Քաղաքականություն եւ փող
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մեկ անգամ չէ, որ «Ազգ»-ը իր վերաբերումն է արտահայտել Եվրոտեսիլի եւ ընդհանրապես նման մրցույթների վերաբերյալ. արվեստըՙ իր մաքուր վիճակով նման մրցույթներում քիչ տեղ ունի: Փոխարենըՙ արտաքին էֆեկտներն ենՙ շոուի բոլոր տարրերով ներծծված, որոնք լավագույն պարագայում կարող են իսկական արվեստասերների մոտ սպորտային հետաքրքրություն առաջացնել միայն: Եվ ինչպես նմանատիպ մյուս բոլոր մրցույթները, Եվրոտեսիլը նույնպես թաթախված է քաղաքականությամբ, գումարածՙ առեւտրատնտեսական շահերով: Եվ այս հանգամանքը տարվե տարի ավելի է շեշտվում: Մեր երկիրն արդեն քանի տարի մասնակցում է այդ մրցույթներինՙ ավել կամ պակաս հաջողություններով, հաջող կամ անհաջող ներկայացուցիչներով, բայց գրեթե միշտՙ նույն նեղ շրջանակի մարդկանց մենաշնորհային տնօրինությամբ: Հաջողության պարագայում նույն այդ մարդիկ են փառավորվում, ձախողության դեպքումՙ խայտառակվում ենք բոլորս, երկիր եւ ժողովուրդ:
Եվրոտեսիլի վերջին մրցույթում «Ազգ»-ը հնարավորություն ունեցավ մոտիկից հետեւելու Դյուսելդորֆի իրադարձություններին, քանի որ տեղում գործող թղթակից ուներ, հանձին Ա. Հովսեփյանի, որ ստորեւ ներկայացնում է իր ամփոփիչ տպավորությունները, զուգահեռաբար գերմանական մամուլից բազմաթիվ վկայաբերումներով: Այդ բոլորից կարելի է հանգել մեկ եզրակացությանՙ այդ մրցույթ-շոուն քաղաքականացված է, պահանջում է քաղաքական մասնագիտացված մոտեցում եւ փող: Եվ եթե մեր երկիրը մտել է այդ ասպարեզ, ուրեմն պետք է հետեւի խաղի բոլոր կանոններին: Այլապես...
Խմբ.
Ավստրիական «Դեր շտանդարտի» գործընկերոջս «Նաբուկկոյի երկիրն է երգում» վերնագիրն իմ մեջ էլ էր հղացելՙ հենց Ադրբեջանի հաղթանակից հետո, բայց գրագողության մեջ մեղադրվելու «վախից» ես այսպես կձեւակերպեմՙ Նաբուկկոն հաղթեց: Վերդին չգիտեր, թե իր գրած համանուն օպերայի անունը մի օր քաղաքականություն մտնելով պատանդ պիտի դարձնի Եվրոպային: Չգիտեմՙ Ադրբեջանում մեծ իտալացու օպերան երբեւէ բեմադրվե՞լ է, թե՞ ոչ, բայց արեւմուտքն ահա տարիներ է զբաղված է խողովակաշարը բեմադրելով, նավթ ու գազ կա, ցանկություն ու կամքՙ նույնպես, բայց այն իրականություն չի դառնում: Մինչ այդ, նավթն ու գազը, ոսկեշղթա լուսե անձրեւ դարձած, շվեդների ձեռքով «Վախեցած վազելիս» բեմ են գրավում, ոմանք հավանում են, «փշաքաղվում» սիրո քնքուշ պատմության ադրբեջանական մարմնավորումից, ոմանք ծափ չեն տալիս, իսկ վերջումՙ քվեները բացարձակ հաղթանակ են արձանագրում: ESC-ի երկրպագուները աշխարհի քարտեզին Բաքուն են սկսում փնտրել, մամուլն ու լրատվության մյուս միջոցները օգնում են նրանց, ու Ադրբեջանն ահա օրեր է դարձել է համընդհանուր ուշադրության առարկա, իսկ 2012-ի մայիսին ամենայն հավանականությամբՙ ոչ միայն միլիոնավորների հայացքն իր վրա կուղղի, այլեւ մեծ եկամուտներ կապահովիՙ դառնալով զբոսաշրջային նոր, գրավիչ հասցե:
Մենք էլ կարող ենքՙ մանկական Եվրոտեսիլը Երեւանում 2011-ին անցկացնելու առիթը հրաշալի հնարավորություն է: Ճիշտ է, հիշյալ մրցույթը նույնքան մեծ լսարան առայժմ չունի, բայց դրա պատշաճ կազմակերպումը լավ PR կարող է դառնալ Հայաստանի համար, զբոսաշրջիկներ ներգրավելու, մեզ մրցունակ դարձնելու առիթ: Միայն թե կարեւորենք եւ կարողանանք ճիշտ օգտագործել զանգվածային լրատվամիջոցների դերն այս հարցում. ժամանակին, արագ, թարմ լրատվությամբ պիտի համալրվի Մանկական Եվրոտեսիլի կայքէջը, լրատվությունը հասու դառնա ամենքին, ինչը զարմանալիորեն չարվեց նախորդի պարագայում: Դյուսելդորֆում արդեն ավարտվել է մրցույթը, իսկ Հ1-ի էջում ժամանակը վաղուց կանգ է առել, հեռուստաընկերությունը երկու շաբաթների ընթացքում բավարար չլուսաբանեց մրցույթը, Դյուսելդորֆում լրագրող ու օպերատոր չուներ, ինչը հատկապես Հայաստանում խթանեց բանահյուսության ժանրի զարգացմանը:
Կիրակի օրըՙ մայիսի 15 -ին Դյուսսելդորֆը ճանապարհեց ESC-ի 43 երկրների պատվիրակություններինՙ 2012-ի մայիսի 26-ին հերթափոխը Բաքվին հանձնելով:Գերմանական մամուլը սեփական երկրում կատարված իրադարձության հասցեին թեթեւ քննադատություն էլ այդուհանդերձ հնչեցրեց. բացման բացօթյա հանդիսության ժամանակ լուսարձակի հզոր լույսը պատճառ էր դարձել 13 հոգու մաշկային այրվածքների, տեսողական խնդիրներ հարուցել, ինչի համար տուժողները դիմել էին իրավապահ մարմիններին:Քննադատության արժանացավ նաեւ բարձրակարգ շոուի առաջին կիսաեզրափակիչի տեխնիկական խոտանը, 10-ից ավելի երկրներում ձայնի խափանում է եղել, հեռուստամեկնաբանների խցերում ընդհատվել է կապը, հեռահաղորդակցության ցանցի միջոցով աուդիոազդանշանը չի փոխանցվել երկրներին, ինչը, խոչընդոտող հանգամանք կարող է լինելՙ նախնական կանխատեսումներով հաղթանակի հավանականություն ունեցող ֆավորիտների եզրափակիչ փուլում չհայտնվելու համար:
«Ֆորտունա» ֆուտբոլային թիմը երեք խաղ իր մարզադաշտում չխաղաց, իսկ Դյուսելդորֆից 7 ամիս պահանջվեց, որ նախապատրաստական աշխատանքները վերջացնի ու ֆուտբոլի դաշտը վերածի գերժամանակակից փակ համերգասրահի, որին վերջին օրերին ուղղվեց միլիոնների հայացքը: «Մերկիշե ալգեմայնեն» մրցույթի մասին գրել էր, թե Լենայի հաղթանակից հետո ESC-ի գերմանական կրկեսը սկսվեց Դյուսելդորֆում: Esprit արենայում լուսառատ, տեխնիկական բարձր հագեցվածությամբ եզրափակիչը, որ տարիների հետ, ճիշտ է, ավելի է հեռանում իրական երաժշտությունից, իրական երգեցողությունից, դառնալով մարզաքաղաքական իրադարձություն, դիտել է 36 000 հանդիսատես, իսկ 55 երկրներում հեռարձակված ESC-ին հետեւել է 100-120 միլիոն ակնդիր: Դյուսելդորֆի քաղաքագլուխ Էլբերսի ասելով, քաղաքը 10 միլիոն եվրո է ներդրել ծրագրերն իրականացնելու համար, ինչը արդարացվել էՙ պարտքերից զերծ քաղաքը զբոսաշրջիկների հաշվին եկամուտները նկատելի բարելավել է:
Ադրբեջանցիները շատ լավ կարողացան կիրառել այն, ինչ մյունխենցի դիզայներ Ֆլորիան Վիիդերի հաջողությունն էրՙ 520 լուսային էլեմենտ պարունակող LED 60:18 պատը, շվեդ երաժիշտներիՙ իրենց համար գրած ռոմանտիկ բալլադը, լավ PR աշխատանքը նրանց բերեց 221 միավոր: «Մեր երազն իրականություն դարձավ», ասացին ադրբեջանցիներըՙ դյուսելդորֆյան հաղթանակի բեմում, ուր իրենք սիրո պատմությամբ ներկայացանՙ համամարդկային թեմա, մենքՙ բռնցքամարտի ռինգով, ուր երեքշաբթի օրվա պարտությունը շարունակվեց նաեւ կիրակիՙ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ռինգում: «Ու՞մ է հետաքրքրում մեր մեծ սերն Արթուր Աբրահամի հանդեպ, Գերմանիայում Արթուրին սիրում են, բայց Եվրոպային դա հետաքրքրո՞ւմ է, շատերը ծիծաղում են «Ֆերարիոյով» զբոսանքների, երգը նրան ձոնելու եվրոտեսիլյան պատմության վրա», մեր զրույցում ասում է դյուսելդորֆաբնակ մեր հայրենակիցներից Շաքեն, որ դժգոհ է նաեւ լույսի հնարավորությունը չօգտագործելու, բեմը չհագեցնելու փաստից: Նրա ու իր 5 հոգանոց ընտանիքի կարծիքով Հայաստանը, համեմատած մյուսների ելույթների, վատ չի ներկայացել: «Ինչու՞ առաջին կիսաեզրափակիչին մեզՙ գերմանաբնակներիս առիթ չտրվեց քվեարկել, հարցնում է զրուցակիցս ու ինքն էլ որոնում պատասխանըՙ որ Հայաստանը դուրս մնար, թուրքական մեծ համայնքն էլ չէր թողնի, որ իրենց խումբը չհասներ եզրափակիչ»:Նա հիշեցնում է նաեւ, թե զարմացած էՙ ինչպե՞ս նախանցյալ տարի Գերմանիայից որեւէ միավոր չարձանագրվեց, երբ հեռախոսներն անընդհատ գրանցել էին իրենց տված քվեները: Հայաստանը պիտի հետամուտ լինիՙ ինչպես՞ է կատարվում ձայները հաշվելու մեխանիզմը, ու՞ր են գնում իր համերկրացիների տված քվեները:
Մեր զրուցակիցները երգի, երգչուհու ընտրության, նրա երգելու կարողության մասին, բնականաբար տարբեր կարծիքներ ունեն:Շատերն անզիջող քննադատություն են հնչեցնում, օրինակ Արմինեն, որ պնդում է, թե լսել էր երգչուհու սկավառակները, հիմա տեսավ, որ կենդանի բեմում Էմմին երգել չգիտի: Պրոֆեսիոնալ երաժիշտներից էլ տարբեր կարծիքներ լսեցինքՙ «լավ ձայն ունի» եւ «ձայն չունի»: Ինչ մնում է երգին, մեր զրուցակիցները նորից մի ձայնով չեն խոսում: Գերմանացի ատամնաբույժ Զագները զարմացած հարցնում էՙ «Աբրահամին ես էլ եմ սիրում, բայց ձեզ մոտ ընդունվա՞ծ է կենդանի մարդուն երգ ձոնելը»: Հայաստանյան պատվիրակությանն ուղեկցող գերմանացի դյուսելդորֆաբնակ ոստիկան Ֆոլքեր Քասփիերին երգը դուր է եկելՙ «100 անգամ լսել եմ, էլի կլսեմ», ասում է նա, որ հավանել էր նաեւ Նորվեգիայի երգը: «Ամառային ուրախ հիթ է», «ականջի որդ», որ տեւական ուղեկցում է, տրամադրություն բարձրացնում», ինչպես ֆուտբոլային «Վակա-վական», որ նույնպես մարդկանց ուրախ տրամադրություն էր պարգեւում:Մեր նախորդ հրապարակման մեջ արդեն նշել էինք, թե «Բում- բումը» ֆավորիտ էր, եվրոտեսիլի երկրպագուների, ակումբներում սիրելի դարձած երգ: 2010-ի հաղթող Լենան առիթը բաց չէր թողնում նախ իր սերը, ապա եզրափակիչից դուրս մնալու առիթով իր ափսոսանքը հայտնել, նույնը եթերից հնչեցնում էին նաեւ գերմանացի մի շարք հաղորդավարներ: ESC-ի երկրպագուների կարծիքն էլ դրական էր մեր երգի վերաբերյալ, ակումբներում այն Party Hit դարձավ, բայց այն, ինչ փոքր ակումբային բեմում փորձարկվում ու հաջողություն է գտնում, պարտադիր չէ, որ մեծ բեմում էլ արդարացնի: «Միթթելդոյչե ցայթունգի» ասելով, «Իսլանդիայի եւ Շվեյցարիայի եզրափակիչ փուլ հասնելը, Նորվեգիայի ու Հայաստանի տունդարձը ցույց են տալիս, թե ժյուրին ու քվեարկողների մեծամասնությունը նախապատվություն են տվել լավ երգին, քան անհամատեղելի` կարուսելային երաժշտությանըՙ անիմաստ կրկներգերովՙ հաբա, հաբա, չակա, չակա»: Գերմանիայի ժյուրիի նախագահ Ինա Մյուլլերը ARD-ի եթերում պարզաբանելով առաջին կիսաեզրափակիչի ընտրությունը, ասաց, թե առաջին հերթին ուշադրություն են դարձրել երգին, իր բառերովՙ song-ին, քվեարկել են առանձին-առանձին, բայց հետո որպես նախագահ, երբ աչքի է անցկացրել արդյունքները, տեսել է, որ ժյուրիի անդամների կարծիքները համընկել են:Եվրոտեսիլյան մեկնաբաններից մեկը գրել էր, թե նախընտրելի էին այն երգերը, որ «ձեռքով» էին գրված ու «հույզ» էին արթնացնում:
Այն, ինչ Հայաստանում փոփ երգարվեստ է համարվում, երկրպագուների բանակ հավաքում, դեռ չի նշանակում, թե կարող է քննություն բռնել մեծ լսարանի առջեւ, մեծ բեմում:Երբեմն լսում ենք, թե մեկ-երկուսը հաղթանակով են վերադարձել այս կամ այն միջազգային մրցույթից, հետո ի՞նչ է լինում, նրանց հետ պայմանագրեր կնքվո՞ւմ են, ռուսական, արեւմտաեվրոպական, ամերիկյան բեմում ելույթներ ունենո՞ւմ են: Փոխարենը աստղային հիվանդությունից հեռու մեր դասական վոկալը, մեր գործիքային կատարողները հենց միջազգային եզակի բեմահարթակներում ապացուցում են, որ Հայաստանը երաժշտական ավանդույթները շարունակող երկիր է, բայց նրանց հաջողությունները նույն աշխուժությամբ չի լուսաբանվում:Սա իհարկե ուրիշ հոդվածի նյութ է, միգուցե խոսենք հետագայում, բայց հիմա մի ճշգրտումՙ որքան էլ ESC անկանխատեսելի, անլուրջ, ատրակցիոնային մրցույթ համարվի, այն եվրոպական մի տարածք է, որ միջազգային հետաքրքրություն է ներկայացնում եւ որին տարիներ է, արդեն մասնակցում է Հայաստանը: Եթե բեմում Հայաստանն ենք մարմնավորում, առավելագույն պատասխանատվությամբ պիտի պատրաստվենք դրան:Հայաստանյան լրատվամիջոցներում շատ է արծարծվում այն հարցը, թե անհաջողության պատճառը Սփյուռքի պասիվ վերաբերմունքն էՙ անիմաստ է համարում իր ճաշակին չհամընկնող հայրենական արտադրանքին հայրենասիրական կարգախոսով քվե տալ:
