ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2011-10-22 | #19, 2011-11-05 | #20, 2011-11-19


ԴԱՐՁՅԱԼ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՄԱՍԻՆ

Նոր բացահայտումներ նրա գրած նամակների վերաբերյալ

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

Օրինաչափություն երեւի պետք է համարել այն, որ տաղանդավոր մարդկանց հանդեպ հետաքրքրասիրությունն անմար է: Տարիներ, տասնամյակներ, նույնիսկ որոշ դեպքերում դարեր շարունակ մարդիկՙ արվեստագետներ, պատմաբաններ թե քննադատներ փորձում են նոր խոսք ասել, նորովի բացահայտել նրանց: Մասնավորեցնելով մեր խոսքըՙ նշենք, որ Արշիլ Գորկին էլ դասվում է այդ տաղանդավոր մարդկանց շարքին: Մահվանից ավելի քան 60 տարի անցՙ այսօր, առավել քան երբեւէ, վերաիմաստավորվում է նրա թողած ժառանգությունը:

«Ազգ»-ը տարին սկսեց իր «Մշակույթ» երկշաբաթյա պարբերականությամբ լույս տեսնող հավելվածում 2010 թվին Ֆիլադելֆիայում մեկնարկած եւ այնուհետեւ Լոնդոնում եւ Լոս Անջելեսում շարունակված Արշիլ Գորկու հետահայաց ցուցահանդեսի առթիվ լույս ընծայված շքեղ ալբոմից օտար արվեստաբանների հոդվածները ներկայացնելով իր ընթերցողներին: Տպագրվեցին Ռոբերտ Սթոոի «Նկարիչների նկարիչը» (փետրվար 19, 2011) եւ Մելիսա Քերի «Գորկու կյանքի եւ ստեղծագործության հիմնական տարեթվերի ժամանակագրություն» (մարտ 5 եւ 19, 2011) հոդվածները: Դրանցից առաջՙ 2010-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տպագրվել էր Մայքլ Թեյլորի «Վերագնահատելով Արշիլ Գորկուն» հոդվածը: Այս հեղինակները նոր տեսանկյունից էին դիտում հայազգի մեծ արվեստագետին: Եթե անցյալ դարի 60-90-ական թվականներին հրատարակված ալբոմներում այնքան մեծ տեղ չէր հատկացվում Գորկու հայկական ծագման եւ մանավանդ 1915-ի Մեծ եղեռնի ականատես լինելուն եւ դրա հետեւանքներին ու ազդեցությանն իր նկարչական հետագա գործունեության վրա, ապա վերջին շրջանի արվեստագետների գնահատականներում այդ հարցը իր պատշաճ արժեւորումն էր ստանում:

Բայց դրանցով չէր ավարտվում Գորկու հանդեպ հետաքրքրությունը: Նրա ստեղծագործությունների վերաբերյալ հրատարակված ուշագրավ գրքերից պետք է համարել 2010-ին լոնդոնյան ցուցահանդեսի առիթով «Թեյթ» պատկերասրահի հոգաբարձուների խորհրդի պատվերով լույս ընծայված Մեթյու Գեյլի ալբոմը, որը բաժանված է չորս հիմնական մասերիՙ ա. «Պատերազմներ, կոտորածներ, սով», բ. «Գիշեր, առեղծված եւ կարոտախտ», գ. «Իրականության ծանրությունը» եւ դ. «Բնությանը հավասար մի աշխարհ» խորագրերով: Ալբոմն ունի նաեւ առաջաբան, ներածություն եւ ծանոթագրություններ բաժինները:

Երկրորդ ուշագրավ գիրքը դարձյալ Լոնդոնում հրատարակված (այս անգամ Ռայդինգհաուս հրատարակչատան կողմից) Մեթյու Սփենդերի «Այծեր տանիքի վրա» («Goats on the Roof») Գորկուն վերաբերող նամակների, գրախոսականների եւ փաստաթղթերիՙ տարօրինակ վերնագրով հավաքածուն է:

Մեթյու Սփենդերը, ինչպես նախապես նշել ենք, Գորկու ավագ դստերՙ Մարոյի (ծնված 1943-ի ապրիլի 5-ին) ամուսինն է: Ծնվել է Լոնդոնում, 1945 թվին: 1968-ին կնոջ հետ տեղափոխվել է Իտալիա, որտեղ դարձել է գրող եւ քանդակագործ: 1999-ին հրատարակել է Գորկու կենսագրական հատորըՙ «Բարձր վայրից» («From a High Place») վերնագրով:

Ինչ վերաբերում է իր նոր գրքի վերնագրի ընտրությանը, նա բացատրում է, որ Վանա լճի տարածքում գտնվող գյուղական վայրերում «այծերը կարող էին մարդկանց գիշերվա քունը խանգարելՙ ցատկելով տների հարթ տանիքների վրա, ճաշակելուՙ չորացնելու համար այնտեղ փռված համով ու այնքան հարգի ծիրանները»: Գորկին, ըստ հեղինակի, օգտագործել է այդ բառակապակցությունըՙ արտահայտելու աշխարհի հետ անհամերաշխ լինելու, չհամակերպվելու իր զգացումը: Ակնհայտ է, որ նոր, անծանոթ միջավայրում օտար, անհանգիստ զգալու, անընդհատ ստիպողական պայքար մղելու անհրաժեշտությունը եւ անցյալիՙ «մեր էրգրի» հիշողությունները մշտապես հետապնդել են նրան: Դրանց վառ ապացույցներ են ամեն առիթով «քողարկվելու» նրա փորձերը, իր համար նոր «ինքնություն» ձեռք բերելու ջանքերը: Նաեւ քրոջըՙ Վարդուշին գրած հայերեն նամակները, որոնց բնագրերը ցարդ ի պահ են տրված եղել Նյու Յորքի Հայ առաքելական եկեղեցու արեւելյան թեմին: Դրանցից մեկում նա գրում է. «Անշուշտ դժուար է... գտնել... ընկերներ: Դու պէտք է աշխատես... մի միջաւայր գտնել եւ կամ ստեղծել քեզ համար, որովհետեւ մինակութիւն տանելու բան չէ եւ ես հասկանում եմ, որովհետեւ ես էլ այդ դրութեան մէջ եմ...» :

Գրքում տարբեր արվեստագետների, ընկերների, ուսանողների կողմից տարբեր առիթներով (ցուցահանդեսներ, հանդիպումներ եւ այլն) գրված գրախոսականների, հիշողությունների կամ տպավորությունների կողքին առաջին անգամ որպես հավելված տեղ են գտել նաեւ այդ նամակների հայերեն բնագրերը, որոնք հեղինակը կարողացել է ձեռք բերել հայկական եկեղեցուց:

Ի դեպ, 1991-ի մարտի 11-ին երբ ճանաչված արվեստաբան Շահեն Խաչատրյանն այցելում է Գորկու քրոջըՙ Վարդուհուն, Չիկագոյում (ԱՄՆ), վերջինիս որդինՙ Կարլենը, հիվանդ պառկած է լինում եւ Գորկու նամակների բնագրերը ձեռք բերելու Խաչատրյանի խնդրանքին խոստանում է ընդառաջել, «բայց ավելի ուշ»: Այդ «ավելի ուշ»-ը, դժբախտաբար, երբեք իրականություն չի դառնում, որովհետեւ քիչ ժամանակ անց Կարլենը մահանում է: Բարեբախտություն է, որ մայրըՙ Վարդուհին, ճիշտ կողմնորոշվելով այդ նամակները եւ ուրիշ փաստաթղթեր իր մահվանից առաջ (որդու մահից ընդամենը մի քանի ամիս անց) հանձնում է Նյու Յորքի հայկական եկեղեցուն: Ահա այդտեղից էլ դրանք անցնում են Մեթյու Սփենդերի ձեռքը եւ տեղ գտնում նրա անգլերեն գրքում, այն բանից հետո, երբ եկեղեցու հոգեւորականներիցՙ բանասեր եւ մտավորական Հայր Գրիգոր Մագսուտյանը դասակարգում եւ վերլուծական մի նախաբան է գրում դրանց համար: Սփենդերի գրքում հայերեն նամակներից առաջ զետեղված Հայր Մագսուտյանի անգլերենով գրված մանրակրկիտ ուսումնասիրությունից տեղեկանում ենք, որ այդ մոտ 50 նամակները ա.համարակալված են, բ. այնքան էլ մռայլ տոնով գրված չեն, մի քանիսում նույնիսկ հումորի զգացումը նկատելի է, իսկ մեծ մասը լավատեսական երանգ ունի, գ. գրված են շտապ, շեղակի տառերով եւ կետադրական նշանների ամբողջական բացակայությամբ, կամ չափազանց քիչ օգտագործմամբ, դ. ներառում են մեկ-երկու թուրքերեն բառեր, ինչպես, օրինակ, «թեմբել» (ծույլ, Գորկին ընդունում է, որ նամակ գրելու բնագավառում ինքը ծույլ է: «Այո, ես թամպալների թագաւորն եմ», գրում է նա 1938 հունվարի 1-ի նամակում) եւ «թութխալ» (սոսինձ) եւ մի քանի ռուսերեն եւ անգլերեն բառեր, որոնք ցույց են տալիս, որ այդ լեզուներին նա այնքան էլ լավ չի տիրապետել, ե. գրված են առօրյա հասարակ լեզվով ու ոճովՙ երբեմն շփոթություն ստեղծելով «դ-տ», «բ-պ» կամ «գ-կ» բաղաձայների արտասանության եւ գրելաձեւի մեջ (հավանաբարՙ վաղ տարիքում արեւմտահայերենի եւ արեւելահայերենի հետ գրեթե միաժամանակյա առնչություն ունենալու արդյունքում), զ. հաճախակի են ընտանիքի բարօրությանը եւ առողջությանը վերաբերյալ հարցադրումները, ինչպես նաեւ լավատեսական արտահայտությունները (նույնիսկ արվեստանոցի հրդեհի մասին գրած 1946 թվի փետրվարի 5-ի նամակում նշում է. «Ոչ մի նկար, ոչ մի գծագրութիւն ես չի կրցի ազատել: Ամէն ինչ, գրքերս վառվան եւ փոշի թառցան: Ես չեմ ուզել աւելին գրել այդ մասին եւ չեմ էլ ուզեր, որ դուք մտահոգուէք ատոր մասին: Մենք լաւ ենք: Ես նորէն կաշխատեմ» ): է. Ակնհայտ է կարօտը կորսված հայրենիքի հանդեպ («Այս քաղաքը (Սան Ֆրանցիսկոն) բաւական լաւ տեսարաններ ունի եւ օդը շատ զօվ է, կարծես թէ մեր երկրի օդն է եւ տաքութիւնը ապրիլին եւ մայիսին օդին է նմանում» ):

Հայի իր ինքնությունը պահպանելու վառ օրինակ է նաեւ նամակները հայերեն լեզվով գրելը (թեկուզ ուղղագրական սխալներով), քանի որ ըստ Հայր Մագսուտյանի, այդ շրջանին Մ. Նահանգներ փոխադրվածներից շատերը որոշ ժամանակ անց անգլերեն էին գրում իրենց նամակները: Նա նաեւ իր նամակներում ընդունված «մեմ» կամ «դեդ» բառերի փոխարեն «մայրիկ» եւ «հայրիկ» բառերն էր օգտագործում իր մոր եւ հոր մասին գրելիս: Ավելին, Ագնեսի (ապագա կինը) մասին գրելիս նշում է. «Ես եւ նա միշտ էլ ձեր մասին կը խօսինք: Նա մի քանի բառ հայերէն էլ է սօվօրել եւ «Հովիւը սարին տխրեց» է երգում» : Նաեւ անցյալի երգերի մասինՙ «Ես Ձեր մասին միշտ էլ մտածում եմ եւ երբեմն էլ քո երգած երգերը կը երգեմ ինձ մխիթարելու համար» : Նույնիսկ «ջան», «աղչի» (աղջի), «պուճուր», «անուշիկս», «Ակնէս եւ ես քաթա շինեցինք, բայց ամեն բանի կը նմաներ, բայց ոչ քաթայի» , բառերն ու արտահայտությունները վառ օրինակներ են իր ինչպես կարոտախտի, այնպես էլ հայկական ինքնության: Նաեւ այն, որ հակառակ որպես նկարչի Արշիլ Գորկի անվան օգտագործման, բանկային հաշիվներում նա պահպանել է իր իսկական անունը ( «Արդէն պանքի գիրքը իմ անունով եմ հանել, այսինքնՙ Մանուկ Ատօեան» ): Եվ վերջապես ը. մաքուր սրտով ու բացահայտ ներկայացված են մանրամասնություններ իր նկարչական գործունեության (նկարելու ընթացքի, ավարտի եւ վաճառքի) եւ մանավանդ այդ բնագավառում չափազանց բծախնդիր ու սկզբունքային լինելու իր բնավորության մասին ( «Ուրիշ ոչինչ բացի իմ գործս: ...Դրա համար ինձի մտային տանջանք է տալիս միշտ: Ես գոյ (գոհ) չեմ եւ թերեւս ոչ մի օր ալ գոյ չի պիտի ըլլամ իմ գործերէս» ):

Բայց պետք է խոստովանել, որ մինչ այժմ շրջանառության մեջ դրված նամակների հետ դրանք այնքան էլ առնչություն չունեն: 2005-ին Սեյրանուհի Գեղամյանի խմբագրությամբ լույս տեսած «Արշիլ Գորկի: Նամակներ» գիրք-ալբոմի առաջաբանում դեռ այն ժամանակ արվեստաբան Շահեն Խաչատրյանը գրում էր. «... Ըստ մեզ հասած տեղեկությունների, Մուրադյանների արխիվում պահպանվող որոշ նամակներում հավելումներ կան, եւ որոշ նամակների բնագրերը բացակայում են: Կարծիք է հայտնվել, թե դրանք ոչ թե պակաս են, կամ ինչ-ինչ պատճառներով չկան, այլ հորինվել են Կարլենի կողմից: Որքանով է ճիշտ այս ենթադրությունը, հաստատել չենք կարող» :

Այժմ, Մեթյու Սփենդերի նոր գրքում տեղադրված նամակների բնօրինակների առկայությամբ մենք կարող ենք հաստատել, որ դրանք իրոք մեծ մասամբ հորինվել են եւ գեղարվեստական տեսքի բերվել Կարլեն Մուրադյանի գրչի հարվածով: Հատկապես նոր սերնդի արվեստասերներին հասցեագրված «Ճանաչիր եւ սիրիր» ընդհանուր խորագրի ներքո արվեստաբան Շահեն Խաչատրյանը վերջին շրջանում լույս ընծայած հայազգի արվեստագետներին նվիրված իր շարքի 4-րդ գրքույկում (*) իրավացիորեն գրում է. «Իր նամակները Գորկին գրել է ընտանեկան կապերի անկեղծ զգացումով ու առանց ստեղծագործական մտահղացումների եւ իր հուշերի երկար շարադրմամբ: Մինչդեռ Կարլենի հորինած տողերում հնչում են հատկապես հայրենիքի հետ կապված խոհեր ու ապրումներ: Ահա մի օրինակ. «Հայաստանը, որ մենք կորցրինք, վերստին տիրանալու եմ իմ արվեստով եւ իմ վրձնով վերակենդանացնելու եմ ամբողջ աշխարհի համար...» :

Նման կարծիքներն, իհարկե, չեն եղել բոլորովին անհայտ եւ կարելի է հանդիպել նկարչի մտերիմ արվեստագետների գրություններում: Օրինակՙ Դ. Բուրլյուկը իր հոդվածում (1933) Գորկուն բնութագրում է որպես «անվերջ այրվող հրաբուխ», ապա խոսում հայրենիքի հանդեպ նրա կարոտի ու հայրենիք վերադառնալու որոշման մասին: Նույն տարիներին հայտնի տեսաբան Ֆ. Կիեզլերը գրել է. «Կովկասցու մարմնի մեջՙ եվրոպական միտք... Այս օտարականը ճիշտ է կշռում իր ծավալը եւ պատրաստ է կոտրել սեփական աշխարհի դռները»: Բազում ասույթներից հիշենք նաեւ ամերիկացի մի քննադատի խոսքը. «Տարագիր նկարիչ, որի համար արվեստը դարձել է հայրենիք» :

  Հայրենիքի հանդեպ անմար կարոտն ու մայր ժողովրդի ողբերգությունն է մեկնել Կարլենը: Պարզ է, որ նա նպատակ է ունեցել իր գրածները հնչեցնել արդեն հռչակավոր դարձած Գորկու լեզվով եւ... թույլ է տվել անընդունելի սխալ: Եթե այդ շարադրանքը Կարլենն առանձին հրատարակեր, կարող էր շատ ավելի գերող ընկալվել մորեղբոր հանդեպ իր սերը» :

Իրավամբ, Կարլենն այսքան երկար ժամանակ իսկական խառնաշփոթ է ստեղծել իր գրչով հորինված նամակները իբրեւ Գորկու բնագրերը ներկայացնելով:

Չմոռանանք, որ 1970-ականներին Կարլեն Մուրադյանի (1935-1990) կողմից անգլերենով լույս ընծայվելուց հետո, դրանք թարգմանվեցին հայերեն, այն դեպքում, երբ հայերեն բնագրերը արդեն գոյություն ունեին: Այնպես որ, խառնաշփոթությանը զուգահեռ ինչքան ավելորդ աշխատանք եւ էներգիա ծախսվեց, որից կարելի էր խուսափել: Կարլենը Վարդուշ եւ Մուրատ Մուրադյանների միակ որդին էր: Ծնվել էր եւ մկրտվել Կարլեն (Կարլ Մարքս եւ Լենին անունների հետեւողությամբ) Հայաստանում: ԱՄՆ տեղափոխվելուց հետո, նախքան համալսարանական ուսում ստանալը, ցանկացել է ամբողջապես ամերիկացի երիտասարդ լինել, բայց հայ ժողովրդի ճակատագրին ծանոթանալովՙ այս անգամ փորձել է օտարներին ծանոթացնել հայերի պատմությանը եւ ընկել ծայրահեղությունների մեջ:

Ինչեւէ: Այժմ մեր ձեռքի տակ ունենալով Սփենդերի նոր գիրքըՙ մեր արվեստասեր հասարակությանը թարգմանաբար ներկայացնում ենք հատվածներ դրանից, հատկապես այնպիսի մանրամասներ, որոնք կամբողջացնեն Արշիլ Գորկու մասին ցարդ մեր ունեցած տեղեկությունները: Դրանք գրված են ինչպես արյունակցական կապ ունեցող ազգականների, այնպես էլ օտար ծանոթների, աշակերտների եւ գրաքննադատների կողմից:

Բայց նախ մի երկու խոսք բոլոր նրանց մասին, ովքեր մինչեւ այժմ գտնվելով Կարլեն Մուրադյանի խանդավառ երեւակայության արդյունք հանդիսացող նամակների ազդեցության տակ, վերջին տարիներին, ըստ առանձին արձագանքների, որոշակի հիասթափություն էին ապրումՙ կարդալով այդ նամակների ոչ իսկական լինելու կասկածները Նուրիցցա Մաթոսյանի, Հայդեն Հերրերայի եւ այլոց գրքերում, ինչպես նաեւ մամուլի էջերում:

Այժմ երբ արդեն այդ կասկածները հիմնավորված են, եւ բնօրինակները հրատարակված, նրանց հիասթափությունը կրկնապատկված պետք է լինի: Բայց նրանք պետք է հասկանան, որ Գորկու հեղինակությունը դրանով բոլորովին էլ չի նսեմանում: Գորկինՙ իր ինքնությունը հաստատող վերեւում նշված կետերից բացի, իր կտավներով արդեն իսկ հաղորդել է ասելիքը աշխարհին եւ ընդունվել ու հասկացվել վերջինիս կողմից: Նոր մեկնաբանությունները ժամանակակից արվեստագետ-քննադատների կողմից հենց դա են ապացուցում: Պահպանելով իր ակունքները եւ փայլուն վարպետությամբ իր կտավներում ներկայացնելով դրանքՙ նա արդեն իսկ կատարել է այդ մեծ ցատկը դեպի համամարդկայինը: Իսկ այժմՙ քաղվածաբար հատվածներ Սփենդերի վերոնշյալ գրքից:

  ՍԱԹԵՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ (1901-1989)

Գորկու ավագ քույրը: 18 տարեկանում ԱՄՆ-ում ամուսնացել է Սարգիս Ավետիսյանի հետ (25 տարեկան): Ունեցել է երեք զավակՙ Հենդրիկ (1920-21), Լիլիան (Վարսիկ) (1921-2001) եւ Ֆլորենս (Շուշան) (1927): Գորկու աշակերտ Մինա Մեցգերին (1877-1975) 1949-ի մարտի 31-ին գրած նամակում Սաթենիկը գրում է Ուոթերթաունից (Մասաչուսեթս):

Հիշեցնենք, որ Մեցգերը (Մինա Բոեմ) ծնվել է Վիեննայում, ամերիկացի գյուտարարի ընտանիքում: Հայրը հետագայում ճարտարապետ է դարձել Նյու Յորքում: Եղբայրներից երկուսը ճարտարապետներ, երրորդըՙ քանդակագործ: 1898-ին ամուսնացել է գործարար Դեյվիդ Մեցգերի հետ: Էթել Շվաբախերի հետ Գորկուց մասնավոր դասեր է վերցրել 1934-36 թվերին:

«...Որքան հիշում եմ, Գորկին չխոսեց մինչեւ մոտավորապես 6 տարեկանը: Չգիտենք ինչու: Ոչ մի հիվանդությամբ չէր տառապում, որ խանգարեր խոսելուն: Նա մշտապես նկարում էր ավազի վրա եւ զբաղվում փայտի վրա փորագրությամբ: Մայրս ուսուցիչ վարձեց, որ նրան խոսել սովորեցնի: Նա մեզ մոտ էր ապրում եւ մի օր, մոտ երեք ամիս անց, Գորկուն մոտակա ժայռերից մեկի մոտ տարավ եւ ձեւացրեց, որ այնտեղից ցատկելու է ներքեւ: Դա իր նպատակին ծառայեց: Վախվորած Գորկին սկսեց խոսել: Առաջին բառը, որ արտասանեցՙ «ալկուրա»-ն էր, որը ոչինչ չի նշանակում: Նա հետագայում այդ բառով անվանեց իր կտավներից մեկը:

Ընտանիքում սովորություն կար արու զավակի ծնունդի առիթով մի բարդի տնկել, որի վրա հետագայում փորագրվում էր երեխայի անունն ու ծննդյան թվականը: Գորկին սիրում էր իր ծառը եւ հպարտությամբ խնամում: Նա նաեւ իր ձին ուներ «Աստղիկ» անունով, զուտ արաբական ցեղատեսակի եւ իր հովվաշունըՙ «Զանգո» անունով:

Մեզանից ոչ մեկը մեր հորը չի հիշում: Գիտենք միայն, որ նա հարուստ վաճառական էր: Մենք միշտ մեր մայրիկի հետ էինք, գեղեցիկ մի կին, սեւ մազերով եւ խորը ընկած աչքերով: Գորկին նրա սիրելին էր, որովհետեւ միակ արու զավակն էր: Մենք հսկայական կալվածքի տեր էինք, ունեինք ութ արաբական ձիեր, կովեր, մոտ 500 ոչխար, ակրներով ցորենի դաշտեր եւ պտղատու ծառեր: Երկու կին օգնում էին մորս տան գործերումՙ հաց թխել եւ այլն, եւ յոթ տղամարդ էլ ոչխարներին եւ ֆերմայի մյուս աշխատանքներին էին հետեւում: Մեր ամբողջ հարստությունը կորցրեցինք հեղափոխության ժամանակ: Թողնելով ամեն ինչՙ մենք Երեւան հասանք: Ես Ամերիկա փոխադրվեցի 1916-ին: Մայրս մահացավ 1918-ին: Գորկին եւ Վարդուշը (Ամերիկա) եկան 1919-ին:

Ցավոք, այսքանն եմ հիշում միայն»:

  ԱԴՈ ԱԴՈՅԱՆ (մոտ. 1896- մոտ. 1974)

Գորկու հորեղբորՙ Գրիգորի որդին է: Ապրել է Գորկու հետ նույն տանըՙ Խորգոմում: Երեւանում հեղափոխական գործիչների շարժմանը միանալովՙ հետագայում դառնում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական կոմիտեի անդամ: Իրՙ 1938 թվի հունվարի 1-ի Նյու Յորքից գրած նամակում Գորկին նշում է. «Օր մը Ատոն Դրոցկիստ է եւ օր մը Ֆաշիշտ, յիմայ էլ Դաշնակծական» (**): Ստորեւ թարգմանաբար ներկայացվածը հատված է «Հիշողություններ Գորկու մասին» հոդվածից:

«Նա մեզանից ավելի հեռու կարողանում էր լողալ (լճում) եւ ափ վերադառնալուց հետո սիրում էր արեւի տակ պառկել եւ հիանալ մեր լեռներով ու երկնքով: ...Այնուհետեւ բլուրների դեղնավուն կաղճնահողից քանդակում էր անհավատալիորեն նուրբ շներ եւ վանա կատուներ... Նաեւ հին ժամանակների հայ մարտիկների կերպարներ: Նրան մեծ բավականություն էր պատճառում այդ: ...Արշիլը նաեւ հրաշալի ֆլեյտաներ էր պատրաստում բարդու ճյուղերից եւ հայկական մեղեդիներ նվագում դրանց վրա: ...Նա անկասկած փոքր տարիքից արվեստի, ստեղծագործելու հանդեպ սեր ուներ:

...Արշիլը շատ էր սիրում քնել ծառերից կախված ցանցաճոճ «մահճակալների» մեջ եւ նայել աստղաշատ երկնքին: Վանում «թառմա» էինք կոչում այդ ցանցաճոճ մահճակալները: Նա նաեւ (հատուկ) նպատակ ուներ դրա համար: Մեր գյուղում ձմերուկն ու սեխը հասունանում էին օգոստոսի վերջերին: Արշիլը, որ ամեն տեսակի սեխ սիրում էր, սովորաբար իր այդ ցանցաճոճ մահճակալում էր պահում դրանց, եւ երբ գիշերն ընկնում էր, նա կտրում էր եւ ուտում (գաղտագողի) մթության մեջ: Շատ անգամ մեր հոգու հետ էր խաղումՙ ասելով. «Որդեր կան դրանց մեջ, մի կերեք»: Մենք հասկանում էինք, որ դրանք, ուրեմն, ամենաքաղցրներն են: Բայց մի քանի րոպե անց հայտարարում էր. «Դե լավ, մի հատը կերեք, ես արդեն որդերը կուլ եմ տվել»: Եվ մենք բոլորս ծիծաղում էինք...»:

  ՍԻՐՈՒՆ ՄՈՒՍԻԿՅԱՆ : 1972 թ. հեռախոսային խոսակցություն Կարլեն Մուրադյանի հետ:

Սիրունը 1930-1931 թ.թ. մի տարի ապրել է Գորկու «Վաշինգտոն Սքուերում» գտնվող արվեստանոցում: Գորկու խանդոտությանը չդիմանալովՙ հեռանում է, հետագայում ամուսնանում ճարտարապետ Գրեգորի Էյմսի հետ եւ տեղափոխվում Կալիֆոռնիա:

«Նա անընդհատ ինձ էր նկարում: Մեծ գումարներ էր ծախսում ներկերի վրա: ...Չեմ կարծում, որ մեկ տարուց ավելի մնացի նրա մոտ: Նա շատ իշխող բնավորություն ուներ, չափազանց խանդոտ էր: ... Ուր փախչում էի, դեմս էր հայտնվում: Հետո նա սպառնաց, որ եթե «լավ աղջիկ չլինեմ», ինքնասպան կլինի: Տառապած մարդ էր: Կասկած չկա դրանում: (Բայց) ես ընդունում եմ, որ նա տաղանդավոր էր: Շատ էր խոսում, քնքշորեն բացատրում էր ամեն ինչ նկարչության մասին: Ես ոչինչ չգիտեի, եւ նա ինձ (բառիս բուն իմաստով) կրթեց արվեստի բնագավառում, ծանոթացրեց հրաշալի նկարիչներիՙ Լեժեի, Միրոյի եւ այլոց նկարներին...

Նյու Յորքը չէր սիրում նա: Գռեհիկ էր համարում: Ամեն ինչ, որ իր մտածելակերպին չէր համապատասխանում, գռեհիկ էր նրա համար: ...Ազգականներից ոմանք, ինչքան հիշում եմ, ձախակողմյան էին, ոմանք էլՙ աջակողմյան: Ինքըՙ Գորկին, քաղաքականությամբ շատ չէր զբաղվում: Նվիրված էր իր աշխատանքինՙ արվեստին: Քնում էր, վեր էր կենում, սնվում էր դրանով:

...Ես մահու չափ վախենում էի նրանից, որովհետեւ շատ էր հորս նմանվում... Սկզբում երբ սեր խոստովանեց եւ իմացավ, որ հայ եմ եւ Վանից եմ, ամեն ինչ շատ ռոմանտիկական էր եւ հիանալի, եւ կարծում էիՙ այդպես էլ կշարունակվի: Բայց երբ փորձեցի հեռանալ նրանից, նա կատաղեց, եւ ես վախեցա:

Նա խիստ հայկական մտայնության տեր անձնավորություն էր: ...Սիրում էր լսել հայկական երաժշտություն... Գրինիչ գյուղում նա իրականում կարծես Հայաստանում ապրելիս լիներ... Ես ոչ ոքի չեմ ճանաչում, որ նրանից ավելի հայ լինի... Նա հպարտ էր դրանով:

  ՀՈԼԳԵՐ ԿԱՀԻԼ (1887-1960)

Հասակ է առել Կանադայում եւ Հյուսիսային Դակոտայում: 1922-ին դարձել է Նյուարք թանգարանի աշխատակից: 1932-ինՙ Նյու Յորքի Արդի արվեստի թանգարանի ժամանակավոր տնօրեն:

«Արշիլ Գորկին օժտված է արտակարգ ճարտարամտությամբ եւ ճշգրիտ ու ներդաշնակ հատուկ համադրություններ ստեղծելու հարուստ երեւակայությամբ: Ամերիկայի ժամանակակից արտահայտչականությանը նա ավելացնում է մտավոր երեւակայության այնպիսի մի տոն, որը շատ հազվագյուտ է այս երկրի պլաստիկ արվեստում»:

 ՄԱՌՆԻ ՋՈՐՋ: Ջեյմս Թրոլ Սոբիին գրած նամակից (մարտի 15, 1951 թ.) Ջ.Թ. Սոբին (1906-79) արվեստի պատմաբան է, հավաքորդ եւ տնօրեն նախ Ուեդվորթ Աթենեում, իսկ հետագայում (Նյու Յորքի) Արդի արվեստի թանգարանների:

  Մառնի Ջորջը (ծն. 1912) Գորկու առաջին կինն էր: Ծանոթացել են Ռոքֆելլեր կենտրոնի Մունիցիպալ արվեստի պատկերասրահում բացված խմբակային ցուցահանդեսի ժամանակ :

«Հենց նոր ավարտեցի կարդալ «Magazine of Art» արվեստի պարբերականում տպագրված Ստյուարտ Դեյվիսի հոդվածը 30-ականների Գորկու մասին: Նախաբանում դուք խոսում եք «անձնական լեգենդի մասին, որ ուռճացվելով, առավել մեծ չափսեր եւ գունավորումներ էր ձեռք բերել»: ...Կուզենայի որոշ պարզաբանումներ նշել այստեղ:

...Կարծեմ 1933-ին էր, որ Նյու Յորք հասա: Նոր էի ավարտել քոլեջը, որտեղ ոչ այնքան հետաքրքրական չորս տարիներ էի անցկացրելՙ նկարելով գիպսե կաղապարներ, նատյուրմորտներ եւ ջրաներկ տեսարաններ: ...Մինչեւ Սեզան էինք հասել... Ես ուզում էի իմ ապրուստը վաստակել... նկարելով, այնպես որ հասա Նյու Յորքՙ նորաձեւության արվեստի մասին մի բան սովորելու նպատակով: Նյութական նեղ դրության մեջ էի եւ բախտավոր էի, որ որպես մոդել աշխատելու մի քանի առաջարկներ ստացա, որի գումարով կկարողանայի 5-րդ կարգի արվեստի դպրոց հաճախել եւ վճարել իմ կիսանկուղային սենյակի վարձը:

...Մի երեկո գովազդային ընկերությունների ներկայացուցիչների հետ գնացի արվեստի մի ցուցահանդեսի նախադիտմանը եւ այնտեղ սովորական դժգույն ու ձանձրալի նկարների կողքին հանկարծ տեսա... հիանալի ու պոռթկուն գույներով մի տպավորիչ աբստրակտ կտավ: Չգիտեմՙ ինչքան ժամանակ էի կանգնած դրա առաջ, երբ զգացի, որ մի ձայն իմ ետեւից ասում է. «Հավանո՞ւմ եք»:

...Շուռ եկա նայելու, թե ով էր այդ ակցենտով խոսող անձնավորությունը եւ տեսա բարձրահասակ, անխնամ հագնված, մուգ ու տխուր աչքերով մի մարդ, որն այնքան իր տեղում չէր այդ վայելուչ հավաքում, որքան իր կտավը:

Նա ինձ ու ուղեկիցներիս հրավիրեց իր արվեստանոցը, որտեղ պատերի վրա փակցված նկարները տեսնելով, հիշում եմ, բացականչեցիՙ «Ինչ ապշեցնող կերպարանքներ»:

...Դրանից հետո գրեթե ամեն օր տեսնում էի նրան: (Երբեմն) բանաստեղծություններ էր ուղարկում ինձ: «Ես բանաստեղծ եմ», ասում էր հաճախ: ...Երկար զբոսնում էինք: ...Մի օր էլ լուսնի լույսի տակ, երբ Բրուքլինի կամրջով էինք անցնում, նա ամուսնության առաջարկություն արեց ինձ:

Հետ գնալով մի փոքր, ասեմ, որ... (դրանից առաջ) մի սիրուն երիտասարդի հետ էի ման գալիս, ում հայրը մեծ հանրախանութներից մեկի սեփականատերն էր, որտեղ ես որպես մոդել էի աշխատում: Մի անգամ նրա ընտանիքի հետ ճաշեցի Պարկ Ավենյուի նրանց տանը: Նրանք արվեստի գիտակ մարդիկ էին եւ շատ գեղեցիկ կտավներ ունեին վաղ շրջանի իտալացի նկարիչներից, ...բայց ոչ մի կտավՙ ժամանակակից արվեստագետներից: Չէի հասկանում, թե ինչու... այդքան անտարբեր էին ժամանակակից ապրող նկարիչների հանդեպ: Ինձ դա անհանգստացնում էր եւ երբ նշեցի այդ մասին, նրանց դուր չեկավ: Ճաշից հետո Մեդիսոն Սքուեր Գարդենում ներկա գտնվեցինք գեղասահքի մի շոուիՙ տեղ զբաղեցնելով 100 դոլարանոց մի օթյակում, որը «խեղդվում» էր մուշտակների ու խոլորձների ծանր հոտից:

Հաջորդ երեկոյան Արշիլի հետ գնացի նույն շոուին: Նստեցինք վերնասրահում... եւ հանկարծ ամեն ինչ «կենդանացավ» ինձ համար: Ռիթմը, սառույցի վրա շարժումները, ամեն ինչ: Արշիլը ծրագրի վրա գեղեցիկ, ռիթմիկ էսքիզներ էր նկարում: (Նա միշտ նկարում էր ամեն ինչի վրա... ծրագրեր, անձեռոցիկներ, մենյուներ, սեղանի ծածկոցներ... եւ եթե սպիտակ վերնաշապիկ հագած լիներ... վստահ եմ, նաեւ դրա վրա):

Այդ գիշեր գիտակցեցի, որ կամուսնանամ նրա հետ: ...Սկզբից եւեթ ինչ-որ «հափշտակված» էի նրանով: Բայց նաեւ ինչ-որ բան վանում էր ինձ նրանից: Կրքոտ զգացմունքները համակում էին ինձ: Ես ցանկանում էի բուֆերային կամուրջ դառնալ այդ տարօրինակ, միայնակ մարդու եւ անտարբեր, նյութապաշտ մեր աշխարհի միջեւ: Այդ ժամանակ ես ավելի շատ այդ նյութապաշտ աշխարհին էի պատկանում, քան նրան: Բայց գիտեիՙ ինչ եմ ուզում: Գիտեի այն օրից, երբ առաջին անգամ տեսա նրա կտավը ցուցահանդեսում, բայց չէի գիտակցում, թե որքան անկարող էի ձեռք բերել իմ այդ ցանկությունը: Իմ ամբողջ կյանքում... ես խրված էի եղել դատարկ սովորույթների եւ մակերեսային գաղափարների հորձանուտում... Իսկ Արշիլը տեսնելով այդ ամենը, ցանկանում էր վերաձեւավորել ինձ եւ ինձանից կերտել այն կնոջը, որ ինքն էր ցանկանում տեսնել որպես իր կին: Մեր ամուսնության ամենաառաջին րոպեից իսկ սկսվեց «պատերազմը»: Արշիլը փորձեց փշրել պատնեշները, նախ քնքշությամբ, հետոՙ բռնությամբ: Բայց պատնեշները գնալով ավելացան... Մենք նույն ուժգնությամբ ե՛ւ սիրում էինք միմյանց, ե՛ւ ատում: Երկուսիս համար էլ դրությունը ողբերգական էր»:

Հատված Սան Ֆրանցիսկոյի Արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսի առթիվ «Սան Ֆրանցիսկո նյուզ» պարբերականի 1941 թ. օգոստոսի 17-ի համարում գրված գրախոսականից: Հեղինակՙ ԷՄԻԼԻԱ ՀՈԴԵԼ:

«Հազվադեպ ժամանակներից է, երբ Արվեստի այս թանգարանում ցուցահանդեսները «հորդում են»... Ֆեռնան Լեժե... Ջեյմս Մաքկրեյ, Դորոթի Գրովեր... Մարի Դյումա... Մինե Օկուբա... եւ ճոխ ու փոթորկալից Գորկի...

«Էլեկտրական» կարելի է որակել թանգարանի հեռավոր պատկերասրահում ցուցադրված Գորկու աբստրակտ կտավները: Չնայած այս ամերիկառուսը շատ ձեւապաշտական «լեզու» է օգտագործում իր նկարներում, նա մեզ դեռեւս պարգեւում է արտիստականը, միստիկականը, հողեղենը եւ կենսականը:

Տեխնիկական տեսակետից Արշիլ Գորկին մասամբ աբստրակցիոնիստ է, մասամբ էքսպրեսիոնիստ: Նա իր կտավներում ներկայանում է մեզ պիկասոյական դպրոցի քմահաճ իդիոմներով, բայց այն ամենը, ինչ պատմում է մեզ այդ իդիոմների միջոցով, խիստ անձնական է, կենսունակ եւ ինքնավստահ:

Որոշ կտավներ չափազանց (փարթամորեն) շոշափելի են: (Նա երեւի նկարում է մի դույլ գույներ օգտագործելով): Զարմանալիորեն դրանցում տարաշխարհիկ որակ կա, ուրվագծերի հոսունություն եւ շարժումների ինքնաբերականություն: «Սովորականը անսովոր կերպով» նկարել, ահա թե ինչ է ուզում Գորկին»:

Իսկ «Սան Ֆրանցիսկո քրոնիկլ» պարբերականի 1941 թվի օգոստոսի 17-ի համարում նույն ցուցահանդեսի մասին Ալֆրեդ Ֆրանկենշտեյնը գրում է.

«Այդ բոլորը աբստրակտ կտավներ են, բայց ոչ սառը, մաթեմատիկական տեսակի: Դրանք էներգիայով ու հուզմունքով բզզում են ու տժտժում: Դրանք խոշոր գործեր են, գերազանց ոճի: (Նա նկարել է, ընդօրինակել) Պիկասոյին, Բրակին, Միրոյին եւ Մոնդրիանին, բայց համակարգումն ամբողջովին Գորկիինն է»:

(*) Շարքի 4-րդ գրքույկը նվիրված է Արշիլ Գորկուն: Առաջին երեքըՙ համապատասխանաբար Հակոբ Էքիզյանին, Պետրոս Կոնտրաջյանին եւ Մարտիրոս Սարյանին:

(**) Ֆաշիստի «շ»-ն եւ դաշնակցականի «ծ»-ն իր ուղղագրական սխալներն են (Հ. Ծ.):

Շարունակելի

Նկար 2. Սիրուն Մուսիկյանը, Մուրադ Մուրադյանը եւ Վարդուշը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4