ԱՐՄԱՆՈՒՇ ԿՈԶՄՈՅԱՆ
«Եթե քսան տարի առաջ, երբ մեկ-երկու ընտանիք էր գյուղից հեռացել, մենք նստեինք մտածեինք, խելք¬ խելքի տայինք, գուցե, ինչո՞ւ գուցե, աղետը կկանխվեր ...»
Վ. Պետրոսյան, «Մենավոր ընկուզենին»
Հայ-պարսկական բարեկամական կապերի փաստը որերորդ անգամ հաստատվում է Իրանի մշակույթի գործիչների կողմից: 1991 թ. նրանք անակնկալ մատուցեցին ե՛ւ պարսիկ ընթերցողին ե՛ւ մեզ: Թեհրանում լույս տեսավ Վարդգես Պետրոսյանի «Մենավոր ընկուզենին» վեպը Մոհամադ Ալի Աթեշբարգի թարգմանությամբ: Նա հարկիրճ նախաբանով պարսիկ ընթերցողին է ներկայացնում Վ. Պետրոսյանի անցած ստեղծագործական ճանապարհը, թվարկում նրա հիմնական գործերը: «Մենավոր ընկուզենին» նկարահանվել է (1987), թարգմանվել տարբեր օտար լեզուներով` ռուսերեն, ռումիներեն, բուլղարերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, նորվեգերեն եւ այսօրՙ պարսկերեն:
Ի՞նչն է մերձեցրել այս թարգմանիչներինՙ զուսպ եվրոպացուն, սառը հյուսիսցուն եւ հախուռն արեւելցուն: Իհարկե, մեր դարը, իր բարդ ու հակասական խնդիրնեով:
«Մենավոր ընկուզենու» հերոսները` հայր ու դուստր ոսուցիչները, վերջին ճիգերն են գործադրումՙ իրենց գոյությամբ երկարաձգելու մեռնող գյուղի կյանքը: Երիտասարդությունը լքում է գյուղը, որ չկորցնի քաղաքը նվաճելու եւ ժամանակի մի մասնիկը լինելու հնարավորությունը: Գյուղը քայքայվում է, խաթարվում է ազգային բնավորությունը, կորչում են ավադույթները, փոխվում են նահապետական, բարոյական արժեքները: Այդ երեւույթը եւ դրա գիտակցումը համամարդկային տիպաբանություն է, որին բազմիցս անդրադարձել են նաեւ պարսիկ հեղինակները (Բոզորգե Ալավի, «Դեզաշուբ»):
Վեպի մյուս, արտաքինից քողարկված գաղափարը, որն ի դեպ քաղաքացիական համարձակություն էր հեղինակի կողմից եւ ժամանակին զգուշորեն շրջանցվում էր գրաքննադատների կողմից, հողի խաղաղ նվաճման ցավալի իրողությունն էր: Այն այսօր հավասարապես հասկանալի է ե՛ւ ժամանակակից եվրոպացուն, ե՛ւ պարսիկին:
Վեպում հակիրճ, սակայն հեռահար ու պայծառատես դրվագներ կան ժամանակի եւ տարածության մեջ լուծված պատմության հենքի վրա. առաջ գալիս են ոչխարները.... Նրանք են մեծ տարածքներ զբաղեցնողը: Հետոՙ քաղցրալեզու հովիվները, որ համբերատար են, քչով բավարարվող, հարմարվող: Հենվում են արեւից լիցք ստացած խաչքարերին, տաքանում, հետո մտնում լքված տներըՙ «շենացնում»:
Խաղաղության ու թմբիրի մեջ գտնվողի մեծահոգությամբ հանձնում էինք մեր պապենական հողերը` առանց արյունի:
Երբ ժամանակին պարսիկ հզոր Շահ Աբասը Շիրակից մինչեւ Գողթն գաղթեցնում էր հայերինՙ թուրքերին անկենսունակ տարածքներ թողնելու եւ դրանով նրանց մուտքը իր երկրի խորքերը արգելակելու նպատակով, շուտով հասկացավ, որ ռազմավարական սխալ է թույլ տվել: Թշնամին միշտ ավելի ամուր եւ հիմնավոր է տեղավորվում պաշտպանազուրկ տարածքներում: Երբ Շահ Աբասը փութով ջանում էր ուղղել իր սխալը, պարզ դարձավ, որ ավելի հեշտ էր հողը պաշտպանելը, քան այն վերանվաճելը:
Վեպի հերոսուհուՙ Սոնայի ռոմանտիկական կերպարը այնպես է հրապուրել պարսիկ թարգմանչին, որ նա իր գիրքը նվիրել է իր դուստրերին եւ Իրանի բոլոր աղջիկներին:
Մի ազգի երաժշտությունը, քանդակը, գեղանկարչությունը այլ ազգի ծանոթացնելու համար միջնորդներ հարկավոր չեն, սակայն այլ է գեղարվեստական խոսքը: Թարգմանչի հմտությունից, գեղագիտական զգացողությունից եւ շատ այլ հանգամանքներից է կախված թարգմանության հաջողությունը, սակայն առաջին հերթին` բնագրի ստույգ ըմբռնումից: Միայն բնագիրը կարող է թարգմանչին ճիշտ հաղորդել օտար լեզվի նրբությունները, լեզվաոճական երանգները, բառ¬պատկերները: Ափսոսանքով պետք է նշեմ, որ Աթեշբարգի համար բնագիր է ծառայել ռուսերենից թարգմանված անգլերեն տեքստը: Գուցե վերնագրում տեղ գտած անճշտությունըՙ «Մենավոր կաղնին», առաջին հայացքից նշանակալի չէ, սակայն մեկ անգամ եւս հաստատում է վերը նշված հարցադրումների կարեւորությունը: Ընկուզենին, որ Վարդգես Պետրոսյանի վիպակում իր տարբեր կերպերով անընդհատ ներկա է, ամեն հայի համար գերագույն խորհուրդ ունի. դարերից եկող, դարեր գնացող, իր հողի մեջ մխրճվածՙ հզոր արմատներով:
Հող եւ ամուր ընտանիք: Ահա վեպի գաղափարական թանձրույթը, ահա Վարդգես Պետրոսյանի քաղաքացիական հավատամքը:
Այսօր մեզ համար կարեւոր չեն Աթեշբարգի թարգմանության նրբությունները: Կա փաստ: Դա պարսիկ ժողովրդի օրեցօր աճող հետաքրքրությունն է մեր նկատմամբ, որն անպատասխան չպետք է մնա:
Երեւան, 1992
P.S. Գրքի հրատարակությունից անցել են մոտ 30 երկար ու ձիգ տարիներ: Վարդգես Պետրոսյանը վաղուց չկա: Հայ գյուղը դատարկվում է, հայ ընտանիքըՙ մասնատվում. այսօր արդեն այլՙ ավելի դրամատիկ իրողությունների թելադրանքով: