ՍԻՄՈՆ ՇԱՀՐԻԿՅԱՆ
Եգիպտահայ նկարիչների շարքի մեր երրորդ հոդվածը նվիրված է առավելապես որպես դիմանկարիչ ճանաչված Սիմոն Շահրիկյանին, որի ծննդյան 100-ամյակը լրանում է այս տարի: 2006 թվականին եգիպտահայ արվեստագետ, նկարիչ եւ երգահան Հրանտ Քեշիշյանը Կահիրեում ՀԲԸՄ-ի «Սաթենիկ Չաքըր» հիմնադրամի մեկենասությամբ անգլերեն լեզվով լույս ընծայեց «Սիմոն Շահրիկյան: Եգիպտահայ դիմանկարիչ (1911-1989)» հոյակապ ալբոմը, որտեղից ներկայացնում ենք այս տեղեկությունները:
Նկարիչ Սիմոն Շահրիկյանը ծնվել է Կահիրեում 1911-ին, բայց նախնիները Շապին Գարահիսարից 4 կմ հյուսիս գտնվող մի փոքրիկ ավանիցՙ Թամզարայից են (Սիվասի նահանգ), որոնք հետագայում տեղափոխվել են Ստամբուլՙ ավելի բարեկեցիկ կյանք որոնելու եւ զավակներին ավելի լավ կրթություն տալու նպատակով:
1896-ին սուլթան Աբդուլ Համիդի օրոք կազմակերպված ջարդերի հետեւանքով ինչպես հազարավոր հայեր, այնպես էլ Շահրիկյանների ընտանիքը ցիրուցան է լինում: Նկարչի ապագա հայրըՙ Ամբակումը փախչում է Պլովդիվ (Բուլղարիա): Պլովդիվում երկու կարեւոր իրադարձություն է տեղի ունենում Ամբակումի կյանքում: Նա հնարավորություն է ստանումՙ մասնագիտանալու օծանելիքներ պատրաստելու արհեստի մեջ, որն այսօր էլ մեծ ժողովրդականություն է վայելում վարդաշատ Բուլղարիայում, եւ հանդիպում է իր ապագա կնոջըՙ Մաքրուհի Գարակյոզյանին, որի հետ ամուսնանում է 1903-ի փետրվարի 2-ին: Մաքրուհու ընտանիքը նույնպես Թամզարայից էր գաղթել Բուլղարիա:
1907-ին այցելում է Հելուան (Եգիպտոս), կյանքից շատ վաղ հեռացած ավագ եղբոր գերեզմանին, երբ արդեն հայր էր դարձել երկու դուստրերիՙ Արշալույսի եւ Ազնիվի: Եգիպտոսի մեղմ կլիման եւ բարգավաճող տնտեսությունը նրան տպավորում են եւ այլեւս Պլովդիվ չի վերադառնում: Փոխարենը, հաջորդ տարի կինն ու զավակները միանում են իրեն: Կահիրեում Ամբակումը շարունակում է ապրուստը վաստակել օծանելիքներ պատրաստելով: Ընտանիքը մեծանում է եւս 2 դուստրերի եւ որդուՙ Սիմոնի ծնունդներով:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ամբակումի գործերը վատանում են այլ երկրների (Բուլղարիա, Գերմանիա) հետ առեւտրական կապերի վատթարացման եւ հումքի ձեռք բերման դժվարությունների հետեւանքով: Կինըՙ Մաքրուհին սկսում է զբաղվել կարուձեւով: Երեխաներից Արշալույսը, Ազնիվը, Արուսյակը ու Սիմոնը սկսում են հաճախել Կահիրեի հայկական Գալուստյան ազգային վարժարանը: Սիմոնի նկարչության դասատուներն էին Երվանդ Տեմիրճյանն (տե՛ս «Ազգ»-ի ապրիլի 2-ի մշակույթի հավելվածը) ու Ալեքսանդր Սարուխանը, որոնք ձեւավորում են ապագա արվեստագետի ստեղծագործական ուղին:
Նկատելով Սիմոնի ընդունակություններըՙ Տեմիճյանը հատուկ ուշադրությամբ հետեւում է պատանունՙ սովորեցնելով նրան բնությունն ուսումնասիրելու գաղտնիքները: Եգիպտահայ տաղանդավոր եւ ճանաչված ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանը եւս փորձում է ազդել աշակերտի վրաՙ խորհուրդ տալով զբաղվել ծաղրանկարչությամբ: Շահրիկյանը որոշ ժամանակ նկարում է ծաղրանկարներ, բայց հետո թողնում էՙ մտածելով, որ իր մեջ «պակասում է հումորի զգացումը»:
Այդուհանդերձ, Սարուխանի ազդեցությունն զգալի է Սիմոնի հատկապես էքսպրեսիոնիստական գործերում, չնայած նրան ավելի բնորոշ է ռեալիզմը:
Երրորդ անձը, որ ձեւավորում է Սիմոնի ապագա մասնագիտությունը, Մարտիրոս Պալայանն էր (1891-1957)ՙ դարձյալ Գալուստյան ազգային վարժարանի դասատուներից:
1923-ին վախճանվում է Սիմոնի հայրը, այդ ժամանակ դեռեւս անբուժելի պալարախտ հիվանդությունից: Հոր մահը խորը ազդեցություն է թողնում Սիմոնի վրա, քանի որ շատ էր մտերմացել նրա հետ: Սրան ավելանում է մեկ ուրիշ ծանր հարված: Գալուստյանում սովորելու ավարտական տարում, որպես գերազանց սովորող, նրան խոստանում են ուղարկել Եվրոպա կատարելագործվելու, բայց վերջին պահին կրթաթոշակ նշանակող հանձնախումբը, ֆինանսական դժվարությանց առաջ կանգնելով, տեղեկացնում է ոգեւորված պատանուն խոստումը կատարելու հրաժարվելու մասին:
Այս երկու իրադարձությունները առավել խորացնում են նրաՙ առանց այն էլ ներամփոփ բնավորությունը: Բայց նա չի հուսահատվում եւ նվիրվում է արվեստի պատմության ուսումնասիրությանըՙ ինքնուրույն: Գալուստյանն ավարտելուց հետո մինչեւ աշխատանքի անցնելը որպես նախագծող ճարտարապետ, Եգիպտոսում բրիտանական զորքերի գլխավոր շտաբում (1938-ի սեպտեմբերին), անհանգիստ կյանք է վարում:
Ընտանիքը տեղափոխվում է Կահիրեի Հելիոպոլիս նորակառույց թաղամասը եւ 1931-ին 20 տարեկանում Սիմոնը դառնում է նկարչության եւ գեղագիտության դասատու Նուբարյան ազգային վարժարանում: Այդ պաշտոնը նա պահպանում է ավելի քան մեկ տասնամյակ: 1935-ին միաժամանակ սկսում է հետեւել հարավսլավացի նկարիչ Յարո Հիլբերտի մասնավոր դպրոցի դասընթացներին եւ չորս տարիների ընթացքում ձեռք բերած լուրջ ակադեմիական կրթությունը հնարավորություն է ընձեռում նրան դառնալու կայացած դիմանկարիչ:
1947 թվի հունվարից մարտ ամիսներին բրիտանական բանակը Սուեզի ջրանցքի երկայնքով հետ է քաշվում, եւ Շահրիկյանը տեղափոխվում է Իսմաիլիա քաղաքի հարավում գտնվող «Մուասքար» զինվորական ճամբար: Միայն 1952-ի հեղափոխության եւ 1954-ին բրիտանական զորքերի դուրս բերումից հետո կարողանում է Կահիրե վերադառնալ: Նոր շրջադարձային էջ է բացվում նկարչի կյանքում: Աշխատանքի է անցնում նորաստեղծ «Մոքաթթամ» քաղաքաշինության ընկերությունում, որպես նախագծող-ճարտարապետ:
Ռեալիստական ոճի դրսեւորումներում նա սկսում է նոր բարձունքների հասնել, հմտանում է դիմանկարների արվեստում եւ մասնակցում մոտ 20 խմբակային ցուցահանդեսների, որոնցից կարեւորագույնը Գեղարվեստի բարեկամների ընկերության «Սալոն դյու Կեր»-ի ամենամյա ցուցահանդեսն էր: Բացում է ընդամենը երկու անհատական ցուցահանդես: Առաջինը 1970-ի հուլիսինՙ Կահիրեում, երկրորդըՙ 1982-ին, Ալեքսանդրիայում:
Նրան նկատում են տեղացի քննադատներն ու արվեստագետները: Հայտնի գրող Յուսուֆ էլ Սիբաին առանձնացնում է բնորդի բնավորության առանձնահատկությունները երեւան հանելու նրա ունակությունը, իսկ մտավորական Անթուան Ջեննաուինՙ արվեստի խորհրդավորությունը եւ տեխնիկական տարբեր միջոցներ օգտագործելու նրա բացառիկ կարողությունը: Երկուսն էլ ֆրանսերեն հոդվածներով հանդես են գալիս «Le Progrռs Egyptien» եւ «Le Journal d՛Egypte» պարբերականների 1979-81 համարներում: Երրորդ անձնավորությունը, որ նկատում եւ մեծապես գնահատում է նրա գործերը, հայկական «Արեւ» թերթի խմբագիր Ավետիս Յափուջյանն էր:
1979-ից մինչեւ իր կյանքի վերջը Սիմոն Շահրիկյանը մասնավոր դասեր է տալիս մի քանի ուսանողների, որոնցից հիշատակության արժանի են Նաիրի Համբիկյանն ու Արմեն Կրպոյանը:
Նշենք, որ կյանքի մի ընթացք Շահրիկյանը տառապել է առողջական լուրջ խնդիրներով (տասներկումատնյա աղիքի խոց, շագանակագեղձի քաղցկեղ, երիկամի անհանգստություններ եւ այլն), եւ դա որոշակիորեն խոչընդոտել է նրա ստեղծագործական կյանքը: Ճիշտ է, նա երբեք չի ընկճվել, բայց, ինչ խոսք, լարված տրամադրություններն արձագանք են գտել կտավներում: 1989-ի հունիսին առողջությունը կտրուկ վատացել է եւ նույն տարվա դեկտեմբերի 30-ին վախճանվել էՙ ժամանակին չհայտնաբերված քաղցկեղից:
Հրանտ Քեշիշյանը խառնվածքով նրան դասում է խոլերիկների տիպին. այդ եզրակացության նա հանգել է արվեստագետի ազգականների եւ ժամանակակիցների հետ զրուցելուց հետո: Սիմոնի շիտակ, անկեղծ բնավորությունն ու ճակատագրի հարվածները արվեստագետին դարձրել են սկեպտիկ, ինչն էլ իր եւ հասարակության միջեւ որոշակի անջրպետ է ստեղծել: Այդ անջրպետը նա փորձել է «հաղթահարել»ՙ արվեստի մեջ առավել խորանալով:
Նկարչի ստեղծագործական ընթացքը կարելի է բաժանել հինգ փուլի: Առաջինըՙ մինչեւ 1956 թվականը, երբ նա վերադառնում է Իսմաիլիայից: Այս երեսուն տարվա երկար փուլին, որի ընթացքում հանգամանքների բերումով նա քանիցս ստիպված էր ընդհատել ակադեմիական ուսումը, բնորոշ է գույների օգտագործման բնական վախը («Գլխափաթթոցով ծերունին», «Չալմայով նուբիացի կինը», «Դռնապան Ֆարշալին» եւ այլն):
Երկրորդըՙ փոքր-ինչ ազատագրված փուլն է, որտեղ նա օգտագործում է գուաշ, ինչի միջոցով դրսեւորում է էքսպրեսիոնիստական ռեալիզմի տարրերՙ դիմանկարներում: Ոճական տեսակետից առավել հասուն մի շրջան թեւակոխում է 1957-ի սկզբներից մինչեւ 1960-ի կեսերը, որի ընթացքում վրձնում է «Տեղացինՙ երկրի զավակը», «Եգիպտացին», «Աշխատավորը» եւ այլ կտավներ: Առաջին փուլի սրճագույնին եւ կապույտին միանում կամ փոխարինում են կարմիրն ու դեղնականաչը:
Երրորդՙ հոգեբանական ռեալիզմի փուլը տեւում է 1960-ականների կեսերից մինչեւ 1970-ականների սկզբները: Էքսպրեսիոնիզմին աստիճանաբար փոխարինում է հոգեվերլուծական ռեալիզմը: Գույները առավել զուգորդված են դառնում, ավելի «խաղաղ», ներկապնակին ավելանում են մոխրագույնն ու սեւը: («Ամբոխը», «Խորհրդածություն», «Բարկացած երեխան», «Դերասանը», «Մուշտակով տիկինը», «Սիրվարդ» եւ այլն):
Վաղ 1970-ականներից մինչեւ 1975 թիվն ընկածՙ ստեղծագործական անարգասավոր շրջանից հետո չորրորդ փուլը սկսվում է 1970-75 թթ., որին բնորոշ է քնարական ռեալիզմը («Երիտասարդ աղջիկըՙ գլխարկով», «Երեխան», «Երկու կին» եւ այլն):
Վերջինՙ հինգերորդ փուլը (1981-87 թթ.) առավել լավատեսական նեո-ռեալիզմի շրջանն է, որտեղ զգացվում է նրա ստեղծագործական ամբողջական հասունությունը: Վրձնահարվածները ավելի համարձակ են եւ վերահսկված: Այստեղ սպիտակը գերիշխում էՙ «Էքստազ», «Ծերունին», «Ճաղատ ծերուկը» եւ «Անտառը»ՙ նրա վերջին գործը, որը նկարակալին դեռեւս անստորագիր վիճակում է եղել իր մահվան ժամանակ:
Ավելացնենք, որ «Սիմոն Շահրիկյան» ալբոմում Հրանտ Քեշիշյանը մանրամասն ուսումնասիրել եւ հատուկ աղյուսակով դասակարգել է նաեւ արվեստագետի ստորագրությունները, որոնք սկզբնական SASimon, Sima Shah եւ Sima SHAH-ից հետագայում փոխվել են դարձյալ SASimon-ի, բայց միշտ տարբեր ձեռագրով:
Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Նկար 2. «Հնդիկը», 1966 թ.
Նկար 3. «Ծաղրածուն», 1959 թ.
Նկար 4. «Երեխան», 1977-78 թթ.
Նկար 5. «Անգլիացին», 1948-49թթ.