ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2011-04-23 | #8, 2011-05-07 | #9, 2011-05-21


ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

Կխորհիմ, որ արվեստագետի ստեղծագործելու ներքին մղումը միմիայն մարդկանց ուշադրությունը գրավելը չէ իր անձին վրա, իր հայրենակիցներու գովասանքներուն արժանանալը չէ իր ստեղծագործության պատճառած հիացմունքին փոխարեն, այլ նաեւ մարտահրավեր մըն է մահին: Մարդ, կարծեք, հայտնաբերել է եւ ուզում է հաստատել, որ նյութը եթե անցողիկ, քայքայվող, փչացող էՙ մահկանացու, բայց մարդը միմիայն նյութ չէ, մարմին չէ, այլ նաեւ օժտված է հոգիով... Իսկ հոգիին հետ ի՞նչ է լինելու...

Բառարանին մեջ հանդիպեցի բազմաթիվ բառակապակցություններու «հոգի» բառով, բայց «հոգի» բառին իմաստի բացատրությունը չգտա, չկա... Սկսեցի մտածել եւ ինձ հարց տալՙ վերջապես ի՞նչ է հոգին, հոգին գոյությո՞ւն ունի մարդուս մարմնի մի օրգանի մեջ... ո՞ր օրգանի մեջ. կարծես այդ տեսակ օրգան չի հայտնաբերվել մինչ օրս...

Այս բաները չեմ ասում հոգիին գոյությունը կասկածելու համար, ընդհակառակըՙ ես համոզված եմ, որ մարդս հոգի ունի: Ես ուզեցել եմ այդ բանը, գոնե ինձ համար, ապացուցել... Այս բաներու մասին մտածելովՙ վերջը ես հանգեցի այն հարցին, թեՙ իսկ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, կամ մեր պաշտելի վարդապետին «Ծիրանի ծառը» ինչո՞ւ են հորինվել, եթե ոչ մեզի լսելի դարձնելու հոգիին ձայնը: Վարպետ Սարյանի «Հայաստան» գլուխգործոց նկարը չի՞ հաստատում, որ Երկիր մոլորակի վրա կա մի կտոր հող, որը մենք հայերս կոչել ենք Հայաստան: Այդ վայրը հողի կտոր մը չէ միայն, այլ հայ հոգիի բնակարան է... Հայաստան:

Անշուշտ, ես «հոգի» բառը չեմ ստուգաբանում. ըստ բառարանի զուտ հայերեն բառ է: Ապրող էակներից միայն մարդը հոգի ունի, եւ ես ուզում եմ այդ «հոգի» բառին գոյության նպատակը բացահայտել: Եվ այսպեսՙ մտածումներս ինձ բերին այն համոզման, որ արվեստը եւ հոգին իրարու հետ կապ ունեն, եւ արվեստագետը մարդ արարածի այն տեսակն է իսկապես, որ գոյություն ունի մեկ նպատակովՙ որ իր արվեստով ու ստեղծագործությամբ հոգին տեսանելի եւ շոշափելի դարձնի բոլորիս: Պոետըՙ իր լիրիկայով, նկարիչըՙ իր կտավներով, երաժիշտըՙ իր մեղեդիներով, ճարտարապետըՙ իր Հռիփսիմեի տաճարով, Փափազյանըՙ իր Օթելլոյով...

Դոստոեւսկին արդեն ասել է, որ արվեստը մարդուց անբաժան է: Կրնամ ըսել, որ հոգին եւ արվեստը երկվորյակներ են... Եվ քանի որ արվեստներուն մեջ առաջինը նշեցի գրականությունը, հիշեցի հայոց եկեղեցին. բացատրեմՙ ինչու... Ըսելիքս կրոնի հետ կապ չունի, պարզապես հայոց պատմության հետ կապ ունի: Ուզում եմ միշտ հայոց պատմության հետ ըլլալ...

Քրիստոնեությունը դարձավ մեկնակետը հայ ազգի զարգացման:... գրերի գյուտը, հայոց այբուբենը, որուն շարունակությունը եղավ հայկական գրչությունը, հայկական մատենագրությունը, որուն միացավ հայկական չքնաղ մանրանկարչության արվեստը...

Անշուշտ, հայերը արվեստ ունեցել են Քրիստոսի ծնունդից առաջ եւ փառահեղ այդ արվեստից մի քանի փշուրներ են մեզ հասել: Արդյոք Հոմերոսը ծնվա՞ծ էր, երբ հայ բանաստեղծը Վահագնի ծնունդն էր ծանուցում...

Ո՞վ իմանա, քանի հարյուր Գառնիի տաճարներ էին կառուցել հայ ճարտարապետները, որոնցից մի հատն է փրկվել: Մարդ այդ տեսակ տաճար կառուցե եւ հետո էլ քանդե՞...

«Վահագնի ծնունդը» երգից, չեմ գիտեր ուրիշ ինչպես կոչեմ, մեզի հասած մի քանի բառերը ապացո՞ւյց չեն, որ ինչ մեծահարուստ են եղել մեր նախահայրերը, եւ ինչ փշրանքներ են մեզի բաժին հասել... Ի՞նչ աներ մեր Պատմահայրը, ո՞վ կթողներ... կսպանեին: Ինչո՞ւ մեր նախահայրերը չեն...

Գառնիի տաճարի միակությունը ապացույց չէ՞ այն մեծ աղետին, որ մեր ազգի գլխին բերել է քրիստոնեությունը Հայաստան մտնելով:

Բայց հայ հոգին կար... Քրիստոնեությունն ի՞նչ կարող էր անել հայ հոգիին: Հեթանոսական տաճարները քանդվեցին. հայ ճարտարապետը նոր տաճարներ կրնար կառուցել, եւ հայ ճարտարապետը կառուցեց Էջմիածինը, Հռիփսիմեն, Զվարթնոցը, Գայանեն եւ բազմաթիվ ուրիշ հրաշալիքներ, էլի ցույց տալով հայ հոգիին գոյությունը եւ հոգիին անմահությունը: Հայոց քրիստոնեություն կառուցող հայ ճարտարապետն է մանավանդ...

Անդրադառնալե առաջ հայ արվեստներուն կատարած դերին Հայոց եկեղեցիին կայացմանըՙ կուզեի անդրադառնալ քրիստոնեության: Նորից դիմելով մեծն ուսուցիչ Հրաչյա Աճառյանի գրքից քրիստոնեության մասին իր դատողությանը: Գիտենք, որ քրիստոնյաները Հայաստանում հիմնեցին Հայոց եկեղեցին... Հիսուսի աշակերտները կամ էլ աշակերտներուն աշակերտները... Համենայն դեպս, կկարծեմ, որ հետաքրքրական է իմանալ Հիսուսի եւ իր աշակերտներուն միջեւ տիրող հարաբերություններու մասին, քանի որ վերջապես իր աշակերտներն էին, որ քրիստոնեությունը բերին Հայաստան...

Կարծեք, Հիսուսը եւ քրիստոնեությունը բավական տարբեր բաներ են: Օրինակ, Հիսուսի կենդանության մարդիկ ոչ խաչ էին հանում եւ ոչ ալ եկեղեցի կար...

Որքան որ գիտեմ, մեր հայրենակիցներից երկուսը Քրիստոսի հետ հարաբերության մեջ մտած են: Առաջինը Քրիստոսի կենդանության օրոք Եդեսիայի Աբգար թագավորն էր, առաջին քրիստոնյան, որ Վարդապետին նամակով իր պալատը հրավիրեց հյուրասիրելու եւ պատիվ տալու համար: Քրիստոս իր շնորհակալությունը հայտնեց եւ, կարծեմ, նույնպես մի կերպասով, որ իր դեմքը սրբած էր եւ վրան իր լուսանկարը դաջված, Աբգար թագավորին ղրկեցՙ ափսոսալով, որ չի կարողանալու բավարարել թագավորի փափագը... իր չափազանց զբաղվածության պատճառով:

Երբ գրում էի այս տողերը, չէի հիշում, որ մեր պատմահայրը էջեր ուներ` նվիրված Աբգար թագավորին: Աղջիկս ինձ գլխի գցեց, անմիջապես բացի մեր պատմահոր «Պատմություն Հայոց»-ը եւ գտա Աբգարի եւ Հիսուսի նամակագրության պատմությունը, եւ ահավասիկ «Աբգարի թուղթը Փրկչին».

«Աբգար Արշամի, աշխարհի իշխան, բարերար եւ փրկիչ Հիսուսիդ, որ Երուսաղեմում հայտնվեցիր, ողջույն:

Ես լսել եմ քո մասին եւ այն բժշկությունների մասին, որ կատարվում են քո ձեռքով առանց դեղերի եւ արմատների, որովհետեւ, ինչպես ասում են, դու կույրերին տեսողություն ես տալիս, կաղերին քայլեցնում, բորոտներին մաքրում, չար ոգիները եւ դեւերը հանում եւ առհասարակ երկարատեւ հիվանդություններով չարչարվողներին բժշկում ես. դու նաեւ մեռածներին ես կենդանացնում: Երբ այս ամենը քո մասին լսեցի, մտքումս դրի այս երկուսից մեկը - կամ որ դու աստված կլինես, որ երկնքից ես իջել եւ այս բաներն անում ես, կամ աստծու որդի կլինես, որ այդ անում ես: Այդ պատճառով քեզ գրեցի, աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ եւ բժշկես իմ ունեցած հիվանդությունը: Նաեւ լսեցի, թե հրեաները քեզանից դժգոհում են եւ ուզում են քեզ չարչարել, բայց ես մի փոքր եւ գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է:

...Իսկ մեր փրկիչը ինքը հանձն չառավ գնալ այն ժամանակ, երբ Աբգարը նրան կանչում էր, այլ նրան արժանացրեց թղթի, որ գրված է հետեւյալ ձեւով:

Աբգարի թղթի պատասխանը, որ գրեց Թովմաս առաքյալը Փրկչի հրամանով.

Երանի նրան, ով ինձ հավատում է` ինձ տեսած չլինելով... քեզ մոտ կուղարկեմ իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկի եւ կյանք շնորհի քեզ եւ եւ քեզ հետ եղողներին:

Այս թուղթը բերեց Աբգարի սուրհանդակ Անանը եւ նրա հետ Փրկչի կենդանագիր պատկերը, որ մինչեւ այսօր գտնվում է Եդեսիայում» («Պատմություն Հայոց», Երեւան, 1968, էջ 163-164):

Անշուշտ, Աբգար թագավորը չէր իմանումՙ այն ժամանակ Հիսուս ինչո՞վ էր զբաղված, իսկ մենք այսօր գիտենք, որ 30-ամյա Հիսուսը նախապատրաստվում էր եւ վերջին կարգադրություններն էր անում փշե պսակով խաչին վրա գամվելու համար...

Երկրորդ հայը Նարեկացի Գրիգոր վարդապետն էր, որ Քրիստոսի խաչվելեն հազար տարի անց, մեր ոսկեղենիկ գրաբարով խոսելով Հիսուսի հետ, իր մեղքերն էր խոստովանում Հիսուսին այնքան սրտաճմլիկ, որ վստահաբար Հիսուս իր արցունքները չէր կարողանում զսպել: Այսօր կարդալով «Մատյան ողբերգության»-ը, մենք պարզ տեսնում ենք, որ հայերը Հիսուսի վարդապետությունից որեւէ բան չէին ընդունել: Այդ է վկայում Նարեկացու խոսակցությունը Քրիստոսի հետ խաչելությունից հազար տարի անց:

Այսօր ալ, Նարեկացիի մահվանից հազար տարի անց էլի հայերու մեջ քրիստոնյայի ման մի եկեք, մի փնտրեք. չե՛ք գտնի:

Ներողամիտ եղիր, սիրելի ընթերցող, որ շատ հետաձգեցի պրոֆ. Հրաչյա Աճառյանիՙ քրիստոնեության վերաբերյալ գրվածքից մեջբերում անելու խոստումս: Լավ, ժամանակ չկորցնեմ եւ անցնեմ առաջ. («Հայոց պատմություն հյուսված ընդհանուր պատմության», էջ 102) «Օգոստոս կայսեր ժամանակ, Հրեաստանի մի աննշան գյուղում ծնվեց Հիսուս: 30 տարեկան էր նա, երբ սկսեց քարոզել իր նոր վարդապետությունը, որի հետեւորդները սկզբից շատ քիչ, հետզհետե բազմացան: Այս վարդապետությունը տարբերվում էր Մովսիսական կրոնից նրանով, որ դուրս էր թողնում բոլոր նյութական ծեսերն ու ավելորդապաշտությունները, եւ ամբողջ կրոնը հիմնում էր սիրո եւ բարոյականի վրա: Բոլոր մարդիկ հավասար են եւ բոլորն էլ լինելով մի Հայր Աստուծո զավակները, եղբայր են իրար հետ: Չկա ազգերի եւ մարդկանց դասերի միջեւ խտրություն: Նյութական հարստությունները ոչ ոքի սեփականությունն են կազմում, այլ իբրեւ ամենքի հոր տուրքը, պատկանում են ամենքին: Հոգին առավել է, քան մարմինը, հետեւաբար մենք էլ մոռանալով մարմնի պահանջները, պետք է հետեւենք հոգու պահանջներին: Աստուծո թագավորությունը կգա այն ժամանակ: Այսինքն փոխանակ պատերազմների, կռիվների, ազգային կամ անհատական վեճերի, չոր նյութականի համար վարված պայքարի, կտիրի խաղաղություն, սեր եւ ընդհանուր եղբայրություն: Ժամանակակիցները չհասկացան այս մեծ քարոզչի խոսքերը, եւ հրեաները իբրեւ հակառակորդ Մովսիսական կրոնի, սպանեցին նրանՙ խաչելով, իր քարոզչության երրորդ տարում եւ հալածանք հանեցին նրա հետեւորդների դեմ: Հիսուսի աշակերտները փախչելով զանազան կողմեր, շարունակեցին իրենց վարդապետի ուսմունքը քարոզել եւ նորանոր հետեւորդներ ճարել:

...Այս քարոզիչների մեջ ամենից ավելի եռանդուն դեր ունեցավ Պողոս Տարսոնեցի առաքյալը, որ Փոքր Ասիա, Հունաստան եւ Հռոմ գնաց եւ ամեն տեղ աշակերտներ հասցրեց: Բայց, ինչպես Բուդդայի, նույնպես եւ Հիսուսի գաղափարները օրեցօր փոխվեցին: Մարդիկ դեռ չէին հասել այն բարձրության, որ կարողանային ըմբռնել այն, ինչ որ Հիսուսն էր ասում: (Իսկ այսօր, երկու հազար տարի վերջ, գոնե մոտեցե՞լ են այդ բարձրության, կամ երբեւիցե հասնելո՞ւ են): Նույնիսկ Հիսուսի աշակերտները ամբողջապես չէին հասկանում Հիսուսի վարդապետությունը, եւ Պողոս առաքյալը, իբրեւ հունական դաստիարակության զավակ, իր ըմբռնողությունը տվեց նրան եւ այնպես էլ սկսեց տարածել: Ավելի հետո մարդիկ, նյութապաշտ գաղափարներով մեծացած եւ կռապաշտական դաստիարակությամբ սնված, ավելացրին նրա վրա նորանոր ծեսեր, ծոմեր, կրոնական արարողություններ, տոներ, տաճարներ, կրոնական դասակարգ, սրբեր ու նշխարներ, աստվածային Երրորդության եւ Աստվածամոր գաղափարը:

...Սակայն բոլոր խստությունները չկարողացան ջնջել նոր կրոնը: Առաջին քրիստոնյա թագավորը եղավ Եդեսիայի Աբգար թագավորը, որ ընդունեց քրիստոնեությունը 3-րդ դարի սկիզբը (207 թ.): Նույն դարի կեսին Հայաստանում կար արդեն հայ եպիսկոպոսական թեմ: Քրիստոնեությունը հաղթանակեց եւ պետական կրոն դարձավ Հայաստանում Դ դարի սկիզբը: Գրիգոր Պարթեւ Լուսավորիչ կաթողիկոսի անունը, ինչպես Տրդատ թագավորի անունը, բոլոր լուսավորչական հայերը գիտեն... Եվ այսպես Տրդատը եւ Գրիգորը, բանակի գլուխն անցած, զենքի զորությամբ տապալեցին կռապաշտությունը, մեհյանները կործանեցին եւ քրիստոնեությունը տարածեցին ամբողջ Հայաստանում: Նոր կրոնի հաջողության եւ բարգավաճման համար ինքը (Գրիգոր Լուսավորիչը) բաց արեց դպրոցներ, ուր հույն ու ասորի քարոզիչներ հունական եւ ասորական դաստիարակությամբ կրթում էին բազմաթիվ հայ պատանիների նոր կրոնի քարոզության համար»:

Անշուշտ, կարդալով այս տողերը, դուք պարզ տեսնելու եք, որ ի՞նչ էր քարոզում երիտասարդ Հիսուսը, ինչպե՞ս փոխվեց իր վարդապետությունը... Կարելի՞ է մարդկանց մեղադրել Քրիստոսին չհասկանալու համար: Չեմ կարծեր, մարդը անկարող է ապրել ըստ Քրիստոսի վարդապետության, բայց մարդիկ պաշտում են Քրիստոսին, ավելի ճիշտըՙ նկարիչներու կողմե նկարված Քրիստոսի նկարներըՙ մանուկ Քրիստոս Սուրբ Հոգիեն հղիացած Մարիամի գրկում, կամ փշե պսակը գլխինՙ խաչի վրա: Մարդը կռապաշտ է, մարդուն պետք եղածը կուռքն է... Չի կա չարիք առանց բարիք: Քրիստոնեությունը արդեն մեկ դարե ի վեր հաստատվել էր Հայաստանում եւ սակայն եկեղեցիներում ժամերգությունը կատարվում էր հունարեն կամ ասորերեն լեզվով: Հայերը կամաց-կամաց գլխի էին ընկել. կամաց-կամացը ո՞րն է, չորս սերունդ էր անցել արդեն, որ հայերը գլխի էին ընկնում, որ մի օյին խաղացվում է իրենց գլխին...

(Աճառյան, էջ 124) 4-րդ դարի վերջերին Հայաստանը մատնվեց քաղաքական ծանր կացության: Արեւմտյան մասն արդեն խլել էին հույները եւ աշխատում էին հունացնել, Արեւելյան Հայաստանի թագավորությունն էլ պարսիկների ձեռքում անվանական բան էր դարձել, որ նույնպես շուտով պիտի տապալվեր: Եվ հայ ազգը ամբողջությամբ պիտի գտնվեր օտարների լծի տակ, ենթակա նրանց քաղաքական եւ ազգային ամեն տեսակի ճնշումներին: Հայությունն արդյո՞ք բավական բարոյական ուժ ուներ, որպեսզի կարենար դիմադրել գալիք հարվածներին եւ իր գոյությունը պահպաներ: Միակ ուժը քրիստոնեությունն էր, որ պարսկական մոգականության առաջ խտիր կամ պատնեշ պիտի հանդիսանար, բայց արդյո՞ք այս ուժն էլ պիտի կարողանար երկար դիմանալ... Այս վիճակը շատ դառն էր սակավաթիվ հայ ուսումնականների համար:

Այս մտածումներով տարվեց 5-րդ դարի սկիզբը հայության նշանավոր զավակ Մեսրոպ Տարոնացի կրոնավորը: Նա գտավ, որ հայ ազգը, լեզուն ու կրոնը փրկելու գլխավոր միջոցն է հայկական գրականությունը եւ որոշեց հնարել հայերեն տառերը... Եվ օգտվելով հունարեն, պահլավերեն եւ ասորերեն այբուբեններից, հնարեց հայերեն այբուբենը: Սկսվեց այնպիսի եռանդուն մի գործունեություն, որի նմանը ուրիշ անգամ չտեսավ Հայաստանը: 35 տարի ամբողջ այս անխոնջ վարդապետը պտտվեց Հայաստանի ամեն կողմերը եւ ամեն տեղ դպրոց բաց անելով սովորեցրեց ու տարածեց հայ գիրը: Մյուս կողմիցՙ Սահակ կաթողիկոսը հայերենի էր թարգմանում Աստվածաշունչը եւ հույն ու ասորի եկեղեցական գրականության բոլոր նշանավոր գործերը: Ուշիմ աշակերտներն ուղարկվում էին Եդեսիա, Պոլիս եւ Աթենք ուսման մեջ կատարելագործվելու եւ հայ նորածին գրականությունը նոր երկերով ու թարգմանություններով ճոխացնելու: Կարճ ժամանակվա ընթացքում հայ գրականությունը այնպես մեծացավ ու տարածվեց, որ այդ շրջանը կոչվեց հայ գրականության Ոսկեդարը»:

Եվ ահավասիկ հայ գրերու միջոցով Աստվածաշնչի հայերեն թարգմանությամբ էր, որ սկսում էր Հայոց եկեղեցիի կառուցման սկիզբը, որ մի քանի դարի ընթացքին հայ եկեղեցին դառնալու էր հայ հոգին ձեւավորող մի կատարելություն, մի բազմաերես տաշված գոհար: Այդ գոհարը հղկելու համար ամենաշատ աշխատեցին հայ արվեստագետներըՙ սկսելով գրականությամբ... Մեր պատարագը, շարականները, որոնք հայ բանաստեղծ եւ երգահան կրոնավորներու, կաթողիկոսներու ստեղծածներն են: Հայ գրչության հետ ծաղկեց հայկական նկարչությունը: Հայ եկեղեցին առանց հանճարեղ հայ ճարտարապետության ո՜ւր պիտի պատսպարվեր... Կրնա՞ հայ մարդը թեկուզ 100 կիլոմետր հեռվից մի հայկական եկեղեցի տեսնի ու չճանաչի, չլսի իր սրտի բաբախելը, կրնա՞ հայերեն պատարագին ներկա ըլլալ, լսել մեր շարականները եւ ուրախության արցունքները զսպել, կամ «Տեր ողորմեան» առանց փշաքաղվելու լսել...

«Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս»,- ասում է բանաստեղծ Վահան Թեքեյանը: Ես, ներեցեք անհամեստությանս, պիտի ասեիՙ եկեղեցին հայկական ծնունդն է հայ հոգվույն... Մենքՙ հայերս, ամեն բան պետք է անենքՙ պաշտպանելու Հայ եկեղեցին, նա արդեն կատարելություն մըն է եւ առհավատչյան մեր գոյատեւման: Որեւէ փոփոխություն եւ բարելավում պետք չէ փորձել, հայ եկեղեցին կայացած է, չես կարող ավելի կատարելագործել Հռիփսիմեի տաճարը, այնպես որ ավելի լավ է, որ նոր եկեղեցիներ չկառուցեն, մեկ էՙ բան դուրս չի գալու... Վերանորոգենք մեր փլատակ եկեղեցիները, եթե կարողություն ունենք: Եթե չենք կարող, գոնե այնպես պահպանենք, որ ավելի չքանդվեն: Կոմիտաս վարդապետեն վերջ ի՞նչ նոր պատարագ... Դժբախտ հայ ազգը չկարողացավ փրկել սուրբ Կոմիտաս վարդապետը, որ ժամանակ չունեցավ ավարտել հայոց պատարագը, որ պիտի ըլլար հայ հոգիին ամենակատարյալ պատյանը, պաշտպանությունը...

Անշուշտ, եթե հայ ճարտարապետը չի կարող եկեղեցի կառուցել, կրնա, իբրեւ շարունակողը իր նախնիհանճարեղ ճարտարապետության, ստեղծել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը, կրնա կառուցել Կառավարական տունը, Օպերան: Հայ բանաստեղծը եթե չի կարող գրել նոր աղոթք, քանի որ կա Տերունական աղոթքըՙ «Հայր մեր»-ը, բայց կրնա գրել նոր աղոթք: Եթե անշուշտ Եղիշե Չարենց է, կրնա գրել «Ես իմ անուշ Հայաստանի...», որ պակաս աղոթք չէ, քան Տերունական աղոթքը:

Ահավասիկ ամեն նոր եկող, կարծեք, պարտավորված է զգում իր նախորդներուն կառուցած մի բանը քանդել: Քրիստոնյաներըՙ հեթանոսներուն կառուցածները, բոլշեւիկներըՙ քրիստոնյաներուն վաստակը: Չէր բավեր, հազարավոր հայ կրոնավորներ զոհ գնացին սադիստ բոլշեւիկներու քինախնդրության: Անթիվ եկեղեցիներ, քրիստոնեական հուշարձաններ պղծեցին: Եկեղեցիները լավագույն դեպքում վերածվում էին պահեստի: Մեկ էլ մի հոգեկան հիվանդՙ Մակինցյան կոչեցյալ, բոլշեւիկ, որոշեց, որ հայ ժողովրդի միջից անգրագիտությունը պիտի վերացնի, եւ հարձակվեցավ նախ եւ առաջ Հայ եկեղեցիին պատկանող սուրբմեսրոպյան ուղղագրությունը «բարեփոխելու»: Եվ մինչեւ օրս ահավասիկ անկարելի եղավ վերականգնել մեսրոպյան ուղղագրությունը:

Զազրելի այս պատմությունը ծանոթ է հայ մտավորականությանը: Միայն այստեղ հիշեմ նորից մեծն Հրաչյա Աճառյանին, որ շատ դիպուկ (ուրիշ ձեւով չէր էլ կարելի արտահայտել) ասել է. «Անգրագիտությունը վերացրինք, գրագիտությունն էլ հետը»: Հասկացողին շատ բարեւ, ինչպես ասում են ֆրանսիացիները:

Երբ սկսեցի այս գրությունս, չէի իմանումՙ ո՞ւր եմ գնալու... Հիմա հոդվածիս վերջաբան մը պետք է...

Ամենայն դեպս կրոնքը կապ չունի մարդու հոգիին հետ, մարդուն հետՙ ավելի պարզ ասած: Ի՞նչ ասել է մարդու փրկություն, ո՞վ է այդ փրկիչը: Այո, մարդը ուզում է փրկվել, եւ շա՜տ է ուզում, եւ ինչի՞ց... Մահից... Մարդ արարածը, ինչպես ամեն ապրող էակ, չի ուզում մահանալ: Մարդը չի ուզում, որ զինքը թաղեն փոսի մը մեջ եւ վրան ալ հող լեցնեն: Ավելի ահավոր ի՞նչ կրնաս պատկերացնել: Եվ ահավասիկ ըսելիքս. քանի որ մարդ արարածը չի ուզում մահանալ, ինչ որ կարող է անելՙ անում է (մոլորակի վրա հայտնվելու օրից), ամեն ինչ անում է, որ իրենից վանի մոտեցող մահը: Մարդը անդադրում հսկում է մահին... Դարերու ընթացքին քի՞չ հաջողություններու է հասել մարդ արարածը իր կյանքի ժամանակը երկարաձգելու համար, մինչեւ հասնելը այն օրվան, որ էլ չի մահանալու, կարողանալու է իր խեղճ մարմինը պաշտպանել բոլոր տեսակի հիվանդություններից եւ փորձանքներից: Հարյուր տարի առաջ կարո՞ղ էին պատկերացնել, որ մարդու հիվանդ սիրտը կարելի է փոխել նոր սիրտով, կամ սիրտ ստեղծել: Որքան հիվանդություններ անզոր դարձան մարդուն հանդեպ: Ժամանակի հարց է: Ես գիտեմ, որ 88 տարեկան եմ, հետո ի՞նչ... Մարդիկ ծնվում են, աշխարհում հայտնվում եւ ծնված պահից պայքարում են չմեռնելու համար: Ժամանակի հարց է, եթե մարդ արարածը մի տիեզերական աղետի պատճառով չոչնչանա. մարդը միշտ ալ պիտի աշխատի սերունդե սերունդ իրականացնելու իր երազըՙ հաղթել մահին: Մարդ արարածը ուրիշ երազ չունի: Եվ մարդ արարածը ուրիշ օգնող չունի, ինքն է, որ պիտի պայքարի մահվան դեմ: Եվ ինչո՞ւ կկարծեք, եթե կկարծեք, որ մարդը պիտի չհաղթե մահվան: Ժամանակի հարց է: Թող մեկ միլիոն տարի վերջ ըլլա: Մարդու միակ երազն է ապրել առանց վախի, ազատվել մահվան վախից:

Հետո ի՞նչ պիտի ըլլա:

Լավ պիտի ըլլա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4