ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2011-07-16 | #13, 2011-07-30 | #14, 2011-08-27


«ԿՈՄԻՏԱՍ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱՅԱՑԱՎ

Գերմանիայում, ուր նրան բնությունը կարոտում է

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Փրյոթցել դղյակը

Բրանդենբուրգ երկրամասում գտնվող Շտրաուսբերգ քաղաքից դեպի հյուսիս 10 կիլոմետրանոց անտառածածկ ճանապարհը բաժանում է Պրյոթցել ավանից, ուր 1712-ին Ֆրիդրիխ Առաջինի արտոնությամբ կառուցված բարոկ ոճի դղյակն, ասում են, տարածքով Հայաստանի չափ, Բրանդենբուրգում եզակի կառույց է: Տարիներ առաջ սնանկ է ճանաչվել, իսկ մի քանի աճուրդներից հետո՛ 2007-ին դարձել Համբուրգում ու Բեռլինում բնակվող Արամ ու Վահրամ Եկավյան ձեռնարկատեր եղբայրների սեփականությունը: Փրյոթցել դղյակըՙ երբեմնի մշակութային ավանդույթները վերականգնելու հույսով օգոստոսի 5-7 դարձավ մի հասցե, ուր առաջին անգամ Կոմիտասին նվիրված միջազգային փառատոն անցկացվեց, որ Վահրամ Եկավյանի հավաստմամբ ամենամյա հարթակ է դառնալու Կոմիտասյան մեկնաբանությունների:

Կոմիտասը սպեղանի կդառնա դղյակի ճաքերին

122 հա տարածքը, որ դղյակից բացի լիճ ու անգլիական այգի ունի, մասնագիտությամբ ճարտարապետ Վահրամ Եկավյանի պատկերացմամբ պիտի հարստանա առաջին հերթին հայկական մատուռով, որ Կեչառիսի վանքի մանրակերտն է լինելու: Իսկ շքեղ հյուրանոցային համալիրը, թենիսի եւ գոլֆի մարզադաշտերը, նրա պատկերացմամբ, նորից աշխույժ են դարձնելու այս վայրը, ուր ամենամյա կդառնա ոչ միայն «Կոմիտաս» միջազգային փառատոնը, այլեւ պոեզիային, ընթերցանությանը նվիրված միջոցառումներ էլ կլինեն: Թեպետ դղյակն իրենց ազգային հարստությունը համարող տեղաբնակներին ամենաշատը դրա վիրավոր պատերը փլուզումից փրկելու անհրաժեշտ միջամտությունների անհապաղ շարունակականությունն է հետաքրքրում, բայց մեր զրույցներում նրանց համար էլ պարզ չէ, թե կարեւոր այս գործն ինչու փաստաթղթային պատշաճ ձեւակերպում դեռ չի ստանում: Շինվարչությունը դեռեւս չի արտոնել պետության պահպանությանը հանձնված պատմական դղյակի վերականգնումը, ու եթե թղթաբանությանը սպասելու պարտադրանքը առաջնային լիներ մահամերձ գեղեցկությունը փրկելու մասնագիտական պարտաճանաչությունից, այսօր միգուցե պրուսական եզակի այդ կառույցը կանգուն պատեր չունենար: Վահրամ Եկավյանի պատմելով, նկուղում կուտակված ջուրը եթե արագ չարտամղվեր, այսօր դղյակի մասին կարելի էր խոսել անցյալ ժամանակով:

Թեեւ դղյակի պատերը կանգուն են, բայց մոտենալիս ակնհայտ են դարձնում իրենց վիրավոր գծերը: «Կոմիտասի երաժշտությունը կբուժի, սպեղանի կդառնա 300-ամյա դղյակի համար», փառատոնի բնաբան դարձած հիշյալ խոսքերը Վահրամ Եկավյանը սիրում է կրկնել այնպիսի լավատեսությամբ, որ ուզում ես հավատալ, թե հաջորդ փառատոնին դղյակը ներկայանալու է բոլորովին նորոգՙ զերծ բյուրոկրատական տեղապտույտ թղթաբանությունից:

Դղյակ տանող կարմիր գորգը հուշում է տոնականություն, ձախ անկյունում Կոմիտասիՙ բեռլինյան տարիների մեծադիր ծանոթ լուսանկարն է, կողքին ամենաբնականը, սպասվածն ու անսպասելինՙ Հովհաննես Չեքիջյանը, որ փառատոն բառի երկու բաղադրիչներն էլ արդարացնում էր իր ներկայությամբ:

Դղյակի ներսում Կապույտ սրահը իր նորոգ լինելու փաստը ընդգծում էր հայ երեխաների նկարչական գունեղ ցուցադրությամբ, նախասրահումՙ Լեւոն Լազարեւի (1928-2004) գեղանկարչական աշխատանքներն էին ողջունում հյուրերին, իսկ Կարմիր մեծ դահլիճն աչքի էր ընկնում ոչ միայն իր ծղոտե առաստաղով, այլեւ, ինչպես Աննա Մայիլյանը գնահատեց, հրաշալի ակուստիկայով: Հենց այստեղ երկու օր շարունակ մասնագիտական ժյուրին (Հովհաննես Չեքիջյան, Ռոբերտ Ամիրխանյան, Թոմաս Բուխհոլց, Մհեր Նավոյան, Մարինե Աբրահամյան, Գագիկ Գաբրիելյան,Պետրոս Դիքիջյան, Արա Բաբաջանյան, Նիկոլայ Մադոյան) տեղաբնակ գերմանացիների ու հայերի ներկայությամբ ունկնդրեց 16 մենակատարների, 1 լարային քառյակի եւ 1 տրիոյի: Եկավյանը հասցրել էր նորոգել ոչ միայն դղյակի նշված հատվածները, այլեւ բացօթյա, լավագույն լուսատեխնիկայով հագեցած մեծ բեմ էր կառուցել, ուր թեեւ անհավանական էր թվում մեծ դաշնամուրի (ռոյալ) ներկայությունը, բայց խոնավ հողի մեջ խրվելով, զառիվերը դժվարությամբ, մի կերպ հաղթահարելով բեռնատարն այն բեմ հասցրեց:

Փառատոնի հանդիսավոր բացման «նախաբանը» դղյակի Կարմիր դահլիճում հնչեցրեց բեռլինաբնակ արեւելագետ Սոնա Այփփեր Չուգասզյանըՙ «Կոմիտաս. Մի որոնողի դիմանկար» լուսանկարների ուղեկցությամբ ընթերցված գերմաներեն դասախոսությամբ: Այնուհետ ժամը 19.30-ին բացօթյա բեմում մեկնարկեց փառատոնի հանդիսավոր մասը: Այն, ի զարմանս ներկաների, այնպես էր «բեմադրված», որ երաժշտական բաժնում երկինքն անամպ էր դառնում, միգուցե նկատի առնելով «Երկինքն ամպել ա» կոմիտասյան հանրահայտ երգի ուժեղ «մրցակցությունը», ու թեթեւ անձրեւում էր պաշտոնական ելույթների ժամանակ:

«Դղյակը միշտ տարածաշրջանի մշակութային կենտրոն է եղել», ողջույնի իր խոսքում նկատել տվեց քաղաքապետ Ռուդոլֆ Շլոթհաուերը: «Վստահ եմ դղյակն ապագա ունի», եռօրյա մշակութային ծրագիրն իրականացնող արվեստագետների ներուժը տեսնելովՙ կարծիք հայտնեց տարածքի վարիչ Օլաֆ Քաուփաթը: Իսկ ՔԴՄ ներկայացնող Բունդեսթագի պատգամավոր Հանս Գեւորգ ֆոն դեր Մարվիթցը հատուկ ընդգծեց Եկավյանիՙ դղյակը նոր փայլով ներկայացնելու համարձակ քայլը, որ խոստումից փառատոնային մեկնարկով վերածվեց գործի:«Միգուցե այս շաբաթավերջը դառնա այս դղյակի ու տարածքի վերածննդյան շրջան», ասաց պատգամավորը: Բեռլինում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը ներկաներին ողջունելով փոխանցեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղերձը: Այնուհետեւ Գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի խոսքից հետո ներկայացվեց Արա Աբրահամյանիՙ փառատոնին հղած բարեմաղթանքը: Օրվա պաշտոնական ներկայությունն իր ելույթով ամփոփեց Բեռլինում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գեւորգյանը:

