ԱՐՄԱՆՈՒՇ ԿՈԶՄՈՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, արեւելագետ
Հայտնի փիլիսոփա, էսսեիստ, գրող Դենի դը Ռուժմոնն արդեն հայ գրական եւ գեղագիտական մտքի սեփականությունն է: Եվ եթե ընդունենք այն տեսակետը, որ ամեն մի թարգմանվող հեղինակի ճակատագիր տվյալ մշակութային աշխարհում մեծապես կախված է նրա թարգմանչից, ապա կարելի է փաստել, որ ֆրանսերենի գիտակ, հմուտ թարգմանիչ եւ լայն իմացությունների տեր Ալեքսանդր Թոփչյանի ռուժմոնյան շարքը (թվով հինգ գիրք [*]) դառնում է ընթերցող հասարակայնության եւ առավելապես միջնադարագետ բանասերների ու մշակութաբանների սեղանի գիրքը: «Սերը եւ Արեւմուտքը» (Երեւան, ԵՊՀ հրատ., 2007, հովանավորությամբ Գ. Գյուլբենկյան հիմնարկության), ինչպես նաեւ դրա շարունակությունը հանդիսացող «Սիրո առասպելները» (Երեւան, «Լուսաբաց» հրատ., 2011), Դենի դը Ռուժմոնի ամենահայտնի ուսումնասիրություններն են, որոնք թարգմանվել են տասնյակ լեզուներով եւ գրախոսվել Ժան Պոլ Սարտրի նման մեծությունների կողմից:
Խորհրդային համեմատաբանները (Ա. Դ. Միխայլով, Ե. Մ. Մելետինսկի) երբեք չեն շրջանցել Ռուժմոնի «պոպուլյար տեսությունը», եւ մենք տեսական աշխատություններում միշտ զգացել ենք նրա ներկայությունը, սակայն այսօր մեզ բացառիկ հնարավորություն է տրված առանց միջնորդավորված մեկնաբանության ծանոթանալու «Միասնական մշակութային Եվրոպայի» գաղափարակիր Ռուժմոնի մտքի հոսքին, լայնածավալ համեմատություններին, հարուստ փաստական վկայություններով ամրագրված բազմաթիվ հարցադրումներին, իր ընթերցողի ինտելեկտին ապավինածՙ հայտնի ու անհայտ անուններին, թեւավոր խոսքերին, սուրբգրային մեջբերումներին ու արձագանքներին (Աստվածաշունչ, Ղուրան, Ավեստա), երբեմն, մեղմ ասած, անսպասելի համեմատական զուգահեռներին, ինչպես օրինակՙ Կյերկեգոր¬Համլետ (տե՛ս «Սիրո առասպելները», էջ 73): Ճիշտ է, համեմատության սուբյեկտները համազոր չեն իրենց իրական եւ գրական¬գեղարվեստական ծագումով, ինչպես նաեւ ժամանակագրական առումով, սակայն համամարդկային տիպաբանություն են փաստում: Համեմատության թանձրույթն էՙ հզոր անհատների կողմից իրենց տրված առաքելությունը վերանձնական դարձնելու եւ սիրուց բարձր դասելու իրավունքը:
Ռուժմոնի նշված գրքերը մեզ համար ճանաչելի են դարձնում տարբեր քաղաքակրթությունները, էթնիկ մշակութային աշխարհներն ու բոլոր պատմական ժամանակաշրջանները մերձեցնող եւ միավորող այն ֆենոմենը, որը կոչվում է Սեր: Այն ունի բազմաթիվ որակներՙ էրոս, սեր Ագապե, սեր պլատոնական, սեր առ Աստված, սեր զգայական¬կիրք: Ըստ Ռուժմոնիՙ հենց տրիստանյան («Տրիստան եւ Իզոլդա») լեգենդար սեր¬կիրքն էր, որ իր տարբերակներով երկար դարեր մնում էր որպես նախատիպ համաեվրոպական մշակույթում զարգացող սիրային զգացումի այն տարատեսակների, որոնք արվեստում (օրինակՙ Վագներ) ու գրականության մեջ դրսեւորվում էին «սեր-մահ» ողբերգական մոդելով: Ռուժմոնը խռովահույզ հոգիներին, որոնք տառապանքի ու մահվան մեջ էին տեսնում սիրո հաղթանակը, ճանաչում է նաեւ այլ աշխարհներում, օրինակՙ իսլամական մշակույթում (Նիզամի), արաբական սիրային քնարերգության մի տեսակում, որը Բանու Օզրա ցեղի անունով կոչվում էր օզրայան, որտեղ սիրահարը եթե սիրում էր, ապա միայն մեռնելու գնով:
Այդօրինակ բազմաթիվ ընդհանրություններն են Ռուժմոնի որոնումների պատճառը, որ նա Տրիստանի եւ եվրոպական տրուբադուրների կուրտուազ սիրո արվեստը խարսխում է կատարների միստիկ գաղափարներին, որն էլ իր հերթին, ըստ նրա, ընդերքային կապ ուներ իրանական դուալիզմի (մանիքեություն) եւ արաբական սուֆիական հայացքների հետ:
Ռուժմոնի ամեն մի հարցադրումը եւ ամեն մի դիտարկումը տասնյակ ճառագայթներով մուտք է գործում բազմաթիվ գիտական ասպարեզներՙ գրականություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, երաժշտություն, պատմություն, կրոն, հոգեվերլուծություն: Եվ այդ ամենըՙ փաստարկելու համար մի կարեւոր դրույթ, այն էՙ եվրոպական միջնադարյան մշակույթը խանդավառ ջանադրությամբ որդեգրում է դժբախտ սիրո գաղափարը, որին ուղեկցում է սիրային¬զգայական կրքի եւ ամուսնութան ինստիտուտի «բախումը»: Այստեղ անթաքույց են նիցշեյան արձագանքները, եթե հիշենք նրաՙ աֆորիզմի ուժ ստացած մի դրույթը, թե ամուսնությունը սեռական կյանքի ամենաստապատիր ձեւն է:
Ռուժմոնի նախասիրություն հանդիսացող էսսեի ժանրը նրան ինչ¬որ տեղ ազատել է Արեւելք-Արեւմուտք բազմաշերտ ընդհանրությունների ծագումնաբանությանը եւ դրանց տարբեր դրսեւորումներին որոշակի եւ հստակ պատճառաբանություն տալու պարտավորությունից, մանավանդ, որ նա անկաշկանդ շրջում է դարաշրջաններում եւ մշակույթներում: Բազմաթիվ եզրահանգումներ եւ հիպոթեզեր արդյունք են հենց այդ ազատ ու խիստ անհատական համեմատությունների (օրինակՙ Կյերկեգորը եւ Դոն Ժուանը, Կյերկեգորը եւ Տրիստանը, Նիցշեն եւ Կյերկեգորը , «Սիրո առասպելները», էջ 95-118): Համեմատության ոգին, իհարկե, հայտնի է դառնում: Դոն Ժուանը եւ Տրիստանը որպես հակաթեզեր ռուժմոնյան լայն ընդհանրացմամբ ներկայացնում են հենց նույն Եվրոպայում կայացած երկու արժեքներՙ ասպետական պատվի կոդեքս եւ բարոյական նիհիլիզմ:
Ինչ-որ տեղ կարծես կախյալ է մնում մանիքեություն-կատարներ-տրուբադուրներ, նեոպլատոնիզմ-սուֆիզմ-տրուբադուրներ «խառնաշփոթ» եւ «անհավանական» համադրությունը (էջ104), որում, ի դեպ, մեծ էր նաեւ իսլամի ներկայությունը: Այս համադրությունն ապացուցելու համար Ռուժմոնն առավելապես ապավինում է, մեր կարծիքով, «իսկ ինչո՞ւ ոչ» տարբերակին («Սերը եւ Արեւմուտքը», էջ 101-103):
Իրականում պարսիկ սուֆի պոետնեի արվեստը կարծես այլ բան է ապացուցում. այն, որ սուֆիզմի հետ պոեզիա մուտք գործեց երջանիկ սիրո գաղափարը, քանի որ այն խարսխված էր հանդիպման, միացման եւ իրար մեջ տարրալուծվելու միստիկական¬էքստատիկ զգացմանը: Ճիշտ է, դա բանաստեղծությունը երկիմաստ մեկնաբանելու հնարավորություն էր տալիս, ադեպտների համար պայմանական լեզու եւ մտածողության այլ համակարգ էր դառնում: Բայց միայն ադեպտների: Մյուսները տեսնում էին հարազատ կարծրատիպ¬պոետիկան:
Այնուհանդերձ. էսսեն արգելք չէ, որ Ռուժմոնն իր լայնախոհ զուգահեռներով, նուրբ դիտողականությամբ, ընդմիջվող «զանազան» («Սիրո առասպելները», էջ166) արժանահիշատակ զրույցներով, երբեմն պատկերավոր եւ զգացմունքային դատողություններով ընթերցողին ուղղորդի նորանոր նկատառումների, մղի մտովի ռուժմոնյան մոդելը նորից ու նորից սեփական կամ լավ ծանոթ այլ միջնադարյան պոեզիայի վրա տեղադրելու ցանկությանը:
Օրինակ, ասենք, ո՞ւմ համար է գաղտնիք, որ հայ միջնադարյան տաղերգության մեջ գերակայում է սեր-մահ, սեր-տառապանք, սեր-ավերածություն կարծրատիպը, սիրելիի իդեալականացումը, հատկապես նրա արտաքին¬պատկերագրական նկարագիրը, որն արդեն սիրահարի համար տանջանքի պոտենցիալ աղբյուր էր դառնում: Բայց մինչեւ օտար ազդեցություն եւ հյուր-երեւույթ որոնելն առաջին հերթին միշտ փորձում ես դրանց ծագումը փնտրել սեփական պոեզիայի ավանդույթներում, միջնադարի հոգեւոր մշակույթի արժեքների եւ էսթետիկական գիտացության դաշտումՙ երբեք չմերժելով նաեւ հարեւան քաղաքակրթության ընդերքային եւ ուղղակի ազդեցության հնարավոր եւ օրինաչափ պարագան:
Գրականագիտության անվերջ քննարկվող եւ վիճահարույց խնդիրներից է արեւելյան եւ արեւմտյան¬կուրտուազ պոետիկայի «զարմանալի նմանության» հանգամանքը (հմմտ. «Սերը եւ Արեւելքը», էջ 104):
Գուցե 30-ականներին դեռեւս հստակ չէր ձեւավորվել համեմատական գրականագիտության հիմնական եզրաբանությունըՙ ուղղակի ազդեցություն, տիպաբանական զուգահեռ, գենետիկ ընդհանրություն եւ շփման բարձրագույն ձեւՙ սինթեզ: Այնուհանդերձ, Ռուժմոնի պատմահամեմատական վերլուծությունը մեթոդաբանական ճշտություն է արտահայտում, երբ փաստարկում է, թե գաղափարներն ու նրանց պատկերավոր ձեւակերպումները Արեւելքից հասնում էին «...մինչեւ արաբական Իսպանիա եւ Պիրենեյան լեռներն անցնելովՙ Ֆրանսիայի հարավում գտնում մի հասարակություն, որն ասես սպասում էր լեզվական այդ արտահայտչամիջոցներին, որպեսզի ասի այն, ինչը չէր համարձակվում կամ չէր կարողանում խոստովանել ո՛չ կղերականների լեզվով, ո՛չ էլ ռամկական խոսվածքով: Կուրտուազ բանաստեղծությունը ծնվել է այս հանդիպումից (ընդգծումը մերն է Ա. Կ., տե՛ս «Սերը եւ Արեւմուտքը», էջ 110)»:
Այսպիսով, Ռուժմոնը չի ժխտում միգրացիայի երեւույթը եւ նրա հայտնի ճանապարհը (արաբական Իսպանիա), ավելին, կծու հեգնանքով է պատասխանում հայտնի արեւելագետների արաբական ազդեցությունը մերժող «անվերապահ կեցվածքին» (էջ 109): Մյուս կողմիցՙ փորձում է «...կուրտուազ պոեզիայի հիմնական գաղտնիքն ավելի մոտիկ տեղում փնտրել, այսինքնՙ իր տեղում, հենց այն միջավայրում, որտեղ ծնունդ է առել» («Սերը եւ Արեւմուտքը», էջ 74):
Իհարկե, հյուր-երեւույթը պասսիվ յուրացում չէ, այլ «հյուրընկալ» ժողովրդի էթնոմշակութային գիտակցության եւ հոգեկան կերտվածքի (mentality) միջով անցած եւ ադապտացված մի նոր որակ: Ընթերցողին մնում է ճիգ գործել, մտորել թեր ու դեմի բարդ խնդիրը, եւ մենք չենք հակադրվում այդ գայթակղությանը:
Ասենք, 14-րդ դարում Հաֆեզը Սամարղանդն ու Բուխարան նվիրում էր իր սիրելիի մի խալին (տե՛ս Հաֆեզ, «Դիվան», Թեհրան, 1374), նա ի՞նչ է, կարդացե՞լ էր պրովանսյան տրուբադուրներին, որոնք սիրեցյալին էին նվիրում Եվրոպայի հանրահայտ երկրամասեր ու երկրներ: Կամ մեր Թլկուրանցին, որ մի համբույրի արժեքը համարում է Երզնկան, Հաբեշստանը, Եմենը, Հնդկաստանը, ի՞նչ է, անպայման ուզում էր ետ չմնա՞լ Հաֆեզից: Անշուշտ, ո՛չ: Միջնադարյան մարդու գիտակցության մեջ ամենաթանկ արժեքները տարածքներն էին, որ ավատատիրական պետության հիմքերի հիմքն էր (ֆեոդալը ռազմիկ էՙ նվաճող): Պոետը իր ժամանակի զավակն է եւ նա նվիրում է իր պատկերացմամբ ամենաարժեքավորն ու թանկը, թեկուզեւ այն իրենը չէ:
Չենք կարող չհիանալ հայտնի միջնադարագետ, մշակութաբան Ա. Գուրեւիչի այն եզրահանգմամբ ու ձեւակերպմամբ, թե «... հասկացությունների համակարգը եւ տերմինաբանությունը ավատատիրական եւ իրավական էՙ «ծառայություն», «նվիրատվություն», «վասալական երդում», «սենյոր»: Այդպիսին է սիրային բառապաշարը, որի միջոցով նա վարում է իր սիրային խոստովանությունը» (А. Гуревич, Категория средневековой культуры, М.,1972, էջ 28):
Այսինքն, գրական եւ մշակութային ընդհանրությունը պատմական կատեգորիա է, դրույթ, որ նույնքան սրամիտ հիմնավորվում է Ռուժմոնի «Սիրո պատերազմական լեզվակերպը» գլխում: Ռուժմոնը գրում է. «Սիրո աստվածը մի աղեղնավոր է, որ մահացու սլաքներ է արձակում, կինն անձնատուր է լինում տղամարդուն, որը նվաճում է նրան...... («Սերը եւ Արեւմուտքը», էջ 252):
Ահա թե ինչն է միավորում միջնադարյան տարբեր գրականություններըՙ պրովանսյանը, արաբականը, պարսկականը, հայկականը, որ թվում է, թե հենց նույն գեղեցիկ սիրուհին եւ հենց նույն տառապյալ սիրահարը մի գրականությունից տեղափոխվում են մեկ այլ:
Մեր հիշողության մեջ մնացել է անգլիացի արեւելագետ Մոնտգոմերի Ուոտտի մի ակնարկըՙ արված նրա գրքի ռուսերեն թարգմանության առաջաբանում. «Արաբները ինչ¬որ չափով հասկանում են, որ իրենց մշակութային նվաճումները հաճախ նսեմացվում են եվրոպացիների կողմից», իսկ Գյոթեն գրում էր. «Եթե մենք ուզում ենք մասնակցություն ունենալ հոյակապ մտքերի արարման ընթացքին, ապա մեզ հարկավոր է նմանվել համայն արեւելյանին, ինքըՙ Արեւելքը մեզ մոտ հյուր չի գա»: Գյոթեն լավ գիտեր, որ Արեւելքը ոչ թե հյուր էր եկել, այլ եկել էր որպես նվաճող, 711-ին բախվել էին ոչ միայն ասպետական թրերը, այլ նաեւ քաղաքակրթությունները, որ Ջիբրալթար անունը նեղուցի վրա (Ալ¬Թարիղի լեռ) արաբների թողած միակ հետքը չէր, որ այդ հանդիպումից ծնվեց մի հրաշալի մշակութային ֆենոմեն, որի գաղափարն ինքն էլ տվեցՙ «սինթեզ»: Օտար մշակույթների ճշմարիտ գիտակցումն ու դրանց նկատմամբ հոգատար վերաբերմունքը մեծությունների դասերն են:
Ռուժմոնի հիշյալ գրքերը մեծարում են սեփական` եվրոպական հոգեւոր արժեքները, բայց եւ հարգանք ու գնահատանք են արտահայտում այն ժողովուրդների հանդեպ, ում հետ միասնաբար ստեղծվել են համաշխարհային քաղաքակրթության «մութ» ու «լուսավոր» մի հատվածիՙ միջնադարյան կոչվող մշակույթի հուշարձանները:
«Սերը եւ Արեւելքը» գրքի հետգրությունում հեղինակը խոստովանում է. «Իմ աշխատությունը, որ չափազանց տարբեր նշանակություններ ունի եւ անդասակարգելի է, վայրենի ձեւով առնչվում է բազմաթիվ դիսցիպլինների...(էջ 352)»: Իրավամբ, նա մուտք է գործում ոչ միայն բազմազան ոլորտներ, այլ նաեւ բազում դարեր եւ ժամանակներ: Եվ այդ ամենը նշված գրքերի 20-ից ավել գլուխներում եւ հարյուրավոր ենթամասերում, որոնց անդրադառնալու համար մեր ընտրած ժանրը բավարար չէ: Թող ամեն ոք ինքն ընտրի շվեյցարացի մեծ ինտելեկտուալի գործերից ճշմարիտը քաղելու իր բանալին:
Չնայած թարգմանության որակը ֆրանսերենի գիտակների ասպարեզն է, սակայն ուզում ենք ասել, որ թարգմանիչն իր մաքրամաքուր հայերենով եւ բնագրին հարազատ մնալու ջանքերով մեզ է հասցրել ռուժմոնյան տեքստերի գեղագիտության եւ գաղափարաբանության ողջ համալիրը: Ռուժմոնը լայնածավալ նյութի, խիտ ու պատկերավոր վկայակոչումների, վերացական դատողությունների, բառախաղերի, եզրերի եւ այլալեզու (լատ., ֆր., անգլ.) արտահայտությունների մի այնպիսի տարափ է տեղում, որ շվարած ընթերցողին երբեմն թվում է, թե հեղինակն ու թարգմանիչը, որ հընթացս նաեւ ծանոթագրում է, մրցում են իրար հետ:
Երախտագիտություն բոլոր թարգմանիչներին, որոնք մեզ համար պատուհան են բացում դեպի այլ աշխարհներ: Եվ տա Աստված, որ նրանք իրենց շնորհն ու տաղանդը նվիրաբերեն միայն ու միայն գեղեցկին ու վեհին:
Ծանոթագրություն
*«Եվրոպայի 28 դարերը», Ե.,1996, «Մտածել ձեռքերով», Ե., 1999, «Նամակներ ատոմային ռումբի մասին», Ե., 2000: