Բաց նամակ հայրապաշտ զավակներին
Չեմ թաքցնի, սիրում եմ իրենց հայրերի համար դոշ տված որդիներին, սիրում եմ: Ազգային հատ ու կենտ որակները դեռ չենք կորցրել: Մի կողմում Մահարուն պաշտող Գրիգոր Աճեմյանն է (հաստատ չի խայտառակում, այլ անմոռաց սիրում է), մյուսումՙ Էդուարդ Թոփչյանի արժանավոր զավակըՙ ճշմարտությունը երկուսի արանքում: Ճիշտ է ադրենալինը շատ է, բայց դա նպաստում է գրականագիտության նկատմամբ անձուկը փարատելունՙ իմանում ես ինչ չգիտեիր: Հենց էդ էլ ուզում է կրտսեր Մահարին: Դա է նրա ինտրիգը...
Սիրելի Ալեքսանդր Թոփչյան, Դուք անկարող եք հասկանալ Գրիգոր Աճեմյանին: Աստված չանի, որ զգաք թե ինչ է զգում ժառանգը, երբ իր ամենասիրելիին պարբերաբար անարդար սիբիրում են, ապա մնացյալ կյանքը անարգում ու նվաստացնում:Կամ էլ սպանումՙ հետո սկսում փառաբանել:
Ես խնդիր չունեմ պաշտպանել Մահարու որդուն: Նա դրա կարիքը չունի: Հոր համար վիրավորանքը նրա մեջ այնքան թանձրուկ է թողել, որ միայն ձախ ձեռքով մի տասը տղամարդ կտապալի:
Միայն արդարության համար ասեմ, որ հիսուն տարի անց, երբ վերջապես կարողացա մամուլում տպագրել Լեռ Կամսարի հակահարվածը Մահարունՙ կապված «Լեռը մուկ ծնեց» արտահայտության հետ, որով Մահարին երկու բառով ոչնչացրել էր երգիծաբանի գրական վաստակը, Գրիգոր Աճեմյանը անձամբ էր արել նյութի ամբողջ ծանոթագրությունները (երեւի Գ.Թ. թերթի խմբագիր Նորայր Ադալյանը էթիկայի համար ցույց էր տվել գրողի որդուն): Իսկ ինձ հետ ծանոթանալուց երբեք էլ չնեղսրտեց, այլ խնդրեց Մահարու հետ կապված ամեն ինչ էլ հանձնել հասարակության դատին: Անկեղծ ավելացրեց, որ հայրն ունի անտիպ չգիտեմ ինչ «Չմահավանը» վերնագրովՙ «ի պատիվ» Լեռ Կամսարի:
Միայն այդ չէ: 60-ականներին «Ծիրանի գոտիում» (Պոստոն 1961, Դ. Տարի թիւ 4) հրապարակված «Գնահատենք մեր հանճարներըՙ Լեռ Կամսարը ապրող մեծագոյն հայ երգիծաբանն է» հոդվածին Մահարին արձագանքեց, որ շատ եք վերցրելՙ Լեռ Կամսարը հանճար չէ: Տեսակետ է: Մարդը ստորագրել է իր խոսքերի տակ: Ուզում ես ընդունիր, ուզում եսՙ ոչ: Ուզո՞ւմ ես ռեվանշՙ դու էլ մի բան գրիր:
Հարցն այստեղ ուրիշ է, որը պետք է ուղղել սովետական թերթերի եւ հրատարակչությունների բոլոր խմբագիրներին եւ անպայմանորեն խորհրդահայ գրողների միության բոլոր նախագահներին:
Եվ քանի որ, ինչքան հասկացա, Դուք կարող եք պատասխանել նրանցից մեկիՙԷդուարդ Թոփչյանի փոխարեն, խնդրում եմ լուսաբանելՙ ինչո՞ւ հենց վերջինիս ժամանակ Լեռ Կամսարի վերը նշած պատասխան նամակը Մահարուն եւ գրողների միությանը մերժվեց տպագրվել: Եվ դա հնչեց ուշացած, միայն կես դար հետո, անկախության ժամանակ: Էս մեկը տպվեց, որովհետեւ Մահարուն էր վերաբերվում: Մի նյութ էլ էի տվել «Գրական թերթ», որը կես դար հետո էլ միայն դրական մասը տպեց , որովհետեւ Ավ. Իսահակյանի հետ էր կապված: Պարոն Ադալյանը երեւի խաթր էր արել եւ ցույց չէր տվել նրա որդուն, կամ էլ վերջինս տեսել եւ ասել էրՙ ռադ արա, թող գնա: Ամեն գրողի խոմ չես կարող ասելՙ աչքիդ վերեւում ունք կա: Ինչքան հասկացաՙ կարելի է մերկապարանոց լինել միայն Մահարու, Քոչարի մեկ էլ ՙ Նաիրի Զարյանի հետ: Մյուսները սուրբ-սրբոց ենՙ ապա մի փորձիր:
Խնդրում եմ «Ազգին» ՙ մյուս համարում տալ անձեռնմխելի մտավորականների անունները, որ ինչ էլ արած լինեն իրենց կյանքի ընթացքում եւ ինչքան էլ ճշմարիտ լինեսՙ լեզուդ պահես ատամներիդ ետեւում:
Լեռ Կամսարի մահից հետո, երբ գրասեղանից վերցվեց օրագրության վերջին տետրըՙ բացված էջը մեխանիկորեն աչքի անցկացվեց: Ներողություն ոչ տառացի մեջբերման համար: Մոտավորապես հնչում էր այսպես, «Այսքան տարի կողք-կողքի ապրելով գրողների միության նախագահ Թոփչյանի հետՙ այսպես էլ նա ինձ չուզեց ճանաչել: Ահա շուտով ես կմեռնեմ, պաշտոնի բերումով կկանգնի շիրիմիս մոտ եւ էլ չմնացած գովեստներ կշռայլի եւ կմեծարի ինձ»:
Բայց Էդ. Թոփչյանը սկզբունք դավաճանող մարդ չէրՙ մահվանից հետո էլ չուզեց ճանաչել տարաբախտ երգիծաբանին:
Գոնե ի պաշտոնե վերջին հրաժեշտին էլ չեկավ:
Ինչո՞ւ...
Որ երգիծաբանին Պանթեոն չեն տանումՙ դա ժողովրդին արդեն զայրացրել էր, իսկ որ գրողների նախագահը չներկայացավ հուղարկավորությանըՙ սկսվեց տաքգլուխների հեռախոսային սպառնալիքների եւ հայհոյանքների տարափը Սովետական Հայաստանի գրողների միության նախագահ Թոփչյանի գլխին:
Էն որ Թոփչյանը ազատ կարող էր գրել Մոսկվա եւ պահանջել, որ Մահարու հոդվածը չտպվի, որ էդքան թափ ուներՙ ինչո՞ւ մի երկտող էլ չուղարկեց հայկական Տիզբոն, որ չբռնեն Լեռ Կամսարի գրիչը եւ թույլ տան գրել: Որ էսօր ռուսները չկանգնեն ափռ-ցփռ հայտարարեն, որ իրենք ունեցել են իրենց այլախոհները, իսկ մերոնք մկան ծակն էին մտել: Տո՛, իսկի Մոսկվան խաբարությո՞ւն ուներ, որ մեր խորհրդային էլիտան Հռոմի պապից ավելի կաթոլիկ էր եւ դողում էր պաշտոնը կորցնելուց:
Հիշում եմ, 60-ականներին Մերձբալթյան երկրներից անընդհատ պատվիրակություն էր գալիս մեր տունՙ ուզում էին Լեռ Կամսարին թարգմանել: Երբ հասնում էին գրողների միությունՙ ջրվում էր: Ի՞նչ էին շշնջում գրողների նախագահը, քարտուղարը նրանց ականջին: Ո՞ւմ էին դեմ տալիս նրա փոխարեն:
Այդ թվերին սովետահայ գրողներն արդեն այնքան լավ էին ապրում, որ գուլպայի պես տուն էին փոխումՙ հերթական իրենց շնորհած բնակարանը թողնում էին որդուն կամ նախկին կնոջը եւ նոր կնոջ հետ անցնում նոր բնակարան:
Ինչո՞ւ Թոփչյանը թույլ տվեց, որ Լեռ Կամսար պապս իր հոգին ավանդի ցախանոցումՙ չէ՞ որ նա պետք է պատասխանատու լիներ իր հոտի համար: Իսկականից էլ հոտ: Գիտե՞ք տատիս վերջին ցանկությունն ինչ է եղել: Ասում էրՙ կուշտ փորով սպիտակ հաց ու պանիր ուտեմ, կծովի թեյ խմեմՙ նոր մեռնեմ: Սովի տարիների մասին չէ խոսքս, այլ իբր արդեն ազատության շունչն առած սերնդի ձեւավորման ժամանակների: Որ հավես ունենամ, դեռ կպատմեմ, թե ինչպես այս «ազատամիտները», երբ արդեն դարձան պատասխանատու խմբագիրներ եւ հրատարակիչներ, ինչպես էին վախենում երգիծաբանի անտիպներից...
Չնայած ո՞ւմ ի՞նչ եմ ասումՙ կուշտն ի՞նչ գիտի անբողջ մանկությունը սեղանի տակ տաշտում քնողին, որ անձրեւ չգա վրան, ինչ է պապըՙ պա՜հ, պա՜հ, պա՜հ ամբողջատիրության հետ կռիվ էր տալիս...
Ճիշտ չէՙ գրողների միությունը մորգ չէրՙ այլ մորգին մսացու մատակարարող:
Մի ձեռքով համապատասխան հիմնարկ էր ուղարկում Լեռ Կամսարին թոշակավորելու հանձնարարականը, մյուսովՙ Կենտկոմին մատնագիր, որ չտաք, քանի որ ծաղրել է մեր աստված Լենինին: Դա մտավորականների միությո՞ւն էր, թե՞ մատնիչների բուրգՙ իր մարգարե նախագահով: Մի մարգարեՙ ով պատգամներ էր ստանում Հայր աստված ՀԿԿ Կենտկոմից եւ հրամայումՙ գյադե՛ք, էս կողմ կանգնեք, գյադե՛ք էն կողմ կանգնեք: Էն գյադեքը, ովքեր հլու հնազանդվում էին, օգտվում էին կերակրամանից եւ ամբողջ կյանքում էլ մնում էին գյադա: Իսկ ով չէր հնազանդվաւմՙ Լեռ Կամսարի պես դառնում էր է՛շ, է՛շ, է՛շ նահատակ... Չգիտեմ քանի հատ էշ գրեմ, որ սիրտս հովանա:
Ինչքան էլ ջանում եմ, չեմ կարողանում իզը գտնել եւ հասնել այն անտեսանելի ձեռքին, ով մինչեւ կյանքի վերջին շունչը հալածեց, նվաստացրեց, մահացու անարգեց իմ պապին: Խո՞մ Մահարու պես բաց, աշկարա, տղամարդավարի չեն ստորագրել:
Բայց որ հանկարծ իմացա, ձեռքիցս չի պրծնի...
ՎԱՆՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ, 15.10.2011թ.