ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
Սկիզբըՙ 12 եւ 13 համարներում
Սուչավայի եկեղեցիները - Սուչավան միայն համահայկական ուխտավայր չի եղել Ս. Հաճկատարի վանքով, այլեւ միջնադարյան Եվրոպայի հայ կյանքի նշանավոր կենտրոններից մեկը:
Մինչեւ 20-րդ դարավերջը եղած հայկական շինությունների եւ անվանումների թիվը Սուչավայում անցնում էր չորս տասնյակից: Այժմ հայկական անվանումներից մնացել են միայն հայկական երեք եկեղեցիները եւ Սուչավայի «հայկական» անվանվող փողոցը:
Սուչավայի հայկական հնագույն եկեղեցին է Ս. Խաչը, որտեղ է գտնվում նաեւ Ռումինիայում պահպանված ամենահին հայկական տապանաքարը, որը թվագրվում է 1428 թվականով:
Ս. Խաչը այսօր եւս գործող հայկական եկեղեցի է, որը նշանավոր է ոչ միայն իր պատմական հնությամբ, այլեւ այստեղ գտնվող սրբանկարներով: Այստեղ են բերվել նաեւ այժմ Ռումին եկեղեցուն հանձնված Ս.Սիմեոն եկեղեցու Ավագ խորանի «Տիրամոր թագադրումը» (1811թ.), ինչպես նաեւ Բաքաու քաղաքի այժմ դարձյալ Ռումին եկեղեցուն հանձնված եկեղեցու բեմանկարների (իկոնոստասի) ողջ պատկերաշարը փայտյա ոսկեզօծ շրջանակներով:
Սուչավայի հայկական անցյալը սակայն խտացել է եկեղեցուն կից գտնվող թանգարանում, որը կարեւորվում է ոչ միայն ռումինահայ գաղութի պատմության տեսանկյունից, այլեւ անգնահատելի արժեք ունի 19րդ դարի եւ 20 րդ դարասկզբի հայ քաղաքային մշակույթի եւ ազգագրության ուսումնասիրման տեսանկյունից:
Այստեղ եւս թեեւ կան 18-րդ դարավերջի եւ 19-րդ դարի մի շարք սրբանկարներ, սակայն այս թանգարանի գլխավոր արժեքը վստահաբար նրա արխիվային բնույթի նյութերն են, տեղի դպրոցի 1850-70-ական թվականների դասամատյանները, աշակերտների գրած շարադրությունները Հայաստանի ու հայության մասին, որոնցում ցոլանում է հեռավոր անիական հայրենիքի նրանց շքեղ մտապատկերը:
Դպրոցական պահպանված տետրերն ու դասամատյանները եթե մեր առջեւ բացում են 19-րդ դարակեսի հայ գաղթաշխարհի դպրոցի դռները, ապա թանգարանում պահվող ընտանեկան լուսանկարների ալբոմները, տնային կահկարասին եւ զգեստները մեր առջեւ արդեն բացում են Սուչավայի ժամանակի հայկական ընտանիքների եւ տների դռները:
1912թ. Սուչավայի հոգեւոր հովիվ Ներսես քհն. Քերովբյանը գրում է, որ «Սուչավայի հայոց 65 տուներէն միայն տուն մը բնաւ հայերէն չէր խօսում: ՈՒր որ մտանք մայրենի լեզուն ամենուն ծանօթ էր»: Հարյուր տարի անց տխուր մի շրջափոխությամբ տեղի հայերից միայն քաղաքի հոգեւոր հովիվ Տ. Թորգոմ քհն. Մանդալյանն է, որ հայերեն է խոսում: Սուչավայի ավանդական հին խոսվածքով նա ներկայացնում էր թանգարանի նմուշները եւ թվում է, թե նրան արձագանքում են ոչ միայն ալբոմի լուսանկարներից ժպտացող դեմքերը, այլեւ հայ կյանքի, արվեստի ու կենցաղի այստեղ հավաքված բոլոր ցուցանմուշները:
1513թ.կառուցված Սուրբ Սիմեոն հայկական եկեղեցին հայտնի է նաեւ Կարմիր աշտարակ անվամբ, քանի որ ունի կարմիր աշտարակով զանգակատուն: Այս եկեղեցին եւս նախորդ տասնամյակներին հանձնվել է Ռումին եկեղեցուն, սակայն նրա բակի տապանաքարերը շարունակում են խոսել հայերեն, քանի որ այս եկեղեցուն կից Սուչավայի հին հայկական գերեզմանոցն էՙ անգամ տասնյոթերորդ դարից պահպանված հայկական արձանագրություններով տապանաքարերով:
Հաճկատարի ուխտագնացությունները քանի որ սկսվում եւ ավարտվում են քաղաքի Ս.Խաչ եկեղեցուց, ինչպես նաեւ քանի որ այստեղ որոշակի հանդիսավորությամբ կատարվում է նաեւ Խաչվերացի տոնը, որպես եկեղեցու ուխտի օր, ուստի եկեղեցու բակում ուխտավորների հավաքատեղին է, ուր տաղավարներում հավաքվում են նրանք թե՛ մատաղի եւ թե՛ այստեղ պատրաստում Հաճկատարի ուխտի նշանավոր ականջապուրի խմորագնդիկները: Ս.Խաչը ունի նաեւ իր յուրօրինակ ուխտավորական մշակույթըՙ մատաղի կաթսաներով, անհրաժեշտ սպասքով եւ կրակի օջախներով:
Բուխարեստ - Ռումինահայ կյանքի զարկերակը շարունակում է բաբախել այստեղ: Ռումինահայ գաղութին մի նոր կենդանություն եւ ավիշ են հաղորդել 1946թ. ներգաղթի ժամանակ Հայաստան եկած ռումինահայերի այն զավակներն ու թոռները, ովքեր 1980-ական թթ.վերջերից նորից Ռումինիա գնացին եւ լավատեսությամբ են լցված ռումինահայության ապագայի հանդեպՙ հայապահպանության գործում մեծապես կարեւորելով հեռահաղորդակցության միջոցների ընձեռած հնարավորությունները, որոնք ջնջելով տարածություն եւ հեռավորություն հասկացությունները, հայապահպանության հարցում առաջնայինը դարձրել են Հայաստանի հեռուստաալիքները, ռադիոն եւ թերթերի էլեկտրոնային տարբերակները:
Ռումինիայում թեեւ գործում են մի շարք հայկական միություններ եւ կազմակերպություններ, սակայն առանց թեմական առաջնորդարանի նրանք կվերածվեն մի շղթայիՙ իրարից պոկված եւ այս ու այն կողմ ցրված օղակների: Հայոց եկեղեցին է, որ բոլոր այս օղակները հոգեւոր մի կապով զոդում է իրար, շաբաթ եւ կիրակի օրերին դառնալով նաեւ տեղի հայության ոչ միայն հոգեւոր, այլեւ ազգային- հասարակական հավաքատեղին ու կենտրոնատեղին:
Բուխարեստի այժմյան եկեղեցին վերակառուցվել է մի քանի անգամ: Ներկա եկեղեցու կառուցումը ավարտվել եւ օծումը կատարվել է ողբերգական 1915 թվականին, որին ներկա է եղել Ռումինիայի վերջին թագավոր Ֆերդինանդ Առաջինը: Այս առիթով պատրաստվել է փայտյա հատուկ գահաթոռ թագավորական զինանշանով, որին նստել է օծմանը ներկա եղած թագավորը: Այնուհետեւ եկեղեցու օծման հիսնամյակի հանդիսությանը ներկա է լինում Վազգեն Վեհափառը: Հայրապետական այս այցելությունը նշանավորվեց նաեւ նրանով, որ այն պատմության մեջ առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի այցելությունն էր Ռումինիա: Ի պատիվ այս այցելության, 1965թ. պատրաստվում է եւս մի փայտյա գահաթոռ այժմ արդեն Ամենայն հայոց կաթողիկոսության զինանշանով: Առաջին գահաթոռին եթե այլեւս ոչ ոք չնստեց, քանի որ Ֆերդինանդ Առաջինը Ռումինիայի վերջին թագավորն էր, ապա հայրապետական գահաթոռին նստում են Ռումինիա եկող հայոց հայրապետները:
Ռումինահայ թեմի ազգային առաջնորդարանին կից է նաեւ«Հայ մշակույթի տունը», որը Երկրորդ աշխարհամարտի դժվարին շրջանումՙ 1942թ. կառուցվել է Հովսեփ եւ Վիկտորիա Տուտյանների նվիրատվությամբ եւ կրում է մեծանուն բարերարների անունը, ովքեր իսկապես հավերժ հիշատակման արժանի մի գործ են կատարել հիմնելով այս թանգարանը եւ այս ու այն կողմ ցրվելուց եւ կորսվելուց փրկելով, ի մի հավաքել այնպիսի գործեր, որոնք կարեւորվում են ոչ միայն 17-19-րդ դարերի ռումինահայ, այլեւ ընդհանրապես այդ շրջանի հայ արվեստի պատմության տեսանկյունից:
Այս թանգարանը իսկապես հայ եկեղեցական արվեստի մի մանրակերտը կարելի է համարել, ուր ներկայացված են հայ հոգեւոր մշակույթի գրեթե բոլոր բնագավառների գործերը:
Թանգարանային արժեքների այս շարքում առաջին հերթին հիշատակելի է մոտ հարյուր միավորի հասնող ձեռագրային հավաքածուն, որի մի մասը թեեւ արխիվային նյութեր են, սակայն կան եւ արժեքավոր ձեռագրեր, որոնցից հնագույն երկուսը գրվել են 14-րդ դարում Ղրիմում, առաջինը 1351թ. Կաֆայում, իսկ երկրորդըՙ 1354թ. Սուրխաթում: Ժամանակային առումով երրորդը 1569թ. Երզնկայի Ս.Կիրակոս վանքում գրված մի Սաղմոսարան է, իսկ չորրորդըՙ արդեն 1649թ. գրված է Սուչավայում եւ կնքված է Սուչավայի 1791թ. մի կնիքով:
Բավականին հետաքրքիր է նաեւ կնիքների եւ կնքված թղթերի հավաքածուն: Եվրոպական միջավայրում ստեղծված այս կնիքներըՙ ունենալով հայկական ոճավորում ու ընդհանուր եվրոպական հերալդիկա, յուրօրինակ մի միախառնումն են հայկականի ու եվրոպականի: Ասվածը վերաբերվում է նաեւ տոհմական զինանշաններին: Ռումինիայում ոչ միայն կային մեծահարուստ հայ վաճառականներ, այլեւ մի քանի հայկական ընտանիքներ, որոնք բարձր դիրքի էին հասել Ռումինիայում ու Ավստրո-հունգարական կայսրությունում եւ ունեին իրենց հատուկ տոհմական զինանշանները:
Որմնանկարչություն եւ սրբանկարչություն - Որքան համակողմանի է ուսումնասիրված ռումինահայ գաղութի պատմությունը, զարմանալիորեն սակայն այնքան քիչ անդրադարձ կա ռումինահայ արվեստի պատմությանը, այնինչ առանց այստեղ ստեղծված գործերի քննության, իրապես թերի կլինի 17-18-րդ դարերի հայ կերպարվեստի ու գեղանկարչության եւ հատկապեսՙ 15-16-րդ դարերի որմնանկարչության պատմությունը:
Արվեստի այս գործերի գրեթե չուսումնասիրվածությունը հիմնականում պայմանավորված է առկա հայկական նյութի գիտական շրջանառության մեջ դրված չլինելով:
Շնորհիվ այս սրբանկարների, ավելի ամբողջական է մեզ ներկայանում նախահովնաթանյան շրջանի հայ կերպարվեստը եւ առավել ցայտուն են երեւում նոր շրջանի գեղարվեստական այն արտահայտչամիջոցները, որոնք իրենց ավարտուն ձեւին հասան Հովնաթանյանների արվեստում: Ի դեպ, արվեստագիտական գրականության մեջ քննարկվող հարցերից է եւ այն, թե արդյո՞ք վրացական պալատական միջավայրից, թե հայկական ակունքներից է սերվում այս տոհմի արվեստը:
Ռումինահայ միջավայրի «Տիրամայրը մանկան հետ» եւ «Բարեխոսություն» թեմաներով մոտ երեք տասնյակի հասնող կտավները հստակորեն ցույց են տալիս ուշ միջնադարյան հայկական այն աղբյուրները, որոնցից բխել է Հովնաթանյանների արվեստը:
Ռումինահայ արվեստի այս գործերը, սակայն, կարեւորվում են հատկապես այն առումով, որ նրանք ներկայացնում են մի յուրօրինակ զուգորդումը հայ միջնադարյան ու ռումինական եւ ավելի լայն ընդգրկմամբ բյուզանդական արվեստի:
Հայ հոգեւոր ավանդների կենսունակության լավագույն վկայությունն է այն փաստը, որ բեմանկարային (իկոնոստասային) արվեստը, որը հայկական եկեղեցիներին բնորոշ չէ, սակայն կա Ռումինիայի հայկական բոլոր եկեղեցիներում, որոշակիորեն նաեւ ազգային-եկեղեցական ավանդույթի արտահայտություն է դարձել շնորհիվ այն բանի, որ բեմի աջ կամ ձախ կողմերի եզրերում մինչեւ Չարչարանաց շարքի պատկերումը, ներկայացվում են Գրիգոր Լուսավորիչը եւ անգամ Թարգմանիչ վարդապետները, որը եկեղեցական որեւէ կանոնով չի ստուգաբանվում եւ բացառապես ազգային ինքնության արտահայտման ձեւերից մեկն է:
Այստեղ կան մի քանի սրբանկարներ հայ արվեստում «Բարեխոսության» թեմայի ոչ այնքան տարածված պատկերագրական այն ձեւով, ուր Տիրամոր կողքին որպես առ Քրիստոս ուղղված բարեխոսներ իրենց հատված գլուխները ձեռքներին հանդես են գալիս Հովհաննես Մկրտիչը եւ Հակոբոս Տյառնեղբայրը:
«Ստնտու Տիրամոր»ՙ կրծքով Մանուկ Հիսուսին կերակրող Տիրամոր յուրահատուկ, նույնիսկ արտառոց ձեւն է կուրծքը բաց Տիրամոր պատկերային ձեւը, որում Տիրամայրը իր Միածին Որդուն մեղուցյալ մարդկության համար բարեխոսում է իր պարզված ստինքներով, որոնցով կաթ է տվել Մանուկ Հիսուսին: Հայ արվեստի մեծ գիտակ Ասատուր Մնացականյանը մատնանշում է կուրծքը բաց Տիրամորՙ իրեն հայտնի երեք պատկեր եւ ահա չորրորդը մեզ հաջողվեց գտնել Ռումինիայում, եւ այս նկարը կարեւորվում է նաեւ նրանով, որ ունի պատկերին համահունչ բարեխոսական մակագրություն:
Առանց չափազանցության կարելի է ասել, որ անհամեմատ ավելի արժեքավոր են այստեղի հայկական եկեղեցիների որմնանկարները, որոնք ընդգրկելով ժամանակային ավելի մեծ տարածքՙ 15-16-րդ դարերից մինչեւ 20-րդ դարը, տեսական առավել մեծ ընդհանրացումների հնարավորություն են տալիս:
Ըստ դարերի, երբ նայում ես այս որմնանկարներին, տեսնում ես ռումինական արվեստի աստիճանական ազդեցությունը եւ ներթափանցումը: Զամկայի եւ Յաշի եկեղեցիներիՙ 16-րդ դարում Տերունական թեմաներով կատարված որմնանկարները միանգամայն համահունչ են հայկական մանրանկարչությանը: Անհրաժեշտ է նշել, որ ռումինացի մասնագետները ասում են, թե այս երկու եկեղեցիների որմնանկարների սվաղը եւ ներկերը պատրաստված են մի այնպիսի եղանակով, որը ռումինական արվեստին բնորոշ է եղել հենց 15-16-րդ դարերում:
Ռումինահայ միջավայրի ստեղծագործությունների քննությունը վստահաբար կօգնի վերականգնելու եւ ամբողջացնելու 15-18-րդ դարերի հայ որմնանկարչության եւ սրբանկարչության պատմության ինչ-ինչ օղակներ եւ դրվագներ:
Վիմական արձանագրություններ - Հասարակական կյանքն իր սոցիալական շերտավորումներով, մայրենի լեզվի իմացության աստիճանով, արհեստներով ու մասնագիտություներով արտացոլվում է ոչ միայն քաղաքների թաղամասերում, այլեւ գերեզմանատների բակերում: Իրար կողքի շարված տապանաքարերի տարբեր խմբերը ասես գծագրում են ունեւորների ու արհեստավորների թաղամասերըՙ եկեղեցուն ու գավթին մոտ գտնվող իշխանական տարբեր տիտղոսներ ստացած հայերի մարմարյա տապանաքարերով եւ եկեղեցու բակիՙ դեպ եզրային մասերը տարածվող եւ աստիճանաբար հողով ծածկվող այն տապանաքարերով, որոնք արհեստավորներինն են եղել:
Բոլոր այս տապանաքարերի արձանագրությունները նաեւ ցույց են տալիս Արեւմտյան Հայաստանից եւ Օսմանյան կայսրությունից դեպ Ռումինիա կատարված ժողովրդագրական տեղաշարժերը, քանի որ նշված է, թե հանգուցյալը որտեղից է եկել եւ կամ ում զավակն է: Նույն ձեւով այս տապանաքարերը ցույց են տալիս, թե հայը ինչ դիրքերի է հասել Մոլդովա-ռումինական իշխանություններում:
Այս տապանաքարերը ժամանակակից ճշգրիտ սարքերի նման գրանցել են նաեւ հայոց լեզվի թե՛ վերելքը եւ թե՛ աստիճանական վայրէջքն ու մարումը հեռավոր այս ափերում: Նախ ասենք, որ Ռումինիայում հայկական մի շարք քաղաքներ ունեն հայկական գերեզմանատներ, որոնց տապանաքարերն անգնահատելի նյութ են պարունակում հայագիտության տարբեր գիտակարգերի համար: 17-18-րդ դարերում դեպի այս ափեր որոշակի հոսք է եղել Օսմանյան կայսրության առավել խորքային նահանգներից, ուր հայության մի ստվար մասը կորցրել էր լեզուն եւ հայատառ թուրքերենը գտնում ենք նաեւ այս տապանաքարերում:
Ռումինիայում եղել են հայկական նշանավոր գերդաստաններ իրենց զինանշաններով ու տոհմական ավանդույթներով եւ անգամ տոհմական դամբարաններով: Հիմնականում այս տոհմերն են, որ տարբեր քաղաքներում կառուցել են հայկական գերեզմանոցներ, ապա նաեւ մատուռներՙ հանգուցյալին հողին հանձնելուց առաջ այդ մատուռներում դնելու համար:
Այս տոհմերի շառավիղների տապանաքարերի արձանագրությունները ցույց են տալիս նաեւ հայոց լեզվի ելեւէջումների ընթացքը այս ափերում: Միեւնույն տոհմիՙ այստեղ հաստատված առաջին սերնդի ներկայացուցիչների տապանաքարերը եթե հայատառ թուրքերեն են, ապա երկրորդ սերնդինըՙ արդեն գրաբար: Եվս մեկ երկու սերունդ եւ հայերեն արձանագրություններում սկսում են հայտնվել ռումիներեն տիտղոսներ ու տարբեր մասնագիտական բառեր հայերեն տառադարձությամբ, այնուհետեւ 19-րդ դարի կեսերից արձանագրությունները դառնում են երկլեզուՙ հայերեն ու ռումիներեն, եւ նահանջի այս ընթացքի վարագույրը 20-րդ դարում փակվում է ռումիներեն արձանագրություններով, որոնցում հայերեն անուններն են ռումիներեն տառադարձությամբ:
Տապանաքարերի արձանագրություններն առանձնանում են իրենց հուզական եւ ողբախառն բանաստեղծականությամբ եւ միջնադարում առանձին մի գրական ժանր էր այս դամբարանային բանաստեղծությունը, որը նախ գրվում եւ ապա դրոշմվում էր տապանաքարերին:
Ռումինիայի հայ համայնքի բազմաշերտությունըՙ Անիից գաղթածներ, ապա եւ ուշ միջնադարում եկածներ, նույնպես իր բաբառային արտացոլումն է գտել տապանագրային արձանագրություններում: Ինչպես որ նոտաները կարող են վերարտադրել երաժշտությունը, այնպես էլ բանաստեղծության ընթերցումն է հաճախ մտովի վերածվում կենդանի հնչողության: Նույնը վերաբերում է եւ տապանաքարային բանաստեղծությանը: Ընթերցելով այդ բանաստեղծությունները, որոնք կենդանի հնչողությունն են դառնում գաղութի երբեմնի եռուն կյանքի, այդ տապանաքարերի արձանագրությունների մի մասը հնչում էր մանկությանս տարիներից ծանոթ ձայներով:
Այդ արձանագրությունների բարբառային յուրահատկությունները, բայական կու եղանակիչը, մի շարք դարձվածքներ մեկեն հիշեցրեցին, թե որտեղից են գալիս վաղուց արդեն լռած, բայց կրկնակիորեն ծանոթ այդ ձայներըՙ Խաչատուր պապիսՙ Ակնից բերած բարբառից, խոսվածքից մի քաղաքի, որն անիականության խորհրդանիշն էր Եփրատի հեռավոր ափերին, ինչպես նաեւ Նոր Նախիջեւանի բարբառից, որը կրողն էր Անիից Ղրիմ անցած եւ ապա 18-րդ դարի վերջին Նոր Նախիջեւան փոխադրված ղրիմահայերի խոսվածքի: Եվ քանի որ զարմանալի մի զուգադիպությամբ հայրիկիս հայրը եւ Լեւոն հորեղբայրը Մեծ Եղեռնից հետո ապաստանել էին Նոր Նախիջեւանումՙ Դոնի Ռոստովում, որտեղից Հայաստան եկածներին հաճախ էինք հանդիպում, հասկացա, որ անիական այդ խոսվածքն է հիշողությանս մեջ կենդանություն առնումՙ այդ տապանաքարերն ընթերցելիս: Երբ տեղի քահանաներից մեկի մոտ բարձրաձայն ընթերցում էի 1731թ. գրված նման մի տապանաքարի արձանագրությունը, նա անկեղծ զարմանքով ասացՙ թե այնպես ես կարդում, կարծես դու էլ ռումինահայ լինես: Նրան ասացի, որ այդպես կարդալուս պատճառը ոչ թե իմ ռումինահայ լինելն է, այլ որ մենք եկուսս էլ լսել ենք խոսվածքը Բագրատունյաց փառքի մարմնավորումը եղող Անիի, որի այս խոսվածքն Արեւելքում Եփրատի ափերով հասավ մինչեւ Անատոլիայի խորքերը, իսկ հյուսիս-արեւմուտքում Վոլգայի ափերից հասավ մինչեւ Դանուբի ափերը:
Ռումինահայ համայնքն այսօր - Այսօրվա ռումինահայությունը դեպքերի բերումով ավելի շատ ռումինական մշակույթի ու մտածողության կրողն է, քան հայկականի: Այնպես որ այստեղ հայապահպանությունը հաճախ հանգում է հայաճանաչությանը, որով գրեթե նույնանում են հայ մշակույթը եւ պատմությունը ռումինացիներին ու ռումինահայերին ներկայացնելու ջանքերը եւ ծրագրերը: Այս բնագավառում մեծ դեր է վերապահված Ռումինիայի Հայ մշակութային միությանը, որի նախագահն է Ռումինիայում այսօր ճանաչված քաղաքական գործիչ, այժմ երկրի խորհրդարանի անդամ եւ նախկինում ֆինանսների նախարար Վարուժան Ոսկանյանը:
Հայ-ռումինական միջավայրերի փոխադարձ ճանաչելիության գործում մեծ դեր է կատարում տեղի հարգված մտավորականներից Մադլենա Գարագաշյանը, ում հետ 1700 ամյակի հանդիսությունների շրջագծում 2001 թվականին առիթ էի ունեցել ծանոթանալու Մայր աթոռում, ուր եկել էր ռումինական ռադիոյի եւ լրատվամիջոցների համար նյութեր պատրաստելու: Եվ ահա հիմա տասը տարի անց հանդիպեցի Բուխարեստում հայ մշակույթին ու Հայաստանին նվիրված իր ակնարկները ներկայացնող գրքի շնորհանդեսին: Անհրաժեշտ է նշել, որ այդ ակնարկները վերջին տարիներին հեռարձակվել են ռումինական ռադիոյով:
Ռումինահայ համայնքում ոչ միայն հոգեւոր-եկեղեցական, այլեւ մշակութային եւ երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչելիության առումով շատ կարեւոր դեր է խաղում Բուխարեստի հայոց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եզրաս քահանան, ով ճանաչված դեմք է նաեւ այսօրվա ռումինական գրականության մեջ ժամանակակից գրական որոնումների տարբեր ձեւերով գրված իր ռումիներեն չափածո ստեղծագործություններով: Նա արդեն հեղինակ է տպագրված երկու գրքերի:
Հայ-ռումինական միջպետական հարաբերություններին վերաբերվող հարցերին զուգահեռ, այս բնագավառում կարեւոր գործունեություն է ծավալել նաեւ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան, հայ լրագրության ու դիվանագիտության շրջանակներում քաջածանոթ Համլետ Գասպարյանը, որ հայ-ռումինական պատմամշակութային հարցերը ռումինական իշխանությունների համապատասխան ներկայացուցիչների մոտ արդեն ներկայացնում է միջպետական մակարդակով, որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ: Դեսպանատան, որպես պետական ներկայացուցչության ուժը շոշափելիորեն զգացի, երբ այցելությանս ընթացքում առիթ ունեցա հյուրընկալվելու Ռումինիայում Հայաստանի դեսպանատանը, որը գտնվում է Բուխարեստի կենտրոնում եղող մի փողոցում, ուր մի շարք երկրների դեսպանատներն են:
Ծածանվող տարբեր դրոշների մոտով անցնելիս վերջապես տեսանք հայկական եռագույնը: Մեր երկրի դրոշը եւ զինանշանն արտերկրում տեսնելը ընդհանրապես հուզումնալից պահեր է պարգեւում: Մեր երկրի խորհրդանիշները եւ հայկական ներկայացուցչությունները առավել են ալեկոծում սիրտդ, երբ արդեն մի տասը օր գտնվում ես տվյալ երկրում եւ Հայաստանի կարոտը սկսում է խեղդել: Ահա այս զգացումով, որպես հայկական մի անկյուն մտա դեսպանատուն եւ իրապես թվաց, թե մեր երկիր մուտք գործեցի: Ափսոս, որ այդ զգացողությունը երկար չտեւեց, որովհետեւ քիչ անց դեսպանի եւ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ հայր Տաթեւի հետ գնացինք Ռումինիայի Հանրապետության նախագահի նստավայր, ուր ցուցահանդես էր կազմակերպվել «Ժամանակի հիշողության մեջ,- գրելու առարկաներ» թեմայով:
Շնորհիվ դեսպանի, ես եւս հնարավորություն ունեցա լինելու նախ նախագահական նստավայրում, ուր մեր դեսպանին դիմավորեցին դիվանագիտական ընդունված արարողակարգով, իսկ հայր Տաթեւինՙ հատուկ ընդգծված հարգանքով, քանի որ եկեղեցին եւ ռումին պատրիարքն անասելի մեծ դեր ունեն երկրի հասարակական կյանքում եւ համանման ձեւով մեծ հարգանք է ընծայվում եւ քույր եկեղեցիներիՙ Ռումինիայում պաշտոնավարող առաջնորդներին: Բաժին առ բաժին անցնում ենք այս ցուցադրության փեղկերի մոտով, ուր ներկայացված են գրելու հետ կապված ամենաբազմազան առարկաներՙ փետուրե գրիչից մինչեւ գնդիկավոր գրիչներ, մի խոսքով, այն ամենը, ինչ որ հարաբերվում է թղթի վրա գրելուն եւ գիր դրոշմելուն: Առանձին բաժնով ներկայացված էին նաեւ Ռումինիայում բնակվող ժողովուրդների գրքարվեստի նմուշները եւ այստեղ արդեն ուրախությամբ ու հպարտությամբ պետք է ասենք, որ ցուցադրությունը սկսվում էր հայ գրքարվեստը ներկայացնող Կիլիկյան Հայաստանի երկու շքեղ մանրանկարների լուսատիպ նմանահանություններով, որոնք այս ցուցահանդեսին էր ներկայացրել հայր Տաթեւը: Ցուցահանդեսի տպագրված բավական շքեղ եւ ճաշակավոր կատալոգը եւս սկսվում էր հայկական մանրանկարչության հինգ նմուշներով, իսկ մանրանկարներից յուրաքանչյուրի ներքո հատուկ նշված էր «Հայկական մանրանկարչություն» եւ բերված էին տվյալ մանրանկարին վերաբերվող համապատասխան տեղեկություններ:
Հակոբ Սիրունու արխիվը - Ոչ միայն ռումինահայ համայնքի պատմության ու մշակույթի, այլեւ հայերի Ղրիմից Արեւելյան Եվրոպա տարածվելու ու այնտեղի հայկական հիշատակների մասին ահռելի նյութ են պարունակում ռումինահայ նշանավոր պատմաբան Հակոբ Սիրունու տպագիր ու առավել եւս անտիպ գործերը, որոնք այժմ պահվում են Բուխարեստի պետական արխիվում:
Ողբերգական եւ տոկուն կամքի տեր այս անձնավորությունը չըկճվեց կյանքի իրարահաջորդ հարվածներից: Հայոց Մեծ եղեռնից հետո ապաստան գտնելով այս երկրում, մեծապես նպաստեց այստեղ արեւելագիտության ու օսմանագիտության զարգացմանըՙ դառնալով Ռումինիայի նոր շրջանի պատմության, մշակույթի ու քաղաքական կյանքի փառքերից մեկը եղող Նիկոլա Յորգայի սերտ գործակիցը: Երկրորդ աշխարհամարտից հետո խորհրդային իշխանությունների կողմից աքսորվեց Սիբիր, որտեղից վերադարձավ 1956-57թթ., շարունակելով ընդհանուր պատմագիտական բնույթի իր հետազոտությունները եւ այս հարցում նրան մեծապես աջակցեց Վազգեն Վեհափառը:
Նրա հիմնարար աշխատանքն է «Հայ եկեղեցին Ռումեն հողի վրա», որին կից տպագրվել է նաեւ իր ուսուցչինՙ Նիկոլա Յորգային նվիրված ուսումնասիրությունը:
Բազմաթիվ հոդվածներ եւ ուսումնասիրություններ ունի գրված նաեւ ռումիներենով: Սիրունին հսկայական աշխատանք է կատարել ուսումնասիրելով նաեւ Մոլդովայի եւ Ուկրաինայի արխիվներում եղած հայկական նյութը: Մահից հետո (1973թ.) նրա ողջ ձեռագիր եւ մեքենագիր գրական ժառանգությունը փոխադրվել է Ռումինիայի պետական արխիվ եւ այժմ պահվում է «Սիրունի» ֆոնդում: Այն բաղկացած է հայերեն ու ռումիներեն գրված 1584 միավորներից, որոնց մեջ կան թե՛ ամբողջական ուսումնասիրություններ եւ թե՛ հայերին վերաբերող որեւէ տեղեկության ընդօրինակություն օտարալեզու աղբյուրներիցՙ կից ռումիներեն թարգմանությամբ: Այնպես որ նրա արխիվը յուօրինակ ձեւով ներկայացնում է նաեւ մի շարք արխիվների հայկական նյութերը:
Գիտակցելով Սիրունու գործերի ոչ միայն հայագիտական, այլեւ ընդհանրապես Արեւելյան Եվրոպայի պատմության մի շարք հարցերի լուսաբանման համար ունեցած կարեւորությունըՙ Ռումինիայի պետական արխիվի տնօրենությունը կազմել եւ առանձին մի հատորով հրատարակել է նրա 1584 միավոր կազմող այս գիտական ժառանգության մանրամասն մատենագիտությունը 450 էջ ունեցող մի հատորով, ուր նկարագրված է յուրաքանչյուր միավորը, թե ինչ լեզվով է այն, քանի էջ է եւ ինչ հարցի է նվիրված: Հետազոտողի աշխատանքը հեշտացնելու համար բոլոր այս միավորները ներկայացվել են 17 թեմատիկ բաժանումների ներքո: Այս հատորի կազմման եւ հրատարակման գործում մեծ է ռումինահայ ճանաչված մտավորական Վարդան Առաքելյանի կատարած աշխատանքը:
Ռումինիայում գտնվելուս օրերին Բուխարեստում մոտ մեկ շաբաթ առիթը ունեցա Հայր Տաթեւի հետ աշխատանքային օրվա սկզբից մինչեւ ավարտը անցկացնել Բուխարեստի պետական արխիվում եւ օրական 20-30 միավոր թղթապանակ նայել նախնական պատկերացում կազմելու համար: Սկզբից որոշել էի միայն հայերեն գրվածները նայել, սակայն արխիվի աշխատակիցները, որոնց մի մասը տիրապետում էր ռուսերենին, ասացին, որ Սիրունու ռումիներեն ուսումնասիրություններում կան բազմաթիվ հայկական սկզբնաղբյուրներ, որոնք նա բերել է ռումիներեն զուգահեռ թարգմանությամբ եւ պարզվեց, որ իրապես, այդ գործում թեեւ ռումիներեն վերլուծությամբ, սակայն ներկայացված են հայերեն բազմահարյուր սկզբնաղբյուրներՙ վիմական արձանագրությունների, ձեռագրերի նկարագրությունների, մետաղական առարկաների ու հանդերձների վրա եղած հայերեն գրությունների ընդօրինակություններով:
Այս աշխատանքները այսօր անփոխարինելի սկզբնաղբյուրային արժեք ունեն, քանի որ այդ վիմագրերի մի մասը վնասվել է շինարարական տարբեր աշխատանքների ժամանակ, իսկ արձանագրություն ունեցող առարկաների մի մասը, որոնք նա նկարագրել է դեռեւս 30-ական թվականներին, այժմ հայտնի չէ, թե որտեղ են:
Սիրունու արխիվը որքան էլ խնամքով պահվի, դժբախտաբար, այն դանդաղ քայքայման ու ոչնչացման է դատապարտված, քանի որ գրված լինելով կապույտ եւ սեւ մատիտով ու թանաքով, գրերը աստիճանաբար խունանում են, թանաքը տարածվում է թերթերի գրադաշտով, եւ էջերը անընթեռնելի են դառնում: Ի դեպ սա մի խնդիր է, որը բնորոշ է նաեւ ուշ միջնադարի հայկական շատ ձեռագրերի եւ նոր շրջանի վավերագրերին: Արխիվի աշխատակիցներից մեկն ասաց, որ Սիրունու արխիվը երբ իրենք ընդունում էին, անհամեմատ ավելի ընթեռնելի էր: Այս արխիվը քայքայումից փրկելու միակ ելքը այն թվայնացնելն է, եւ հայր Տաթեւը արխիվի տնօրենության հետ կազմեց մի ծրագիր այս աշխատանքը սկսելու համար: Իմՙ դեռ Ռումինիայում գտնված ժամանակ տնօրենության թույլտվությամբ նրա հրավիրած լուսանկարիչը լուսանկարեց մոտ երեսուն միավոր, որպես նմուշներ, պարզելու համար, թե աշխատանքի որ տարբերակը առավել արդյունավետ կլինի: Երբ ողջ արխիվը թվայնացվի, հայր Տաթեւը ասաց, որ մեկ օրինակ կպահի առաջնորդարանում եւ մեկական կուղարկի Ս.Էջմիածին եւ Հայաստանի պետական արխիվին:
Սիրունու այս աշխատանքները եւ ռումինացի հայագետների մի շարք գործեր այսօր եւս հետազոտական տարբեր թեմաներ են մատնանշում, սկսած Ռումինիայում հայկական ներկայության նյութական-առարկայական արտահայտություններից մինչեւ տեղանվանական քննությունները եւ դրանց հայկական ակունքները: Բացի տարբեր քաղաքների «Հայկական» անվանմամբ եւ հայերի անուններ կրող փողոցներից, մի շարք ռումինական բնակավայրեր ունեն հայկական տեղանվանական անվանումներ, ինչպես օրինակ Արենի, Արճեշ: Ի դեպ Ռումինիայի Արենի բնակավայրը եւս հռչակված է իր գինով եւ նրա հետ կապված հայկական մի ավանդություն կա: Նույնը վերաբերվում է եւ Արճեշ անվանմանը:
Խորքային հետազոտությունները ռումինական միջավայրում կարող են ի հայտ բերել հայ ազգային ինքնության մի շարք հետաքրքրական արտահայտություններ, որոնք թեեւ ռումինական կենցաղի ու սովորույթների շրջանակում , սակայն անխաթար պահպանվել են:
Այս առումով բնորոշ է հատկապես Հաճկատարի իրապես բացառիկ ուխտագնացությունը, որը պայմանավորված է ոչ միայն ռումինական միջավայրում այս սրբավայրի հանդեպ եղած մեծ պաշտամունքով, այլեւ որոշակի հիշողությունն է ուխտավորների մի մասի երբեմնի հայկական պատկանելիության: Ի դեպ, այս վանքի շրջակա մի լայն շառավիղ ընդգրկող բնակավայրերում ընդունված է հայկական մատաղը:
Դեռեւս խորհրդային շրջանում ռումիներեն մի քանի կարեւոր աշխատանքներ են լույս տեսել, նվիրված ռումինահայ բանահյուսությանը եւ ազգագրությանը:
Երկու երկրների համապատասխան գիտական հաստատությունների համատեղ գործակցությամբ եթե շարունակվեն այս աշխատանքները, բավականին հետաքրքրական արդյունքներ կգրանցվեն մշակույթների համակեցության եւ ազգային հիշողության կենսունակության ու սերնդե-սերունդ փոխանցվելու հիմնախնդիրների ուսումնասիրման բնագավառում:
Ռումինահայ համայնքի պատմության հիմնախնդիրների ուսումնասիրման համակարգող կենտրոնը այսօր դարձել է Ռումինիայի հայոց թեմը: Հայր Տաթեւը նշում է, որ այդ աշխատանքները իրենց համար ունեն ոչ միայն գիտական, այլեւ հոգեւոր -ազգային արժեք, քանի որ ռումինահայերը շարունակ հիշում են, որ իրենք կրողն են անցյալի փառավոր մի ժառանգության:
Թեմակալ առաջնորդի բնորոշմամբ իրենց մեծ ուժ եւ ոգեւորություն է պատճառում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի ամենօրյա ուշադրությունը թեմի հանդեպ, եւ վստահ է, որ Ս.Էջմիածնի հետ սերտ գործակցությամբ ռումինահայ համայնքը առաջիկայում թե՛ ազգային մի նոր շնչով կլցվի եւ թե՛ Հաճկատարի հիմնադրման 500 ամյակի հաջորդ տարվա օգոստոսյան հանդիսությունները կազդարարեն սկիզբը նոր այդ սկզբի:
Նկար 1. Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին
Նկար 2. Հակոբ Սիրունու գործերի մատենագիտությունը
Նկար 3. «Ժամանակի հիշողության մեջ» գիրքը