ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ
(կամ վարքագրության ժանրի վերածնունդը Հայաստանում)
Անցյալ դարի 90-ական թվականներին Փարիզում լույս տեսնող «Ռուսկայա միսլ» նշանավոր թերթը մի ընդարձակ հարցազրույց էր տպագրել Լավրենտի Պավլովիչ Բերիայի որդու հետ, որտեղ, մարդկության պատմության ամենաճիվաղային հրեշի ժառանգը ձգտում էր ապացուցել, որ իր հայրն այնքան էլ վատ մարդ չէր, որ նա շա՜տ ազնիվ, մաքո՜ւր, լուսավո՜ր նպատակներ ուներ, որ ընտանիքում ծայր աստիճան բարի, հոգատար ու նրբանկատ հայր էր եւ ամուսին, եւ այլն, եւ այլն:
Այս հրապարակումը վրդովմունքի մի ալիք բարձրացրեց ընթերցողների շրջանակում: Օրեր շարունակ մարդիկ զանգում եւ գրում էին խմբագրություն, պահանջելով ներողություն խնդրել տասնյակ միլիոնավոր զոհերի հիշատակն անարգելու համար: Դրանց թվում էի նաեւ ես: Հերթական հոդվածս տանելով խմբագրություն, թերթի բաժնի վարիչ, «Գուլագում» տարիներ անցկացրած նշանավոր այլախոհ Ալեքսանդր Գինզբուրգին, խնդրեցի բացատրել, մեղմ ասած, այդ թյուրիմացությունը: «Հասկացիր խեղճ տղային, շա՜տ ծանր է նման հայր ունենալ, - ասաց նա եւ ավելացրեց. - Սա դեռ ոչինչ, նա գիրք է գրել հոր մասին, հապա որ այդ գիրքը կարդաս` մազերդ բիզ-բիզ կկանգեն. իսկական սրբոց վարքագրություն է»:
Անդրադառնալով Գրիգոր Աճեմյանի «Գուրգեն Մահարին եւ ռուս գրականությունը» հոդվածին («Ազգ», 07.05.2011թ., մշակութային հավելված, էջ Դ) ամենեւին նպատակ չունենք համեմատության եզր փնտրելու Բերիայի եւ հայ գրողի միջեւ, թեկուզ այն պատճառով, որ մեկը «Գուլագի» ճարտարապետն էր, մյուսը` դրա զոհը: Սակայն, մեր խորին համոզմամբ, համեմատելու բան կա նրանց որդիների միջեւ. ամեն գնով (բարոյական նորմերը ոտնահարելով, մարդկանց ապուշի տեղ դնելով, շանտաժի ենթարկելով, փաստերը խեղաթյուրելով, շարունակ զրպարտելով, սեւը սպիտակ ներկայացնելով եւ այլ անթույլատրելի միջոցներ գործածելով) սրբի լուսապսակ զետեղել իրենց հոր ճակատին:
Կրկնում ենք` Մահարին Բերիա չէ, ամենեւին, սակայն իր ժառանգի առջեւ, այնուամենայնիվ, լուրջ խնդիրներ է դնում. ոչ միայն մշտապես «բարեկարգել» իր հոր ֆասադը` ջանասիրաբար մաքրելով մի շարք անպատվաբեր բիծ ու լաքաներից, այլեւ ներկայացնել նրան որպես չգնահատված գրական բացառիկ մի դեմք, մի կորիֆեյ, ինչո՞ւ չէ, նաեւ հանճար:
Ժամանակ առ ժամանակ, մամուլի էջերում հանդիպում ես որդու սիզիփոսյան անհատնում ջանադրության վկայություններին, եւ ուզում ես նրան հիշեցնել, որ պատմությունն արդեն հանել է իր արդար վճիռը եւ որ մեկը չէ, այլ տասը-քսան-հարյուր որդի եթե օրնիբուն մամուլի էջերը լցնեն իրենց փառաբանություններով, ճանճը փիղ դարձնեն, միեւնույն է, իրենց հոր գրական կշիռը կես գրամով անգամ չպիտի ծանրանա: Միաժամանակ, ներողամիտ ժպիտով, միակ, քիչ թե շատ ընդունելի բացատրությունն ես գտնում. ի՞նչ կարող ես անել, որդին նախանձախնդիր է հոր հիշատակի հանդեպ, թեկուզ չափազանցելով, թեկուզ առասպելներ հյուսելով, հոր թիկունքին թեկուզ հրեշտակի թեւեր սոսնձելով... Թող գունազարդի, ի վերջո դա հանցանք չէ:
Նորօրյա այս միթոսաբանությունն իսկապես կարելի էր անուշադրության մատնել, եթե որդին սահմանափակվեր միայն հարաբերականորեն անվնաս զբաղումով` իր հոր վարքագրությունը շարադրելով: Բայց խնդիրն այն է, որ հոր վրայից շարունակ «մաքրվող» կեղտն ու ցեխը շպրտում է ուրիշների, հիմնականում իր հոր հետ քիչ թե շատ առնչություն ունեցած մարդկանց վրա: Դա կատարվում է «մաքրաջրմանը» զուգընթաց, անդադար, իր յուրաքանչյուր հրապարակման մեջ: Օգտվելով ամենաթողության մթնոլորտից, այս անձնավորությունը թերթերն ու հանդեսները հեղեղել է իր շարադրանքներով: Զարմանք ու զզվանք է առաջացնում այս առատությունը: Խաչատուր Աբովյանի պես լուսավոր հանճարի 200-ամյակն անցավ վիրավորական լռության մեջ, մինչդեռ մեր գրականության դեմքերից մեկի միալար փառաբանությունը գյուղական ռադիոյի պես զօրուգիշեր հնչում է մեր ականջներում: Հավանաբար հեռու չէ այն օրը, երբ այս քաղաքացին «խնդրելու պես պահանջի»(ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ), չի բացառվում նաեւ սպառնա, շանտաժ անի Մայր Աթոռ Ս. Էջմիածնին` իր հորը Հայոց Առաքելական եկեղեցու երանելիների շարքում դասելու:
Բայց վարքագրության ժանրն իր խստիվ կանոններն ունի, որ հաստատվել են քրիստոնեության առաջին դարերից եւ առ այսօր մնում են անփոփոխ` սրբին, նահատակին ներկայացնել միայն լույսի մեջ, նրա կենսագրությունը մաքրել ամենաանշան փաստերից, որ կարող են չնչին մի շուք ձգել եւ, ամենակարեւորը` որեւէ առիթ, որեւէ պատճառ, որեւէ պատրվակ չտալ նրա մասին պանծացումից զատ ուրիշ բան մտածելու: Իսկ եթե նրա կենսագրության մեջ եղել են հոռի էջեր, ապա մոռացության մատնել եւ մանավանդ ընդդիմախոսներին առիթ չտալ, չդրդել, չստիպել այդ մասին խոսելու:
Մեր վարքագիրը, սակայն, աջ ու ձախ խախտում է այս իմաստուն սկզբունքը, եւ խախտում է ագրեսիվ, քինախնդիր ու բութ մի հետեւողականությամբ` մոռանալով, որ ապակե տան մեջ ապրողն ուրիշի տանը քար չպիտի գցի: Այսինքն, ի՜նչ ապակե տուն, նրանը ավելի շուտ Նուֆ-Նուֆի ծղոտե հյուղակն է, որի տերը շարունակ վառվող լուցկի է գցում ուրիշների բոստանը, անտեսելով, որ իր խարխուլ կացարանը մի չնչին կայծից կարող է մոխրի վերածվել:
Եվ կարդալով այս մարդու ձախավեր շարադրանքները գալիս ես մի համոզման. որդին վճռել է վերջնականապես խայտառակել իր հորը, եւ այդ վճիռը հաջողությամբ ի կատար է ածում` ստիպելով իր ընդդիմախոսներին հիշեցնել հոր «սխրանքները», որոնք պիտի աշխատեր ամեն գնով մոռացության փոշիների տակ պահել: Սակայն ոչ, անխոնջ հավաքարարի պես, լաթը ձեռքին շարունակ մաքրում է այդ փոշիները եւ ի ցույց դնում հանրությանը. տեսե՛ք, թե իմ հայրն ինչե՜ր է արել, եթե մեկ անգամը բավական չէր, եթե չդրոշմվեց ձեր հիշողության մեջ, ոչինչ, անհոգ եղեք, ես նորից ու նորից առիթներ կստեղծեմ, որպեսզի իմ կողմից շանտաժի ենթարկված անձինք կրկնեն այդ քստմնելի պատմությունները... [1]
Դիմենք փաստերին. «Գարուն» ամսագրի 2004թ. հոկտեմբերյան համարում տպագրված իր «Կարճ նամակում» այս անձնավորությունը, առանց անհրաժեշտ մեկնաբանությունների, զետեղել է իր հոր նամակը` հասցեագրված այդ օրերի ՀԳՄ Ա քարտուղար Էդվարդ Թոփչյանին: Նամակագիրը բողոքում է գրական կազմակերպության ղեկավարին, թե ինչու է նա զանգել «Լիտերատուրնայա գազետա» թերթի խմբագիր Ալեքսանդր Չակովսկուն եւ կանգնեցրել նամակագրի` Գ. Մահարու հոդվածի տպագրությունը:
Բանից անտեղյակ մարդու մոտ (իսկ այդպիսիք այսօր ընթերցողների 99% է), ստեղծվում էր տպավորություն, որ Հայաստանի գրական կազմակերպության ղեկավարը փոխանակ օգներ հայ գրողներին հաճախակի ելույթ ունենալու համամիութենական մամուլում, անում էր ճիշտ հակառակը:
Ստիպված եղանք պատասխան նամակ գրել «Կարճ նամակ»-ին` բացատրելու համար, թե ինչու է Էդ. Թոփչյանը դիմել այդպիսի արտառոց քայլի եւ այդ ինչ հոդված էր, որի հրապարակումը նա կասեցրել էր (Ալ. Թոփչյան, «Արջի ծառայություն սեփական հորը», «Գարուն», 2005թ. N10):
Խոսքը Գ. Մահարու տխրահռչակ զրպարտագրի մասին է, որը նա մոգոնել էր 1964թ., Պարույր Սեւակի «Մարդը ափի մեջ» ժողովածուի հրապարակումից հետո` մեղադրելով բանաստեղծին գրագողության մեջ: Դա թունավոր պտուղն էր ամիսներ տեւած մի կատարյալ դավադրության, որի նպատակն էր բարոյապես սպանել օրեցօր համաժողովրդական հռչակ ձեռք բերող բանաստեղծին: Այլ կերպ ասած, Գ. Մահարին, մի քանի գրողի աջակցությամբ ստանձնել էր Պ. Սեւակի գերեզմանափորի դերը` նրա իսկ կենդանության օրոք: Հոդվածն արդեն շարված էր եւ պիտի լույս տեսներ «Գրական թերթ»-ում, սակայն Էդ. Թոփչյանն արգելեց եւ թույլ չտվեց նաեւ, որ այդ խնդիրը քննարկման նյութ դառնա ՀԳՄ ժողովներում:
Տեսնելով, որ կոլեկտիվ ջանքերով թխված պատժամիջոցը հնարավոր չեղավ իրենց ուզածով «գործածել» Հայաստանում, Մահարի եւ այլք որոշեցին այն հանել միութենական ասպարեզ: Բայց այստեղ էլ նրանց բախտը չբերեց, քանզի 1967թ. Էդ. Թոփչյանը Մոսկվայում աշխատում էր որպես միութենական քարտուղար եւ նա վճռականորեն կանխեց նման նյութի հրապարակումը «Լիտերատուրնայա գազետա»-ում: Եվ Գ. Մահարին տեսնելով, որ երկրորդ անգամ ձախողեց, որ չկարողացավ իր անմաքուր ծրագիրն իրագործել, էպիստոլյար ժանրով իր դժգոհությունն է հայտնում Էդ. Թոփչյանին` չքմեղանքով, խեղաթյուրելով փաստերը, դիմացինին ապուշի տեղ դնելով:
Եթե որդին իսկապես նպատակադրվել է իր հոր հիշատակը հավերժացնել, լուսապսակ դնել նրա ճակատին, վերջապես, ներկայացնել որպես անբասիր, օրինակելի մի մարդ, ապա պիտի ջանար լռության մատնել այս նամակի գոյությունը, իսկ եթե հարկ լիներ, Մատրոսովի պես կրծքով փակեր դրա հրապարակման հնարավորությունը, սակայն արի ու տես, ոչ միայն հրապարակում է, այլեւ հոխորտում, պաշտպանության տակ առնում մեղավորին, մեղադրում անմեղին` ստիպելով լույս աշխարհ հանել այդ նամակին նախորդող խայտառակ փաստերը, ավելի՛ քան խայտառակ, քանզի մեր տասնյոթդարյա գրավոր գրականության պատմության մեջ երկրորդ նման երեւույթ անհնար է հիշել, երբ գրողը գրողի դեմ ամիսներով որոգայթ է լարում, տարիներով հետապնդում, որպեսզի վաստակած պատվանդանից գցի, բարոյապես ջախջախի:
Վկա է Աստված, մենք ցանկություն չունեինք այդ զազրելի պատմության մասին խոսելու, առավել եւս գրելու, մի պատմություն, որի բոլոր մանրամասները ծանոթ են մեզ: Այդ թվականին ես աշխատում էի «Հայպետհրատ»-ի գեղարվեստական բաժնում` որպես խմբագիր: Դա գրական երկրորդ կենտրոնն էր Գրողների միությունից հետո, եւ այն ինչ վրիպում էր իմ ուշադրությունից տանը, լրացնում էի աշխատանքի տեղում: Ուզեի թե չուզեի, քանի որ այդ օրերին, գրականության հետ քիչ թե շատ առնչություն ունեցող շրջանակների քննարկման նյութն էր դա: Եվ չնայած մեր քաջատեղյակությանը, տարիներ անց ցանկություն չունեինք այդ պատմությունը վերհիշելու: Մենք գերադասեցինք լռել անգամ երբ 90-ական թվականներին մամուլի էջերից մեզ հրավեր հնչեց` երեւան հանել որոշ մանրամասներ: Սակայն չէինք կարող այլեւս լռել, երբ որդին իր հորը սրբագործելու տեւական ջանքերի մեջ, բացարձակապես հանիրավի, անարգում էր Էդ. Թոփչյանի հիշատակը:
Վերոնշյալ մեր պատասխան նամակում չուզելով, մեր կամքի դեմ գնալով ստիպված եղանք վեր հանել հոր նամակի անանազնիվ դրդապատճառները եւ որոշ դրվագներ հիշեցնել «գրագողության» պատմությունից:
Մենք ծանր եւ հիմնավորված մեղադրանքներ էինք ներկայացրել հորը: Արժանապատվություն ունեցող որդին դրանք կարդալուց հետո պիտի
Ա/ գար եւ զեն ի ձեռն վերականգներ հոր պատիվը կամ
Բ/ Քիլլեր վարձեր կամ
Գ/ Անժխտելի փաստերով հերքեր մեր մեղադրանքները եւ ներողություն պահանջեր կամ
Դ, Ե, Զ, Է, Ը... եւ կամ
Ֆ/ Ձայնը կտրեր եւ այդուհետ աջ ու ձախ մեղադրանքներ չշպրտեր մարդկանց հասցեին:
Սակայն որդին ընդամենը հերթական նամակը տպագրեց «Գարուն»-ի էջերում, որտեղ ոչ մի անդրադարձ չկար մեր ներկայացրած մեղադրանքներին: Դա կերկեր ձայնով հնչեցրած թշվառ մի քրթմնջոց էր, որին հարկ չհամարեցինք պատասխանել, որովհետեւ պատասխանելու բան չկար:
Թվում էր, թե որդին լավ յուրացրեց դասը եւ այլեւս ձեռնպահ է մնալու ուրիշների վրա ցեխ գցելուց եւ իր հորը խայտառակելուց: Սակայն կարդալով «Ազգ»-ի ներդիրի վերոնշյալ հոդվածը, ստիպված էինք վերստին համոզվել, որ նա մտադիր չէ փոխել իր նկարագիրը [2]: Ավելին, նա ցուցաբերում է նոր «ձիրքեր», ոչ միայն զրպարտում, այլեւ այդ անպատվաբեր գործունեության մեջ ներքաշում գործից կատարելապես հեռու առաքինի մարդկանց` նրանց բերանը դնելով բառեր, որոնց իսկությունն անհնար է ստուգել: Հոր հերթական նամակից մեջբերում ենք կարդում, որտեղ, ըստ նրա վկայության, Նագուշ Հարությունյանն ասել է, թե Գրողների միությունը «մորգ է... մեռելատուն»:
Բացառվում է, որ Նագուշ Հարությունյանն այդպիսի բան ասեր:
Նամակը գրված է 1968թ. հունիսի 12-ին, երբ Ն. Հարությունյանը ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահն էր, իսկ Էդ. Թոփչյանը Գերագույն Խորհրդի նախագահն էր, նրանք միասին էին աշխատում, նրանց հարաբերությունները բարեկամական էին, եւ Ն. Հարությունյանն ստոր ու երկդիմի մարդ չէր, որ երեսից մի բան ասեր, իսկ թիկունքից, հոր վկայությամբ` մեկ ուրիշ:
Կա նաեւ հարցի քաղաքական-գաղափարական կողմը. Ն. Հարությունյանը, պաշտոնի բերումով, ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ էր, որտեղ, որոշակի հաճախականությամբ, քննարկման նյութ էին դառնում Գրողների միության ժողովներում արծարծված ազգային-հասարակական կենսական խնդիրները: Ինչպե՞ս կարող էր «մորգը» այդքան անհանգստություն պատճառել կուսակցական այդ բարձրագույն մարմնին: Իսկ Գրողների միությունում մշտապես եւ հաճախակի քննարկվում էին կարեւորագույն խնդիրներ, այդ ժողովների ելույթները բերնե-բերան տարածվում էին հանրապետությունով մեկ, հասնում Սփյուռք: Հարաբերական ազատության պայմաններում տեղի էր ունենում մտքերի խմորման, գաղափարների ձեւավորման մի բարդ պրոցես, որը կարոտ էր հմուտ ղեկավարման, որպեսզի ընթանա ճիշտ հունով: Գրական ղեկավարից պահանջվում էր ոչ միայն սեփական ժողովրդի պատմության եւ մշակույթի խորը իմացություն, այլեւ դիվանագետի ունակություններ` պատմական կարեւոր առաքելությունը անխափան իր ավարտին հասցնելու համար, կարողանալու ամբողջատիրական վարչակարգի պայմաններում տալ եւ՛ Աստծո, եւ՛ կայսեր տուրքը: Ահա ինչու հենց Գրողների միությունն էր, որ հիսնականների երկրորդ կեսից եւ վաթսունականների սկզբից նախապատրաստեց եւ իր լրումին հասցրեց 1965թ. ապրիլի 24-ի համաժողովրդական պոռթկումը: Ինչպե՞ս կարող էր «մեռելատունը» մի ամբողջ ժողովուրդ ոտքի հանել: Այդ ամենը հայտնի է, այդ մասին խոսվել ու գրվել է բազմիցս... Բայց ի՞նչ օգուտ, նա սպիտակը սեւ է տեսնում, որովհետեւ այս պահին նրան այդպես է պետք: Նամակի գրության թվականն ամեն ինչ ասում է. 1968 թվականն էր, հայրը չկարողացավ Պ. Սեւակին տապալել եւ գումարած դրան տպագրեց իր խնդրահարույց վեպը, որն ամենեւին ոգեւորություն չառաջացրեց Գրողների միությունում: Ճի՛շտ հակառակը: Երկուսի «մեղավորն» էլ Էդ. Թոփչյանն էր, հետեւաբար պետք է բարոյական բոլոր նորմերը խախտելով սեւացնել նրա գործունեությունը:
Սակայն որդին շարունակելով եւ ստեղծագործաբար զարգացնելով հոր ավանդները գտնում է, որ Էդ. Թոփչյանն ուրիշ մեղքեր էլ ունի. «Համոզվում ես, որ հանրապետությունում չի տարվել ոչ մի կենդանի աշխատանք երիտգրողների հետ, - գրում է որդին կոմսոմոլի շրջկոմի հրահանգչին վայել ոճով եւ շարունակում արհեստավարժ «կլյաուզնիկի» հմտությամբ: - Նրանցից շնորհալիները իրենց ճանաչումն այստեղ գտնում էին միութենական մամուլում ընդունվելուց հետո: Նման իրավիճակը ստեղծվել էր շնորհիվ թոփչյանական գրական «քաղաքականության» :
Սա մի բազմահարկ սուտ է:
«Երիտգրող» ասելով եթե նկատի ունի այդ օրերին արդեն հայտնի, շուրջ երեսնամյա Հրանտ Մաթեւոսյանին, Զորայր Խալափյանին, Լյուդվիգ Դուրյանին, Պերճ Զեյթունցյանին, Արամայիս Սահակյանին, Ռազմիկ Դավոյանին, Ռազմիկ Տոնյանին, Արեւշատ Ավագյանին, Կարեն Սիմոնյանին, Կամարի Տոնոյանին, Մանուկ Մնացականյանին, Սուրեն Մուրադյանին, Կարայան Ռոբերտին եւ այլն, ապա 1968 թվականի հունիսի 12-ի դրությամբ նրանք արդեն հասցրել էին առնվազն երկու-երեք գիրք տպագրել Հայաստանում, նրանցից մի քանիսի սցենարներով արդեն ֆիլմեր էին նկարվում եւ բեմադրություններ արվում, նրանց գործերը թարգմանվում էին ոչ միայն ռուսերեն, այլեւ միութենական այլ լեզուներով, պարբերաբար գրախոսվում, քննարկվում, վերլուծական հոդվածների նյութ դառնում, եւ այս ամենը կատարվում էր Էդ. Թոփչյանի օրոք, նրա քաղաքականության շնորհիվ: Սրանից ավելի լավ էլ ի՞նչ կարելի էր անել, որպեսզի որդին այսօր բարեհաճեր չզազրաբանել:
Իսկ եթե նկատի ունի ավելի երիտասարդ գրողներին, ապա 1967 թ. հունվարից արդեն լույս էր տեսնում Գրողների միության օրգան «Գարուն» ամսագիրը, որի էջերին, առաջին իսկ համարից հաստատվում էր բանաստեղծների եւ արձակագիրների մի նոր սերունդ` Սլավիկ Չիլոյան, Դավիթ Հովհաննես, Արտեմ Հարությունյան, Հենրիկ Էդոյան, Ալվարդ Պետրոսյան, Գրիգոր Ջանիկյան, Հրաչյա Սարուխան, Արմեն Մարտիրոսյան, Էդվարդ Միլիտոնյան, Ղուկաս Սիրունյան, Վրեժ Իսրայելյան, Վահե Պողոսյան... Նրանք կարճ ժամանակում ճանաչում գտան ոչ միայն Հայաստանում, այլեւ մյուս հանրապետություններում: Ռուսական «հաստ» ամսագրերն ամենայն ուշադրությամբ թերթողն իր քթի տակ չտեսա՞վ ավելի քան 100.000 տպաքանակով լույս տեսնող, բառացիորեն բոլոր տները մտնող ամսագիրը: Չտեսնել չէր կարող, բայց չտեսնելու էր դնում, որովհետեւ նրան պետք էր չտեսնել:
Վեց տարի առաջ մեր պատասխան նամակում որդուն խորհուրդ էինք տվել իր հոր նամակները տպագրելիս լինել շա՜տ զգույշ եւ շատ չփորփրել, քանզի հայտնի չէ, թե տակից ինչ դուրս կգա, բայց քանի որ վճռել է վերջնականապես խայտառակել իր հորը, ապա փոշիների տակից հանում ու հրապարակում է նամակներ, որոնք պիտի ամեն գնով հեռու պահեր հանրության աչքից: Օրինակ` պե՞տք էր արդյոք հոդվածում մեջբերել` հոր «անաչառությունը» փաստող այս մի քանի տողը. «Վատ մարդ է այդ Չակովսկին, արձակագիրը(?) եւ քննադատը(??): Իսկ որպես խՌՑ. չՈջպՑՈ-ի խմբագիր անշնորհք խոտանարար է... Եվ ընդհանրապես խՌՑ. չՈջպՑՈ-ն դա ի՞նչ սՌՑ. չՈջպՑՈ է, այնտեղ ամեն ինչ կա բացի գրականությունից...»:
Մեջբերումն, ինչպես միշտ, արված է առանց անհրաժեշտ մեկնաբանությունների: Լրացնենք այդ բացը. Ալեքսանդր Չակովսկին «վատ մարդ» էր հոր համար, որովհետեւ Էդ. Թոփչյանի ահազանգից հետո չտպագրեց` Պ. Սեւակի «գրագողությունները» մերկացնող հոր հոդվածը: Ահա թե ինչու խիղճը կորցրածՙ անգթորեն փնովում է Խորհրդային Միության լավագույն խմբագիրներից մեկին, որդին էլ, ապուշի տեղ դնելով մեզ, տպում է հոր անզոր քինանխնդրությունը վկայող այդ տողերը:
Այսօրվա ընթերցողներից ո՞վ գիտի, որ «Լիտ. գազետան» Ա. Չակովսկու շնորհիվ դարձավ Խորհրդային Միության ամենաընթերցվող թերթերից մեկը, որ տպաքանակը հասավ երեք ու կես միլիոնի, որ այդտեղ ամեն համարում կարելի էր մի քանի սուր, հետաքրքրական հոդվածներ կարդալ, որ թերթը հանգամանալից քննարկում էր հասարակության բոլոր խնդիրները, այդ թվում եւ գրականությունը: Տողերիս հեղինակն առիթներ է ունեցել այդ թերթի էջերում հոդվածներ տպագրելու հայ արդի գրականությանը նվիրված: Ինչ վերաբերում է արձակագիր Ա. Չակովսկուն, ապա նրա «Բլոկադան», նախեւառաջ քաղաքացիական իր պարկեշտությամբ, ինչո՞ւ չէ, նաեւ իր գեղարվեստականությամբ, մեր խորին համոզմամբ, բարձր է «Այրվող ագեստաններից»: Ի տարբերություն հայ գրողի, ռուս գրողը հիանում է իր ժողովրդի ոգու արիությամբ, եւ ոչ թե ծաղրի ենթարկում ու սեւացնում, ինչպես հայրը: [3]
Որդու խնդրո առարկա հոդվածում մեջբերված է մի նամակ, որն ավելի ճիշտ կլիներ անվանել մատնագիր: Հարցն այն չէ միայն, որ նամակը գրված է 37 թ. ոգով ու ոճով, այլ որ գրողը նամակ է հղում ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղարին եւ զրպարտում գրական կազմակերպության ղեկավարին, որի անդամն է ինքը: Այդ տարիներին գրողները հաճախ էին վիճում, կռվում, պատահել է, որ գործը հասել է բռունցքներին, սակայն գրչակից ընկերոջ վրա կենտկոմ բողոք գրելը համարվում էր ստորություն:
***
Մենք պատեհություն ենք ունեցել ինը տարի հոր հետ ապրել միեւնույն շենքի միեւնույն մուտքում, զբաղեցնելով երրորդ եւ չորրորդ հարկերի միանման բնակարանները: Հանդիպել ենք իրար գրեթե ամեն օր, խոսել, լսել ու տեսել բաներ, որոնց շարադրանքն առնվազն մի հարյուրէջանոց գիրք կկազմեր: Մենք բնավ ցանկություն չունենք գրելու այդ գիրքը եւ հուսանք` որդին մեզ այլեւս չի ստիպի այդ չգրված գրքից որոշ էջեր հրապարակել` հակազդելու համար նրա հերյուրանքներին:
Ծանոթագրություններ
1. Զեւսը, պատմության դիալեկտիկային ենթակա, սպանեց իր հորը` Քրոնոսին: Սակայն ի՞նչ առաքելություն է ստանձնել այս անձնավորությունը` հետեւողականորեն ստորացնելով իր հորը: Հոգեվերլուծողներին ենք թողնում բացատրելու այս թնջուկը, որի բացատրությունն, ի դեպ, այնքան էլ բարդ չէ...
2. Հոգեվերլուծողներն, ամենայն հավանականությամբ, այս երեւույթը կբնորոշեին ծանոթ եզրաբանությամբ. մազոխիզմ, երբ անձնավորությունը պարբերաբար ծեծվելու անդիմադրելի պահանջ ունի:
3. «Ես չգիտեմ, թե ինչով կարող է սրբել Գուրգեն Մահարին իր վրայից այդ հավիտենական սեւ բիծը, որը ոչ այլ ոք, քան ինքն է քսել իր վրա: Բայց մեր մամուլը եւ գրական հասարակայնությունը իրավունք չունեն իրենց վրայից չսրբելու այդ սեւ բիծը, իրավունք չունեն լռելու եւ այնպես ձեւացնելու, թե առանձնապես ոչինչ չի պատահել» (Մկրտիչ ԱՐՄԵՆ, «Բանաստեղծի պասկվիլը առանձին հատորով», «Գրական թերթ», N13, 15-30 նոյեմբերի, 1998թ.):