ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2011-11-05 | #20, 2011-11-19 | #21, 2011-12-03


ՀԱԼԵՊԻ «ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄՅԱՆ» ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ

ԲԱԽՏԻԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Նոյեմբերը թատերական Հալեպի համար տոնական ամիս էր: Նոյեմբերի 8-ից մինչեւ 13-ը նշվել է ՀԲԸՄիության ՀԵԸնկերակցության «Պետրոս Ադամյան» թատերախմբի ոսկե հոբելյանըՙ անընդմեջ գործունեության 50-ամյակը: Հանդիսությունն սկսվել է թատերախմբի թանգարան-թատերական արխիվի համար հավաքված նյութերի ցուցադրությամբ: Ցուցադրվել են երկար տարիների ընթացքում թատերախմբի գործունեությանը վերաբերող հոդվածներ, թատերախոսականներ, ծրագրեր, ազդագրեր, լուսանկարներ, բեմական գործունեությանը վերաբերող տարբեր նմուշներ: Նյութեր են հավաքվել նաեւ Պ. Ադամյանի մասին:

Նոյեմբերի 9-ին եւ 11-ին թատերագետ Լեւոն Մութաֆյանը դասախոսություններ է կարդացել «Հայ թատրոնի մեծերը» եւ «Հայ թատրոնի առաքելությունը» թեմաներով:

Եզրափակիչ արարողությունները կատարվել են 13-ին: Ս. Գեւորգ եկեղեցում կատարվել է հոգեհանգստի կարգՙ թատերախմբի մահացած անդամների հիշատակին: Իսկ երեկոյան, «Նազարյան» սրահում տեղի է ունեցել հանդիսավոր երեկոն:

«Պետրոս Ադամյան» թատերախմբի հոբելյանական հանդեսը վարել է նրա հիմնադիրներից մեկը, որն այսօր էլ շարունակում է իր բեմական գործունեությունըՙ դերասան, բեմադրիչ, թարգմանիչ, գրող, լայն առումով թատերական գործիչ Հակոբ Միքայելյանը: Երեկոյին ողջույնի, շնորհավորանքների խոսքերից բացի, խտասալիկների միջոցով ցուցադրվել են տեսարաններ բոլոր բեմադրություններից (81)ՙ նշելով վերնագրերը եւ բեմադրողների անունները: Հոբելյար թատերախմբին գնահատության խոսք է ասել նաեւ հայրենի թատերագետ Լ. Մութաֆյանը: Հիսնամյա հոբելյանի առթիվ, թատերախմբի հնագույն գործիչ Ներսես Տաղլյանի հովանավորությամբ լույս է տեսել «Պ. Ադամյանը կյանքում եւ դերերում» լուսանկարների հավաքածունՙ համապատասխան տեքստով, որը պատրաստել է գեղանկարիչ-բեմանկարիչ Հրազդան Թոքմաջյանը, ըստ Երեւանի Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի թատերական բաժնի տրամադրած նյութերի:

Հոբելյանի առթիվ մի շարք վաստակավոր գործիչներ պարգեւատրվել են ՀԵԸ գնահատագրերով եւ ՀՀ Սփյուռքի նախարարության մեդալներով: Այդ վաստակավոր-վետերաններից են Վահե Սամուելյանը, Հակոբ Միքայելյանը, Անի Պասմաճյանը, Ներսես Պոյաճյանը, Ներսես Տաղլյանը եւ ուրիշներ:

Հիրավի սա մեծ երեւույթ եւ ուրախություն է թատերական աշխարհում, որ տոնվում է սփյուռքահայ մի թատրոնի անընդմեջ գործունեության կեսդարյա բեղմնավոր աշխատանքի հանրագումարը:

Սփյուռքահայ թատերական միջավայրում մատների վրա կարելի է հաշվել այն թատերախմբերին, որոնք իրենց հարատեւ աշխատանքով բոլորել ու անցել են կեսդարյա սահմանագիծը: Դրանցից մեկը Հալեպի ՀԲԸՄ ՀԵԸ «Պետրոս Ադամյան» թատերախումբն է, որը, ի տարբերություն իր հասակակացիների, անմրցելի է նրանով, որ նրա հիմնադիրներից մի քանիսը դեռ այսօր էլ շարունակում են իրենց օգտավետ գործունեությունը (Հակոբ Միքայելյան, բեմը վերջին տարիներին թողած Վահե Սամուելյանը եւ ուրիշներ):

Հալեպը միջինարեւելյան երկրների այն ամենահին թատերական քաղաքն է, որտեղ ամենից շուտ է սկսվել ու դեռ շարունակվում է թատրոնի գործունեությունը: Հալեպի մտավոր կյանքի պատմությունը վկայում է, որ թատրոնն այդտեղ սկզբնավորվել է 1896-ից սկսած: Այս թվականը պատմական նշանակություն ունի հայերիս համար: Թուրքիայում հայկական թատրոնի գործունեության արգելքը, ինչպես նաեւ Սասունի կոտորածի պատճառով ծայր առած արտագաղթը, մյուսների հետ, Եգիպտոս, Ամերիկա եւ այլ երկրներ են փոխադրվել նաեւ բեմի մշակները: Նրանցից, պոլսահայ դերասան Կարապետ Աղլղանյանն էլ հանգրվանել է Հալեպում եւ շուրջ տասը տարի ներկայացումներ տվել:

Անշուշտ, 1908-ի Օսմանյան Սահմանադրությունից հետո է, որ Հալեպում, 1909-ից գործել է «Անդրանիկ» թատերախումբը, որը նույն թվականի ամռանը ներկայացրել է Շիրվանզադեի «Պատվի համար» դրաման: Կայուն թատերախմբի գոյության վկայություն է այն հանգամանքը, որ թատերասերների խումբը համարձակություն է ունեցել «Համլետ» բեմադրելու (1911): Ձգտումն ու իրագործումը հակառակ գնահատական են ստացել, բայց դա չի խանգարում նրանց գործիմացության մակարդակը բարձր գնահատելու համար: Այս է հաստատում նաեւ Լ. Շանթի «Եսի մարդը» պիեսի բեմադրության իրագործումը, 1913-ին:

Պոլսահայ թատերական գործիչՙ դերասան եւ բեմադրիչ Աշոտ Մատաթյանը 1918-ին կազմակերպել է «Մելպոմեն» թատերախումբը եւ բեմադրել «Շերլոք Հոլմս», «Համլետ», «Պատվի համար» պիեսները: Տեղացի, Կիլիկիայից եւ այլ վայրերից Հալեպում հանգրվանած թատերասերների ուժերով 1919-ին կազմակերպվել է «Անդրանիկ» թատերախումբը, հավանաբար, վերակենդանացնելով նախկին խմբի գործունեությունը: «Անդրանիկ» թատերախումբը ղեկավարել է Հակոբ Առաքելյանը, հիմնադիր կազմում եղել ենՙ Աբրահամ Պերպերյանը, Կյուլեսեր Տեմիրճյանը, Սրբուհի Ամատունին, Հովհաննես Գասպարյանը, Լեւոն Կարիկյանը, Նազար Նալպանտյանը (հետագայումՙ քահանա) եւ ուրիշներ:

«Անդրանիկ» թատերախումբը իր գործունեությանը զուգահեռ, նեցուկ է եղել Հալեպ հյուրախաղերի եկած դերասաններ Վարդ Պատրիկին, Օննիկ Վոլտերին, Կոստանյաններին եւ ուրիշների:

«Անդրանիկ» թատերախմբի հետ հետագա տարիներին Հալեպում գործել են նաեւ «Զավարյան», «Լեւոն Շանթ», «Պարոնյան», «Թումանյան» եւ այլ թատերախմբեր, որոնք սպասարկել են Հալեպի եւ շրջակա վայրերի հայությանը:

Հալեպահայ թատրոնի զարգացմանը մեծապես նպաստել է ՀԲԸՄ ՀԵԸ ջանքերով ու հովանավորությամբ կազմակերպված թատերախումբը, որն իր առաջին բեմադրությունը տվել է 1934-ինՙ ներկայացնելով Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» ողբերգությունը: Այս թատերախմբին էլ 1961-ին տրվել է «Պետրոս Ադամյան» անունը:

«Պետրոս Ադամյան» թատերախմբի ակունքում եղել են փորձառու եւ սկսնակ դերասան-դերասանուհիներ, որոնց բանակը տարեց տարի համալրվել է դերասանական ընդունակություններով օժտված թատերասերներով ու թատերական-մասնագիտական կրթություն ստացած բեմադրիչներով: Սկզբնական շրջանի անդամներից են եղելՙ Պետրոս Քելեշյանը, Հովհաննես, Վահե, Լուսին Սամուելյանները, Հակոբ Մուրատյանը, Հարություն Գալայճյանը, Սեդա Մանուկյանը (այժմՙ տիկ. Ճեպեճյան, Նյու Ջըրզիի Թեքեյան մշակութային միության «Մհեր Մկրտչյան» թատերախմբի դերասանուհի), տակավին երիտասարդ Գրիգոր Քելեշյանը, Հակոբ Միքայելյանը եւ ուրիշներ:

«Պետրոս Ադամյան» թատերախմբի առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1961-ի դեկտեմբերի 16-ին, Պ. Քելեշյանի բեմադրությամբ խաղացվել է Մոլիերի «Երեւակայական հիվանդ» կատակերգությունը:

Սկսելով սիրողական բնույթի ներկայացումներովՙ թատերախումբն աստիճանաբար հասունացել, վարպետացել, դարձել է պրոֆեսիոնալ մակարդակի թատրոն: Զարգացման այդ ճանապարհին կարեւոր դեր է խաղացել մի շարք երիտասարդ ուժերի ստացած մասնագիտական-ռեժիսորական կրթությունը մայր հայրենիքում: Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետի շրջանավարտներ Գրիգոր Քելեշյանը, Մանուել Ճիճին, Հարություն Չննոզյանը, Վաչե եւ Լանա Ատրունիները պրոֆեսիոնալ դերասանական արվեստից բացի, հալեպահայ թատրոն են բերել ազգային եւ թարգմանական նոր դրամատուրգիա եւ հարստացրել թատերախմբի խաղացանկը: Բավական է ասել, որ դրամատիկական պիեսների հետ բեմադրվել են նաեւ «Անուշ» օպերան եւ «Հայկական հարսանիք» (մեծ հարսանիք) օպերետը: Բեմադրությունների գեղարվեստական ձեւավորումների մակարդակը նոր աստիճանի են բարձրացրել Երեւանում կրթություն ստացած բեմանկարիչներ Նազարեթ Գրաճյանը, Հրազդան Թոքմաջյանը եւ ուրիշներ:

Հալեպահայ թատերական կյանքում ուշագրավ երեւույթ են եղել Բեյրութի եւ այլ վայրերի, եւ, հատկապես, Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնի հյուրախաղերը: Սունդուկյանցիները մեծահասակների եւ դպրոցականների համար ցուցադրել են «Պաղտասար աղբար», «Իմ սիրտը լեռներում է» եւ «Նամուս» բեմադրություններըՙ Մայր թատրոնի վարպետների մասնակցությամբ: Ստեղծվել են անձնական եւ ստեղծագործական կապեր:

«Պետրոս Ադամյան» թատերախումբն իր գործունեության սկզբնական տարիներից անդրադարձել է նաեւ մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության հարցերին: Այդ ուղղությամբ բեմադրություններ են տվել Վ. Սամուելյանը, Գ. Քելեշյանը, Հ. Միքայելյանը, Լ. Ատրունին եւ ուրիշներ:

Թատերախումբն իր աշխատակիցներին խրախուսելու յուրահատուկ ձեւ է գտել: 25 եւ 50 տարի աշխատած դերասան-դերասանուհիներին, տեխնիկական հարցերով զբաղվողներին հանդիսավորությամբ պարգեւատրում է արծաթե եւ ոսկե մեդալներով: Բացի այդ, ծրագրի ամեն մի նոր բեմադրության, ընդհանուր տվյալների հետ թատերախմբի անդամները կամ նրանց մոտ կանգնած մարդիկ հոդվածներով ներկայացնում են իրենց բեմական ընկերներին:

Թատերախումբը միշտ ուշադրության կենտրոնում է պահում մեծն Ադամյանի տարելիցների հանդիսավոր անցկացումը: 1974-ին եւ 1999-ին կազմակերպվել են մեծ դերասանի ծննդյան 125 եւ 150-ամյակներին նվիրված երեկոներ: Թատերախմբի թանգարանի համար Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտ Վարդգես Պարսումյանը պատրաստել է Պետրոս Ադամյանի դիմաքանդակը: 1999-ի հոկտեմբերինՙ թատերախմբի ատենապետ Ներսես Տաղլյանի ղեկավարությամբ, խումբը Բուլղարիայում հյուրախաղերով եղած ժամանակ, այցելել է Պոլսի Շիշլիի գերեզմանատուն, սիրո ու գնահատության տուրքը մատուցել անմահ դերասանի շիրիմին:

Տաղլյանի օժանդակությամբ 2002-ին Երեւանում տպագրվել է «Պետրոս Ադամյանի «Շեքսպիր եւ իւր Համլեթ...» գրքի ստեղծման պատմությունը» աշխատանքը, որը բացվում է ադամյանցիները Ադամյանի հուշարձանի մոտ լուսանկարով ու Հակոբ Միքայելյանիՙ «Ադամյան» թատերախմբի մասին ակնարկով: Գիրքը նվիրվել է «Պետրոս Ադամյան» թատերախմբի 40-ամյակին:

Իրենց հերթին, Հայաստանի թատերական գործիչները եւս միջամտել են ադամյանցիների աշխատանքներին: «Հայկական հարսանիքի» բեմադրության ժամանակ հրավիրվել են հեղինակներՙ դրամատուրգ Արամաշոտ Պապայանը եւ կոմպոզիտոր Վարդան Տիգրանյանը: Թատերախմբի հրավերով Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը խաղացել է Միսիս Սեւիջի դերը «Տարօրինակ Միսիս Սեւիջը» պիեսում, իսկ Սոս Սարգսյանը մասնակցել «Իմ սիրտը լեռներում է» պիեսի բեմադրության աշխատանքներին: Թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը դասախոսություններ է կարդացել Ադամյանի, դերասանական արվեստի հարցերի շուրջը:

Վերջին երկու տասնամյակի ընթացքում «Պետրոս Ադամյան» թատերախմբի աշխատանքների գեղարվեստական որակի ու հեղինակության բարձրացմանը մեծապես նպաստել է հայրենի բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը, որը 1993-ից համագործակցում է խմբի հետ: Անցած ժամանակահատվածում Ծատուրյանը տվել է 17 բեմադրություն, որոնք իրենց շոշափած հարցերով ու թեմաներով, լիրիկական ու դրամատիկական կառուցվածքով, արդիականացված ու երգիծական բնույթով արժանի տեղ են գրավել թատերախմբի խաղացանկում, աշխուժացրել դերասանների աշխատանքը, ընդլայնել թատրոնի պահապան հրեշտակ հանդիսատեսների հետաքրքրությունը, գեղեցկացրել թատերական մթնոլորտը:

«Պետրոս Ադամյան» թատերախումբն իր հերթին, երկու անգամ հյուրախաղերով հանդես է եկել Երեւանում: Սփյուռքահայ թատրոնների երեւանյան առաջին փառատոնին (1991) ներկայացրել է Ա. Շահինյանի «Բանտարկյալը» պիեսը եւ արժանացել «Վահրամ Փափազյան» մրցանակի: Երկրորդ այցը կայացել է 2006-ին, որի ընթացքում ցուցադրել են Գ. Խանջյանի «Տիգրան «Մեծ» կատակերգությունը:

Անցած հիսուն տարիների ընթացքում «Պետրոս Ադամյան» թատերախմբում բեմադրվել է 81 պիես, ունեցել են 544 ներկայացում, որոնց մասնակցել են 330 դերակատար: Սրանք, հիրավի, պատկառելի թվեր են սփյուռքահայ թատրոնի պատմության մեջ: Թատերախմբի խաղացանկում ընդգրկվել են հայ, ռուս, եվրոպական դասական եւ ժամանակակից հեղինակների գործեր (Հ. Պարոնյանՙ «Շողոքորթը», Տ. Կամսարականՙ «Վարժապետին աղջիկը», Դ. Մուրադյանՙ «Ժառանգության իրավունք», Լ. Շանթՙ «Օշին պայլը», Ա. Սարուխանՙ «Մենք հայերեն չենք գիտեր», Վ. Սարոյանՙ «Իմ սիրտը լեռներում է», Պ. Զեյթունցյանՙ «Ոտքի, դատարանն է գալիս», Ա. Չեխովՙ «Արջը», «Առաջարկություն», Ալ. Տոլստոյՙ «Բուրատինոյի արկածները», Ե. Շվարցՙ «Երկու թխկենի», «Ձյունե թագուհի», Մոլիերՙ «Երեւակայական հիվանդը», «Ագահը», Կ. Գոլդոնիիՙ «Երկու տիրոջ ծառան», «Հնարամիտ այրին», «Ստախոսը», Հ. Իբսենՙ «Նորա», Պ. Ջիակոմետտիՙ «Ոճրագործի ընտանիքը», Բ. Շոուՙ «Շոքոլա զինվորը», Է. դը Ֆիլիպպոՙ «Նապոլին միլիոնատեր է», «Ծննդյան տոները սինյոր Կուպինլոյի տան մեջ» եւ այլ գործեր):

Վերջին երկու-երեք տասնամյակում իրենց դերասանական վառ անհատականությամբ ու զբաղվածությամբ աչքի են ընկել Վահե Սամուելյանը, Հակոբ Միքայելյանը, Հակոբ Մուրատյանը, Ներսես Տաղլյանը, Անի եւ Արա Թորանյանները, Ներսես Պոյաճյանը, Վազգեն Ֆերմանյանը, Սմբատ Երեցյանը, Արմեն Սթանպուլյանը, Պերճ Ճելլատյանը, Վիգեն Պիտարը, Հուրի Պասմաճյանը, Արաքսի Մուսալլին, Երան Զեյթունցյանը, Լիթա Մարտիրոսյանը, Մակի Զոպյանը եւ շատ ուրիշներ:

Թատերական արվեստի զարգացմանը զուգահեռ, Հալեպի մի շարք թատերախմբերի ներկայությունը նպաստել է նաեւ թատերագիտական մտքի ձեւավորմանը: Հալեպի թատերախմբերի, մասնավորապաես «Պետրոս Ադամյան» թատերախմբի գործունեության ու դերասանների մասին ուշագրավ հոդվածներով ու թատերախոսականներով հանդես են գալիս Թորոս Թորանյանը, Վահե Սամուելյանը, Հակոբ Միքայելյանը, միակ դերասանուհի-թատերագետ Երան Զեյթունցյանը եւ ուրիշներ:

Մեր խորին պատկառանքը, հիացմունքը եւ քաջալերանքը Հալեպի «Պետրոս Ադամյան» հիսնամյա հարազատ թատերախմբին: Թող ձեր գեղեցիկ օրինակը ուղենիշ լինի հայ գաղթօջախների մյուս թատերախմբերի համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4