ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2011-07-16 | #13, 2011-07-30 | #14, 2011-08-27


«ԴՈՒՆ ՀԱՅ ՉԵ՞Ս»

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Սարոյանի մասին այնքան է գրվել եւ այնպիսի հեղինակությունների կողմից, որ մինչեւ օրս համարձակություն չեմ ունեցել թղթին տալու նրանից ստացած իմ տպավորությունները մեր մի քանի հանդիպումներից:

1976 թվական, Լենինգրադից Վարպետը Մոսկվա էր ժամանել: 2-3 օրից Երեւան էր մեկնելու Լեւոն Մկրտչյանի եւ Ռազմիկ Դավոյանի ուղեկցությամբ:

Կիրակի օր է, մոսկովյան սառը կտրող քամի: «Նացիոնալ» հյուրանոցից մի քանի մեքենայով շարժվում ենք Դոմոդեդովո: Ինքնաթիռն ուշանում է 4 ժամ:

Սարոյանն անհանգիստ է, տեղ չի գտնում: Շրջում է ողջ օդանավակայանում, նույնիսկ, թռիչքի դաշտ դուրս գալիս: Ինչպե՞ս, ո՞վ արտոնեց նրան, մինչեւ վերջ էլ չհասկացանք, իսկ ինքը կատակում էր, թե ասի Լեւոն Մկրտչյանի բարեկամն եմ, թողեցին:

- Ինչո՞ւ քո անունը Ռոմեն է, դուն հայ չե՞ս:

Բացատրում եմ, որ ծնողներս ի պատիվ Ռոմեն Ռոլանի այդ անունն են տվել ինձ:

- Անիկա ի՞նչ ըրած է հայու համար:

Որոշ բաներ պատմում եմ:

- Իրա՜վ, ի՞նչ կըսես, չէի գիտցած: Լեւոն, աս պատմություն ճի՞շտ է:

- Դե, որ մարդն ասում է, ուրեմն ճիշտ է:

- Չէ, ես անոր չեմ հավատա, դուն ըսե, դու դոկտոր ես,- ասում է Սարոյանն ու Ռազմիկի հետ մի դուետ կազմած այնպես հռհռում, որ Դոմոդեդովոյի Ինտուրիստի բաժնի սրճարանը թնդում է:

Մեզ համար ժամանակն արագ է անցնում, իսկ ինքը սրտնեղած է: Պետք է այնպես հասնի Երեւան, որ մասնակցի «Իմ սիրտը լեռներում է» պիեսի բեմադրությանը: Պիեսը հաջորդ օրերին չի կրկնվիՙ Վարդուհի Վարդերեսյանի (Ջոնի) Հալեպ մեկնելու պատճառով:

Շարք են առնում անեկդոտներն ու զավեշտական պատմությունները, ժամանակ առ ժամանակ սրճարանը թնդում է ծիծաղի ճայթյունից: Վարպետը, երբեմն, ծիծաղով չի հանգստանում, ոտքերն էլ, մանկան պես, գետնին է զարկում:

- Վարպետ, պատմի ոնց ձվածեղը կերար:

Ծիծաղում է, արդարանում:

Առավոտյան թեյին Ռազմիկի հետ ճաշարան են մտնում, վերջինս ձվածեղ է ուզում, Վարպետըՙ թերխաշ ձու: Իր ասելով ձվածեղ չի սիրում ու չի ուտում:

Հավանաբար մինչեւ թերխաշ ձուն պատրաստվի, նախ բերում են ավելի արագ եփված ձվածեղը, Վարպետն ուտում է, թեյը խմում, ապա ուտում ավելի ուշ բերված թերխաշ ձուն ու վեր կենալուց առաջ ասում.

- Ռազմիկ, ինչո՞ւ բան մը չկերար:

Այլ անեկդոտների թվում մեկն էլ ես եմ պատմում, ուր խաշի եւ սխտորի պատմություն կա: Բոլորը ծիծաղում են, Վարպետն ասում է, որ այդ ջոքը իրեն խոշ էր, նա այդ գրի կառներ, եթե չլիներ Լեւոնի պատմածը «Ժողովում ասանկ նստելու մասին»:

- Հոգ չէ, ադ ալ դուն գրե, դուն դոկտոր չե՞ս, - նորից սլաքն ուղղում է Լեւոնին Վարպետը:

Սրահում պտտվում է ու ռուսական թերթերն առնելով ուշադիր նայում, կարծես թե բան է հասկանում, ապա ծալում է ու ամեն օրինակից դնում սպիտակ ու երկար անձրեւանոցի գրպանները, որոնք առանց այդ էլ լիքն էին թղթերով ու պարկի նման կախ էին ընկած:

Վերջապես գալիս է ինքնաթիռը: Վարպետը մեկնում է:

***

Մի քանի օր անց Սարոյանին հանդիպում եմ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի շքամուտքի մոտ, մայթի վրա, ծանոթներով ու անծանոթներով շրջապատված:

Ուրախ-ուրախ մոտենում եմ ու բարեւում:

- Բարեւ, դուն ո՞վ ես:

Տալիս եմ անունս, համոզված, որ կմտաբերի:

- Չեմ ճանչնար:

Կարմրում եմ ամոթից, շրջապատածների կարեկցական, գուցե եւ, ծաղրական հայացքների տակ: Դրությունն ուզում է փրկել Ռազմիկը, որը հիշեցնում է, թե այն ջոքը խաշի ու սխտորի պատմությամբ, որ ինքը հավանեց, ես էի պատմողը:

- Ի՞նչ էր, կրնաս հիշե՞լ:

Ես կմկմում եմ, աշխատելով կարճ կապել, Վարպետը չի լսում, նստում է մեքենա եւ դուռը փակվում է քթիս առջեւ:

***

Տարիներ անց Սարոյանը նորից Երեւանում է: Միասին գնալու ենք սփյուռքահայ ուսանողների հանդիպման (այն դիասպորի տղաքի քովը): Առաջին հանդիպումը չի կայացել, քանզի Վարպետը մնացել է քնած, իսկ զանգերն ու դռան թակոցները չի լսել, քանի որ քնել է լսող ականջի վրա: Ուսանողները հիասթափված ու վրդովված են: Մի քանի օր է, Սարոյանն անհանգիստ է, ուզում է անպայման որեւէ կերպ առնել տղոց սիրտը:

Պատրաստվում ենք մեկնելու, հյուրանոցի սենյակ է մտնում «Ոզնի» հանդեսի խմբագրի տեղակալը: Հարցազրույց է ուզում: Սարոյանը չի հասկանում որն է ոզնին, բացատրում ենք, ըմբռնում է:

- Հա՜, այն սուր-սուր փուշերով անասո՞ւն:

Հարցազրույցն անց է կացվում ոտքի վրա, արագ, դուրս ենք գալիս:

- Կեցիր, գիշերվա ուտելիքս պատվիրեմ:

Նա բացում է «Արմենիա» ռեստորանի դուռը (ներսում անասելի ուժգնությամբ երաժշտություն է, պարում են, ծուխ, աղմուկ), կանգնում է շեմին ու գոռում.

- Վաղինակ, ինձի թանապուր, կոլոլակ:

Ո՞ւմ ասացիք, Վարպետ, այնտեղ Վաղինակ չկար:

- Ըսի, ըսի, կընեն, կար, անոնք գիտեն:

Դիմելով վարորդինՙ Վարպետն ասում է.

- Լորիկ:

- Վարպետ, Լորիկ չէ, Նորիկ է:

- Այո, գիտեմ, ես ալ Լորիկ կըսեմ,- նորից իրենն է պնդում նա:

- Վարպետ, Համազասպյանի վարորդ Նորիկն է:

- Գիտեմ, գիտեմ, Մորիկն է... Դուն Լուսինին տունը գիտե՞ս:

Լորիկ-Մորիկ-Նորիկը ժպտում է, բայց չգիտե: Դժվարությամբ գտնում ենք Լուսինի տունը, Եկմալյան փողոցի տիպիկ երեւանյան հողաշեն բնակարան: Սարոյանը հարց ու փորձ է անում Լուսինի մորից, հորից, ազգականներից, մինչ այդ տուն են լցվում հարեւաններ ու մենք հայտնվում ենք նեղլիկ բակի մեկ այլ բնակարանում, ուր սեղան են շտկել արագ, լուսանկարվում են, ինքնագրեր առնում:

Վերջապես դիասպորի տղաքի քովն ենք:

«Ուրարտու» սրճարանում սեղաններն այնպես են դասավորել, որ ծայրը վերջանում է սանդուղքների գլխին:

Ես կմոտենամ սեղանի ծայրին, կձեռնվեմ, տղոց անունները կհարցնեմ ու այս ծայրեն (ցույց է տալիս սեղանի վերջը) կամացուկ կփախինք: Իբր թե կամաց, ականջիս հռնդում է Վարպետը: Իրեն թվում է, թե ինքն աննկատ է մնալու ու կհաջողվի «կամացուկ փախիլ»:

Վարպետը բռնում է «փախուստի ճանապարհը» եւ մոտ 40 րոպե հետո հասնում ելքին:

- Անհարմար է, պետք է մի բան ասել, նոր մեկնել:

- Կուզես նե, ըսե:

- Ես ի՞նչ ասեմ, Վարպետ, Ձեզ կուզեն լսել, ես ի՞նչ:

Սարոյանը լռեցնում է երաժշտությունը եւ ասում իմ լսած իր խոսքերից ամենահաջողն ու կրքոտը: Նա օրինակներ է բերում իր տեսած այլ երկրներից ու ժողովուրդներից եւ ցույց տալիս Հայրենիքի, Սովետական Հայաստանի առավելություններն ու հաջողությունները: Կոչ է անում ամեն բանից առաջ սիրել Հայրենիքն ու նվիրվել նրա ծաղկման վեհ գործին:

***

Վերջին անգամ մեկնելուց առաջ Սարոյանն առավոտ շատ վաղ եկավ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե:

- Ո՞ւր է հեծիկը:

- Բացեցի բոլոր սրահների դռները եւ Սարոյանն իրեն նվիրած հեծանիվն առած սկսեց պտտվել:

- Կրնա՞ս:

Երբ «կրցա», արեց իր դիտողությունը, թե ջահիլ եմ ու ասանկ կերթաս, կռացավ, ցույց տալով, որ շատ եմ կքում դեպի ղեկը: Ինքը հեծիկը վարում էր ճարպկորեն, ուղիղ ու ձիգ կեցվածքով:

***

Վարպետի մահն իմացա Բեյրութում:

Բոլորի նման շատ ցավեցի:

Նայում եմ հիմա նրա նկարին («Արարատն է հայության սիմվոլը, ձգտինք անոր» մակագրությամբ), ուր ինքն է կիսաթեք, բարի ու առինքնող ժպիտով Արարատ լեռան ֆոնի վրա:

Իր հավանած լուսանկարներից էր ու քանի առիթով հիացել էր ոչ թե նրա կոմպոզիցիայով կամ լույսի ու այլ գեղեցկությամբ, այլ նրա համար, որ նկարում իր շուրջն ամեն մի խոտ ու թուփ «ասանկ, ասանկ, սուր, սուր կերեւին»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4