վանական համալիրը
Վերջին օրերին շատ հոլովվեց Սանահին անունը: Լրատվական գործակալություններից մեկում հինգ տարվա վաղեմությամբ անձնական զրույցի ընթացքում արտահայտված մի միտք, այն էլՙ կոնտեքստից դուրս հանված մեջբերմամբ, առիթ տվեց նախ էլեկտրոնային կայքէջերին եւ ապաՙ տպագիր մամուլին, իրենց անտեղի արշավը սաստկացնելու Մայր աթոռի եւ նրա գահակալիՙ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ, ընդհուպ պահանջելով նրա հրաժարականը: Անշուշտ, մեկ կողմից լավ է, որ հասարակության մի հատված այդպես եւ այդքան նախանձախնդիր է հայկական ճարտարապետության եւ ազգային-եկեղեցական ու մշակութային-կրթական այդ նշանավոր կենտրոնի վիճակի, նրա ամրության ու բարեկարգման նկատմամբ, բայց, մյուս կողմից, ցավալի էր փաստը, որ այդ արշավին մասնակցում էին նաեւ շատեր, ովքեր դույզն գաղափար անգամ չունեին եւ չունեն վանական այդ նշանավոր համալիրի պատմության, նշանակության, այժմյան վիճակի, կարգավիճակի ու վերանորոգման ծրագրերի մասին: Պարզապես դա եւս մի առիթ էր ոմանց համար արտահայտելու իրենց ընդոծին չարությունն ամեն ինչի հանդեպ: Հենց վերջինների համար ներկայացնում ենք հետեւյալ հակիրճ տեղեկանքը:
Հիշեցնենք, որ Սանահինը մեր եկեղեցական կառույցների մեջ համեմատաբար լավագույնս ուսումնասիրվածներից է հայ թե օտար մասնագետների կողմից: Ավելացնենք նաեւ, որ Սանահինը մեր այն պատմական կառույցներից է, որոնց անխաթար պահպանումը ոչ միայն եկեղեցու, այլեւ պետության ու հասարակության եւ անհատների մշտական հոգատարությունն է պահանջում:- Խմբ.
Վանքը հիմնադրվել է քաղկեդոնական դավանանքը մերժելու համար բյուզանդական Ռոմանոս 1-ին կայսեր կողմից հալածական մի խումբ հայ կրոնավորների կողմից 10-րդ դարի առաջին կեսին: Կառուցվել է այն տեղում, ուր ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում խաչ է կանգնեցրել:
Պարսպի մեջ առնված շինություններ հիմնական խումբը բաղկացած է 3 եկեղեցիներից` գրատուն-մատենադարանից, գավթից (1181 թ.), նախագավթից (1211 թ.), հոգեւոր դպրոցի գրատան սրահներից եւ դամբարաններից: Համալիրի ամենահին շինությունըՙ Սբ Աստվածածին եկեղեցին կառուցված է Աբաս Ա Բագրատունի թագավորի կողմից (928-953 թթ.): Հաջորդը Ամենափրկիչ եկեղեցին է` կառուցված Խոսրովանուշ թագուհու կողմից 966 թ., որն իր իշխող դիրքով եւ տեսքով հետագայում դարձավ մայր եկեղեցի` Կաթողիկե:
Սբ Աստվածածին եկեղեցուց 12 մ արեւելք Սբ Գրիգոր եկեղեցին է: Հուշարձանախմբում քաղաքացիական ճարտարապետության զարդերից մեկն է գրատուն-մատենադարանը` կառուցված 1063 թվականին, շինարարական արձանագրության մեջ հիշվում է նշխարատուն անունով: Այստեղ պահվել են ոչ միայն գրքեր ու ձեռագրեր, այլեւ վանքի արժեքավոր իրերը, նշխարներ եւ մասունքներ: Այս գրատունը հայոց գրատների մեջ ամենահինն է եւ ամենամեծը:
Վանական համալիրը ներառում է նաեւ Սբ Հարություն եկեղեցին (13-րդ դ.), Զանգակատունը (13-րդ դ.), Զաքարյանների դամբարանը (12-13-րդ դդ.), Աղբյուրը (1831 թ.), Գր. Տուտեորդու մահարձանը (1184 թ.):
Վանքում գործել է հոգեւոր դպրոց, որն ավանդաբար կոչվում է Մագիստրոսի ճեմարան: Այստեղ դասավանդել են մշակութային եւ կրոնական նշանավոր գործիչներ Դիոսկորոս եպիսկոպոսը (կարճ ժամանակով կաթողիկոս «նշանակված»), Անանիա, Հակոբ եւ Հովհաննես Սանահնեցիները, Գրիգոր Տուտեորդին եւ մեծ փիլիսոփա ու աստվածաբան Գրիգոր Մագիստրոս Պահլավունին:
Սանահին վանական համալիրը ՀՀ կառավարության 1998թ. փետրվարի 5-ի N 55 որոշման համաձայն սեփականության իրավունքով հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն:
1999 թ. հուշարձան-համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում:
ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի 2010 թվականի ապրիլի 13-ին ՀՀ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարար տիկին Հ. Պողոսյանի եւ նախարարության համապատասխան մասնագետների մասնակցությամբ տեղում քննարկվել են հուշարձանի հետ կապված խնդիրները: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականներից ելնելովՙ 2010-2011 թթ. ընթացքում կատարվել են մի շարք աշխատանքներ:
2011թ. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից ձեռք է բերվել Սանահին վանական համալիրի նկատմամբ գույքային իրավունքի գրանցման վկայականը:
ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակաութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ Բեռլինի բարձրագույն տեխնոլոգիաների համալասարանի հետ համագործակցության շրջանակներում 2010 թվականին գերմանական մասնագետների խումբը Կլաուս Կերկովի գլխավորությամբ 3D scan լազերային տեխնիկայի օգնությամբ չափագրեցին եկեղեցու հարավային ճակատը, որը խախտվել էր նստվածքների պատճառով, ինչի հետեւանքով առաջացել էր ուղղահայաց ճաք: Այդ խնդրի կարգավորումից էր կախված գմբեթի վերականգնման իրականացումը (վիթխարի գմբեթի բեռը վերականգնման աշխատանքների հետեւանքով` է՛լ ավելի ծանրանալով, կարող է ամբողջովին կործանել եկեղեցին): Ըստ գործընթացով նախատեսված ժամանակացույցի, գերմանացի մասնագետները 2011 թվականի մայիսին Գուգարաց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Չուլջյան սրբազանի հովանավորությամբ իրականացրել են հուշարձանի տեխնիկական առումով վտանգված հատվածների հսկիչ սկանավորում, որի արդյունքները ներկայումս ենթարկվում են լաբորատոր մշակման:
Զուգահեռաբար մեկնարկվում են հուշարձանի մասնակի պեղման աշխատանքները (երկրաբանական հանույթի ֆիզիկատեխնիկական վիճակը պարզելու նպատակով), որոնք իրականացվելու են պետբյուջեի միջոցների հաշվին:
Այս տարվա սեպտեմբերին գերմանացի մասնագետների կողմից ներկայացված եւ հնագիտական հետազոտությունների արդյունքների հիման վրա կկազմվի վանքային համալիրի նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնք կլուծեն հուշարձանի վտանգված հատվածների խնդիրները: Նախագծի տեխնիկական առաջադրանքով նախատեսված է նաեւ ֆիզիկաքիմիական մեթոդով լուծում տալ բուսաճի վերացմանը: Այդ աշխատանքների կատարման համար 2011 թվականի բյուջեով նախատեսվել է 6 մլն. դրամ, իսկ 2012-2014 թթ. ՄԺԾԾ-ով` հուշարձանի վերականգնման աշխատանքների համար` մոտավորապես 90 մլն. դրամ: