Սայաթ-Նովայի հոբելյանի առիթով
ԱՐՍԵՆ արքեպիսկոպոս ԲԵՐԲԵՐՅԱՆ
2012 թ. մեծ շուքով նշվելու է մեծատաղանդ երգիչ-աշուղ, երաժիշտ ու բանասեր, հոգեւորական, մշակույթի առաքյալ տեր Ստեփանոս աբեղայի 300-ամյա հոբելյանը: Առիթ` մեկ անգամ եւս վեր հանելու նրա թողած հոգեւոր-մշակութային ժառանգության անանց արժեքները: Հոդվածագիրըՙ երաժշտագետ-երգիչ, մեր հոգեւոր երաժշտության հմուտ մասնագետ Արսեն սրբազանը անդրադառնում է մեծ աշուղի հոգեւորական կյանքին, որ խորհրդային պայմաններում հայտնի պատճառներով անտեսվել է, հակառակ այն իրողության, որ նրա կյանքի մեծ մասը, շուրջ 40 տարի, նվիրված է եղել եկեղեցուն...
Հակառակ այն իրողության, որ բազմաթիվ հայ մտավորականներ զբաղվել եւ ուսումնասիրել են մեծ արվեստագետ-հոգեւորականի կենսագրությունը, մինչեւ այսօր էլ լինում են բացահայտումներ, որոնք աստիճանաբար լրացվում են նրա կյանքի մասին նորանոր տվյալներով, այնպես, ինչպես հաճախ լինում է համաշխարհային այլ դեմքերի պարագայում: Այս հարցը, սակայն, թողնելով կենսագիրներին, մեր ուշադրության կենտրոնում է նրա հոգեւոր կյանքի գործունեությունը, որի մասին նյութերը ժլատ են մեր բանասիրության մեջ: Այս առթիվ անդրադառնում ենք 1902 թ. Վաղարշապատում հրատարակված մի հոդվածի, որ գրել են հայրենի հայտնի հայագետներ Հակոբ Մանանդյանը եւ Հրաչյա Աճառյանը «Հայոց նոր վկաներ» վերնագրով:
Հարգարժան գիտնականները Սայաթ-Նովային ներկայացնում են որպես նահատակ հոգեւորականի` ի շարս այն նահատակ հոգեւորականների, որոնք հանուն հավատքի իրենց գաղափարական ամուր համոզմունքով ապրեցին, գործեցին եւ նահատակվեցին եւ եղան արժանավոր վկաներ Քրիստոսի եկեղեցու:
Կենսագրությունից հայտնի է, որ Սայաթ-Նովան իր մանկությունն անցկացրել է Հայ եկեղեցու հովանու ներքո, հոր` Կարապետի կողքին, երբ նա ժամկոչն էր Թիֆլիսի Ս. Կարապետ եկեղեցու: Բնական է, որ նա, ունենալով բնատուր գեղեցիկ ձայն, պետք է մասնակցած լիներ եկեղեցու արարողություններին եւ մանկուց հմտացել էր Հայ եկեղեցու հարուստ ծիսակատարությանն ու ավանդություններին: Եվ երբ նա իր երիտասարդ տարիներին ավարտել է իր աշուղական շրջանը, «կենաց վերջին քսան ու հինգ տարին կէնում էր միանձնացած, Թիֆլիզից դուս, հեռացած սրա ժողովրդէմէն»:
Անդրադառնալով Սայաթ-Նովայի կենսագրությանը` հեղինակները հոդվածում շեշտում են, որ «շատ անգամ էլ էս հանճարեղ յանկարծախօսն կատարել է հոգեւոր բժշկի պաշտօնն»: Սայաթ-Նովան իր տաղերում պոռթկում է «էսպես զզուած աշխարհքից»` գանգատվելով, թե` «ղուրթն ճամփա չի գնում», «էնդուր որ շատացիլ է խալխի սուտն»: Նա խրատում է իր «դիվանա» սիրտն ու քարոզում է սրան սիրել «Աստուած, հոգի, եար, պարկեշտութին, գիր, խրատ, համբերութին, դատաստան, խոնարհութին, աղքատ, ղօնաղ, օտար». ու վերջում յայտնելով իր սրտի տխրութեան հիմն` ահեղ դադաստանից վախնալն, խորհուրդ տալիս մանաւանդ սիրել «վանք, անապատ, քար»: Հեղինակները եզրակացնում են, որ նրա «խրատական խաղն, որն որ բովանդակում է իր մէջ կեանքի ամէն բարոյական ու մարդկային տարերքն, ու անպաճոյճ ու կարճ խօսքով յայտնում է մէկ ժողովրդի ամէն կարիքն վկայում է ազգային երգչի բարոյական ու կրօնական մտաց աճման»: Նաեւ «ազգի բարոյական դուրգարն էն էլ է հասկանում, որ քերթողն` պահպանելով իր սիրտն «քար խփելուց» ու «կոտրելուցն» պիտի չը վիրավորվի ժողովրդի ապերախտութէնից ու բրտութէնից, ու ամէն լեղի պարգեւօղին պատասխան տայ շաքարով, լաւ իմանալով` որ ազգն իր կրթութիւնն ու խրատն ըստանալու է երկնուց`
Թեգուզ դըպրատանըն պահ տաս` ծեծօվ չ՛ի խրատվի խիվըն,
Ինչրու անձնէն չը դուս էհայ անախտէլի էն չար դիվըն:
Բայց ինքն վիզ է առնում միայն քարոզչի պաշտօնն, ու սովրեցնում է սիրել ու անել «բարի գործն», որն որ դասում է բարձր ամէն իմաստութեան ու գիտութեան վրայ, ասելով`
Թեգուզ իմանաս, գիդէնաս աստղերու համբարքըն սիրուն,
Անբարի գուրձըն կօրած է` կարթա՛ Հարանց վարքըն սիրուն»
(մեր սուրբ հայրերի վարքագրությունը.-Արսեն արք. Բերբերյան):
Ապա շարունակում են հոդվածագիրները. «...իր անարատ հոգին` թէպէտ զգում է էլ էն կենաց պայծառութիւնն, բայց միշտ նեղացած մնում է տարակուսանաց մեջ`
Վուր տիղ` հասնիք, վուր տիղըն` սուք, վուր տիղ` սօյբաթ խաղ է ըլում.
Վուր տիղ` ժամ, վուր տիղ` պատարաք, վուր տիղ` սիրօվ տաղ է ըլում:
Թէ վուր հօքուդ կամքն իս անում` մարմինըդ բէդամաղ է ըլում.
Վո՞ւր մէ դարդին կու դիմանաս, դուն ջըրատար Սայեաթ-Նօվա»:
Վերլուծելով Սայաթ-Նովայի վերոհիշյալ տաղերի իմաստը` հոդվածի հեղինակները ավելացնում են. «Հէնց էն գլխէն հոգու ու մարմնու խնդիրն չէ՛ տալի սրան դադար, ու շատ ժամանակ պահում է տագնապում. վերջապէս ձանձրացած էս երազական կեանքի վայելչութիւններից Սայաթ-Նօվու խանդակաթ սիրտն, ասելով`
Կու հաքնիմ մազեղէն, կու հաքնիմ շալըն,
Կ՛էրթամ ու ման գու քամ վանքիրըն մէ մէկ,
պտռում է միայնակեցութիւնն, որոյ ծարաւն էնքան սաստիկ է ըլում, որ իր զաւակներու Թիֆլիզում թողած` գնում, հեռանում Հաղպատու Սուրբ Նշանի վանքն, որ տեղ կրօնաւորուած ձեռնադրվում է աբեղայ»:
Այստեղ կամենում ենք մի բան ճշտել, որ այնքան էլ հստակ չի արծարծվում հոդվածում: Հայտնի է, որ Սայաթ-Նովան նախքան վանք մտնելը ամուսնացել էր Մարմար անունով կնոջ հետ, ունեցել չորս զավակ եւ ծառայել Պարսկաստանում եւ Վրաստանում` տարբեր ծխերում որպես գյուղի քահանա: Նրա կինը վաղաժամ է հեռանում կյանքից, եւ երբ նա, որ այրի էր արդեն եւ որպես ծխատեր քահանա այլեւս չէր կարող շարունակել մնալ ժողովրդի մեջ, ժամանակի Զաքարիա եպիսկոպոսը, որ Սայաթ-Նովային քահանա ձեռնադրողն է եղել եւ նրան վերանվանել Ստեփանոս քահանա, առաջարկում է նրան ընդունել վանական դառնալու ուխտ, վեղար հագնել ու մտնել վանք, այնպես, ինչպես ընդունված էր հայ եկեղեցու ավանդությամբ: (Նման դեպքում քահանան կոչվում է շուշտակ վարդապետ): Ոմանց համար հարց է նաեւ, թե Սայաթ-Նովան ինչ գործունեություն է ունեցել Հաղպատի վանքում որպես լուսարար: Այս հարցերի մասին եւս հստակ չեն նշում նրա կենսագիրները: Հոդվածագիրները նույնպես խոսում են այդ մասին. «Դժուար թէ նա մտած ըլի վանքն իր կնոջ մահից առաջ. միայն շատ կարելի է որ մէ քանի տարի իր կնոջ մահիցն էլ առաջ հրաժարած ըլի խաղ ասելուցն»: Աշուղությունն մեղք բան համարելով (թուրքերեն գրված մի տաղում ասում է. «Բաս ասում են թէ` աշխարհս երազ է էլել, էնդուր էլ վախում եմ սօյբաթից սազից»): Հոդվածագիրները հաստատում են նաեւ. «Ունենալով երկիւղած ու կրօնասէր բնաւորութիւն, որն որ յայտնվում է եւս թուրքերէն ասած խաղերուցն».
Սայեաթ-Նօվէն հաւատն չ՛ի ուրանալ` Հայ է:
Ըստ վերոհիշյալ տվյալների` «սրտումն էլ կրելով կրօնաւորվելու փափագն, կարելի է որ Սայեաթ-Նովէն` դեռ կնոջ մահն չը տեսած, վեր ըլի առել ձեռն աշուղութէնից»:
Ուստի վանական Ստեփանոս աբեղայի մասին կրկին տեղեկությունները հստակ չեն: Նկատի ունենալով նրա աշուղական անցյալը` հոդվածագիրները եզրակացնում են. «Էնդուր որ մեր մեղօք հնացեալ կրօնավորն անց կու լէր կացնում կեանքն իր վաղեմի մեղքերու` աղօթքով ու պաս պահելով քավելումն»:
Սայաթ-Նովայի մահվան հանգամանքները կապվում են Աղա-Մահմեդ խանի կոտորածների հետ: Վերջինս Սայաթ-Նովային տեսնում է եկեղեցում աղոթելիս, եւ նրա զինվորները պահանջում են երգչին դուրս գալ եկեղեցուց եւ հավատքն ուրանալ, բայց այս կրոնավորն իր հոգին ավանդում է` ասելով. «Եկեղեցուց չե՛մ դուս գալ, չեմ ուրանալ Յիսուսին» : Այդ դեպքը եւս հարցականի տակ է դրվում վերջերս հրատարակված մի ստվարածավալ գրքի հեղինակ Ա. Ասլանյանի կողմից:
Հուսով ենք, ի վերջո, նոր ուսումնասիրությունները Սայաթ-Նովայի կյանքի վերջին շրջանի հոգեւոր գործունեության մասին կհստակեցնեն եւ կբացահայտեն նրա փայլուն անձնավորությանը` արվեստագետ-հոգեւորականին հատուկ կերպարը: Մեզ համար հստակ է. եթե նա որոշակի ժամանակահատված եղել է Հաղպատի լուսարար, ապա նրա լուսարարության շրջանի գործունեությունը համապատասխան պետք է լիներ Հայ եկեղեցու լուսարարի համար ընդհանուր բոլոր պարտականություններին, որ մինչ օրս շարունակվում է բոլոր լուսարարների պարագայում. ասել է` ծիսական արարողակարգը ղեկավարող սպասավոր:
Եվ պետք է պարզել ու հստակեցնել նրա ներշնչանքի աղբյուրները, երաժշտության ակունքները, որոնք այլ բան չէին կարող լինել, քան հայ եկեղեցու հոգեւոր հարուստ ծիսական ժառանգության արժեքները` տաղեր, գանձեր, շարականներ, որոնցում նրա հմուտ լինելը կասկածից վեր է, քանի որ նա մեծացել է այդ մթնոլորտում, եւ նրա մշակութային արմատները պետք է փնտրել հենց դրանց մեջ: Այս մասին նաեւ նրա որոշ կենսագիրներ են ակնարկել: Մեր սրբազան պարտքն է` մեկ անգամ եւս շեշտել, որ Հայ եկեղեցին իր պատմության ընթացքում ունեցել է այնպիսի նվիրյալ հոգեւորականներ, ինչպիսիք էին Նարեկացին, Շնորհալին, Կոմիտասը, եւ նրանց կողքին իր արժանի տեղն ունի Ստեփանոս Աբեղան` այս նահատակ հոգեւորականը, Հայ եկեղեցու հավատարիմ ծառան, որին պետք է ըստ արժանվույն ներկայացնել մեր ժողովրդին, որը, պատահական չէ, որ ի շարս այլ մարտիրոսների, դասվել է հայ նոր վկաների անվանացանկում, որ արձանագրված է նաեւ, թեեւ առայժմ անվավեր, մեր եկեղեցական «Յայսմաւուրքի» մեջ վերոհիշյալ գիտնականների կողմից: Փառք եւ պատիվ Ստեփանոս աբեղայի խնկելի կյանքին: