ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2011-11-05 | #20, 2011-11-19 | #21, 2011-12-03


ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Մեր վիպական գրականությունը արդեն այսօր, հատկապես ի դեմս ավագ եւ միջին սերունդների ներկայացուցիչների, տեղաշարժերն ու գեղարվեստական արդարացված փորձարարությունն իր համար ուղենշային է դարձրել: Ազգային նորագույն վեպում Նորայր Ադալյանն իրապես ձգտում է նորահայտնությունների եւ նորահաստատումների` ամեն մի նոր ստեղծագործությունը միջոց դարձնելով մշակելու ժամանակակից վեպի ինչպես ծավալային, այնպես էլ գեղարվեստական սկզբունքները, գեղագիտական-արտահայտչական միտումներն ու ընդգրկումներըՙ հասնելու ուշագրավ կերպարանափոխումների, որոնք մի տեւական ընթացք արեւմտյան վեպում արդեն իրենց ժամանակն են գոյավորել եւ վստահորեն գնում են դեպի ինքնահաստատում: Այս նոր արեւմտյան վեպում, որի հետնորդներից է դարձել նաեւ Ն. Ադալյանը` հրապարակ հանելով «Դավայաթաղ», «Ապոկալիպսիս», «Մրջնանոց» վեպերը, միահյուսվում են ավանգարդն ու մոդեռնը, պայմանականն ու ռեալը` այսպես ստեղծելով իրականության գեղարվեստական արտացոլման նոր մոդելը, որում վերացարկվում են կենցաղն ու բնութագրականը, ի հայտ են գալիս իռեալ-նշանային դրսեւորումներ` դառնալով վեպի նկարագիրն ամբողջացնող բաղկացուցիչներ: Ն. Ադալյանը, ինչպես վեպի ժանրում այսօր ստեղծագործող շատ անհատականություններ, փնտրում է հերոսի եւ հերոսականի մասին նոր պատկերացումներ, էպիկական կերպարին միատեղում դրամատիկական-բանաստեղծական կերպարի յուրօրինակ սիմբիոզը եւ ստեղծում հաճախ դեպի ցայտուն մետաֆորայինը միտող, սուբլիմացիան որպես ուշագրավ հոգեբանական դրսեւորում համարող գրական կերպար:

Նորայր Ադալյանը գրական-գեղարվեստական այն հզոր սերնդի ներկայացուցիչն է, որին կոչում ենք «վաթսունականների սերունդ»: Անշուշտ, շատ վաղուց ուղղումներ են պետք այս հասկացության մեջ, քանզի այս սերունդն իր ակունքներն աղերսեց հիսունական թվականներին, հենց այդ տարիներին անցավ ինքնահաստատման ու ինքնադրսեւորումի դժվարին ճանապարհով եւ արդեն վաթսունականներին սկիզբ դրեց վերազարթոնքին, որն իր արտացոլումներն ունեցավ Ոգու իրականության բոլոր հանգրվաններում` ներառելով բանաստեղծությունը, արձակը, երաժշտությունը, կերպարվեստը, թատրոնը, կինեմատոգրաֆը... Սերնդի գերխնդիրն ինքնահատուկ հեղափոխականության հաստատումն էր, իրենց գոյությունը հաստատած ձեւերի ու մտածողության վերանայումը, մասնավորաբար նոր մտածողության հաստատումը, ինչը ժամանակի հրամայականն էր: Հենց վաթսունականների սկզբներից ճանաչվեց ու հայտնի դարձավ Ադալյան ազգանունը` անձնագիր ու անցաթուղթ դառնալով Ռաֆֆի, Ռուբեն, Նորայր եղբայրներին, որոնք կերպարվեստ ու գրականություն եկան` իրենց ներաշխարհի յուրատիպ-ինքնահատուկ արտացոլումները հաստատելու, հնի ու հնացածի դեմ կռվելու եւ նորարարության շունչը հաստատելու` երբեք չհեռանալով դասական-ավանդականի հզոր ներազդեցություններից:

Նորայր Ադալյանի առաջին պատմվածքները, որոնք հրապարակ եկան գրական մամուլում եւ առանձին գրքերով, գեղարվեստական ձեւի ու ֆաբուլայի առումով արդեն իսկ նոր էին, ինքնատիպ. ազգային արձակի ավանդույթների ներկայությունը չէր խանգարելՙ մղվելու դեպի փորձարարությունը, այսպես կոչված` դեպի եվրոպական մոդեռնը, որը հատկապես արձակում ձեւավորում էր նոր միտումներ, նկատելի դարձնում բարձր ինտելեկտուալիզմը, որով էլ աչքի ընկավ եւ առանձնացավ Նորայր Ադալյանի ստեղծագործությունը, որի առաջին եւ հզոր բարձրակետը «Խաղաղ զորանոցներ» վիպակը եղավ` տպագրված «Գարուն» ամսագրում: Ժամանակի գրականագիտական միտքն, իհարկե, իր գնահատականները հնչեցրեց, փորձեց դիտարկել այս ստեղծագործությունը ձեւավորվող նոր միտումների խորապատկերին, ընթերցողները շտապեցին այս վիպակում տեսնել անսովորի ու սովորի ներդաշնակ միաձուլումը, նկարագրական արձակի ավանդույթների ժխտումը: Եվ, այնուամենայնիվ, երկի ճշմարիտ արժեքները մնացին չհետազոտված եւ չուսումնասիրված. տակավին առկա էին գրականագիտական եւ ընթերցողական կարծրատիպերը, դեռ շատերը ագահությամբ էին կլանում պատմավեպերն ու սենտիմենտալ-մելոդրամատիկական պատմություններով լեցուն, նաեւ` կոլխոզ-սովխոզային անցուդարձերը մանրամասն-ակնարկային ոճաձեւերով ներկայացնող ստեղծագործությունները: Ավելին, ոմանք մեր գրականության մեջ «պեղել-հայտնաբերել» էին այսպես կոչված «գյուղագրության» վերազարթոնքի ֆենոմենը` մոռացության մատնելով նոր եւ հետաքրքրական քաղաքային արձակի ձեւավորումը: Իսկ Նորայր Ադալյանն հենց այդ քաղաքային արձակի միտումների կրողն էր, նրա տեսադրույթի եւ ժանրաոճային առանձնահատկությունների հիմնավորողներից մեկը: Նորայր Ադալյանի անունը տեղավորվեց Վարդգես Պետրոսյանի, Հովհաննես Մելքոնյանի, Ռուբեն Հովսեփյանի, մյուս ներկայացուցիչների անունների կողքին` հենց այս սերնդի միջոցով գրականության մեջ հաստատելով նոր հերոսի ժամանակը: Բացառիկ հերոսի, որն էապես տարբերվում էր «սոցիալիստական ռեալիզմի» հաստատած ընդգծումներից ու չափումներից, յուրատեսակ սխեմատիզմից:

Նորայր Ադալյանի հայրը` Մարտիրոս Ադալյանը, միլիոնավոր այն հայերից էր, ովքեր երկրի կարոտի ու ցավի կեռմաններում էր իր հոգու հանգրվանը հյուսել` կարոտի առագաստների մեջ առնելով նաեւ իր զավակներին, ում համար եւս Երզնկան երազ էր ու սեր, տառապանք էր ու արյան կանչ... Նորայր Ադալյանն առաջիններից մեկը սերնդակիցների մեջ` կորուսյալ հայրենիքի ու նրանից արձակվող տաք գրգիռների արձագանքները բերեց մեր գրականություն` պատմելաձեւի յուրատիպությամբ, էքսպրեսիվ-լակոնիկ արտահայտչամիջոցներով եւ մեղմ, ջնարակային փափկությամբ ներծծված գունային ընդգծումներով հասնելով նյութի մատուցմանը, գեղարվեստական փոխակերպումներին, որոնք արդեն իսկ արձակում նոր դրսեւորումների եւ գեղագիտական նոր հայտնությունների սկիզբն էին ավետում: Նորայր Ադալյանն ի սկզբանե ուղենշային էր համարում նյութի խորքային թափանցումը, ենթաշերտերի ձեւավորումը, նաեւ` պատկերային համակարգերի ընդլայնումը, որոնք էլ ստեղծում էին արձակում նոր մտածողություն, ստեղծում անհատի մասին նոր պատկերացումներ, անհատի ու նրա ժամանակի միջեւ կապը պայմանավորում ոչ միայն զգացական-հուզական ներազդումներով, այլեւ փիլիսոփայական հոսքերի թափանցումներով: Նորայր Ադալյանի համար թանկ ու սիրելի կապույտ Երզնկայից զատ առաջնային ու գլխավոր դարձան կին-տղամարդ փոխհարաբերությունների խնդիրները. ամենից շատ հետազոտված խնդիրները, որոնք պահպանելով իրենց սոցիալ-հոգեբանական միջուկը, ելակետային դրույթները` փոփոխվում են ժամանակների հոլովույթում, տարբեր անձնային-հանրային փոխազդեցությունների ներքո, սուբյեկտիվ համադրում-հակադրումների դրդապատճառներով: Նորայր Ադալյանը զարմանալի-ուշագրավ թափանցումներով է մոտենում այս թեմային, մերթ քնարական-զեղումնային, մերթ` կրքոտ-բանական վերաբերմունքով, գրողական դիրքավորմամբ հյուսում իր պատումները` ստեղծելով ոչ միայն գործողությունների բազմազանություն եւ բազմաշերտություն, այլեւ նոր եւ ուշագրավ կերպարներ, որոնք փշրում-ավերում են բոլոր սխեմաները, մերթ մղվում դեպի վիճակի ու զգացողության աբստրահարումը, մերթ գալիս դեպի կոնկրետ-ռեալը` այսպես բացահայտելով-պարզելով կյանքի եւ իրականության, անհատի հոգեկերտվածքի պարադոքսալիզմը:

Թեմայի ամենաբարձր, գեղարվեստորեն ցայտուն եւ նշանակալի արտահայտությունը «Դավայաթաղ» վեպն է, որը մեր արձակում հաստատում է պոստմոդեռնիզմի գեղարվեստական դրույթները, ազգային արձակում հիմնավորում գեղարվեստականության նոր սկզբունքներ, ձեւավորում այսպես կոչված քաղաքային դիմանկարի գեղարվեստական արտացոլումը` էքստրավագանտ ու իրոնիկ: «Դավայաթաղն» իրապես մեր արձակի թռիչքներից մեկն է` իր հերոսների բազմակերպությամբ ու բազամազանությամբ, կենցաղայինի ու բանաստեղծականի յուրատիպ ներհյուսումներով, վիպական-էպիկական ավանդույթների վերանայումներով: Այս վեպն ասես հեռավոր աղերսներ էր ձեւավորում չարենցյան «Երկիր Նաիրիի» հետ, գրեթե կատակերգական-բանահյուսական պատումի մեջ բերում սիրո թեման` քաղաքային-կենցաղային ըմբռնումից հասնելով սիրո շեքսպիրյան ըմբռնումի տիրույթները: Այս վեպը ոճի նորահայտնության իրողությունն էր, կերպարաստեղծման նոր միտումների հայտածման իրողությունը, երբ ամեն ինչ ենթարկվում էր սովորականի ու պարադոքսալի միատեղման գաղափարին` առաջ մղելով ֆարսի ու դրամայի միահյուսումը: Նորայր Ադալյանի այս վեպը մեծ թվով համակիրներ ունեցավ, ունեցավ նաեւ հակառակորդներ, ովքեր չխորանալով վեպի միջուկի, նրա հոգեբանական արտասովոր կառուցումների եւ շերտավորումների մեջ` սկսեցին հարձակումներ գործել գրողի վրա, նրան մեղադրելով ազգային գրականության մեջ էրոտիզմի գաղափարներ քարոզելու համար: Մինչդեռ վեպի գլխավոր արժանիքներից մեկն այն էր, որ Ադալյանը սերը դիտարկել էր նրա ամենատարբեր արտացոլումներով` ձգտելով բարեբանել զգացմունքի վեհությունը, մաքրագործող ուժը: Այս վեպի «հերոսը» առաջին հերթին Երեւանն է` Դավայաթաղ կոչվող տարածքի տեսքով ու նկարագրով, իսկ Դավայաթաղը սոսկ քաղաքի պատառիկը չէ. այն մի ինքնատիպ-ինքնավար աշխարհ է, սեփական գրգիռներն ու տարամադրությունները, հոգեբանական ուրույն նկարագրերով ամբողջացող աշխարհ: «Դավայաթաղը» փշրում-ավերում էր ազգային միջավայրի պատկերման շատ կարծրատիպեր, ստեղծում քաղաքային կենցաղի «մոդեռնի» ադալյանական տեսությունը, որն, ինքնին, հայտնություն է մեր վիպագրության մեջ:

Արտաքուստ այն տպավորությունն է ձեւավորվել, թե Նորայր Ադալյանի գրական ճանապարհը չափազանց հարթ է եղել, չի ունեցել հակառակորդներ եւ թշնամիներ, չարախոսներ կամ չարակամներ: Իրականությունը բոլորովին այլ է. լինելով «Գրական թերթի» գլխավոր խմբագիր, ապա Գրողների միության քարտուղարՙ նա, բնականաբար, չէր կարող զերծ մնալ հակառակորդներ ունենալու «հիվանդությունից», իսկ հակառակորդները կամ էլ գրական նախանձն իբրեւ գոյության ու ինքնահաստատման ճանապարհ ընտրածները չներեցին նրա ոչ մի հաջողությունն ու ձեռքբերումը: Լոս Անջելեսում լույս տեսավ «Ապոկալիպսիս» վեպը` 20-րդ դարի վերջին տասնամյակի հայոց պատմության գրոտեսկացված-սիմվոլացված պատմությունը` մատուցված այլաբանության ու այլասացության հրաշալի արտացոլումներով, խորհրդանիշների ու մետաֆորների տեղին-ճշգրիտ կառուցումներով, ներքին մեծ ողբերգական ուժի դրսեւորմամբ: Իբրեւ ահեղ զգուշացում` գրողը ներկայացնում էր ոչ թե լոկ իրականությունը, այլ բարոյական այն հետեւանքները, որոնք ձեւավորվել էին որպես նոր իրականության դիմագիծ ու գոյության ճանապարհ: Մեր արձակում երբեւէ ստեղծված վեպ-այլասացությունը դեռ չէր հասցրել հասնել ընթերցողներին, դեռ չէին լռել Լոս Անջելեսի Թեքեյան մշակութային միության դահլիճում գրքի շնորհանդեսին հնչած ծափերի արձագանքները, երբ հայաստանյան մի գրչակ, ով թափառում էր ամերիկահայկական քաղաքի փողոցներում, կազմակերպեց իսկական արշավանք Նորայր Ադալյանի դեմ, նրա դեմ հանեց բոլորինՙ անծանոթ ինչ-որ տիկնանց, ովքեր տեղի թերթերի էջերից լաչառաձայն աղաղակներ բարձրացրեցին, գրողին մեղադրեցին այն բանում, որ, իբր, խեղաթյուրել է իրականությունը: Հենց Լոս Անջելեսում այս վայնասունը կանխեցին Պերճ Զեյթունցյանը, Ստեփան Թոփչյանը, Գեւորգ Խրլոպյանը, ազգային մտավորականության մյուս երեւելիները, ովքեր ավանդական ու նորակազմ սփյուռքին հասկացրեցին, որ ծնվել է ազգային արձակի կարեւոր երկերից մեկը, որ արձանագրվել է հեղափոխություն վեպի ժանրում, որ Նորայր Ադալյանի այս վեպն իր գեղարվեստական մտահղացման եւ փիլիսոփայական թափանցումների առանձնահատկություններով ոչ միայն նոր ավանդույթ է ձեւավորում մեզանում, այլեւ մերձ է եվրոպական գրականության բարձր արժեքների, որ նրանում դյուրենմաթյան գրոտեսկի արտացոլման ուրույն կերպն ու հաստատումը կա... «Գրողի համար չկա ավելի վտանգավոր պահ, քան ստեղծագործական ազատության բռնադատումը հասարակական կարծիքով, որն իր հզոր ամբողջականությամբ ոչ միշտ է ճշմարիտ: Միանշանակորեն ընկալվում են գերեզմանոցը եւ հանգուցյալները, բայց ոչ գրականությունն ու արվեստները: Ես չեմ սիրում իմ պատասխանները կարգադրել ընթերցողին: Նրան կանգնեցնելով այս կամ այն հարցի առջեւ եւ չպատասխանելովՙ ես նրան մտածելու ավելի մեծ ազատություն եմ տալիս: Վատ է, երբ միայն ետ են նայում: Նույնքան վատ է, երբ առաջ են նայում` առանց ետ նայելու: Արվեստը փոփոխական ու շարունակելի ժառանգականություն է, ահա թե ինչու մշտապես կենդանի ու հավերժական: Գրականությունն զգացմունք է, բայց նաեւ գիտություն» ,- գրել է Նորայր Ադալյանը: Գուցե իր մտքում այսպես պատասխանել է բոլոր տկարամիտներին, գրականության ու արվեստի խորքային ընկալումների հակառակորդներին, այն ուտիլիտար զանգվածին, որն այդպես էլ չի կամենում տեսնել շարժման փիլիսոփայությունը, գրականության ու արվեստի դերի եւ նշանակության շրջափոխումը: Իսկ շրջափոխումների դրույթները հաստատվել եւ հաստատվում են նաեւ Նորայր Ադալյանի միջոցով, ով վերջին տարիներին ընթերցողների սեղանին դրեց «Դավայաթաղ», «Համաճարակ», «Մրջնանոց», «Սեւ քառակուսի կարմիր անապատում», «Ծաղրածուն մեծ քաղաքում» վեպերը, որոնք ազգային գրականության երեւույթներից են, իրապես ադալյանական դպրոցի անկյունաքարերը, որոնք մի նոր ընթացք եւ գեղարվեստական մտածողություն են բերում մեր գրականություն, ձեւավորում մեծ թռիչքների ժամանակը: Նորայր Ադալյանը մեր այն հազվագյուտ գրողներից է, ում ստեղծագործությունները հենց այս օրերին թարգմանվում եւ տպագրվում են աշխարհի այլ լեզուներով, իսկ 2010-ի սեպտեմբերին Սլովենիայում տեղի ունեցավ հենց այդ երկրում տպագրված նրա գրքի շնորհանդեսը:

Ազգայինի ու եվրոպականի ներթափանցումներն առկա են նաեւ Նորայր Ադալյանի թատերգության մեջ, որն իր տեսակով եւ բնույթով իրապես նորություն էր, նորարարական, որը պարտադրում էր ու պարտադրում է բեմարվեստին վերանայել բեմազգացության ու բեմական գործողության շատ կանոններ, շոշափելիորեն ընկալել բեմի ու բեմական կյանքի բնազանցական բնույթը, խաղի մշտական ներկայությունը, քանզի բեմը խաղի «հանգրվանն» է, մարդկային երեւակայության ու ներշնչանքի հանգրվանը, որը ծնում է ստեղծագործությունը: Խաղը Նորայր Ադալյանի տարերքն է, նրա թատերգության ճշմարիտ առանցքը, հետեւաբար նա ամեն ինչ հենում-կառուցում է խաղային դրսեւորումների վրա` այսպես հասնելով հոգեբանական ինքնաստեղծումին: Նորայր Ադալյանը վերանայեց նաեւ դրամատուրգիական ավանդույթները եւ «Ներկաներ եւ բացականեր», «Սպանության վկաները», «Կինը եւ տղամարդը», «Բորենու ժամանակը», «Բեմական փորձ», «Մովսես» եւ այլ պիեսներում բնավորեց խաղային իրականության եւ հոգեբանական-զգայական աբստրահարման սինթեզն ու մեթոդը: Ազգային թատերգության մեջ Նորայր Ադալյանը ճշմարիտ հեղափոխական դարձավ, ելավ կարծրատիպերի դեմ եւ ստեղծեց այնպիսի դրամատիկական երկեր, որոնք առաջին հերթին հաստատեցին ձեւի նորույթը, որն էլ իշխեց բովանդակությանը, ձեւավորեց գրականի ու թատերայինի չափազանց ինքնատիպ համադրություն:

(կրճատումներով)


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4