ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2011-09-10 | #16, 2011-09-24 | #17, 2011-10-08


ԲԱՆՍԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ, ԲԱՅՑ ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ

Պատասխան Գրիգոր Աճեմյանի հերթական զրպարտագրին [1]

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

1. Խաթարված մտածողության եւ շրջված բարոյականության ավերները

Գրիգոր Աճեմյանի այս զրպարտագիրը նախ հրապարակվեց համացանցում, շաբաթ օրը, հուլիսի 14-ին: Եթե շաբաթն այս տարի հուլիսի 11-ին ընկած լիներ` Էդվարդ Թոփչյանի ծննդյան հարյուրամյակի օրը, ապա կկարողանայինք ասել, որ Գր. Աճեմյանը սրբորեն ժառանգել է իր հոր` Գուրգեն Մահարու բոլոր ամոթալի սկզբունքները. 1964 թ. հունվարի 24-ին, Պարույր Սեւակի ծննդյան 40-ամյակի օրը, Գ. Մահարին` որպես տարեդարձի նվեր, տպագրեց իր խավարամիտ-ջարդարարական գրախոսությունը «Մարդը ափի մեջ» գրքի մասին, հոդված, որով սկսվեց տարիներ տեւած դավադրությունը բանաստեղծի դեմ [2]: Բայց եթե հաշվի առնենք, որ երեք օրը պատմության համար ընդամենը երեք ակնթարթ է, ապա կարող ենք ասել, որ ժառանգորդությունն ամբողջական է:

Մենք արդեն առիթներ ենք ունեցել պատասխանելու այս անձնավորության բանսարկություններին [3] եւ առավել քան խոսուն օրինակներով ցույց տալու, թե ինչպես որդին ոչ միայն պահպանում է ստացվածքը, այլեւ հարստացնում նույն ոգով, եւ որ անբարոյությամբ արդեն վաղուց գերազանցել է իր հորը: Կամ թե ինչպես ջանում է խայտառակել ուրիշի հորը, բայց մեծագույն հաջողությամբ եւ նախանձելի հետեւողականությամբ խայտառակում է սեփական հորը` իր ամեն մի պատասխան-զրպարտագրում ամոթալի փաստեր բերելով իր հոր կենսագրությունից եւ հպարտանալով նրա անպատվաբեր արարքներով:

«Սիրում եմ գրական բանավեճը, բայց այն, ինչ իմ գլխին պարբերաբար փաթաթում են Թոփչյան եղբայրները, մոտ է «քուչի կռվին», որին պարտավոր ես մասնակցել օձիքդ ազատելու համար»,- գրում է Գր. Աճեմյանը:

Նախ ճշտենք, թե ով ում գլխին է փաթաթում եւ ով ումից պիտի ազատի իր օձիքը: Նախահարձակը Գր. Աճեմյանն էր, որ ավելի քան քսան տարվա ուշացումով եղկելի ողբ ու կական բարձրացրեց մամուլում առ այն, որ, իբրեւ թե, Ստեփան Թոփչյանը ստիպել է փոփոխություններ մտցնել «Այրվող այգեստաններ» վեպում: Պարզ տրամաբանությունն ասում է, որ այս անձնավորությունը պիտի լռեր իր ապօրինի եւ ամոթալի գործողության մասին: Ապօրինի, որովհետեւ, եթե նույնիսկ հանդես էր գալիս որպես Գ. Մահարու իրավահաջորդ, ապա իրավունք չուներ անգամ մի ստորակետ հանելու այդ տեքստից, իսկ եթե իրավահաջորդը գրողի կինն էր, առավել եւս իրավունք չուներ: Գրական տեքստերը, հեղինակի մահից հետո, մնում են անձեռնմխելի:

Ինչ վերաբերում է հարցի բարոյական կողմին, ապա աշխարհի բոլոր հրատարակչությունները եւ խմբագրություններն ունեցել են եւ կունենան իրենց պայմանները, որոնց պիտի հարմարվի հեղինակը: Եթե այդ պայմաններն ընդունելի չեն, ապա ձեռագիրդ վերցրու եւ տար տուն: Իսկ եթե ընդունում ես եւ քո իսկ ձեռքով փոփոխություններ մտցնում տեքստում, ապա ձայնդ կտրիր եւ ի լուր աշխարհի մի պատմիր սեփական թուլամորթության եւ անսկզբունքայնության մասին: Սակայն որդին իր հոր տեքստը պղծելուց հետո, մեղա գալու փոխարեն, հարձակվում է Ստ. Թոփչյանի վրա, ստիպելով նրան մամուլում հանդես գալ եւ պատմել ամբողջ իրողությունը:

Հաջորդեց Գր. Աճեմյանի երկրորդ, զրպարտություններով լի հոդվածը, որտեղ նա, դարձյալ խեղաթյուրելով փաստերը, այս անգամ հարձակվել էր Էդվարդ Թոփչյանի վրաՙ ստիպելով մեզ հակահարված տալ, ճշմարիտ լույսի ներքո ներկայացնել իրողությունները եւ Մահարի-Սեւակ, մեղմ ասած, հակամարտության իրական պատճառը բացատրել:

Սրան անմիջապես հաջորդեց Գր. Աճեմյանի երրորդ պատասխանը, որտեղ նա նորից հարձակվել էր Էդ. Թոփչյանի վրա: Հաշվի առնելով զրպարտագրի խեղճուկրակությունը, որոշեցինք այդ անգամ չպատասխանել: Եվ շա՜տ իզուր: Որդին, ամբոխին բնորոշ մտածողությամբ, մեր լռությունը հավանաբար ընդունեց որպես թուլության նշան եւ լկտիանալով, նորից հարձակվեց Էդ. Թոփչյանի վրա` շարունակ խեղաթյուրելով փաստերը եւ անարգելով նրա հիշատակը: Ըստ որում, այդ հարձակումն արեց մի նյութի շրջանակում, որի հետ ՀԳՄ ղեկավարը կապ չուներ:

Մենք այլեւս չէինք կարող լռել: Ստիպված էինք նորից անժխտելի ապացույցներով հերքել նրա զրպարտությունները եւ մանավանդ հասկացնել, որ եթե շատ է ուզում` թող փառաբանի իր հորը, սակայն ոչ ուրիշների հիշատակն աղտոտելու հաշվին:

Այս անձնավորությունը մեր հորդորներին անսալու եւ իր հարձակումներին վերջ դնելու փոխարեն, տպագրեց իր հերթական, թվով հինգերորդ զրպարտագիրը, որն իր թույնի բաղադրությամբ, իրողությունները շրջելու եւ աղավաղելու լկտիությամբ գերազանցեց նախորդ բոլորին: Այստեղ շրջված է ամեն ինչ` ե՛ւ բարոյականություն, ե՛ւ տարրական տրամաբանություն, եւ՛ անգամ բառիմաստը, եւ չկա մի պարբերություն, որտեղ սուտ ու կեղծիք չլինի:

Օրինակ` այն կարծիքին չենք, թե Գր. Աճեմյանը հայերեն չգիտի, բայց ինչպե՞ս հասկանալ հետեւյալ նախադասությունը. «Ալ. Թոփչյանի խոսքը թամադայական է»: Ենթադրում ենք, որ շուրջ ութ տասնամյակ ապրած այս մարդը գոնե մեկ անգամ ներկա է եղել հայ ավանդական սեղաններին եւ լսել թամադայի կենացները, որոնք ասվում են մեն մի նպատակով` մեծարել կենացի պատվին արժանացած անձնավորությանը: Մինչդեռ իմ նախորդ երկու` Գր. Աճեմյանի հարձակումներից օձիքս ազատելու նպատակով գրված պատասխան-հոդվածներում այս անձին մեծարելու ամենահեռավոր ցանկությունն անգամ չկար: Ընդհակառա՛կը: Մեր նպատակն էր նրան ներկայացնել իր անբարոյության ողջ «փայլով» եւ մենք բավական ծանր բառերով էինք որակել նրա «գործունեությունը»: Ի դեպ, ինքն է այդ մասին խոսում.

«Ի՞նչ ասեմ ինձ ուղղված քաղաքակիրթ նորմերից դուրս արտահայտությունների մասին»:

Իսկ մենք ի՞նչ ասենք, հիշեցնե՞նք, որ «քաղաքակիրթ նորմերից» խոսող այս մարդը հնձում է այն, ինչ ցանել է տարիներ շարունակ` մաղձով ու չարությամբ առատորեն պարարտացված իր «տնամերձում»:

Ահա եւ խեղված մտածողության փայլուն օրինակը. նա համոզված է, որ կարող է շարունակ զրպարտել մեզ, պիտակներ փակցնել, վիրավորել ու անարգել մեր հորը, նրա արժանիքները ներկայացնել որպես թերություններ, իսկ մենք իրավունք չունենք մեզ պարտադրված այս կեղտոտ պատերազմում իրերը կոչել իրենց անունով:

Ստիպված ենք հիշեցնել խորհրդային տարիների անեկդոտը, երբ մարդամեկը կեղտոտում էր հարեւանի դռան առջեւ եւ հեռանում: Դա լկտիությունն էր: Իսկ գերլկտիությունն այն էր, երբ կեղտոտելուց հետո զանգում էր եւ պետքարանի թուղթ պահանջում:

Գր. Աճեմյանը ավելի հեռուն է գնում: Նա պահանջում է, որ իրեն դիմենք ոչ այլ կերպ, քան Տիար, Կոմս, Ձերդ Գերազանցություն, ինչո՞ւ չէ, գուցե նաեւ Նորին Վեհափառություն ձեւերով... Չէ՞ որ նա պատիվ է արել մեզ անպատվելու, իսկ մենք, անարժաննե՜րս, ծնծղաներ հնչեցնելու եւ շեփորներ փչելու փոխարեն հանդգնում ենք նրան նույն կերպ պատասխանել: Ինչպիսի՜ ապերախտություն...

Շատ չեղա՞վ, Գրիգոր Աճեմյան...

2. Սեւը` սպիտակ, սպիտակը` սեւ

Այս անձնավորությունն իր նախորդ, թվով չորրորդ զրպարտագրում, ամենայն անպատասխանատվությամբ հայտարարել էր, թե Էդ. Թոփչյանի մեղքով, հանրապետությունում «չի տարվել ոչ մի կենդանի աշխատանք երիտգրողների հետ»: Գրվել էր փաստերի բացահայտ եւ միտումնավոր խեղաթյուրումով, պարզապես ցեխ շպրտելու համար: Թվարկելով «երիտգրողների» մոտ երեսուն անուն, մենք ապացուցել էինք, որ հենց Էդ. Թոփչյանի աշխատած տարիներին ասպարեզ իջան գրողների մի քանի սերունդներ, անուններ, որոնց մի զգալի մասն այսօր ակտիվորեն գործում են գրական պրոցեսում [4]: Թվում էր, թե որդին պիտի ձայնը կտրի եւ զրպարտության ուրիշ նյութ փնտրի: Սակայն ոչ, իրեն բնորոշ բութ համառությամբ շարունակում է խեղաթյուրել իրողությունները եւ իր հորինած, երբեք տեղի չունեցած «ոճիրների» համար մեղադրել Գրողների միությանը:

«Կրկնում եմ,- գրում է Գր. Աճեմյանը,- Հայաստանի գրողների միությունում խեղդվում էր այն արժեքավորը, ինչը դուրս էր կաղապարներից»:

Այսպիսով, հորս աշխատած տարիների ընթացքում ո՞վ է խեղդվել ՀԳՄ-ում:

«Հրանտ Մաթեւոսյանը Հայաստանում ճանաչում գտավ մոսկովյան «անձնագրով»: Իսկ մինչ այդ նրա «մեղքով» փոխվեցին խմբագիրներ, կուսակցական տույժի ենթարկվեցին քննադատներ...»,- շարունակում է զրպարտել եւ մոլորության մեջ գցել մարդկանց Գր. Աճեմյանը:

Չես հասկանում, այս մի քանի տողը գրել է հօգուտ, թե՞ ընդդեմ Էդ. Թոփչյանի: Իր ցանկությունն էր, անշուշտ, վերջինը, սակայն պարզվում է, որ իրենից անկախ, այս էլ որերորդ անգամ արել է առաջինը: Հր. Մաթեւոսյանի «Ահնիձոր» ակնարկը տպագրվեց հենց Հայաստանի Գրողների միության օրգան «Սովետական գրականություն» ամսագրում, եւ ոչ թե «խմբագիրներ փոխվեցին», այլ ընդամենը մեկը, «փոխողն» էլ ոչ թե ՀԳՄ ղեկավարությունն էր, այլ կենտկոմը, իսկ «տույժի ենթարկված քննադատների» մասին լսում ենք առաջին անգամ... Այնպես որ, Հր. Մաթեւոսյանին «խեղդողը» (եթե իսկապես խեղդել են) Գրողների միությունը չէր:

Գր. Աճեմյանը, այս էլ քանի տարի, ջանում է ամեն գնով վարկաբեկել Էդ. Թոփչյանին: Սակայն առ այսօր չի կարողացել եւ չի էլ կարողանա ներկայացնել որեւէ լուրջ փաստ, որի համար մենք` որդիներս, այսօր կարմրեինք: Մեր հայրը, ի տարբերություն Գ. Մահարու, դավադրություն չի կազմակերպել տաղանդի դեմ, այլ, ընդհակառակը, պաշտպանել է ամեն գնով, մեր հայրը իր ժողովրդի հերոսապատումը զավեշտի չի վերածել, իր փրկարարին չի ծաղրել, մեր հայրը իր ընկերների վրա զրպարտագրեր չի ուղարկել կենտկոմ եւ, վերջապես, մեր հայրը տասնվեցամյա երեխաներին «չեկայի» երախը չի գցել...

Եվ այս անձնավորությունը տեսնելով, որ չի կարող որեւէ լուրջ մեղադրանք ներկայացնել, անամոթաբար աղավաղում է փաստերը եւ անգամ արժանիքները ներկայացնում որպես թերություններ: Օգնության կանչելով իր հորը, մեջբերումներ է անում նրա նամակներից: Անհնար է առանց գարշանքի զգացումի կարդալ այդ տողերը: Թույն ու թարախ է ծորում դրանցից` ներկայացնելով աշխարհից չարացած մարդու պատկերը, որն ամեն գնով մեղավոր է փնտրում իր բարոյական եւ ստեղծագործական կրախն արդարացնելու համար: Օրինակ` Գ. Մահարին մեղադրում է Էդ. Թոփչյանին, որ «պաշտպան է կանգնել գրական պարազիտներին եւ ստեղծել իր շուրջը խալույների մի դաս»:

Թվարկենք այդ «պարազիտներին» եւ «խալույներին»:

Ստեփան Զորյան, Կոստան Զարյան, Գեղամ Սարյան, Նաիրի Զարյան, Հովհաննես Շիրազ, Հրաչյա Հովհաննիսյան, Սիլվա Կապուտիկյան, Գեւորգ Էմին, Գուրգեն Բորյան, Գարեգին Սեւունց, Խաչիկ Դաշտենց, Մկրտիչ Արմեն, Ստեփան Ալաջաջյան, Մկրտիչ Սարգսյան, Վախթանգ Անանյան, Սերո Խանզադյան, Սուրեն Աղաբաբյան, Գրիգոր Տեր-Գրիգորյան, Խաչիկ Հրաչյան, Վալտեր եւ Ռաֆայել Արամյաններ, Հովհաննես Ղուկասյան, Վիգեն Խեչումյան, Սաղաթել Հարությունյան, Միքայել Հարությունյան, Մարո Մարգարյան, Միքայել Շաթիրյան, Պերճ Զեյթունցյան, Կամարի Տոնոյան, Մուշեղ Գալշոյան, Գեւորգ Արշակյան, Վարդգես Պետրոսյան, Մանուկ Մնացականյան... Շարունակե՞նք թվարկումը... Հա՛, մոռացանք ամենամեծ «պարազիտին»` Պարույր Սեւակին:

Ըստ որդու խեղված մտածողության, Էդ. Թոփչյանի արժանիքները թերություններ են, իսկ հոր արատները` արժանիքներ: Այլ կերպ ասած, սպիտակը սեւացնում է, իսկ սեւը ծախում սպիտակի տեղ: Էդ. Թոփչյանը մեղավոր էր, որ քսանմեկ տարի վայելեց ՀԳՄ անդամների վստահությունը: Ի դեպ, ճշտենք, քսանչորս տարի, որովհետեւ 40-ական թվականներին Ն. Զարյանի հետ երեք տարի աշխատեց որպես ՀԳՄ քարտուղար:

Որդին իրեն բնորոշ էժան հեգնանքի նյութ է դարձրել այն փաստը, որ Էդ. Թոփչյանից ընդամենը երկու հատոր ժառանգություն է լույս տեսել: Ավելացնենք` հետմահու, Ստ. Թոփչյանի աշխատասիրությամբ: Նախ, այդ ծավալուն հատորներն էլ քիչ չեն, եթե հաշվի առնենք նրա ահավոր զբաղվածությունը [5]: Բացի այդ, նա կարող էր այդ հատորներն էլ չգրել, քանի որ նրանից պահանջվում էր նախեւառաջ կազմակերպչական աշխատանք, ինչն արեց բարձր մակարդակով: Վկա չորս անգամ վերընտրվելու փաստը: Սակայն ըստ որդու, Էդ. Թոփչյանը մեղավոր էր, որ իր անձնականը մի կողմ դնելով զօրուգիշեր տրվեց իր աշխատանքին: Երանի մեր բոլոր գրականագետները նրա նման իմանային հայ եւ համաշխարհային գրականությունը, նրա վերլուծող միտքն ունենային, եւ հազա՜ր ափսոս, որ իր կանաչ տարիները տվեց այդ ապերախտ աշխատանքին, որպեսզի այսօր, մկան մեզի չափ վաստակն անգամ չունեցող Գր. Աճեմյանը հանդգնի նրա հիշատակն անարգել:

Որդին, հերթական սուտը մատուցելով, գրում է, իբրեւ թե, Էդ. Թոփչյանի դեմ տեղի ունեցած «գրողների ընդվզման» մասին: Հայտարարում ենք ամենայն պատասխանատվությամբ, որ նրա աշխատած քսանչորս տարիների ընթացքում նման բան չի եղել, սակայն Գ. Մահարու դեմ ընդվզել են, այն էլ միահամուռ: 1966 թ. համագումարում նա խայտառակ կերպով ջնջվեց եւ անգամ վարչության կազմ չանցավ: Ականատեսներն ասում են, որ չի կարողացել նույնիսկ երկանիշ թիվ հավաքել: Այդ շառաչուն ապտակը փոքր-ինչ մեղմելու համար Գ. Մահարուն ընդգրկեցին միութենական համագումարի պատգամավորների կազմի մեջ: Իմիջիայլոց, Էդ. Թոփչյանի պնդմամբ:

Որդու հերթական «հաղթաթուղթը» Էդ. Թոփչյանի դեմ մի շարք հոդվածների վերնագրերն են, ինչպես օրինակ` «Հոկտեմբերը եւ հայ գրականությունը» կամ «Արդիականությունը եւ սովետահայ գրականության հիմնական խնդիրները»: Նախ, նշված վերնագրերը երկհատորյակի մի չնչին մասն են կազմում, այնտեղ կան նաեւ ուրիշ հոդվածներ, որոնք այսօր էլ արժեք են ներկայացնում մեր գրականության պատմության համար: Հետո, գաղափարախոսական նման հոդվածներ պարտավոր էին գրել գրական բոլոր ղեկավարները: Երրորդ, ի տարբերություն հայր եւ որդի Աճեմյանների, նա հավատում էր այդ գաղափարներին, եւ դա նրա առաքինություններից մեկն էր: Գ. Մահարին տասնութ տարի «գուլագի» բարիքները վայելելուց հետո կաշվից դուրս էր գալիս ՍՄԿԿ շարքերն անցնելու եւ կենտկոմի քարտուղարների հովանավորյալը դառնալու համար [6]: Աքսորի տարիներին, հավանաբար, հիմնովին համակվել էր մարքս-լենինյան գաղափարներով: Որդին գտնում է, որ ինքը կարող էր խորհրդային իշխանության բարձրադիր մարմիններից մեկում` ՀՍՍՀ Գերագույն խորհրդում պատասխանատու պաշտոն գրավել, ՍՄԿԿ անդամ լինել, իսկ հիմա, հետին թվով, հերոս խաղալ, այլախոհ ձեւանալ, բոլորից պահանջել, որ ապաշխարեն: Հետաքրքրական է, ինքը հասցրե՞ց ապաշխարել, չիմացանք: Երկերեսանիությունը հոր եւ որդու դեպքում նորմալ երեւույթ են, նույնիսկ արժանիք, իսկ Էդ. Թոփչյանի պարագայում անկեղծ հավատը` հանցանք:

Գ. Մահարին 1967 թ. օգոստոսի 6-ին, բամբասանքներով լցված իր նամակներից մեկում գրում էր. «...ամսի 28-ին կիջնեմ դժոխք, Կասյան N3, բն. 36, Թոփչյանի, Արմենի եւ արմենների հարեւանության հեռանկարով...»:

Դարձյալ ստիպված ենք անհրաժեշտ ճշտումներ մտցնել: Նշված հասցեում իսկապես դժոխք էր հաստատվել, սակայն մեղավորը ոչ թե Թոփչյանն էր կամ Մկրտիչ Արմենը, այլ ինքը` Գ. Մահարին: Ի դեպ, որդին հայտարարում է. «Ես որեւէ նյութ` դրական թե բացասական, կենսամատենագիտության մեջ կընդգրկեմ, ինչպես ընդգրկել եմ մինչեւ հիմա»:

Արդ, Գր. Աճեմյանը եթե իսկապես անաչառ է, թող գրի առնի, թե ինչպես ժողովուրդը գալիս թքում, խնչում եւ անգամ միզում էր իր հոր` N36 բնակարանի դռանը: Մարդիկ այդպես էին արտահայտում իրենց վրդովմունքը հոր, մեղմ ասած, վիճահարույց վեպի հանդեպ: Ես նաեւ «բախտ» եմ ունեցել` հանդիսավորապես այրվող այդ վեպի ծուխը շնչելու [7]: Ավելին, մի երկու անգամ, հորս` Էդ. Թոփչյանի պահանջով, առիթ եմ ունեցել տաքգլուխ ջահելներին զսպելու, ովքեր հալածում էին Գ. Մահարուն, եւ հայտնի չէր, թե դա ինչով կարող էր ավարտվել: Այս վերջին փաստը հայտնում եմ որդուն առ ի գիտություն, եւ ոչ թե նրա երախտագիտությանն արժանանալու ակնկալիքով, քանզի լավ գիտեմ, որ ապերախտությունը Աճեմյաններին հատուկ գծերից մեկն է:

3. Մարդկանց ապուշի տեղ դնելը որպես զորավոր զենք

Ափաշկարա այս հնարքը հայր ու որդի հաճախ են գործածում, առանց աչք թարթելու ժխտելով բացահայտ բաների առկայությունը: «Ծիծաղելի է մտածել,- գրում է որդին,- որ Մահարին հավակնություն է ունեցել դառնալ գրողների «կոլխոզի» (Ալ. Թոփչյանի բառն է ու վարկածը) ղեկավար եւ այդ հողի վրա մրցակցել է Սեւակի հետ»:

Բառը մերը չէ, այլ ժամանակինը, ավելի ճիշտ` 60-70-ական թվականներինը: Այդ տարիներին գրականության հետ քիչ թե շատ առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք գիտեր գրական այդ ստվերային կազմակերպության, ավելի շուտ` մաֆիայի մասին, որը խիստ բացասական դեր ունեցավ նշված տասնամյակների գրական պրոցեսում: Հրաժարվում ենք հավատալ, թե որդին առաջին անգամ է լսում այդ մասին:

«Նրա (Գ. Մահարու - Ալ.Թ) հազարի մոտ նամակներում «կոլխոզ» բառն այդ իմաստով չկա»,- գրում է Գր. Աճեմյանը:

Օ՜, սուրբ միամտություն... Հետաքրքրական է, իսկ Դոն Կոռլեոնեի էպիստոլարում «կոզա նոստրա» կամ «կամորրա» բառերը հանդիպո՞ւմ են:

Ուրիշին ապուշի տեղ դնելու հաջորդ փաստն ավելի ցնցող է, մանավանդ որ ուղեկցվում է որդու` խելքի առատության անհերքելի ապացույցով: Վկայակոչելով Աբրահամ Ալիքյանին [8], նա հայտարարում է «երբեւէ չեղած հոդվածի մասին»: Ինչպես ընթերցողը հասկացավ, խոսքը Գ. Մահարու` Պ. Սեւակին «գրագողության» մեջ մեղադրող հոդվածի մասին է: Գրում է եւ քիչ վարը մեջբերում մի վկայություն, որտեղ ասվում է, թե ես, 1966 թ., այդ «զրպարտագիրը» տարածում էի քաղաքով մեկ: Եթե տարածում էի, նշանակում է եղել է: Չես հասկանում, երկրորդ վկայությունը բերել է իր ասածը հաստատելու, թե՞ հերքելու համար:

Այսպիսով, պարզ դարձավ մի բան. այս նեգացիոնիզմի հիմնադիրը հոդվածագրի գործակից Աբրահամ Ալիքյանն է, որի նամակից ուղիղ երկու շաբաթ անց, 1967 թ. հուլիսի 14-ին Գ. Մահարին գրում էր Էդ. Թոփչյանին, որ այդպիսի հոդված «գոյություն չի ունեցել»: Ըստ որում, այդ հայտարարությունն անում էր մի մարդու, որը մի քանի անգամ կարդացել եւ իր դարակում պահում էր այդ` «գոյություն չունեցող» հոդվածը:

Գլուխ կխոնարհեմ այն մարդու առջեւ, որն ինձ լպիրշության ավելի ցնցող օրինակ կբերի:

Թուրքերն ավելի քան միլիոն ու կես հայ կոտորեցին, եւ այսօր ժխտում են իրենց ոճիրը: Այդ թիվն ավելի մեծ կլիներ, եթե «սեւահոգի» Արամ Մանուկյանը եւ «օտարամուտ» ուրիշներ «երկպառակություն սերմանելով թուրք պետականության եւ հայ հպատակության, հայ եւ թուրք ժողովրդի Ազատ, Հավասար եւ Եղբայրական ընտանիքում » (Գ. Մահարի. «Այրվող այգեստաններ», 1966 թ. էջ 188, ընդգծումը մերն է - Ալ. Թոփչյան) հազարավոր վանեցիներ չփրկեին եւ չհասցնեին Երեւան: Փրկվածների մեջ էր նաեւ Գ. Մահարին, որն առ ի երախտագիտություն «սեւահոգիներին», նրանց ծաղրանկարները գծեց եւ իր պղտոր ջրերն ավելացրեց թուրքական ժխտողականության ջրաղացին:

Գ. Մահարին եւ հանցակիցները ճողոպրելով խորտակվող նավից, տեղնուտեղը ժխտեցին իրենց հրեշավոր արարքը, եւ հիմա, երբ մեկուկես միլիոնի համար արդարություն ենք փնտրում օտարի դռների առջեւ, գուցե ավելացնենք նաեւ Գ. Մահարու` «երբեւէ գոյություն չունեցած» հոդվածի մկրատված մեքենագիրը (Ե. Չարենցի անվ. ԳԱԹ, Գ. Մահարու ֆոնդ, N 88), նույն տեքստը հրապարակված մամուլում («Վարուժան», 8.12.1994 թ.), բազմաթիվ վկայություններ եւ թող օտարները որոշեն` եղել է, թե՞ չի եղել, չնայած, բնավ երաշխիք չկա, որ աշխարհի բոլոր խորհրդարաններում հաստատելուց հետո որդին չի շարունակի հայտարարել, թե այդպիսի հոդված գոյություն չի ունեցել...

Գր. Աճեմյանը սպառնում է առաջիկայում նոր նյութ տպագրել` նվիրված Մահարի-Սեւակ հարաբերություններին: Անհամբեր սպասելու ենք, զի պատկերացնում ենք, թե ի՜նչ հուզիչ պատում է լինելու: Հուսանք, իր անաչառ բնույթին հավատարիմ, կպատմի, թե ինչպես Պ. Սեւակը հրաշքով փրկվեց Գ. Մահարու եղբայրակա՜ն, ջե՜րմ գրկախառնումներից: Եվ քանի որ որդու մուսան չի լռել, կուզեինք խնդրել, որ իր հերթական շարադրանքներից մեկը նվիրի Մահարի-Արեւմտաեվրոպական պոեզիա կամ, ասենք, Մահարի-Պոլ Էլյուար հարաբերություններին, չէ՞ որ նա այդ նյութի խոշո՜ր գիտակն էր, ապացույց «երբեւէ գոյություն չունեցած» հոդվածը:

4. Չարիքի արմատը կամ ազգադավության անատոմիան

Մի՞թե կարող ես հորդ վրեժը լուծելու համար

Քո հայրենիքը թշնամու ձեռքը հանձնել վատաբար...

Պիեռ Կոռնեյլ, «Սիդ»

Սակայն որտեղի՞ց է գալիս ամեն ինչ եղծելու, նենգափոխելու այս մոլուցքը, այս անվերջ չարությունը, գարշելի արարքներ թույլ տալու եւ տեղնուտեղը հրաժարվելու, իսկ այդ արարքների համար շարունակ ուրիշին մեղադրելու հանդգնությունը, ինչպե՞ս է պատահել, որ մեկ մարդու մեջ կուտակվել են բացասական այդքան գծեր, որոնք գնալով ավելի ու ավելի անտանելի են դառնում:

Այս հարցերի պատասխանը մասամբ տալիս է որդին: Նա հպարտանում է իր նախնիներով, ասես ժառանգն է փառահեղ մի տոհմի, որի ներկայացուցիչները արյուն են թափել վասն հայրենյաց, աշխարհացունց գյուտեր արել, մարդասիրական աննախադեպ առաքելություններ իրագործել...

Արդ, այս որդին ժառանգն է մի գրողի, որը զավեշտի է վերածել մեր պատմության փառապանծ էջերից մեկը, ծաղրելով, վարկաբեկելով իր փրկարարներին եւ իր ժողովրդին:

Դատապարտելի ամեն մի արարք ունի իր պատճառն ու ակունքը: «Այրվող այգեստանների» պարագայում մեր խորին համոզմամբ ակունքը Գ. Մահարու հոր սպանությունն է: Ցավը եւ վրեժի զգացումն ընդմիշտ մնացել է նրա սրտում: Մանավանդ վերջինը, որ գրական գործում վերածվել է քենի:

Նպատակ չունենք այստեղ վերլուծելու նշված գործը, հիշատակում ենք պարզապես բացատրելու համար հոր եւ որդու անբարո ընթացքի պատճառը:

Իրադրությունն ավելի հստակեցնելու համար կուզեինք անակնկալ զուգահեռ անցկացնել XVII դարի ֆրանսիացի մեծ թատերագիր Պիեռ Կոռնեյլի «Սիդ» պիեսի հետ:

...Պատանիներ Քիմենան եւ Ռոդրիգոն խենթի պես սիրում են իրար: Աղջկա հայրն, անսպասելի, ահավոր անարգանք է հասցնում տղայի հորը` ապտակելով նրան: Վերջինս ծեր է, չի կարող մենամարտի հրավիրել անարգողին, ուստի պատվիրում է իր որդուն` Ռոդրիգոյին, փրկել տոհմի պատիվը: Հոր պահանջին անսալով, քաջ պատանին մենամարտում սպանում է իր սիրած աղջկա հորը: Քիմենան, զայրացած, արդար պատիժ է պահանջում արքայից, վերջինս հրաժարվում է պատժել, քանի որ այդ օրերին, Ռոդրիգոն, փոքրաթիվ զորքի գլուխն անցած, ջարդում է նենգ թշնամուն` երկիրը փրկելով անխուսափելի վտանգից: Այսպիսով, Քիմենան դարձել է ճարակ երեք իրարամերժ զգացմունքների. նա շարունակում է սիրել Ռոդրիգոյին, միաժամանակ նրանում չի մարել վրեժի ցանկությունը, եւ սրանց միանում է հարգանքի պարտադիր տուրքը երկիրը փրկողի հանդեպ: Առաջին երկուսը հուզական են, երրորդը` բանական: Հաղթում է բանականությունը, որովհետեւ հայրենիքը վեր է ամեն ինչից եւ մանավանդ վրեժի բոլոր զգացմունքներից, որքան էլ դրանք լինեն արդարացի:

Կարծում ենք, որ երկու ստեղծագործություններում էլ գրեթե նույն իրադրությունն է: Այն տարբերությամբ, որ մի դեպքում հերոսուհու հայրն էր սպանվողը, մյուսում` գրողի: Մի դեպքում մավրերն են նենգորեն հարձակվել, մյուսում` թուրքերը: Մի դեպքում աղջկա հորը սպանողը փրկում է երկիրը, մյուսում` սպանողի թիկունքում կանգնած կուսակցության ներկայացուցիչը ակտիվ դերակատարում է ունենում ինքնապաշտպանության եւ վտանգված բնակչության փրկության գործում:

Պ. Կոռնեյլի «Սիդը» համաշխարհային թատերգության գլուխգործոցներից մեկն է: Իսկ կարո՞ղ էր Գ. Մահարու վեպը նույնպես դառնալ գլուխգործոց: Հավանաբար, այո, եթե հեղինակը մոտ վաթսուն տարի հետո իր մեջ ուժ գտներ հաղթահարելու (գոնե ժամանակավոր) վրեժի արդար զգացումը, հիանալու իր համաքաղաքացիների աննախադեպ արիությամբ եւ հարգանքի տուրք մատուցելու փրկարարներին: Ընդամենը այսքանը:

Սակայն Գ. Մահարին ուժ չգտավ հաղթահարելու, եւ վրեժը վերածելով քինախնդրության, հերոսապատումի փոխարեն մատուցեց ծաղրապատումը: Նա ուժ չգտավ հիանալու համաքաղաքացիների քաջությամբ եւ գրիչն առած սկսեց քչփորել նրանց կենցաղը: Նա չունեցավ տասնյոթամյա իսպանուհու` Քիմենայի իմաստնությունը եւ ոգու մեծությունը:

Գրականությունը կարող է լինել պայքարի զենք, բայց երբեք` քինախնդրության գործիք: Առաջինը վեհացնում է գրողին, երկրորդը` նսեմացնում, մղում անվայել արարքների:

Ի տարբերություն ավետարանական ավազակների, Գ. Մահարին գիտակցում էր, թե ինչ է անում: Եթե չգիտակցեր (ինչն անհնար է պատկերացնել գրական լիդերի հավակնություններ ունեցող գրողի պարագայում), ապա ուշքի կգար վաղ թե ուշ եւ կշտապեր ապաշխարել, սակայն իր քինախնդրությանը գերի, նա համառեց քայլել մի ճանապարհով, որը մի սխալից տանում էր դեպի մյուսը: Նրա համար մեղավոր դարձան բոլորը, իրենից բացի:

Մեղքերի այս կծիկն ամբողջությամբ ժառանգեց որդին` հներին ավելացնելով նորերը: Նա ստանձնել է հոր անկոչ փաստաբանի դերը, նրա համար աշխարհը բաժանվում է երկու մասի` անմե՜ղ, մաքրամաքո՜ւր, սրբակենցա՜ղ հայրը եւ «ոճիրներով ծանրաբեռն» գրական ամբողջ միջավայրը: Նա չի բավարարվում միայն հոր ապոլոգետի դերն ստանձնելով, այլեւ այդ առաքելությունն իրականացնում է հիմնականում հոր ժամանակակիցներին զրպարտելու, արատավորելու, պիտակներ փակցնելու եւ այլ զազրելի միջոցներով: Այս մարդու համար այլեւս բարոյական ոչ մի արգելք չկա: Փայտե թուրն առած, փայտե ձի նստած մտել է ասպարեզ եւ ապականում է ամեն ինչ:

Մինչեւ ե՞րբ պիտի այս անվաստակն իր թույնով ու չարամաղձությամբ անպատիժ ասպատակի մեր գրական անդաստանը:

5. Մի դրվագ Ս. Գուրգեն Մահարու վարքագրությունից

Գր. Աճեմյանն, առանց դույզն իսկ ամոթի գրում է, թե «Մահարին իրոք սուրբ էր»: Արդ, մի դրվագ ներկայացնենք այդ պարականոն սրբի վարքից` առանց մեկնաբանության.

«...1957 թվականին, Չարենցի վաթսունամյա հոբելյանի կապակցությամբ, դիմեցինք Կենտկոմի ղեկավարությանը` թույլ տալու ծանոթանալ նրա ձերբակալության ու մահվան փաստաթղթերին: Մի քանիսին հաջողվեց Պետական անվտանգության Կոմիտեում աչքի անցկացնել այդ «հույժ գաղտնի» նյութերը, որոնց թվում` Հրաչյա Քոչարին, Էդվարդ Թոփչյանին: Քոչարը Չարենցի գործում պահվող Մահարու ցուցմունքներից մի քաղվածք էր արտագրել, որ կարդաց ինձ: Լավ հիշում եմ, որ Մահարին հաստատում էր այն մեկնակետը, որ, հիրավի, Գրողների միությունում Չարենցի գլխավորությամբ գործում էր նացիոնալիստական մի խումբ եւ կար նաեւ ենթախումբ` բաղկացած երիտասարդներից, ու թվարկում էր այդ ենթախմբի անդամներին` Հրաչյա Քոչարից սկսած մինչեւ... Հրաչիկ Հովհաննիսյան: ...Այդ խմբի համար առանձին գործ էր կազմվել ու ներկայացվել Պետանվտանգության կոմիտեի ղեկավարությանը` կատարելու նոր ձերբակալություններ եւ սկսելու մի նոր դատավարություն: Ինչ-ինչ պատճառներով այդ խումբը` Հրաչյա Քոչար, Հովհաննես Շիրազ, Գուրգեն Բորյան, Սիլվա Կապուտիկյան, Մարո Մարգարյան, Անահիտ Սահինյան, Խաչիկ Դաշտենց, Մեսրոպ Մերուժան, Մկրտիչ Կորյուն, էլի մի քանի ուրիշներ, եւ ես` Հրաչիկ Հովհաննիսյանս, մազից պրծած` զերծ մնաց ավագների ճակատագրից:

Ես հարցրի Մահարուն.

- Գուրգեն խան, այսպիսի ցուցմունք ես տվել, ճշմարի՞տ է, ի՞նչ պայմաններում ես տվել, գուցե ճնշե՞լ են, ստիպե՞լ:

Նա մի պահ լռեց, երեւի հիշելու համար:

- Ո՛չ, չեն ճնշել... Շատ հնարավոր է, որ տված լինեմ...» (Հրաչյա Հովհաննիսյան, «Հուշերի երեկո», Երեւան, «Արեւիկ», 1996 թ. էջ 228):

6. Վերջաբանի փոխարեն

Հոդվածն արդեն ավարտել էի, երբ հորս թղթերի մեջ հայտնաբերեցի Մկրտիչ Արմենի նամակը, որն առ այսօր մնացել էր անտիպ: Ընդառաջ գնալով որդու պահանջներինՙ ներկայացնում ենք մի հատված դրանից, որտեղ հստակորեն բացատրվում է, թե ինչու էր Գ. Մահարին վախենում վերադառնալ Հայաստան եւ թե ինչպես էժանագին միջոցների էր դիմում եւ բարոյական շանտաժ անում մարդկանց.

Սիրելի Էդվարդ,

Երեկ գրողների միություն էի գնացել: Գրիշան [9] տագնապով ինձ հարցնում է.- «քեզ չե՞մ կարդացել Մահարու նամակը»: Նշանակում է, արդեն կարդացել է ուրիշներին, ուստի եւ չի հիշում, ինձ կարդացե՞լ է, թե ոչ: Ասում եմ, որ, «ոչ, չես կարդացել»: Տվեց ինձ, որ կարդամ: Մի փոքր նամակ, կես էջից էլ պակաս, որի նպատակն էր ակնարկել, թե ես կարող եմ իմ կյանքին վերջ տալ: «Ուզում էի գրել Ռոբերտ Խաչատրյանին [10], - գրում է նա,- բայց...»: Չեմ հիշում, թե ինչպես էր պատճառաբանել Ռոբերտին չգրելը, բայց իմ կարծիքով հիմնական պատճառն այն է, որ եթե Ռոբերտին գրեր, ապա իր նամակը չէր ձայնձնվի, իսկ Գրիշան կկարդա բոլորին, եւ հենց դա է Մահարու նպատակը:

Գրիշան վրդովված ասաց ինձ, որ մարդը մնացել է մենակ, չի կարող անգամ վերադառնալ Հայաստան, որովհետեւ սպառնացել են սպանել նրան եւ այլն եւ այլն, եւ որ մեր պարտքն է «մի բան անել»:

Ես նրան պատասխանեցի, որ ինչպես որ ինքն է իր համար ստեղծել այդ վիճակը, այնպես էլ հենց ինքը պիտի անի այդ «մի բանը»: Ինչո՞ւ հրապարակորեն չի խոստովանում իր նողկալի արարքը: Կարող էր նամակ խմբագրության տպել որեւէ տեղ, հենց թեկուզ «Գրական թերթ»-ում, եւ ասել, որ ամենախիստ կերպով դատապարտում է իր գիրքը, գտնում է, որ նա այնտեղ թույլ է տվել հանցավոր սխալներ եւ այլն: Չէ՞ որ դրանով նա մեղմած կլիներ մարդկանց զայրույթը: Իսկ մեր ժողովուրդը մեծահոգի է եւ գիտե, որ ոչ միայն ընկածին չեն խփում, այլեւ չեն խփում զղջացողին ու խոստովանողին:

Կարո՞ղ է անել Մահարին այդ քայլը: Երեւի ոչ: Չէ՞ որ նա իրեն համարում է գրական «վոժդ»: Ինչպե՞ս կարող է ինքը հարվածել իր կարծեցյալ հեղինակությանը: Բայց ցավն այն է, որ, ինչպես երեւում է, նա մինչեւ իսկ չի էլ գիտակցում, որ ամեն ինչի մեղավորն ինքն է եւ իր գիրքը: Ընդհակառակը, նա, ինչպես գրում է իր այդ մի թզանոց նամակի մեջ, մեղավոր համարում է «գրական ղեկավարությանը», որը նրա դեմ «կազմակերպել է այդ հալածանքը»:

Այդ մարդը ոչ ամոթ ունի, ոչ պատիվ, ոչ խիղճ: Գրական ղեկավարությունը, կարծեմ, առաջին հերթին դու ես, որը նրա Լիտվա մեկնելուց առաջ հոգատարությամբ ասել է նրան նրա առողջության մասին եւ խորհուրդ տվել այդ մասին մտածել: Գրական ղեկավարությունն այն է, որը, հակառակ ժողովրդի ծայր աստիճան ցասման, այնքան մեղմ ձեւակերպումով է դատապարտել նրա գիրքը մեր թերթում:

Գրական ղեկավարությունը դեռ մի կողմ թողնենք, վերցնենք անհատներին, նրա այսպես կոչված թշնամիներին եւ դրանց մեջ առաջին հերթին ինձ: Այդ էշը պիտի հասկանա, որ ես իմ նամակով փաստորեն աշխատել եմ դուրս հանել նրան կրակի տակից: Այն ժամանակ, երբ մինչեւ իսկ համալսարանում ասել են նրա մասին, թե կաշառված է թուրքերի կողմից, ես գրել եմ, որ նրա դավաճանական գրքի պատճառն այն է, որ նա տգետ է, որ նա ուզեցել է բոլորիցս ավելի «կոմունիստական» լինել, բայց, չունենալով գաղափարական եւ այլ այդպիսի տվյալներ, ստեղծել է այդ պասկվիլը:

Ի՞նչ խոսք, ինքնասպանության պատրաստվող մարդը Գրիշային ու կամ մի ուրիշին նամակ չէր գրի այդ մասին: Այդ գործը չի սիրում «նախապատրաստական աշխատանքներ»: Էլի հույսը դրել է իր կարծեցյալ մեծ խորամանակության վրա, փոխանակ ազնվորեն խոսելու իր ժողովրդի հետ, որին ինքն է դավաճանել, եւ զարմանում է, որ հիմա էլ ժողովուրդն է երես դարձրել նրանից, փոխանակ իր գլխի վրա ման ածելու գրական այդ տնաբույս «վոժդին»:

Մի խոսքով: Ես այսքանն էլ չէի գրի եւ զբաղեցնի քեզ, եթե իմ միակ մտահոգությունը ներկա դեպքում դարձյալ չլիներ այդ անարժանի շահը: Թող նրա բարեկամներից որեւէ մեկը նամակ գրի նրան եւ խորհուրդ տա մեղայի գալ ժողովրդի առաջ: Դա միակ միջոցն է նրա վիճակը մեղմացնելու:

Բարեւներով քո ԱՐՄԵՆ

13 հունիսի 67 թ., Մոսկվա

7. Պարտադրված հետ գրություն կամ հարալեզների տեւական դավաճանությունը

Վերջին ամիսների ընթացքում տարաբնույթ շշուկներ հասան մեր ականջին, իբր, լավ չէ` որդին պաշտպանում է հոր պատիվը: Սկզբում ուշադրություն չէինք դարձնում, սակայն գնալով դրանք դարձան ավելի ու ավելի համառ` ստիպելով մեզ սույն հետգրությունն ավելացնել ավարտված հոդվածին:

Չենք թաքցնում, հակասական զգացումներ էին հարուցում այդ շշուկները, եւ ըստ էության մենք սիրով կհամաձայնեինք դրանց, եթեՙ Ա. ապրեինք առողջ հասարակության մեջ, որտեղ մտավորական ընտրանին թույլ չի տալիս, որ տեղից վերկացողը ցեխ շպրտի վաստակ ունեցող, արժանավոր մարդկանց վրա, եթեՙ Բ. խնդրո առարկա զրպարտությունները ոչ մի դեպքում չկարողանային տեղ գտնել մամուլի էջերում, իսկ տեղ գտնելու դեպքում անմիջապես հակահարված ստանային: Այդ դեպքում մեր պաշտպանականն իսկապես կլիներ անտեղի:

Սակայն մի շարք պատճառներ մեզ ստիպում են այս էլ որերորդ անգամ գրիչ վերցնել եւ մեր ընտանիքի պատիվը պաշտպանել տարիներ տեւող սանձարձակ հարձակումներից: Նախ, ոչ միայն, որ այս անձնավորությունը իր կյանքի նպատակներից մեկն է դարձրել` ամեն գնով, բարոյական նորմերը ոտնահարելով, սուտ ու կեղծիքով վարկաբեկել ՀԳՄ երկարամյա եւ ազնվագույն ղեկավար Էդ. Թոփչյանին, մեր ավագ եղբորը` Ստ. Թոփչյանին եւ մեզ, այլեւ որ, կրկնո՛ւմ ենք, մեզ պարտադրված այս կեղտոտ պատերազմը ի սկզբանե դուրս էր մեկ ընտանիքի սահմաններից եւ դիտվում էր վերջին երկու տասնամյակի մտավորական անտարբերության, ես կասեի նույնիսկ դասալքության համատեքստի մեջ:

Ազատությունը եւ ժողովրդավարությունը խիստ յուրովի մեկնաբանող որոշ անձանց համար արդեն վաղուց տխուր ավանդություն է դարձել, մամուլի էջերից անպատիժ հարձակվել մեր արվեստի ու գրականության վաստակաշատ անունների վրա: Անկախությանը հաջորդող ամիսներին, լեթարգիական թմբիրի մեջ ծվարած մեր թատերագիտությունը հարկ համարեց հոդվածների մի շարք տպագրել Խորեն Աբրահամյանի դեմ, չնայած այդ օրերին տաղանդավոր դերասանն ու բեմադրիչը Իբսենի հայրենիքում շահել էր գլխավոր մրցանակը «Դոկտոր Ստոկմանի» հոյակապ բեմադրության համար, դրանով իսկ, թատերագիտության աչքում, դառնալով «ժողովրդի թշնամի»: «Հրետանային» այս նախապատրաստումն ավարտվեց քսան հոգուց բաղկացած «մի խումբ ընկերների» կրակահերթով, որ փառահեղորեն տեղ գտավ մամուլի էջերում:

Քաղաքական եւ սոցիալական ցնցումներից անդամալուծված մեր մտավորականությունը լուռ ու անհաղորդ դիտում էր այս հալածանքը: Մենք բողոքի մի տեքստ շարադրեցինք եւ առաջարկեցինք` արվեստի ու գրականության մի շարք ճանաչված դեմքերին իրենց ստորագրությունը դնել տակը: Ոչ մեկը չհամաձայնեց, իսկ նրանցից մեկն ասաց. «տեղն ա իրան»: Ստիպված եղանք տպագրել միայն մեր ստորագրությամբ, «Էլի մեկ զո՞հ» վերնագրով:

Այս դեպքից մի քանի ամիս անց, մի նախկին ցենզոր, մի ստոր նյութ տպագրեց Գեւորգ Էմինի դեմ: Մեր մտավորականությանը դարձյալ համակել էր պապանձումն Զաքարիայի: Մենք նորից մի տեքստ շարադրեցինք եւ նախկին միամտությամբ նորից առաջարկեցինք վաստակաշատ բանաստեղծի ավագ ու կրտսեր գրչակիցներին, որպեսզի իրենց ստորագրությունը դնեն տակը: Ոչ մեկը չհամաձայնեց: Բարեբախտաբար, ոչ մեկն էլ չասաց` «տեղն ա իրան»: Ստիպված եղանք նորից միայն մեր ստորագրությամբ տպագրել:

Որոշ ժամանակ անց, տասնչորսհոգանոց խումբը, հայկական ԶԼՄ-ների ամբողջ թափն ու բազմաժանրությունը գործադրելով, անգութ եւ անմարդակային հալածանք սկսեց Պերճ Զեյթունցյանի դեմ: Այս կամպանիան ամեն ինչով հիշեցնում էր 37 թվականը, իսկ մտավորականությունը, այդ թվում եւ գրողի ընկերները, լուռ նայում էին: Մինչդեռ, նրանք, այդ օրերին, հաճոյակատարությամբ շրջաբերականներ էին ստորագրում ի պաշտպանություն հանրապետության նախագահի:

Մենք անմիջապես խոսք գրեցինք` սատար կանգնելով մեր գրչեղբորը եւ, առանց որեւէ մեկին խնդրելու, որ ներքոստորագրի, մեր ստորագրությամբ տպագրեցինք մամուլում:

Հալածանքը շարունակվում է, եւ թիրախ են դառնում ոչ միայն ժամանակակիցները, այլեւ անցյալի մեր սուրբ անունները. Սողոմոն Թեհլերյանն իր հայրենիքում որակվեց որպես «տեռորիստ», Գարեգին Նժդեհը` «Ֆաշիստ եւ ռասիստ», վիրավորական տողեր գրվեցին Անդրանիկի, Դրոյի մասին, տարիքն առած, համեստագույն կարողությունների տեր մի սկսնակ, սեւով սպիտակի վրա գրեց, որ Կոստան Զարյանը գրող չէ, Ռուբեն Սեւակն էլ ճապուկ մի գրչով դարձավ «թրքասեր», իսկ մեկ ուրիշն էլ հայտարարեց, որ նրա նահատակության հանգամանքները հորինովի են... Ո՞ր մեկն ասենք...

«Ազգ, կռուէ՛ Հերոսովդ»,- հորդորում էր Շահան Շահնուրը: Ինչպե՞ս կռվի, երբ ստահակները հերոսներին ոտնակոխ են անում:

Եվ զարմանալի մի օրինաչափություն է նկատվում. նման զրպարտությունների առջեւ խմբագրությունների դռները լայնորեն բացվում են, սակայն տեղնուտեղն ամուր փակվում, երբ փորձում ես պատասխանել այդ հրապարակումներին: Նժդեհի դեմ գրված հոդվածը, մեկ ամսվա ընթացքում, չորս անգամ հրապարակվեց Հայաստանում եւ Սփյուռքում, սակայն ի պաշտպանություն գրված հոդվածը դեմ է առնում փակ դռներին: Մենք էլ, մի քանի ամիս դռնեդուռ էինք ընկել, որպեսզի կարողանանք վերջապես... ռուսալեզու մամուլում տպագրել ի պաշտպանություն Ռ. Սեւակի գրված մեր հոդվածը:

Վերադառնալով շշուկներ տարածողներից ոմանցՙ կուզեինք հայտնել, որ մենք սովոր չենք, որ անհավատները մեզ Սուրբ Անտոնիոսի պես սյունին գամեն եւ նետեր արձակեն մեզ վրա, մենք միշտ ուժ եւ կարողություն կունենանք արժանի հակահարված տալու անմաքուր նկրտումներին` պաշտպանելով ոչ միայն մեր, այլեւ թունավոր սլաքների թիրախ դարձած մյուս արժանավորների պատիվը:

Ծանոթագրություններ

1. «ԱԶԳ», մշակութային հավելված, 19 հուլիսի 2011 թ.:

2. Գ. Մահարին, անշուշտ, գիտեր, թե դա ինչ օր է, եթե չգիտեր, ապա նրան անպայման տեղեկացրած կլիներ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր, Պ. Սեւակի հինավուրց բարեկամ (բարեկա՞մ...) Վահագն Դավթյանը: Սակայն երկուսով միասին որոշեցին, բառիս բուն իմաստով թունավորել բանաստեղծի տոնը...

3. Ալ. Թոփչյան, «Արջի ծառայություն սեփական հորը», «Գարուն», 2005 թ. N10, «Թե ինչպես որդին խայտառակեց սեփական հորը», «Ազգ», 11 հունիսի, 2011 թ.:

4. Ստեփան Ալաջաջյանը Էդ. Թոփչյանի մասին այսպես էր գրում. «Չգիտեմ, կա՞ արդյոք սովետահայ գրականության ավագ, միջին եւ երիտասարդ սերնդի մի ներկայացուցիչ, որին այս կամ այն առիթով, այստեղ կամ այլուր նա օժանդակության ձեռք մեկնած չլիներ, խորհուրդներ տված չլիներ»(«Գրական թերթ», 10 սեպտեմբերի 1976 թ.):

5. Գր. Աճեմյանը, տղայական խանդավառությամբ, այդ երկու հատորին հակադրում է իր հոր ութ` ուռճացրած հատորները: Եթե ես էլ իր նման խիղճս կորցնեի, կասեի, թե վաթսունվեց տարի ապրած արձակագրի համար դա բավական համեստ թիվ է, քանի որ եղել են գրողներ, ովքեր կրկնապատիկն են ստեղծել` ապրելով նրանից շատ ավելի պակաս: Ասենք` քառասուն տարի ապրած Ջեկ Լոնդոնը, որը մոտ քսան հատոր թողեց: Եվ ինչպիսի՜ հատորներ... Սակայն չեմ կարող նման բան թույլ տալ ինձ` քաջ գիտենալով, որ Գ. Մահարու կյանքի մեկ քառորդից ավելին փոշիացավ աքսորում... Ընդամենը վաթսունչորս տարի ապրած Էդ. Թոփչյանի աշխատանքային կենսագրության ավելի քան քառասուն տարին յուրատեսակ աքսոր էր ազատության մեջ, քանի որ, նա ամեն մի գործին նվիրվում էր անմնացորդ, մի կողմ դնելով իր անձնական շահերը, այդ թվում եւ ստեղծագործական ծրագրերը: Եվ հետո, այդ երբվանի՞ց քանակն ու ծավալը դարձան արժեք գեղարվեստական գրականության համար: Շոդերլո դը Լակլոն ընդամենը մի վեպ գրեց` «Վտանգավոր կապերը», եւ այդ միակ ստեղծագործությունը համարվում է ֆրանսիական գրականության չգերազանցված գագաթը:

6. Ժամանակակիցներից մեկը պատմում է, թե ինչպես Գ. Մահարուն փորձել են համոզել, որ ՍՄԿԿ շարքերն անցնելու իր դիմումը հետ վերցնի, սակայն «Չէր համաձայնվում: Կարծեմ «խցկվեց» կուսակցության շարքերը` չիմանալով այդ կուսակցության ոչ «Մանիֆեստը», ոչ ծրագիրը, ոչ կանոնադրությունը, ոչ պատմությունը, ոչ էլ ներքին «բովանդակությունը» եւ ընթացիկ կուրսը» (Հրաչյա Հովհաննիսյան. «Հուշերի երեկո», Երեւան, 1996 թ. «Արեւիկ» հրատ. էջ 225): Որդու կողմից սուրբ համարվող պատեհապաշտ հայրը «խցկվեց» շատ որոշակի հաշվարկով. ժողովուրդը նրան մերժում էր, գրչակիցները` արհամարհում, մնում էր «քաղաքական ապաստան» փնտրել «հարազատ» կուսակցության գրկում: Ավելի քան արտառոց իր այդ որոշումը նա բացատրում էր այն բանով, թե, իբր, ՍՄԿԿ-ն այլեւս նախկինը չէ, իբր փոխվել է: Սակայն, կամ միամիտ էր ձեւանում, կամ մյուսներին ապուշի տեղ դնում. կարճատեւ դադարից հետո, «գուլագի» դռները նորից բացվել էին, Մոսկվայում, Լենինգրադում, Ուկրաինայում, Բալթյան հանրապետություններում, վերջապես, Հայաստանում (այսպես կոչված «յոթ հայրենասերների» դատավարությունը) մարդկանց նորից բանտ էին նստեցնում քաղաքական հայացքների համար, եւ Գ. Մահարին չէր կարող այդ մասին չիմանալ, երեխաներն անգամ գիտեին...

7. Գր. Աճեմյանը շարունակ դրդում է մեզ, կառչում մեր օձիքից, որպեսզի անպայման հորն առնչվող տհաճ բաները պատմենք, բաներ, որոնք կարող էին տեսնել միայն նրա մոտիկ հարեւանները: Շարունակ հրահրում է, վերջապես հասնում իր նպատակին եւ, ըստ երեւույթին, ախտագին հաճույք ստանում հոր մասին նման պատմություններ լսելուց:

8. Ա. Ալիքյանը «գրագողության» հոդվածի հեղինակին գրում էր իբրեւ թե «չեղյալ հոդվածի» մասին, իսկ 1988 թ. օգոստոսի 30-ին մեզ հասցեագրված նամակում երդումկոտոր լինելովՙ ջանում էր համոզել, որ կա այդպիսի հոդված եւ հեղինակն է Գ. Մահարին... Տե՛ր Աստված, որքան ավելի ես խորանում այս պատմության մեջ, այնքան ավելի կեղտ է բարձրանում ջրի երես...

9. Գրիգոր Մանասյան, Հայաստանի ներկայացուցիչը ԽՍՀՄ Գրողների միությունում:

10. 60-ական թվականներին Հայաստանի կոմկուսի կենտկոմի քարտուղարՙ գաղափարական գծով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4