ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2011-09-10 | #16, 2011-09-24 | #17, 2011-10-08


ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԵՆՅԱՆ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

Տակավին 24 ժամ էլ չի անցել, եւ ես ստիպված այս տողերն եմ գրում պատանեկության ընկերոջս, Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում սկսված ընկերության մասին, ավելի ճիշտ պիտի ըլլա ըսելՙ եղբորս մասին: Քանի որ այն տարիները, երբ մի քանի հարյուր հայ պատանիներ եւ պարմանուհիներ, հավաքված տարբեր գաղթօջախներից, ապրում էին Մելգոնյան կրթական հաստատության սահմաններում, Կիպրոս կղզու մի հողակտորի վրաՙ փշալարերով առանձնացված մարդկային հասարակությունից, անշուշտ նախ եւ առաջ բաժանված իրենց ընտանիքներից, իրենց ամենաթանկագին հարազատներից, կազմվում էր մի նոր ընտանիքՙ տասից քսան տարեկան պատանիներու, որոնք շատ շուտով դառնում էին եղբայրներու եւ քույրերու պես, հարազատանում եւ կապվում իրարու: Եվ կարծեք, այդ էր դժբախտ ճակատագիրը այդ անբախտներուն, որ մի քանի տարի անց նորից, այդ եղբայրները եւ քույրերը, ստիպված, ցավոք, պետք էր բաժնվեին իրարից: Իրենց նոր ընտանիքից: Դուրս գալով փշալարերի շրջափակումիցՙ պիտի վերադառնային իրենց ընտանիքներուն, վերադառնալով կյանքՙ ստիպված նորից ապրելու բաժանումի դառը հիշատակը: Մարդուս ապրած ամենատխուր ապրումներեն մեկը, զգացումներեն մեկը, կկարծեմ, որ բաժանումն է սիրելիներե եւ տեղե մը, ուր, օրինակ, ծնվել ես:

Կարպիսի հետ մեր հանդիպումներեն եւ խոսակցություններեն հիշում եմ մահվան մասին խոսակցություն մը, երբ ինքը, հիշելով հին հույն փիլիսոփայի մը մահվան մասին մտածումները, կրկնում էրՙ ինչո՞ւ վախնալ մահից, մահը ի՞նչ է, ըստ հույն փիլիսոփայինՙ երբ կենդանի ես, ուրեմն չես գիտեր ինչ է մահը, իսկ երբ մեռած եսՙ արդեն չես գիտեր ինչ է ողջ ըլլալը: Բայց ահավասիկ երեւի առաջին «մահը» մարդ ապրում է, երբ բաժանվում է սիրելիե մը, հարազատե մը, երբ մարդ կորցնում է հարազատ մը, սիրելի մըՙ կամ հեռանալու պատճառով, կամ մահվան պատճառով. արդեն հո՛ն գիտես ի՞նչ է մահը. հարազատ մը կորցնելով, հարազատի մը հեռանալով, անկե բաժանվելով: Եվ ահավասիկ ես այս տողերը գրած ժամանակս գիտեմ, որ էլ որքան ատեն որ ապրիմ, պիտի չտեսնեմ ընկերս, պիտի չլսեմ իր ձայնը: Մահ բառը իմաստ չունի, բայց բաժանում բառը ամենատխուր իմաստը ունի. կորուստը, բան մը կորցնելը, արժեք մը կորցնելը ամենադառն զգացումն է. եւ անմոռանալի, եւ անհանդուրժելի...

Սակայն, մահվան հաջորդում է հարությունը... Եվ այսպես, 1962 թվականին հանդերձ ընտանյոք հայրենադարձվելով Ս. Հայաստան, ես գտա իմ մելգոնյանցի ընկերներս, որոնցից բաժանվել էի 1941 թվականին:

Եվ ահավասիկ Կարպիս Սարկավագյանը. գրող Կարպիս Սուրենյանին ես գտա Ս. Հայաստանում, որուն հետ Հայաստան գալուս առաջին օրերին ես հանդիպեցի Երեւանում, «Արվեստ» ամսագրի խմբագրությունում, ուր Կարպիսը վարում էր երաժշտության բաժինը... Բայց մեր ավելի սերտ հարաբերությունները սկսեցին վերջին տարիները. 5 տարի, 10 տարի, չեմ հաշվում, երեւի 20 տարի:

Հեռախոսը հնչում է. Կարպիսն է, հարցնում էՙ ի՞նչ ես անում, տա՞նն ես, պատասխանում եմ, ասում եմՙ արի՛: Մի կես ժամ հետո դռան զանգը հնչում է, դուռը բացում եմՙ Կարպիսն է, ասում եմՙ հրամմե, ո՞նց ես, եւ Կարպիսը արդեն սկսում է գանգատվել, հառաչանքներով: Ասում եմՙ հալա ներս մտիր դռան սեմիցՙ նոր սկսե գանգատներդ: Կարպիսը ներս է մտնում: Ասում եմՙ հիմա քեզի սուրճ մը կեփեմ, կխմեսՙ նոր կսկսինք մեր զրույցը... Եվ ես երկու սուրճ կեփեմՙ իրեն եւ ինծի համար, Մարին ալ անպայման մի բան կունենաՙ մի խմորեղեն հյուրասիրելու... Եվ Կարպիսը կտեղավորվի իմ արվեստանոցումս գտնվող բազկաթոռներեն մեկուն, որը այս պահուն, երբ այս տողերն եմ գրում, ինձանից մի քանի մետր հեռու է եւ... դատարկ: Մտերիմ ընկերիս մասին է խոսակցությունը: Հիշեմ այստեղ, որ այն մի քանի ժամերը, որ Կարպիսը ինձ հետ անցկացնում էր, ես իմ արվեստանոցում չէի նստում իր դիմացը եւ զրուցում... Ես նկարակալիս դիմաց շարունակում էի աշխատել իր հետ զրուցելով: Այդ վիճակը բնական էր եւ ընդունելի. ես զինք մտիկ էի անում, հետը զրուցում եւ նաեւ շարունակում էի իմ նկարներս նկարել, այսինքնՙ աշխատել... Ես իր խոսքին հետեւում էի ուշադիր, եւ մենք զրուցում էինք: Այդ տարիներուն Կարպիսը, երբ այցելում էր մեզ, իր հետ բերում էր արդեն տպագրության պատրաստ մի ձեռագիր, որուն առաջին ընթերցող ես էի դառնում: Ինքը կարդում էր, եւ ես հաճույքով լսում էի: Իր վերջին տարիներու հրատարակված բոլոր գրքերի բնագրերին ես կարծեմ առաջինն եմ ծանոթացել: Երբեմն վիճում էինք: Մեր ձայները բարձրանում էին, եւ կինսՙ Մարին հայտնվում էր եւ ասումՙ ի՞նչ է, ինչո՞ւ եք գոռգոռում, խո՞ւլ եք, իրար չե՞ք լսում: Կիները չեն սիրում անկարգությունը: Վերջին տարիները Կարպիսը ինձ զանգում էր կիրակի օրերը եւ հարցնում էրՙ ի՞նչ եմ անում, հարցնում էրՙ կրնա՞ գալ մեր տունը, անշուշտ ասում էիՙ արի, սպասում եմ:

Կարպիս Սարկավագյանը Մելգոնյան եկավ, եթե չեմ սխալվում, 36 թվականին: «Մելգոնյանի» լավագույն սովորող ուսանողներից էր: Միշտ էլ լինում են լավագույններ, որ բազմաթիվ չեն անպայման: Կարպիսը Մելգոնյանում արդեն սկսել էր գրել: Փայլուն յուրացրել էր Մելգոնյանի կրթական ծրագիրը, հիանալի տիրապետում էր հայերենին, գիտեր հունարեն: Սովորեց այնքան անգլերեն, որ Հայաստանում թարգմանեց բնագրից Գոլսուորդիի «Ֆորսայթների պատմությունը»: Մելգոնյանում սիրահարված ըլլալով Դոստոեւսկիին, կյանքի նպատակն էր արել մի օր անպայման թարգմանել Դոստոեւսկին բնագրից: Սովորել էր ռուսերեն եւ վերջում իրականացրեց իր երազըՙ «Կարամազով եղբայրները» թարգմանեց ընտիր հայերենով:

Կարպիս Սուրենյանը մեկն էր այն արեւմտահայերից, որոնք փնտրում էին հայրենիք եւ ուզում էին կրթվել հայրենի համալսարաններում եւ աշխատել հայրենիքում: Բայց ողբերգությունը այն էր, որ Կարպիսը իբրեւ լավագույն սովորող հնարավորություն ուներ իր ուսումը շարունակելու Բելգիայի համալսարաններում. կար կրթաթոշակ, որից կարող էր օգտվել: Կարպիսը եթե չգար Ս.Հայաստան եւ ուսում ստանար Բելգիայում եւ նորից դառնար գրող ու գրեր արեւմտահայերեն, ի՞նչ պիտի ըլլար իր կյանքը, ի՞նչ էր իրեն համար վերապահել ճակատագիրըՙ չենք գիտեր: Բայց տասը տարի Հայաստանում Չեկայի ձեռքը չէր տանջվելուՙ ատիկա անվիճելի է: Կարպիսը մինչ ի մահ չհաշտվեց այդ վիրավորանքներու հետ, որոնց ենթարկվեց Չեկայի հարցաքննություններով: Զազրելի երկիր Սովետական Միություն:

Կարպիսը շարունակեց գրել, փառք Աստուծո, շնորհիվ իր ընկերներուն քաջալերանքին, մանավանդ Սարգիս Խաչենցի եւ Երվանդ Տեր-Խաչատրյանի (Յուրի Խաչատրյան)ՙ իր ձեռագրերը տպվեցին եւ ինքը կարեւոր ավանդ ունեցավ մեր մշակույթին մեջ:

Կարպիսը վերջին ամիսներում քիչ էր ինձ այցելում: Ես զինք միշտ ընդունել էի գրկաբաց: Մի օր էլ զանգեց, որՙ ինձ լավ չեմ զգում: Հարցնում եմՙ ի՞նչ է պատահել: Ասացՙ որ այգում նստում էի, կարծեմ մրսել եմ, ինձ լավ չեմ զգում, կարծեմ թոքաբորբ ունեմ: Ասացիՙ ես երեք անգամ թոքաբորբով ծանր հիվանդացել եմ: Երեք անգամն էլ ինձ մահից փրկել է Հովիկ Սարկավագյանը, նույն ինքըՙ Կարպիս Սուրենյանի որդին, որ հանրապետության գլխավոր մասնագետն է կրծքավանդակի հիվանդություններու եւ լավագույն վիրաբույժը: Մտածում եմ, որ ընկերս անտեր չէ, բայցՙ Կարպիսը իրեն լավ չի զգում... Երեք անգամ ինձ զանգեց, որ իրեն նկարագրեմ իմ վիճակը, երբ ես թոքաբորբով հիվանդ էի: Ես տեսնում էի, որ իր «թոքաբորբի» վիճակին եւ ունեցածս վիճակի միջեւ որոշ տարբերություններ կան, բայց իրեն հույս էի ներշնչում, որ շուտով ամեն բան կանցնի եւ ինքը նորից լավ կզգա, մանավանդ որ իր կողքին ունի կրծքավանդակի լավագույն մասնագետ, հայրն է սքանչելի մի անձնավորության: Մեկ էլ իմանում եմ, որ Կարպիսը շատ ծանր հիվանդ է, իր ունեցածը թոքաբորբ չէ: Այդ մասին ես տեղեկացա մի քանի շաբաթ առաջ, եւ հանկարծ, երեկ, իմացա, որ ընկերս մահացել է: Ինձանից երկու տարի էլ փոքր էր:

Ես շնորհակալ եմ, որ այսքան երկար ապրեցի, որ կարողացա իրականացնել իմ որոշ գործերս, որոնք եթե ավելի շուտ մահանայի, չպիտի կարողանայի իրականացնել: Այո, բայց չէի մտածում, որ երկար ապրելովՙ ես նաեւ պիտի իմանամ, տեսնեմ ընկերոջս մահը եւ պիտի գրեմ այդ մասին... Այստեղ հիշեցի հին եգիպտական անեծք մը, որ ասում էՙ բոլոր ընկերներդ թաղես եւ նոր մահանաս:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4