ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2011-10-22 | #19, 2011-11-05 | #20, 2011-11-19


ՄԱՐԴԸ ԳՆՈՒՄ Է, ՈՒՂԻՆՙ ՄՆՈՒՄ

ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երեւանյան մշակութային աշունը հարստացավ եւս մի գույնով: Օրեր առաջ մայրաքաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում կայացավ տաղանդավոր ճարտարապետ Հայկ Վարդանյանի ստեղծագործությանը նվիրված գիրք-ալբոմի շնորհանդեսը:

Հայկ Վարդանյանի նախագծած «Գոլդեն Փելես», «Թերջան», «Նաբերեժնի» հյուրանոցները, «Մալխաս» ջազ-ակումբը եւ համանուն սրճարանը, «Փարվանա», «Բելաջիո», «Ծղոտներ» ռեստորանային համալիրները, «Մանթաշով» գարեջրատունը, «Երեւան-սիթի» խանութների ցանցը, «Կերամիկա», «Քրոնոգրաֆ» խանութները, ինչպես նաեւ «Էմպորիո Արմանի», «Էրմենեջիլդո Զեյնա» բրենդային խանութների տեղայնացումը եւ տասնյակ այլ կառույցներ որակապես հարստացրին մեր քաղաքի պատկերը` նոր երանգներ հաղորդելով ժամանակակից հայ ճարտարապետական արվեստի էջերին:

Ճարտարապետությունը Հայկ Վարդանյանի էությունն էր, նրա հոգին ու շունչը, մտածելակերպն ու տարերքը: Նրա նրբաճաշակ ճարտարապետական աշխարհը, որը երբեմն հասնում է գեղանկարչական կատարելության, հիմնվելով ազգային ճարտարապետության ավանդների վրա, նորովի շարունակեց հայ ճարտարապետության լավագույն միտումները` հմտորեն զուգակցելով արդիականը արդեն կայացած գեղարվեստական արժեքների հետ, որը դրսեւորվում է դասական ոգու եւ դարաշրջանի զարկերակի ներդաշնակության մեջ: Ճարտարապետը օժտված էր գույնի հատուկ զգացումով, որը, չլինելով ինքնանպատակ, միասնական ամբողջություն էր հաղորդում նրա նախագծերին: Գույնի տարերքը որոշում էր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարդարանքի լուծումը` լինելով ոչ միայն գեղարվեստական արտահայտչամիջոց, այլեւ տարածքի մոդելավորում` համաձայն իր ճաշակի եւ աշխարհընկալման:

Հայկ Վարդանյանի մտքի եւ հոգու էներգիան ստեղծել է այն յուրատիպ ոճային որակը, որը հատուկ էր նրա ճարտարապետական ձեռագրին, եւ որով բացատրվում են նրա ստեղծագործական ինքնօրինակ միտումները:

Հայկ Վարդանյանին ի վերուստ տրված ժամանակը չափազանց կարճ էր, բայց նաեւՙ շատ տարողունակ ու բովանդակալից, թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային կյանքի առումով: Եվ կարծես գիտակցելով այդ տխուր նախախնամությունը` նա շտապում էր ապրել ու ստեղծագործել, ապրել ուժերի եւ զգացմունքների գերլարումով. դրա պերճաշուք վկայությունն է ներկայացվող գիրք-ալբոմը, որն արտացոլում է նրա ճարտարապետական մտքի թռիչքը, բազմաթիվ մտահղացումների ու գաղափարների փառահեղ ջրվեժը: Այս գիրքն ինքնին մի գեղեցիկ հուշարձան է` նվիրված նրա հիշատակին:

Իր ապրած 33 տարիների ընթացքում Հայկ Վարդանյանը ստեղծեց մի ուրույն ճարտարապետական աշխարհ, վարդանյանական արժեքային համակարգ:

Մարդկային կյանքը չափվում է ոչ միայն ապրած տարիներով, այլեւ կատարած գործերով. մասնագիտական առումով Հայկ Վարդանյանն ապրեց երկար կյանք եւ շարունակելու է ապրել իր ստեղծագործություններում, որոնք դարձան ժամանակակից Երեւանի այցեքարտերից, իսկ նա սիրում ու շենացնում էր Երեւանը, մտահոգ էր քաղաքի ապագայով:

Նրա գործընկերներին համակում է հպարտության մի բարձր զգացում, քանզի նրանք ճանաչել են Հայկ Վարդանյանին, ըմբոշխնել նրա բարեկամության եւ մարդկային հմայքի շռայլ դրսեւորումները:

Հանրահայտ է, որ մարդն իր մահկանացուն կնքելուց հետո ապրում է այնքան, որքան նրան հիշում են: Հայկ Վարդանյանին հիշում են, գնահատում ու սիրում:

Մարդը գնում է, իսկ մեզ մնում է նրա անցած ուղին: Հայկ Վարդանյանի ուղին շիտակ էր ու պայծառ, բեղմնավոր. այն ուղղված էր մարդուն, նրա կյանքի հարմարավետությանը եւ գեղագիտությանը:

Այսօր ճարտարապետի տան շքամուտքի պատին չկա հուշատախտակ, սակայն, անտարակույս, կարելի է ասել` այդ տան պատերի ներքո ապրել եւ ստեղծագործել է մտավորական, իսկական հայ մարդ ու քաղաքացի, տաղանդաշատ ճարտարապետ, որի արվեստը զարդարել է մեր կյանքն ու քաղաքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4