած մի քանի հոդվածներ:

- Մենք ձեզնով կապրինքՙ ասոնցմով: - Ցոյց են տալիս «Գարուն»-ի եւ այլ հանդեսների հավաքածոներ:

- «Արարատ»-ի խաղերու օրը լեռ կը բարձրանանք, որպէսզի կարենանք ռադիոն առնել, հոս դժվար կհասնի «Երեւանի ձայն»-ը: Կխնդրենք, որ այս հարցով օգտակար ըլլաք, քիչ մը զորացուցեք ալիքը:

Կատակով խորհուրդ եմ տալիս «լեռ բարձրանալ», քանզի այդ հարցի լուծումն իմ հնարավորություններից դուրս է:

Կեսգիշերին հեռանում եմ ջերմ ու հյուրընկալ միջավայրից, տանելով գեղեցիկ մի հուշ, իր այսօրվա քաղցրությամբ, բայց վաղվա դառն անորոշությամբ ու կորստի վախով, արդյոք այն հույսո՞վ, որ հաջորդ սերունդը անգիր կիմանա հայրենի մամուլի էջերը:

Մեկ-մեկ հիշում եմ լուսավոր սենյակում նստած բարեկամներիս ու մտածում, թե ինչ խնամքով ենք մենք հավաքում մեր մագաղաթներն ու ձեռագրերը եւ գուրգուրանքով հավերժացնում Մատենադարանում, իսկ սրանք, ո՞վ է ժողվելու նրանց, ե՞րբ:

Իսկ Լեւոնը դեռ երգում էՙ

«Ծնողներիս շատ եմ սիրում...»

Դեռ դպրոցից հիշում են, որ ինչքան մոտ է առարկան լույսի աղբյուրին, այնքան մեծ է նրա ստվերը:

Ահա երկու «ստվեր»: Մեկը բժիշկ, մյուսըՙ ճարտարապետ: Նրանք նման են այն կույր մարդուն, որին մի շրջան լույս են տվել, ապա նորից կուրացրել: Երջանի՞կ է նման մարդը, թե՞ դժբախտ: Ե՛վ այո, ե՛ւ ոչ:

- Մեր կյանքին անկրկնելի տարիները անցուցինք Երեւանի մեջ ուսանելու ժամանակ: Եկանք եւ մեր տեղը չենք գտներ: Կ՛աշխատինք, կ՛ապրինք, բայց մեր հոգիները, սրտերը հոն են:

Լսում եմ, կոկորդս սեղմվում է: Լուռ նայում եմ ծովին, խո՜րն է, շա՜տ խորը, երբեք հատակը չեմ տեսնի, չնայած արցունքի պես մաքուր է ու աղի:

Ի՞նչ ասեմ, ի՞նչ դեղատոմս կա: Իրենք էլ գիտեն, որ չկա, ուստի մյուս բոլորի նման բավարարվում են շատ քչով, եղածով:

- Երբ Հայաստենէն մարդ կուգա, անոր հետեւէն ստվերի նման կպտտինք, կուզենք «արա»-յով խօսիլ, կարծես թե բոլորին վրայէն մատնաքաշի հոտը կառնենք:

- Սա տղաքըՙ ձեզի պիտի լացնեն,- եկեք նյութը փոխենք:

Իբր թե փոխում ենք ու անցնում ամուսնության պրոբլեմին, որի առջեւ երկուսն էլ կանգնած են եւ որքան են կանգնելուՙ չգիտեմ: Հոգիները Երեւանում են, իրենքՙ այստեղ:

Հեռանում է նավը Լաթաքիայից ավելի ու ավելի, եւ որքան հեռո՜ւ, այնքան փոքրանում են ստվերները, սպասելով այն «նավին», որը նրանց կտանի, մի օր կխառնի լույսի աղբյուրին եւ մարմինը կձուլի հոգուն:

1983 թ. հուլիս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4