«Բանավեճը մտքի պարզաբանման համար արտակարգ հարմար միջոց է»:
Ֆ. Դոստոեւսկի
Ուշի-ուշով հետեւում եմ «Ազգ» թերթի «Մշակույթ» հավելվածին, որի յուրաքանչյուր թողարկում առավել հետաքրքրական է ու գերազանցում է նախորդին, ասել է, թե` պատասխանատուները ճիշտ իրենց տեղում են:
Բաժնի բազմաբնույթ, բազմաբովանդակ նյութերի մեջ առանձնանում են բանավիճային հոդվածներն ու դեռեւս հասարակությանը անհայտ էջերի լուսաբանումը:
Կյանքի ամեն մի բնագավառ վիճահարույց հարցեր ունի, որոնց մասին խոսող յուրաքանչյուր անհատ, ինչ խոսք, կարող է կարծիք հայտնել` առանց քաղաքավարության նորմերն իսկ շրջանցելու: Առավել եւս, եթե դու գործ ունես մտավորականի հետ, որի հանդեպ հանրությունը աներկբայորեն խորը ակնածանք ունի:
«Մշակույթ»-ում տպագրված հայ գրականության տաղանդավոր դեմքերից մեկի` Գուրգեն Մահարու անձի եւ գրական ժառանգության շուրջ սկսված բանավեճը գրականությամբ հետաքրքրվողների համար բացեց վայրուվերումներով լի հայ գրականության եւս մի նոր էջ: Անչափ հետաքրքրական էր, որի համար հայտնում եմ երախտագիտությունս նախ` թերթի խմբագրությանը, ապա` հոդվածագիրներին:
Թող ների ինձ մեր օրերի անաչառ գրականագետներից մեկը` Դավիթ Գասպարյանը`«գրագողությանս» համար, քանզի նրա «Ոգեմ բանս գովելի ի վերայ Գուրգէն Մահարի» հոդվածի` գրությանս համար իբրեւ վերնագիր ընտրված տողն «ամփոփեց» փարիզաբնակ հայաստանցի գրականագետ Ալեքսանդր Թոփչյանի «Բանսարկության հաղթարշավը, բայց մինչեւ ե՞րբ» հոդվածը:
Բանավեճի եռանկյունու անկյուններում կանգնած յուրաքանչյուր հեղինակ գրականագիտական քննարկումից դուրս ներկայացավ ընթերցողին յուրովի:
Նրանցից մեկը` Գրիգոր Աճեմյանը, պաշտպանվում էր խեղաթյուրված փաստերից` սպիտակն սպիտակ ներկայացնելու տառապանքով, իսկ ահա երկրորդ հոդվածագրի` Ալեքսանդր Թոփչյանի ոճն ապշեցուցիչ էր, վրդովեցուցիչ գոնե բոլոր նրանց համար, ովքեր երկրպագուն են Մահարի-գրողի գրական հարուստ ժառանգության:
Գրողի հանդեպ, այն էլ Գուրգեն Մահարու, նման վերաբերմունքը հիշեցրեց 20-րդ դարի հայ գրականության սերուցքի գլխատումը խորհրդային վաղ շրջանում:
Խորհրդային տարիների ճանաչված գրականագետը տեսեք, թե ինչպես է խոսում հայ գրականության մշակներից մեկի` Գուրգեն Մահարու մասին.
«Խաթարված մտածողության եւ շրջված բարոյականության ավերները...
...տպագրեց իր խավարամիտ-ջարդարարական գրախոսությունը «Մարդը ափի մեջ» գրքի մասին...
...եւ որ անբարոյությամբ արդեն վաղուց գերազանցել է իր հորը...
Երկերեսանիությունը հոր եւ որդու դեպքում նորմալ երեւույթ են...
Արդ, Գր. Աճեմյանը եթե իսկապես անաչառ է, թող գրի առնի, թե ինչպես ժողովուրդը գալիս թքում, խնչում եւ անգամ միզում էր իր հոր` N 36 բնակարանի դռանը: Մարդիկ այդպես էին արտահայտում իրենց վրդովմունքը հոր, մեղմ ասած, վիճահարույց վեպի հանդեպ»:
Արժեքային համակարգի ինչպիսի տակնուվրայություն:
Կարծես անվանի գրականագետն իր լսարանի առջեւ վերլուծում է Միկիտան Սաքոյի կերպարը:
Այստեղ ակամա հիշեցի մեր մեծերից մեկինՙ «Չարենցին քննադատողը պիտի Չարենցի նման թեւեր ունենա»:
Փորձեմ համադրել երկու գրականագետների գրաքննադատական բառապաշարը, տեսեք` ինչ է ստացվում, ընդ որում մի դեպքում քննադատության թիրախը հանրության լայն շրջանակներին անհայտ կամ գրեթե անհայտ Մարգարիտա Աթաբեկյան անունով մեկն է:
Մեջբերենք մի քանիսըՙ
«Ապօրինի եւ ամոթալի գործողություն... - ...անգո անունով մեկի հավակնոտ ձայնարկությունն էր, լկտիանալով նորից հարձակվեց ... - թույնի բաղադրությամբ... - ադամանդի դիմաց դրված ապակին..., իրեն բնորոշ բութ համառությամբ... - գրական ոչնչության..., անամոթաբար աղավաղում... - քստմնելի արտահայտություններով..., գարշանքի զգացում... - գրական գործի անգրագիտություն..., մկան մեզի չափ վաստակն... - առարկայական հիմքից զուրկ, թույն ու թարախ է ծորում... -այսպիսի չարագրությունները..., լպիրշության ավելի ցնցող օրինակ... - արտագրողի այս ամոթալի եզրահանգումը..., գարշելի արարքներ... - .. պատահական եւ անպատասխանատու մարդկանց:
Հարազատներ, լեզու, ծննդավայր, հայրենիք կորցրած, աքսորավայրերում տառապած մեծ գրողի մահից քառասուն եւ ավել տարի հետո փորձ արվեց գաղթի ճանապարհով կրկին Սիբիր ուղարկել:
Գրականագետը պիտի մնա գրական բարձրության վրա եւ այդ բարձրությունից հնչեցնի` «Մահարու պես վեմից այդ հարվածները չեն կարող փշուր իսկ պոկել»:
Գուրգեն Մահարու բազմահազար ընթերցողներից մեկը`
ԳՈՀԱՐ ԴՈՒՐԳԱՐՅԱՆ, Կալկաթա
Հ.Գ. - Գրականությանը եւ գրականագետին անհարիր է այսպիսի անեկդոտով բանավեճի մտնելը. «Ստիպված ենք հիշեցնել խորհրդային տարիների անեկդոտը, երբ մարդամեկը կեղտոտում էր հարեւանի դռան առջեւ եւ հեռանում: Դա լկտիությունն էր: Իսկ գերլկտիությունն այն էր, երբ կեղտոտելուց հետո զանգում էր եւ պետքարանի թուղթ պահանջում»: