ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2011-10-08 | #18, 2011-10-22 | #19, 2011-11-05


ՁՈՒԿԸ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

«Ձուկն առանց ջրի կամ ինքնասպանություն» պիեսըՙ «տրագիկոմիկական կլոունադա» բնորոշումով, մտահղացվել ու ստեղծվել է Երեւանի Հր. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում եւ ոչ թե, ինչպես հաճախակի, ժամանել դրսից: Հեղինակներն են Արմեն Խանդիկյանը եւ Լեւոն Մութաֆյանը: Վերջինս սկզբնապես գրել է մոնոդրամա, որը պիտի խաղար արդի հայ բեմի վարպետ Վլադիմիր Մսրյանը: Արտիստի մահից հետո տեքստը հիմնավորապես փոխվեց, ներմուծվեցին մի քանի գործող անձինքՙ նորովի հարաբերություններով եւ յուրահատուկ ճակատագրերով, առլեկիններ ու ամբոխ, գործողութունը զարգացավ բազմապլան դրամատուրգիայի օրենքներով, զգացմունքի, հոգեբանության ու մտքի ալեկոծումները տիրեցին բոլոր հերոսներին, բավական է ասել, որ այս ամենի համար պահանջվեց ավելի քան տասը գրական ու բեմական տարբերակ, դերասանական խաղի ու ռեժիսուրայի ամենօրյա երկարատեւ որոնումներ:

Ինչպես դրամատիկականի վերջին տարիների բեմադրությունները, հատկապես շեքսպիրյանՙ «Մակբեթ», «Հուլիոս Կեսար», այնպես էլ այս «Ձուկն» ունի թանձր արդիական բովանդակությունՙ հարաբերված մտավորական-արվեստագետ մարդու ճակատագրին եւ հասարակական կյանքին: Ժամանակակից թատրոնը մի զգալի չափով պայմանական արվեստ է, իսկ Դրամատիկականում դառնում է առավել պայմանական, սակայն չի նահանջում բնականությունիցՙ նվաճելով յուրահատուկ ու տպավորիչ ճշմարտության աստիճանը: Առանց ջրի խոշոր, ոսկեփայլ թեփուկներով զարդարված շքեղաշուք ձուկը, որ Կարեն Գրիգորյանի վարպետ նկարչական ռեժիսուրայի կարեւոր ներկայությունն է, մի քանի անգամ հայտնվում է բեմումՙ հիացմունք, արմանք ու զարմանք, ինչ-որ պահի նաեւ վախ սփռելով շուրջը, գլխավոր հերոսիՙ դերասան Բարդուղիմիոսի պայմանական պատկերն է, թվում է ավելի իրական, քան եթե նրա լուսանկարը կամ դիմաքանդակը ներկայացվեր մեզ: Լուսանկարը կլիներ մակերեսային արձագանք, այնինչ ձուկը թատերական փոխաբերություն է եւ լավագույնս արտահայտում է մեր հերոսինՙ նա էլ, անջուր ձկան նման, միայնակ է, զուրկ արարելու տարրական մթնոլորտից, եւ դատապարտված է անխուսափելի կործանման: Նրա մենախոսությունները թե՛ պիեսում եւ թե՛ բեմում լավագույնս արտահայտում են ժամանակակից մարդու դրաման. «Ամեն ինչ քայքայվում է... Որտեղի՞ց այս դատարկությունը... Բոլոր արժեքները պղծված են, վարկաբեկված, ծիծաղի առարկա դարձած... Ազնիվ, արդար, կիրթ, բարի եւ խելացի լինելը ամոթ է... Հայոց լեզունՙ կոմայի մեջ... Ինչո՞ւ այստեղ հասանք... ո՞վ հասցրեց...» :

Ինչպես իր բազմաթիվ աշխատանքներում, այստեղ էլ Արմեն Խանդիկյանը «շեղվել» ու վեր է բարձրացել ռեժիսուրայից եւ դարձել բեմադրության միանձնյա հեղինակ, «Ձուկը» ներկա կյանքի ու ժամանակի նրա տեսլականն է, մի տեսիլք, որ ցույց է տալիս առանձնակի ու հավաքական մեր ճակատագիրը, հատկապեսՙ արվեստագետ, մտավորական մարդու, որն անհույս տարուբերվում է պղտոր իրականության ալիքների վրա: Նրա եւ Լեւոն Մութաֆյանի բեմական տեքստը իմաստալից է, սեղմ ու կառուցիկՙ շաղախված զգայուն միտքն ու հոգին մրմռացնող աղով, որից դժվար է ազատվել մինչեւ իսկ ներկայացումից հետո, քանզի այն ոչ միայն Բարդուղի կյանքի հանգամանքներն է տրտմորեն գրառում, այլեւ քո ու շատերի: Անջուր ձկան եւ բարոյազուրկ մթնոլորտում ապրող մարդու զուգահեռը գրեթե չունի դրամատուրգիական ֆաբուլա, այլ հիմնականում արտահայտվում է իբրեւ ներանձնական զգացմունք եւ խոհականություն: Սակայն պիեսի հեղինակները եւ բեմադրիչը, մասնագիտորեն քաջ գիտակցելով, որ ինչ-որ չափով «պատմողականություն» է պետք տեսարանները կապակցելու, ներկայացման տարածքում ստեղծել են Բարդուղիմիոսի եւ նրա որբանոցային ընկերոջ հեռուներից եկող մտերմության գործողությունը եւ, զուգահեռաբար, գլխավոր հերոսի եւ նրա պատանեկան սիրո ու կարոտի խաղաղ ծովի վրա սպիտակ առագաստի նման բացված հեքիաթը, հատկապես վերջինս ամբողջ ներկայացումը զարդարում է նրբահյուս պոետիկ գեղեցկությամբ: Այսօր ապրող հերոսն անցյալ ունի, ապագան է մութ եւ անորոշ, հիանալի մարդ-ձուկը լողում է անջուր-անօդ իրականության մեջ եւ հարց տալիս. «Է՜, հետո ի՞նչ...»: Չի զարմանում: Ամեն ինչ այն աստիճանի անհեթեթություն է, որ հերոսը կորցրել է Աստծո կողմից ի ծնե շնորհված զարմանալու ընդունակությունը: Նրա փոխարեն զարմանում ենք մենքՙ հանդիսատեսներս, պիեսի եւ Արմեն Խանդիկյանի ռեժիսուրական խաղերի վրա:

Անհեթեթությունն այստեղ կենցաղ ու կենցաղագրություն չէ, այլ, մշակվելով, հասնում է գեղագիտական աբսուրդի մակարդակին: Զարմանալու կարողության ոչ հիվանդ, այլ առողջ մթագնումը աբսուրդ է եւ գաղափար: Աբսուրդ է Բարդուղի մի քանի անգամ մեռնել-հառնելը: Հավատում ես աբսուրդի ռեալությանը, հերոսը գնդակահարվում է եւ շուտով էլ կանգնումՙ ներկայացումը շարունակելու: Բարդուղը գրկում-համբուրում է իր պատանեկան սերը, որը տասնամյակներ առաջ մահացել է ավիավթարից, մի քանի վայրկյան հարաբերում նրան իբրեւ կենդանի գեղեցկության եւ չի զարմանում, մենք ենք դարձյալ ապրում զարմանքի պահեր եւ մտացածին տեսարանն անվերապահորեն ընդունում որպես մաքրամաքուր ճշմարտություն: Ինչպես դասական աբսուրդիստներըՙ Բեքեթ, Իոնեսկո, Խանդիկյանն էլ իր բեմադրությամբ է նվաճում իրականության խորքային շերտերը եւ դրանք ցուցադրում ոչ տարածված կարգով, այլ գլխավորապես մտքի գործողությամբ: Այս նկատումներն անելով, ես չեմ ցանկանում նրան անպայմանորեն ներփակել տվյալ ստեղծագործական ուղղության դաշտում, որը հին է եւ նոր, կարծում եմՙ հեռանկարային եւ նույնքան հաջողությամբ է արտահայտում մեր կյանքի ժամանակը, որքան եւ ռեալիզմը, պարզապես Խանդիկյանը ոչ առաջին անգամ բեմ է ելնում մոդեռն աշխարհընկալման հատկանիշներով, նաեւՙ սյուրռեալիստական, որոնք արդեն շատ տարիներ անբաժան են դպրոց դարձած նրա ստեղծագործական հավատամքից: Ի դեպ, Շեքսպիրին նկատի առնելով, եւ՛ պիեսում, եւ՛ ներկայացման մեջ գլխավոր հերոսը հանդես է գալիս ռեալիզմի «քննադատությամբ», եւՙ բավականին համոզիչ կերպով:

Իբրեւ գեղարվեստական հորինվածքներ, չեմ ուզում, արժեքայնությունից ելնելով, հավասարման նշան դնել մի կողմից «Ձկան», մյուս կողմիցՙ «Մակբեթի» կամ «Հուլիոս Կեսարի» միջեւ, հատկապես վերջինս, ինչի մասին առիթ եմ ունեցել գրելու, ըստ իսՙ հայոց նորօրյա բեմադրական արվեստի ակնառու նվաճումներից է: Երեք բեմադրությունները արտաքուստ իրարից տարբեր, բայց ներքնապես հարազատ են հայացքի ուղղությամբՙ դեպի ուր եւ ինչպես է նայում բեմադրիչը. սեւեռուն նայում է վաղվա օրվան միտված ներկայինՙ անհանգիստ հուզաշխարհով, իրեն հասու բեմական գաղտնիքների բացահայտմամբ, արվեստի մարդու տրագիզմով: Եթե ազդագրերում, որեւէ տեղ չգրվիՙ Արմեն Խանդիկյան, այդ դեպքում եւս ներկայացում դիտողը հեղինակին իսկույն կճանաչի, այդպես գեղարվեստական ինքնատիպ ոճից անսխալորեն իմացվում են լավ գրողը, նկարիչը, կոմպոզիտորը, ամեն արարող անհատականություն: Դրամատիկականի «Ձուկը» թատրոն է թատրոնում, պայմանականություն, ցնորք, երազ, անիրական իրականությունՙ երբեմն մեր կյանքի ու ժամանակի մասին ուղղագիծ ու ճակատային մերկացումներով. «Պատմությունն արհամարհված է... Ապագան, նույնիսկ վաղվա օրը ավելորդ բաներ են... Չկա խելք, միտք, տրամաբանություն...» :

Ինչպես մշակույթի բոլոր ասպարեզներում, այնպես էլ թատրոնում եղել են եւ միշտ էլ կլինեն միջակ ու տաղանդավոր, նույնիսկ վատ դերասաններ: Սա բնական էՙ բազումք են կոչեցյալք եւ սակավք ընտրյալք: Խանդիկյանի բեմադրություններում թույլ դերասաններ չկան, մեծ թե փոքր դերախաղերում բոլորն էլ ունենում են փայլատակող պահերՙ եւ՛ իրենց շնորհքի, եւ՛ բեմադրիչի մշակման շնորհիվ, որն ուսուցչի նման, դերասանի հետ պարապում է խաղի բոլոր դասերը: Այստեղ թույլը հակացուցված է, ինչպես եւ թատրոնի ամբողջ խաղացանկում, մինչեւ իսկ մասսայական տեսարանի մասնակիցներն են գեղարվեստական ղեկավարի խիստ ու սեւեռուն ուշադրության տակ, յուրաքանչյուր րոպե: Այն, ինչ բեմում էՙ մեխից մինչեւ մարդը եւ նրա խոսքն ու գործողությունը, լույս ու ստվեր, գույն եւ ձեւաչափեր, վերահսկվում են նրա կողմից:

«Ձուկն առանց ջրի կամ ինքնասպանություն» ներկայացումն աչքի է ընկնում դերակատարների կուռ եւ ամբողջական հավաքականությամբՙ նման գունագեղ գորգի, որից եթե մի թել հանես, գորգի հյուսվածքն ու գույները կարող են եւ քայքայվել: (Երբ «Ձուկը» համեմատեցի երկու շեքսպիրապատումների հետ, նաեւ այս հատկությունը նկատի ունեի): Խանդիկյանը, սովորաբար, «մասսովկա» չի անում, այլ կառուցում է խմբանկար, որն ունի միասնական բնավորություն եւ կերպարի հատկանիշներ, ակտիվորեն մասնակցելով գործողություններին եւ բովանդակության ամբողջացմանը: Այսպիսին է եւ քաղաքացիների ու առլեկինների խմբակցությունը Կարեն Միրիջանյանի եւ Հովհաննես Թեքգյոզյանի առաջնությամբ: Հարություն Անդոյանը հիանալի է պատկերում պարող առլեկինինՙ գեղեցիկ, զգացմունքային ու ողբերգական: Նիկոլայ Ավետիսյանի Ծաղրածուն, Լիդիա Գրիգորյանի Աղջիկը եւ հատկապես Գուրգեն Անտոնյանի Մարդը այս երեւակայական թատրոնի արտահայտիչներից են, վերջինս մեզ է ներկայանում պայմանականության համոզիչ ռեալությամբ:

Երաժշտական ու լուսային ձեւավորումները (Աշոտ Փափազյան եւ Վահագն Միքայելյան) նախշազարդեր չեն, այլ բխում են ներկայացման բուն գործողությունից: Զգեստների գերակշիռ սպիտակ գույնը (Մարի Սարգսյան), այդպես է եւ «Հուլիոսում», ինչպես եւ Կարեն Գրիգորյանի բեմանկարչության քիչ մոխրագույն սպիտակը համահունչ է պիեսի եւ ներկայացման տրամադրությանը հակադարձորենՙ հուշելով, որ ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել: Երեք դերախաղ արժանի է առանձնահատուկ ուշադրությանՙ արտիստիկ մարմնավորման շնորհիվ. Արթուր Ութմազյանի Բարդուղիմիոսը, Գոհար Իգիթյանի Կինը եւ Բաբկեն Չոբանյանի Երիտասարդը:

Ութմազյանը ժամանակակից հայոց թատրոնի երեւելի վարպետներից է, ոչ դեր ասան (դեր ասող), ինչպես շատեր, որոնք պիեսի իրենց տեքստը մեխանիկորեն տեղափոխում են բեմատարածք, եւ վաղուց նվաճել է արտիստի մակարդակ, նշանակում էՙ արարող, հոգեղեն, ստեղծարար: Նրա Բանաստեղծը («Անվերջ վերադարձ»), Հուդան, Մակբեթը, Բրուտոսը թատերական բարձրագույն արժեքներ են, որոնց այսօր գումարվում է Բարդուղիմիոսը: Իրարից խիստ տարբեր այդ կերպարներում Արթուր Ութմազյանը գտել է նրանց միացնող մի էական ընդհանրությունՙ տրագիզմը եւ այն արտահայտում է մի այնպիսի կատարելությամբ, որ տագնապ ու վախ է պատճառում: Բարդուղի տրագիզմը, Ութմազյանի հնչեղ խաղի շնորհիվ, դառնում է հասարակական ողբերգություն, որի կրողներն ենք եւ մենք:

Գոհար Իգիթյանի Կինն ունի կենսագրության բնորոշ էջեր: Նա հմայիչ է եւ «անբարոյական», բայց ավելի բարոյական ու լուսավոր, քան շատերը: Շնորհալի արտիստուհին կերտել է կյանքի արատներից հալածված ազնիվ կնոջ կերպար: Նրա բնական լացն ու ծիծաղը, բառն ու շարժումները վարակում են իրենց հուզմունքով, նա դառնում է քո հարազատը, դու սիրում ես նրան: Իգիթյանի վերաբերմունքը խոսում է դերախաղի ոչ սովորական արժեքայնության մասին:

Բաբկեն Չոբանյանը Դրամատիկականի երիտասարդ սերնդից է: Ինչպես «Ախ, Աննա, Աննա» ներկայացման մեջ, այնպես էլ այստեղ նա կարողացել է պլաստիկ խաղաոճով արտահայտել բեմական անցումային հոգեվիճակներ եւ տպավորություն գործել հանդիսատեսի վրա: Նա արդեն իսկ հեռանկարային եւ որոնվող արտիստ է:

Արմեն Խանդիկյանի եւ Լեւոն Մութաֆյանի «Ձուկն առանց ջրի կամ ինքնասպանություն» տրագիկոմեդիան, կարեւոր արդիական բովանդակությամբ, ստացել է հետաքրքրական ու ինքնատիպ բեմական մարմնավորումՙ արժանի ավելի հանգամանալից վերլուծության:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4