ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2011-07-30 | #14, 2011-08-27 | #15, 2011-09-10


ՀԱՅՈՑ ԼԻԲԱՆԱՆԸ

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

Նրանց, ովքեր շատ են սիրում խոսել հայկական հյուրասիրության անկրկնելիության, ավելինՙ եզակիության մասին, խորհուրդ պիտի տայի Լիբանան այցելել: Վերադարձին, վստահաբար, նրանք ավելի մեղմ տոնայնություն կհաղորդեն իրենց խոսքինՙ տպավորված լիբանանյան հյուրամեծարությամբ եւ ջերմ ընդունելությամբ: Միգուցե Միջերկրական ծովի արեւելյան ափին թիկնած արեւշատ այս երկրի ասպնջական ոգին էր պատճառներից մեկն այն բանի, որ հայերը հոգեմոտ համարեցին այն եւ ետեւում թողած Մեծ եղեռնի ահասարսուռ ճամփաներըՙ մնայուն բույն հյուսեցին արաբական այդ երկրում:

Գրում եմ «արաբական» ու հիշում օդակայանից դեպի Բեյրութ տանող տաքսու վարորդի խոսքերը, որով փորձեց ուղղել ինձՙ դատել տալով, թե արաբականը միայն իրենց լեզուն է: «Մերը Փյունիկիան է, ու մենք փյունիկեցիներ ենք», վրա բերեց նա: Ու երբ իմացավ հայ լինելս, դրվատական խոսքեր չխնայեցՙ գովաբանելու համար լիբանանահայ գաղութը, որ քաղաքացիական ավերիչ պատերազմի տարիներին «իրեն տղամարդու պես պահեց»: Իսկ պատերազմը շատ երկար տեւեցՙ շուրջ 15 տարի (1975-1990 թթ.): Բեյրութահայերն, իրոք, իմաստնություն ունեցան չեզոք դիրք գրավելու եւ կողմ չբռնելու եղբայրասպան այդ կռիվներում: Անհետեւանք, սակայն, այն չմնաց: Շուրջ 200 հազարանոց հայությունից այսօր հազիվ 80 հազարն է մնացել ու դեռ շարունակվում է արտագաղթը դեպի ամենակուլ Միացյալ Նահանգներ, Ավստրալիա եւ եվրոպական երկրներ: Բայց ինչպես ասում ենՙ «Չկա չարիքՙ առանց բարիքի»: Մինչ հայկական մեծ արտագաղթը Հայաստանից անցյալ դարավերջին (1 մլն մարդուց ավելի), բեյրութահայերն իրենց Հայկյան ոգով սնուցեցին հայկական Սփյուռքըՙ թարմ արյուն ներարկելով դրա ցամաքող երակների մեջ...

Հյուրընկալսՙ Պերճ Խանջյանը, նույնպես քաղաքացիական կռիվներից հետո երկար ժամանակով լքել էր իր ծննդավայր Լիբանանը, բնակություն հաստատելով նախ Անգլիայում, ապա Ֆրանսիայում ու Ֆինլանդիայում: Այնուամենայնիվ, ի վերջո, վերադարձել էր հայրենի եզերք: Իր խոսքերով, Լիբանանն իր տեսած երկրներից գեղեցկագույնն է: «Կարող ես դահուկներով սահել լեռներում, բայց 20 րոպե անց լողալ Միջերկրականի կապույտ ջրերում: Ֆրանսիայում, օրինակ,- պատմում էր նա,- 6-7 ժամ ճանապարհ պիտի կտրես կլիմայական մի գոտուց մյուսին անցնելու համար, մինչդեռ այստեղ այդ ժամանակը առավելագույնը 20-25 րոպե է»: Բեյրութին մերձակա Քորնեթ ալ Համրա («Կարմիր անկյուն») արվարձանում գտնվող նրա տունը զարդարված էր հորՙ Եղեռնից մազապուրծ հայ տաղանդավոր նկարիչ Օննիկ Խանջյանի ստեղծագործություններով եւ իսկական պատկերասրահ էր հիշեցնում: Տանտերը, լավ իմանալով նախասիրություններս եւ ըստ արժանվույն գնահատելով գրել-նկարելու ձիրքս, ճիշտ էր կռահել մտադրությունսՙ Արեւմուտքի Փարիզում մի քանի անգամ լինելուց հետո գեթ մեկ անգամ լինել Բեյրութումՙ Արեւելքի Փարիզում: Ու հետեւել էր հրավերը...

***

Բեյրութն, անտարակույս, առանձնահատուկ դեր ունի հայկական աշխարհում. այն ոչ միայն Լիբանանի ու լիբանանահայության, այլեւ ողջ սփյուռքահայության մայրաքաղաքն է, իսկ հայոց Լիբանանըՙ Սփյուռքի ողնաշարը: Բեյրութահայության տոկուն ոգուն առնչվել էի դեռ ուսանողական տարիներից: Հիշում եմ. Երեւանի պետհամալսարանում սովորող բեյրութահայ ուսանողներն էին առաջնորդում տեղացիներիս սգո երթերը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունքՙ երգելով մինչ այդ մեզ անծանոթ ազգային-հայրենասիրական երգեր: Նրանք էին Բեյրութից մեզ համար բերում Լեւոն Շանթ ու Երվանդ Օտյան, հաղորդակցում կոմունիստական վարչակարգի կողմից արգելված մեր ազգային մյուս արժեքներին: Հետագայում շրջելով գաղութից գաղութՙ համոզվեցի, որ դարձյալ նրանք են ազգապահպանման ու հայապահպանման գործի առաջամարտիկները:

Մինչ Բեյրութում հայահոծ գաղութի կազմավորումը, մեր նախնիներն, ըստ հռոմեացի պատմիչների, դեռ մ.թ.ա. IV-III դդ. արդեն հասել էին Միջերկրականի արեւելյան ափերըՙ Սիդոնի (Սայդա) եւ Տյուրոսի (Սուր) շուկաներ վաճառահանելով Հայաստանի գինին ու որդան կարմիրը: Հայտնի է նաեւ, որ Տիգրան Մեծը մեծ թվով հայերի վերաբնակեցրեց Փյունիկիայում: Ավելի ուշՙ Կիլիկյան հայկական պետության կործանումից հետո, ստվարացավ մեր հայրենակիցների թիվըՙ կազմավորելով առանձին համայնքներ: Կրոնական տեսակետից ունենալով հանդուրժողականության դարավոր ավանդույթներՙ Լիբանանը XIX դարի 20-30-ական թթ. հյուրընկալեց Կ. Պոլսում եւ Թուրքիո գավառներում մոլեգնող հակակաթոլիկական հալածանքներից խույս տված հայերին: Էլ չխոսենք XX դարասկզբի Մեծ զուլումից պրծած տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների մասին, որոնց համար այս երկիրը, առանց չափազանցության, փրկության ապահով լաստ հանդիսացավ:

Հայության մնայուն ու շոշափելի ներկայության սկիզբը, սակայն, կարելի է համարել XVIII դարակեսը, երբ այդտեղ ձեւավորվեց Լիբանանի հնագույն հայկական վանքը:

Զմմառ

... Ոլորապտույտ ու լեռնիվեր մագլցող ճանապարհը, որ անցնում է «Լիբանանի կույսի»ՙ Հարիսայի Աստվածամոր բարձրադիր արձանի կողքով, մեզ հասցրեց Բեյրութից 30 կմ հեռավորությամբ գտնվող Զմմառի հայոց վանք: Վերջինիս մասին ահա թե ինչ է գրում Արշակ Չոպանյանը. «Լիբանանի մեկ բարձունքին վրայ Հայաստանի կտոր մը գտայ»:

Զմմառյան կամ, ինչպես հիմնադրի անունով հաճախ է կոչվում, Արծիվյան միաբանության պատմությունը 260-ից ավելի տարիներ է հաշվում: XVIII դարակեսին պոլսահայ կյանքում սաստկացած կրոնադավանաբանական վեճերն աստիճանաբար վերաճում են եղբայրատյաց հալածանքների ու եղբայրասպան կռիվների: Հայ կաթոլիկ համայնքի առաջնորդներից Աբրահամ արք. Արծիվյանը, տեսնելով, որ խաղաղ լուծման փորձերը արդյունք չեն տալիս, հանգում է առանձին կաթողիկոսով անկախ նվիրապետություն ունենալու գաղափարին: 1741 թ. կաթողիկե հոգեւորականներն ու ավագանին հավաքվում են Հալեպում եւ տեղի թեմի առաջնորդ Աբրահամ արք. Արծիվյանին ընտրում կաթողիկե հայերի կաթողիկոս-պատրիարք: Կ. Պոլսում հաստատվելու փոխարեն որպես աթոռանիստ նա նախՙ ընտրում է Լիբանանի Քրեյմ գյուղը, ապա մի քանի տարի անց, որպես առանձնացյալ ու խաղաղ վայր, նախապատվությունը տալիս Զմմառյան բարձունքին: 1749 թ. օգոստոսի 21-ի նրա Կոնդակով սկսվում է հայ կաթողիկե վանքի կառուցումը: Ճիշտ է, վաղահաս մահը (նույն տարվա հոկտեմբերի 1-ին) նրան թույլ չի տալիս իրագործված տեսնելու իր մտահղացումը, սակայն նրան հաջորդած կաթողիկոսներից յուրաքանչյուրն իր ներդրումն է կատարում դրա ընդարձակման ու ճոխացման գործում: Նրանցից հիշատակենք միայն մեկինՙ Հայ կաթողիկե եկեղեցու երկարամյա հովվապետ Գրիգոր Պետրոս ԺԵ կարդինալ Աղաջանյանինՙ մտաբերելով նաեւ նրա հետեւյալ խոսքերը. «Զմմառու վանքը մշտամրմունջ աղօթք մըն է երկինք բարձրացողՙ նախնեաց հոգիով եւ լեզւով»: Ես էլ, հայկական այս վանք բարձրանալիս, ակամա հիշեցի Թեքեյանի հայտնի բանաստեղծության հետեւյալ տողը. «Եկեղեցին հայկական դէպի երկինք բարձրացողՙ գաղտնի ճամբայ մը ունի...»:

Վանաբնակ քահանաներից մեզ դիմավորեց Զմմառի միաբանության ընդհանուր քարտուղար եւ թանգարանապետ հայր Նարեկ վրդ. Լուիսյանըՙ սիրահոժար ուղեկցելով վանքի թանգարանի սրահներով: Ի դեպ, մեծ է այս երիտասարդ վարդապետի նպաստը տեղում պահվող ձեռագրերի պահպանման ու դասակարգման գործում:

Զմմառում պահվող հայերեն ձեռագրերի թիվը շուրջ 1500 էՙ չհաշված 250 արաբերեն ձեռագրերը: Զմմառյան հայկական ձեռագրաց կարեւորության մասին ակադ. Լեւոն Խաչիկյանը գրել է. «Այդ հավաքածուն կարեւորության տեսակետից երրորդն է Երեւանից եւ Վենետիկից հետո: Զանազանվում է մյուս հավաքածուներից իր տաղարանների եւ բժշկարանների մասնահատուկ ճոխությամբ»: Այդտեղ են գտնվում Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» հնագույն (1240 թ.) եւ «Գիրք Թղթոց»-ի միակ (1298 թ.) օրինակները: Շատ են նաեւ հնատիպ գրքերը (4 հնատիպՙ XVI դարից, 75-ըՙ XVII եւ 250-ըՙ XVIII դարերից): Մայրավանքի դիվանատան պարունակյալ հարյուրավոր տուփերում պահպանվում են շուրջ երկուսուկեսդարյա միջինարեւելյան պատմությանը վերաբերող փաստաթղթեր, ազգային-եկեղեցական պատմությանն առնչվող վավերաթղթեր, կալվածագրեր, կոնդակներ, պաշտոնագրեր, նամակներ եւ բազմաթիվ այլ մեծարժեք թղթածրարներ: Մեր այցին ականատեսը եղանք, թե ինչ գուրգուրանքով ու երկյուղածությամբ էին դրանք մաքրվում եւ տեղափոխվում խտասալիկների վրա:

Հայր Նարեկը մեկ առ մեկ ցույց էր տալիս թանգարանի ինքնատիպ ցուցանմուշները, փղոսկրյա արձանիկները, դրամների հարուստ հավաքածուն (խեթական, փյունիկյան, բյուզանդական եւ այլն), Դարեհ արքայից արքայի կնիքը, ապակյա մասնատուփի մեջ պահվող փուշըՙ առնված Տիրոջ չարչարանաց պսակից եւ այլն: Անմոռանալի տպավորություն թողեցին Մայր եկեղեցու կենտրոնական խորանըՙ «Տիրամոր վերափոխումը» հոգեզմայլ յուղանկարով եւ կարդինալ Աղաջանյանի օրոքՙ 1940-ին կառուցված Տիրամոր գողտրիկ մատուռըՙ մեծն Ռաֆայելին վերագրվող «Ցավագին Տիրամայրը» հրաշագործ պատկերով:

Մեր այցն այդ օրը «քաղցր» ավարտ ունեցավ. վերանորոգումից հետո իր դռները վերստին բացած գինեբույր եւ հյուրընկալ գինեմառանում Զմմառյան անուշահամ գինով ես բաժակ բարձրացրի այդ հաստատության հարատեւության համար: Բանն այն է, որ ինչպես բոլոր եկեղեցիներին, վանական այս հաստատությանը եւս պատել է վանական նոր սերունդ դաստիարակելու հոգսն ու տագնապը. նյութապաշտ դարձող այս աշխարհն օրեցօր նորանոր մարտահրավերներ է նետում: Լիբանանահայ անդրանիկ դպրոցը համարվող Զմմառի վանքի հայ կաթոլիկ Դպրեվանքը, որ գործում է XVIII դարակեսից մինչ օրս, շարունակում է պատրաստել հոգեւոր սպասավորներ: Վերջիններս ամենուր ենՙ Լիբանանից բացի Ֆրանսիայում, Հյուսիսային Ամերիկայի երկրներում, նաեւ ի Հայաստան: Այստեղ, 1990-ից սկսյալ, երջանկահիշատակ Վազգեն Ա վեհափառ հայրապետի հրավերով տեղի հայ կաթողիկե համայնքին իրենց հովվական ծառայությունն են մատուցում հայ կաթողիկե վարդապետներըՙ առաջնորդությամբ Մխիթարյան միաբանության ներկայացուցչի:

Ի հիշատակ այցիՙ հ. Նարեկ վրդ. Լուիսյանն ինձ նվիրեց մեկական համարներ Հայ կաթողիկե-պատրիարքարանի պաշտոնաթերթ «Աւետիք»-ից, «Զուարթնոց» հոգեւոր ու հովվական հանդեսից եւ Զմմառի Տիրամոր վանքի «Սբ. Միքայել» նորընծայարանի «Կանչ հրեշտակապետին» պաշտոնաթերթից:

Անթիլիաս

Այսպես է կոչվում Բեյրութից 10 կմ դեպի հյուսիս գտնվող արվարձանը, որը հայոց Լիբանանի եւ ընդհանրապես հայկական աշխարհի անտրոհելի մասը դարձավ շնորհիվ 1930-ին այստեղ հաստատված Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի:

Նախկին ամայի տարածքի տեղում այսօր վեր է խոյանում վանական մի հսկա համալիրՙ կենտրոնում ունենալով Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարը: Վերջինս կառուցվել է 1940-ինՙ օժանդակությամբ մի անհայտ բարերարի, որի անունը հայտնի դարձավ մահկանացուն կնքելուց հետո միայնՙ Սարգիս Քենաճյան: Կաթողիկոսարանի շրջաբակումՙ Մայր տաճարին կից է գտնվում Նահատակաց հուշարձան-մատուռը, որտեղ ամփոփված են Դեր Զորի անապատում նահատակված մեր անմեղ զոհերի մասունքները: Նախկինում այստեղ է գործել նաեւ Դպրեվանքը, որը քաղաքային ժխորից հեռացնելու համար 1978-ից տեղափոխվել է Բեյրութին մոտակա Բիքֆայա գյուղ: Հարուստ է «Կիլիկիա» թանգարանի հավաքածուն, որն ընդգրկում է եկեղեցական մասունքներՙ բերված 1915-ին Սսի կաթողիկոսարանից, ծիսական զանազան զգեստներ ու պարագաներ, տարբեր դարերով թվագրվող խաչքարեր եւ այլն: Թանգարանի ձեռագրատանը պահվում են XIII- XIX դդ 223 հայերեն ձեռագիր մատյաններ:

Հոգեւոր այս կենտրոն մուտք գործող յուրաքանչյուր հայի զգացողությունը լավագույնս է թարգմանել Մուշեղ Իշխանն իր հետեւյալ տողերում.

...Կը մտնէ ամէ՛ն հայ իբրեւ տանտէր հարազատ,

Կը ստանայ սէր ու սնունդ, սրտի հպարտ ցնծութիւն,

Եւ բուրեանէն ու բուքէն հոն կը մնայ միշտ ազատ:

Սփյուռքի օտար ու օտարացնող ճանապարհներին դեգերող հայորդիներին կաթողիկոսական այս աթոռը սնուցել է ազգային երազներով եւ, ինչպես ինքըՙ Մեծի տանն Կիլիկիո գահակալ Արամ Ա կաթողիկոսը նշեց 2006 թ. Բեյրութում կայացած Գրողների համահայկական 3-րդ համագումարում, մեր ժողովրդին առաջնորդել է «մահէն դէպի կեանք, խաչէն դէպի յարութիւն»:

Արամ կաթողիկոսին հանդիպելու երջանիկ պատեհություն, ավա՜ղ, չունեցաՙ Անթիլիասից նրա բացակայության պատճառով: Ուրախ էի տեսնելու գրչակից ընկերոջսՙ բանաստեղծական մի քանի ժողովածուների հեղինակ եւ միաժամանակ կաթողիկոսարանի կրթական-հայագիտական գրասենյակի վարիչ Սարգիս Կիրակոսյանին: Նա կաթողիկոսարանի «Հասկ» տարեգրքի հերթական համարն էր խմբագրում եւ վերջնական ճշգրտումներն անում: Այդ օրն էր, որ նրանից նվեր ստացա հաստափոր մի քանի հատորներՙ ի շարս որոնց Դպրեվանքի «Գլաձոր» տարեգիրքը: Վերջինս եզակի հնարավորություն է տալիս ընծայարանի սաներինՙ տպագրված տեսնելու իրենց հեղինակած ուսումնասիրությունները, վերլուծականներն ու գրական-թարգմանական գործերը: Ավելի ուշ, երբ տանն ընթերցում էի Սարգիս Կիրակոսյանի կազմած եւ Սփյուռքի տարբեր գաղթօջախների հայկական վարժարանների աշակերտների շարադրություններն ամփոփող «Զհաց մեր հանապազորդ...» ժողովածուի նյութերը, մեր ոսկեղենիկի ապագայի հանդեպ մտահոգություններս, թեկուզ մասամբ, մեղմացան: Որպես ապացույց ասվածիՙ մեջբերեմ մի փոքր հատված Բեյրութի Հայ ավետարանական քոլեջի 10-րդ դասարանի սան Արին Պաղտոյանի գրած շարադրությունից. «Չեմ կրնար երեւակայել, որ թոռնիկս չսորվի հայոց այբուբենը, չերգէ հայերէն երգեր, չծանօթանայ Կոմիտասին ու Սիամանթօյին, չյաճախէ հայկական եկեղեցի եւ ամուսնանայ օտարի մը հետ: Հայ ըլլալու հպարտութիւնը այլեւս իմ ինքնութեանս մէկ մասը կը կազմէ եւ նաեւ մաս կը կազմէ այն արժէքներուն, որոնք կը յուսամ փոխանցել իմ թոռնիկիս: Եւ անշուշտՙ հայերէնո՛վ»:

Հրատարակչական աշխատանքը մնում է կաթողիկոսարանի մշակութային առաքելության մարզերից մեկը: Այն կրկնապատկվեց ու եռապատկվեց Արամ Ա կաթողիկոսի օրոք ու նրա գործուն ջանքերով: Խիստ շահեկան է արդյունավետ գործակցությունը Կիլիկիո կաթողիկոսարանի եւ «Գալուստ Կիւլպենկեան» հիմնարկության հայկական բաժանմունքի միջեւ, որի արդյունքում ամեն տարի հայագիտական լուրջ արժեքներ են լույս աշխարհ գալիս: Կաթողիկոսարանն ունի հրատարակչական երեք հիմնադրամՙ «Գեւորգ Մելիտինեցի գրական մրցանակ», «Ռիչըրտ եւ Թինա Գարոլան» եւ «Խաչիկ Պապիկեան»: Սրանցից յուրաքանչյուրն ունի իր հանձնախումբը, որն իրավասու է որոշելու հրատարակվելիք գրքերի ցանկը:

Կիլիկիո կաթողիկոսարանն անգնահատելի դեր ունի թե՛ լիբանանահայության, թե՛ համասփյուռքյան կյանքում ընդհանրապես: Այստեղ պարբերաբար տեղի են ունենում գիտաժողովներ, գրական, կրթական ու մշակութային համագումարներ, կազմակերպվում են հայ գրքի ցուցահանդեսներ եւ կարեւոր շատ այլ միջոցառումներ: Նրա անմիջական հովանավորությամբ են գործում Ջիբեյլի «Թռչնոց բույն» որբանոցը, Բուրջ Համուդի հայկական ծերատունը, ազգային այլ հաստատություններ: Երիցս իրավացի է Մեծի տանն Կիլիկիո Սբ Աթոռի արդի ժամանակների պատմագիր Բյուզանդ Եղիայանը, երբ իր «Պատմութիւն Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ» հատորում գրում է. «Ի՛նչ համեստ աշխատանք որ կատարուած է ու կը կատարուի այստեղ, ազգին ամբողջութեան օգտին համար եւ Հայաստանեայց եկեղեցւոյ կենսատու ոյժին եւ անքակտելի միութեան հաւատքովը կատարուած աշխատանք է»:

Այնճար

Հայկական բարեկարգ գյուղական բնակավայրերը նույնիսկ Հայաստանում շատ չեն: Քիչ են առավել եւս արտերկրում: Այս իմաստով եզակի է Լիբանանի Բեքաայի դաշտավայրում, Բեյրութից 60 կմ հեռավորության վրա գտնվող այս հայաբնակ գյուղաքաղաքը: Արաբերենից թարգմանաբար այն «Ծաղկ-աղբյուր» է նշանակումՙ ճիշտ արտացոլելով տեղանքը: Բնակավայրը, որ շուրջ 20 քառ. կմ տարածք է զբաղեցնում, բոլոր կողմերից շրջապատված է խաղողի, խնձորի եւ այլ պտղատու մրգերի այգիներով: Երեք հազարից ավելի բնակիչների հիմնական զբաղմունքը բանջարաբուծությունն ու գյուղատնտեսությունն է:

Պատմական է Այնճարի տեղանքը: Դարեր առաջ նույն տեղում եղել է հռոմեական բնակավայր, եւ այսօր այցելուներին նա ներկայանում է իր հնության դրոշմը կրող պատմաշունչ ավերակներով: Հանրահայտ է ներկա Այնճարի հիմնադրության պատմությունը: 1939-ի վերջին Ալեքսանդրեթի սանջակիՙ Թուրքիային բռնակցվելուց հետո Մուսա լեռան շուրջ 6 հազարանոց հայ համայնքը ֆրանսիական մանդատային իշխանության հովանավորությամբ տեղափոխվում է Լիբանանՙ հիմք դնելով զուտ հայկական այս գյուղաքաղաքին: Քչերը գիտեն, սակայն, որ այսօրվա բարեկարգ վիճակի համար վերաբնակները շատ թանկ գին են վճարել. բնակչության գրեթե մեկ քառորդը զոհ է գնացել մալարիայի համաճարակինՙ մինչեւ որ կչորացվեին շրջակայքի ճահիճները:

Քայլելով ներկա Այնճարի ուղղաձիգ փողոցներով, անցնելով նորակառույց բարեշեն տների կողքով եւ դիմացդ տեսնելով քաջ ֆիդայիներին հիշեցնող հայ տղամարդկանց ու գեղանի հայուհիներիՙ սիրտդ ուռչում էր հպարտությունից ու հրճվանքից: Գրագետ ու հայրենասեր սերունդ է այստեղ աճումՙ շնորհիվ հայկական 3 կրթօջախների: Վերջիններս գործում են առաքելական Սբ Պողոս, կաթոլիկ Սբ Աստվածածին եւ հայ ավետարանական եկեղեցիներին կից: Տեղաբնակները մյուս լիբանանահայերի նման բաժանված են կրոնադավանաբանական 3 համայնքներիՙ համերաշխորեն ապրելով կողք կողքի եւ համագործակցելով միմյանց հետ: Չմոռանանք, որ քաղաքացիական պատերազմի տարիներին, որպես անվտանգ վայր, այն ապաստանեց հազարավոր լիբանանահայերի:

Լինել Այնճարում եւ չայցելել արհեստական ջրվեժների հարեւանությամբ գտնվող հանգստի գոտիՙ հնարավոր չէր: Ուստի մենք էլ օգտվեցինք մարդու ու բնության ներդաշնակ գործակցությամբ ստեղծված երկրային այս դրախտավայրի պայմաններիցՙ տեղական արաքով խմելով աշխատասեր հայ շինականի կենացը:

Բուրջ Համուդ

Մայրաքաղաք Բեյրութի արեւելյան այս թաղամասում են հիմնականում կուտակված բեյրութահայերն ու լիբանանահայ ազգային կառույցներից, եկեղեցիներից ու վարժարաններից շատերը: Ժամանակին այստեղ վրանաքաղաք է եղել, որտեղ պատսպարվել են Եղեռնից մազապուրծ մեր հայրենակիցները: Տասնամյակներ անց, ճիշտ է, շատ բան է փոխվել քաղաքային բնապատկերից, սակայն այն շարունակում է մնալ արհեստավորական թաղամասՙ փոքրիկ կրպակ-արհեստանոցներով եւ վաճառակետերով: Սա, իրավամբ, «երկրորդ Հայաստան է», որտեղ շուրջբոլորդ հայեր են ու լսածդ լեզուն դարձյալ քաղցրածոր հայերենն է: Ամեն քայլափոխի հայկական եկեղեցու գմբեթ է եւ ազգային վարժարանի շենք: Անտարբեր չէին կարող թողնել նաեւ թաղամասի փողոցների հայկական անուններն ու ցուցանակները, մեր եռագույնը, որ փողփողում էր շատ պատշգամբներից:

Այսօր էլ ակաջներումս են ամեն անգամ խանութ մտնելիս լսվող «Բարի եկաք»-ը եւ տարբեր կողմերից արվող սրճախմության հրավերները: Բուրջ Համուդի արհեստավորներիՙ ժամագործներ, կոշկակարներ, դերձակներ, ոսկերիչներ, արծաթագործներ եւ այլն, համբավը վաղուց է դուրս եկել Լիբանանի սահմաններից եւ նրանց այլեւս կարելի է տեսնել Փարիզում ու Նյու Յորքում, Մելբուրնում ու Մոնրեալում:

Իրավն ասած, հայկական այս շրջանը լավագույն վայրը չէր յուղանկար կամ գծանկար ստեղծելու համար. արտաքուստ այն անշուք է եւ դժգույն, իսկ նեղլիկ փողոցներըՙ խառնափնթոր ու աղմկոտ: Ներքուստ, սակայն, այն աննկարագրելի ու անբացատրելի ձգողություն ունիՙ լեցուն անտեսանելի բազում շերտերով: Իմանալով հայաստանցի լինելսՙ շատերն էին հարցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից: Բոլորն էին տագնապած այն հեռանկարից, թե հանկարծ հայ սփյուռքը չտարանջատվի Հայաստանից եւ սեպ չխրվի հայության երկու հատվածների միջեւ: Ու նրանց հասկանալ կարելի էր: Չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը շառավիղն է եղեռնահար մի խլյակի եւ 1915-ը նրանց համար հարազատ ժողովրդի անցյալի սեւ էջ չէ միայն, այլ ներկայի ապրող հիշողություն եւ ապագային միտված մարտահրավեր...

Ուրախալի էր, անշուշտ, տեղեկանալ, որ չնայած տնտեսական ճգնաժամի պարտադրած դժվարություններին եւ շարունակվող արտագաղթինՙ շուրջ երեք տասնյակ հայկական դպրոցներ դեռ գործում են Լիբանանում: Տեղի հայ համայնքը, ազգային-կրոնական կառույցներն ու մշակութային միությունները, նաեւ «Գալուստ Կիւլպենկեան» հիմնարկությունն ամեն ինչ անում ենՙ պահպանելու Լիբանանի հայկական համայնքի դպրոցական ցանցը, որը շարունակում է մնալ Սփյուռքի ամենակազմակերպված ուսումնական ցանցերից մեկը: Չմոռանանք նաեւ, որ Սփյուռքի միակ հայկականՙ Հայկազեան համալսարանը գտնվում է հենց Լիբանանի մայրաքաղաքում: Այստեղ, ի դեպ, հայերից բացի սովորում են նաեւ օտարազգի ուսանողներ:

Անմոռանալի էին հանդիպումներս Բուրջ Համուդի «Շաղզոեան» մշակութային կենտրոնում, որտեղ այցելեցի «Ազդակ» օրաթերթի խմբագրություն: Վերջինիս երիտասարդ խմբագրապետ Շահան Գանդահարյանի առաջարկով նաեւ հանդես եկա դասախոսությամբՙ «Հայ մշակութային կյանքն այսօր» թեմայով: Այդ առիթով էլ ծանոթացա բեյրութահայ մտավորականության շատ ներկայացուցիչների, այդ թվումՙ գրող-հրապարակագիր Արամ Սեփեթճյանի, «Բագին» ամսագրի փոխխմբագիր, բանաստեղծուհի Սեդա Գրիգորյանի, գեղանկարիչ Հովսեփ Գասպարյանի հետ, հանդիպեցի համալսարանական վաղեմի ընկերոջսՙ Հայկազյանի դասախոս Անդրանիկ Տաքեսյանին: Հետագա հանդիպումներս լիբանանահայ մտավորականության նաեւ այլ ներկայացուցիչների հետ համոզեցին, որ բազմաթիվ են մարդիկ, ովքեր կենդանի են պահում անցյալի ավանդները եւ գրական-գեղարվեստական շարժումըՙ նախապատրաստելով այն հետագա թռիչքների:

Վերջաբան

Հայոց Լիբանանն անսպառելի ու անեզր մի թեմա էՙ բաղկացած, ինչպես Սիլվա Կապուտիկյանը կասեր, «հոգու եւ քարտեզի» շատ այլ գույներից: Այն մշտապես նորոգվում ու վերարծարծվում է այդ երկիր այցելած յուրաքանչյուր հայորդու հետ եւ նրա միջոցով:

Բեյրութ-Երեւան

Գծանկարներըՙ հեղինակի

Նկար 1. Բաալբեքի ավերակներում...

Նկար 2. Զմմառի հայոց վանքը

Նկար 3. Անթիլիասի Սրբոց Նահատակաց մատուռը

Նկար 4. Տեսարան Բուրջ Համուդից

Նկար 5. Այնճարի Սբ Պողոս եկեղեցին


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4