ՕԼԵՔՍԱՆԴՐ ԲՈԺԿՈ, Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան
Օլեքսանդր Բոժկոն Հայաստանում Ուկրաինայի դեսպանն էր 1996-2001, 2005-2010 թվականներին. հայ ժողովրդի բարեկամ, հայ գրականության եւ մշակույթի քաջատեղյակ մտավորական:
Ծնվել է 1946-ին, Կիեւի մարզում, սովորել Կիեւի պետական համալսարանում, ապա միջբուհական պայմանագրով ուսումը շարունակել Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետում, խորամուխ եղել հայոց լեզվի, գրականության ուսումնասիրության մեջ: Հայագիտական կրթությունը եւ հետաքրքրությունը հայ մշակույթի հանդեպ նրան մղել են հայանպաստ գործունեության, թարգմանաբար ուկրաիներեն է ներկայացրել եւ շարունակում է այդ աշխատանքը, շուրջ 40 հայ գրողների, ի թիվս նրանցՙ Հրանտ Մաթեւոսյանին, Աղասի Այվազյանին, Մուշեղ Գալշոյանին, Զորայր Խալափյանին: Ներկայումս նրա հայագիտական հետազոտություններն ընդգրկում են հայ հին եւ միջնադարյան շրջանը, ուսումնասիրում է հայոց հին գրավոր լեզունՙ գրաբարը, ուկրաիներեն է թարգմանել XVII դարի հեղինակ Հովհաննես Կամենացու «Խոտինի պատերազմի պատմութիւնը» գիրքը: Գրաբարի նկատմամբ սերը նա ժառանգել է համալսարանական իր ուսուցչիցՙ Գր. Նարեկացու աշխարհաբար լավագույն թարգմանիչՙ Վազգեն Գեւորգյանից:
Օլեքսանդր Բոժկոն Ուկրաինայում այժմ սերտ կապեր է հաստատել տեղի հայ համայնքի հետ, որպես մասնագետ-փորձագետ մասնակցել է հայկական դպրոցների հատուկ ծրագրի մշակմանը, որ հաստատվել է Ուկրաինայի կրթության նախարարության կողմից: Այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանությանը նվիրված կլոր սեղան է կազմակերպել եւ վարելՙ ուկրաինացի պատմաբանների, գիտնականների մասնակցությամբ, նույն թեմայով պարբերաբար հանդես է գալիս ռադիոեթերով, ուկրաինական մամուլում հրապարակում ժամանակակից Հայաստանին եւ նրա պատմական անցյալին վերաբերող բազմաբնույթ հոդվածներ:
Իր հետաքրքրությունը հայ գրականության նկատմամբ բնական երեւույթ է համարում. «Հայ գրականությունը աշխարհի մեծ գրականություններից է, եւ բնավ պատահական չէ, որ մասնագետները, ընթերցողները հրապուրվում են նրանով»:
Վերջին ժամանակներս ինձ վիճակվել է հոգեւոր կապի մեջ մտնել երկու անչափ հետաքրքրական անձնավորությունների հետ: Դրանցից մեկը Հովհաննես Կամենացին է, հայ տարեգիրը, որ ապրել ու ստեղծագործել է XVII դարի առաջին կեսում, Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկ քաղաքում, այստեղից էլ ստացել է իր մականունըՙ Կամենացի, մյուսըՙ հայ անվանի գիտնական, բանասեր Ստեփան Մալխասյանցը, իր կարեւորությամբ եզակի մի աշխատությանՙ «Հայերեն բացատրական բառարան»-ի հեղինակը: Իսկ առիթը Հովհաննես Կամենացուՙ 1621 թվականին տեղի ունեցած Խոտինի( արյունահեղ ճակատամարտին նվիրված տարեգրության վրա իմ աշխատանքն էր, ասել կուզի «Խոտինի պատերազմի պատմութիւնը» գիրքը գրաբարից ուկրաիներեն թարգմանելս: Այդ կռվում ուկրաինական կոզակների եւ լեհական զորքերի միաբան ուժերը կասեցրին թուրքական սուլթանՙ պոռոտախոս ու պարծենկոտ Օսման II-ի գլխավորած ուժեղ եւ մեծաքանակ բանակի առաջխաղացումը դեպի Եվրոպա:
Հովհաննես Կամենացու եւ նրա պատմության մասին հանգամանորեն խոսելուց առաջ նախ կուզենայի երախտագիտությամբ հիշատակել Ստեփան Մալխասյանցի լուսապսակ անունը, շնորհակալ լինել նրա հիանալի բառարանի համար, որն իմ հավատարիմ ուղեցույցն էր հայոց հնադարյան լեզվի դյութիչ աշխարհում, եւ իմ սքանչանքն արտահայտել մեծ լեզվաբանի գիտական սխրանքով, որ վերածննդի տիտանների գլուխգործոցին է հավասարազոր: Չորս ստվարածավալ հատոր, in quarto, որոնք ընդգրկում են հին, միջին եւ նոր հայերենի մոտ 120 հազար բառ... Այսպիսին է նրա ավելի քան երկու տասնամյակ տեւած տքնաջան աշխատանքի արդյունքը: Բառարանը լույս է տեսել 1944-1945 թթ. դժվարին տարիներին: Հաղթանակը, որ հյուծիչ պատերազմի ավարտն ազդարարեց եւ բազում կյանքեր փրկեց, համընկավ մի այլ մեծ հաղթանակիՙ գիտության ճերմակահեր ծառայի հաղթանակի հետ, որը նույնպես բազում հայկական բառեր փրկեց կորսվելուց: Համաձայնեք, որ դրանում երկնառաք մի բան կա: Ախր գիտնականն այն ժամանակ իր ութսունութ տարին էր բոլորել: Նա արդեն վաթսուն տարեկան էր, շատերի համար վաստակավոր հանգստի անցնելու տարիք, երբ իր վիթխարի մտահղացումը մարմնավորելուն ձեռք զարկեց: Եվ... հաղթեց: Ճակատագիրը նրան եւս երկու տարի ընծայեց, ընդամենը երկու տարիՙ իր աշխատանքի, լավ կատարած գործի զգացումից բավականության հաճույքը վայելելու համար:
Ցնցող է դա, բայց եւ մտորումների տեղիք է տալիս, ավա՜ղ, բնավ ոչ հօգուտ սին հոգսերով տարված մեր ժամանակակիցների: Արդյո՞ք այսօր մեծ է թիվը այն մարդկանց, ովքեր կարող են հույս տածել, թե տասնամյակներ անց իրենց աշխատանքի պտուղը կընդունվի այնպիսի ակնածանքով, ինչպես Ստեփան Մալխասյանցինը: Կարծում եմՙ դժվար թե: Դարերի մասին չենք էլ խոսում: Ստացվում է, որ լավ, որակով գործ անելն այնքան էլ հեշտ բան չէ: Հենց այստեղից են գալիս երեւի մեր բոլոր ձախորդությունները...
Հովհաննեսի համար իր աշխատանքի նկատմամբ վերաբերմունքն էլ անչափ կարեւոր էր, 17-րդ դարի սկզբին Կամենեց-Պոդոլսկում ապրող, Խոտինի պատերազմի ականատես տարեգրի համար: Թուրքերի դեմ տարած հաղթանակից ոգեշնչված նրա հայրըՙ Տեր Հակոբը, որ տեղական եկեղեցու քահանան էր, համառորեն խնդրում էր որդուն, նշում է Հովհաննեսն իր առաջաբանում, որ նա նկարագրի այդ ճակատամարտի ընթացքը: Խոտինի ամրոցը Կամենեցից մի քանի տասնյակ մղոնի վրա է գտնվում եւ դժվար չէր պատկերացնել, թե ինչ կլիներ քաղաքի բնակիչների վիճակը, որոնց նշանակալի մասը հայեր էին, եթե թուրքական 200-հազարանոց հորդայի առաջը չառնվեր: Իզուր չէ, որ հաղթանակի օրըՙ հոկտեմբերի 15-ին, Կամենեցի հայ համայնքը շռայլ հյուրասիրությամբ պատվեց կոզակ ու լեհ ռազմիկներին, իսկ Ռեչ Պոսպոլիտայի թագաժառանգ զորավար Լյաբոմիրսկին եւ կոզակական փորձառու հետման Սահայդաչնին մի ամբողջ շաբաթ հայ դատարանի ավագ Լուկաշի անձնական հյուրերն էին, Հովհաննեսի ասածով «նրանք օր ու գիշեր կերուխում էին անում»:
Հովհաննեսը երկար ժամանակ չէր համարձակվում ձեռք զարկել այդ գործին, վստահ չլինելով, թե պատրաստ է այդ գործի համար. «Զի իմ ոչ եւ եթ ունայն լինելով ի լավագոյն շնորհաց բարձրագունից, փորձում էր արդարանալ նա, այլ եւ ոչ վերջնոցն եւ հասարակացն բաւականանայր միտք տառապեալ բնութեանս»: Սակայն մի կարեւոր հանգամանք կար, որ վերջ ի վերջո դրդեց Հովհաննեսին գրելու իր «Պատմութիւնը», դա նույնիսկ այնքան էլ լայն արձագանքը չէր, որ առաջացրել էր այդ պատմական իրադարձությունը: Բանը նրանում է, որ Պոդոլիայի եւ Գալիցիայի հայերի մեջ մի նշանակալի առանձնահատկություն կար. իրենց գործերը վարելիս թե խոսելիս նրանք գործածում էին հայ-ղպտերեն լեզուն, որը, ինչպես հայտնի է, պատկանում է թյուրքական լեզվախմբին, սակայն գրություններն արվում էին հայկական տառերով: Ուկրաինայի կենտրոնական արխիվում մոտ 18 հազար էջ փաստաթղթեր են պահվումՙ գրված հայ-ղպտերեն լեզվով: Այդ լեզվով գրվել են սաղմոսներ ու պատարագներ, զանազան պահագրեր եւ այլ գրառումներ, ստեղծվել են ժամանակագրություններ, որոնցում առկա է նաեւ Խոտինի պատերազմի նկարագրությունըՙ գրառված ազգությամբ հայ Օքսենտի ձեռքով, որն իր գործունեության մեջ նախընտրում էր այդ թյուրքական բարբառը: Եվ չի կարելի բացառել, որ ղպտերենով խոսող հայերի եւ հայալեզու հայերի միջեւ, որոնք նաեւ գրաբարին էին տիրապետում, որոշակի հակակրանք է գոյություն ունեցել: Ինչը եւ զանազան հանգամանքների բերումով տեղի է ունենում նաեւ մեր օրերում այս կամ այն էթնիկական խմբերի միջեւ:
Այս ամենից ենթադրում ենք, որ հայախոս խմբին է պատկանելիս եղել նաեւ Տեր Հակոբըՙ Հովհաննես տարեգրի հայրը, որի համար, ըստ երեւույթին, պատվո խնդիր էր Խոտինի պատերազմի պատմության ստեղծումը հատկապես հայերենով «ի մերասերն լեզու», ինչպես գրում է Հովհաննեսը:
Հոր աղերսներին անսալով ու ձեռք զարկելով գրելունՙ Հովհաննեսն ինքն իր համար, այսպես ասած, ստեղծագործական նշանաձող է դնումՙ որոշելով ոչ թե պարզապես իրադարձությունները շարադրել, այլեւ «զգլխել» աղագՙ «ուրիշի», այսինքն ղպտերենով գրված ժամանակագրությունը, նկատի ունենալով Օքսենտիՙ «Կամենից» տարեգրության համահեղինակներից մեկի գրառումները, հրատարակված, իմիջիայլոց, Ղեւոնդ Ալիշանի կողմից, 1896 թվականին: Եվ նաեւ որպեսզի «անսայթաք ուղեւորիլ զհետ ճշմարտութեան», որը երեւի թե պատմաբանի կոչման ամենակարեւոր բաղադրիչն է:
Ի տարբերություն «Կամենից» տարեգրության, որտեղ Օքսենտի նկարագրությունների գրառումը, կարեւոր լինելով հանդերձ, Խոտինի ճակատամարտի պատմությունը երկամյա ժամանակագրության բազմաթիվ անցքերից լոկ մեկն է, Հովհաննես Կամենացու «Խոտինի պատերազմի պատմութիւնը» մի ավարտուն վիպերգություն է, որում հեղինակը իր առջեւ նպատակ է դնում պատմել ոչ միայն Խոտինի ամրոցի պարիսպների տակ մղված արյունահեղ, հյուծիչ, երկու կողմից էլ կորուստներ տվող, ըստ այդմ էլ «պատերազմ» անվանված ճակատամարտի մասին, այլեւ միաբան զորքերի հերոսության, դաժան ու անողորմ թշնամու գերակշիռ ուժերի դեմ նրանց անձնուրաց պայքարի հանդեպ հիացմունք առաջացնելով ընթերցողի մեջ:
Ահավասիկ, այստեղ նախ եւ առաջ ի հայտ է գալիս այդ ռազմական դիմակայությունըՙ գնահատանք տալու հեղինակի դիրքորոշումը, դիմակայություն, որ ընկալվում է ոչ այնքան որպես թուրքերի դեմ լեհերի եւ ուկրաինական կոզակների պայքար, որքան երկուՙ արեւմտյան-քրիստոնեական եւ արեւելյան-մուսուլմանական քաղաքակրթությունների բախում: Եվ Հովհաննեսիՙ որպես եվրոպական երկրի, այն ժամանակվա Ռեչ Պոսպոլիտայի բնակչի եւ հայ քրիստոնյայի համակրանքը միանգամայն ակնհայտ է ու հասկանալի: Բացի դրանից նա ջանացել է նաեւ իր գործը խղճով կատարել, ճարտարորեն շարադրել եղելությունը, որպեսզի «զգլխի» «ուրիշի» լեզվով գրածը: Այդ իմաստով ուշադրության արժանի նրա «Առաջաբանութիւն գրոցս պատերազմին Խոթինու»-ն, որտեղ նա դատողություններ է անում, թե ինչում է կայանում «արհեստ վիպաբանութեանը» եւ թեՙ որ պատմագիրը պետք է կարողանա ոչ միայն պարզապես շարադրել իր տեսածն ու լսածը, այլեւ «իմացմամբ մտաց», այսինքն վերլուծել է եղելությունը:
Ի տարբերություն Օքսենտի, նրա շարադրությունն ավելի դինամիկ է, պատկերավոր: Ընթերցողին նա մեկ Ստամբուլ է տանում, որտեղից սուլթան Օսմանը սպառնալից ուղերձ է հղում Զիգմունդ թագավորին, մեկ Վարշավա տեղափոխում, որտեղ ահաբեկված լեհ մեծամեծերը Սեյմում սուլթանի վերջնապահանջն են ունկնդրում, մեկ էլ բերում լեհ-կոզակական միացյալ ճամբար կամ էլ թուրքական զորքերի դասավորությունը: Այդուհանդերձ, քաղաքակրթային դիմակայման հարցը միշտ առաջնային էՙ «մենք» եւ «նրանք», ինչ դիպվածի, ինչ իրադարձության մասին էլ որ խոսքը գնալիս լինի: Այնպես, ինչպես եւ պատումի տողերի արանքներում անտեսանելիորեն թեւածում է հնարավոր պարտության չարագուշակ ուրվականը եւ հիշեցումը, թե ինչ է լինելու դրա գինը: Չէ՞ որ սուլթան Օսմանը սպառնացել էր լեհական թագավորին. «.. եւ արդ պատրաստ լիջիք, զի գալիս եմ ի վերայ ձեր եւ զերկիրդ, յորս բնակեալ եք դուք, հրձիգ արարից... եւ զամենեսին վարեցից ի գերութիւն ազգիդ իմոյ, որպէս եւ այլոց քրիստոնէից հասուցին նախնիքն իմ...»:
Այդ իրադարձություններից 390 տարի անց եւ՛ ուկրաինացի, եւ՛ լեհ պատմաբանները համարում են, թե Խոտինի ճակատամարտն իր նշանակությամբ լոկ տարածաշրջանային իրադարձություն չէ: Եվ տեսնում ենք, որ Հովհաննես Կամենացին այդ իմաստով իրավացի է: Չէ՞ որ 1621 թվականը դա հենց այն պատմակետն է, որտեղից, ըստ էության, սկսվել է Օսմանյան կայսրության աստիճանական մայրամուտը:
«Խոտինի պատերազմի պատմութիւն»-ը ընթերցելիս շարունակ աչքի է զարնում հեղինակի պատմական շրջահայեցության զգացումը եւ նրա գրական անուրանալի տաղանդը: Դա մասամբ երեւան է գալիս նրա պատմելաձեւումՙ համեմված դիպուկ համեմատություններով եւ ածականներով, որով նա այս կամ այն գործող անձին է ներկայացնում կամ ընդգծում նրա նկատմամբ իր վերաբերմունքը: Օրինակ, նա թուրքական սուլթանին համեմատում է մահաբեր օձերով ու իժերով լցված սափորի հետ, որոնք փորձում են «տարածանել զմահաբեր թոյնս ի թիկունս անմեղաց»: Թուրքերը «իջեւանեցան ի վերայ նոյն գետոյն Թուռլայի (Դնեստր գետի թուրքական անվանում - ծնթ. հեղ.) ի բարձրաւանդակ տեղւոջ իբրեւ զամպս թխացեալ, իսկ բազմութիւն անհաւատիցն որպէս զմառախ սփռեալ ծածկէին զերեսս երկրի եւ դաշտին»:
Քրիստոնեական զորքերին նկարագրելիսՙ Հովհաննեսը նրանց խիզախությունը եւ անձնուրաց հերոսությունը հակադրում է թուրքերի բիրտ ճնշմանը, միաժամանակ եւ նրանց վախկոտությանը, հաճախ չափազանցնելով, այսպիսով ընթերցողի մոտ հուզական տպավորություն ստեղծելու. «զի ահ պատեաց զամենայն հեթանոս, որ եւ թագաւորն Օսման եւս հանդերձ նախարարօքն առ յերկիւղի լեալ, ոչ սակաւ հոգայր եւ աւաղէր զկորուստ անչափ պատուական արանցն մահմետականաց»:
Ընդհանուր առմամբ Խոտինի պատերազմում ուկրաինական կոզակների մասնակցության վրա Հովհաննեսը ուշադրություն է դարձնում սկսած գրքի հինգերորդ գլխից: Այդ գլխի վերջում երկու կարճ հատված բնութագրում են կոզակներիՙ ճակատամարտի մեջ մտնելու իրադրությունը, որից բավականին դրամատիկական պատկեր է առաջանում. «Եվ ահա ի միում աւուր չորեքշաբաթոջ գայ հասանէ զօրագլուխն Ռուսաց(ՙ անուանեալ Պորոտավքա եւ ընդ նմա Խե հազար հեծեալս Խազախաց (կոզակներ - ծնթ. հեղ.), որ կոչին Զապորոհցիք. եւ ի ճանապարհին հանդիպեալք զօրուն Թաթարաց եւ Տաճկաց եւ արարին ընդ նոսա մեծ պատերազմունս զաւուրս ութ, մինչեւ սպանին զփաշայն Սիլիստրէի Հյուսէին անուն եւ զայլս բազումս»:
Բորոդավկայի Մոլդովա կատարած անհաջող արշավանքի հետ կապված իրադարձություններն ավարտվեցին, ինչպես հայտնի է, նրանով, որ խռովարար ու կամակոր կոզակական առաջնորդը մահապատժի ենթարկվեց խստապահանջ եւ հակաճառություն չհանդուրժող հետման Պետրո Սահայդաչնու կողմից, որի մասին Հովհաննեսը կգրի հետո: Սակայն նրա պատումի մեջ մշտապես առկա կլինի կոզակական թեմանՙ նոր մանրամասներով ու դիպվածներով հագեցած, ասես նորից ու նորից հաստատելու այն վիթխարի ներդրումը, որն արեցին կոզակներն այդ հիրավի ժողովրդական հերոսամարտում: Իզուր չէ, որ թվով գերակշիռ եւ ուժեղ հակառակորդի դեմ մարտի դաշտում նրանք դասավորվել էին կենտրոնականՙ ամենավտանգավոր մասում: Բանակով էլ նրանք մեծամասնություն էին կազմումՙ քառասուն հազար, երբ լեհերը, լիտվացիները եւ պրուսացիները մեկտեղ երեսուն հազարի էլ չէին հասնում:
Արդ, ինչպե՞ս են հառնում մեր առաջ կոզակները հայ պատմագրի ստեղծագործության էջերից:
Նախ եւ առաջ նրանք փորձված ռազմիկներ են, օժտված ոչ միայն մարտադաշտում ցուցաբերած ճարպկությամբ ու համարձակությամբ, այլեւ ռազմական խորամանկությամբ ու արտասովոր տոկունությամբ, հետեւապես եւ ռազմական խստիվ կարգապահությամբ, ինչպես նաեւ հարկ եղած պահին հակառակորդին կայծակնային հարված հասցնելու կարողությամբ. «... զի Խազախ ազգն այն շատիմաց եւ խորամանկ եւս են, վասն այն ոչ առժամայն ելին արտաքս, մինչեւ երեկոյացաւ օրն, եւ ձանձրացան թշնամիքն ի յընթանալոյ զօրն հանապազ յայս կոյս եւ յայն կոյս»:
Իրոք, կոզակների վարած պատերազմների պատմությունից գիտենք, որ ակտիվ պաշտպանությունըՙ համատեղված անակնկալ, կայծակնային գրոհի հետ, զապորոժցիների մարտավարության բնորոշ առանձնահատկությունն է:
Այդպես է եղել նաեւ սեպտեմբերի 4-ի այն շաբաթ օրը: Հովհաննեսը շարունակում է. «Իսկ յիննեւտասներորդ ժամն միաբանեալ զօրք Խազախացն ելին ախոյեան, եւ խաչակնքեալք զդէմս իւրեանցՙ սկսան հարկանել զայլազգինս, մինչ զի ոչ եւս կարացին ժուժկայել, այլ չոքան յետս փախստեամբ. եւ նոքա զհետ մտեալ կոտորէին անխնայ յոյժ, զոր անթիւ ասեն զանկեալ դիակունսն որ ծածկեաց զերեսս երկրի»:
Հայ տարեգիրը պատմում է, որ թուրքական զորքի ջարդը կոզակների կողմից այնպես էր ազդել թուրքերի վրա, որ նրանք մի քանի օր չէին կարողանում ուշքի գալ. «վասն զի դեռ եւս ապաշաւէին զանցեալ աւուր ահագին կոտորուածն»:
Կոզակական զենքի զորությունն իրենց վրա փորձելովՙ թուրքերը, ուշքի գալուն պես որոշեցին առաջին հերթին հաշվեհարդար տեսնել հենց կոզակների հետ: Նվաստացած սուլթանը շարունակ նորանոր ուժեր էր նետումՙ ձգտելով գլխովին ջախջախել կոզակներին: Բայց ապարդյուն: Կոզակների առաջնորդ հետման, ինչպես անվանում է Հովհաննեսըՙ «սպարապետ» Սահայդաչնին թշնամու բանակի դեմ սկսեց բանեցնել գիշերային գրոհների մարտավարությունը, որ ոչ միայն զգալի կորուստների էր մատնում թուրքերին, այլեւ մշտական ահաբեկության մեջ էր պահում նրանց, բարոյալքում բանակը: Օսման II-ին հատկապես գազազեցրել էր կոզակների գիշերային հանդուգն հարձակումը թուրքական կայազորի վրա, որը ռազմավարական շատ կարեւոր օբյեկտ Թուռլա գետի վրայի կամուրջն էր հսկում. «Բայց ի խելս կամրջացն ունէին ի պահեստի երկու հազար Տաճիկք, որք անհոգս եղեալ ննջէին, յորս է մին Ղարահիսար փաշասի, եւ մյուսն Ալի փաշա. զայն տեսեալ Խազախացն, եւ գաղտնաբար անկան ի վերայ եւ կոտորեցին զամենեսին ի մէջ վրանացն, մինչ զի ոչ ոք ի նոցանէ ապրեցաւ, բայց միայն զարապն փաշային կենդանի բերեալ պարգեւս արքայորդւոյն, եւ զամենայն աւարս բաժանեցին ի միջի իւրեանց»:
Այստեղ հարկ է նշել, որ ռազմավար գրավելը սովորական երեւույթ էր այն ժամանակվա բանակներումՙ թուրքական թեՙ եվրոպական: Թալանից չէին քաշվում նաեւ կոզակները: Դեռ ավելին, Ռեչ Պոսպոլիտայի ղեկավարության կողմից Խոտինի արշավանքից առաջ ուկրաինական կոզակներին առաջադրված պայմաններից մեկը նրանց ինքնուրույնաբար սնունդ, անասնակեր եւ ռազմամթերք հայթայթելն էր, ի տարբերություն լեհերի, որոնց բանակում մատակարարումը կենտրոնացված էր: Այդ հանգամանքը Յացկո Բորոդավկայի Մոլդովա կատարած արշավանքի պատճառներից մեկն էր, որը սակայն ձախողվեց թուրք-թաթարական զորքի հետ հանկարծակի մարտում եւ կոզակական մեծաքանակ այրուձին մնաց առանց կերի: Նկարագրելով մթերքի պակասի հետ կապված ծանր վիճակը, միացյալ զորքերի ճամբարում տիրող ահավոր թանկությունը, հետեւանքը այն բանի, որ թաթարական բանակը կտրել էր միացյալ բանակի մատակարարման գրեթե բոլոր ուղիները, Հովհաննեսը նշում է, որ էլ ավելի օրհասական կլիներ վիճակը, եթե կոզակները չլինեին. «Բայց միսն ի բանակին ո՜չ այնքան թանկագին,- ասում է Հովհաննեսը, - զի զօրք Խազախացն յամենայն օր ելանէին ի բանակէն, եւ երթեալք ի գիշերի անկասկած անկանէին ի վերայ զօրացն Տաճկաց, եւ կոտորեալ զնոսա առնուին բազում աւարս ի նոցանէ զտաւարս, եւ բերեալ զնոսա վաճառէին Իլախաց( բաւական գնով»:
Այս տողերի արանքից մի պարագա առանձնանում է, որի վրա կուզենայի փոքր-ինչ կանգ առնել, եւ որը լույս է սփռում այն ժամանակվա Ռեչ Պոսպոլիտայում իշխող լեհական շլյախտայի եւ ուկրաինական բնակչության միջեւ գոյություն ունեցող փոխհարաբերությունների բարդ պատկերի վրա: Նշենք, որ կոզակները հանդես էին գալիս որպես ուկրաինական բնակչության շահերի արտահայտիչն ու պաշտպանը: Միաբան զորքերի համատեղ գործողությունները նկարագրելովՙ տարեգիր Հովհաննեսը ակամա շեշտում է, որ կոզակներին ու լեհերին, այսինքնՙ լեհական շլյախտային, ինչ-որ հակասություններ են զատում: Չնայած դաշնակցային հարաբերություններին, քրիստոնեական աշխարհին պատկանելուն, նրանք, ինչպես տարեգրությունից է հետեւում, միանգամայն տարբեր կազմավորումներ էին, նույնիսկ զինված ուժերն են տարբեր եղել, եւ այդ ուժերը կենսապես ապահովելու միանգամայն տարբեր սկզբունքներ են գոյություն ունեցել: Այդ հակասություններն անխուսափելիորեն երբեմն դրամատիկական հետեւանքների էին հասցնում:
Մյուս հայ տարեգիր Օքսենտի վերոհիշյալ «Կամենից» տարեգրությունում մի պերճախոս դրվագ կա, որը պատմում է, թե ինչպես թուրքերի կողմից 1620 թվականին մոլդովական Ցեցորա փոքր քաղաքի տակ կրած նվաստացուցիչ պարտությունից հետո ծանր մարտերով նահանջող լեհ-կոզակական զորքը կարողացավ այնուամենայնիվ դիմադրություն ստեղծել, որը թաթարներն իրենց հաճախակի հարձակումներով ոչ մի կերպ չէին կարողանում կոտրել: Ամեն օր, ինչպես գրում է Օքսենտը, «հազար թաթար էր զոհվում: Բայց ապա Դնեստրից կես մղոնի վրա մեր զորքը կանգ առավ գիշերելու, - շարունակում է Օքսենտը: - Եվ լեհերի ու կոզակների միջեւ գժտություն առաջացավ, եւ նրանք սկսեցին կռվել միմյանց հետ: Այդ ժամանակ թաթարները, որ արդեն հաջողության հասնելուց հույսները կտրած դես ու դեն էին ցրվում, զորքից հետ են ընկնում: Միայն Հանթեմիր մուրզան էր 12 հազար թաթարներով մոտերքում գտնվում: Լսելով, որ քրիստոնյաների ճամբարը պառակտվել է, նա իր 12 հազար թաթարով հարձակվեց ու դաշնակիցների դիմադրությունը կոտրեց... մերոնք խուճապի մատնված դես ու դեն փախանՙ որին սրի քաշեցին, որը գերի ընկավ, որն էլ Դնեստրի ջրերում խեղդվեց, իսկ հրամանատար Ժոլկեւսկին գլխատվեց»:
Այդ պարտությունից, որտեղ զոհվեց Բոգդան Խմելնիցկու հայրը, իսկ ինքըՙ Ուկրաինայի ապագա հետմանը, գերի ընկավ, Ռեչ Պոսպոլիտան դասեր քաղելով, Խոտին հրավիրեց կոզակական հզոր զորքինՙ փորձառու հետման Պետրո Սահայդաչնու («այր ոմն քաջ եւ պատերազմողՙ որ կոչիւր Սահայտաչնի», - ինչպես գրում է Հովհաննես տարեգիրը) գլխավորությամբ Վարշավայում Զիգմունդ թագավորի մոտ ընդունված Սահայդաչնուն հավաստեցին, որ ուկրաինական բնակչության իրավունքները կհավասարվեն լեհերի իրավունքներին, որ կոզակների կարգավիճակը կբարձրացվի: Բայց ինչպես եւ շատ անգամներ, այդ խոստումներն իսկույնեւեթ մոռացվեցին, նամանվանդ որ Խոտինի հերոս հետման Սահայդաչնին թուրքական վերքերից շուտով մահացավ: Իսկ ուկրաինական ժողովրդի ճնշումն այն աստիճանի հասավ, որ ի վերջո մի երկու տասնամյակ անց դա վերածվեց 1648-54 թթ. հետման Բոգդան Խմելնիցկու գլխավորած ուկրաինական ժողովրդի ազգային-ազատագրական պատերազմին:
Այդ արյունահեղ, ողբերգական իրադարձություններով լեցուն հակամարտությունների մասին վկայությունները երկու սլավոն ժողովուրդների միջեւ, որոնք այնքա՜ն շատ ընդհանուր բաներ ունեին, ի թիվս դրա 1621 թ. Խոտինի հերոսամարտը, որը կասեցրեց թուրքերի արշավանքը դեպի Եվրոպա, մեզ են հասել ուկրաինական հողում ստեղծված նմանապես հայատառ տարեգրությունների շնորհիվ: Սակայն դա արդեն ուրիշ պատմություն է:
Թեեւ, վերջին հաշվով, բոլորս էլ ընդհանուր պատմություն ունենք, բայց, ցավոք, դա հասկանում ենք միայն այն ժամանակ, երբ վրա է հասնում հատուցման ժամը:
Այնուամենայնիվ պատմությունը պետք է իմանալ: Դա լավ է գիտակցել Հովհաննեսըՙ Կամենեց-Պոդոլսկից, դարերի միջով մեզ հղելով իր ուղերձը, որպեսզի, ինչպես նա է ասում, «անսայթաք ուղեւորիլ զհետ ճշմարտութեան»: