ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2011-11-05 | #20, 2011-11-19 | #21, 2011-12-03


ԴԱՐՁՅԱԼ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՄԱՍԻՆ

Շարունակում ենք քաղվածաբար հատվածներ ներկայացնել Արշիլ Գորկու ավագ դստերՙ Մարոյի ամուսնուՙ Մեթյու Սփենդերի «Այծեր տանիքի վրա» գրքից, որը փաստաթղթերի, նամակների եւ գրախոսականների աննախադեպ հավաքածու է:


(սկիզբըՙ նո. 209-ում)

  Ջեյմս Լեյն (1898-1959): Երկար տարիներ Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում աշխատել է որպես կուրատոր: Գրել է քննադատական հոդվածներ «Ապոլլո», «Պառնաս» եւ այլ պարբերականներում:

  «Գիլդայի Արվեստի պատկերասրահի» ցուցահանդեսի առթիվ «Պառնասի» (6-րդ տարի, N 27) 1936 թվի մարտյան համարի հոդվածից մի հատված:

«Ամերիկյան աբստրակտ արվեստին հետեւող նկարիչներին մատների վրա կարելի է հաշվել: «Գիլդայի Արվեստի պատկերասրահի» հովանավորյալ Արշիլ Գորկին, որի գրչամատիտագծանկարների առաջին ցուցահանդեսն է (ներկայումս բացված), այդ քչերի թվին է պատկանում: Նա Միրոյի ոճով ստեղծագործող աբստրակտ նկարիչ է, բայց նրա առավել լավ հյուսված կոմպոզիցիաներն ավելի շատ ռիթմ եւ ներդաշնակություն ունեն, քան իսպանացու կտավները: Ներկայացվածները բոլորը սեւ ու սպիտակ են, բացառությամբ մեկի, որտեղ մի փոքր սեպիագույն (դարչնագույն) եւ մանուշակագույն է ավելացված: Միայն չորսը վերնագրեր ունեն, որոնցից մեկըՙ «Գիշերային կարոտախտը», իրականում շատ հասկանալի է...: Նրա կերպարանքները շարունակում են մնալ հիշարժան իրականության պատկերներ... աթոռներից մեկի վրա եղած անցքը կարծես առաջնորդում է (քեզ) դեպի անցյալը, դեպի (մարդու) ներքին էությունը...: Արվեստագետին պետք է շնորհավորել նախեւառաջ միահյուսված ռիթմերի հաջող կատարման, քան ուրիշ որեւէ այլ բանի համար»:

  Նույն առիթով Ջերոմ Քլայնը գրում է «Նյու Յորք փոստի» 1935 թվի դեկտեմբերի 21-ի համարում: Ջերոմ Քլայնը այդ թերթի արվեստի քննադատը դարձել է 1933-ին: Նա հիմնադիրներից է «Արտիստս. Յունիոն»-ից (Արվեստագետների միությունից) 1936-ին բաժանված «Արվեստագետների կոնգրես» ասոցիացիայի:

«Ամերիկացի նկարիչների մեջ եթե աբստրակցիոնիզմի հանդեպ հետաքրքրությունը մարի, Արշիլ Գորկին հավանաբար կմնա դրա վերջին մոհիկանը: Նրան մոլեռանդ անվանելը թույլ բնորոշում կլիներ: (Այստեղ ներկայացվածները) սոսկ էտյուդներ չեն: Դրանք ամբողջական կոմպոզիցիաներ են սեւ ու սպիտակով, զգուշությամբ եւ հմտորեն կատարված, որին որպես հետեւանք ստեղծված միասնությունը փայլուն տպավորություն է թողնում: Երբ նկարիչը կարողանում է նման ավարտուն տեսք տալ իր գաղափարներին, նա այլեւս քննադատության տեղ չի թողնում...: Միեւնույն ժամանակ չի կարելի ժխտել, որ կատարման որակն այստեղ իր անմիջականությամբ, հորինվածքով եւ հնարամտությամբ հավասարը չունի...»:

  «Գույնը եւ հանգը» («Color and Rhyme») Դեյվիդ Բուրլյուքի (1882-1967) պարբերականն էրՙ Նյու Յորքում հրատարակված եւ ամբողջությամբ նվիրված իրեն եւ իր ընկերներին: 1949-ի փետրվարյան համարում (N 19) «Հիշողություններ Լեժեի եւ Գորկու մասին» հոդվածում Դեյվիդի կինըՙ Մերի Բուրլյուքը, գրում է.

«1943-ի փետրվարն էր, երեկոյան ժամը 9-ը: Գորկու արվեստանոցում Արշիլը, Ագնեսը, ամուսինս եւ ես սպասում էինք ֆրանսիացի նկարիչ Ֆեռնան Լեժեին: Նա ուշանում էր: Ես շուրջս նայեցի... նկատեցի գրչով արված 6 էսքիզներ: Գորկու նկարներն էին ամրացված պատին... քիչ այն կողմ... մի կնոջ լուսանկարն էր: Հին եւ մաշված, բայց կնոջ աչքերը գեղեցիկ էին: Յոթ տարեկան մի տղա էր կանգնած կողքին, փոքրիկ ձեռքերում արհեստական ծաղիկներ բռնած: Հավանաբար լուսանկարիչն էր տվել: ... Երբ արդեն սկսել էինք ձանձրանալ, դռան զանգը հնչեց, եւ Ագնեսը բացելով, ներս հրավիրեց հյուրինՙ ֆրանսերենով. «Մեկ հարկ բարձրացիր եւ մեզ կգտնես», ասաց:

... Արշիլըՙ նիհար... թվում էր, թե անասելի զգացմունքներով էր համակված: Ֆեռնան Լեժեն իր արվեստանոցում էր, իր հյուրն էր: ...

Լեժեն քայլերն ուղղեց դեպի Գորկու խոհանոցը եւ այնտեղ սկսեց պատրաստել բիֆշտեքսՙ ֆրանսիական ոճով: Լեժեն նույնքան լավ խոհարար էր, որքան լավ նկարիչ: Ճաշը սպասարկելուց եւ համտեսելուց հետո Լեժեն բազմոցին նստեց եւ սկսեց խոսել: Նա միայն ֆրանսերեն էր խոսում: Հինգ տարի Նահանգներում մնալուց հետո անգամ անգլերեն ոչ մի նախադասություն չէր սովորել: ...Հետո ցանկացավ, որ Ագնեսը պատմի ամեն ինչ Արշիլի մանկության մասին: «Ցանկանում եմ իմանալ, թե ինչը նրան զգացնել տվեց, որ պետք է նկարի», ասաց նա: ...

Ագնեսը սկսեց թարգմանել ամուսնու հանգիստ, բայց խորիմաստ բառերը.

«Հիշում եմ, երբ հինգ տարեկան էի եւ առաջին անգամ սկսեցի խոսել: Մորս հետ եկեղեցի գնացինք եւ այնտեղ նա ինձ որոշ ժամանակ թողեց ինչ-որ նկարի առաջ: Նկարում դժոխային տարածքներ էին, հրեշտակներ կայինՙ սպիտակ հրեշտակներ եւ սեւ հրեշտակներ: Բոլոր սեւ հրեշտակները Հադեսի թագավորություն էին գնում: Ես ինձ նայեցի եւ տեսա, որ ես էլ եմ սեւ: Ուրեմն, մտածեցի, ես Դրախտ չեմ գնա: Դրախտն ինձ համար փակ է: Մանկական հոգու համար սա անընդունելի էր, եւ ես տեղն ու տեղը որոշեցի, որ սեւ հրեշտակն էլ կարող է լավը լինել, պետք է որ լավը լինի եւ ցանկանա իր լավությունից բաժին հանել ամբողջ աշխարհինՙ սեւ լինի այն, թե սպիտակ:

Մարդիկ ուրախություն եւ ցնծություն են ցանկանում, բայց չգիտեն, որ արվեստը լոկ նկար է, գծերի միասնություն եւ բոլորովին էլ կարեւոր չէ, թե Բուրլյուքն ինչ գույներ կօգտագործի իմ դիմանկարը նկարելու համար: Ամեն մարդ չի կարող Բուրլյուքի նման հոգով երիտասարդ լինել: Տարիներ շարունակ ես դիտել եմ նրա ցուցադրած կտավները եւ ամեն անգամ նրանք ինչ-որ բան շարժում են իմ մեջ, եւ ես շատ եմ նյարդայնանում:

Էնգրն իրեն հատուկ նուրբ գծերն ունի: Երբեմն նա ինձ վրդովեցնում է: Չեմ կարողանում ընդունել նրան, բայց ո՜հ, որքան կցանկանայի նկարել էնգրի նման:

Հետո դեմքեր եմ հիշում: Դրանք բոլորն էլ կանաչ են: Իսկ իմ երկրում, կովկասյան լեռներում սով է: Ես հսկայական քարեր եւ ձյուն եմ տեսնում լեռների գագաթներին: Իսկ ներքեւում վտակի կարկաչյունն է եւ մի ձայն երգում է: Եվ այդ երգը սա է», եւ Արշիլը սկսեց երգել մի երգ, որը տարօրինակ էր եւ անծանոթ ներկաներիսՙ ֆրանսիացուն, ռուսներիս եւ ամերիկացուն:

Բայց այդ երգն Արշիլը երգեց իր ամբողջ կյանքի ընթացքում»:

  Կլեմենտ Գրինբերգ (1909-1994): Ծնվել է Բրոնսքում (Նյու Յորք): Ուսանել Սիրակուզա համալսարանում: 1940-42 թվերին եղել է «Partisan Review» պարբերականի գլխավոր խմբագիրը: Իսկ 1942-1949 թվերին արվեստի վերաբերյալ գրախոսականներ է գրել «Նեյշն» պարբերականում: Ըստ երեւույթին, Գորկու ցուցահանդեսներին ամենահաճախակի անդրադարձողներից է եղել: Եվ եթե սկզբնական շրջանում, երբ Գորկին Պիկասոյի եւ Միրոյի ազդեցությունների տակ էր գտնվում դեռեւս, նա «վհատեցնող է» համարել երեւույթը («... բայց որ այդքան երկար մնաց (այդ ազդեցությունների տակ) արդեն վհատեցնող է»), ապա հետագայում խոստովանել է, որ մասամբ մանրախնդրությունից դրդված է գրել եւ «այժմ ափսոսում եմ այնտեղ նշածս շատ տողերի համար»: Ավելին, նա իր նամակներից մեկում գրել է, որ «Գորկին այս երկրում ապրող 4 թե 5 խոշորագույն նկարիչներից մեկն էր: ... Նա իր սերնդիՙ աշխարհի նկարիչների մեջ կարեւորագույններից մեկն էր»:

  Ստորեւՙ թարգմանաբար հատվածներ տարբեր առիթներով գրած նրա հոդվածներից: Գրախոսական Ժյուլիեն Լեւիի պատկերասրահում բացված Գորկու ցուցահանդեսի առիթով (ապրիլի 16-մայիսի 4, 1946 թ.) տպագրվածՙ «Նեյշն» պարբերականի 1946 թ. մայիսի 4-ի համարում: Ցուցահանդեսում ներկայացված են եղել «Գայթակղիչի օրագիրը» (1945 թ.), «Անհասանելին» (1945 թ.), «Մերկ ֆիգուրա» (1946 թ.) եւ «Ածխացած սիրելիներ» (1946 թ.) կտավները: Վերջինը հուշանկար էՙ նվիրված մի քանի ամիս առաջ իր արվեստանոցի հրդեհի հետեւանքով մոխրացած կտավներին:

«Սյուրռեալիստական ազդեցությունը վերջին տարիներին թուլացրել է նկարիչ Արշիլ Գորկու կապը Պիկասոյի հետ եւ համոզել նրան, որ հրապուրանքը միշտ չէ, որ դատապարտելի է: Եղավ մի ժամանակ, երբ թվում էր, թե ամբողջովին կտրվի հրապուրանքի սյուրռեալիստական տարբերակին, եւ ես մի տարի առաջ իմ մտահոգությունները հայտնեցի այդ մասին գրելով: Բայց Ժյուլիեն Լեւիի պատկերասրահում բացված Գորկու տասնմեկ յուղաներկ կտավների այս ներկա ցուցահանդեսը վկայում է ոչ միայն նրա ինքնահաստատման մասին, այլեւ մեզ տալիս է ժամանակակից կտավների լավագույն նմուշներ, որ երբեւէ նկարված լինեն որեւէ ամերիկացու կողմից:

Իր նպատակներն ու ձգտումները մի փոքր նվազեցնելով հանուն պատմական արժեք ներկայացնող արվեստ ստեղծելուն, Գորկին վերջապես կարողացել է հայտնաբերել ինքն իրեն եւ գիտակցել, որ ինքը ոչ թե որոշակի ժամանակաշրջանի մեծության արվեստագետ է... այլ անհատականություն ունեցող լիրիկական նկարիչՙ օժտված նրբագեղ, դիպուկ եւ անկեղծ կտավներ ուրիշին փոխանցելու կարողությամբ: Իսկ իրեն դեռեւս պակասող ճարտարամտության եւ խիզախության փոխարեն նա մեզ հրամցնում է ճշմարիտ իմաստություն եւ կենսափորձ, որը սովորական հրապուրանքից այն կողմ է գնում եւ առավելագույնս օգտագործում իր նկարելու բնազդը: Գույնն զգալն ու մտահղանալը Գորկու ամենամեծ արժանիքն է: Նա հիմա չորս-հինգ կտավ է ավարտել, որոնցում ազդեցություններն ամբողջովին «մարսված» են: Դրանք Պիկասոյի ու Միրոյի «ասածներին» ավելացնում են այնպիսի մի բան, որ ուրիշ ոչ ոք դեռեւս չի կարողացել «ասել»:

Գորկին իր այս նոր շրջանը թեւակոխեց անցյալ տարվա իր ցուցահանդեսի ամենահետաքրքրական կտավներից մեկով, մեծածավալ սպիտակ «կղզին» կտավով, որտեղ հրաժարվելով իր սովորական «իմպաստո»ՙ հաստ գունաշերտի ոճից, նա օգտագործեց գծանկարային բարակ վրձնահարվածների ոճը, որը դարձավ նրա ամենաուժեղ եւ ինքնատիպ «գործիքը»: ...Բարակ սեւ գծերը, ուրվագծելով կարծես թաքնված բնանկարներն ու ֆիգուրաները, խրվում են նախնական գույների թափանցիկ «ջրերի» մեջ, որոնք ընդգծում են կտավի հարթությունը: Նկարների մի մասը ամբողջովին կամ մասամբ «մոնոքրոմային»ՙ միագույնի տարբեր երանգներով է արված եւ լավագույնս է ներկայացնում Գորկու գեղագրության բացառիկ զգայունությունն ու էսթետիկան: Բայց ամենաազդեցիկները... երկու առավե՛լ գունային կտավներն ենՙ «Գրկախառնումը» եւ «Անհամբերությունը», որոնց հմայքը համոզիչ է ու մնայուն եւ որոնց անմիջականությունը... նախնական երկար մտածմունքի արդյունք է:

...Ճիշտ է, երբեմն դեռ կախվածության մեջ է Միրոյից, բայց ոչ այնքան հաճախ կամ «անօգնական» ձեւով: ...Հիմա որ նա իրեն «հայտնաբերել» է եւ պատրաստ է ընդունելու (այդ կարգավիճակը), Գորկին ամեն իրավունք ունի շուտով ձեռք բերել այդ կարգավիճակի մասը կազմող վստահությունն ու «գոռոզությունը», որին արժանի է իր տաղանդը:

  Գրախոսականՙ «Նեյշնի» 1948 թվի հունվարի 10-ի համարում Կարլ Նաթսի եւ Ուիթնիի տարեկան ցուցահանդեսների առիթով:

«...Արշիլ Գորկու մեծածավալ «Օրացույցներ» կտավը ամենալավն է ցուցահանդեսում եւ լավագույններից մեկը, որ երբեւէ նկարվել է որեւէ ամերիկացու կողմից:

Նաթսը ինչքան էլ մոտիկանա նրան, միեւնույն է (նրան չի հասնում) մնում է երկրորդը, իսկ Ադոլֆ Գոթլիբի ուժեղ, շատ հիմնավոր... «Տոտեմը»ՙ միայն երրորդը: Միրոյի գծագրությունից ու Մատտայի գեղագրությունից որոշ նմուշներ նկատելի են Գորկու կտավներում, բայց արվեստագետը այնպիսի ինքնուրույն «հարստություն» եւ նրբագեղություն է ավելացնում, որ բնորոշ է միայն նրան, ով կարողանում է միաձուլել մտավոր ընդունակությունը, սովորելը եւ էսթետիկան, մի բան, որ մեր ժամանակներում հազվադեպ երեւույթ է եւ նշմարելի միայն ֆրանսիական նկարչության մեջ:

Ես Գորկուն համարում եմ միակ արվեստագետը Ամերիկայում, որ ամբողջապես յուրացրել է ֆրանսիական արվեստը: Յուրացումՙ որն ապացուցում է, որ ինչ բնորոշում էլ տրվի նրա կտավներին, դրանք երբեք ձանձրալի կամ խամրած չեն. ոչ էլ անզգայուն: «Օրացույցների» «ֆրանսիական» լինելը ապշեցուցիչ է, բայց դա սոսկ բախտավորության եւ ճաշակի հարց չէ, դա միաժամանակ զգացողությունների մի ամբողջ հարստություն է պարգեւում, առատ նյութ, որն ամբողջովին վերահսկվում է նրբորեն, բայց եւ հաստատուն կերպով: ...Ինչ որ ունենք այստեղՙ մեր առաջ, արդի նկարչության մեջ շատ հազվադեպ «սինթեզ» էՙ համադրություն, «յուրահատուկ»ՙ այդ եզրի ամենալավ իմաստով: Կանդինսկու հեղուկային գույներով մակերեսները միախառնվելով Միրոյի մաքուր ուրվագծերին, առաջ են բերել իսկական մի նոր ոճ: ...Դա ավարտուն մի արդյունք է... որը կարծես խոստանում է, որ գոնե այս մեկ նկարիչը հետագայում մի շարք գլուխգործոցներ կստեղծի: Նրան շատ երկար ժամանակ է անհրաժեշտ եղելՙ հասնելու ինքն իրեն, բայց նա ի վերջո կարողացել է նպատակին ծառայեցնել իր խրոնիկական երկչոտությունը փարիզյան արվեստի հանդեպ»:

  Հատված «Նեյշնի» 1948 թ. մարտի 20-ի համարում Ժյուլիեն Լեւիի պատկերասրահում բացված Ա. Գորկու ցուցահանդեսի առիթով գրված գրախոսականից:

«... Որպես արվեստագետ, իր առավելություններով եւ թերություններով, Գորկին վերջապես գտել է իրեն եւ իր ուրույն տեղն է զբաղեցնում (արդեն գրեթե 20 տարի իրեն սպասող) ժամանակակից Ամերիկայի հազվագյուտ նկարիչների շարքում, որոնց աշխատանքներն ունեն ազգային կարեւորությունից ավելի մեծ նշանակություն:

Գորկին արդեն երկար ժամանակ է, ինչ կենդանի արվեստագետների մեջ վրձնին ամենալավ տիրապետողներից մեկն է, բայց մինչ այժմ չէր կարողանում գտնել իր ասելիքը: Այժմ կարծես գտել է եւ իր տիրապետությունը հաստատել իր օգտագործած արվեստի տարրերի վրա: Ի հակադրություն դասական կուբիստների, Մոնդրիանի կամ նույնիսկ Միրոյի, նա իր նյութի համար նկարելու խնդիրներ չի հարուցում: Ոչ էլ ժամանակի ոգուն է ակնարկում իր ձեւով, իր անձնական հուզումներով արձագանքելով ժամանակի հուզումներին: Երեւութապես, Գորկին ամբողջովին հեդոնիստ է, մի անձնավորություն, որը հավատում է, թե ամենակարեւոր բանը կյանքում հաճույքն է: Նա առավել հեդոնիստ է, քան որեւէ այլ ֆրանսիացի նկարիչ: Եվ նա հարատեւ հաջողությամբ սկսել է նկարել միայն այն բանից հետո, երբ համակերպվել է այն մտքի հետ, որ նկարելու իր նախնական բնազդը «գտնվում է» արվեստից հաճույք ստանալու, արվեստն ըմբոշխնելու մեջ: Նրա արվեստը սուր ու խայթող չէ (եւ այդ պատճառով շատերը նրան սխալ են ըմբռնում), այլ ամենահյութալի, նրբագեղ ու մեղրածոր արվեստներից մեկը, որ ես երբեւէ տեսել եմ: Բայց իր ամբողջ մեղմությամբ ու շնորհալիությամբ, այդ արվեստն իր մեջ ներառում է նաեւ որոշակի ուժգնություն: Եթե դեռեւս ամբողջական չէ, այդուհանդերձ ամուր է ու կապակցված: Եթե որոշ կտավներ հիմնավորված չեն կամ անհամոզիչ են թվում, ապա ուրիշներ իսկապես «հնչեղ» ու «զրնգուն» են եւ մոնումենտալ:

(Ճիշտ է) Գորկին որոշ չափով պարտական է Մատտայի գծագրությանը, բայց նա «բարձրացրել», զարգացրել է այդ բաղադրիչը նկարչական այնպիսի հատկանիշներով, որ Մատտան անկարող կլիներ անել: Նա նաեւ որոշ չափով պարտական է Միրոյին... բայց Գորկին ընդօրինակում է Միրոյին, որովհետեւ նա համեմատաբար դեռ նոր է (ասպարեզ մտել): Ժամանակի ընթացքում այդ ազդեցությունը խամրելու է, անհետանալու է: Որոշ իմաստով Գորկին արդեն իսկ անցել է Միրոյինՙ կարողանալով ավելի լավ փոխանցել իր անցյալը նկարի հարթությանը, անմիջական, ոչ-ֆիկտիվ հարթությանը:

...Գորկու վարպետությունը իր հմուտ գծագիր լինելու մեջ է: Օգտագործած գույները սահմանափակ են: Սովորաբար օգտագործում է գունային երկու զուգորդումներից մեկըՙ սեւ, կապույտ, մոխրագույն, սպիտակ կամ ալ կարմիր, կարմիր, վարդագույն, դարչնագույն, դեղին: Իր երկու ուժեղագույն կտավներումՙ «Օրացույցներ» եւ «Հոգեվարք», երկրորդ գունային խումբն է օգտագործված, իսկ «Մեղմ գիշեր» կտավում, որը գուցե ամենահետաքրքրականն ու խոստումնալիցն է, եթե ոչ ներկայացված կտավներից ամենալավըՙ առաջին խումբը: Բայց դեղինը գերիշխող է հրաշալի «Հովվական» կտավում, որը ջրով ողողված է, կարծես ջրաներկով կատարված լինի: ...Հիշարժան է նաեւ նարնջագույն եւ դարչնագույն «Գութանը եւ երգը» կտավը: Գորկին հակված է նախասիրությունը տալու հորիզոնական կամ քառակուսի ձեւավորումներին, բայց երկու տպավորիչ, սակայն անհարթ նկարներում նա փոխում է (եւ նախասիրությունը տալիս) ուղղահայացինՙ «Նշանդրեք I» եւ «Նշանդրեք II»-ում, որոնք իրենց տոնայնությամբ համանման են: ...Գորկին իմ կարծիքով դեռ կնկարի իր լավագույն կտավները: Մինչ այդ նա արդեն իսկ հավասարազոր է որեւէ վայրի իր սերնդի որեւէ նկարչի»:

  Քորին Մայքլ Ուեստ (1908-91): Չիկագոյում ծնված, Օհայոյում մեծացած, նկարչական եւ երաժշտական կրթություն ստացած օրիորդը Գորկուն է հանդիպել 1934-ին: Կարճատեւ, բայց բուռն, կրքոտ հարաբերություններ են ունեցել: Գորկու մահվանից հետո գրած հուշերում նշում է.

«Գորկին եւ ես մշտապես միասին էինք: ...Նա աշխատում էր իր գծանկարների վրա, որոնց մի մասը կախված էին Յունիոն Սքուերի արվեստանոցի պատերից: Երեկոները միասին ճաշում էինք, երգում, պարում: Հետո գնում «Ռոմանի Մերիզ» (հավանաբար բար- Հ.Ծ.) եւ այնտեղ Գորկին նկարում էր անձեռոցիկների վրա: Գիշերը 12-ին վերադառնում էինք արվեստանոց: Նրա նկարները հոյակապ էին... գլուխգործոցներ: Լորենցո Սենտիլո անունով մեկ ուրիշ նկարիչ կողքի սենյակներից մեկն էր վարձել եւ դժվարանում էր վճարել վարձը: Գորկին նրան օգնում էր: Երեքով հաճախ խոսում էինք նկարչությունից եւ դարձյալ նկարչությունից:

Ավելի ուշ Գորկին իմ դիմանկարը նկարեց... ...մեծ մասամբ երբ այնտեղ չէի: Երբ այնտեղ էի լինում, նա պարում էր ու երգում... նա հմայիչ էր... հետո երկար քննարկում Էնգրին... կուբիզմը... Հետո ինձ ուղեկցեց ծնողներիս տուն, որը գտնվում էր «ՖԻՖԹ ավենյու» N 45 հասցեում, զրուցեց ծնողներիս հետ, քաղաքավարի քննարկեց նկարչական հարցեր...

Մենք երկուսս էլ նկարչությամբ տարված էինք, մոլեռանդության աստիճան: Նրա ներկայությունից բաժանվելը ուժեղ ցավ էր պատճառում ինձ:

Ծրագրեցինք ամուսնանալ, բայց առնվազն վեց անգամ մտքափոխ եղանք: Հետեւաբար մեր երկուսի կողմից գրված նամակները շատ են:

...Նա ասում էր, որ ես ներշնչում եմ նրան, որ նկարի: Նա երկու նկար է նվիրել ինձ, գուրգուրանքով պահպանում եմ: Մերը պլատոնական սեր էրՙ իրենց գործին նվիրված երկու արվեստագետների սիրուց ծնված, որ երբեք իրականություն չէր կարող դառնալ... ես ընդամենը 21 տարեկան էի... նա արդեն հասուն նկարիչ էր թվում... ինձ համար նա վարպետ նկարիչ է... հիմա էլ մինչ ես գրում եմ այս տողերը... նրա հոգին ինձ հետ է...»:

  Նիկոլաս Կալաս (1908-89): Հույն ծնողների որդին ծնվել է Լոզանում: 1930-ականներին ապրելով Փարիզումՙ առնչվել է սյուրռեալիստական շարժման հետ: 1940-ին տեղափոխվել է Մ. Նահանգներ, աշխատել «Պատերազմական տեղեկատվության գրասենյակում», եւ «Պարտիզան ռիվյու» պարբերականի համար գրել հոդվածներ:

Հատված Նյու Յորքի «Հյուգո պատկերասրահում» բացված խմբական ցուցահանդեսի (Մատտա, Ուիլֆրեդո Լեմ, Դեյվիդ Հեր, Արշիլ Գորկի եւ ուրիշներ) առթիվ 1947-ին գրված հոդվածից, տպագրվածՙ «Բլադֆլեյմս» («Արյան բոցեր») կատալոգում:

«...Ոչ ոք Գորկուց առաջ չի կարողացել արտահայտել նկարչության այս ծայրահեղ «բնավորությունը», որտեղ (գծերի) բարակությունըՙ հազվադեպ լինելու հետեւանքով, չափազանց արժեքավոր է դառնում: Գորկու գույների եւ գծերի հարստությունը ուժեղագույն երեւակայության եւ դատարկության խորը գիտակցության (երեւակայության հակաթեզը) արդյունք է: Գորկին այդ դատարկությունը բարձրացնում է դրական էսթետիկական մի մակարդակի... որտեղ գույների եւ գծերի ներդաշնակությունը զարգանում է ոչ այն օրենքներով, որոնք հատուկ են իմպրեսիոնիստական եւ հետիմպրեսիոնիստական նկարչությանը:

...Գորկին անընդհատ հետապնդում է մեկուսացվածին, ավելի ճիշտ այն գծին կամ գույնին, որը մեկուսացված է լինելուՙ անկախություն ձեռք բերելով: Գիշերվանից անջատված կապույտը, մարմնի մսից դուրս բերված կարմիրը, փոթորկին դիմադրող ճյուղի կորությունը, ժպիտի անհետացումից հետո շրթունքի դառնությունը, գրկախառնումից հետո ոսկորների ծանրությունը... այն ամենը, ինչ արժանի է հավերժ մնալու (Գորկու կտավում) վերակենդանացվում է եւ փառաբանվում: Բայց սա սոսկ անգիր առած տեսարանի կամ զգացմունքների կտավ չէ, որովհետեւ կյանքից եւ բնությունից այդքան զգայունակությամբ վերցված կերպարանքներն ու ձեւերը նա որպես թանկարժեք իր է ընկալում եւ իր աշխատասիրության եւ խորաթափանցության շնորհիվ տալիս է նրանց ամբողջական ներդաշնակ մի տեսք: ...Գորկու կտավներով մենք կարողանում ենք հասկանալ, թե արվեստը ոչ հնարք է, ոչ էլ ընդօրինակություն, կրկնօրինակում, այլ նախ եւ առաջ գոյության հաստատում»:

  Արշիլ Գորկին ինքն իր նկարների մասին: ՄոՄԱ-ի (Նյու Յորքի Արդի արվեստի թանգարանի) համար գրված տեքստ, որտեղ Գորկին նկարագրում է «Պարտեզ Սոչիում» կտավների շարքը (հունիս 26, 1942 թ.):

«Սիրում եմ ջերմությունը, քնքշությունը, ուտելիքը, հյութալին, մենակյաց մարդու երգը, ջրով լի վաննան, որպեսզի սուզվեմ ջրի տակ: Սիրում եմ Ուչելլոյին, Գրյունուոլդին, Էնգրին, Սորայինՙ կտավների համար արված նրա էսքիզներն ու գծագրերը եւ այդ մարդունՙ Պաբլո Պիկասոյին:

Ամեն ինչ կշռով եմ չափում:

Սիրում եմ իմ Մուկուչին: ...«Պապա» Սեզանին: Ատում եմ այն բաները, որ ինձ նման չեն, եւ այն բաները, որ ես չունեմՙ ինձ համար Աստված են:

...Սիրում եմ ցորենի արտերը, արորը, ծիրանը, ծիրանի ձեւը, արեւի սիրախաղերը եւ ամենից շատ (իհարկե) հացը:

Սիրտս խառնում է մանուշակագույնից:

Մոտ 194 ոտնաչափ հեռու մեր տնից դեպի աղբյուրը ճանապարհին հայրս մի փոքրիկ պարտեզ ուներ, մի քանի խնձորենիներով, որոնք այլեւս պտուղ չէին տալիս: Այնտեղ հարատեւորեն ստվերոտ մի վայրում աճում էին անհամար քանակի վայրի գազարներ եւ մացառախոզերն իրենց բույնն էին դրել այնտեղ: Մի կապույտ ժայռ կար կիսով չափ խրված սեւ հողի մեջՙ այս ու այն կողմը մամռակալած, կարծես երկնքից ցած ընկած ամպեր լինեին: ...Այդ պարտեզը ճանաչված էր որպես «Ցանկությունների իրականացման պարտեզ», եւ ես հաճախ տեսել եմ մորսՙ գյուղի մյուս կանանց հետ, հագուստների առաջամասը բացած եւ փափուկ կրծքներն իրենց ձեռքերի մեջ առած, ժայռերին քսելիս: Բոլորից բարձր այնտեղ կանգնած էր (նաեւ) մի հսկայական ծառՙ ամբողջովին խանձված արեւից, անձրեւից ու ցրտից եւ մերկացած տերեւներից: Դա Սուրբ Ծառն էր: Չգիտեմ, թե ինչու էր սուրբ, բայց նկատել էի, որ այդ ծառն անցնելիս մարդիկ կամովին իրենց հագուստից մի կտոր պոկելով ամրացնում էին այդ ծառին: Այդպես, տարիների ընթացքում այդ կտորները դրոշակների մի հսկայական շքերթ կազմած, քամու ազդեցության տակ իմ անմեղ ականջին քնքշորեն փոխանցում էին բարդիների արծաթե տերեւների սոսափյունը»:

***

  Այլ առիթներով Ժյուլիեն Լեւիի հետ ունեցած զրույցների ժամանակ Գորկու արտահայտած մտքերից: Լեւին խոստովանել է, որ բառացի չի հիշում նրա ասածները, բայց փորձել է մոտավորապես վերարտադրել նրա մտքերի էությունը:

  «Ինչպես է մայրիկիս ասեղնագործ գոգնոցը բացահայտվում իմ կյանքում» : «Նկարելուց հաճախ եմ ինքս ինձ պատմություններ պատմում, երբեմն նկարի հետ ոչ մի կապ չունեցող պատմություններ: ...Դրանք հաճախ իմ մանկության հետ են կապված: Մայրս շատ պատմություններ էր պատմում մինչ ես դեմքս նրա երկար գոգնոցին էի սեղմում, աչքերս փակ (ու լսում): Նա երկար, սպիտակ գոգնոց ուներ, նման այն մեկին, որ պատկերել եմ: Մեկ ուրիշն էլՙ ասեղնագործված: Աչքերս փակ վիճակում նրա պատմություններն ու այդ ասեղնագործությունը նրա գոգնոցի վրա, մտքումս շփոթմունք էին առաջացնում: Ամբողջ կյանքումս նրա այդ պատմություններն ու ասեղնագործությունը մտքումս պատկերներ են առաջացնում: Եթե նստեմ սպիտակ, դատարկ կտավի առաջ...»:

  «Կանկառի (արտիճուկ) տերեւը բու է»

«Մի պատկերը մյուսին է հաջորդում, մի իմաստությունըՙ մեկ ուրիշին, երբ խորը նայում ես դրան, ճիշտ այնպես, ինչպես արտիճուկի տերեւները մաքրելիս... տերեւներըՙ ափսեում փետուրների են նման... եւ իհարկե արտիճուկի տերեւի ուրվագիծը պարզապես բուի է նման...»:

  «Ծաղկազարդ ջրաղացի ջուրը»

«...Ճանապարհից ներքեւ, առվակի մոտ այդ հին աղացը առաջներում ցորեն էր աղում: Այժմ ծածկված է որթատունկերով, թռչուններով, ծաղիկներով: Ալրաղաց... ծաղկազարդ աղաց... լավ է հնչում...»:

Մուկուչի մեկնաբանությամբ, Գորկուն ինչ-որ մեկը ասել է, թե այդ աղացը ժամանակին ալրաղաց է եղել («Flour Mill»), իսկ Գորկին «ֆլաուր» բառը շփոթել է «flower»ՙ ծաղիկ բառի հետ, որը նույն հնչումն ունի:

Երեւի ճիշտ կլինի այսուհետեւ կտավն անվանել «Ծաղկազարդ ալրաղացի (կամ սոսկ աղացի) ջուրը»:

  «Հռետորները»

«...Հորս մահը եւ հավաքվածներից ամեն մեկի հրապարակային ճառերը... մինչ մոմը հալվում է, ինչպես կյանքը... ես հորս այնքան էլ չէի սիրում, բայց որոշ բան գիտեմ հայկական թաղման արարողությունների մասին...»:

Գորկու հայրը 1947-ի վերջերին է մահացել, եւ Գորկին ներկա չի գտնվել հոր թաղմանը, բայց Լեւիի հետ կարող է խոսած լիներ մեծ մոր թաղման մասին, որին ներկա է եղել երեխա ժամանակ:

  «Սահման» կամ ծայր, վերջնակետՙ «լիմիտ»:

«...Վերջերս այնքան միայնակ եմ, այնքան սրտնեղած, եւ ինչպես նկարել նման դատարկ տարածությունը... այնքան դատարկ, որ վերջնակետն է (համբերությանս)...»:

Բացատրելու իր հանգիստ տոնը Գորկին կորցրել է, երբ հարցրել են, թե ինչքան ժամանակում է նա ավարտում կտավը: «Կտավը երբեք ավարտուն չէ», ասել է նա եւ շարունակել. «Չեմ սիրում այդ «ավարտել» բառը: Երբ մի բան ավարտվում է, նշանակում է մեռած է, չէ՞: Իսկ ես հավատում եմ հավերժականին: Երբեք չեմ ավարտում նկարներս: Պարզապես որոշ ժամանակ դադարում եմ աշխատել դրանց վրա: Նկարելը սիրում եմ, որովհետեւ երբեք չեմ կարող դրա վերջը տեսնել: Երբեմն մի կտավ եմ նկարում, հետո լրիվ ջնջում: Երբեմն 15-20 կտավի վրա եմ աշխատում միաժամանակ: Այդպես եմ վարվում, որովհետեւ ուզում եմ... սիրում եմ հաճախ փոխել իմ միտքը... կարեւորը միշտ նկարել սկսելն է, բայց երբեքՙ ավարտելը»:

***

  Հատված Մալկոլմ Քոուլիի գրած մահախոսականիցՙ «Շերման Սենտինել» պարբերականի 1948 թվի հուլիսի 31-ի համարում:

  Մալկոլմ Քոուլին (1898-1989) գրող է եւ խմբագիր, ապրել է Փարիզում 1920-ական թվերին: 1930-ականներին արմատական քաղաքականության հետ կապ ունենալու պատճառով հարցաքննվել է Մ. Նահանգներում «Հակաամերիկյան քայքայիչ գործունեություններ հետաքննող հանձնաժողովի» կողմից: Իր անաչառությամբ հայտնի գրողը շատ արվեստագետների եւ արվեստաբանների հեղինակության բարձրացմանն է նպաստել: Ապրել է Շերմանում եւ ընկերակցել Գորկու հետ:

«Չորեքշաբթի օրըՙ հուլիսի 21-ին, Արշիլ Գորկու կախված մարմինը գտնվեց «Սպրինգ Լեյք Ռոուդի» մոտակայքում գտնվող Հեբբելն կալվածքի ցախանոցում: Տաղանդավոր նկարիչ Գորկին մի շարք դժբախտությունների պատճառով ընկճված էր վերջին շրջանում: (Արվեստանոցի հրդեհը, լուրջ վիրահատական գործողությունը, ավտոմեքենայի արկածը եւայլն:- Հ. Ծ.):

...Չորեքշաբթի առավոտյան նա Ռոքսբերիի եւ Նյու Յորքի իր ընկերներին զանգահարելովՙ խոսել էր այնպիսի վհատված տոնով, որ ընկերները անհանգստացել էին եւ Գորկու Շերմանի հարեւաններից խնդրել հետեւել, որ նա իրեն չվնասի: Հարեւանները շտապել էին նրա տուն, բայց դատարկ գտնելով, նրան փնտրել են տարածքում: Հեբբելն կալվածքը հսկայական է, լի մանր-մունր կառույցներով, այնպես որ ժամը 13-ի մոտ միայն Գորկու փոքրիկ շունը սկսել է հաչել... երբ որոնողներից երկու հոգի մոտեցել են ցախանոցին, եւ այնտեղ... որոնումներն ավարտվել են:

...Հակառակ վաղ շրջանի դժվարություններինՙ նրան (Գորկուն) հաջողվել էր ձեռք բերել զարմանալիորեն խորը կրթություն եւ արվեստի պատմության բնագավառում նա իսկական գիտնական էր: Որպես նկարիչ, նրա տաղանդը ուշ ճանաչում գտավ, բայց վերջին շրջանում նրա կտավները ներկայացվում էին տարբեր թանգարաններում: ...Նա մի նոր ցուցահանդեսի էր պատրաստվում, երբ ավտովթարը խանգարեց նրան:

Նկարիչ ընկերներից մի քանիսը ներկա էին թաղման արարողությանը, որը տեղի ունեցավ Հյուսիսային գերեզմանատանը, ուրբաթ օրը, հուլիսի 23-ին: ...Գորկու ընտանիքը բաղկացած էր կնոջիցՙ Ագնես Մագրուդերից եւ երկու փոքրիկ աղջիկներիցՙ Մարոն (5 տարեկան) եւ Նաթաշան (3 տարեկան): ...Գորկին լավ մարդ էր եւ բացառիկ տաղանդով օժտված արվեստագետ: Նրա բացակայությունը խորապես զգալի է լինելու»:

Թարգմանությունըՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ

Շարունակելի

Նկար 1. 1945 թ. Նյու Յորքում ողջերթի երեկոՙ ի պատիվ Անդրե Բրետոնի (նստածՙ ձախից երկրորդը, նրա ետեւում Մուկուչըՙ Գորկու կինը: Աջից առաջինըՙ Մարսել Դյուշանը, Մատտա Էչաուրենը, Նինա Լեբելը եւ Ֆրեդերիկ Քիսլերը: Ետեւում կանգնածՙ Նիկոլաս Կալասը, Էնրիկո Դոնաթին եւ Արշիլ Գորկին:

Նկար 2. Քոլին Մայքլ Ուեսթ (մոտ. 1930 թ.)


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4