ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2011-04-02 | #7, 2011-04-23 | #8, 2011-05-07


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ Ս. ԶԱՏԻԿԸ

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտական խորհուրդների որոշմամբ օրերս Երեւանում «Գիտություն» հրատարակչությամբ եւ «Էդիտ Պրինտ» տպարանում լույս տեսավ բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» ստվարածավալ (880 մեծադիր էջ) համալրված ժողովածուն` հայերեն եւ անգլերեն, իսկ թուրքերենը Թուրքիայում է հրատարակվում Մարդու իրավունքների թուրքական ընկերակցության նախագահ, առաջավոր գրող, հասարակական գործիչ Ռագիպ Զարաքոլուի «Բելգե» հրատարակչությամբ:

Այս տարի Ապրիլի 24-ը զուգադիպd8 Սուրբ Զատիկի օրվան, ճիշտ այնպես, ինչպես 96 տարի առաջ` 1915 թ. Օսմանյան կայսրությունում ծայր առած Հայոց ցեղասպանությունը, որը երիտթուրք ղեկավարների հատուկ նպատակադրումով ծրագրվել էր սկսել Ապրիլի 24-ին (հին տոմարովՙ շաբաթ, ապրիլի 11) Սբ. Զատիկի Անդաստանի օրը, «որպեսզի հայերն իրենց արյունով ներկեն իրենց Զատիկի հավկիթները»:

Վ. Սվազլյանի այդ ժողովածուի ուսումնասիրությունից մեջբերում ենք մի հատված, որը ներկայացնում է պատմական այդ իրադարձությունը:


Պատմափաստագրական արժեք ներկայացնող թրքալեզու երգերը գրի եմ առել տարբեր ժամանակներում, տարբեր վայրերի վերապրողներից, զանազան տարբերակներով: Հանգամանք, որը վկայում է, թե այդ երգերը, պատմական իրադարձությունների գեղարվեստական արտացոլումը լինելով, համաժողովրդական բնույթ են կրել: Իսկ «Դեր Զորի անապատում» վիպերգային բնույթի 80-ից ավելի այդ քառյակներն իրենց թեմատիկ տարբերությամբ եւ կրկներգերի նույնությամբ համակցվում են միմյանց` նկարագրելով հայերի կրած անասելի տառապանքները:

Վերապրող Եղիսաբեթ Քալաշյանը (ծնվ. 1888 թ., Մուսա Լեռ), որն իմ առաջին թուրքալեզու երգասացն է, պատմել է իր տխուր կյանքը. «Արաբստանի անապատում մեր եղած ժամանակ կենդանիների պես էինք` ո՛չ հագուստ, ո՛չ ապրուստ, ո՛չ լվացվել, ո՛չ խմել...: Բնական պետքի համար անգամ ժանդարմը գլխուդ կայնած կըլլար. ո՛չ կին կճանչնային, ո՛չ աղջիկ, ո՛չ նամուս...: Կերակու՞ր, ի՞նչ կերակուր. խո՜տ էինք հավաքում, անասունների պես խո՜տ էինք արածում: Աղ գտնվեր նէ` աղեկ. կթաթխեինք աղին. ավելի համով կըլլար: Մեկ-մեկ հեռուեն արաբներ կերեւային. բեդեւի (բեդվին) արաբները ոչխար-մոչխար շատ ունեին, ամմա տուն-տեղ չունեին. չադըրներուն տակ կապրեին: Ադ արաբները մեզի կմեղքնային. քիչ մը փիլավ տային նէ` ձեռքով-մատներով կըլպռտեինք, կուտեինք. չունքի ջիգյարը անու՜շ է...: Իմին 3 պզտիկ ձագուկներս ալ աքսորի ճամփաները մեռան: Անոր համար աս տարիքիս մեն-մենակ մնացած եմ...»:

70-ամյա այդ կինը 1956 թ. Երեւանի Վարդաշեն թաղամասում ինձ առաջին անգամ հաղորդել է հայերի կողմից ստեղծված դերզորյան թուրքալեզու երգաշարից քառյակներ, որոնք երգում էր` վերհիշելով իր դառն անցյալը, իր կորցրած զավակներին. արցունքներն անվերջ հոսում էին նրա աչքերից, ձայնը խզվում էր ու չէր կարողանում երգել. մի փոքր շունչ էր առնում, կրկին սկսում էր երգել ու կրկին արտասվել:

Հետագա տասնամյակների ընթացքում ինձ հանդիպած բազմաթիվ ականատես-վկաներ արցունքախառն հեկեկոցներով են պատմել ու երգել, վերապրել իրենց անցյալի ողբերգությունը` վերհիշելով դերզորյան երգաշարի սահմռկեցուցիչ դրվագների նորանոր քառատողեր:

Ըստ վերապրողների հաղորդած տեղեկությունների` կոտորածն սկսել է ապրիլին` Զատիկի կիրակին, որպեսզի հայերը եւս Քրիստոսի չարչարանքներին արժանանան եւ իրենց արյունով ներկեն Զատիկի հավկիթները: Իսկ հայերի տառապանքը երգ դարձած հնչում էր աղեկտուր.

«Զատիկ-կիրակի չադըր սէօքթիւլէր,

Բիւթիւն էրմէնիլէրի չէօլէ դէօքթիւլէր,

Քէչի գիբի էրմէնիլէրի քէսթիլէր,

Դինինին ուղրունա էօլէն էրմէնի»: 

«Զատիկ-կիրակի վրանները քանդեցին,

Բոլոր հայերին անապատը լցրեցին,

Այծերի պես հայերին մորթեցին,

Հայերն են մեռնում հանուն հավատքի»:

Նիկոմեդիացի ականատես-վկա Հակոբ Թերզյանը (ծնվ. 1910 թ.) նույն փաստի մասին վկայել է. «1915 թվին, Զատիկի կիրակի օրը մեզ տարին մեծ ձոր մը: Անտեղ շատ դիակներ կային, բոլորին ալ մերկացուցած վիճակում շարած էին իրար վրա` խաչի ձեւով, կարծես փայտի գերաններ են իրար վրա շարած: Ադոնց բոլորին մերկացրել էին, ջարդել, սպանել էին, իրար վրա կուտակել: Հետո Օսման կառավարության հրամանը եկավ, որ «շաբաթօրյակ» պիտի ըլլա, բոլորին թաղեցին, որ խոլերա չըլլա: Եփրատ գետին մոտ հազարներով մարդ լցված էին, Զատիկ կիրակի օր էր: Մենք չադըրների տակ էինք: Հրաման եկավ, թուրքերը հարձակվեցին, սկսեցին կոտորել, ջարդել հայերին, եւ որպեսզի միջազգային դատի առջեւ չըսվի, որ ժողովրդին կոտորեցին. «Տեղահանել ենք», ըսին»:

Եվ սկսվում են հայերի դերզորյան աննկարագրելի չարչարանքները.

«Աղաջլարդան ղուշ ուչթու,

Եանդը եիւրէք թութուշթու,

Եա՛նմա, եիւ՜րէիմ, եա՛նմա,

Բու այրըլըք բիզէ դիւշթիւ,

Բու մուհաջիրլիք բիզէ դիւշթիւ,

Բու Դէրզօրլըք բիզէ դիւշթիւ»:  

«Ծառերից հավք թռավ,

Վառեց` սիրտս բռնկվավ,

Մի՛ վառվիր, սիրտ իմ, մի՛ վառվիր.

Այս բաժանումն է մեր բաժին,

Այս գաղթականությունն է մեր բաժին,

Այս դերզորականությունն է մեր բաժին»:

Քանի որ Դեյր էլ Զորի անապատը դարձել էր Հայոց ցեղասպանության կենդանի գերեզմանոցը, որտեղից ազատվելու փրկություն չկար.

«Դէր Զօրա գիդէրսէմ` գէլէմէմ բէլքի,

Նէ՛ էքմէք, նէ՛ սու` էօիւրիւմ բէլքի...»:  

«Դեր Զոր թե գնամ` գուցե չգամ ետ,

Առանց հաց, առանց ջուր` գուցե եւ մեռնեմ...»:

Զանագվածային լրատվության միջոցները լռում էին: Այնինչ քաղաքակիրթ մարդկության աչքերի առաջ նահատակվում ու բնաջնջվում էր աշխատասեր ու ստեղծագործ, հնագույն մի ժողովուրդ, որի միակ մեղքը հայ լինելն էր.

«...Դէր Զօրա վարմադան

Էրմէնի մուհաջիրի օթուրմուշ

Հիւնգիւ՜ր-հիւնգիւ՜ր աղլըյօր...»:  

«...Դեր Զոր չհասած`

Հայ գաղթականը նստած

Հոնկուր-հոնկուր կուլա...»: 

Հայության վիճակն ահավոր էր.

«Դէր Զօր չէօլիւնդէ իւչ աղաջ ինջիր,

Էլիմդէ` քէլէփչէ, բօյնումդա` զինջիր,

Զինջիր քըմըլդադըքչա` եիւրէիմ ինջիր,

Դինինին ուղրունա էօլէն էրմէնի»:  

«Դեր Զորի անապատում երեք թզենի,

Ձեռքիս` ձեռկապ, շղթան` վզիս,

Շղթան շարժվելիս, սիրտս է մղկտում,

Հավատքի համար հայերն են մեռնում»:

Բռնագաղթված հայերը մահվան այդ ճամփան անցնում էին բոկոտն ու արյունլվա, պապակ շուրթերով` կիզիչ արեւի տակ.

