ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
«...Եվ հիշատակս ալ թառամի,
Ա՜հ, այն ատեն ես կը մեռնիմ»:
ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ
... Վերջը խորհեցա, որ ճիշտը առանց նախաբանի սկսիլ գրել ինձ մտատանջող բուն հարցին մասինՙ մտածելով, որ հարգելի ընթերցողը ինձ հետ կուզենա կիսել մտահոգությունս:
Ատենե մը ի վեր մտածում էի Ծիծեռնակաբերդի բլուրի վրա գտնվող 1915 թվականի հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մասին:
Հուշարձանը կառուցվեց 1965-1967 թվականներուն, 1965 թվականին եղեռնի 50-ամյակին նվիրված, Պարտիայի կողմե կազմակերպված հանդիսավոր նիստեն հետո: Շուտով պարզվեց, որ Սովետական Միությունում 1915 թ. թուրքերու կողմե կազմակերպված Հայոց ցեղասպանությունը հիշելն անգամ արգելված էր: Այդպես ալ սովետական պետությունը մինչ այդ չէր ճանաչել Ցեղասպանությունը եւ մինչեւ իր գրողի ծոցը գնալը թուրքերի հետ սիրաբանությունը շարունակում էր:
Արդեն 1918 թվականին օսմանցի իթթիհատական ոճրագործ կուսակցության ներկայացուցիչները բանակցում էին ռուս բոլշեւիկների հետ, որոնք հարազատ ժառանգորդներն էին այն Ռուսաստանի, որը շատ էր ուզում ունենալ Հայաստանը, բայց առանց հայի... Եվ 1919 թվականին մերօրյա «Թուրքական Հանրապետության» հիմնադիրըՙ զորավար Մուսթաֆա Քեմալը արդեն Մոսկվայում էՙ եղբայրության ուխտ կնքելու բոլշեւիկներու հետ: Եվ զինված բոլշեւիկյան զենքով եւ գրպանները մաքուր ռուսական ոսկիով լեցուն կռվում էր ֆրանսիացիներու, անգլիացիներու եւ խեղճ հույներու դեմ, որոնց ալ առաջին հերթին Էգեյան ծովը թափեց Իզմիր քաղաքից... Իսկ անգլիացիները եւ ֆրանսիացիները իրենց հարգանաց հավաստիքն հայտնելե վերջ Քեմալինՙ դուրս եկան այսօրվա «Թուրքական Հանրապետության» սահմաններից, որն այդ ժամանակ տակավին գոյություն չուներ, իրենց բաժին կտորը լեշի վերածված Օսմանյան կայսրությունից, եւ արդեն ամեն ինչ անում էին օգնելու իրենց նախկին թշնամի մարդասպան Քեմալինՙ ստեղծելու այսօրվա թուրքական սարքովի հանրապետությունը:
Մի կողմից բոլշեւիկներն էին օգնում, մյուս կողմիցՙ «իմպերիալիստական պետությունները», որ թուրքական սուտ հանրապետությունը կայանար: Քեմալը անմիջապես նկատեց նոր ստեղծված կացության հրաշալի հեռանկարները: Հրաշքը ուրիշ ինչպե՞ս կրնար ըլլալ: Իսկ թուրքին հացին կարագ քսելու սիրահոժար պատրաստ էին իրարու մահացու թշնամի այդ զազրելի բոլշեւիկները եւ եվրոպացիները... Թուրքին մնում էր փոխնիփոխ հացը երկարել մեկունՙ քամակը ցույց տալով մյուսին, եւ այսպես կյանքը առաջ էր գնում...
Եվ ահավասիկ շատ պարզ չէր, թե ինչպե՞ս Հայաստանի բոլշեւիկյան պարտիան որոշեց Հայոց ցեղասպանության հիսնամյակը նշել Երեւանի Օպերայի շենքում հանդիսավորապես...
Ռուս-թուրքական եղբայրության ուխտը արդեն 45 տարվա վաղեմություն ուներ, եւ ռուսները արդեն հազար անգամ հայտարարել էին, որ իրենք թուրքերու եղբայրներն են եւ որեւէ հողային պահանջ չունեին թուրքերից: Եվ ահավասիկ, խառնակիչ հայերը նորից ջուր էին պղտորումՙ «հողերը, հողերը» գոչում: Իսկ էդ հայերը ովքե՞ր էին, քանի՞ գլխանի էին, որ իրենց թույլ տրվեր ռուսին եղբայր թուրքի մազի մի թելին անգամ կպչելու:
Բայց եւ այնպես, 1965 թվականին եղեռնի 50-ամյակը կեղծ նշվելուց հետո Երեւանի Ծիծեռնակաբերդ կոչվող բլուրի վրա բարձրացավ Եղեռնի հուշարձանը (գործՙ ճարտարապետներ Արթուր Թարխանյանի եւ Սաշուր Քալաշյանի): Պետք է ընդունենք, որ ճարտարապետները հաջողությամբ կատարել էին իրենց պատվիրատուիՙ սովետական իշխանության առաջադրանքը: Հուշարձանը կոչվում էր Եղեռնի հուշարձան, բայց դժվար թե գտնվեր ոմն, որ մոտենալով հուշարձանինՙ այնտեղ գտներ որեւէ ակնարկություն մեկուկես միլիոն հայերու սպանդին մասին: Պարզ չէ՞, որ Երեւանում Եղեռնի 50-ամյակի նշումը բոլշեւիկներու կողմե եւ Եղեռնի հուշարձանի դրվիլը պարզապես ձեւական էրՙ հայերին ֆռռացնելու համար էր:
Եվ այսպես, արդեն 50 տարիներե ի վեր ամեն Ապրիլի 24-ի օրը հայերը (միլիոնավոր) արդեն այցելել եւ այցելում են Եղեռնի հուշարձան: Այդ օրը առավոտվանից ձայնասփյուռով սիրելի, ծանոթ հայկական մեղեդիներ են ձայնասփռվում, եւ հայերը ծաղիկներով մոտենում են Եղեռնի հուշարձանի կենտրոնում բոցավառվող հավերժական կրակին եւ ծաղիկ են դնում վառվող կրակի շուրջը, որը վառվում էՙ հիշեցնելու սգակիր հայերուն, որ Եղեռնի զոհերի հիշատակը միշտ վառ է մնալու եւ չի հանգչելուՙ շնորհիվ Հայաստան ներմուծվող թուրքմենական գազի: Անշուշտ, պարզ չէՙ ինչո՞ւ հայերը ընտրեցին գազ վառելանյութը, որը Հայաստանի ընդերքում չկա, եւ չընտրեցին մշտահոս Հայաստանի ջուրը, որն ավելի իրական խորհրդանիշ է հավերժության: Միայն թե օտարից թխեն...
Ապրիլի 24-ի օրը աշխատանքային չէ, արձակուրդային է, եւ հուշարձան այցելելուց հետո այդ օրը կարելի է անցկացնել «վոդկայի» շշերը դատարկելով...
Իսկ Եղեռնի հուշարձանը դրվելուց առաջ Սովետական Հայաստանի բնակիչներն ի՞նչ էին իմանում 1915 թվականի Եղեռնի մասին, իրենց երկու միլիոն սպանված եղբայրներու մասին: Համարյա ոչինչ:
Որքան որ գիտեմ, հուշարձանի պաշտոնական բացումը չեղավ... բայց մարդիկ ծաղիկ առած սկսեցին այցելել Եղեռնի հուշարձան:
Կհիշեմ, տարիներ անց մի անգամ սեղանի շուրջ մի իրավաբանի հետ էի զրուցում, որուն նոր էի ծանոթանում, եւ այդ իրավաբանը խոստովանեց, որ բավական կարդացած ըլլալով հանդերձ, ինքը մինչեւ 65 թիվը չի իմացել թուրքերու կողմե կազմակերպված Հայոց ցեղասպանության մասին:
Եվ ահավասիկ մոտենում եմ բուն նյութին, որուն մասին ուզում էի գրել: Ուզում էի հոդվածով մը անդրադառնալ մանավանդ Երեւանում գոյություն ունեցող հուշարձանների մասին, որոնք հիմնականում դրվել են մայրաքաղաքում երկրորդ հանրապետության օրոք: Խեղճ առաջին հանրապետությունը ընդամենը երեսուն ամսվա կյանք ունեցավ եւ «շունչը փչեց»... Եվ նկատելով, որ մեր մայրաքաղաքում դրված հուշարձաններից ամենանշանավորը, կարեւորը, ամենանշանակալիցը Ծիծեռնակաբերդում դրված 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանն է, ուզեցի նախ իմ մտորումները այդ հուշարձանին մասին գրի առնել: Երեքհազարամյա մեր պատմության մեջ հայ ազգին հետ պատահած ավելի հիշարժան եւ անմոռանալի եւ ամենաօրհասական, ճակատագրական, մարդկության պատմության մեջ ամենազարհուրելի եւ անբացատրելի, որեւէ արդարացում չունեցող ոճիր կա՞... Չեմ կարծում: Ի՞նչ ուրիշ նշանավոր բան եղած է հիշարժան Հայոց պատմության մեջ: Մենք դժբախտաբար միշտ եղել ենք փոքր ազգ, եւ եթե ունեցել ենքՙ ունեցել ենք կիսանկախ պետություն: Գիտենք մարդկության համաշխարհային պատմութենեն, որ մարդ արարածիՙ Երկիր մոլորակի վրա հայտնվելուց ի վեր չի անցել մի օր մոլորակի վրա առանց պատերազմի, բայց ամբողջ ազգ մը ոչնչացնելու փորձ կարծեմ չի եղել: Մանավանդ մի քաղաքակիրթ ազգ, որ հազարավոր տարիներ ապրում էր իր բնօրրանում: Ապրում էր, գործում էր, ստեղծագործում, եւ հանկարծ մի խումբ մարդակերպ վիժվածքներ զինված հարձակվում են անզեն մարդկանց վրա եւ նորածին երեխայից մինչեւ մահամերձ ծերունին սկսում են կոտորել, եւ մի քանի ամսվա ընթացքին մեր ազգի կեսից ավելին ոչնչացվում է սիրիական անապատները աքսորի ճանապարհներու վրա: Եվ այդ ոճրագործ ազգը ունի այսօր պետություն, անդամ է ՄԱԿ-ին, եւ քաղաքակիրթ կոչվող մեծ պետությունները զիրար հրմշտելով փորձում ենՙ որքան հնարավոր է ավելի խորը մտնել այդ ոճրագործ պետության քամակը: Ի՞նչ է եղել որ: Ատոմական ռումբ, արշիպելագ գուլագ սարքողներից տարբեր բան էի՞նք սպասում: Պարզապես, ըսելիքս այն է, որ հայ ազգը եթե վերջնականապես վերանա Երկիր մոլորակի երեսից, եթե վերջին հայն ալ իր վերջին շունչը փչի, չեմ կարծում, որ մարդկությունը դրա համար հոտնկայս մի րոպե լռության հսկում կատարիՙ իբրեւ հարգանքի նշան: Ի՞նչ հարգանք...
Այո, մենք ունեցանք հուշարձան հայրենի հողի վրա, բայց ի՞նչ էր այդ հուշարձանը կառուցելու իմաստը, նպատակը, ի՞նչ հիշատակ էին ուզում հավերժացնել այդ հուշարձանը կառուցողները...
Սովետական իշխանության օրոք Հայաստանի հողին վրա դրված Եղեռնի հուշարձանը չէր կարող չըլլալ ձեւական... Բայց այսօր, երբ մենք անկախ պետություն ունենք, պարտավոր ենք այդ թերի հուշարձանը վերածել իրական հուշարձանի: Մեզ շատ պետք է Եղեռնի իսկական հուշարձան:
Քիչ առաջ ես ինձ հարց էի տալիսՙ ի՞նչ է այդ հուշարձանի իմաստը, մեր կյանքում կատարելիք դերը: Ես կարծում եմ, որ այդ հուշարձանը հայ ժողովրդի ճակատագրի պատմությունը պետք է ըլլա: Դա պետք է ըլլա մարդկության պատմության գրքի հայոց էջը: Այդ էջը պետք է ըլլա հայոց Եղեռնի պատմությունըՙ սկզբից մինչեւ վերջ, որովհետեւ այդ պատմությունը վերջավորություն մը ունի, որուն համար ալ գրվելու էր այդ պատմությունը: Չէ՞ որ մենք մարդ էինք եւ ոչ սպանդանոցի անասուն, եւ մենք պետք է ապացուցեինք եւ ապացուցեցինք, որ մարդ ենք, եւ ազնվագույն տեսակի: Եվ ահավասիկ ի՞նչ հիշատակի հավերժացման նվիրված պետք է ըլլար հուշարձանը: Բայց չէ՞ որ հայ ազգը ծնած էր զավակներՙ հատուկ գործի համար, հատուկ միսիայով... Երգ մը ունեինք երգելուՙ մեր կարապի երգը...
Օրինակի համարՙ ո՞վ պիտի պատժեր Թալեաթին եւ իր խումբինՙ մարդկության դեմ իրենց գործած ոճիրներու համար, ինչո՞ւ Առաջին համաշխարհային պատերազմեն վերջ ամերիկացիները, ռուսները, ֆրանսիացիները, անգլիացիները չձերբակալեցին եւ չդատեցին ու չպատժեցին մարդկության դեմ ոճիր գործած հանցագործները: Ընդհակառակըՙ բոլոր ոճրագործներուն ապաստաններում թաքցնում էին: «Մեծ դաշնակիցները» դավաճանեցին իրենց «փոքր դաշնակցին»: Այդ դաշանկիցը ինկած էր, բայց դեռ ողջ էր: Սպանելու հերթը նրա՛նն էր: Նրա՛ պարտականությունն էր շանսատակ անել իթթիհատական ոճրագործները:
Մարդ արարածը արժանի չէր գոյություն ունենալու, եթե միայն ֆիզիկական ուժը իշխեր եւ կառավարեր մարդուն: Եվ մեծը եւ ուժեղը գործե անկաշկանդ...
Եվ ահավասիկ հայ ազգը ծնել էր զավակներ, որոնք եկել էին կատարելու մարդկության կողմից իրենց վրա դրված պարտականությունը: Հայ ազգը դեռ գոյություն ուներ, որպեսզի կատարեր իրեն վերապահված այդ պարտականությունը: Որպեսզի մարդ արարածը մարդ կոչվելու իրավունքը ունենար... Եվ ահավասիկ ճիշտ ժամանակին հայտնվեցին «ընտրյալները», որոնք պիտի իրականացնեին մարդկության կողմե իրենց վրա դրված պարտականությունը: Ո՞վ պիտի դատեր եւ իրենց արժանի պատիժը տար մարդկության դեմ ոճիր գործած պետական գործիչներուն: Ո՞վ, եթե ոչ հայերը, եւ միմիայն հայերը: Թալեաթին ո՞վ պետք է պատժեր, ամերիկացի՞ն, անգլիացի՞ն, ֆրանսիացի՞ն, թե՞ ռուսը, որոնք դավաճանել էին հայ ազգինՙ ուրանալով ցեղասպանությունը, եւ դժբախտաբար այսօր տակավին հայեր կան, որոնք փոխանակ գետինը մտնելու, մուրացկաններու պես սողում են օտարներու ոտներուն տակ, օտարներու թուքով իբրեւ անձրեւ իրենց կեղտոտ երեսը լվալու... Ամերիկան քեզ ընդունել է, ապրում ես, լոբբիստս ո՞րն է, այսինքն հայրենասե՞ր ես, եթե սիրել գիտես, նոր հայրենիքդ սիրե: Այդպես էլ ասում էՙ քեզի նոր հայրենիքդՙ սիրե այս երկիրը, եթե չես կարող, թող գնա՜...
Այո, չմոռնամ ասելիքս: Հայրենասե՞ր ես ուզում, խնդրեմ:
Ահավասիկ հայ ազգի հարազատ զավակների մի խումբ Արեւմտահայաստանի դաշնակցականներից, սքանչելի Շահան Նաթալիի ղեկավարությամբ, ստեղծեցին մարդկության պատմության մեջ առաջին դատարանը, որ պետք է դատեր մարդկության դեմ ոճիր գործած պետական գործիչները, դատեր եւ պատժեր հանցագործները: Եվ ահավասիկ, սքանչելի Շահան Նաթալիի գլխավորությամբ հավաքվեց «Նեմեսիս» խումբը, որը առանց ժամանակ վատնելու գործի անցավ: Ստեղծվեցավ պատմության մեջ առաջին դատարանըՙ Նյուրնբերգի դատարանից 30 տարի առաջ, որ պետք է դատեր մարդկության դեմ ոճիր գործած առաջին պետական գործիչները: Թալեաթի եւ իր խումբին դատը կայացավ եւ հանցագործները մահվան դատապարտվեցան, սկսավ ոճրագործներու որջերու փնտրտուքը, եւ ոճրագործները մեկ-մեկ հայտնաբերվեցան եւ տեղնուտեղը շանսատակ եղան: Մեծագույն դահիճ Թալեաթը բաժին ինկավ հերոս Թեհլիրյան Սողոմոնին: Գերմանացիները եթե մարդ ըլլային, այն տեղումՙ Բեռլինի փողոցում, ուր Թալեաթը շանսատակ եղավ, հուշարձան կկանգնեցնեին ի պատիվ Թեհլիրյանի, բայց գերմանացիները մարդ չեղան. իրենք ի՞նչ պակաս սրիկա էին թուրքերից, ցեղասպան...
Եթե մենք հուշարձան պիտի չկառուցենքՙ հանցագործները պատժողներուն հիշատակը հավերժացնող, եթե հայ ազգին բոլոր ժամանակներու մեծագույն քաջերուՙ Շահան Նաթալիի խումբին անդամներու հիշատակը հավերժացնող հուշարձանը պիտի չըլլա Եղեռնի հուշարձանը, Ցեղասպանությունը կազմակերպողները պատժողներուն նվիրված պիտի չըլլա հուշարձանը, եթե մենք այդ հուշարձանով պիտի չդաստիարակենք մեր սերունդները, հերոսներու օրինակով պիտի չդաստիարակենք մեր զավակները, հապա ո՞ւմ է պետք հուշարձանը:
Չեմ իմանում, բոլոր պետություններում կա տվյալ ազգը խորհրդանշող մի կառույց, մի հուշարձան, որը ժամանակի ընթացքին վերածվում է այդ ազգի, պետության խորհրդանիշի: Օրինակ, Փարիզումՙ Աստղի հրապարակում անծանոթ զինվորի հիշատակին նվիրված հաղթական կամարը, որը կապված է Նապոլեոն կայսրի անվան հետ, այդ կամարի վրա կա ֆրանսիացի քանդակագործ Ռյուտի «Մարսելյեզ» հրաշալի քանդակը: Ահավասիկ, ազգային հիմները ի՞նչ են, որոնց կատարման ժամանակ մարդիկ պետք է ոտքի կանգնեն: Ամերիկացիները իրենց աջ ձեռքը պահում են իրենց սրտի վրա, երբ կատարվում է հիմնը: Նաեւ պետական դրոշը, որ լաթի գունավոր կտոր մը չէ պարզապես, այլ ազգային սրբություն: Վերջը, Փարիզի հաղթական կամարին այցը անպայման ծիսակատարություն է, որուն մասնակցությունը պարտադիր է ամեն օտար բարձրաստիճան հյուրին, որը ծաղկեպսակ է դնում եւ խոնարհվում հուշարձանին:
Գիտեմ, որ ռուսներուն սրբություն սրբոցը, աստված հեռու ընե, մարդասպան Լենինի դամբարանն էր: Ահավասիկ Թուրքական Հանրապետության սրբություն սրբոց հուշարձանն է հայոց դահիճ Մուսթաֆա Քեմալի դամբարանը, ուր անպայման պետք է այցելի որեւէ պետական այր, որ գտնվում է Թուրքիայում, մանավանդ պետական գործով: Իսկ եթե վաղը թուրք պետական գործիչ մը այցելի Հայաստան, նա ո՞ւր պիտի այցելիՙ իբր իր հարգանքի տուրքը մատուցելու մեր ազգին: Անշուշտ, պիտի այցելի Եղեռնի հուշարձանը, եւ մտքին մեջ պիտի ծիծաղի իր կատարած գործին համարՙ մեկուկես միլիոն անզեն հայեր ոչնչացնելու համար: Բայց եթե այնտեղ դրված ըլլար «Նեմեսիս» խումբին հուշարձանը եւ այնտեղ ստոր թուրքը տեսներ իրենց ազգային հերոսինՙ մարդասպանին շանսատակ անող Սողոմոն Թեհլիրյանին արձանը, կարծեմ կերած ապտակը երկար ժամանակ չէր մոռնար...
Ինչո՞ւ եւ մինչեւ ե՞րբ մենք մարդկության ներկայանալու ենք ծեծ կերած, անարգված եւ վերջում անասունի պես մորթված, այնպես, որ մեզ խղճան: Խղճալի մարդուն չեն հարգեր: Մենք կոտորվել ենք, այդ հարցին մեջ մեր հանցանքի բաժինը չեմ քննարկում. մեր հանցանքը փոքր եւ անզեն ըլլալն էր: Բայց որ մենք հայերս ենք, ահավասիկ, այստեղ առաջինը, որ մարդկության դեմ ոճիր գործած պետական այրերը մահվամբ պատժել ենք, այս մասին ինչո՞ւ ենք լռում, ինչո՞ւ չենք հպարտանում: Ինչո՞ւ չենք հիշեցնում մարդկության, որ հայը արժանի է մեծագույն հարգանքի եւ մարդկությունը պարտավոր է հարգել հայուն եւ խոնարհվել հայուն առաջ: Ամերիկացի հայ լոբբի՞ստն է հայ ազգի ներկայացուցիչը... Ուրիշ հայ չմնա՞ց (մեղա՜, մեղա՜):
Եղեռնի հուշարձանը պետք է վերաշինվի եւ դառնա իսկապես հայության հպարտությունը: Դա հայ քաջերու հուշարձանը պետք է ըլլա: Այդ հուշարձանը միայն հայերու համար չէ, այլ համայն մարդկության: