ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ
Երբ ինձ հարցնում են, թե երկար տարիներիս երջանիկ շրջանը որն է, հիշում եմ լիբանանահայ ուսուցչապետ Երվանդ Բաբայանի մի նամակ, որի մեջ նա ԱՄՆ-ից, գրել էր. «...Ապրում եմ երջանիկ, անհոգ, զավակներուս քովն եմ, որեւէ դժվարություն չունիմ եւ չնայած երջանկությանս, կարոտով կհիշեմ բեյրության պատերազմի օրերը...»:
Պարադոքս է, անհավատալի, անըմբռնելի, սակայն` իրական:
Չգիտեմ, երջանիկ համարել, թե ոչ, բայց որ իմ կյանքի լիբանանյան պատերազմի շրջանն էլ յուրահատուկ է եղել, որի ժամանակ առաջին հերթին ես ինձ եմ ճանաչել էքստրեմալ վիճակներում, որ հզոր երկրի քաղաքացի ու պաշտոնյա լինելու հպարտությունն եմ ունեցել, աշխատանքիս արդյունքն եմ տեսել, չերկարեմ, այդ շրջանը ինձ համար աստեղային է եղել:
Այս տողերը գրվեցին տասնյակ տարիներ «իմ կողքից քայլած» պարոն Հակոբ Ավետիքյանի հետ տեղի ունեցած մի զրույցից հետո, երբ նա հորդորեց, որ թղթին տամ հետեւյալ պատմությունը: Վստահ եմ, թե ընթերցողը կարող է անհամեստ համարել «իմ կողքից քայլած» դարձվածքը, ուստի հավելեմ, թե տարիներ անց ինձ գտա Հակոբի կողքին քայլելիս: (Օ՜ ժամանակներ, օ՜ մարդիկ, «կասեր Իշտոյանը»):
Իսրայելը Բեյրութ մտավ ինտենսիվ ռմբակոծումներից հետո, տանկերով ու զրահամեքենաներով եւ դեսպան Սոլդատովը, որն իր գործի մեջ «մի գայլ» էր, ժամերի ընթացքում լուծեց սովետական գաղութի տարհանման հարցը: Բեյրութի նավահանգիստ մտավ ցեմենտ կրող մի նավ եւ դեսպանատանը մնացին 5-6 հոգի, մյուսներս դժվարությամբ, հասանք Լաթաքիա:
Հրեաները կարծելով, թե այդ նավով հնարավոր է, որ փախչի Յասիր Արաֆաթը, մինչեւ բաց ծով դուրս գալը, մեզ ուղեկցեցին փոքր ռազմանավերով, որոնք մեր նավի աջ ու ձախ կողմերից մի քանի մետր հեռավորությամբ, թնդանոթների փողերը դեպի մեզ ուղղած, բարձրախոսներով, հրահանգում էին նավապետին` կանգնել:
Մեր նավը մեծ չէր, խցիկներ չուներ, միայն տախտակամած էր, թեթեւ տանիքով, ուր նստած էինք բոլորս:
Հրեա զինվոր-նավաստիները բռունցք էին ցույց տալիս, հրանոթների փողերը ցուցադրաբար ուղղում դեպի մեր նավը եւ լկտի ծիծաղում:
Զարմանալիորեն ոչ մեկ իրարանցում, ոչ մեկ վախի զգացում չկար մեր տախտակամածում, բոլորս մեր գերպետության վրա վստահ էինք եւ նույնիսկ չէինք պատկերացնում, թե կարող է զինվորներից մեկը խելագար լինել ու կրակ բացել:
Չեմ կարող չհիշել դեսպան Ալեքսանդր Սոլդատովի նավ բարձրանալը մեզ հրաժեշտ տալու, որը դիմելով ամենափոքրիկին` Վասիլի Ղազարյանի [1] տղային, ասաց.
- Ձեզ ուղեկցող եմ նշանակում, հյուպատոս Կոստիկովին, որը գիրուկ է, եւ եթե ծովում երկար մնաք, նրան «կերեք» մինչեւ ափ հասնելը:
Վերջապես հասանք Լաթաքիա, ուր արդեն պատրաստ էին սենյակներըՙ մի քանի օր սովետական շինարարների շենքում ապրելու համար:
Հետո «Լեւ Տոլստոյ» հածանավը հասավ Օդեսա, ուր արդեն պատրաստ էին մեր տոմսակները գնացքով ու օդանավով Մոսկվա հասնելու համար:
Երեւան հասնելուց 4 օր անց ինձ շտապ ետ կանչեցին Բեյրութ եւ ես Դամասկոսի վրայով, Լեռնալիբանանով հասա տուն, որն առաջին պահին չէի գտնում, քանի որ իմ ապրած շենքին կից շենքը այլեւս չկար եւ տեսարանը լրիվ փոխված էր. տունն էլ` ավերված, թալանված:
Ահա այս նախաբանից հետո դառնանք այն թեմային, որն ըստ Հակոբի, պետք է անպայման գրի առնել:
Հրեաների Բեյրութում մնալը երկար տեւեց, որի ընթացքում քաղաքը կաթվածահար էր. ինչպես բեյրութցիք էին ասումՙ շուկան մեռած էր, բանկային համակարգը նորմալ չէր գործում: Բնականաբար, դեսպանատունն ուներ իր դժվարությունները, որը մենքՙ ոչ ղեկավարներս, ամբողջությամբ չէինք զգում, աշխատավարձը ստանում էինք ժամանակին, ունեինք էլեկտրականության մեր աղբյուրը, որը խաթարվելու դեպքում անվճար վերանորոգում էր պրն. Սանջյանը:
Չնայած վտանգավոր իրավիճակին, խաղաղ օրերին դեսպանը, տիկնոջ հետ, երեկոյան ժամերին, երկար նստում էին «Դեսպանի այգում» (այդպես էր կոչվում վարչական շենքի երկու պատերին կից տարածքը` մի գողտրիկ անկյուն) եւ զրուցում բարձրաստիճան դիվանագետների հետ:
Ես այդ ցանկի մեջ չէի մտնում, ուստի ինձ համար անակնկալ էր եւ զարմանալի, երբ հերթապահ զինվորը հայտնեց, թե դեսպանը խնդրում է մտնել այգի: Մի քանի հարցումից հետո, հատկապես, ընտանիքիս ու մենակ ապրելուս դժվարությունների մասին, Սոլդատովը խնդրեց պատմել մանրամասներ հայ համայնքի անցուդարձից, իսկ ես փնտրում էի մեր զրույցի բուն իմաստը, քանի որ պատմածներս ամեն առավոտ զեկուցվում էին դեսպանին: Վերջապես Սոլդատովը հարցնում է.
- Ո՞վ է Սարգիս Սարգսյանը,- եւ իմ պատասխանները լսելուց հետո ասում, որ երկու օր առաջ Սարգիսը եկել է դեսպանատուն ուշ ժամի, խնդրել, որ իրեն, ներքին հեռախոսով, կապեն դեսպանի հետ, հայտնելով, թե խիստ կարեւոր ասելիք ունի, միայն անձամբ պարոն դեսպանին:
Վերջինիս հանձնարարությամբ Սարգսյանը մտել է ընդունարան, սեղանին է դրել մի պայուսակ, ասելով որ բերել է ինչ որ գումար, մտահոգվելով, որ դեսպանատունը դրամի կարիք կունենա: Սարգսյանը խնդրել է, որ իր քայլը գաղտնի մնա, եւ դա է դեսպանին անձամբ տեսնելու պատճառը [2]:
Սոլդատովը եւ տիկին Ռուֆինան զգացված ու հուզված էին եւ խնդրեցին իրենց երախտագիտության ու շնորհակալանքի խոսքը փոխանցել Սարգսին:
Զրույցի ժամանակ պարզվեց, որ նման առաջարկ դեսպանը ստացել է մեկ այլ հայից` Զավեն Կոստանյանից (լուսահոգի), հայ դիվանագետներից մեկի միջոցով [3]:
Մեծ վերլուծություն չպահանջվեց հասկանալու, որ այդ հայ դիվանագետը Էդվարդ Նալբանդյանն [4] է, որն այգում նստելու իրավունք ուներ, սանն ու սիրելինն էր այդ մեծ քաղաքագետի:
***
Մի տոթ ու խոնավ բեյրության առավոտ էր, աշխատանքը նոր էր սկսվել, բոլորը սպասում էին դեսպան Սոլդատովի որոշմանը, թե նա այդ օրն ինչ ռեժիմ կսահմանի: Կարելի՞ կլինի դեսպանատնից դուրս գալ կամ անցնել «կանաչ» գիծը, կամ բոլորը տուն գնան, տարբերակներ, որ կրկնվում էին ամեն օր, իսկ այդ օրը լարված օրերից մեկն էր, սպասվում էր ընդհարում:
Շքամուտքում հերթապահող ենթասպան զանգահարեց ու հայտնեց, թե ինձ ինչ-որ մեկն է հարցնում: Հերթապահը խնդրեց շտապ իջնել ընդունարան, քանի որ այցելուն եկել է մի կիսաբեռնատարով, այն կանգնեցրել է փողոցում, դեսպանատան դարբասների մոտ, ինչը խստիվ արգելված էր:
Հիշեմ, որ դրսում դեսպանատան հսկողությունն իրականացնում էր լիբանանյան կողմը, ուստի ես շատ զարմացել էի, թե նրանքՙ արաբ զինվորներն ինչպես են թողել որեւէ մեքենա կանգնի արգելված տեղում:
Շտապ դուրս եկա եւ մայթի վրա հանդիպեցի միջահասակից ցածր, գիրուկ, աշխույժ ու խոսքաշեն մի մարդու, որն ինձ տեսնելուն պես հարազատի նման եկավ դեպի ինձ, ժպտերես, ուրախ ինչ-որ բան վրա-վրա տալով: Առաջին պահ չընկալեցի, թե ինչ է ասում, ապա հասկացա, որ նա մեկ «պիկապ» մեքենա սեխ է բերել եւ ինձ առաջարկում է դատարկել:
Հարցումիս, թե ինքն ո՞վ է, մի քիչ վիրավորված հիշեցրեց, թե ինձ մոտ եղել է Վարդապետ Սահակ Քեշիշյանի [5] հետ:
Չգիտեմ, թե բառերս ինչպիսին էին, ինչ խոսքեր ես գտա եւ այդ մարդուն ասացի, բայց ներսումս, երեւանցի տղայի «այ, ախպեր ջան, շառդ քաշի գնա ստեղից, փորձանք ես, ինչ ես» մտքերն էին գլխումս, որոնք, հավանաբար, քաղաքավար ձեւ ստացան, քանզի «նվիրատուն» պնդում էր, որ սեխը դատարկենք ու չէր հեռանում:
- Միայն Ձեզի համար չէ, ողջ ամբասադի (դեսպանատան) համար բերած եմ, ի՞նչ կըլլա, ինչո՞ւ կվրդովիս:
Ես ի՞նչ կերպ բացատրեմ այս արեւելցուն, այս ծնված օրվանից «բախշիչ» լսած ու ապրած մարդուն, թե հեռուստախցիկով անվտանգության սպան մեզ է նայում, որ նման բան մեզ մոտ ոչ միայն չի խրախուսվում, այլեւ պատժվում է:
Մինչեւ վերջին պահը, հեռանալիս, հյուրս պնդում էր, որ սա միայն իմ համար չէ, թե ինքը հասկանում է, որ մեկ մարդու համար շատ է, մենք էլ իրեն հասկանանք, նա ուզում է մի լավ բան անել եւ Տրիպոլիից մինչեւ Բեյրութ սեխը դեսպանատանը տալու համար է բերել, ի՞նչն է անընդունելի ու անհասկանալի:
Կատեգորիկ մերժում ստանալովՙ կոտրված ու անժպիտ հյուրս հեռացավ:
Բարեբախտություն էր, որ իմ ղեկավարության կողմից ես ոչինչ չստացա, սակայն արաբ զինվորները մեկական սեխ ստացան ու րոպեներ հետո, հենց մայթի վրա ճաշակում էին: Երբ իրենց մոտով անցա, շատ ջերմ ու բարեկամաբար ինձ հրավիրում էին, ֆադդալ, ստեզ, ֆադդալ (համեցեք, վարպետ, համեցեք):
Որպեսզի ընթերցողին հասու լինի, թե ինչո՞ւ էի ես եւ, բնականաբար, դեսպանատունն արժանացել մեկ մեքենա սեխի, ասեմ, որ հյուրս բանվոր մարդ էր, իր հանապազօրյա հացը վաստակող եւ ոչ մեկ կուսակցության չէր պատկանում, իսկ Հայաստանում ուսանելու համար, անպայման, որեւէ կուսակցության միջնորդություն էր անհրաժեշտ: Հիմնականում կոմունիստներ, հնչակներ, ռամկավարներ (իրենց շրջանակով) էին արժանանում ուսանելու բախտին: Դաշնակցական երիտասարդներին էլ մենք (գործի տերերս) դնում էինք, մեծ մասամբ, կոմունիստների ցանկի վրա եւ ուղարկում Երեւան:
Իսկ ինչո՞ւ կոմունիստների, քանզի ամենալայնախոհները նրանք էին ու մեր պատճառաբանությունները, թե որեւէ տղա կամ աղջիկ, արժանավոր է, նրանց պետք է տեր կանգնել, ծնողները ուսման վարձ տալ այլ երկրում չեն կարող, հասկանում ու ընդունում էին:
Ահա մի անապահով ընտանիքի տղա էր սեխի տիրոջ տղան, որը հետագայում շատ լավ ուսանող դարձավ, կյանք մտավ, հաջողություններ ունեցավ, ընտանիք կազմեց, իսկ ժամանակին նրա թեկնածությունը Հայաստանում ուսանելու տվող չկար: Ուստի, այդ հարցով ինձ դիմեց մի սրբագույն հոգեւորական Վարդապետ Քեշիշյանը, որի աշակերտն էր եղել սեխի տիրոջ տղանՙ Րաֆֆին, ես էլ, խորապես հարգելով եւ համոզված լինելով Վարդապետի կարծիքի ճշմարտության վրա, տղայի գործերն ուղարկեցի Երեւան:
Ցավոք, որեւէ մեկը գրի չի առել, թե ինչ աստվածահաճո գործեր է արել (այժմ լուսահոգի) Սահակ Քեշիշյանը, որից հիշատակ են մնացել իր վարպետ թարգմանություններն ու աշխատությունները. Նարեկացի, Լամբրոնացի, Շնորհալի եւ այլն:
Տարիներ անց, ամռան մի օր, երբ ընթրիքի էի հրավիրել Արգենտինայից ժամանած իմ հյուրերին եւ հյուրասիրությունից հետո ցանկացա վճարել, սպասյակը (ինչպես ընդունված է) ասաց. «Ձեր հաշիվը փակված է»:
Զարմացած շուրջս նայեցի ու սրահի ծայրում նկատեցի լայնորեն ժպտացող ու չարաճճի աչքերով ինձ նայող Րաֆֆիին: Անշուշտ, շոյվեցի ու շնորհակալ եղա եւ մինչեւ օրս մտածում եմ, եթե ուշ, թե շուտ, «կաշառքն» ընդունելու էի, ապա արդյոք ճիշտ եղավ մեկ սեղանը փոխել մեկ մեքենա սեխի հետ:
***
1983 թ., Բեյրութ
Բեյրութում հրադադար էր եւ ժամերի ընթացքում քաղաքը նորից դարձավ աշխույժ ու աղմկոտ, բացվեցին երկրի զարկերակներըՙ խանութները, մեքենաները նորից խճողեցին քաղաքը, որն օտար մեկը տեսնելիս, եթե չլինեին փլատակները, բնավ չէր հասկանալու, թե երկիրը տասը տարի պատերազմի մեջ է:
Աշխուժացավ նաեւ սովետական գաղութը, կամաց-կամաց Բեյրութ եկան դիվանագետների եւ մյուս աշխատողների ընտանիքները, որոնց «բախտ» էր վիճակվել հաճախ «քոչելու» անակնկալ բռնկվող «ռաունդների» ժամանակ:
Բնականաբար, առաջին հերթին բացվեց դեսպանատանը կից դպրոցը, որի հարցում դեսպան Սոլդատովը շատ նախանձախնդիր էր եւ օր չէր կորցնում երեխաների դասերը վերսկսելու:
Դպրոցը փոքր էր, հաճախ մի քանի դասարան միացնում էին իրար եւ այդպիսի մի դասարանում էր սովորում Մոսկվայից ժամանած հայ դիվանագետներից մեկի 8-ամյա տղանՙ Կոնստանտինը, որին քնքշաբար բոլորս Կոտիկ էինք կոչում, չնայած, նա ոչինչ չուներ քնքուշ կոչվելու, մի աշխույժ, ժպտերես, սպիտակամորթ, կլոր, թմբլիկ, միշտ մռութը թաց ու գոտու տակից երեւացող բաց փորիկով, շատակեր տղա էր:
Նույն դասարանում էր սովորում նաեւ մեկ այլ հայ աշխատակցի աղջնակ Մարինան, սուսիկ-փուսիկ, ենթարկվող, ամաչկոտ, սիրունատես մի փոքրիկ հրեշտակ, որը դասերը սկսվելուց մի քանի օր հետո հաճախ լաց եղած ու վիրավորված տուն էր գալիս ու գանգատվում, որ իր նախաճաշն ինչ որ մեկը գողանում է եւ սոված մնալը չէ, որի համար լաց է լինում, այլ վիրավորված է իր ընկերներից, որոնք փոխանակ ուզելու միասին ուտել նախաճաշիկը, իրեն հիմարի տեղ են դնում:
Անշուշտ, բոլորս հասկանում էինք աղջկա վիրավորանքը, սակայն ինչ որ մեկը վարպետորեն թռցնում էր նրա նախաճաշն այնքան ճիշտ հաշվարկներով, որ որեւէ տրամաբանության չէր ենթարկվում: Երկու օր իրար վրա, մեկ շաբաթ ընդմիջումով եւ այլ խորամանկություններով, որը յուրահատուկ էր պրոֆեսիոնալ գողին:
Քանի որ Կոտոն շատակեր էր, չար էր եւ հայ էր, բնականաբար, Մարինայի նախաճաշիկի անհետանալու կասկածը բերեց դեպի Կոտոն: Չնայած Կոտոն ամեն դեպքից հետո ծեծ էր ուտում, բայց գողությունը շարունակվում էր:
«Անշուշտ, Միջին Արեւելքի ամենահզոր հետախուզական կետ ունեցող սովետական ռեզիդենտի համար դժվար չէր այսպիսի երեխայական արարքի բացահայտումը» եւ նա մասնակցեց ճշմարտությունը գտնելուն, թե ոչ, հայտնի չէ, սակայն պարզվեց, որ նախաճաշիկը թռցնողը բարձրաստիճան ռուս դինավագետ մի ընտանիքի մոսկովյան խնամված ու շփացած մի փիսիկ էՙ Մաշան, եւ Կոտոն երջանկացավ. նրա վրայից վերացավ գողի խարանը:
Բացահայտման հաջորդ առավոտ հանդիպեցի Կոտոյին, կիսաբաց պայուսակը ձեռքին, փնթի, փորիկը բաց, ժպիտը դեմքին դպրոց մտնելիս ու հարցրի.
- Կոտիկ ջան, տղա ջան, բա որ դու չէիր ուտում Մարինայի նախաճաշը, ինչո՞ւ չէիր ասում: Կոտոն գլուխը կախեց, թշիկներն ավելի ուռեցին, շուրթերը մի պահ դողացին ու նա ասաց.
- Ասում էի, բայց, բայց չէին հա՜-վա՜-տո՜ւմ, - ու դառը լաց եղավ:
Սիրտս կտրտվեց, այլեւս ոչինչ չես կարող անել, տղան հանուն ոչնչի ոչ միայն ծեծվել է, այլեւ հավատն է կորցրել, ինչո՞ւ իրեն չեն հավատացել ...
Խեղճ Կոտո, իմ փոքրիկ ու անմեղ տղա, ինչե՞ր է սպասվում քեզ առջեւում, ինչե՞ր ես տեսնելու, ինչե՞ր ես ապրելու, այն, ինչ տեսար, դա միայն կատարն էր այն այսբերգի, որը կոչվում է անարդարություն եւ տա Աստված, որ քո կյանքի ջրերում դու այն շրջանցես:
9 սեպտեմբերի, 2011 թ.
Ծանոթագրություններ
1. Հետագայումՙ ՀՀ պետական գործիչ, Չինաստանում Հայաստանի առաջին դեսպան:
2. Սարգիս Սարգսյան («Մըրմըռ Սարգիս»), լիբանանահայ հայտնի գործարար, «Կարինա շուզի» սեփականատեր, հայրենասեր անձնավորություն, որի բարերարությունից օգտվել են լիբանանահայ մշակութային, կրթական եւ բարեգործական տարբեր կազմակերպություններ:
3. Նույնպես հայտնի գործարար, ազգային-կուսակցական վաստակավոր գործիչ, ՌԱԿ կենտր. վարչության երկարամյա անդամ:
4. Ներկայիս ՀՀ արտաքին գործերի նախարար:
5. Հայ կաթողիկե վարդապետ, բանասեր, թարգմանիչ: