ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
Ուզում եմ գրել ապրածս կյանքիս 32.172 օրերից մի անմոռանալի օրվա մասին: 1934 թվականի օգոստոս ամսին (օրը չեմ հիշում), հազիվ տասնմեկ տարեկան էի, երբ Եգիպտոսից հասա Կիպրոսի Մելգոնյան գիշերօթիկ դպրոցի աշակերտներուն ամառնային արձակուրդի հանգստավայրը, Կիպրոսի հյուսիսը գտնվող, անմիջապես ծովեզերքին, մի վանքՙ Քարավայի հունական վանքը: Կիպրոսում, Լիմասոլ նավահանգստում ինձ դիմավորելու էր եկել Մելգոնյան կրթական հաստատության տնօրենության գրասենյակի պաշտոնյան, որը ինձ բերավ դպրոց եւ այնտեղ սպասող հսկիչին մոտ իմ ժամանումս արձանագրեց իբր դպրոցի նոր սան: Դպրոցըՙ Մելգոնյան կրթական հաստատությունը գտնվում էր Նիկոսիա մայրաքաղաքից մի մղոն հեռու, մի ամայի դաշտավայրում, փշալարերով շրջապատված: Կային երկու դպրոցական շենքերՙ տղաներու առանձին, աղջիկներուՙ առանձին: Ինչպես ասացի, աշակերտները բացակա էին, գտնվում էին Կիպրոս կղզու հյուսիսը եզերող Կիրենյան սարերու մյուս կողմը, անմիջապես ծովափին գտնվող վանքում, ուր տեղավորվել էին աղջիկները, իսկ վանքի պարիսպներից դուրս, վրաններու տակ, 20 հոգիանոց վրաններու տակ տղայքն էին գիշերում: Ինձ դիմավորող պաշտոնյան, երբ ավարտեց ինձ իբր աշակերտ ձեւակերպելու գործը, ինձ տեղավորեց մի ավտոբուս: Մի ժամ վերջ վարորդը արգելակեց ավտոբուսը. հասել էինք Քարավայի վանքը:
Ընդամենը մի օր առաջ ես տակավին մեր տանըՙ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում էի, մորս, քրոջս եւ եղբորս հետ, հիմա արդեն հազար կիլոմետր հեռավորության վրաՙ լրիվ անծանոթ երկիր, լրիվ անծանոթ մարդիկ, բայց որոնք հայեր էին, եւ այդ պատճառով ալ ես ինձ կորած չէի զգում: Մի քանի տարի առաջ հայրս, 50 տարեկանին, տնից հեռացավ, գնաց Փարիզ բուժվելու, եւ այլեւս չվերադարձավ: Մահացավ, մորս թողնելով որբեւայրի, երեք երեխաներով: Յոթը տարեկան էի, եւ հորս շատ կապված. շատ-շատ էի սիրում հորս, հորս մորը` տատիկիս, որը կարծես լույս էր ճառագում: Տատս ալ, վշտոտ, մի քանի ամիս անց ինքն էլ մահացավ: Եվ ահավասիկ հիմա էլ բաժանվում էի մորիցս, քույրիկես եւ եղբորիցս: Նաեւ մորաքույրես, հորաքույրես եւ իրենց ընտանիքներից: Մի խոսքովՙ ավելի էի որբանում:
Եվ ահավասիկ, արդեն ավտոբուսը կանգ էր առել: Մեկ էլ մի խումբ պատանիներ խուժեցին ավտոբուսի վրա եւ շրջապատեցին ավտոբուսը: Եվ, ահավասիկ, ես ապրեցի այն առաջին հոգեկան ցնցումը, որը երբեք չէի մոռանալու: Այդ պահից սկսում էր իմ նոր կյանքս, որ ոչ մի կապ ուներ նախկինում ապրածս կյանքի հետ: Դիտելով ավտոբուսը շրջապատած պատանիները, տեսնում էի նույնանման հագնվածՙ ճմռթկված սպիտակի մոտ գույնով շապիկ, խակի շորթՙ շալվար, ոտներինՙ սանդալներ: Եվ բոլորին գլուխներն ալՙ կնդած: Դրանից առաջ տասը կնդած գլուխներու մի խումբ չէի տեսել: Այս ո՞ւր էի ընկել... Տասը զույգ աչքեր ինձ էին դիտում հետաքրքրությամբ, եւ անշուշտ գլխի էին ընկել, որ ես նորեկ աշակերտն եմ: Ես ալ զիրենք դիտեցի, եւ այդտեղ, այդ պահի ապրումս չեմ մոռացել:
Եվ ասեմ, որ ես 76 տարի անց այդ պահից, միայն անցյալ տարի ինձ համար պարզեցի այդ հանդիպման առաջին պահի իմ ապրումիս իմաստը: Ես ապրում էի կյանքիս առաջին տագնապալի պահը, եւ այսօր, 88 տարեկանիս, նոր միայն գիտակցեցի, որ տասնմեկ տարեկանիս այդ ի՞նչ վտանգից էի վախեցած: Ինձ թվում էր, որ երբ ավտոբուսից իջնեմ եւ ոտքս գետին դնեմ, այդ կնդած գլուխները հարձակվելու են վրաս եւ ինձ իրենց հետ տանելու ենՙ ո՞ւր, չեմ գիտեր, եւ ոչ ոք ինձ օգնության է հասնելու... Ինձ շրջափակելու էին, եւ ես չէի կարողանալու պրծնել շրջափակումի օղակից: Իրենքՙ այդ կնդած գլուխները, եկել էին ինձ իրենց հետ տանելու:
Տասնմեկ տարեկանիս չէի իմանում անհատականություն բառը. բայց զգում էի ինձ սպառնացող վտանգ: Քանի որ չէի կարող բացատրել տագնապս, այդ ապրումը մեջս մնաց, կարծես փակ սենյակի մը մեջ: Եվ այդպես ալ այդ փակ սենյակը կարծես մեջս էր մինչեւ անցյալ տարի, իմ ութսունյոթ տարեկանս, երբ այդ հիշողության փակ սենյակին դուռը բացվեց, եւ ես հասկացա տասնմեկ տարեկանիս ավտոբուսի մեջ ապրածս տագնապին բուն պատճառը: Կարծում եմ, որ դա ես-ինձ սպառնացող վտանգի առաջին գիտակցումն էր:
Ավտոբուսից իջել էի եւ խումբին խառնվել, երբ փողը հնչեց: Ասացին, որ ընթրիքի ժամն է, գնում ենք ընթրելու: Այդ փողը օրը մի քանի անգամ հնչում էր. տղաներից մեկը փչում էր: Երբ առավոտ է` պետք էր վեր կենալ անկողնից, հետո` նախաճաշին, հետոՙ ճաշին, հետոՙ ընթրիքին, հետոՙ գիշերըՙ անկողին մտնելու հրամանի փողը: Եվ ահավասիկ երկրորդ ապրումս, որը շատ լավ գիտակցում էի արդեն` ամբողջ մարմինովս եւ միտքովս, այն էր, որ ես պետք էր որ ուտեմ, ընթրեմ, ինչպես բոլորը: Եվ վախեցած էի, եւ մտահոգ, որովհետեւ ես ի ծնե հիվանդագին քմահաճ էի ուտելիքներու հանդեպ: Եթե մի ուտեստեղեն չէի սիրում, բերանս չէի դնում: Խեղճ մայրս ձեռքս կրակն էր ընկել: Շատ աղքատ էինք, խեղճ, մայրսՙ որբեւայրի, երեք երախա պիտի սնուցեր, պահեր: Վերջը, չերկարեմ, հիմա ես տանը չէի, մայրս ալ մոտս չէր: Ինքս ինձ մտածում էի, որ եթե այնպես ուտելիք ըլլա, որ չկարողանամ, չուզենամ ուտել, ի՞նչ պիտի անեմ: Այս ապրումներով ես ալ մյուս երախաներու հետ մոտեցա ճաշի սեղաններին, որ շարվել էին դաշտերուն մեջ հարյուրավոր աշակերտներուս համար: Ես մտահոգ, տագնապած մոտեցա եւ նայեցի պնակներուն դրված ուտելիքին: Գոյության բնազդս լարված աշխատում էր. սովա՞ծ էի մնալու, թե պիտի կշտանայի: Ուրախությունս հազիվ զսպեցի. ճաշը սեւ ոսպ էրՙ ձեթով եփված, ճիշտ նման մորս եփածին: Օ՜, երջանիկ էի, ամեն ինչ լավ էր սկսում: Հաճույքով կերա ոսպը եւ կիպրական բոքոն հացի շերտը, եւ ճաշի վրա էլ մատուցված ձմերուկի քաղցր կտորը: Կատարյալ էր: Գոնե առաջին ճաշս շատ լավ էր:
(Անշուշտ ես յոթը տարի տանջվելու էի իմ բնավորությանս պատճառով: Առավոտները մեր նախաճաշը հիմնականում հաց էր, պանիր եւ թեյ: Նախաճաշը պրոբլեմ չէր, բայց կեսօրվա եւ ընթրիքի ճաշերուն մեծ մասը ես չէի ուտում: Հացի իմ բաժինը վերցնում էի եւ դրսում այդ հացի շերտերը խորովում էի, վրան աղ անում եւ ուտում: Ընկերներս, մեծ մասամբ առողջ տղաներ, ուտում էին իրենց առաջը դրված ճաշը, որոնք հիմնականում բավական սնունդ էինՙ միսով եւ բանջարեղենով կամ ընդեղենով պատրաստված, ուտում էին եւ լցվում եռանդով: Ընթրիքին վիճակս ավելի բարվոք էր, որովհետեւ եթե ճաշը չէի ուտում, կար միրգըՙ նայած տարվա եղանակինՙ նարինջ մը, որ շատ առատ էր Կիպրոսում, կամ ճութ մը խաղող, կամ երբեմնՙ հալվայի կտոր մը: Ընթրիքից հետո զգացողությունս մի քիչ ավելի լավ էր լինում: Ինչ որ է, գրվածքիս այս մասը կրնայի գրած չըլլալ):
Վերջը, ուրախ ընթրիքս ավարտվեց: Օրը իրիկնանում էր: Ինձ ցույց տվին վրանը, որուն տակ պետք է գիշերեի, եւ անկողինս: Մեկ հոգինոց երկաթե մահճակալ, որ պետք էր բաժանեի ընկերոջ մը հետ. երկու տասը-տասնմեկ տարեկան երախաներուն կարելի էր... Վերջը, փողը նորից հնչեցՙ քնելու ժամանակն էր, եւ աշակերտները հավաքվեցին, ես ալՙ իրենց հետ, իրենց վրաններու առաջը տարածության վրա: Քնելուց առաջ պետք էր նախ աղոթեինք միասին բացօթյաՙ աստղալից երկինքի տակ:
Եվ ահավասիկ հայտարարեցին, որ պիտի երգենք «Տեր ողորմեա»-նՙ բարերար Կարապետ Մելգոնյանի հոգիին հանգստության համար: Եվ ես հիշեցի, որ երեկ, Ալեքսանդրիայի նավահանգստում, երբ ես տակավին նավ չէի բարձրացել, մի տարիքոտ, բայց աշխույժ, սուր նայվածքով տիկին բարձրացավ նավը: Հիշեցի, որ ասացին այդ տիկինը եղել էր ծերունի Կարապետ Մելգոնյան բարերարին վերջին տարիներու հիվանդապահը, բուժքույր, եւ ասացին, որ մեր նավով նաեւ տեղափոխվում էր նոր մահացած բարերարին աճյունը եւ այդ տիկնոջը հանձնված էր աճյունը տեղ հասցնելու պարտականությունը: Որոշված էր երկու դպրոցական շենքերուՙ տղայոց եւ աղջկանց, իրարից բաժնող տարածքում կառուցել բարերարներուՙ Գրիգոր եւ Կարապետ Մելգոնյաններու դամբարանը:
Բարերարը միշտ ասել էր, որ տղա եւ աղջիկ աշակերտները իր զավակներն են: Եվ ահավասիկ որոշվեց, որ 40 օր ամեն գիշեր քնելուց առաջ պիտի աշակերտները «Տեր ողորմեա»-ն երգեին բարերարներու հոգիներու հանգստության համար: «Տեր ողորմեա» շարականին ծանոթ էի, լսել էի եւ սովորել եկեղեցում, բայց գիշերը բացօթյա, դաշտերուն մեջ, երկինքի տակ այդ խմբերգը ոչ միայն սրտաճմլիկ էր, այլ նաեւ կարծեմ չարագուշակ էր տասնմեկ տարեկան երախայի մը համար, որ կյանքին մեջ առաջին անգամ քնելու էր առանց փաթաթվելու իր մորը մեջքին:
Վերջը, աղոթքից հետո ցրվեցինք մեր վրանները եւ մտանք մեր անկողինները: Մի օր առաջ ես մորս փաթաթված, ինչպես ամեն օր, քնում էի, այսօր, ամայի դաշտի մը մեջ, ամեն կողմե բաց վրանի տակ պետք էր որ քնեի: Անկողինում էի, բայց վախից քունս չէր տանում: Վրանին մեջ մի աղոտ լույսով լամպ կար: Ես չէի քնում, սպասում էի, որ բոլորը քնեն, եւ երբ համոզվեցա, որ բոլորը քնել են, կամացուկ ձեռքս մեկնեցի եւ քիպ իմ անկողինիս կողքին պառկած աշակերտին գիշերանոցի թեւը բռնեցի... «Ո՞ւր ես, մայր իմ...»: Վերջը, ես ալ քնել էի: Ուրախ զարթնեցի, որ քունիս մեջ վրաս չէի միզել, ինչպես որ մի քանի աշակերտներու հետ պատահում էր: Նկատել էի, որ վրաններից դուրս կեղտոտված անկողիններ կային արեւի տակ չորանալու համար:
Բնականաբար բոլոր բնազդներս լարված էին ինքնապաշտպանության համար: Ես ալ մյուս օրը ինծի համար համակրանք շահելու, պաշտպանություն գտնելու համար, ուշադրություն գրավելու համար, հետս նկարչության տետր մը ունեի, վերցրի այդ տետրը եւ դաշտին մեջ քարի մը վրա նստած սկսեցի վանքը նկարել: Անմիջապես շուրջս հավաքվեցին, եւ դիտում էին աշխատանքս: Ես արդեն ուշադրության էի արժանանում, եւ ոգեւորված նկարում էի վանքը... Մի քիչ նկարելուց հետո, երբ դուրս չէր գալիս, էջը պատռում էի եւ մի կողմ գցումՙ մի տեսակ ինքնագոհությամբ... Մեկ էլ երախաներից մեկը առանց հեգնանքի ասացՙ Էհե՜յ, եթե այդպես շարունակես, նկարչական տետր չես ունենալու, ռետին չունի՞ս, ի՞նչ է: Հասկցա, որ անհեթեթ մի բան էի արել: Բայց հասել էի նպատակիսՙ ինձանով սկսել էին հետաքրքրվել: Ասում էինՙ Հակոբիկը նկարիչ է: Գոհ էի: Բայց նաեւ բնավ չպիտի մոռանամ իմ առաջին քննադատիս եւ առաջին դասը, որ սովորեցի այդ օրը:
Մի քանի ամիս առաջ պիտի կարդայի սկանդինավյան մի ասացվածք: Ասվում էՙ երբ խումբի մեջ ես, մոռացիր, որ դուն քեզանից մի բան ես ներկայացնում:
Եվ ահավասիկ ապրածս 32.172 օրերից մի օրվա պատմությունը, որ չեմ մոռացել: