ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
«Որքան մոտիկից էի ծանոթանում հայկական բնությանը, այնքան ավելի հպատակվում էի նրա կենսատու եւ խորհրդաշատ իշխանությանը: Հայաստանը լեռների երկիր է, եւ ես ամենուրեք տեսնում էի զառիվայր, վերասլաց, աշխույժ գծեր, որոնք իրենց բնույթով շարժուն, կենսառողջ նկարագրի հայելի են...
Նախապես ինձ դժվար էր հարմարվել հայկական բնապատկերներին: Ուրիշ էր մանկուց եկող էությունս: Սկսեցի որոնել այնպիսի տեսարաններ, որոնք համապատասխանում էին իմ խառնվածքին: Աշխատելով իմ բնանկարների վրաՙ ես դրանք կառուցում էին հորիզոնական-ուղղահայաց գծերով ու մեղմաշունչ գույներով, որոնք ձայնակից են իմ հոգուն, բացահայտում են իմ զգացումները, իմ եսը»:
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
Մինչեւ Գաֆէսճեան արվեստի կենտրոն կգնայի, որտեղ Հակոբ Հակոբյանի ցուցահանդեսն էր բացվելու այդ օրը երեկոյան, ձեռքիս իր հերթական հոդվածն էրՙ «Ազգ» -ի «Մշակույթ-Հավելվածում» տպագրելու ուղարկված: Ընթերցողական լսարանը ծանոթ է վաղուց Վարպետի խոհագրությանը, որ կարելի է բնութագրել նաեւ մտքերի հոսքի գրավոր արտահայտություն եւ որոնց հմայքը ինձ առանձնակի մոտ է` զարմանալի շիտակության ու պարզության համար, որեւէ կոմպրոմիսային տարրՙ ընդունված ինչ-ինչ երեւույթներին, գաղափարներին, բացառվում է, եւ այն տպավորությունն է, թե արվեստանոցում իր հետ զրույցի շարունակությանն ես հետեւում: Մտքերի անընդհատական հոսք, որ ոչ թե մի մաս է կյանքի, այլՙ այդ կյանքն ամբողջությամբ ներընկալող հոգեկան վիճակ: Բառի բուն իմաստով մտավորական, քաղաքացի. հայ մարդ, որի աշխարհընկալման սահմանները իր կյանքի հանգրվան ընտրած Հայաստան երկրի մեջ ու շա՜տ դուրս են դրանից. արվեստագետ, որի հայացքի վեկտորը լայն հորիզոնների է ուղղված: Նա մտքի որոնող է եւ քանի որ արվեստագետ է ու մեծ նկարիչ, այդ հայացքի առաջ բացվում են հոգեւոր շերտեր նախեւառաջ, որտեղ խորացող բացահայտումները փիլիսոփայական կամ հոգեւոր գիտությունների ակադեմիականությունից շատ հեռու, պարզ մտորումների ձեւի մեջ հասնում են մարդ-արարածին մշտնջենապես տանջող հարցին-նրաՙ այս աշխարհում գոյության իմաստին, մարդու կյանքի դրամային: Հոգին եւ աշխարհը, մահը եւ հավերժությունը, եւ դրանց հատման խաչմերուկներում մարդկային բանականության պայքարը:
Թվում էՙ նկարչության լեզուն, գույնի տարողությունը բավարար էինՙ թարգմանելու արվեստագետի մտքի որոնումներն ու հոգու խռովքը: Սակայնՙ ո՛չ: Վարպետը հաճախ ասում է, որ իր մտքերը հայերեն գրերով արտահայտելու պահանջ ունի. սա իհարկեՙ գրավոր խոսքի, գրականության մեջ թաքնված զորությանՙ մարդու հետ հաղորդակցվելու նախաստեղծ միջոցի ուժն է: Չէ՞ որ «Ի սկզբանէ էր Բանն», եւ այն հատուկ ակնածանքի, որ նա ունի հայոց այբուբենի, հայ գրի ու գրականության, հայ ժողովրդի, նրա պատմության եւ երկրի` այս փոքրիկ Հայաստան հողակտորի հանդեպ, որի գույների երգիչը հավասարապես ուժգին ու խորն է ապրում նրա խաղաղ ու տագնապոտ օրերի հեւքը, նրա վերելքներն ու անկումները, նրա ամեն բջիջը ու արձագանքում դրանց մերկ, կարելի է ասել ցնցող անկեղծությամբ: Ասվում են դառը ճշմարտություններ հաճախ, որ սակայն անչար ու նույնքան շիտակ են: Այդպես մտածում ու այսպես խոսում են աշխարհի հետ մեծերը, որովհետեւ իրենք էլ գիտեն ու մենք էլ գիտենքՙ մարդու ժամանակի տեւականությունն այս տիեզերքում ապահովելու գաղտնիքըՙ մտքի եւ ոգու ստեղծագործ ուժի զորությունը, որ ժամանակի նկարագիր է ձեւավորում, պատմություն ստեղծում, կյանքը պահպանում:
Հակոբյանի նկարչությունը շատ նման է իր երկրին, որի կենդանի բնանկարը իր արվեստանոցի պատուհանից է ուղղակի ներս խուժում: Հրազդանի կիրճին նայող իր հայացքի հորիզոններին ծավալվում է կյանքի մի ամբողջ դրամաՙ մանկությունից դեռ սկսվող, իր հայրերի տարագիր ցավից ծնված ու թանձր հիշողություն դարձածՙ երիզված ապրած օրերին, իր մերթ լացող, մերթ խնդացող հոգուն, որի ելեւէջների նկարչական արտահայտումները որքան խորն են, նույնքան սեղմ է լեզուն, խստաոճՙ ձեւերի մեջ, եւ գունային տարածումներն էլ այդպիսին են, զուսպ երանգներ, մեղմ տոնայնություններում:
Այդ ոճը, մտածողությունը եգիպտական իր ծննդավայրից արդյոք չե՞ն սերում, հին աշխարհի իմաստուն երկրի բուրգերի շունչը չի՞ նաեւ անդրադարձած-դաջված արվեստագետի հոգու կտավներին: Հայաստան նա եկավ 1962-ի աշնանըՙ արդեն կայացած նկարիչ, երբ ուսումնառության առաջին փորձն առել էր Կահիրեի Գեղարվեստի ակադեմիայում եւ ապա Եգիպտոսի հայկական գաղութի հովանավորությամբ մեկնել Փարիզՙ սովորելու Անդրե Լոտտի եւ Գրան-Շոմիեր ակադեմիայում, իսկ հետո մասնակցել Ալեքսանդրիայի առաջին եւ երկրորդ բիենալեներին: Այդ տարիներինՙ 1959-61, Եգիպտոսի թանգարանները ձեռք բերեցին նրա գործերից: Մինչեւ Հայաստան գալը, նա տասը նկար նվիրել էր մեր Ազգային պատկերասրահին: Հայրենիք վերադարձի առաջին 5 տարիները ընտանիքի հետ ապրեց Լենինականում, հետո տեղափոխվեց Երեւան: Սովետական կյանքի բեկումնային շրջանն էր, 60-ականների ձնհալը, ազատ մտածող մարդկանց, գեղագետների մի ամբողջ սերունդ էր գալիս, եւ Հակոբ Հակոբյանը այդ ավանգարդ մտածողության մեջ նոր ձեւեր ու երանգ, նոր շունչ էր բերում:
Նկարչի այս ցուցահանդեսը, կազմակերպությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի, իրենց բնորոշմամբՙ հայ ժամանակակից արվեստի առաջատար միտումները եւ հայկական մշակույթի լավագույնը ցուցադրելու նպատակով, ներկայացնում է Վարպետի աշխատանքների հրաշալի ընտրանիՙ սկսած 1961-ից («Վիշտը», «Մարդը եւ բույսը»), մինչեւ 2011-ի նրա վեջին նկարչական գործերը («Սիրո պարտեզ», «Պան», «Համբույր» ...) եւ քանդակները: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հրատարակած ճաշակավոր, ցուցադրությանը համահունչ կատալոգը («Փրինթինֆո») ամփոփում է նկարների իլյուստրացիաները, Վարպետի կենսագրական եւ ստեղծագործական տվյալներ, իր նկարչության մասին խոսքերի ընտրանի, արվեստաբան Շահեն Խաչատրյանի ընդարձակ վերլուծումները, կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանի եւ Հակոբ Հակոբյանի երախտիքի խոսքը:
«Հողեղեն գույների երգը» - բանաստեղծական խորագիր է նկարիչն ընտրել: Տրամադրությունների արձագա՞նք է, թե՞ հողի` հայրենիքի հետ իր կապի: Նրա նկարչության ամենամեծ խորհուրդը հողն էՙ երկրի իմաստուն «հայացքը», կյանքը սկզբնավորողն ու նրա ավարտը ամփոփողը, եւ որտեղ անդադար մենք փնտրում ենք հացը մեր հանապազօրյա... Հողի թաքնված գույները նույն գույներն են աշխարհի` միայն ավելի մեղմ, ավելի հանդարտ, ավելի իմաստուն: Հակոբյանի վրձինը նրանց մեջ է թաթախվում, նրանցից առնում իր ուժը:
Պատկերի մենախոսությունն այնքան է տեւական, որքան խորն է գաղափարը: Հակոբ Հակոբյանի արվեստը մտածող նկարչություն է, սա վաղուց է հայտնի, ինչպեսեւՙ նվազագույն արտահայտչամիջոցների նրա լեզուն եւ մետաֆիզիկ զգացողական մթնոլորտը: Նկարի հանդարտ ծավալվող մակերեսներին հայտնված նշանները մտքի կենտրոնացում են պահանջում ու քեզ հետը տանում: Մթնոլորտ ստեղծող «պերսոնաժները շատ չեն, հիմնականում մի քանիսըՙ ամայի դեղնաշեկ ճանապարհ, հատ ու կենտ, ցաքուցրիվ կամ խմբերով քարեր, դարչնավուն խենթացնող բլուրներ ցածրիկ, կլոր փոսորակներ, մենավոր ծառերՙ բարալիկ ճյուղերի մերկ նրբագծերով, չորուկ սիզախոտ կամ փշածաղիկ եւ էլեկտրասյուներՙ ուղղաձիգ, աստիճանաբար հեռվացող` իմաստային լիցք կրող, որոնք նկարի մագնիսականությունն են ապահովում: Մի կողմիցՙ ամուր, պինդ նյութի նոսրացում, մյուս կողմիցՙ նրբանկարային գծագրումներ, որ հաճախ երազային նինջ են բերում:
Ահա «Տերը» (1987). մարդկային կյանքի մի ամբողջ դրամա, միջօրե, ամայի տարածություն, անտերունչ վիճակ, քարակույտին նստած տղամարդու մենակություն: Էքսպոզիցիայի կենտրոնական նկարըՙ ցուցասրահի դիմացի պատին կախված «Անդորրը» (1970), Հակոբ Հակոբյանի գեղանկարչական մտածողության սինթեզն է: Ճիշտ վերում ասվածի պես, նկարը հայացքդ գամում է իրեն, սոսնձում, ստեղծվում է մտքի արագ կապ. ջրանցք` երկփեղկած հողաշերտովՙ ափին մեկ-երկու ծառեր, եզրին փշաբույս: Լանդշաֆտի գունային տարածումները` բաց դեղնի, կաթնաթույրի, կանաչի ու դարչնի, թույլ մոխրագույն երկնքից «իջնող ստվերի» ճերմակ անդորրության մեջ են: Այդ անդորրը ջրի հայելանման մակերեսի բարակ սյունի պարզ արտացոլանքի մեջ է կարծես թաքնված. ուղղաձիգ սյունը ջրանցքի ու նկարի « հեռավորության» միջեւ կապ է ստեղծում, միտքը անվերջության մղում:
Անվիճելի է Հակոբյանի նատյուրմորտների դասականությունը, պատկերի կատարյալ բյուրեղացումը. միայն «Ծաղիկներ եւ ձեռնոցներ», «Նատյուրմորտ մանեկենով եւ ծաղիկներով»-ը (1968) բավարար են:
Նկարչի ձեռագիրը նոր արտահայտչամիջոցների հաճախ է դիմում, եւ այստեղ նա անակնկալների իսկական վարպետ է: Վաղ շրջանի մարդկային ֆիգուրներն աստիճանաբար փոխվում են, իր ներքին մտածումներն ու զգացմունքներն արտահայտելու համար նա մոտենում է իրերի աշխարհինՙ առաջին հայացքից ոչ այնքան նկարչական օբյեկտներ, ինչպեսՙ մանեկեններ, մարդկային հագուստներ: Մարդը առաջին պլանից դուրս է մղվում: Այս հնարանքը ավելի է սաստկացնում, խտացնում նրա նկարչական մտածողությունը («Օրը», 2007), «Սիրողները», 2008)):
Կանացի նրբազգեստը, տղամարդու պիջակը, մանեկենը, դառնում են իրական պերսոնաժներ, որոնց հետեւում զգում ես սիրող զույգերի մտերիմ փաղաքշանքը: Հակոբյանը փոխակերպում է շրջապատող աշխարհը, նա իրերի երեւույթին հաղորդում է նոր բովանդակություն եւ գործողության մեջ դնում նրանց, անսպասելի, տարօրինակ ջերմ վերաբերմունք ստեղծում իրերի հանդեպ: Այդպիսին է «Գթասրտություն»-ը (2003). երկրաչափական ձեւերի ճշգրտություն, գծի, պատկերի մաքրություն, լուսանկարչական հստակություն, փոքր-ինչ խստություն եւ դրա մեջ մարդկային ամենափխրուն զգացումըՙ գթասրտությունը: Իրերի մեջ շատ ընդգծված են սրատամ կտրիչներըՙ մետաղյա ունելիներ, աքցաններ, պտուտակահաններ: Նրանք գրեթե ամենուր են, կապտախաղաղ երկնքում, սենյակի հանդարտ մի անկյունում, ինչ-որ մի տեղ, գլխավերում: Վա՞խն է մարդուՙ կյանքի անհայտ ուժերից, հակասությո՞ւնը երեւույթների, աշխարհի երկբեւեռությո՞ւնը: Թերեւս պատահական չեն այս իրերի հետագա փոփոխությունները. դրանք այնքան ակտիվ են, որ մտքում հասունանում, վերափոխվում ու դառնում են հիմնական գործող «անձեր»: Երկար մի ընթացք լինելով զգացմունքների դաշտում` կերպավորվում, դառնում են դյուրաբեկ ու հաղորդական: Մետաղե ֆիգուրների միջոցով նկարիչը արտահայտում է մարդկային ապրումների, տրամադրությունների մի ողջ գունապնակՙ սիրո. հավատարմության, նվիրվածության, մենակության, լքվածության: Այս զրույցը աշխարհի լռության հետ զգացմունքային խորք ունի, նկարչի անմիջական, տպավորվող խառնվածքի, նրա փխրուն հոգու մի դրսեւորումն է:
Վերջին շրջանի «Սիրո պարտեզ» շարքի նկարներում փոխվում են իրականությունը, ժամանակի զգացողությունը. ծանոթ մետաֆորների կողքին հայտնվում են նոր պերսոնաժներ, հունական անտիկ քանդակի պատկերներ, դիցաբանության տարրեր, որոնք դեկորացիոն հնարքներ չեն զուտ, այլ` կարծես նշան ժամանակների մերձեցման, մտքի փոփոխության, արագության, ինչ-որ տեղ կյանքային պայմանականության («Զրույց. Սիրո պարտեզ», 2011):
2011-ի վերջին գործերից է «Քունը», որ սիրում է ավելի երկար դիտել տալ, զգալ: Դժվար է ասելՙ նկարչի մտքերը որտե՞ղ, ո՞ր հեռուներում են եղել նկարը ստեղծելիս: Զգացողությունը, սակայն, հուշում է այլ բան. պատկերի մտերիմ-խաղաղ մթնոլորտը թվացյալ է. աստիճանաբար խամրող գույների լռությունը, պատուհանի թույլ լուսավորությունը, նկարակալին դրված կտավի ճերմակ հայացքը ժամանակի մի տեւական դադար են բերում, նինջ, հանգիստ, լուռ դրամատիզմ է նկարում:
...Այս ժամանակի մեջ արձանագրվել է պահը երեկոյի ` հայացքը սիրո, երանելի փոխըմբռնումը հոգու, որ խոստանում է շարունակությունը կյանքի արարման...
Նկար 1. «Նատյուրմորտ. ծաղիկներ եւ ձեռնոցներ», 1986
Նկար 2. «Զրույց. Սիրո պարտեզ», 2011
Նկար 3. «Անդորր», 1970