«Մենք բոլորս Կոմիտասի զինվորներն ենք, օգոստոսի 5-ին, պաշտոնապես բացելով փառատոնը, միջազգային հանրությանը ողջունելով ասաց 50-ամյակը նույն օրը բոլորած Վահրամ Եկավյանը: Հույս ունեմ, որ օգոստոսին անցկացվող փառատոնն ամենամյա կդառնա, իսկ հաջորդ տարիՙ դղյակի 300-ամյակին այն ավելի լավ տեսք կունենա»:

Եռօրյա շփումը համոզեց, որ փառատոնի գեղարվեստական ղեկավար Թոմաս Բուխհոլցի, Բեռլինում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսանի գնահատականը դժվար թե հաճոյախոսություն լինի կազմակերպչի հասցեինՙ Վահրամ Եկավյանը մեծ երազներ ունի ու գնում է դրանց ետեւից: Երազը տվյալ պահին ավելի շուտ վերաբերում է ոչ այնքան սեփական դղյակում հյուրընկալ մթնոլորտ ստեղծելու ասպնջական ցանկությանը, որքան Կոմիտասի շուրջ համախմբվելու, Գերմանիայում նրան ճանաչելի դարձնելու ազնիվ գաղափարին:

Փառատոնի բացմանը կոմիտասյան կատարումներով հանդես եկան Գեղարդ վանքի նույնանուն երգչախումբը (խմբավարՙ Անահիտ Պապայան, գեղ. ղեկավարՙ Մհեր Նավոյան), երգչուհի Աննա Մայիլյանը, լեհական Շչժեչինի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Թոմաս Բուխհոլցի կատարմամբ հնչեց Արմեն Սմբատյանի «Ձեռագիր» ստեղծագործությունը, Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից «Ասում են ուռին» հայտնի դերերգը կատարեց բեռլինաբնակ սոպրանո Արփինե Օհանյանը, որն այնուհետեւ էստոնացի բարիտոն Ուրմաս Պեւգոնենի հետ հանդես եկավ Մոցարտի «Դոն Ջիովաննիից» զուգերգով: Բեռլինում բնակվող էստոնացի Պեւգոնեն հնչեցրեց Բիզեի «Կարմենից» Էսկամիլլոյի դերերգը, որին հետեւեց առաջին անգամ ներկաների դատին ներկայացվող «Դլե յաման»-ըՙ բավական սերտած առոգանությամբ: Այնուհետեւ լեհական նվագախմբի հետ հանդես եկավ ջութակահար Նիկոլայ Մադոյանըՙ դիրիժոր Գեորգի Ավերինի հետ նախ հնչեցնելով Չայկովսկու ջութակի կոնցերտը, ապաՙ Կոմիտասի «Կռունկը»: Իսկ Մարինե Աբրահամյանը կատարեց Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը»ՙ հանրությանը հիշեցնելով, որ 2011-ին հունվարին լրացավ մեծ կոմպոզիտորի 90-ամյակը:

Փառատոնի երկրորդ օրը շատերի համար հայտնություն դարձավ մուլտիմեդիայի պրոդյուսեր Գարեգին Չուգասզյանի «Կոմիտաս. Տարվա եղանակներ» սկավառակը, որ ոչ միայն «ինտերակտիվ» բառը «փոխազդու» տարբերակով հայացնելու հնարավորությունը տվեց իրեն ունկնդրելու եկած հայերին, այլեւ 21-րդ դարում նոր, հասկանալի լեզվով ներկայացրեց մեր հին ժառանգությունըՙ արժանապատիվ ու շատ տպավորիչ: 2012-ին Կոմիտասի վիրտուալ թանգարան ստեղծելու նրա ցանկության հենքն էր հանրագիտարանային նշանակության այդ շտեմարանը:

Գերմանական ճշտապահությունն ու հայկական անփորձ ժամաբաշխումը պատճառ դարձան, որ Վիգեն Չալդրանյանի ուշ երեկոյան ցուցադրված «Քրմուհին» մինչեւ վերջ դիտելու հնարավորություն չընձեռվեց նրանց, ովքեր կեսգիշերին հյուրանոց պիտի հասնեին ավտոբուսով: Ափսոս, գերմանացիների կարծիքը Հայաստանում բուռն քննարկում անցած ֆիլմի մասին այդպես էլ չիմացանք, փոխարենը նրանց տպավորությունը չենք զլանա փոխանցել կիրակի օրը Կարմիր դահլիճում մատուցված պատարգից հետո: Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի հիվանդության պատճառով պատարագը մատուցեց Կենտրոնական եւ Հյուսիսային Գերմանիո հոգեւոր հովիվ Գնել քահանա Գաբրիելյանը: Ի դեպ, ես գոնե առաջին անգամ էի տեսնում, որ հավաքված հանրությունը ընթացքին հետեւում է Սերովբե վարդապետ Իսախանյանի եւ Սոնա Այփփեր Չուգասզյանի աշխատասիրությամբ կազմած, Վահրամ Եկավյանի մեկենասությամբ վերահրատարկված պատարագամատույցով: Կիրակի օրը մատուցված պատարագին «հեշտ» էր հոգեւորից չշեղվել, եւ դրանում հատկապես մեծ էր «Գեղարդ» խմբի a cappella կատարումների ազդու տպավորությունը: «Հրաշալի լիտուրգիա ունեք, եւ որքա՛ն խորն է հայերի քրիստոնեական ընկալումը», պատարագի ավարտին մեզ իրենց խորհրդածություններին մասնակից դարձրին Քալք ամուսինները, որոնց պատմելով, խորհրդային ժամանակների անհավատության, աթեիզմի մթնոլորտը շատ տեղաբնակներ դեռ չեն հաղթահարել, եկեղեցուց հեռացել են: Նրանց շատ էր տպավորել 40 տարի չխնամված դղյակում նորոգ պատեր տեսնելու ու հատկապես այնտեղ տիրող մշակութային աշխուժությունը: «Հուսանք, դղյակը սա չի կորցնի», Եկավյանիՙ ամենամյա փառատոն անցկացնելու խոստումը նրանց դուր էր եկել:

«Կոմիտաս» փառատոնը ազատ հարթակ

Տեղաբնակների վկայությամբ, Փրյոթցելն այդքան միջազգային դեռ չէր եղել: Համերգներ, երաժշտական ելույթներ, ցուցահանդեսներ, սպասված ու անակնկալ հանդիպումներ, զրույցներ, դասախոսություններ:

Իսկ կոմիտասյան փառատոնը արտահայտվելու ազատ հարթակ դարձավ տարբեր երկրներից ու քաղաքներից այստեղ ժամանած երաժիշտ կատարողների, ինչպես նաեւ այլ մասնագիտությունների տեր մարդկանց համար: Մասնագիտական հայացքը այդ ազատությանը ոչ միանշանակ գնահատական ուներՙ Կոմիտասը պիտի միայն բնագրին հարազատ հնչի, ինչն իհարկե որքան էլ վիճարկումից դուրս, այդուհանդերձ ոչ մասնագիտական մեկ նկատառումՙ երեք օր շարունակ ինչ մեկնաբանություն էլ որ լսեցի, չդարձավ ականջի համար այնքան վիրավորական, որքան հայաստանյան եթերից համարյա ամեն օր մատուցվողն է: Հենց այս ելակետն ունենալով, միգուցե կարելի է նաեւ խրախուսել 20-ամյա Եվա Ոսկանյանի կոմիտասյան մեկնաբանությունը, որ տարեկիցներին դասական արժեքներին մերձեցնելու ավելի կարճ ճանապարհ է հուշում: Ինչ վերաբերում է մրցույթում մեզ տպավորած ելույթներին ( բոլորն ունկնդրելու առիթ, ցավոք, չունեցանք), ապա անշուշտ, առաջին հերթին Ռուբեն Դալիբալթայանիՙ կոմիտասյան հնչյունի գեղեցկությունը փայլուն տեխնիկայով ընդգծող կատարումը կառանձնացնենք: Թվում է, թե դաշնակահարը ստեղնաշարին նվազագույն հպումով է ձգտում Կոմիտասի հետ ունկնդրի հաղորդակցությունն ապահովել, մյուս կողմիցՙ ճառագող էներգիա, որ լցնում է դադարը, եւ պարտադիր դարձնում հետեւել արտիստական ապրումին: Սովորական հայկական արտաքինով Արման Նիկոլյանի տեսքը լավ հուշարար չէր ելույթից հետո պարզեցինք, որ շատերն էին մեզ նման սխալվել, ու նրաՙ աստվածային պարգեւ ձայնը, դասական ծրագրից եթե չշեղվի, կհղկի նաեւ արտաքին տեսքը: Ավստրիայից ժամանած «Միրզոյան» լարային քառյակը, որ նկատելի էր, ստեղծվել էր ալտահարուհի Գայանե Միրզոյանի ակտիվ ջանքերով, լավ տրամադրություն ապահովեց:

Երրորդ օրվա եզրափակիչ գալա համերգին նկատելի էրՙ գերմանացիները թիվն աճել էր, առաջին շարքում նույնիսկ դպրոցահասակ երեխաներ կային, որ ձեռքերի շարժումներով փորձում էին թիկունքից «օգնել» դիրիժորին: Հանրությունը ջերմ ծափերով արձագանքեց Մարինե Աբրահամյանիՙ Բեթհովենի նվագախմբի եւ դաշնամուրի համար գրված N 4 կոնցերտի կատարմանը: Աննա Մայիլյանի կոմիտասյան շարքը, այնուհետ Նիկոլայ Մադոյանի` Միրզոյանի ջութակի եւ նվագախմբի համար գրված Perpetum mobile հանրահայտ ստեղծագործության վիրտուոզ մեկնաբանությունը երկարատեւ ծափերով գնահատվեցին: Իսկ երբ Ռոբերտ Ամիրխանյանի կատարմամբ հնչեց «Երեւանյան ռապսոդիան», այնուհետեւՙ բեմ բարձրացավ երգչուհի Սեդա Ամիր Կարայանըՙ հիշեցնելով շատ սիրված մեղեդիներ, հասկանալի դարձավ, որ մութը պայմաններ չի թելադրելու: Ինձ նման երեւի շատերն ափսոսեցին, որ լուսանկար չդարձավ այն պահը, երբ մաեստրո Չեքիջյանը մոտեցավ բեմից նոր իջած Ռոբերտ Ամիրխանյանին ու ասացՙ արի քեզ համբուրեմ: Սիրուն այդ պահիՙ լուսանկար չդարձած վրիպումը հիշեցրեց, որ ի թիվս շատ պայծառ հանդիպումների, այստեղ ծանոթացանք ժպիտն աչքերում, հումորը բերանի անկյունում պահած, ողջ փառատոնը փաստագրական ժապավեն դարձրած գերմանաբնակ Միսակ Այունցին, ում հետ առաջին անգամ ենք համագործակցում «Ազգ»-ում:

«Փրյոթցել դղյակի առջեւ տեղադրվելիք քարի վրա փորագրվելու են առաջին փառատոնին մասնակցած բոլոր կատարողների անունները, հաջորդ տարի այդ պատվին կարժանանան միայն հաղթողները», մրցանակներ հանձնելուց առաջ պարզաբանեց Վահրամ Եկավյանը: 2000-ական եվրո պարգեւավճար ստացան Ռոբերտ Ամիրխանյանը, Յուրի Ավերինը, Թոմաս Բուխհոլցը, Մարինե Աբրահամյանը, Աննա Մայիլյանը, Նիկոլայ Մադոյանը: Իսկ Հովհաննես Չեքիջյանի անունով Եկավյան ընտանիքը մրցանակ սահմանեց, որին առաջին անգամ արժանացավ «Գեղարդ» անսամբլը: «Կոմիտաս» փառատոնի շրջանակներում Առնո Բաբաջանյան մրցանակի արժանացավ ջութակահար Արամ Քրիշչյանը, որ նրան հանձնեց կոմպոզիտորի որդինՙ հիմնադրամի նախագահ Արա Բաբաջանյանը: Հաղթող ճանաչվեցին Արման Նիկոլյանը, Արմեն Մկոյանը, Ռուբեն Դալիբալթայանը, «Միրզոյան» լարային քառյակը:

Կոմիտաս. նվիրում, համախմբում, թե՞ հավակնություններ, կոմերցիա

Բարեկամության մի կամուրջ անշուշտ կապվեց փառատոնը իսկական տոն դարձրած տարբեր ազգերիՙ հյուրընկալ գերմանացիների ու հայերի, լեհերի, ռուսների եւ այլոց միջեւ, որ համախմբվել էին Վահրամ Եկավյանիՙ սեփական դղյակում «Կոմիտաս» միջազգային առաջին երաժշտական փառատոն անցկացնելու գաղափարի շուրջ:

Թվում էր, թե ընտրված անունը պիտի համախմբեր համայնքային կառույցներին, որոնց ներկայությունը կարող էր թեթեւացնել կազմակերպչականՙ կարճ ժամանակամիջոցում առավելագույնը հասցնելու հայկական չապաքինվող հիվանդությունը, բայց, ինչպես ասում են, սա իրատեսության ոլորտից չէ, կամ միգուցե դեռեւս անհաղթահարելի տեսլական է: Արդյունքն անհամեմատ ավելի մերձ կլիներ Կոմիտասի անունով փառատոնը կատարյալ տեսնելու մասնակիցների բնական ցանկությանը, եթե գաղափարի ճարտարապետի կողքին ստեղծելու ունակ շինարար ձեռքերն ավելի շատ լինեին ու հեռուՙ փառատոնի հեղինակայինՙ ճարտարապետական նախագիծը անձնական հավակնություններով պայմանավորելուց: Թե համայնքում ինչի եւ ում շուրջն են համախմբվում հայերը, կարծում ենք, ապագայում ուրիշ հոդվածի առիթ կդառնա, բայց այս պարագային առավել մտահոգիչ է, որ հայաստանյան մամուլում փառատոնի մասին հրապարակումները հյուսվում են ոչ թե փաստերի հուլունքաշարից կամ ավելի պարզՙ մասնակիցների պատմածների հիման վրա, ուր կարող է նաեւ առողջ քննադատություն լինել, այլ ներկա չեղած մարդկանց ենթադրությունների հենքով: Շահագրգռությունը ոչ այնքան Կոմիտասին իր ոգեղեն շրջանակի մեջ տեսնելու, որքան նյութականացնելուՙ 2000-ական եվրո պարգեւավճարը ստանալ-չստանալու շուրջ է պտտվում: Իսկ Կոմիտասը հեռու է նյութից, եվրոներից, մեզ բաժանելուց, չպետք է մոռանալ, որ կայացման փուլում գտնվող փառատոնը անհատի նախաձեռնության արդյունք է, զուրկՙ պետական հովանավորությունից, ուր գործող ազդեցիկ մեխանիզմները միգուցե երաշխավոր կլինեին բազմաթիվ մեծ ու փոքր հարցեր արագ լուծելու: Այդուհանդերձ, անարդար կլինի չարձանագրել, որ ի հեճուկս բազմաթիվ խոչընդոտների, «Կոմիտաս» միջազգային առաջին փառատոնը կայացավ, գերմանական հովվերգական մի անկյունում, ուր միգուցե տարիներ առաջ Կոմիտասին ճանաչել են, նրա ներշնչանքի աղբյուրը դարձել այս երեք օրերին նաեւ կոմիտասյան երգի թթվածնով հարստացած ծառերն ու անձրեւը աչքի անկյունում պահած երկինքը: Երեք օր շարունակ Փրյոթցելում գտնվող Am Park 1 հասցեն մարդաշատ դարձավ Կոմիտասի շնորհիվ, նրա մասին լսեցին տեղացիները, շատերնՙ առաջին անգամ: Գերմանացիների հետ եռօրյա մեր զրույցների առանցքը դարձավ Հայաստանը, նրա մշակույթը, պատմությունը, ներկան, որ շատերին, համոզված եմ, ուղղորդելու է մեր երկրի հետ իրական հանդիպման: Գալու են Կոմիտասի երկիրը, մշակույթի, հոգեւոր Հայաստանը գտնելու հույսով, մեր բաց դռնից, մեր տաք սրտից տպավորված: Կկարողանա՞նք մեր քննադատությունից ելնելով նույնքան նախանձախնդիր անձանց հուսախաբ չանել:

Մասնակիցների կարծիքները

  Սերովբե վարդապետ Իսախանյան - Ընդհանուր առմամբ փառատոնի դերը գերմանահայ կյանքում շատ օգտակար էր: Բացթողումներով հանդերձ Կոմիտաս ներկայացնելու առումով դրական նշանակություն ունեցավ:

  Աննա Մայիլյան - Ամենակարեւորն ինձ համար այն է, որ Կոմիտասի անունը միշտ բարձր մնա, կոմիտասյան մթնոլորտը պահպանվի, սիրո մթնոլորտ լինի: Փառատոնն առաջին անգամ է, նման հրաշալի վայրում, որը տրամադրում է, բնությունը կարծես անմիջապես պատասխանում է մեզ, եւ մենք կարողանում ենք երգերի մեկնաբանություններն ավելի ճիշտ տալ: Հուսամ, որ մակարդակն էլ ավելի կբարձրանա, որովհետեւ ամեն ինչ շատ հապճեպ է արվել, միայն թե լինի: Ողջունում եմ կազմակերպիչներին, որոնք կարողացան իրականացնել փառատոնը: Եթե ուզում ենք, որ այս մրցույթ-փառատոնը հասցնենք համաշխարհային միջազգային մակարդակի, պետք է նաեւ մյուս փառատոններից ձեռք բերած փորձն ունենանք: Ես ուղղակի շատ կցանկանամ, որ ընթացքը շարունակվի եւ շարունակվի էլ ավելի բարձր մակարդակով:

  Հովհաննես Չեքիջյան - Շատ շնորհակալ եմ, որ արժանացել եմ այն պատվին, որ իմ անվան մրցանակ է սահմանվում, հուսով եմ, որ մրցանակը ճիշտ տրվեց, եւ ամենակարեւորըՙ «Կոմիտասի» անվան այս միջազգային փառատոնը կշարունակվի, ինչքան շարունակվի, այնքան կհավերժանա իմ անունը:

  Նիկոլայ Մադոյան - Շատ ուրախ եմ, որ այս փառատոնն ընդհանրապես կայացավ: Շատ-շատ մեծ նվաճում է Հայաստանի համար, եւ կարծում եմ ամեն տարի կշարունակվի: Շատ ուրախ էի այստեղ նվագել, ներկայացրեցի մի ծրագիր, ուր հնչեց նաեւ Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունը, հուսամ մեծ հաճույք պարգեւեցի ունկնդրին: Փառատոնի մասինՙ ամեն ինչ առաջին անգամ միշտ դժվար է, բայց ամեն բան բարձր մակարդակի անցավ, եւ գերմանացի ունկնդիրը ճիշտ տպավորություն ունեցավ մեր ժողովրդի, մեր երաժշտության մասին:

  Գեորգի Ավերին - Մեզՙ երաժիշտներիս համար, Հայաստանի համար սա կարեւորագույն իրադարձություն է, որովհետեւ ինչպես Կոմիտասը, նրա ստեղծագործությունը, թանկ է հայ ժողովրդի համար, այդպես էլ թանկ է երաժիշտների, պրոֆեսիոնալների համար, որոնք այդ երաժշտությունը կատարում են, նրա մեջ փնտրում եւ գտնում են այն խորքը, որ առկա է: Կարծում եմ, եթե մեզ հաջողվի այս փառատոնը շարունակել եւ նրա երկարակեցությունն ապահովել, դա հայ ժողովրդի համար իսկապես կդառնա լուրջ եւ իրապես կարեւոր երաժշտական մշակութային իրադարձություն: 100 տոկոսով ասել, թե ստացվել է այն, չեմ կարող, որովհետեւ մենք աշխատում էինք, ու լրագրողները, հանդիսատեսը պիտի որոշեն ստացվե՞լ է այն, թե՞ ոչ, բայց կարող եմ ասել ՙ այն ուշադրությունը, որ փառատոնն իր վրա է ուղղել եւ այն ուշադրությունը, որ ցույց տվեցին պրոֆեսիոնալները եւ ոչ միայն նրանք, կարծիք է ստեղծում, թե այս փառատոնն ապագա ունի: Նայում եմ Կոմիտասի կերպարին, տեսնում եմ նրա անհավանական խորը աչքերը, հառած ապագային, արժանիՙ որ հավերժանան:

  Ռոբերտ Ամիրխանյան - «Կոմիտաս» փառատոնը ճշտվելու կարիք ունի շատ: Այսօր ուրիշ խնդիր ենք դրելՙ մարդկանց մասնակցության հարցը: Որովհետեւ Կոմիտասը չի կարող լինել միայն ակադեմիական կառույցների համար: Դա յուրաքանչյուր հայի համար է: Ինձ համար կարեւորն այն փաստն էր, որ մանրամասներից հեռու գնահատականի մեջ շատ բարձր է: Իսկ ինչ վերաբերում է, թե ինչպես անցավ, ինչն էր վատ եւ այլն, ես դա թողնում եմ ժամանակին: Ժամանակի մեջ ենք կարողանում ճշտել թե՛ մեր վարքը, թե՛ գաղափարը, թե՛ ինչպես է հարկավոր շարունակել, իսկ շարունակել պետք է անպայման:

  Թոմաս Բուխհոլց - Այս տարվա փառատոնն իմ կարծիքով հաջող էր, եւ ներկաներն այն ընդունեցին, թե հայաստանցի մեր հյուրերը, թե նրանք, որոնք այստեղ էին ժամանել տարբեր տեղերից, ինչ լսել եմ հանդիսատեսից, հետեւյալ բովանդակությունն ուներՙ ափսոս, որ նման բան հաճախ չենք լսում, հաջորդը ե՞րբ է լինելու, ե՞րբ առիթ կունենանք այս հրաշալի երաժշտությունը նորից ունկնդրել: Եվ սա նշանակում է, թե մենք ճիշտ ուղու վրա ենք:

  Ուրմաս Պեւգոնեն - էստոնացի բարիտոն-Առաջին անգամ էի հայերեն երգում, առաջին անգամ էի հայերի հետ այսքան մոտիկից շփվում, Youtube-ով լսեցի ու ընտրեցի «Դլե յամանը», ինձ շատ տպավորել է այստեղ հավաքված կիրթ հանրությունը: Իսկ երգը սովորել եմ ելույթից երկու օր առաջ, գիշերը:

Հայ երաժշտությունը, «Գեղարդ» երգչախումբը շատ հավանեցի: Հայոց լեզուն լսում էի: Ծանոթացա Մարինե Աբրահամյանի, նրա դուստր Եվա Ոսկանյանի հետ, կարծես հարազատներ լինենք, ու այդ ծանոթություններն ինձ համոզեցին, թե կարող եմ լեզուն սովորել: Լեզուն ինձ հեշտ թվաց, գրելը երեւի դժվար կլինի: Եթե բախտ լինի, կմասնակցեմ նաեւ երկրորդ փառատոնին ու հայ հյուրերին կողջունեմ հայոց լեզվով:

  Արմենուհի Դրոստ Աբգարյան - Փառատոնի կապակցությամբ հետեւյալը կուզենայի ասել. ինձ թվում է, թե Վահրամ Եկավյանը եկել է այն մեծ բացթողումը լրացնելու, որ Երեւանի Կոմիտաս կոնսերվատորիանՙ որպես ակադեմիական հաստատություն եւ Բեռլինում Հումբոլդտ համալսարանը, ուր Կոմիտասն է սովորել, պետք է նախաձեռնեին: Այդ հաստատությունները պիտի այդ գաղափարն ունենայինՙ մի մասնագիտական մրցույթ կամ փառատոն կազմակերպելու: Դժբախտաբար այդ բացը կա, եւ Վահրամ Եկավյանը կարողացավ նկատել դա:

Ողջունելով Եկավյանի նախաձեռնությունը, որպես ակադեմիական աշխարհի ներկայացուցիչ, նույնիսկ ուրախ եմ, որ ինքն այդ կերպ մարտահրավեր է նետում ակադեմիականներինՙ նման գաղափարին ավելի բարձր մակարդակով հետեւելու: Այստեղ կան դղյակային համերգաշարեր, նա կարող էր Կոմիտասի անունով կոչել իր դղյակային համերգաշարըՙ Փրյոցել դղյակի կոմիտասյան համերգաշար: Յուրաքանչյուր մեկնարկ դժվարությունների հետ է կապված, գաղափարը հրաշալի է, հույս ունեմ, որ Վահրամ Եկավյանը գուցե կարողանա նաեւ մասնագիտական աշխարհի հետ համագործակցել եւ այդ շրջանակերում տարին մեկ կարող են նման միջոցառումներ, փառատոններ տեղի ունենալ: Հույս ունեմ, որ գուցե Հումբոլդտ համալսարանը եւ Կոմիտաս կոնսերվատորիան, թելադրված այս հրաշալի գաղափարով, իրենք նախաձեռնեն ակադեմիական շրջանակներում համագործակցելու եւ իսկական չափանիշներով մրցույթ կազմակերպելու գործը:

Փրյոթցել, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4