«Դէր Զօր չէօլիւնդէ բիթմէդի եէշիլ,

Ղուրշունա դիզդիլէր էլլի բին քիշի,

Մէրաքթան դէօքիւլդիւ միլլէթին դիշի,

Դինինին ուղրունա էօլէն էրմէնի»: 

«Դեր Զորի անապատում կանաչ չի բուսնի,

Հիսուն հազար մարդ գնդակահարեցին,

Ժողովրդի ատամները վշտից թափվեցին,

Հայերն են մեռնում հանուն հավատքի»:

Եվ գնդակահարվածների արյունով էր ներկվել ամեն ինչ.

«Դէր Զօր չէօլլէրինի բիւրիւդիւ դուման,

Օ՜յ անամ, օ՜յ անամ, հալիմիզ եաման,

Ինսան վէ եշիլ բօյանդը քանա,

Դինինին ուղրունա էօլէն էրմէնի»:  

«Մշուշն է պատել Դեր Զոր անապատին,

Վա՜յ, մայրիկ, վա՜յ, մայրիկ, մեր վիճակն է ողբալի.

Մարդիկ, կանաչներ արյունով ներկվեցին,

Հայերն են մեռնում հանուն հավատքի»:

Անխնայորեն բնաջնջվում էր հայ ժողովուրդը.

«Դէր Զօր չէօլիւնդէ չիւրիւդիւմ, քալդըմ,

Ղարղալարա թահըլ օլդում, քալդըմ,

Օ՜յ անամ, օ՜յ անամ, հալիմիզ եաման,

Դէր Զօր չէօլիւնդէ քալդըղըմ զաման»:  

«Դեր Զորի անապատում փտեցի, մնացի,

Կերակուր դարձա ես ագռավներին,

Վա՜յ, մայրիկ, վա՜յ, մայրիկ, ողբալի է մեր վիճակը,

Դեր Զորի անապատում մեր եղած ժամանակը»:

Այնինչ ողջ մնացողների վիճակն ավելի անմխիթար էր.

«Դէր Զօր չէօլիւնդէ եարալը չօքթուր,

Գէ՛լմէ, դօքթօ՜ր, գէ՛լմէ` չարէսի եօքթուր,

Ալլահդան բաշխա քիմսէմիզ եօքթուր,

Դինինին ուղրունա էօլէն էրմէնի»:  

«Դեր Զորի անապատում վիրավոր շատ կա,

Մի՛ գա բժի՜շկ, մի՛ գա` մեկ է հույս չկա,

Աստծուց բացի էլ ո՜չ ոք չկա,

Հայերն են մեռնում հավատքի համար»:

Իսկ հայ ժողովուրդն իր տառապանքի մեջ մենակ էր ու անօգնական: Եվ նրանց տխրաթախիծ երգը դարձել է աղոթք առ «Հզոր Աստված».

«Չըխա-չըխա, չըխթըմ եօխուշ բաշընա,

Նէլէ՜ր գէլդի էրմէնինին բաշընա,

Հըզօր Ալլա՜հըմ, հը՜զօր, եէթի՛շ,

Էրմէնի միլլէթինի քուրթա՜ր, գէչի՜ր»:  

«Ելա, բարձրացա գագաթը սարի,

Ինչե՜ր ասես չեկավ գլուխը հայի,

Հզո՜ր Աստված, հզո՜ր, օգնի՜ր,

Հայ ժողովրդին փրկի՜ր, ազատի՜ր»:

«Հավատքի համար մեռնող հայերի» անհաշիվ դիակները սփռված էին ամենուրեք, քանի որ օսմանցի զինվորական պետերը դարձել էին «մսագործ».

«Դէր Զօր դէդիքլէրի բիւյիւք քասաբա,

Քէսիլէն էրմէնի գէլմէզ հէսափա,

Օսմանլը էֆրաթը դէօնմիւշ ղասափա,

Դինինին ուղրունա էօլէն էրմէնի»:  

«Դեր Զոր կոչվածն էր մի մեծ տեղավայր,

Մորթված հայերին էլ հաշիվ չկար,

Օսմանցի պետերը մսագործ դարձան,

Հայերն են մեռնում հավատքի համար»:

Պատմական այս երգերն իրենց թեմատիկ ինքնատիպությամբ ու գաղափարական բովանդակությամբ ոչ միայն նորույթ են հայ բանագիտության եւ ցեղասպանագիտության բնագավառում, այլեւ դրանց շնորհիվ նորովի է ընկալվում պատմական տվյալ ժամանակաշրջանը` իր բնորոշ կողմերով: Հետեւաբար, հորինվելով հայ ժողովրդի արեւմտահայ հատվածին վիճակված պատմական յուրահատուկ իրադարձությունների անմիջական տպավորությունների ներքո, այդ կարգի ժողովրդական երգերը, ինչպես եւ հուշ-վկայությունները, հագեցած են պատմականությամբ եւ ունեն հավաստի վավերագրերի արժեք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4