«Սփյուռքը հոգնել է Հայաստանին քվե տալուց» ձեւակերպումը հեռու է իրականությունից: Մեր 50-ից ավելի զրուցակիցներից որեւէ մեկը նման կարծիք չհայտնեցՙ անկախ նրանիցՙ սիրո՞ւմ են երգչին, երգը հավանու՞մ, թե՞ չեն հավանում, սպասում են հենց ձայն տալու պահին, քանի որ մարզաքաղաքական միջազգային այդ շոուի ամենասպասված մասը հենց դա է: Ափսոս, որ այս անգամ առիթ չտրվեց քվեարկել Հայաստանի օգտին, ասում են նրանք եւ հիշեցնում, թե նույնիսկ հայ-թուրքական արձանագրությունների պատճառով տարաբեւեռ դարձած սփյուռքահայերը «վրեժ» չլուծեցին, քվե տվեցին, ինչպես միշտ, եւ Եվրոտեսիլի հայաստանյան ղեկավարությունը թող պարզի, թե ինչու կամ ինչպես իրենց տված քվեն տեղ չի հասնում:
Գերմանական թերթերի լրաքաղն անելիս առանձնացրեցինք մի քանի ուշագրավ պարբերություն: «Սա ադրբեջանական մշակույթի ու երաժշտության բացարձակ հաղթանակն է», Էլլ եւ Նիկկի զույգի հաջողության մասին այսպես է արտահայտվել Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության ղեկավար Իսմայիլ Օմարովըՙ մոռանալով, որ երգի հեղինակը շվեդներն են, պաշտոնյան նույնիսկ «դյուսելդորֆյան հաղթանակը պատմական իրադարձություն» է որակել: Իսկ ադրբեջանական պաշտոնական «Day.az»-ը լուրը համեմել է հետեւյալ նախադասություններովՙ «Մենք հաղթողների ազգ ենք»: Լրատվամիջոցը հավելել է, թե հաղթանակի մեջ մեծ մաս ունեն նախագահ Իլհամ Ալիեւն ու առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան, հենց նրանց առաջնորդությամբ է հաջողվել ողջ աշխարհին ապացուցել, թե Ադրբեջանը մշակութային վերնախավ եւ հրաշալի երաժշտական ավանդույթներ ունեցող երկիր է: Հարավային Կովկասում սիրո հաղթանակը քաղաքական ենթատեքստ էլ ունիՙ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն խաղաղ լուծում է ենթադրում, գրում է գերմանացի մեկնաբաններից մեկը:
Բուքմեյքերները Էլլ եւ Նիկկի զույգի ելույթը 5-րդ հորիզոնականում էին «տեղավորել», որը դժգոհ էր թողել Ադրբեջանին:Թե այդ դժգոհությունն ինչպես հանգուցալուծվեց, բոլորը տեսան: Իսկ երգչուհին, ի նշան մեծ երախտագիտության հաղթողի, իր ձեռքում պահել էր Թուրքիայի դրոշը: «Սա երազի նման է, ողջ թուրքալեզու աշխարհի հաջողությունը, ասել է Ադիլ Քերիմլինՙ երկրի եվրոտեսիլի պատվիրակության նախագահըՙ գերմանական «Զյուդվեսթ փրեսսե» թերթին:Ադրբեջանի զույգի հաղթանակից հետո ոչ միայն Բաքվում, ուրախություն է ռուսական Տվերում, Թիֆլիսում, Թուրքիայում, Դյուսելդորֆում, ուր մեծ ադրբեջանաթուրքական համայնք կա, գրում է նույն թերթը:
Արտգործնախարարության գնահատականով երկիրը Հարավային Կովկասում առաջնորդող ուժ է դարձել: 2008-ին առաջին անգամ է մասնակցել ESC-ին եւ ուշադրության արժանացելՙ գրավելով 8-րդ տեղը, 2009-ին արդեն 3-րդն է եղել, 2010-ինՙ 5-րդը:Աշխարհագրորեն, քաղաքականորեն այն ասիական երկիր է:Թերթը գրում է, թե դյուսելդորֆյան հաղթանակի մեջ հաջողության իրենց բաժինն ունեն Մոսկվայում եւ Ստամբուլում ապրող հայրենակիցների sms քվեարկությունները, ինչպես նաեւ երբեմնի խորհրդային կայսրության հանրությանՙ դեռեւս գոյատեւող հոգեբանական միասնականությունը, որը քվե չտալով խախտեցին Հայաստանը եւ նախկին ԽՍՀՄ 8 երկրներ: Նիգար Ջամալը տարիներ է, ինչ Լոնդոնում փորձ է անում երգչուհու կարիերա հաստատելՙ թիկունքում ունենալով նավթաշխարհի հարուստ հովանավորներ, որ իրեն եւ իր զույգին շվեդ պրոֆեսիոնալ երաժիշտների եւ պարասույցների մոտ են պատրաստվելու ուղարկում: Շվեդ հայտնի այդ հեղինակներըՙ Շտեֆան Եորն, Սանդրա Բյուրման, Լաին Ֆարքուհարզոն եռյակը երգեր է ստեղծում Մադոննայի, Սելին Դիոնի համար, նրանց գրչին է պատկանում նաեւ Ադրբեջանի 2010-ի մասնակցի կատարած երգը: Հաջորդ Եվրոտեսիլը Բաքվում էՙ թանկարժեք հաճույք, նավթի քաղաքում Մոսկվայից ավելի թանկ գներ են, գրում է «Զյուդվեսթ փրեսսեն»: «Ֆրանկֆուրտեր նոյե փրեսսեն» շատերի նման ընդգծում է Ադրբեջանի հյուրասեր երկիր լինելու փաստըՙ շեշտելով նաեւ, թե Ադրբեջանը անհանդուրժող է կարծիքի ազատության, մանավանդ ESC-ի մեծ երկրպագու սեռական փոքրամասնությունների հանդեպ: Թերթը գրում է, թե 1988-ից Հայաստանի հետ ԼՂ-ի շուրջ վեճը կարող է պատճառ դառնալ, որ Հայաստանը հրաժարվի Բաքվում բեմ բարձրանալ: Մի շարք թերթեր Ադրբեջանի մասին իրենց հետաքրրությունը պարզել ենՙ խոսակից ընտրելով Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Բերտի Ֆոգտցից, որ միայն դրական գույներ է հավելում նավթային երկրի դիմանկարինՙ հուշելով, թե հանգստավայրեր ու առողջարաններ ունեցող երկիրը հուսախաբ չի անիՙ տաք լողափ, թուրքականին մերձ խոհանոց, հպարտ ու հյուրասեր ժողովուրդ:
Գերմանական «Շթեռն»-ը հղում անելով «3minutes.me» կայքէջում ծավալված հարցուպատասխանին գրում էՙ «Ադրբեջանը կարո՞ղ է այս մրցույթը կազմակերպել: Երկիրը հայկակական պատվիրակության այցը կարտոնի՞: Նրանց անվտանգությունը կարո՞ղ են երաշխավորել» շատերին անհանգստացնող այս հարցերին դարձյալ պատասխանում է Ադրբեջանի PR-ով զբաղվող մարզիչ Ֆոգտցըՙ «Ադրբեջանը շատ հարմար վայր է ESC անցկացնելու համար, Բաքուն ժամանակակից, իտալական շնչով քաղաք է, սա առիթ է երկիրը մեծ հանրությանը ներկայացնելու: Պետությունը եւ նախագահն ամեն ինչ կանեն մարդկանց լավ ընդունելու համար»: «Շթեռնը» տպագրել է նաեւ Ադրբեջանի քարտեզը, որտեղ նշված են միայն մեծ քաղաքները, այդ թվում նաեւՙ Xankandi-ին:Գերմանական մեկ ուրիշ լրատուՙ «Թյուրինգեր ազգեմայնեն» Ադրբեջանի մասին տեղեկություններ բաժնում գրում է, թե երկիրը Գերմանիայի համար չվերամշակված նավթի 7 կարեւոր մատակարարներից է, նաեւ նշում, թե «անկախացումից հետո, 1992-ի նախագահական ընտրությունից բացի բոլոր ընտրությունները ոչ ժողովրդավար են եղել, պետությունը ղեկավարվում է նախագահական ավտորիտար ոճով, հայտնի է կոռումպացվածությամբ»:
1988-ին Ազատության հրապարակում շեփորի կանչով հայտնված մեր երազը մեզ անկախ հանրապետություն տվեց, Շուշիի հաղթանակ տվեց, անկախության ճանաչման ձգտող ԼՂ տվեց: Այսօր մեր չարած գործը փառաբանող պարտիտուր, ինչքան ուզես, ցավոքՙ առանց երազի տանող շեփորի ձայնի:
Գերմանիա
Նկար 1. Էմմին Քյոլնի հայ համայնքում: