ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ
Կա հանիրավի տարածված կարծիք, իբր Գուրգեն Մահարին մեղադրել է Պարույր Սեւակին բանագողության մեջ եւ վերջինս թշնամացել է գրական ավագ ընկերոջ ու բարեկամի հետ... Ես չեմ կիսել այդ կարծիքը եւ գրել եմ այդ մասին [1]: Սակայն իմ հրապարակումն այն ժամանակ ուներ ավելի ինտուիտիվ, քան փաստացի հիմքեր: Բարեբախտաբար ի հայտ եկան նոր նյութեր, որոնք գտան իրենց տեղը Մահարի-Սեւակ «գլուխկոտրուկում» եւ գրեթե ամբողջացրին պատկերը:
Ուրվագծվեց երկու հանգույց Մահարի-Սեւակ կապերում, որոնց կարելի է տալ «մարդնափիմեջյան» եւ «այգեստանյան» անունները: Դրանցից առավել կարեւորվում էր առաջինը, քանի որ անտեղ էր սկիզբը գժտմանց: Եվ չնայած երկրորդ հանգույցն արդեն լուծված էր` առաջինի թերիությունը ստիպում էր դեռ սպասել...
Չկար բախտը, օգնեց փորձանքը` Ա. Թոփչյանի հետ ոչ գրական բանավեճը: Գրականագետը հերթական անգամ մեջտեղ էր բերել «այգեստանյան» հոդվածը, ինչը ստիպեց ինձ ցույց տալ, որ այն «գրվել» էր Մոսկվայում` հայր Թոփչյանի երեւակայությունում եւ անհասկանալիորեն «տպավորվել» որդու հիշողությունում [2]...
Համաձայն բանավեճում տված խոստումիս, այսօր անդրադառնում եմ Մահարի-Սեւակ կապի «մարդնափիմեջյան» հանգույցին: Այն չի լինի նույնքան ավարտուն, որքան «այգեստանյանը», սակայն վստահ եմ, որ նոր փաստերը չեն փոխի պատկերն արմատապես, այլ միայն կլրացնեն այն...
***
Երկու գրողների կապերը սկիզբ են առնում 1947 թվականին` Մահարու իրավազուրկ օրերին. «Չորս հարյուր քառասունչորս օր ես ապրեցի տագնապներով, կարճատեւ ժպիտներով, օղիով եւ շուտով հասա այնպիսի վիճակի, որ նոր ձերբակալությունը թվում էր լավագույն, անգամ երջանիկ ելքը: Մխիթարականն այդ 444 հարկանի խավարում այն էր, որ այդ օրերին ինձ գտան երիտասարդ բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Սեւակը, Էմինը, Սահյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, որոնք աշակերտական սեղանից կարդացել եւ սիրել էին իմ գրքերը» :
Ե. Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում (ԳԱԹ) պահպանվում է Սեւակի «Քարտաշը» պոեմի մեքենագիր օրինակը [3], որի վրա ՀԳՄ քարտուղար Հր. Քոչարի 1948 թ. պաշտոնական մակագրությունն է` «Քննել երիտասարդ գրողների սեկցիայում» : Այն հակակշռվում է Մահարու «պարտիզանական» մակագրությամբ. «Ի՞նչ քննել, տաղանդավոր պոետ է...» :
Մահարու նոր ձերբակալությունից հետո, նրա հետ հաստատած կապերի համար, թվարկված բանաստեղծների հարցը քննվեց գրողների կուսակցական եւ կոմերիտական ժողովներում: Սեւակը վերջինների թվում էր: Թե ինչպես է անցել նրա «քաղաքական մշակումը», հայտնի չէ` կոմերիտարխիվը զուրկ է եղել կուսխնամքից...
Մահարու վերադարձից հետո կապերը շարունակվեցին: Առ ժամանակ նա հաստատվեց «Ինտուրիստ» հյուրանոցի հինգերորդ հարկի համարներից մեկում: Սեւակն առաջին այցելուներից էր: Շուտով պարզվեց, որ Մահարին մտադիր չէր հաշտվել գրական ձեւավորված անդորրի հետ: Աշոտ Գրաշու «Սարերի սրինգը» ժողովածուն առիթ դարձավ թացը չորից ջոկելու` «Ձեր գրքից մի քիչ առաջ լույս տեսավ Պարույր Սեւակի «Նորից քեզ հետ» ժողովածուն: Թերթեք եւ հավաստիացեք, որ մեր ժողովրդի ստեղծագործական «ոսկու հանքերը» սպառված չեն» [4]: Կես տարի անց, «Ինքնատիպ բանաստեղծի հետ» գրախոսականում [5], Մահարին Սեւակի հայտնությունը կապեց խրուշչովյան միջօրեի հետ. «Ահավասիկ մի պոետ, որը կարծես գիշերով ներս մտավ պոեզիայի դռներից, բաց դռները ջարդելով: Երբ Հելիկոնի գիշերային պահակը խիստ նկատողություն արավ այս անկարգության համար, բանաստեղծն անմեղ դեմք ընդունեց եւ արդարացավ.- Դուռը հնացել է, պետք է փոխել...» :
Գրախոսականում ծանոթ բանաստեղծն էր. «Վիճում է Սեւակը, ապացուցում, հաճախ չի ապացուցում, դժգոհում է, ցնծում, հետո նվագում է իր թավ ջութակի վրա, խաղաղվում...»: Վեց տարի կար մինչեւ «Մարդը ափի մեջ» ժողովածուն, սակայն թվարկելով ներկա ժամանակով գործերը («Հանգստանում եմ», «Ուզում եմ» եւ այլն...), արվում է առաջարկ. «Սրանք գրքի «Մարդը ափի մեջ» վերջին բաժնի վերնագրերն են, որոնց տակ եւ կարելի է խմբավորել գրքի բոլոր բանաստեղծությունները...»: Մերժվեցին այդ շարքում չտեղավորվող գործերը, որոնցում ոչ թե «թեւավոր, թեւաբաց» Սեւակն էր, այլ «ութնյակների» մշակված մարգերում հանգստացող» բանաստեղծը, որը «պահելով հանդերձ իր անհատականությունը, կորցնում է իր փայլը, իր շողքը»: Կային եւ դիտողություններ` «Մենք չէ, որ խորհուրդներ պիտի տանք Պարույր Սեւակին: Նա այն բանաստեղծն է, որ ինքը կարող է խորհուրդներ տալ ուրիշին: Բայց կուզենայինք բանաստեղծի հետագա գրքերում գտնել ավելի հույզ` խառնված խոհին... Հաճախ բանաստեղծը հարկադրում է իր հերոսին զսպել իրեն, լուռ զգալու փոխարեն բարձրաձայն մտածել...» :
Ձեւավորվում էր մոտեցումը` մնայունի կողքին տեսնել ժամանակավորը...
Դա 1958-ի ապրիլին էր: Հունիսին Մահարին բուժվում էր մոսկովյան հիվանդանոցում: Նրա մշտական կիրակնօրյա այցելուներից էր Սեւակը: Ծաղիկներով...
Մեկ տարի անց Մահարին ողջունեց Սեւակի նոր պոեմը. «Լույս տեսավ «Անլռելի զանգակատունը» մեծ պոեմը Կոմիտասի մասին: Մեծ գործ է, մեծ աղմուկ: Նոր պոետ: Չի կարելի չուրախանալ» (30 նոյեմբերի 1959 թ.): Պոեմը նա համարեց ««հայ ժողովրդի 31 եւ ավելի բարբառների կենդանի ժխորի» (Հովհ. Թումանյան) հանդուգն եւ աննախընթաց սինթեզի մի նոր, թարմ, ինքնատիպ եւ կենսունակ նմուշ...» [6]: Պոեմի քննարկման երեկոյին նա կարդաց Սեւակին նվիրված իր մի բանաստեղծությունը:
Հարաբերությունները սերտացան: Սեւակը «ջերմ ու արժեքավոր» ելույթ ունեցավ Մահարու «Հնձանների» քննարկման ժամանակ (13 ապրիլի 1960 թ.): Տողերիս հեղինակը մի օր վերջինիս գրասեղանին տեսավ մի լուսանկար` երկու երիտասարդների հետ: Մեկն աչքի էր ընկնում աֆրիկյան դիմագծերով.- Տաղանդավոր բանաստեղծ է,- ասաց Մահարին:
Ամառները Մահարին բացակայում էր Երեւանից: Նամակային անկաշկանդ հիշատակումները նույնպես վկայություն էին բացառիկ մտերմության. «...մեծ բարեկամ եւ լիրբ Սեւակին... շա՛տ եմ կարոտել» (24 հունիսի 1960 թ.), «Սեւակին եւ Նորենցին գրել եմ. պապանձումն Զաքարիաի, ինչո՞ւ չեն գրում սինլքորները» (24 հունիսի 1962 թ.): Խորագրային իր տվայտանքների մի պահին նա գրեց. ««Նահանջ առանց երգի՞», սքանչելի է, բայց Շահնուրը առեր է ինձմե. «Նահանջ երգո՞վ», փճացած, տաղանդավոր բանաստեղծ Պարույր Սեւակը մի պոեմ է գրել այս վերնագրով... մնացել եմ գլուխբաց...» (28 հունիսի 1962 թ.):
1961-ի գարնանը տեղի ունեցավ կարեւոր մի իրադարձություն.
«2 մարտի.- Սովորական օր: Եկավ Պարույր Սեւակը եւ խնդրեց` նոր ժողովածուն խմբագրել: Առանց վճարի: Ես խոմ Սողոմոն Սողոմոնյանը չեմ, որ ամեն տարի մի քանի գիրք խմբագրեմ հոնմաքսիմումով... Սիրով տվի իմ համաձայնությունը:
4 մարտի.- Եղա Պետհրատում, Պ. Սեւակի ժողովածուն վերցնելու. համաձայնվեցի խմբագրել առանց վճարի: Ես խոմ Սողոմոն Սողոմոնյանը չեմ, որ վճարվեմ... (կրկնելու բան է) [7]:
5 մարտի.- Կիրակի: Ռադիոյի հետ խզեցի հարաբերություններս: Ժամանակ շատ էր խլում: Արեւոտ, թարմացուրտ կամ ցրտաթարմ օրեր: Սեւակը մեկնեց Մոսկվա:
6 մարտի.- Աշխատում եմ Պարույր Սեւակի վրա...
9, 10, 11, 12 մարտի.- Աշխատում եմ Պարույր Սեւակի վրա» (19 մարտի 1961 թ.):
Սեւակը Մոսկվայից գրեց ստուգիչ մի նամակ, որտեղ կար շատ բան, բայց քողարկված էր խմբագրական աշխատանքի նկատմամբ այրող հետաքրքրությունը.
«Քանի օր է արդեն ուզում եմ գրել քեզ մի երկու տող եւ ամեն անգամ ինչ որ բան խանգարում է: Խանգարում է նաեւ այն, որ առաջի՜ն անգամ եմ քեզ գրում:
Տարօրինակ է, չէ՞. քանի՜ տարի եղել եմ հեռվում, բայց ոչ մի անգամ քեզ չեմ գրել: Տարօրինակ է, բայց ավելի` աններելի...
Եկա-չեկա` գրելացավս բռնեց... եւ քաղցած գազանի պես վրա ընկա թղթին: Ի՞նչ ստացվեց` չգիտեմ: Եթե առանձին էջերի վրա տպես, գիրք է: Եթե իրար ետեւից համարակալած շարես` պոեմ: Վերնագիրը` «Նահանջ երգով»:
Երանի թե մոտդ լինեի ու կարդայի» (15 մարտի 1961 թ.):
Մահարին նամակներն անպատասխան չէր թողնում: Բայց չսպասելով պատասխանին, Սեւակը գրեց նոր նամակ.
«Իմացա, որ գիրքս արդեն վերցրել ես Պետհրատից:
Սրտանց շնորհակալ եմ փութաջանությանդ համար: Ինքդ գիտես, թե ինչքան կարեւոր է ինձ համար ինչպես քո կարծիքը, այնպես էլ դիտողություններդ:
Այնքա՜ն կարեւոր է, որ ահա` չսպասելով մեր հանդիպմանը, որ տեղի կունենա մոտ մեկ ամսից հետո, ուզում եմ նեղություն տալ ու խնդրել.
Հենց որ հոգնած կլինես եւ այլ բան անելու անտրամադիր` մի երկու խոսքով ասա.
- Ո՞նց էր: Ի՞նչ տպավորություն ունես: Մանրամասն դիտողություններդ կարող ես հետաձգել` ի հանդիպումն...
Գրկում եմ քեզ եւ պինդ համբուրում այն շրթունքներով, որոնց մի ռուս աղջիկ շատ դիպուկ է բնորոշել галоши խոսքով: «Դիմանկարս» առաջ գնո՞ւմ է»:
Նամակներն սկսվում եւ ընդմիջվում էին «Գուրգեն խա՜ն, սիրելի՜...», «Սիրելի Գուրգեն խա՜ն...», «Գուրգեն խա՜ն, սիրելի՜, սիրելի՜, սիրելի՜...» տողերով եւ ավարտվում նույն պաշտամունքով` «Էլի գրկում եմ քեզ, սիրելի՜, սիրելի՜, սիրելի՜...» ։ Մտերմության եւս մի վկայություն էր ավագի նկատմամբ գործածված «դու»-ն:
Դրանք Սեւակի ծանր օրերն էին: Նա ժամանակավոր կորցրել էր «Նահանջ երգով»ի հերոսուհուն: Բայց չէր մոռանում Մահարուն եւ իր ժողովածուն:
Նամակներից` երկու հետեւություն:
1. Մահարին սկսել էր «Ամենից կրտսերը» դիմանկարը, որը լույս տեսավ աշնանը [8]. «Հենց առաջին բանաստեղծության առաջին քառատողից (խոսքն «Անմահները հրամայում են» գրքի մասին է.- Գր. Ա.) երեւում է, որ մենք գործ ունենք բանաստեղծի հետ, որը շատ «խաղեր» պիտի խաղա իր ընթերցողի գլխին... հայտնվել է հախուռն, մեծ կրքերի տեր պատանի մի բանաստեղծ, որը կոչված է ոչ թե մեղմ զեփյուռի նման փչելու, այլ արշավելու քամու նման...» :
Դիմանկարը նույնպես պատկանում էր «մնայուն հաղթանակների եւ ժամանակավոր պարտությունների» «ժանրին»: Քննարկվող ժողովածուների արժանիքները «հավասարակշռվում» էին թերություններով: Այդպիսին էր եւ ամփոփիչ խոսքը. «Բնությունից շռայլորեն օժտված բանաստեղծը դեռ անելիքներ ունի ազատվելու համար երկարաբանությունից, դառնալու համար ավելի հստակ, ավելի հավաք, բանաստեղծը պիտի աշխատի ուժեղացնել իր հսկողությունը բառերի, դարձվածքների, հանգերի եւ վանկերի վրա եւ թույլ չտա, որ վերջինները նետեն նրան սարե-սար, քարե-քար»:
2. Մահարին եղել է «Մարդը ափի մեջ» գրքի ոչ պաշտոնական խմբագիրը:
Մերձեցան եւ ընտանիքները: Տաշքենդ ուղարկված նամակում կար հավելում` «Սիրելի Պարույր, երեկ երեկոյան Նելլին եւ Արմենը [9] մեզ մոտ էին: Անտոնինայի հետ նստեցին եւ մեծ գովասանքներով խոսեցին մեր մասին: Ըստ այդ գովասանքների ես վերահասու եղա, որ ես ու դու բավականին անտանելի մարդիկ ենք եղել: Դրությունս բավականաչափ ծանր էր. մենակ բռնեցին ինձ, խեղդեցին: Անհամբեր սպասում եմ քո գալուն` միասնական ուժերով հակագրոհի անցնելու համար, «Իմ չինարի հատը» մարտական մարշով» (21 նոյեմբերի 1961 թ.): Հետ այդմ նամակային բարեւներն ուղղվեցին «Սեւակ-Նելլի» հունով:
1961 թ. լույս տեսավ Մահարու մաշտոցյան «Հայերեն» բանաստեղծությունը . «/Դու մեզ տվիր բանալին անմահության ու փառքի, /Նարեկացի մեզ տվիր, մինչեւ Չարենց ու Սեւակ...» [10]: Աշնանը նրա բնակարանում հյուր էին Կարօ Փօլատեանը, Սեւակը, Դավթյանը, Սահյանը: Բանաստեղծություններ գրվեցին սփյուռքահայ գրողի ալբոմում: Մահարու «Մեր տառեր»-ն ունեին` «Նվիրվում է Պարույր Սեւակին» ձոնը [11]: Նա չէր թաքցնում իր առանձնակի վերաբերմունքը դեպի Սեւակը:
Բացառապես գրական կյանքով ապրող գրողի համար Սեւակը դարձավ գրականության եւ կյանքի իմաստներից մեկը. «Ուրախ եմ սակայն, որ վերապրեցի, ուրախ եմ սա 7 տարեկան մանչուկիս համար եւ քեզի հետ թղթակցելուս համար, ուրախ եմ բանաստեղծ Պարույր Սեւակի եւ արձակագիր 24-ամյա Հրանտ Մաթեւոսյանի համար, ուրախ եմ դեռ շա՜տ բանի համար, թեպետ առողջապես հույլ, թույլ, բնավորությամբ ծույլ...» (Շահան Շահնուրին, 31 մայիսի 1962 թ.):
1963-ի վերջին Պէպօ Սիմոնեանը մեջբերեց Մահարու խոսքերը. «-Ինչպէս իւրաքանչիւր շրջան իր կենտրոնական դէմքն է ունենում - ոնց մեր շրջանին Չարենցը - այժմ էլ Սեւակը: Չարենցի նման նա էլ երկարաշունչ է եւ ինքնատիպ: Նա մեր ապագայ Չարենցն է...» [12]: Նույն օրերին Մահարին գրեց Շահան Շահնուրին. «Օրերս Պարույր Սեւակը մոտս էր... Հետեւա՞ծ ես իրեն: Մեծ երեւույթ է ան մեր գրականութեան մեջ» :
Ավելացրեք սեւակյան բազում հիշատակումներ Մահարու այլաժանր գործերում, եւ հարաբերությունների այդ շրջանի պատկերը կլրվի:
Մահարին ուներ սպասելիքներ Սեւակի նոր ժողովածուից: Այդ նա՛ էր ասել Պէպօ Սիմոնեանին. «Նրա «Անլռելի զանգակատուն» հատորից ետք, մի նոր նուաճում կը լինի մեր պօէզիայի համար «Մարդը ափին մէջ» բանաստեղծութիւնների նոր հատորը...» , նա՛ էր գովազդել գրական ամսագրում. «Պարույր Սեւակին հաջողվեց մարդուն առնել իր ափի մեջ եւ շուտով այն կներկայացնի ընթերցողին» [13]...
Ժողովածուն լույս տեսավ 1963-ի տարեմուտին, եւ... հնչեց Մահարու օտարացած, անորոշ խոսքը: Պատասխանելով իր ստեղծագործական ծրագրերի մասին հարցումին, նա շեղվեց. «Վերջերս լույս տեսավ Պ. Սեւակի «Մարդը ափի մեջ» չափածո գործերի ուշագրավ ժողովածուն... Գիրքը մի լավ առիթ է քննադատների համար` խոսելու հայ արդի պոեզիայի ուժեղ եւ թույլ կողմերի, նրա ընթացքի, նրա այսօրվա եւ վաղվա զարգացման միտումների եւ հեռանկարների մասին» [14]:
Ամանորյան օրերին նա գրեց «Մնայուն հաղթանակներ եւ ժամանակավոր պարտություններ» գրախոսականը [15]. «Զբաղվեցի Սեւակի վերջին գրքով: Հետաքրքիր գիրք է մեծ + -ներով եւ նույնքան մեծ - -ներով...» (19 հունվարի 1964 թ.): Ինչպես հարցազրույցում, այնպես էլ այստեղ նա ասես առաջին անգամ էր տեսնում գիրքը:
Գրախոսականը դրական էր, բայց չոր ու հեգնական: Այդպես չպիտի գրվեր սպասված, առավել եւս` սեփական խմբագրական բովով անցած գրքի մասին: Պարզ էր, որ Սեւակը լռելյայն չէր ընդունել դիտողությունները, ինչից հանկարծակիի էր եկել Մահարին: Չէր բացառվում խմբագրական դիտողությունների կրկնությունը: Գործել էր ավետարանական սկզբունքը` «Ով ոչ լուիցէ ունկամբ, լուիցէ թիկամբ...»: Գրախոսականի տոնը, բովանդակությունը եւ ծավալը վկայում էին ժողովածուի վրա տարված եւ անտեսված խմբագրական լուրջ աշխատանքի մասին:
Գրախոսականը լույս տեսավ Սեւակի ծննդյան 40-ամյակի օրը: Եթե կա այստեղ «մեղք», ապա դա «Գրական թերթինն» էր: Բայց Վ. Դավթյանն էլ հազիվ ենթադրեր, որ «ժամանակավորները» կգերակշռեն «մնայունները»: Ի վերջո ճշմարտությունից հեռու չէր Մ. Արմենը. «Ամեն մի գրող, դեռ առանց կարդալու իր մասին ռեցենզիան, վերնագրից իսկ շոյված պիտի զգա իրեն» (6 փետրվարի 1964 թ.):
Մի կողմ թողնենք գրախոսականի լրիվ տարբերակը, որը հրապարակվել է հապավումների շեղատառ նշումով: Մահարին մեղադրվել է, որ նույն բծախնդրությունը նա չի դրսեւորել Դավթյանի կամ Սահյանի նկատմամբ: Սակայն վերջիններս ստեղծագործում էին պոեզիայի դասական հունում եւ ապահովագրված էին նորի պարտություններից: Ուիլիամ Ֆոլկներն իր ամենամեծ պարտությունը տեսնում էր նորարարական վեպում, որին տալիս էր առաջնությունը մյուսների համեմատությամբ: Պարտության վտանգը, ինքը` պարտությունը ծնվում են այն օրից, գործից կամ տողից, որտեղից սկսվում է նոր ճանապարհը: Բծախնդրություն չէր Մահարու կողմից Սեւակի պոեզիայում տասնյակ ոչ բանաստեղծական բառերի կամ առակագրությանը հարիր բազում կենդանիների թվարկումը, կողմնապահություն չէր նույնի միայն հարեւանցի նշումը մեկ ուրիշի մոտ. «Համո Սահյանի այս լավ բանաստեղծության լեզվական կառուցվածքից յարը դուրս է փախչում, ինչպես Տերյանի մոտ չոբանը ...» [16]: Մահարին անաչառ էր գլխավորում. «Ունի պարտություններ Պարույր Սեւակը, կասկածից դուրս է, բայց ուշիմ ընթերցողը չի կարող չնկատել, որ շատ հաճախ նրա ստեղծագործական ամենածանր պարտությունը մի հաղթանակ կլիներ Պառնասի ստորոտներում գոհ ու ինքնագոհ զբոսնող մի շարք պոետների համար» :
Նա կանխազգաց «ավերիչ» ազդեցությունը, որ պիտի ունենար Սեւակը մեր պոեզիայի վրա: Ամեն մեկին տրված չէր բացել նոր ճանապարհներ. «Մեր զրույցն հիմա ավելի շուտ ու շատ Սեւակի ընթերցողի հետ է, քան Սեւակի, որովհետեւ այն, ինչ ասվեց Սեւակին քաջ հայտնի է եւ ավելին.- նրա ամենաթույլ թուլություններն անգամ արդյունք են նրա ուժեղ ձեռքի եւ բանաստեղծական անսանձ քմահաճույքների. մեծ է եւ բազմակողմանի բանաստեղծի փորձարանը» :
Մահարին տեսնում էր իր «կողմնապահությունը»: Նրա բացատրությունը հեշտին տեղավորվում էր տրորված եւ նոր ճանապարհների ֆոլկներյան մեկնաբանությունում. «Իհարկե նման մտքեր չեն ծագում ընթերցողի գլխում, երբ նա ընկնում է ասենք Տերյանի անձրեւների տակ, բայց Պարույր Սեւակի պոեզիան, որը շատ բանով ռացիոնալ է, ընթերցողին մղում է շարունակ վիճելու նրա դեմ, առարկելուՙ հաճախ անհիմն...» :
Այնուամենայնիվ դա չէր պատճառը գժտության:
Որքան էլ հեգնական լիներ գրախոսականը, ամբողջության մեջ դրական ու հիմնավոր խոսքից Սեւակը չէր վիրավորվի մինչեւ բացահայտ թշնամություն: Այն էլ եռակի սիրելի «Գուրգեն խանից»: Մանավանդ որ այդ օրերին հայտնված այլ կարծիքներում «մնայունի» հետքն իսկ չկար:
Անհանդուրժո՛ղ էր Սեւակն ի ծնե, այո՛, բայց աներեւակայելի է, որ նա պաշտված Մահարուց նեղանար, մանավանդ որ ինքն էր անտեսել նրա խմբագրական աշխատանքը: Պատմությունը դուրս չէր գա գրախոս-հեղինակ սովորական սահմաններից, եթե չշոշափվեր Սեւակ-սիրերգակը, որի նկատմամբ Մահարին թերահավատ էր դեռ դիմանկարից. «Սիրահար ու սիրերգակ Սեւակը մեծ հավատ չի ներշնչում իր հավատարմությամբ» : Այդ առումով առավել խոցելի էր նոր ժողովածուն, որտեղ Սեւակն իրեն դրել էր ընթերցողի ափի մեջ, իսկ հերոսուհուն, ինչպես հայտնի դարձավ այլ աղբյուրներից, չէր ծածկագրել:
«Երգ երգոցի» արձակ շարադրանքը գրախոսականում ավարտվում էր չափածո կուլմինացիայով. «Գունագեղ է եւ տպավորիչ Պարույր Սեւակ-սիրահարը, անակնկալ են եւ հարուստ նրա պատկերները, շռայլ է նա ու տաք, ներշնչված ու ներշնչող: - «Բաց արա դուռդ, օ Սուլամի՜թա, ես քեզ չեմ փնտրել եւ պահակներից չեմ հարցրել քո հասցեն, որը ես չեմ ունեցել եւ չեմ իմացել... Մոլորված ճանապարհորդի պես ես հասել եմ քո դռանը եւ հիմա բախում եմ դրսից, երբ քո սիրտը ներսից է բախում, ընդունի՛ր հյուրիդ:- ...Սեւ են վարսերդ, սեւՙ ճերմակ կրծքիդ չափ, որն ավելի ճերմակ է Արարատի ձյունից, որը փրկեց Նոյին, փրկեց ինձ ու քեզ, նաեւ մեր սերը... Քո կրծքի նման ճերմակ են քո ատամները, մի՛ ժպտա, եթե պարկեշտ ես...» :
Սիրուց խեղդվում է բանաստեղծը, շնչահեղձ է լինում, նա չի կարող անգամ արտասանել սիրածի անունը եւ մի կերպ արտասանում է այսպես. -
Օ Սո՛ւլ... Սուլամի՛... օ՛ Սուլամի՜թա...»:
Այս «այսպես» -ը այնպեսն է, որ կա, դա հեշտանքի բացականչություն է...
Սա նույն «Նահանջ երգովի» հերոսուհին էր` Սուլամիթա Շալիթը...
Սեւակը գիտեր ինչ էր գրում, այդ նա՛ էր իրեն դրել ափի մեջ, հաղթահարելով երկմտանքը. «/...Արդեն այս չափ անկեղծանալուց /Մինչեւ երջանիկ հիմարությունը /Կես քայլ է միայն...» : Բայց նա չէր սպասում, որ պոեմը կանձնավորվի իր ու գրախոսի համատեղ «ջանքերով», որ կլինի ուրիշ մեկը, ով կակնարկի գրական ստեղծագործության ետին գտնվող իրական փաստը:
Նա «մատը կծեց» եւ լռեց: Ափի վրա «մերկ» բանաստեղծը փակվեց չեխովյան պատյանում: Նրա մեջ վիրավորվել էր «գազանը»... Երբ բարձրաձայնվում է femme-ն, վիրավորանքը հաճախ է լինում մահացու...
Մանավանդ որ Մահարուն գաղտնիք չէր Սեւակի անձնական կյանքը: Նա ճանաչում էր Սեւակի նախկին կապերից Հասմիկին, որը գրեթե ամեն տարի դստեր հետ այցելում էր նրան Մոսկվայում: Կան այդ մասին Անտոնինա Մահարու հուշերը [17] եւ Մահարու նամակային գրառումը. «Այստեղ հանդիպեցի Սեւակի դստերը. հիանալի աղջիկ է, տեղնուտեղը մի... Պարույրուհի» (3 մայիսի 1965 թ.): Նա ճանաչում էր եւ Սուլամիթային: Անուղղակի այդ է վկայում Սեւակի 1961 թվականի նամակը. «Երկու ժամ առաջ դեկտեմբերի 12-ն էր, կնշանակի հիմա արդեն ամսի 13-ն է: Հենց նոր վերադարձա Գուրգեն Մահարու մոտից: Խմեցինք, զրուցեցինք ինչի մասին ասես` քաղաքականություն, ազգ, պոեզիա... Մահարու մոտ, բոլորովին այլ բանից խոսելիս հանկարծ հասկացա...» [18]:
Անծանոթի մասին այդպես չեն գրում... Եթե Մահարին չճանաչեր Սուլամիթային, գուցե Սեւակն այդպես ցավագին չարձագանքեր: Խախտվել էր տղամարդկանց լռության չգրված կոդեքսը: Ոմանց աչքում դա թերեւս ավելի դատապարտելի է, քան բանագողության մեղադրանքը, բայց ունենք այն, ինչ ունենք: Ինչպես հանգերն էին Սեւակին տարել «սարե-սար ու քարե-քար», այդպես էլ գրախոսի գրիչն էր հանել Մահարուն պատշաճության սահմանից... Նա նույնացրել էր Սերը «ներշնչանքի աղբյուրի» հետ...
Գրախոսականի լույս տեսնելուց վեց օր անց Մահարին գրեց. «Ընթացիկ նորությունը Պարույր Սեւակի նոր գիրքն է... «Գր. թերթ»ում տպեցի մի գրախոսական, որից տղան նեղացավ» (30 հունվարի 1964 թ.): Այն, որ «տղան նեղացավ» հաշված օրեր անց, երբ հրապարակի վրա, բացի գրախոսականից, այլ պատճառ չկար, վկայում է մեր վարկածի ճշմարտացիությունը: Մի քանի օրից` նոր գրառում. «Գալով Պարույրին... պիտի հաղորդեմ քեզ, որ Պարույրը դժգոհ է ինձանից. գտնում է, որ ես թերագնահատել եմ նրան: Մի բան ճիշտ է, որ ես շեշտը դրել եմ ավելի շատ բացասականի վրա քան դրականի... բայց ես նրան քննադատել եմ ոչ որպես Աշոտ Գրաշու, այլ որպես փայլուն պոետի...» (11 փետրվարի 1964 թ.):
Սեւակը գրախոսականում տեսել էր մի բան, որը չէին տեսնում ուրիշները: Այդ մի բանը ոչ-գրական շերտի առկայությունն էր, որից վիրավորվել էր նա: Այլ հետեւության դժվար է գալ ժողովածուի քննարկման երեկոյի մասին Հովիկ Չարխչյանի տողերից. «Ներքին մի համոզվածություն ուներ, թե հավաքի ժամանակ համախոհները Մահարու մասին դառը խոսքեր կհնչեցնեն: Ի՞նչ մեղքը թագցներ, ինքն անկեղծորեն ուզում էր, որ հենց այդպես լիներ: Շատերը խոսեցին: Պարույրը նույնպես: Միայն թե Մահարուն ոչ ոք ոչինչ էլ չասաց» [19]: Նույնը գրել է եւ Սեյրան Գրիգորյանը. «Բանաստեղծի սպասելիքներն ի դերեւ եկան» [20]: Իսկ որ դա ձեւական քննարկում չէր, վկայել է ինքը, Մահարին. «Մեծ աղմուկով քննարկվեց Սեւակի «Մարդը ափի մեջ» գիրքը: Գրողների տունը լեփ-լեցուն էր. ոտքի վրա մնացին բազում մարդիկ ժամերով եւ հերոսաբար դիմացան: Հիշեցրեց 20-ական թվականների չարենցյան քննարկումները...» (27 փետրվարի 1964 թ.):
Եվ այնուամենայնիվ` Մահարու հետ անհամաձայնության ոչ մի խոսք:
Հետեւեց միայն ռուսալեզու գրականագետ Մարգարիտա Աթաբեկյանի` Մահարու կողմից քննադատված Ա. Գրաշու կնոջ «Առնականություն, ճշմարտություն, տաղանդ» հոդվածը [21], որի մասին Ս. Գրիգորյանը հետագայում արտահայտեց իր զարմանքը` «Գրական այս փաստաթուղթը, չգիտես ինչու, անտեսվում է Սեւակին նվիրված գրականության մեջ» : Մահարին «գիտեր ինչու», բայց նրա պատասխանը մնաց անտիպ. «Ի՞նչ է ասում բանաստեղծն իր «Մարդը ափի մեջ» գրքում,- ըստ երեւույթին այս խնդրում հոդվածագիրը համաձայն է ինձ հետ. երկուսս էլ պնդում ենք, որ այս գիրքը մեծ թեմաների, մեծ ապրումների, մեծ համադրությունների, մեծ հակադրությունների, մի խոսքով` մե՛ծ, մե՛ծ... Բայց ահա գալիս է մի տեղ, երբ մենք բաժանվում ենք, ես մնում եմ զարմանալիորեն միակողմանի, իսկ նա խիզախորեն թափանցում է բազմակողմանիության ոլորտները... Աթաբեկյանը պարզապես բարձրացրել է գովասանքի այսպես ասած` աստիճանը, մի բան, որի կարիքը չի զգում այսօր բանաստեղծը: Գուցե այս «մեթոդը» օգտակար լիներ տարիներ առաջ, երբ Սեւակը խիզախաբար պայքարում էր իր ստեղծագործություններով ճանաչում ձեռք բերելու համար, ասում ենք` գուցե, սակայն հիմա, երբ նա կանգնած է մեր բանարվեստի առաջին գծի վրա, կարիք չունի հաճոյախոսությունների» [22]:
Մահարին բարձրաձայնեց այն, ինչ գրել էր նամակում. «Չենք ժխտում, որ մենք ավելի ծանրացել ենք բանաստեղծի պարտությունների վրա, քան հաղթանակների, որովհետեւ, մեր կարծիքով, Սեւակի ողնաշարն այսօր այնքան ամուր է, որ կարող է տանել ամենածանր քննադատությունն անգամ եւ նորից շտկել իրեն» :
Այսինքն` արտառոց ոչինչ չկա, մարդը գրել է գիրք` մեծ պլյուսներով եւ փոքր մինուսներով, գրախոսվել են ավելի մինուսները, բայց ոչինչ, բանաստեղծը կդիմանա... Նա չէր տեսնում կամ չտեսնելու էր տալիս բուն պատճառը:
Պատասխանն այդքանով չավարտվեց, չնայած այն արդեն «փակվել» էր ստորագրությամբ: Շարունակվեց հետգրությամբ` «Հոդվածը պատրաստ էր, երբ ստացվեց «Ավանգարդի» N 42-ը...» : Թերթի այդ համարում Սեւակի «Իմ ընթերցողներին» հոդվածն էր [23], որտեղ բանաստեղծն իրեն պահել էր այնպես,, ասես պատանի ընթերցողների նամակներից ավելի ոչինչ չի ասվել: Նրա խոհեմ պահվածքը պատանիների առջեւ նույնպես բացառում էր քննադատական խոսքից նեղանալը. «Հավատացնում եմ, որ ես վարժ եմ խրատվելու դժվար գիտության մեջ: Ուստի եւ, ամենից առաջ, շնորհակալ եմ անկեղծորեն ինձ խրատող ընթերցողներին, ապա «Մարդը ափի մեջ» գրքի քննարկմանը մասնակցած բոլոր ընթերցողներին, առավել եւս «Ավանգարդի» խմբագրությանը...««ոչ» ասողների տպված ու անտիպ նամակները կարդացել եմ մի քանի անգամ, որովհետեւ իրեն հարգող ամեն մի հեղինակ չի կարող չգիտակցել, որ ինքը «ոչ» ասողներից կարող է շահել միայն...» :
Սեւակն «Ավանգարդում» հաշտ էր եւ իրատես. «Ինչպե՞ս չընդունել, որ «Մարդ»-ի մեջ «գրանցված» են այնպիսի «բնակիչներ», որոնց տեղը պիտի լիներ իմ արկղը կամ գզրոցը: Ինչո՞ւ չընդունեմ, որ գրքում կան տողեր, տեղեր, նույնիսկ առանձին բանաստեղծություններ, որոնց կամ «թթխմորն» է պակաս (ուրեմն` հասած չեն), կամ «աղն» է ավելի (ուրեմն հաճույքով չեն ուտվում), կամ էլ պարզապես «կուտ են գնացել» (միեւնույն է` թոնրի հովությունի՞ց, թե բարկությունից)» : Սա նույնպես ապացույց էր ֆրեյդական մեր վարկածի: «Նեղանալու» պատճառը մութ սենյակում վառված լույսն էր:
Մահարին առաջ վարեց հետգրությունը գրախոսականի հունով. «Այս այն է, ինչ մենք հոդվածում ցանկացել ենք ապացուցել, այս այն է, ինչ մենք անվանել ենք «ժամանակավոր պարտություններ»» ...
Շարունակությունը` կրակի վրա յուղ էր: Սեւակը ցավագին էր արձագանքել ընթերցողներին, որոնք նույնպես անձնավորել էին նրան: Մահարին անդրադարձավ այդ արձագանքին եւ խորացրեց ճեղքվածքը, եթե միայն նրա անտիպ տողերը հասան տեղ. «Այստեղ է, որ Սեւակը չի դիմացել եւ աղաղակել է ամբողջ կոկորդով «Ավանգարդի» էջերից.- «Մարդ արարածի՜ն, մարդո՜ւն, ո՛չ Սեւակին անձամբ, քաղաքացի դատավորներ» (ընդգծումներն իրն են.- Գ. Մ.):
Ահա՛ զավեշտականը: Ուրեմն Սեւակը փաստորեն ընդունում է, որ կա՛, գոյություն ունի՛ հանցագործ, բայց ինքը չէ այդ հանցագործը, այլ «մարդ արարածը», ինքը մարդ արարած չէ, այլ ընդամենը բանաստեղծ, որը գրի է առնում մարդ արարածի «բնույթը»: Գրի է առնում,- բայց չէ՞ որ նույն հոդվածում նա ճիշտ կերպով նշում է, որ «բանաստեղծը թելադրություն գրող չէ, այլ թելադրող, արձանագրող չէ, այլ նախագահող...»: Այդ ինչպե՞ս սիրո հարցում հանկարծ նա զրկվում է իր թելադրողի, նախագահողի բազկաթոռից եւ վեր է ածվում տեխնիկական քարտուղարի...
Կարիք չկա նստել ուղտ եւ կուզեկուզ ման գալ. Պարույր Սեւակը երգել է ի՛ր սերերը, ի՛ր հիասթափությունները, ի՛ր գրոհներն ու նահանջները: Բազմասիրությունը մարդկային երեւույթ է, բայց ոչ համամարդկային: Մենք Սեւակին ամբարտավանության մեջ չենք մեղադրում, որ նա «սիրո շնորհիվ» «ծնվելիք հանճարների դասակներին է միանում», բայց մենք մեղադրում ենք նրան սերը հասարակացնելու, այն դարձնելու ամբարտավանության «զեղումների» աղբյուր»:
Հետգրության մեղադրական տոնից ակնհայտ է արդեն փոխադարձ նեղվածությունը: Սակայն այսքանով չավարտվեց պատասխանը: Վերջին տողերում բացվեց նոր հարց` գրական «ուղղակի ազդեցությունների» մասին. «Ինչ խոսք, որ լայն են Պ. Սեւակի գրական իմացողության շրջանակները: Անկասկած է, որ նա քաջ ծանոթ է հայ գրականությունից բացի համաշխարհային գրողներին եւ բանաստեղծներին: Դարաշրջանի իսկական արտահայտիչը լինելու համար ծանոթ պետք է լինել եւ՛ Ուիտմենին, եւ՛ էլյուարին: Ունի՛ այս բարեմասնությունը Սեւակը: Այն էլ պետք է ասել, որ արվեստագետը պիտի կարողանա յուրացնել իր ստացածը եւ ստեղծել իրը, սեփականը, ինքնուրույնը, ազատ ուղղակի ազդեցություններից... Պարույր Սեւակն ինքնուրույն եւ տաղանդավոր դեմք է մեր պոեզիայում. այս մասին եւ «այո» եւ «ոչ» ասողները չեն կասկածել, բայց ահա ինչպե՞ս է պատահել, որ կարդալիս նրա մի շարք գործերը, չես կարող չհիշել նրանից առաջ գրված մի շարք գործեր: Բերենք օրինակներ ազատ թարգմանված ռուսերենից...» :
Մուգ տողերը հոդվածում ջնջված են, բայց կարդացվում են հեշտությամբ: Շարունակությունը հանված է, էջը` կիսված: Նոր էջում ամփոփումն է. «, բայց պիտի ասել եւ այն, որ նա պիտի ազատվի ուղղակի ազդեցություններից: Ուիտմենին, Էլյուարին, Ռուբեն Դարիոյին, Եվտուշենկոյին թերթելիս չես կարող չնկատել որոշակի արձագանքներ Պ. Սեւակի մոտ: «Պաչի» եւ «համբույրի» տարբերության փոխարեն [24] մեր բանաստեղծին պետք է անհանգստացնեն ավելի կարեւոր խնդիրներ, հրաժարվել ինքներգությունից եւ իր բանաստեղծական ինքնությունն ազատել կողմնակի կամ անուղղակի ստվերներից» :
Պատասխանը վերջապես գտավ իր ավարտը [25]:
Հետեւում են ՀԳՄ քարտուղար Հր. Հովհաննիսյանի եւ կուսկազմակերպության քարտուղար Վ. Նորենցի անթվակիր մակագրությունները, որոնցով հոդվածը հանձնարարվում էր տպագրության` որոշ վերապահումներով: Մակագրություններից ակնհայտ է, որ խոսքը չկիսված հոդվածի մասին էր: Անհասկանալի է, թե ինչու են մակագրություններն արված նոր էջի հետեւում, երբ դրանց կարիքն այլեւս չկար : Եթե նրանք կարդացել են հոդվածն ամբողջությամբ , ինչո՞ւ չեն մակագրել իր տեղում... Բայց այդ դեպքում մակագրությունները նույնպես կմկրատվեին: Կամա-ակամա գալիս ես ենթադրության` դրանց հետին թվով կատարված լինելու մասին, ինչը նպատակ է ունեցել «գործ սարքել», ուշադրություն հրավիրել հանվածի վրա...
Ենթադրությունը հրեշավոր է, բայց մի՞թե բացակա էջի հիմամբ Մահարու դեմ հարուցված մեղադրանքը Սեւակի բանագողության մասին նույնպես հրեշավոր չէ: Ամփոփիչ տողերը վկայում են, որ ոչ այլ ոք, այլ Մահարի՛ն է ինչ-ինչ նկատառումներով հանել օրինակները: Անհայտ են օրինակները, բայց հայտնի է դրանց բնույթը: Ինչպես ջնջված, այնպես էլ ամփոփիչ տողերում խոսքն «ուղղակի ազդեցությունների» մասին է: Միա՛յն: Այլ բան պնդելու ոչ մի հիմք չկա: Պատահական չէ, որ Սեւակն իր ստեղծագործական առօրյայի մասին բազմաթիվ մանրամասներ հայտնելով Սուլամիթային, ոչ մի խոսք չի գրել ոչ միայն բանագողության, այլեւ, ավելի հասկանալի պատճառներով` գրախոսականի մասին:
Համաձայնվենք Ս. Գրիգորյանի հետ, որ Աբրահամ Ալիքյանի ուղարկած օրինակներն Արամ Արմանից «խլելով», Մահարին օգտագործել է դրանք հետգրությունում: Բայց այստեղ կարեւորվում է այն, որ նոր փաստերի լույսի տակ նա նոր հոդված չի գրել, չի տվել դրանց «պայթուցիկ» նշանակություն, այլ հավելել է դրանք մի հոդվածում, որտեղ խոսվում էր «մեծ... մեծ...» արժանիքներով «ինքնուրույն», «տաղանդավոր», «պոեզիայի առաջին գծի» վրա կանգնած բանաստեղծի մասին: Հավելման տեղն ու երկրորդական դերը բացառում էին «բանագողությունը», որը Ս. Գրիգորյանի թեթեւ ձեռքով շրջանառության մեջ դրվեց 90-ականներին: Դեռ չխոսած, որ նման մեղադրանքն անհարիր էր Սեւակի հանդեպ Մահարու ողջ պահվածքին:
Ցավոք, այս ամենում բացակայում է միակ հավաստի ժամանակակցի` Ալիքյանի ուղիղ խոսքը: Նրա հետ ունեցած զրույցի վերաշարադրանքը Ս. Գրիգորյանի կողմից եւ Ալիքյանի հետագա ուղղումները լի են թերիներով, կցկտուր են, անհամոզիչ:
Անտիպ, կիսված հոդվածը դարձավ բամբասանքի աղբյուր եւ ժամանակ առ ժամանակ ստացավ զարմանալի արձագանքներ դեռ Մահարու կենդանության օրոք: 1967-ի ամռանը, «այգեստանյան» եւ Գրողների համամիութենական համագումարի օրերին, նյութվեց մի զրպարտություն, իբր Մահարին հոդված է տվել մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա»-ին` Սեւակի դեմ: Եթե դատենք «ո՞վ շահեց» սկզբունքից, զրպարտության հեղինակը պետք է նկատվի Է. Թոփչյանը, որին հաջողվեց վերջնականապես իրարից կտրել Մահարուն եւ Սեւակին...
Եղել են մարդիկ, որոնք գործել են Մահարու եւ Սեւակի դեմ: Այդ դավադրության համար պարարտ հող էր Սեւակի թշնամական պահվածքը Մահարու հանդեպ: Բանագողության շշուկները դարձան նրա համար հարմար պատրվակ` թշնամության բուն պատճառը խորը թաքցնելու համար: Ինչ վերաբերում էր Մահարուն, ապա նա պահպանեց իր բարյացակամ վերաբերմունքը դեպի բանաստեղծը: Այդ մասին են վկայում գրախոսականին հաջորդած բազմաթիվ հրապարակումներ: Մերկապարանոց չլինելու համար նշենք «Անավարտ պատասխաններ» [26], «Իմ պատասխանը» [27] հարցազրույցները, «Հայոց գրի գովքը» [28], «Նոր ճանապարհի հաջող սկիզբը» [29] գրախոսականները, «Մոնումենտը» [30] քանդակները, «Չարտասանված ճառ Հայաստանի գրողների հինգերորդ համագումարում» ելույթը [31]...
Թե ինչու կիսված հոդվածը չտպագրվեց, մնում է հանելուկ, որը գուցե լուծվի, երբ լույս աշխարհ գա Է. Թոփչյանի տարիների ՀԳՄ արխիվը: Դրա արտառոց բացակայությունը կարծես ոչ մեկին չի անհանգստացնում...
Սեւակի արխիվի շարունակվող անմատչելիությունը եւ Հ. Չարխչյանի «Սուլամիթա. Պարույր Սեւակի մեծ սերը» գիրքը վկայում են բանաստեղծի ստեղծագործության վրա նրա հույժ անձնականի այնպիսի կնիքի մասին, որ չորս տասնամյակ անց անգամ հարազատները դեռ անժամանակ են համարում այն հասարակությանը ներկայացնելը... Մեզ մնում է շնորհակալություն հայտնել, որ չի ներկայացվում արխիվի «թորված» տարբերակը, ինչպիսին է Ն. Զարյանինը, որտեղ բացակայում են 20-30-ականների փաստաթղթերը:
Մահարին հրաժարվեց օրինակներից, բայց չհրաժարվեց իր ոչ մի տողից: Նա բանավիճեց Ս. Աղաբաբյանի հետ Սեւակի գնահատման հարցում եւ տվեց իր գնահատականը. «Նախքան եւ փոխանակ խոսելու Պարույր Սեւակի պոեզիայի «ռացիոնալ» թե «իռացիոնալ» լինելու-չլինելու, «մաժոր-մինորի», «էֆեկտների եւ կուրսիվների», «ռեչիտիվային կառուցվածքի», «մետաֆորի» եւ նման «հոգեւոր մկանունքի» մասին, քննադատը պիտի ծանրանար Սեւակի բանաստեղծական մտածողության վրա, որը գալիս է եվրոպական նորագույն բանաստեղծություններից, բանաստեղծական մի դպրոց, որի ներկայացուցիչը եղավ նա, երբեմն հաղթահարվելով ազդեցություններից, սակայն անընդհատ եւ ավելի ու ավելի գտնելով իրեն ու կատարելագործվելով» : Ակներեւ է տարբերությունը «բանագողության» եւ ազդեցությունների հաղթահարման, արատավոր բարքի եւ գրական երեւույթի միջեւ։
Շարունակությունը մեկ անգամ եւս լրացնում էր բարյացակամ հիշատակումների շարքը. «Ափ»-ից անցել է երկու տարի. այդ ժամանակահատվածում բանաստեղծն անշարժ չի նստել, որպես «մարդ` ափի մեջ», որ այսօր քննադատը բարեհաճի մոտենալ նրան եւ չորս կողմից նայել նրա «մաժոր-մինոր»-ներին: Բավական է նայել նորերս «Սովետական գրականություն» ամսագրի 1965 թվի N 1-ում լույս տեսած նրա նոր բանաստեղծությունները, համոզվելու համար, որ Սեւակը չի դոփում տեղում, այլ հարստացնում է իր պոեզիան» [32]:
Բարյացակամությունը չխանգարեց Մահարուն լինել սկզբունքային հրապարագիր Սեւակի նկատմամբ. «Չնայած պոեզիայի եւ քննադատության մասին նրա հոդվածների որոշ վիճելի դրույթներին, դրանք միտք են զարթնեցնում, բարձրացնում մի շարք այժմեական եւ սուր հարցեր: Այդքանն արդեն բավական է, որ այդ հոդվածները ես ընդունեմ...» [33]: «Վիճելի դրույթներին» նա անդրադարձավ չքողարկելով իր անձնական վերաբերմունքը. «Չեմ թաքցնում, այս բանաստեղծի հանդեպ ես ունեմ ակնհայտ թուլություն, սրտի մոտ եմ ընդունել նրա ժամանակավոր անհաջողություններն ու մնայուն հաջողությունները, սակայն նրա այս գրավոր ելույթը ես ընկալեցի խորին տարակուսանքով» : Տարակուսանքը վերաբերում էր «Նարեկացու սիմֆոնիզմին» հավատարիմ մնալու կոչին. «Այս բոլորը լավ, բայց ինչո՞ւ Նարեկացու «սիմֆոնիզմը» դարձնել կուլտ եւ պոեզիայի մայրուղի: Սա ի՞նչ ժամանակավրեպ կիրք է: Չենք կասկածում, որ վրացի բանաստեղծները Ռուսթավելուն նույնքան սիրում են, որքան Պարույր Սեւակը Նարեկացուն, բայց ո՞ր վրացի բանաստեղծի մտքով անցնում է 1966 թվականին կոչ անել զարգացնելու «Ռուսթավելու սիմֆոնիզմը...» : Կրկնվեց «ժամանակավոր պարտություններից» մեկի թվարկումը. «Երեք-չորս տարի առաջ մեր Սեւակը XX դարի արեւմտաեվրոպական նորագույն պոեզիայի ավանդություններն էր պատվաստում մեր բազմադարյան պոեզիային, այսօր կտրուկ շրջադարձով քոչում է դեպի X դար: Ակամա հիշում ես նույն Նարեկացու հանճարեղ տողերը. «/Եվ ա՛ջ քայլեցի - սայթաքեցի, /Եվ ձա՛խ քայլեցի - սայթաքեցի, /Երկրորդը փնտրեցի, առաջինը կորցրի /Ու տարվելով փոքրով - մեծը կորուցի...» : Բանաստեղծ Սեւակի հետ այսպիսի բան չի պատահել եւ չի պատահի, որովհետեւ բանաստեղծ Սեւակն ավելի իմաստուն է, քան տեսաբան Սեւակը» [34]:
Երեք տասնամյակ անց «Արձագանքող անտառը» գրքում Ս. Գրիգորյանն ասես շարունակեց Մահարու կիսված էջը եւ մի-մի գլուխ հատկացրեց Սեւակի պոեզիայում այս կամ այն բանաստեղծի ներկայությանը (Կ. Զարյան, Ուոլթ Ուիթմեն, Վլ. Մայակովսկի, Պոլ Էլյուար, Ներուդա, Լորկա...), որը Վ. Մատթէոսեանը իր գրախոսականում կոչեց «միջգրութենական վերյիշեցում» [35]:
Ցանկացած անուն` բայց ոչ բանագողություն...
Մահարու «Բյուրեղացման ճանապարհով» գրախոսականը [36], որի նյութն էր էմինի «Երկու ճամփա» ժողովածուն, մնաց անտիպ. բանաստեղծը խոչընդոտել էր հրապարակմանը: Գրքում Մահարին հայտնաբերել էր «սեւակյան» բանաստեղծություններ եւ եզրակացրել. «Նույն չգրված օրենքով Սեւակի մոտ նույնպես կարելի է ճարել Էմինյան «ֆոնդեր». փոխադարձ ազդեցությունից ավելի այստեղ անկասկած դեր է խաղացել մի երրորդ ուժ , երրորդ ազդեցություն եւ սկզբնաղբյուր, որից օգտվել են երկու բանաստեղծները»:
«Երրորդ ուժը» նույն «ուղղակի ազդեցություններն» էին, որոնք կրում էին մոսկովյան գրական դասընթացների այդ երկու շրջանավարտները...
Մահարին մխիթարիչ քիչ բան էր տեսնում իր ժամանակի երիտասարդական պոեզիայում: «Ուղղակի ազդեցությունները» թույլ բանաստեղծների մոտ հանգեցրին «նորարարություն» կոչվող դարի հիվանդության, երբ բանաստեղծությունները ոչ թե արարվում էին, այլ «սարքվում». «Վատ են մարսել, ավելի շուտ չեն մարսել մեր երիտասարդները արեւմտաեվրոպական 20-րդ դարի բանաստեղծների հաջող թե անհաջող թարգմանություններն, ինչպես նաեւ Պարույր Սեւակի պոեզիան: Այս անմարսողության հետեւանքով համաճարակի նման մոլեգնում է մի հիվանդություն, որը մի անուն ունի,- «բանաստեղծական փորացավ», որից պետք է ազատվեն մեր երիտասարդները եւ կանգնեն սեփական ոտների վրա: Եվ որքան շուտ, այնքան լավ» [37]:
Սեւակի նկատմամբ Մահարու բարյացակամ վերաբերմունքի ապացույց են նրա «միջգրութենական վերհիշեցումները» «Ծաղկած փշալարեր»-ում` իր վերջին ավարտված ստեղծագործությունում: Այստեղ են «Երուսաղեմը չտեսած երուսաղեմցի մի աղջիկը», «վերջինը թյուրիմացաբար եւ միա՜կը ճակատագրով», «ականջդ բեր, ասեմ»-ը (երկու անգամ)... Անհաշտ հակառակորդին այսպես չեն պատվում:
Սեւակը ծանոթ չէր «Ծաղկած փշալարերին», բայց նա անտեսում էր բազում այլ վերհիշեցումներ եւ ոչնչով չէր պատասխանում հաշտության քայլերին: Նրա մեջ կուտակված թշնամանքը ժայթքեց «Այրվող այգեստանների» օրերին: Այն կապ չուներ գրականության հետ, այլապես նա կթողներ գրավոր տողեր: Սեւակը պարզապես ցուցակագրվեց բանակին, որը մերժում էր վեպն առանց պատմության էջերում հետք թողնելու... Մարդ-Սեւակի այդ ընդվզումն անկեղծ ցավ պատճառեց Մահարուն. «Որ Զարյանը պիտի ծառանար գրքիս դեմ, այդ ինձ համար հասկանալի է, բայց որ ասենք իմ գուրգուրած Պարույր Սեւակը պիտի կանգներ նրա կողքին առանց խղճի խայթ զգալու, այս ե՛ւ անսպասելի էր, ե՛ւ ցավալի: Աստված իրենց հետ» (30 նոյեմբերի 1967 թ.):
Մահարու կենսամատենագիտությունում հարյուրների են հասնում սեւակյան հիշատակումները, այն դեպքում, երբ վերջինիս գրական ժառանգությունում Մահարու անունը չկա գոնե մեկ անգամ :
Ամփոփենք: Գուրգեն Մահարու դեմ հարուցված մեղադրանքը Պարույր Սեւակի բանագողության մասին մտացածին է եւ զուրկ փաստացի հիմքերից: Նրանց հարաբերությունների բարդությունը ուներ զուտ անձնական բովանդակություն: Այդ հարաբերություններում մի կողմը դրսեւորեց անընդունելի անզգուշություն, իսկ մյուսը` ծայրահեղ անհանդուրժողություն: Գրական դաշինքը, որը կարող էր «սարեր շրջել»` քանդվեց հուրախություն գրական վարչարարների...
Ֆրանսիացին կնճռոտ հարցի առջեւ ասում է.- «Շերշե լա ֆա՛մ»...
Միա՞յն ֆրանսիացին:
Ծանոթագրություններ
1. «Նոր դար», Եր., 2004, թ. 1-2:
2. «Ազգ», հավելված «Մշակույթ», Եր., 2011, 16 հուլիսի, թ. 12, էջ Գ, Զ, Է: Այդ հանգույցի լուծմանն ընդհուպ մոտեցել է Դ. Գասպարյանը` «Գրական թերթ», Եր., 2008, 20 հունիսի, թ. 22:
3. Գուրգեն Մահարու ֆոնդ (ԳՄՖ), թիվ 349:
4. «Գ. Թ.», Եր., 1957, 21 նոյեմբերի, թ. 44:
5. «Գ. Թ.», Եր., 1958, 27 ապրիլի, թ. 17:
6. «Գ. Թ.», Եր., 1959, 28 դեկտեմբերի, թ. 52:
7. Պետհրատի հաստիքային խմբագիրը վերցնում էր «ձախ» պատվերներ: Պահպանված է Մահարու դիմումը Հայպետհրատին. «Նորից եմ խնդրում տալ իմ գիրքը խմբագրելու Ս. Սողոմոնյանին` իմ հաշվին» (12 դեկտեմբերի 1958 թ.):
8. «Սովետական գրականություն» («Ս. Գ.»), Եր., 1961, սեպտեմբեր, թ. 9, էջ 142-150:
9. Սեւակի երկրորդ կինը եւ նրանից ծնված ավագ որդին:
10. «Սովետական Հայաստան», Եր., 1962, մայիս, թ. 5, էջ 18:
11. Կ. Փօլատեան, Զրոյց թուրք մեծ դեսպանին, Ուիլեըմ Սարոյեանի եւ հայ գրողներուն հետ, Պէյրութ, 1966, էջ 188-199:
12. Երեք հանդիպում Գուրգէն Մահարիին հետ, «Արարատ», Պէյրութ, 1963, 1 Նոյեմբերի, թ. 6588:
13. «Ս. Գ.», Եր., 1962, հոկտեմբեր, թ. 10։
14. Տարին վերջանում է, «Երեւան», Եր., 1963, 24 դեկտեմբերի, թ. 301:
15. «Գ. Թ», 1964, 24 հունվարի, թ. 4:
16. «Գ. Թ.», Եր., 1959, 20 փետրվարի, թ. 7:
17. «Բագին», Պէյրութ, 2009, Դեկտեմբեր, թ. 4, էջ 63-70:
18. Հ. Չարխչյան, Սուլամիթա. Պարույր Սեւակի մեծ սերը, Եր., 2004, էջ 263-264:
19. Նույն տեղում, էջ 260:
20. «Վարուժան», Եր., 1994, մայիս-հունիս, թ. 4:
21. «Գ. Թ.», Եր., 1964, 3 ապրիլի, թ. 14:
22. «Անժամանակ կեցության» եւ հարակից խնդիրների մասին, ԳԱԹ, ԳՄՖ, թ. 88:
23. «Ավանգարդ», Եր., 1964, 7 ապրիլի, թ. 42:
24. Սեւակը համառորեն ընդգծում էր այդ բառերի ակնհայտ տարբերությունը: Կարծես բավական չէր չափածո խոսքը («/Ես նա եմ նաեւ, /Որ տարբերում է պաչը համբույրից…»), նա անդրադարձավ դրան նաեւ «Իմ ընթերցողներին» հոդվածում. «Կան կրկնություններ, որոնք նման են մեխի, մի քանի հատ են պետք, որ մեխվելիքը ոչ միայն վայր չընկնի, այլեւ մնա ընդմիշտ: Երբ ես առաջին անգամ (տարիներ առաջ) փորձեցի տարբերակել «պաչը» եւ «համբույրը», ոմանք բարեկամաբար, շատերը չարախնդությամբ պարապ «օրիգինալություն» տեսան այնտեղ, որտեղ ես տարբերություն էի տեսնում: Հարկ եղավ կրկնորդել եւ երրորդել»:
25. Պետք է արժանին մատուցել Ս. Գրիգորյանին: Ես աշխատել եմ ԳԱԹ-ում «Անժամանակ կեցության մասին» հոդվածի վրա, տեսել եմ, որ վերնագիրը փոխվել է հետգրության հավելումից հետո, արտագրել եմ, մեքենագրել, բայց գլխի չեմ ընկել, որ դա այն հոդվածն է, որը փնտրում էին գրականագետները, մինչեւ որ այն հրապարակվեց մամուլում («Վարուժան», 1994, թ. 8):
26. «Ս. Գ.», Եր., 1964, դեկտ., թ. 12, էջ 115-117:
27. «Երեկոյան Երեւան», Եր., 1966, 12 հոկտ., թ. 239:
28. «Սովետական արվեստ», Եր., 1964, մարտ, թ. 3, էջ 57:
29. «Գ. Թ.», Եր.,1967, 13 հունվարի, թ. 3:
30. «Երեւան», Եր., 1966, 17 հոկտեմբերի, թ. 244:
31. «Նայիրի», Բեյրութ, 1969, 3 Օգոստոսի, թ. 9:
32. Պոեզիան եւ քննադատը: «Գ. Թ», Եր., 1965, 10 սեպտեմբերի, թ. 37:
33. Л. Мкртчян, Рассказывает Г, Маари. "Комсомолец", Ер., 1966, N 111, 25 сентября.
34. Գրական մեծ վաղվա համար, «Ս. Գ.», Եր., 1966, թ. 5, մայիս, էջ 131-140:
35. «Բազմավէպ», Վենետիկ, 1999, դեկտեմբեր, էջ 348-355:
36. ԳԱԹ, ԳՄՖ, թ. 82:
37. Զրույց երիտասարդական պոեզիայի մասին: «Ավանգարդ.», Եր., 1966, 29 սեպտեմբերի, թ. 117: