(Անտոնի Արենսկու ծննդյան 150 եւ Ալ. Սպենդիարյանի ծննդյան 140-ամյակի առթիվ)
Ժամանակի հեռվից ավելի հետաքրքրական եւ ուսանելի են թվում անվանի արվեստագետների մտերմական փոխհարաբերություններն ու բարեկամական հանդիպումները: Մեծանուն արվեստագետներն էլ գուցե իրարից սովորելու, իրար սովորեցնելու կամ պարզապես միմյանց ոգեշնչելու ու ոգեւորելու կարիքն են զգում, եւ նրանց հանդիպումներն անջնջելի հետք են թողնում ոչ միայն իրենց, այլեւ իրենց շրջապատողների հոգիներում: Այդպիսին էին կոմպոզիտորներ Ալեքսանդր Աֆանասիի Սպենդիարյանի (1871-1928 թթ.) եւ Անտոնի Ստեփանի Արենսկու (1861-1906 թթ.) Յալթայի հանդիպումները: Մեծ էր կոմպոզիտոր, երգչախմբավար, դաշնակահար ու մանկավարժ Արենսկու դերը 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի ոչ միայն ռուս, այլեւ ցարական Ռուսաստանին հպատակ մյուս ժողովուրդների երաժշտական մշակույթի զարգացման գործում: Հիշենք միայն, որ հայ երգահաններից հատկապես Կոմիտասը երաժշտության ընդհանուր տեսությունը սովորել է հենց Արենսկու կազմած դասագրքերով: Երաժշտական նախնական կրթությունն ստանալով Ռուսսոյի մասնավոր երաժշտական դպրոցումՙ Արենսկին ուսումը շարունակել է Պետերբուրգի կոնսերվատորիայի Ն. Ռիմսկի-Կորսակովի ղեկավարած կոմպոզիցիայի դասարանումՙ ավարտելով այն 1882-ին: Ի դեպ, Ռիմսկի-Կորսակովին է աշակերտել նաեւ Ալ. Սպենդիարյանը: Որպես կոնսերվատորիայի լավագույն շրջանավարտներից մեկըՙ հենց նույն թվականից էլ Արենսկին երաժշտության ընդհանուր տեսություն էր դասավանդում Մոսկվայի կոնսերվատորիայումՙ 1889-ին ստանալով նաեւ պրոֆեսորի կոչում: Նրան աշակերտել են երաժշտական այնպիսի անվանի գործիչներ, ինչպես Սերգեյ Ռախմանինովը, Գեորգի Կոնյուսը, Արսենի Կորեշչենկոն, Ալեքսանդր Գոլդենվեյզերը եւ ուրիշներ: 1888-95 թվականներին որպես խմբավար Արենսկին ղեկավարում էր Ռուսաստանի Երգչախմբային ընկերության համերգները, իսկ 1895-1901 թվականներին նրան էր վստահված Պետերբուրգի արքայական երգեցիկ կապելլայի տնօրենի պաշտոնը: Հենց այդ տարիներին էլ նա մտերմանում է Ալ. Սպենդիարյանին: 1904 թվականի սկզբներին (ինչպես տեղեկանում ենք Մարինա Սպենդիարովայի «Սպենդիարով» գրքից) Սպենդիարյանը համերգային ուղեւորության էր մեկնել Պետերբուրգ, որտեղ նրա ղեկավարությամբ կատարվելու էին նաեւ Ն. Ն. Ամանիի երաժշտական պիեսները: Այդ պիեսները, ի դեպ, սիմֆոնիկ նվագախմբի համար գործիքավորել էր հենց Սպենդիարյանը: Լերմոնտովի «Բելլա» վիպակի թեմաներով օպերա գրելու հարցով խորհրդակցելու համար Սպենդիարյանը Պետերբուրգում հանդիպում է նաեւ իր ուսուցչինՙ Ն. Ռիմսկի-Կորսակովին, իսկ վերադարձին Յալթայի երաժշտասեր հանրությանն է ներկայացնում կոմպոզիտոր Արենսկուն: Վերջինս Յալթա էր գործուղվել Ռուսական կայսրության երաժշտական ընկերության բաժանմունքներն ստուգելու նպատակով: Ցերեկները նրանք հավաքվում էին Յալթայի «Երաժշտական ակումբում» (այդպես կոչում էին Յալթայի ծովափին գտնվող Պֆայֆերի նոտաների խանութը, որտեղ հավաքվում էին երաժիշտներն ու երաժշտասերները): Իսկ երեկոները Արենսկին սովորաբար հյուրընկալվում էր Սպենդիարովների շքեղ առանձնատանը: Արենսկու պատվին նրա գալու օրըՙ երեկոյան, Ալ Սպենդիարյանը երաժշտական երեկո էր կազմակերպել իր տան մեծ հյուրասենյակումՙ դասավորելով աթոռներն ըստ կարգերի: Լինելով Յալթայի Երաժշտական ընկերության նախագահի մտերիմ ընկերըՙ Սպենդիարյանը հրավիրել էր ընկերության գրեթե բոլոր անդամներին: Արենսկին եւս հանդես է գալիս դաշնամուրային կատարումներով: «...Ինչպե՜ս էր նվագում, ամբողջ կյանքն էր դնում նվագի մեջ»,- հետագայում հիշում է կոմպոզիտոր Սպենդիարյանի կինըՙ Վարվառա Լեոնիդովնա Սպենդիարովան:
Ժամանակակիցների վկայությամբ Արենսկին հիրավի բազմաշնորհ երաժիշտ էր. հիանալի երգչախմբավար էր, վիրտուոզ դաշնակահար եւ դաշնամուրային համերգներով հանդես էր գալիս Ռուսաստանում ու նրա սահմաններից դուրս: Իբրեւ կոմպոզիտորՙ նա ձեւավորվել էր Չայկովսկու եւ Ռիմսկի-Կորսակովի անմիջական ազդեցությամբ, ու դա նկատելի է նրա շատ ստեղծագործություններում: Հիշենք թեկուզ «Երազը Վոլգայի ջրերի վրա», «Նալը եւ Դամայանտին», «Ռաֆայել» օպերաները, «Գիշերը Եգիպտոսում» բալետը, սիմֆոնիկ շարքերն ու հատկապես վոկալ-գործիքային, կամերային քնարական այնպիսի երկերը, ինչպիսիք են «Կրակը մի՛ վառիր», «Կոտրված սափորը», «Աշուն» եւ այլն:
Արենսկու այցելությունը Յալթա մեծ ոգեւորություն առաջացրեց: Նա այստեղ չորս օրով էր գործուղվել, բայց մնաց մի քանի ամիս: «Ես դեռ երբեք չէի հանդիպել այնպիսի մի մարդու, որն իր անսահման, անսասան արեւային կենսականությամբ կարողանար վարակել շրջապատը»,- պատմում է հետագայում Վ. Սպենդիարովան:
Ողջ Յալթայի երաժշտասերներն էին խանդավառված, ու երբ Սպենդիարյանն առաջարկեց Արենսկու մեկնելու առիթով էլ հանդիսավոր հրաժեշտ կազմակերպել, բոլորը համախմբվեցին: Սպենդիարյանի առաջարկով Յալթայի երաժիշտները նավահանգիստ էին եկել ծաղկեփնջերով: «Անտոնի Ստեպանովիչը խիստ հուզված էր եւ երկար ժամանակ բաց չէր թողնում Սպենդիարովի ձեռքը,- հիշում է ալտահար, հետագայում Երեւանի կոնսերվատորիայի դասատու Անդրեյ Կոտլյարովսկին: - Հնչեց առաջին սուլիչը: Բոլոր կողմերից գրկում ու համբուրում էին նրան: Երկրորդ սուլիչ: Մի անգամ եւս գրկելով Ալեքսանդր Աֆանասեւիչինՙ Արենսկին տախտակամած բարձրացավ: Երրորդ սուլիչ: Աղմուկով վեր բարձրացան կամրջակները, եւ շոգենավն սկսեց ափից հեռանալ: Սպենդիարովն սկսեց հաշվել. «Մեկ, երկու, երեք», եւ «Կոմպոզիտոր Արենսկուն ուռա՜» գոչելովՙ մենք սկսեցինք նրան նետել մեր ծաղիկները»:
Յալթայի այս հանդիպումներից հետո էլ շարունակվեց երկու կոմպոզիտորների մտերմությունը: Նրանք նամակագրական կապ էին պահպանում, նամակագրության միջոցով հայտնում իրենց հույզերն ու զգացումները, կարծիքներ փոխանակում երաժշտության ու մշակույթի հարցերի վերաբերյալ: Նամակներից մեկում Սպենդիարյանը ցավով տեղեկացնում է կոմպոզիտոր Ն. Ն. Ամանիի մահվան մասին: Այլ նամակներից տեղեկանում ենք նաեւ, որ Սպենդիարյանիՙ Մ. Գորկու համանուն ստեղծագործության թեմաներով գրված «Ձկնորսն ու փերին» բալլադի առաջին կատարողը նվագախմբի հետ հենց Արենսկու միջնորդությամբ եղել է ռուս անվանի երգիչ Ֆ. Շալյապինը:
Հիշարժան հանդիպումից մոտ երկու տարի անց Արենսկին այլեւս չկար, բայց այն երազային օրերը, հանդիպումները կենսուրախ, կատակասեր կոմպոզիտորի հետ անջնջելի էին մնացել ոչ միայն Սպենդիարյան ամուսինների, այլեւ Յալթայի մյուս երաժիշտ-երաժշտասերների հոգիներում:
Օգտագործված գրականություն
Սպենդիարովա Մարինա, Ալ. Սպենդիարով, Երեւան, 1966 թ.:
Спендиарова Марина, Летопись жизни и творчества А. А. Спендиарова, Ереван, 1975 г.
Цыпин Г., Аренский, Москва, 1966 г.
Ал. Спендиаров. письма, сост. К. Григорян, 2-ой том, Ереван, 1962 г.
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ
Նկար 1. Ա. Սպենդիարյանը, Ե. Զբուեւան, Ա. Արենսկին, կոմպոզիտոր Ամանիի մոտ հյուր: