ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2011-11-05 | #20, 2011-11-19 | #21, 2011-12-03


ՍՈՒՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻՑ (ՉԱՐԵՆՑ- ԹՈՒՄԱՆՅԱՆ)

Գեղարվեստական ասմունքի («Գիրք դեպի ժողովուրդը»- Ռ. Զարյան) անգերազանցելի վարպետ Սուրեն Քոչարյանը բացառիկ ջերմ զգացումներ է տածել Թումանյանի եւ նրա ընտանիքի հանդեպ: Հայ իրականության մեջ դերասանական այդ յուրօրինակ ժանրի առաջին ներկայացուցիչն իր ստեղծագործական կյանքի շրջադարձային պահը կապում է հանճարեղ բանաստեղծի անվան հետ. առաջին անգամ դպրոցական տարիներին գերվելով «կենդանի Թումանյանի» անսահման հմայքովՙ «ստիպված» է լինում ծայրից ծայր կարդալ, անգիր անել նրա ողջ ստեղծագործությունը` դրանից այլեւս երբեք չբաժանվելու հավատամքով:

Աշխեն Թումանյանին ուղղված նամակներում հանդիպում ենք այսպիսի տողերի. «Թումանյանով եմ սկսել իմ կյանքն արվեստում: Թումանյանն այսօր էլ իմ հայկական ռեպերտուարի հիմքն է: Թումանյան կկարդամ այնքան ժամանակ, որքան այդ հաճելի կլինի իմ ունկնդիրներին: Ամեն արվեստագետ ունի իր թեման: Թումանյանը իմ ամբողջ կյանքի թեման է... Սրտանց ու կարոտալի բարեւներ բոլորին ու ձեր Տանը, Թումանյանի Տանը, որտեղից հոսեց իմ ստեղծագործության կենսարար աղբյուրը, որ սնում է ինձ առ այսօր ու դեռ չի հագեցնում Թումանյան-ծարավը»: Չափազանց հուզիչ են նաեւ Քոչարյանի հուշերը` կապված բանաստեղծի վերջին օրերի հետ: Այդ ժամանակ նա ուսանելիս է եղել Մոսկվայում, երբ իր խոսքերով ասած` «շանթահարեց նրա հիվանդության բոթը եւ այն, որ բանաստեղծին Մոսկվա են բերում վիրահատության... Երրորդ եւ վերջին անգամ ես տեսա նրան դագաղում: Ուրիշ ուսանողների հետ ուսամբարձ տարանք այդ անգին բեռը մինչեւ մոսկովյան կայարաններից մեկի հատուկ վագոնը եւ ճանապարհ դրինք...» :

Հետագայում, տարիներ անց, բանաստեղծի ավագ դուստրը` Աշխենը, դիմում է Սուրեն Քոչարյանին` Թումանյանի մասին հուշեր գրելու խնդրանքով: «Ինձ վայել հուշ թերեւս կարենամ գրել, բայց ու՞ր է, թե վայել լինի գրածս...Թումանյանին»,- պատասխանում է Վարպետը, բայց եւ սիրով հանձն առնում կատարելու այդ գործը: Նամակով ուղարկում է իր հուշերից մեկը Չարենցի հետ կապված, որն անվերապահորեն կարելի է ասելՙ առաջին հերթին աներեւակայելի մի պատմություն էՙ թումանյանական պոեզիայի «հոգու բալասան» լինելու մասին:

Մի փոքր առաջ անցնելով նշենք, որ Թումանյանի թանգարանի աշխատակիցները շուտով առանձին գրքով տպագրության կհանձնեն Աշխեն Թումանյանի արխիվը, մինչ այդ այս հուզիչ էջը ներկայացնենք ընթերցողների ուշադրությանը.

  «Աշխեն ջան.

  Երեք փոքր հատված եմ գրել Չարենցի մասին: Հիշողություններիցս մեկը կապված է Թումանյանի հետ: Ուղարկում եմ քեզ. գուցե մի տեղ պետքը գա: Քառասունմեկ տարի է անցել էն օրերից, եթե հիշողությունս ինձ չի դավաճանել, հենց այդպես էլ ընկալվեց էն օրերին իմ «Մարո» կարդալու մտադրությունը: Ինչ վերաբերում է Չարենցին` տառացիորեն ամենը ճիշտ է» :

Չարենցի մասին հուշերից

«Չարենցի սերը Թումանյանի հանդեպ պաշտամունքի էր հասնում: Իմ կարծիքով Թումանյանը նրան հմայում էր հարազատ տարերքով` վառ արտահայտված ազգային ձեւով` մտքի եւ զգացմունքի խորության հետ մեկտեղ, բանաստեղծության ծնունդով` շնչառության պես բնական - այն բնականությունը, որով տարբերվում է հանճարի ստեղծագործությունը: Դա չի զգացվում ընթերցանության ժամանակ, ինչպես աննկատ է օդը, որ շնչում ես, բայց ցնցվում ես, երբ հասկանում ես այն...

1926 թվականն էր: Ես պատմում եմ Աշխեն Թումանյանին` Թումանյանի մահվան երրորդ տարելիցի առիթով պատրաստվող ծրագրի մասին, այդ թվում եւ «Մարոյի»: Թամարը` քույրերից կրտսերը, շատ դժգոհ էր. «Ինչու՞ եք ուզում այդպիսի նշանակալից օրը կարդալ այդ գործը»:

Շատերին էին շփոթեցնում պոեմի արտաքուստ պարզունակ, «կտրտված» չափն ու ռիթմը, մինչդեռ նրա ողջ հմայքը թաքնված է ասես նախաստեղծ պարզ, խոսակցական հնչերանգի մեջ, ուր ամեն բառի շնորհիվ, տարիների շղարշի տակից, նշմարվում է ողբերգական կերպարը: Իր հուշերում պոետը հանում է նրա վրայից անցյալի ծածկոցը: Ստեղծագործ ոգով վերակերտված` նա ձեռք է բերում ազդեցիկ ուժ ներկայում...

Չարենցը խորությամբ ներթափանցում էր այդ հատուկ, թումանյանական ելեւէջների մեջ, որոնք լիովին մերժում են ճոռոմ արտասանություն: Նա շատ հաճախ խնդրում, համոզում, երբեմն էլ ստիպում էր ինձ կարդալ իր համար... «Մարոն»:

Այդպես եղավ եւ այն հիշարժան գիշերը: Ես կարդացի նրա համար գրեթե ամբողջը իմ Թումանյանից, այդ թվում մի քանի անգամ «Մարոն»: Ես անչափ հոգնել էի, իսկ նա փակ աչքերով պառկած էր, ասես, քնով էր անցել, բայց իմՙ մեկ րոպե անգամ հապաղելուն պես, իսկույն. «Դե՛, ի՞նչ եղավ: Շարունակիր»:

Ես կարդում էի մի պայմանով, որ նա չի ներարկի իրեն թմրանյութ: Ինձ նույնիսկ հաջողվեց համոզել նրան պատուհանից դուրս նետել սրվակների տուփը: Ավաղ, մի քանի ժամ անց նա գալարվում էր թմրամոլի տանջանքներից: Ուժեղ անձրեւ սկսվեց: Խորը գիշեր էր` մութ, անլուսին: Քաղաքը վաղուց քնած էր: Զանգում եմ նրա հեռու ազգականին` շտապ օգնության բժիշկ, բայց նա տեղում չէ: Մենք ստիպված իջանք ներքեւ: Զարհուրելի խավարում մենք ձեռքերով շոշափեցինք ամբողջ նեղ ցեխոտ անցուղին` հյուրանոցի պատերի եւ մզկիթի միջեւ, գտանք տուփը` մեջը մի քանի չվնասված սրվակ: Ջղաձգված ինքն իրեն սրսկեց եւ վերջապես քնեց...

Որքան խորն էր Չարենցի սերը Թումանյանի հանդեպ, որ նրա բանաստեղծությունների մեղեդու ներքո այնպես վերանար, որ դուրս նետեր թմրադեղը, առանց որի նա արդեն չէր կարող ապրել:

Ես համոզված եմ, որ Թումանյանը նրան ոգու զվարթություն էր «ներարկում», հավատ էր ներշնչում, որ իր` Չարենցի համար կյանքը դեռ առջեւում է...

Մոսկվա, 23 մարտի, 1967 թ.»:

Տեքստը տպագրության պատրաստեց Հովհ. Թումանյանի թանգարանի գիտաշխատող ՍՈՒՍԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4